ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Ս․ Անդրեասյան |
ՇԴ/0105/01/23 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ. ԹադևոՍՅԱՆԻ |
|
12 օգոստոսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Անդրանիկ Հովակիմի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշման դեմ վերջինիս և պաշտպան Մ.Պողոսյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2013 թվականի հունվարի 21-ին Շիրակի մարզի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 18102813 քրեական գործը:
2013 թվականի հունվարի 25-ին Անդրանիկ Հովակիմի Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2013 թվականի հունվարի 25-ի որոշմամբ Ա․Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
2013 թվականի փետրվարի 11-ին քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև մեղադրյալ Անդրանիկ Պետրոսյանի հայտնաբերումը:
2022 թվականի հունիսի 11-ին մեղադրյալ Ա․Պետրոսյանը հայտնաբերվել և նույն օրը քրեական գործի վարույթը վերսկսվել է:
2023 թվականի փետրվարի 22-ին Ա.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ չսահմանափակելով նախաքննության ընթացքում վարույթային այլ գործողությունների կատարումը:
2023 թվականի ապրիլի 17-ին Ա․Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդման կասեցված ժամկետը վերսկսվել է՝ կասեցնելու հիմքը վերանալու պատճառաբանությամբ:
2023 թվականի հունիսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։
2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի դատավճռով Անդրանիկ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Ա․Պետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում Ա․Պետրոսյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության վրա՝ սահմանելով պարտականություններ՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը և բնակության վայրը փոխելու դեպքում պրոբացիայի պետական ծառայությանը սեղմ ժամկետում հայտնել նոր բնակության վայրի հասցեն։
Ա․Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
3․ Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Մ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ այն բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել․ Ա․Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը՝ վերացվել է:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կանոններով, Ա․Պետրոսյանի նկատմամբ նշանակված 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցվել է նրա անազատության մեջ գտնվելու 3 օրը և վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով Ա․Պետրոսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Անդրանիկ Պետրոսյանը և պաշտպան Մ․Պողոսյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի հունվարի 31-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբեր Մ․Պողոսյանը, վկայակոչելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածները, փաստարկել է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածն իր մեջ պարունակում է նաև խրախուսական նորմ՝ հնարավորություն տալով տվյալ սուբյեկտին անցնել զինվորական ծառայությունը կամ վճարել համապատասխան գումար, այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից, իսկ Անդրանիկ Պետրոսյանը համապատասխանում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.2 կետի պահանջներին, ուստի ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի խրախուսական նորմը կիրառելի է վերջինիս նկատմամբ, քանի որ հիշյալ կարգավորումներում առկա խրախուսական նորմերն անձի վիճակը բարելավող են:
Մասնավորապես, բողոքի հեղինակն ընդգծել է, որ Ա․Պետրոսյանը 2024 թվականի հոկտեմբերի 7-ին դիմում է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ խնդրելով սահմանված կարգով անցնել պարտադիր զինվորական ծառայության և զորակոչվել ՀՀ զինված ուժեր:
Բողոք բերած անձը փաստարկել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.2 կետի իմաստով, Ա․Պետրոսյանը համարվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացի, նրա 27 տարին լրացել է, սակայն 37 տարին՝ դեռևս ոչ, վերջինս իր ցանկությամբ և կամքով է դիմել՝ անցնելու պարդադիր զինվորական ծառայության՝ 24 ամիս ժամկետով և նրա նկատմամբ առկա է քրեական հետապնդում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, հետևաբար՝ առկա է մեղադրյալ Ա․Պետրոսյանի քրեական պատասխանատվությունից ազատելու իրավաչափ հիմք։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշումը՝ դադարեցնելով Անդրանիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճելով քրեական վարույթը:
6․Համանման փաստարկներով՝ նույնաբովանդակ վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև մեղադրյալ Ա․Պետրոսյանը՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշումը՝ դադարեցնելով իր նկատմամբ քրեական հետապնդումը և կարճելով քրեական վարույթը:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Անդրանիկ Պետրոսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա Գյումրու զինվորական կոմիսարիատում հաշվառվել է որպես զինակոչիկ և հասնելով զորակոչային տարիքի առանց զինվորական ծառայությունից ազատվելու, ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերի 2012 թվականի աշնանային զորակոչին Գյումրու զինվորական կոմիսարիատ չի ներկայացել և խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից (․․․)»1։
8. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի փետրվարի 20-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(․․․)[Ա]պացուցված է մեղադրյալ Անդրանիկ Հովակիմի Պետրոսյանին վերագրվող արարքը, դրա քրեական հակաիրավականությունը, մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող արարքի կատարումը, ինչպես նաև ապացուցված է վերջինիս մեղավորությունը, որպիսի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո հաշվի առնելով գործի հանգամանքները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, անձը բնութագրող հանգամանքները, արգելանքի տակ եղած ժամանակահատվածը, կատարած հանցանքի համար մեղադրյալի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել պատիժ ազատազրկում՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչը, Դատարանի գնահատմամբ, բավարար է պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու համար: (...)
(...) Դատարանը գտնում է, որ հանցավորի անձը բնութագրող և պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին վկայող օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալները բավարար են՝ համոզված լինելու համար, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժը կրելու»2։
9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգում է կատարել առ այն, որ մեղադրյալ Անդրանիկ Պետրոսյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու: Այլ կերպ ասած` Առաջին ատյանի դատարանն այդ մասով ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, այն է` մեղադրյալ Անդրանիկ Պետրոսյանի մասով կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման:
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, այն է` Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Անդրանիկ Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով պետք է փոփոխել` վերացնելով նրա նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը և որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժին հաշվակցելով նրա անազատության մեջ գտնվելու 3 օրը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: (․․․)»3:
10․2024 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մ․Ասատրյանի գրությունն առ այն, որ Անդրանիկ Պետրոսյանը 2024 թվականի հոկտեմբերի 7-ին դիմել է ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատ՝ խնդրելով համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1․2․-րդ կետի, իրեն զորակոչել ՀՀ զինված ուժեր4։
11․ 2025 թվականի փետրվարի 10-ին Վճռաբեկ դատարան է ստացվել ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մ․Ասատրյանի գրությունը, համաձայն որի՝ Անդրանիկ Պետրոսյանը ընդգրված է եղել 2024 թվականի ձմեռային զորակոչին, սակայն բժշկական զննության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է ձախ նախաբազկի առաջնային մակերեսին և ձախ դաստակին առկա սպիներ, որոնք իր խոսքերով ինքն է կատարել զայրացած ժամանակ, ուստի զորակոչային բժշկական հանձնաժողովի բժիշկ-հոգեբույժի կողմից որոշվել է վերջինիս ուղեգրել համապատասխան հետազոտության՝ համապատասխան կենտրոն, որից հետո՝ ըստ հետազոտման ակտի ախտորոշման, վերջինս ներկայացվելու է Կենտրոնական բժշկական հանձնաժողովին։ Մինչդեռ, հետազոտման ակտը ստացվել է 2024 թվականի ձմեռային զորակոչի ավարտից հետո, ուստի Ա․Պետրոսյանի զորակոչի հարցը տեղափոխվել է հաջորդ զորակոչին5։
12․ 2025 թվականի մայիսի 7-ին Վճռաբեկ դատարան է ստացվել ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մ․Ասատրյանի գրությունն այն մասին, որ Անդրանիկ Պետրոսյանը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2025 թվականի ապրիլի 29-ի եզրակացությամբ, համաձայն ՀՀ Կառավարության 404-Ն որոշման 8-րդ հոդվածի, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։
Միաժամանակ նշվել է, որ Ա․Պետրոսյանին բացատրվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1․2․-րդ կետով նախատեսված կարգավորումն առ այն, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության և պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն ՀՀ դրամ: Ա․Պետրոսյանը հայտարարել է, որ նա նշված գումարը չի կարող վճարել, ցանկանում է ծառայել ՀՀ զինված ուժերում, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն6։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. առկա են արդյո՞ք Ա․Պետրոսյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքեր։
14․ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է (…)
4. Սույն հոդվածի 1-ին (…) մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ կամավոր ներկայանալով քրեական վարույթ իրականացնող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը»:
ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով։
Վերոնշյալ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 1․2․-րդ մասերի համաձայն՝ «1.Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով: Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները` մինչև 28 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27, 28 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի ընթացքում:
(…)
1․2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրացած և սույն օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչև 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները մինչև 45 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության` 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ վեց ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ մեկ ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե չունեն սույն օրենքով սահմանված` շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, կամ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության չզորակոչվել` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի համաձայն` օրենքի խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած և համապատասխանաբար 27 կամ 35 տարին լրանալուց հետո սույն օրենքով սահմանված` շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության և պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի իմաստով` օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ որը, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 տարին լրանալուց հետո»:
15․Վերոնշյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ քրեաիրավական հիշյալ խրախուսական նորմի և վերաբերելի մասով դրա գործադրման հիմք հանդիսացող բլանկետային նորմի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1․2․-րդ մասի զուգակցված կիրառմամբ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձը ենթակա է ազատման ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված քրեական պատասխանատվությունից՝ հետևյալ հիմքերի առկայության դեպքում․
1) եթե կամովին ներկայացել և զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության, կամ
2) կամավոր ներկայանալով քրեական վարույթ իրականացնող մարմին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը:
Ընդ որում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրանալուց հետո նույն օրենքով սահմանված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող այն քաղաքացիները, որոնք չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության, քրեական պատասխանատվությունից ենթակա են ազատման բացառապես այն դեպքում, երբ օրենքով նախատեսված գումարը վճարել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Անդրանիկ Պետրոսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաշվառվել է որպես զինակոչիկ, և հասնելով զորակոչային տարիքի, առանց զինվորական ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերի, 2012 թվականի աշնանային զորակոչին զինվորական կոմիսարիատ չի ներկայացել և խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից7։
- Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի դատավճռով Ա․Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Միաժամանակ, կիրառվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը և Ա․Պետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով8։
- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Մ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը, 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ գտել է, որ Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգում է կատարել առ այն, որ մեղադրյալ Անդրանիկ Պետրոսյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու։ Արդյունքում Ա․Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` վերացնելով նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը, որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժին հաշվակցել նրա անազատության մեջ գտնվելու 3 օրը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով9:
- 2024 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մ․Ասատրյանի գրությունն առ այն, որ Ա․Պետրոսյանը 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացրել է դիմում՝ խնդրելով համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1․2․-րդ, կետի՝ իրեն զորակոչել ՀՀ զինված ուժեր10։
- 2025 թվականի փետրվարի 10-ին Վճռաբեկ դատարան է ստացվել ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մ․Ասատրյանի գրությունը, համաձայն որի՝ Ա․Պետրոսյանը ընդգրված է եղել 2024 թվականի ձմեռային զորակոչին, սակայն զորակոչային բժշկական հանձնաժողովի բժիշկ-հոգեբույժի կողմից որոշվել է վերջինիս ուղեգրել համապատասխան հետազոտության՝ համապատասխան կենտրոն, որից հետո՝ ըստ հետազոտման ակտի ախտորոշման, վերջինս ներկայացվելու էր Կենտրոնական բժշկական հանձնաժողովին, սակայն ձմեռային զորակոչի ավարտից հետո, ուստի Ա․Պետրոսյանի զորակոչի հարցը տեղափոխվել է հաջորդ զորակոչին11։
- 2025 թվականի մայիսի 7-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մ․Ասատրյանի գրությունն առ այն, որ Ա․Պետրոսյանը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի։
Համաձայն նույն գրության՝ Ա․Պետրոսյանին բացատրվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1․2․-րդ կետով նախատեսված կարգավորումն առ այն, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության և պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն ՀՀ դրամ, սակայն Ա․Պետրոսյանը հայտարարել է, որ նա նշված գումարը չի կարող վճարել, ցանկանում է ծառայել ՀՀ զինված ուժերում, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն12։
17. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և 15-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Պետրոսյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքեր առկա չեն։
18. Հիմք ընդունելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անդրանիկ Հովակիմի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Անդրանիկ Հովակիմի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 23։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 120-125:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 96-101:
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթ 108։
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթ 112։
6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթ 143։
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը ։
9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը ։
10 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։
Նախագահող` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. ԹադևոՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: