ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0221/01/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.08.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Լոռու մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ ԼՍեփխանյան

ԼԴ/0221/01/23

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

դատավորներ՝

ՄՊապոյան

ԱՎարդանյան

ՎՌշտունի

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

լ. թադևոսյանի

 

 18 օգոստոսի 2025 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Էրիկ Ալբերտի Աղաջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

 12022 թվականի հուլիսի 6-ին Էրիկ Ալբերտի Աղաջանյանը ձերբակալվել է։

2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-405-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 71112122 քրեական վարույթը։

2022 թվականի հուլիսի 8-ին թիվ 71112122 քրեական վարույթը նախաձեռնելու արձանագրության մեջ կատարվել է փոփոխություն՝ ենթադրյալ հանցանքին տրված իրավական գնահատականը փոխելով ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով։

2022 թվականի հուլիսի 20-ին ԷԱղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և 2022 թվականի հուլիսի 21-ին նրան մեղադրանք է ներկայացվել։

2022 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ մեղադրյալ ԷԱղաջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

2023 թվականի օգոստոսի 21-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով մեղադրյալ ԷԱղաջանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է ԷԱղաջանյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 1 (մեկ) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով:

3. Դատախազ ՀՄարգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մայիսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված հիմքի բացակայության պայմաններում մեղադրյալ ԷԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարելով իրավաչափ, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի սխալ կիրառում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա:

Բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։

Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալի նախկինում դատապարտված չլինելը, դրականորեն բնութագրվելը, ինքնին, պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք չեն։ Անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մյուս հանգամանքներին, մասնավորապես՝ երիտասարդ լինելուն, մեղքն ընդունելուն, անկեղծորեն զղջալուն և վատառողջ լինելուն, բողոքաբերը փաստել է, որ դրանց ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի և չափի վրա կախված է դրանց մեղմացնող նշանակությունից, որոշվում է այդ հանգամանքների էության, արժեքի և կատարված արարքի հետ դրանց հարաբերակցության գնահատմամբ։

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ մեղադրյալին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձևով՝ չորսից ութ տարի ժամկետով, իսկ սուբյեկտիվ կողմից այն դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ:

Բողոքաբերն արձանագրել է նաև, որ թեև տվյալ դեպքում թմրամիջոցը փաստացի եղել է զգալի չափերով, սակայն այն փաթեթավորված է եղել 21 առանձին փաթեթների մեջ և նախատեսված է եղել իրացնել ոչ թե մեկ, այլ 21 տարբեր անձանց։ Անդրադառնալով ստորադաս դատարանների այն հետևություններին, թե Էրիկ Աղաջանյանն ակտիվ դերակատարում չի ունեցել թմրամիջոցների ապօրինի իրացման գործընթացում, ապա դրանք չեն բխում քրեական վարույթի նյութերից, քանի որ մեղադրյալ Էրիկ Աղաջանյանը հանցավոր շղթայի վերջին օղակներից ամենակարևորն է եղել և նրա կողմից «պատվիրատուների» մատնանշած տեղակայումներում թմրամիջոցների չափաբաժինների տեղադրման արդյունքում էր հնարավոր լինելու ավարտին հասցնելու շուրջ 2 տասնյակ անձանց թմրամիջոցների ապօրինի իրացման գործընթացը։

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, մեղադրյալ ԷԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 7. Էրիկ Աղաջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է ներկայացվել և նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «(…) «Տելեգրամ» սոցիալական ցանցի «Դբա լավը» ալիքում ծանոթանալով վերջնական ձեռք բերողի համար թմրամիջոցներ թաքցնողի՝ «կլադմենի» աշխատանքի հայտարարությանը, նշված ալիքը վարող, ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ ձեռք է բերել հանցավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ վերջինիս կողմից «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտմամբ, այն է՝ բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց պահելու և իրացնելու թույլտվություն չունենալու պայմաններում այդպիսիք ապօրինի իրացնելու ուղղակի դիտավորությամբ անձամբ կամ այլ անձանց միջոցով Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում դրված աղբարկղերի մոտակայքում ապօրինի պահված՝ թաքցված, ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշմամբ հաստատված «Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկում» ներառված զգալի չափերով՝ ընդհանուր 1153 գրամ հաստատուն քաշերով մարիխուանա տեսակի թմրամիջոցները 21 փաթեթներով, շահադիտական դրդումներով ապօրինի իրացնելու նպատակով վերջնական ապօրինի ձեռք բերողի համար առավել ապահով վայրերում թաքցնելու կապակցությամբ առկա խոչընդոտները վերացնելու դիտավորությամբ, շահադիտական դրդումներով՝ իր կողմից կատարվելիք արարքի դիմաց դրամական բնույթի վարձատրություն ստանալու նպատակով, 2022 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 19։00-21։30-ն ընկած ժամանակահատվածում, նշված աղբարկղերի մոտի թաքստոցից վերցրել ու այդ փաթեթներից 7-ը պահել է Վանաձոր քաղաքի Աբովյան և Հակոբյան փողոցների տարբեր հատվածներում, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, այն է՝ մյուս փաթեթները չի հասցրել տեղավորել թաքստոցներում, քանի որ այդ արարքը կատարելիս նույն օրը՝ ժամը 21։33-ին, Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում ձերբակալվել է, այնուհետև ժամը 22։27-23։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում կատարված նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու վերցվել է դեռևս չթաքցված մնացած 14 փաթեթը»1։

8. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ ԷԱղաջանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանն արձանագրում է, որ Էրիկ Աղաջանյանը մեղադրվում է ծանր հանցանքի օժանդակության մեջ, վերջինս, այդ արարքն ավարտին չի հասցրել, մեղադրյալը տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել նախաքննական մարմնին, տրամադրել ամբողջական տեղեկություններ կատարողին հայտնաբերելու համար, զղջացել է կատարածի համար: Հիշյալ հանգամանքները համադրելով էրիկ Աղաջանյանի անձը բնութագրող մյուս հանգամանքների հետ՝ Դատարանը գտնում է, որ դրանք իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ էրիկ Աղաջանյանի կողմից առանց պատիժը կրելու և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպատակներին և ապահովել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված՝ արդարության, պատասխանատվության ընդհանուր սկզբունքները:

Նման եզրահանգում կատարելու համար Դատարանը նաև հաշվի է առնում այն հանգամանքը, որ մեղադրյալը երիտասարդ է՝ հանցանքը կատարել է 22 տարեկանում, ունի առողջական խնդիրներ՝ տառապել և տառապում է հոգեկան հիվանդությամբ, ընտանիքի միակ կերակրողն է, եղբայրը, հայրը նույնպես վատառողջ են, նախկինում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, Դատարանի գնահատմամբ ազատազրկում պատժատեսակի կրումը սոցիալ-հոգեբանական առումով կարող է բացասական ազդեցություն ունենալ մեղադրյալի վրա: Դատարանը հաշվի է առնում նաև թմրանյութի տեսակը, դրա չափը, այն, որ մեղադրյալը հանցանքի կատարման մեջ չի ունեցել ակտիվ դեր, հանցանքը ավարտին չի հասցրել, ինչպես նաև չեն ստացվել այնպիսի տվյալներ, որ վերջինս նախկինում այլ անձանց իրացրել է թմրանյութ, ինչը վերջինիս անձի հանրային վտանգավորությունը դարձնում է առավել նվազ:

Դատարանն արձանագրում է, որ պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նաև հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով: Ընդ որում՝ անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, պետք է նշանակություն ունենան նրա կողմից պատիժը կրելու հարցը որոշելուց:

Նման պայմաններում բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկելով հանցավորի անձը՝ տարիքը, նրա անձը բնութագրող տվյալների ամբողջական վերլուծության արդյունքում Դատարանը հանգում է եզրակացության, որ Էրիկ Աղաջանյանի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու (...)»2։

9. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Անդրադառնալով սույն քրեական գործի փաստական հանգամանքներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հատկապես գնահատման է արժանի այն հանգամանքը, որ ըստ Առաջին ատյանի դատարանի դատավճռի՝ մեղադրյալ Էրիկ Աղաջանյանն ընտանիքի միակ կերակրողն է, հայրն ու եղբայրը ևս ունեն առողջական խնդիրներ, իսկ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը նրանց կյանքի պայմանների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ։

 (...) Անդրադառնալով սույն քրեական գործի փաստական հանգամանքներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ էրիկ Աղաջանյանին մեղսագրվող հանցագործության առարկան «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը, դատելով հանցանքի կատարման պահին գործող՝ ՀՀ կառավարության՝ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման թիվ 1 հավելվածի, համեմատաբար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցի տեսակ է, քանի որ հարաբերականորեն ավելի մեծ քաշն է պատժելի համարվում:

Վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ Էրիկ Աղաջանյանի անձի հասարակական վտանգավորության աստիճանը նվազ է և նրա ուղղվելը հնարավոր է առանց նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու, այսինքն՝ Էրիկ Աղաջանյանի նկատմամբ հնարավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել։

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հանցագործությունից հետո մեղադրյալ Էրիկ Աղաջանյանի դրսևորած վարքագծին, հարկ է համարում արձանագրել, որ վերջինի կողմից այլ հանցավոր արարքներ կատարելու և, չլինելով կալանավորված, քննությունից ու դատից խուսափելու վերաբերյալ տվյալներ քրեական գործի նյութերում առկա չեն, և Վերաքննիչ դատարան այդպիսի տվյալներ նույնպես չեն ներկայացվել։

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մեղադրյալ Էրիկ Աղաջանյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս, ինչպես նաև ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը հաստատելիս, Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել մեղադրյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, որպիսի պայմաններում իրավացիորեն վերջինի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, ինչը համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձին, անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու և ապահովելու ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է՝ վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները (…)»3:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ ԷԱղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում4: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։

12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա5` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն6:

ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն՝ «1. Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը` (...)

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

2) շահադիտական դրդումներով,

(...)

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»:

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- մեղադրյալ ԷԱղաջանյանին մեղադրանք է ներկայացվել և Առաջին ատյանի դատավճռով նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար7:

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ԷԱղաջանյանի ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին8։

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ9։

14. Վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ ԷԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է ԷԱղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից ԷԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԷԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի և նրա կողմից կատարած հանցավոր արարքների բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ իրացնելու նպատակով,

բ) մեղադրյալի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանրացնող հանգամանք, մասնավորապես արարքը շահադիտական դրդումներով կատարելը,

գ) հանցագործության առարկաները և դրանց չափը, մասնավորապես այն, որ մեղադրյալին մեղսագրվում է զգալի չափերով՝ 11.53 գրամ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն՝ իրացնելու նպատակով, որն առավել մոտ է թմրամիջոցի տվյալ տեսակի զգալի չափի վերին շեմին,

դ) հանցագործության եղանակը, այն, որ մեղադրյալը, տելեգրամյան ալիքի անհայտ օգտատիրոջից, Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում դրված աղբարկղերի մոտակայքում, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել, պահել և տեղափոխել թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել և վերցվել են վերջինիս անձնական խուզարկությամբ։

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ ԷԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ ԷԱղաջանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել՝ ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է ԷԱղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից ԷԱղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

17 Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ ԷԱղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

 Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Էրիկ Աղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար, անհրաժեշտ է ԷԱղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով ազատազրկումը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Էրիկ Ալբերտի Աղաջանյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը փոփոխել։

2 Էրիկ Ալբերտի Աղաջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և վերջնական թողնել կրելու նրա նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով ազատազրկումը։

Պատժի կրման սկիզբը հաշվել Էրիկ Ալբերտի Աղաջանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

______________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 314-315։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 387-388։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 42-52։

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան
 

Հ. Գրիգորյան

 

Լ. Թադևոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան