ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ1/0372/01/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.08.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Հ. Ավագյան

ԵԴ1/0372/01/24

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

դատավորներ՝

Ա. Մաթևոսյան

Ա. Բեկթաշյան

Ա. Ղուկասյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

լ. թադևոսյանի

 

 12 օգոստոսի 2025 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշման դեմ մեղադրյալ Տիգրան Գնելի Հայրապետյանի պաշտպան ՏՂազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի օգոստոսի 31-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 60259623 քրեական վարույթը:

 2024 թվականի փետրվարի 23-ին Տիգրան Գնելի Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Նույն օրը Տիգրան Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

2. 2024 թվականի փետրվարի 27-ին քրեական վարույթի նյութերը` հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

3 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի հունիսի 3-ին Տիգրան Հայրապետյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Տիգրան Հայրապետյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում՝ իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով:

4. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ դատախազ Ա.Դավթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի դատավճիռը՝ բեկանվել, և վարույթը փոխանցվել է ստորադաս դատարան՝ նոր քննության:

5. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշման դեմ պաշտպան Տ.Ղազարյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, չի կատարել գործում եղած փաստական տվյալների բազմակողմանի հետազոտություն, ինչը հանգեցրել է ոչ իրավաչափ որոշման կայացման:

Մասնավորապես, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը հիմնարար նշանակություն է տվել այն փաստարկին, որ Տ.Հայրապետյանը տեղյակ է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու մասին, և վարել է այն, ուստի առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը` ուղղակի դիտավորությունը, ինչի հաշվառմամբ գտել է, որ Տ.Հայրապետյանի արարքում առկա են նշված հանցանքի հատկանիշները: Մինչդեռ, անդրադարձ չի կատարվել և բոլոր փաստական տվյալների հետ համակցության մեջ չի գնահատվել այն հանգամանքը, որ Տ.Հայրապետյանին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ վարչական որոշումը եղել է ոչ իրավաչափ, ապօրինի, որպիսի պայմաններում վերջինս չի կարող համարվել իրեն մեղսագրված հանցանքի սուբյեկտ, քանի որ Տ.Հայրապետյանն այլևս չի համարվում տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձ, որը պարտադիր է սույն հանցագործության սուբյեկտի կարգավիճակի համար:

Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի դատողություններով ստացվել է իրավիճակ, որ ապօրինի որոշման հիման վրա Տիգրան Հայրապետյանն իր կամքից անկախ հանգամանքներով ձեռք է բերել հատուկ սուբյեկտի կարգավիճակ, և փաստացի ապօրինի որոշումը պետք է դրվի անձի դատապարտման հիմքում, ինչն իրավաչափ համարվել չի կարող։

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի դատավճռին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ «(…) [Նա], տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով՝ 2023 թվականի հունվարի 13-ից մինչև 2024 թվականի հունվարի 15-ը զրկված լինելու և այդ մասին նախապես տեղյակ լինելու պայմաններում, 2023 թվականի մարտի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցում վարել է «Նիսսան» մակնիշի 01 TI 020 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, ինչը հայտնաբերվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Գրիշա Պողոսյանի կողմից, և ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 8180244204 արձանագրությունը»1:

9. Վերաքննիչ վարչական դատարանի՝ 2024 թվականի մարտի 14-ի թիվ ՎԴ5/0069/05/23 որոշմամբ՝ Տիգրան Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով զրկելու վերաբերյալ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը ճանաչվել է անվավեր: Դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի ապրիլի 16-ին2։

10. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) [Հ]իմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատված է, որ Տիգրան Հայրապետյանը 2023 թվականի հունվարի 13-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 8180240495 արձանագրության հիման վրա տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ։

Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի մարտի 14-ի թիվ ՎԴ5/0069/05/23 որոշմամբ՝ Տիգրան Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկելու վերաբերյալ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը ճանաչվել է անվավեր և նշված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի ապրիլի 16-ին։

 (...)

Դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են: Ընդ որում, չի կարող անվավեր ճանաչվել այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որը չի կարող խախտել որևէ անձի, Հայաստանի Հանրապետության կամ որևէ համայնքի իրավունք (...)։

(...) [Ս]ույն վարույթի հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել է, որ Տիգրան Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկելու մասին 2023 թվականի հունվարի 13-ի վարչական ակտը եղել է ոչ իրավաչափ, այն է՝ վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ և դրանով խախտվել են Տիգրան Հայրապետյանի՝ օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները։ Առկա պայմաններում, հնարավոր չէ հաստատված համարել, որ 2023 թվականի մարտի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցում «Նիսսան» մակնիշի 01 TI 020 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարելիս Տիգրան Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով հանդիսացել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձ։

Այսինքն՝ Տիգրան Հայրապետյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը, որպիսի պայմաններում նրա նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ։

Դատարանը հարկ է համարում նաև իր անհամաձայնությունը հայտնել եզրափակիչ ելույթի ընթացքում հանրային մեղադրողի արտահայտած այն դիրքորոշման հետ, որ Տիգրան Հայրապետյանի արարքում առկա են նրան մեղսագրվող հանցակազմի հատկանիշները, քանի որ արարքը կատարելու պահի դրությամբ վերջինին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին վարչական ակտն անվավեր ճանաչված չի եղել։

Այդ առնչությամբ Դատարանը կրկնում է, որ անձի դատապարտման հիմքում չի կարող դրվել ոչ իրավաչափ՝ օրենքի խախտմամբ ընդունված և անձի իրավունքները խախտող վարչական ակտի պահանջները չկատարելու հանգամանքը՝ անկախ նրանից, որ կոնկրետ գործողությունը կատարելու պահի դրությամբ նշված վարչական ակտի ապօրինի լինելու հանգամանքը դեռևս հաստատված չի եղել (...)»3։

11. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(…) Հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է վարորդական իրավունքից զրկված կամ նման իրավունքը կասեցված վիճակում անձի կողմից տրանսպորտային միջոց վարելով: Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածում նկարագրված՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով լինի կասեցված, և միաժամանակ կասեցման ժամկետը չլինի լրացած:

Սուբյեկտիվ կողմից արարքը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ հանցավորը գիտակցում է, որ տրանսպորտային միջոց է վարում դրա իրավունքից զրկված կամ նման իրավունքի գործողությունը կասեցված լինելու պայմաններում: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այս պարագայում էական է անձի դիտավորության ուղղվածության գնահատումը, այն է՝ տրանսպորտային միջոց վարելիս անձը տեղեկացված է կամ գիտի, որ ինքը վարորդական իրավունքից զրկված է կամ այն կասեցված է: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ սույն հանցակազմի առկայությունը փաստելու համար առանցքային դերակատարություն չի կարող ունենալ ծագած վարչական իրավահարաբերության զարգացման գործընթացը, այլ էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք առկա են այն քրեաիրավական անհրաժեշտ չափանիշները, որոնք անձին թույլ են տալիս գիտակցել, որ տրանսպորտային միջոցը վարում է դրա իրավունքից զրկված կամ նման իրավունքի գործողությունը կասեցված լինելու պայմաններում:

Այն հանգամանքը, որ մեղադրյալ Տիգրան Հայրապետյանը տեղեկացված է եղել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով՝ 2023 թվականի հունվարի 13-ից մինչև 2024 թվականի հունվարի 15-ը, զրկված լինելու մասին հաստատվում է ոչ միայն քրեական գործում առկա գրավոր ապացույցներով, այլ նաև մեղադրյալի հայտնածով այն մասին, որ ինքը գիտակցաբար շարունակել է ավտոմեքենա վարել կարիքից դրդված, քանի որ տաքսի ծառայության մատուցմամբ է հոգում իր ընտանիքի կարիքները: Դատալսումների ժամանակ մեղադրյալ Տիգրան Հայրապետյանը հայտարարել է, որ ինքը տեղեկացված է եղել, որ զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սակայն վստահ է եղել, որ իրեն անօրինական են զրկել և այդ վարչական ակտը բողոքարկել է դատարան, որն էլ վարչական դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր։ Ավելին՝ քրեական գործում առկա է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի մարտի 14-ի որոշումը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեղադրյալ Տիգրան Հայրապետյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2023 թվականի հունվարի 13-ի 8180240495 որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ, սակայն ՀՀ վարչական դատարանի 2023 թվականի մարտի 13-ի և մարտի 24-ի որոշումներով մեղադրյալ Տիգրան Հայրապետյանի միջնորդությունները մերժվել են:

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ճանաչելով և հռչակելով Տիգրան Հայրապետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, ուստի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ ԱԴավթյանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի հունիսի 04-ի ԵԴ1/0372/01/24 դատավճիռը բեկանել, վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության (…)»4:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

12 Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում արդարացնելու հարցում հանգել է սխալ հետևության։

13. ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն` «1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝

(…)

3. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը չի լրացել:

4. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է, և կասեցման ժամկետը չի լրացել: (…)»:

13.1. Մեջբերված նորմը ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված է երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքում։ Հանցագործության հիմնական անմիջական օբյեկտը երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգն ապահովող հասարակական հարաբերություններն են: Վերոնշյալ արարքն ամրագրված է ձևական հանցակազմով, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում տրանսպորտային միջոց վարելով։

Այլ կերպ, ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի գործողության նախապայմանը և այդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը՝ նրա վարչական պատասխանատվության ենթարկված լինելն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելը կամ վարելու իրավունքը կասեցվելը։ Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է՝ իրավաչափ վարչական ակտի հիման վրա։ Հակառակ պարագայում, եթե վարչական ակտը կայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ և վարչական կամ դատական կարգով անվավեր է ճանաչվել, ապա քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է, քանզի վերանում է քրեական պատասխանատվության ենթարկվելու պարտադիր նախապայմանը՝ օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկված լինելը։

Հանցագործության սուբյեկտը հատուկ է, քանի որ բացի ընդհանուր սուբյեկտի հատկանիշներից, անձը պետք է օժտված լինի նաև լրացուցիչ հատկանիշներով, այն է՝ լինի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված կամ վարելու իրավունքը կասեցված, մեղսունակ ֆիզիկական անձ:

Սուբյեկտիվ կողմից հանցագործությունը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, մասնավորապես՝ անձը գիտակցում է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված լինելու պայմաններում վարում է տրանսպորտային միջոց:

14 Այսպիսով, ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունն արձանագրելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ անձը տրանսպորտային միջոցը վարել է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված լինելու պայմաններում, որպիսի հանգամանքը հաստատվել է իրավաչափ վարչական ակտով։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ վերջինս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով զրկված լինելու և այդ մասին նախապես տեղյակ լինելու պայմաններում, վարել է ավտոմեքենա, ինչը հայտնաբերվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի կողմից, որի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն5:

- Վերաքննիչ վարչական դատարանի՝ 2024 թվականի մարտի 14-ի թիվ ՎԴ5/0069/05/23 որոշմամբ, Տիգրան Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով զրկելու վերաբերյալ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը ճանաչվել է անվավեր, և նշված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի ապրիլի 16-ին6։

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Տիգրան Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով զրկելու մասին վարչական ակտի անվավերության պայմաններում, անհնար է հաստատված համարել, որ 2023 թվականի մարտի 4-ին ավտոմեքենան վարելիս վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով հանդիսացել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձ, ուստի այդ հանգամանքներում մեղսագրված արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը։

Միաժամանակ, դատարանը նշել է, որ անձի դատապարտման հիմքում չի կարող դրվել ոչ իրավաչափ՝ օրենքի խախտմամբ ընդունված և անձի իրավունքները խախտող վարչական ակտի պահանջները չկատարելու հանգամանքը՝ անկախ նրանից, որ կոնկրետ գործողությունը կատարելու պահի դրությամբ նշված վարչական ակտի ապօրինի լինելու հանգամանքը դեռևս հաստատված չի եղել7։

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փաստել է, որ Տիգրան Հայրապետյանը տեղեկացված է եղել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով զրկված լինելու մասին և գիտակցաբար շարունակել է ավտոմեքենա վարել, ինչպես նաև վերջինս միջնորդություններ է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2023 թվականի հունվարի 13-ի թիվ 8180240495 որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ, սակայն ՀՀ վարչական դատարանի՝ 2023 թվականի մարտի 13-ի և մարտի 24-ի որոշումներով նրա միջնորդությունները մերժվել են:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, ճանաչելով և հռչակելով Տիգրան Հայրապետյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում8։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված իրավանորմի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ սույն հանցակազմի պարագայում էական է անձի դիտավորության ուղղվածության գնահատումը՝ այն, որ տրանսպորտային միջոց վարելիս անձը տեղեկացված է եղել իր՝ վարորդական իրավունքից զրկված կամ այն կասեցված լինելու մասին և առանցքային դերակատարություն չի կարող ունենալ ծագած վարչական իրավահարաբերության զարգացման գործընթացը, չի կարող հիմնավոր համարվել։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկվող հանցակազմի առկայության տեսանկյունից տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է՝ իրավաչափ վարչական ակտի հիման վրա, հակառակ պարագայում քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է։

Այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ անձի դատապարտման հիմքում չի կարող դրվել ոչ իրավաչափ՝ օրենքի խախտմամբ ընդունված և անձի իրավունքները խախտող վարչական ակտի պայմանները չկատարելու հանգամանքը՝ անկախ նրանից, որ կոնկրետ գործողությունը կատարելու պահի դրությամբ նշված վարչական ակտի ոչ օրինական լինելու հանգամանքը դեռևս հաստատված չի եղել։ Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն փաստել է, որ վարչական ակտի անվավերության պայմաններում հնարավոր չէ հաստատված համարել, որ տրանսպորտային միջոց վարելիս մեղադրյալը հանդիսացել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձ, այսինքն՝ տվյալ դեպքում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը։ Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ տվյալ դեպքում հնարավոր չէ հիմնավոր հետևության հանգել նաև հանցագործության սուբյեկտի առկայության հարցում, քանի որ օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու կամ այդ իրավունքը կասեցված լինելու ուժով է անձը ձեռք բերում տվյալ հանցագործության սուբյեկտին ներհատուկ հատկանիշները։

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, գալով այն հետևության, որ այս պարագայում էական է անձի դիտավորության ուղղվածության գնահատումը, այն է՝ տրանսպորտային միջոց վարելիս անձը տեղեկացված է եղել, որ ինքը վարորդական իրավունքից զրկված է կամ այն կասեցված է, և սույն հանցակազմի առկայությունը փաստելու համար առանցքային դերակատարություն չի կարող ունենալ ծագած վարչական իրավահարաբերության զարգացման գործընթացը, ըստ էության շեշտը դրել է բացառապես հանցագործության սուբյեկտիվ կողմի գնահատման վրա՝ անտեսելով հանցագործության օբյեկտիվ կողմի և սուբյեկտի բացակայության վերաբերյալ գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը։

Այս տեսանկյունից հիմքեր չկան չհամաձայնելու բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանի հետևությունները հանգեցնում են մի իրավիճակի, որ ոչ իրավաչափ որոշման հիման վրա Տիգրան Հայրապետյանն իր կամքից անկախ հանգամանքներով ձեռք է բերում հատուկ սուբյեկտի կարգավիճակ, և այդ որոշումը պետք է դրվի անձի դատապարտման հիմքում, ինչն իրավաչափ համարվել չի կարող9։

17. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում արդարացնելու հարցում հանգել է սխալ հետևության, հիմնավոր չէ։

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը, թույլ է տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, հետևաբար անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատական ակտին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Մեղադրյալ Տիգրան Գնելի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հուլիսի 29-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի արդարացման դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 43։

2 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, գործ թիվ ՎԴ5/0069/05/23։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 41-49։

4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 32-36։

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան
 

Հ. Գրիգորյան

 

Լ. Թադևոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: