ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան |
ԵԴ/1445/06/22 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||
|
| |||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
1 օգոստոսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արշալույս Մնացականի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի օգոստոսի 13-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 46-470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով, 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով, 457-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 58228722 քրեական վարույթը:
2022 թվականի նոյեմբերի 10-ին Արշալույս Մնացականի Սահակյանը ձերբակալվել է:
2022 թվականի նոյեմբերի 11-ին որոշում է կայացվել Ա․Սահակյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 38-329.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
2022 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 58241122 քրեական վարույթը:
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ Ա․Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի (բացառությամբ մերձավոր ազգականների) սահմանափակմամբ։
2022 թվականի նոյեմբերի 23-ին թիվ 58228722 քրեական վարույթը միացվել է 58241122 քրեական վարույթին և նախաքննությունը շարունակվել է 58228722 համարով։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանվել է, Ա․Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և մյուս սահմանափակումները վերացվել են և վերջինս անհապաղ ազատ է արձակվել։
2022 թվականի դեկտեմբերի 9-ին Ա․Սահակյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը փոփոխվել, լրացվել, և նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-329.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև երկու դրվագ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-470-րդ հոդվածի 2-րդ մասով։
3․ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) մեղադրյալ Ա․Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ մերժվել է։
4․ Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազը ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ։
5․ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
6․1․ Բողոքաբերը նշել է, որ մեղադրյալ Ա․Սահակյանի նկատմամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ին և 2022 թվականի դեկտեմբերի 9-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներով տեղի է ունեցել ինչպես փաստական հանգամանքների, այնպես էլ մեղադրանքի քրեաիրավական որակման փոփոխություն։
6․2․ Բողոք բերած անձի կարծիքով՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան՝ Ա․Սահակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ոչ թե նույն, այլ մեկ այլ մեղադրանքով։
6․3․ Անդրադառնալով ստորադաս դատարանների այն փաստարկմանը, որ բոլոր այն դեպքերում, երբ մեղադրյալի կողմից ենթադրյալ արարք կատարելու վերաբերյալ փաստական տվյալներն առկա են եղել մինչև մեղադրյալի ազատ արձակվեը, և հանրային քրեական հետապնդումը հարուցվել է մեղադրյալին ազատելուց անմիջապես հետո, ապա հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը չի կարող դիտարկվել կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու համար նոր էական հանգամանք, բողոք բերած անձը գտել է, որ այն որևէ կերպ հիմնավոր և պատճառաբանված չէ։ Բողոքաբերի պնդմամբ՝ նախ Ա․Սահակյանին առաջինից էապես տարբերվող այլ մեղադրանքով է վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, այսինքն սույն դեպքում «նույն մեղադրանք»-ի մասին խոսք չի կարող լինել, քանի որ նոր մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները վարույթ իրականացնող մարմնին հայտնի են դարձել առաջին մեղադրանքը ներկայացնելուց հետո կատարված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում։
6․4․ Բողոքաբերն ընդգծել է նաև, որ ստորադաս դատարանների կողմից տրվել է «նոր մեղադրանք» եզրույթի քրեական օրենսդրության իրավակարգավորումներից չբխող մեկնաբանություն, որի արդյունքում դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
6․5․ Բացի այդ, բողոք բերած անձի պնդմամբ՝ Ա․Սահակյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք, քանի որ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ նրա ենթադրյալ հանցավոր գործունեությունը կրել է շարունակական բնույթ, և կատարվել է որպես արհեստ։ Ուստի, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մնալով ազատության մեջ, Ա․Սահակյանը կարող է շարունակել այն քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպմանն օժանդակել կամ անձամբ կազմակերպել, որոնց հետ արդեն ձեռք է բերել պայմանավորվածություն, ստացել է գումարներ և գործընթացն ուժի մեջ է, որպիսի պայմաններում Ա․Սահակյանի կողմից հանցանք կատարելն առավել քան իրատեսական է։
7․ Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարելով նախաքննության մարմնի՝ մեղադրյալ Ա․Սահակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 10-ի միջնորդությունը։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8․ 2022 թվականի նոյեմբերի 11-ին Ա․Սահակյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-329․1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հետևյալ արարքների համար․ «(…) ՀՀ քաղաքացիներ Արամ Եղոյանը և Արման Ավագյանը նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, շահադիտական նպատակով, 2022 թվականի մայիսից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում, Ա․Սահակյանի օժանդակությամբ, կազմակերպել են ՀՀ երկու քաղաքացիների անօրինական միգրացիան, ինչպես նաև նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, օգտագործելու նպատակով, նույն ժամանակահատվածում կազմել և օգտագործել են իրավաբանական նշանակություն ունեցող և իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր։
Այսպես․
Արամ Եղոյանը և Արման Ավագյանը, շահադիտական դրդումներից ելնելով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, 2022 թվականի մայիսից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, Ա․Սահակյանի կողմից խորհուրդներ տալու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորած օժանդակության պայմաններում, ՀՀ քաղաքացիներ Վահագն Հովհաննիսյանի և Գերասիմ Հակոբյանի՝ օտարերկրյա պետության մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը կազմակերպելու դիմաց վերջիններից պահանջել են տարբեր չափերի գումարներ, որից հետո Արամ Եղոյանը և Արման Ավագյանը նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, օգտագործելու նպատակով Ա․Սահակյանի կողմից խորհուրդներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով դրսևորած օժանդակությամբ, պատրաստել են իրավաբանական նշանակության փաստ հաստատող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ աշխատավայրի, աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանքներ, որոնք տրամադրել են Վահագն Հովհաննիսյանին և Գերասիմ Հակոբյանին, ովքեր դրանք ներկայացրել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններ՝ այդ կերպ կազմակերպելով նրանց անօրինական միգրացիան։(…)1։
9․ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Ա․Սահակյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-329․1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 44-470-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հետևյալ արարքների համար․ «(…) ՀՀ քաղաքացիներ Արամ Եղոյանը և Արման Ավագյանը նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, շահադիտական նպատակով, 2022 թվականի մայիսից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում, Ա․Սահակյանի օժանդակությամբ, կազմակերպել են ՀՀ երկու քաղաքացիների անօրինական միգրացիան, ինչպես նաև նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, օգտագործելու նպատակով, նույն ժամանակահատվածում կազմել և օգտագործել են իրավաբանական նշանակություն ունեցող և իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր։
Բացի այդ, Ա․Սահակյանը շահադիտական նպատակով 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, փորձել է կազմակերպել ՀՀ երկու քաղաքացիների անօրինական միգրացիան։
Այսպես․
Արամ Եղոյանը և Արման Ավագյանը, շահադիտական դրդումներից ելնելով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, 2022 թվականի մայիսից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, Ա․Սահակյանի կողմից խորհուրդներ տալու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորած օժանդակության պայմաններում, ՀՀ քաղաքացիներ Վահագն Հովհաննիսյանի և Գերասիմ Հակոբյանի՝ օտարերկրյա պետության մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը կազմակերպելու դիմաց վերջիններից պահանջել են տարբեր չափերի գումարներ, որից հետո Արամ Եղոյանը և Արման Ավագյանը նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, օգտագործելու նպատակով Ա․Սահակյանի կողմից խորհուրդներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով դրսևորած օժանդակությամբ, պատրաստել են իրավաբանական նշանակության փաստ հաստատող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ աշխատավայրի, աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանքներ, որոնք տրամադրել են Վահագն Հովհաննիսյանին և Գերասիմ Հակոբյանին, ովքեր դրանք ներկայացրել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններ՝ այդ կերպ կազմակերպելով նրանց անօրինական միգրացիան։
Բացի այդ, Ա․Սահակյանը, շահադիտական դրդումներից ելնելով, ՀՀ երկու քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, ՀՀ քաղաքացիներ, ամուսիններ՝ Քրիստինե Լևիկի Գրիգորյանի և Արթուր Մերուժանի Աբելյանի՝ օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը կազմակերպելու դիմաց նրանցից պահանջել է 2․500-3000 եվրո գումար, որից հետո ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացվելիք փաստաթղթերի փաթեթում, ի թիվս այլ փաստաթղթերի, Քրիստինե Գրիգորյանի և Արթուր Աբելյանի վերաբերյալ ներառել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ աշխատավայրի, աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանքներ, բանկային հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկանք՝ նախատեսելով դրանք 2022 թվականի նոյեմբերի 10-ին տրամադրել Քրիստինե Գրիգորյանին և Արթուր Աբելյանին, ովքեր դրանք պետք է ներկայացնեին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություն՝ այդ կերպ փորձելով կազմակերպել նրանց անօրինական միգրացիան, սակայն Ա․Սահակյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ վերջինս 2022 թվականի նոյեմբերի 10-ին հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից (…)2։
10․ Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ արձանագրել է․ «(…) Ներկայացված միջնորդության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալ Ա․Սահակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նոր էական հանգամանք է դիտարկել մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և նոր հանրային հետապնդում հարուցելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը. Ա․Սահակյանի կողմից 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 44-470-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն ենթադրաբար կատարելը: Դատարանը փաստում է, որ անձի կողմից ենթադրաբար նոր հանցանք կատարելը կալանքից ազատված անձին կրկին կալանավորվելու համար որպես նոր էական հանգամանք կարող է դիտարկվել միայն այն պարագայում, երբ մեղադրյալին վերագրվող նոր ենթադրյալ արարքի կատարման փաստը վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին կամ կատարվել է մեղադրյալին ազատ արձակելուց հետո: Բոլոր այն դեպքերում, երբ մեղադրյալի կողմից ենթադրյալ արարք կատարելու վերաբերյալ փաստական տվյալներն առկա են եղել մինչև մեղադրյալի ազատ արձակվելը, և հանրային քրեական հետապնդումը հարուցվել է մեղադրյալին ազատ արձակելուց անմիջապես հետո, ապա հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը չի կարող դիտարկվել կալանքից ազատված անձին կրկին կալանավորվելու համար որպես նոր էական հանգամանք:
Սույն միջնորդությանը կից նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Ա․Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և նոր հանրային հետապնդում հարուցելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման հիմքում դրված փաստական հանգամանքները վարույթն իրականացնող մարմնին հայտնի են եղել մեղադրյալին կալանքից ազատելու պահից առաջ, և մեղադրյալի ազատ արձակվելուց հետո՝ մինչև նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելը, որևէ քննչական և այլ վարութային գործողություն չի կատարվել, ուստի ներկայացված հանգամանքը չի կարող դիտարկվել Ա.Սահակյանին կրկին կալանավորվելու համար որպես նոր էական հանգամանք:
(…)
Սույն միջնորդության քննարկման ընթացքում, ինչպես վերը նշվեց, Դատարանը հանգել է այն հետևության, որ Ա․Սահակյանին կրկին կալանավորվելու համար չեն ներկայացվել նոր էական հանգամանքներ, ուստի վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման (…)»3:
11․ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշման համաձայն՝ «(…) Անդրադառնալով հատուկ վերանայման բողոքում վկայակոչված հիմքերին և փաստարկներին՝ այն մասին, որ նոր էական հանգամանքի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր և պատճառաբանված չեն, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի պատշաճ և հիմնավորված վերլուծություն: Վերաքննիչ դատարանի համոզմամբ, օրենսդրի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածում գործածված «նույն մեղադրանք» եզրույթը վերաբերելի է ոչ թե վարույթն իրականացնող մարմնի կողմից արարքին տրված իրավական գնահատականին, դրա ձևական իրավական կողմին, այլ մեղադրանքի փաստական կազմին: Հակառակ տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում՝ վկայակոչված օրենսդրական կարգավորումն ըստ էության կդառնա ինքնանպատակ, քանզի վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն կստանա մեղադրանքի մեջ շտկել ցանկացած խմբագրական թերություն և այն ներկայացնել որպես «նոր»:
Վերոգրյալի լույսի ներքո համեմատական վերլուծություն կատարելով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված առաջին և երկրորդ միջնորդությունների միջև, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ինչպես իրավացիորեն արձանագրել է Առաջին ատյանի դատարանը, Արշալույս Մնացականի Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման հիմքում դրված փաստական հանգամանքները վարույթն իրականացնող մարմնին հայտնի են եղել մեղադրյալին կալանքից ազատելուց առաջ, իսկ վերջինիս ազատ արձակվելուց հետո՝ մինչև նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելը, որևէ քննչական և վարութային գործողություն չի կատարվել, ուստի մեղադրանքի փոփոխումը չի կարող դիտարկվել որպես նույն մեղադրանքով կալանավորվելու համար նոր էական հանգամանք կամ դիտարկվել որպես «նոր մեղադրանք»:
Վերոշարադրյալի հիման վրա, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ, այդ թվում նաև՝ քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդեցություն ունենալ վարույթի ելքի վրա, և գործով կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը բխում է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքից (…)»4:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք նախաքննության մարմնի՝ Ա․Սահակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը՝ կալանքից ազատված անձին կրկին կալանավորվելու համար անհրաժեշտ նոր էական հանգամանքների բացակայության հիմքով մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝ (…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»:
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 18-րդ հոդվածի համաձայն` «1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի: (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է` օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով: (…)
4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: Դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին:
2. Եթե կալանքից ազատված անձը նորից է կալանավորվում, ապա նրան կալանքի տակ պահելու առավելագույն թույլատրելի ժամկետը որոշելիս հաշվարկվում է մինչև կալանքից ազատվելը կալանքի տակ նրա եղած ժամանակը»:
14. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով5:
14.1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կալանքից ազատված անձին նույն մեղադրանքով կրկին կալանավորելու արգելքին, իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ի ապահովումն անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի՝ օրենսդիրը լրացուցիչ պայմաններ է նախատեսել կալանքից ազատված կամ այն անձի նկատմամբ նույն մեղադրանքով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը դատարան կրկին ներկայացնելու համար, ում վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։ Այսպես, անձին կալանավորելու միջնորդությունը կրկին կարող է ներկայացվել միայն բացառիկ դեպքում, երբ ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելիս կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելիս, և որոնք հիմնավորում են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։ Նշված ընթացակարգի շրջանակում կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող նոր էական հանգամանքներ ներկայացնելու օրենսդրական պահանջը ելնում է իրավաչափ այն գաղափարից, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման համատեքստում դատարանի կողմից չի կարող բավարարվել այն միջնորդությունը, որում ներկայացված՝ կալանավորման պայմանների և հիմքերի առկայության վերաբերյալ նույն հիմնավորումները դատարանի կողմից արդեն իսկ մեկ անգամ բավարար չեն համարվել նույն գործով նույն անձի քննարկվող իրավունքը սահմանափակելու համար6։
15․Վճռաբեկ դատարանը, հաստատելով իր՝ նախորդ կետում մեջբերված դիրքորոշումը, փաստում է, որ վերոնշյալ իրավական վերլուծությունը կիրառելի է բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի տիրույթում, այնքանով, որքանով գործ ունենք նույն մեղադրանքի շրջանակներում անձին կրկին կալանավորելու միջնորդության իրավաչափության հետ։
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- 2022 թվականի նոյեմբերի 11-ին Ա․Սահակյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-329.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական հետապնդում այն բանի համար, որ ՀՀ քաղաքացիներ Արամ Եղոյանը և Արման Ավագյանը նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, շահադիտական նպատակով, 2022 թվականի մայիսից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում, Ա․Սահակյանի օժանդակությամբ, կազմակերպել են ՀՀ երկու քաղաքացիների անօրինական միգրացիան, ինչպես նաև նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, օգտագործելու նպատակով, նույն ժամանակահատվածում կազմել և օգտագործել են իրավաբանական նշանակություն ունեցող և իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր7։
- Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ Ա․Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով, ինչպես նաև 1 (մեկ) ամիս ժամկետով սահմանափակվել է վերջինիս՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը8։
- Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Ա․Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և մյուս սահմանափակումները վերացվել են և վերջինս անհապաղ ազատ է արձակվել կալանքից9։
- 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Ա․Սահակյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-329․1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-470-րդ հոդվածի 2-րդ մասով նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ ՀՀ քաղաքացիներ Արամ Եղոյանը և Արման Ավագյանը նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, շահադիտական նպատակով, 2022 թվականի մայիսից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում, Ա․Սահակյանի օժանդակությամբ, կազմակերպել են ՀՀ երկու քաղաքացիների անօրինական միգրացիան, ինչպես նաև նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, օգտագործելու նպատակով, նույն ժամանակահատվածում կազմել և օգտագործել են իրավաբանական նշանակություն ունեցող և իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր։
Բացի այդ, Ա․Սահակյանը շահադիտական նպատակով 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, փորձել է կազմակերպել ՀՀ երկու քաղաքացիների անօրինական միգրացիան10։
- Նախաքննության մարմինը 2022 թվականի դեկտեմբերի 10-ին միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Ա․Սահակյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ11։
- Առաջին ատյանի դատարանը վերոնշյալ միջնորդությունը մերժել է՝ նշելով, որ Ա․Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և նոր հանրային հետապնդում հարուցելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման հիմքում դրված փաստական հանգամանքները վարույթն իրականացնող մարմնին հայտնի են եղել մեղադրյալին կալանքից ազատելու պահից առաջ, և մեղադրյալի ազատ արձակվելուց հետո՝ մինչև նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելը, որևէ քննչական և այլ վարութային գործողություն չի կատարվել, ուստի ներկայացված հանգամանքը չի կարող դիտարկվել Ա.Սահակյանին կրկին կալանավորվելու համար որպես նոր էական հանգամանք12:
- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին13։
17. Վերը շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատշաճ գնահատման չեն ենթարկել սույն գործով առկա փաստական տվյալները, ինչի արդյունքում սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումը։
Այսպես․
Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ 2022 թվականի նոյեմբերի 11-ին Ա․Սահակյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-329.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական հետապնդում։ 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ Ա․Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով։ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Ա․Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և մյուս սահմանափակումները վերացվել են և վերջինս անհապաղ ազատ է արձակվել կալանքից։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Ա․Սահակյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը փոփոխվել, լրացվել, և նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-329.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-470-րդ հոդվածի 2-րդ մասով։
2022 թվականի դեկտեմբերի 10-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Ա․Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
18․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա․Սահակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը ներկայացվել է նոր՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-329.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-470-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի շրջանակներում։ Նշված հանգամանքն ինքնին բացառում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորման կիրառումը, քանի որ գործ ունենք ոչ թե նույն, այլ նոր մեղադրանքի հետ։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ սույն դեպքում «նոր մեղադրանքը» ներառել է ինչպես իրավական որակման, այնպես էլ փաստակազմի փոփոխություն, մասնավորապես՝ Ա․Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-470-րդ հոդվածի 2-րդ մասով, այն բանի համար, որ նա 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, Քրիստինե Լևիկի Գրիգորյանի և Արթուր Մերուժանի Աբելյանի՝ օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը կազմակերպելու դիմաց նրանցից պահանջել է 2․500-3000 եվրո գումար, որից հետո ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացվելիք փաստաթղթերի փաթեթում, ի թիվս այլ փաստաթղթերի, Քրիստինե Գրիգորյանի և Արթուր Աբելյանի վերաբերյալ ներառել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ նախատեսելով դրանք 2022 թվականի նոյեմբերի 10-ին տրամադրել Քրիստինե Գրիգորյանին և Արթուր Աբելյանին, ովքեր դրանք պետք է ներկայացնեին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություն՝ այդ կերպ փորձելով կազմակերպել նրանց անօրինական միգրացիան14։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ստորադաս դատարանների եզրահանգումներին առ այն, որ մեղադրյալին կալանքից ազատելու պահից առաջ, և մեղադրյալի ազատ արձակվելուց հետո՝ մինչև նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելը, որևէ քննչական և այլ վարութային գործողություն չի կատարվել, ուստի ներկայացված հանգամանքը չի կարող դիտարկվել Ա.Սահակյանին կրկին կալանավորվելու համար որպես նոր էական հանգամանք, և փաստել հետևյալը․
Վճռաբեկ դատարանը, նախ, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի կարգավորումներին, մասնավորապես «կալանքից ազատված անձ» եզրույթին, արձանագրում է, որ թեև օրենսդիրը չի տարբերակել, թե՛ անձը կալանքից ազատվել է Առաջին ատյանի դատարանի կողմից համապատասխան միջնորդության մերժման, թե՛ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն նշված հանգամանքը սույն գործի շրջանակներում ենթակա է գնահատման ստորադաս դատարանների կողմից արձանագրված վերոնշյալ դատողությունների շրջանակում։
2022 թվականի նոյեմբերի 11-ին Ա․Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման հարուցումից հետո, մինչև վերջինի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 9-ը՝ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման կայացման և 2022 թվականի դեկտեմբերի 10-ին՝ վերջինի նկատմամբ կալանավորումը որպես խափաման միջոց կիրառելու մասին միջնորդության ներկայացման պահն իրականացվել են բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողություններ, որոնց արդյունքում ձեռք բերված տվյալները հիմք են հանդիսացել անձին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու համար։ Նախաքննության իրականացումն իրենից ենթադրում է դինամիկ գործընթաց, որի արդյունքում ձեռք բերված տվյալները կարող են հիմք հանդիսանալ նախաքննության ընթացքի փոփոխման, անձին նոր մեղադրանք առաջադրելու և այլնի համար, որպիսի գործընթացը չի հանդիսանում կանխատեսելի, ուստի ողջամտորեն անհնար է պնդել, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո վարույթն իրականացնող մարմինը կարող է կանխատեսել մեղադրանքի փոփոխման հնարավորությունը։ Այլ կերպ, Առաջին ատյանի դատարանի կողմից 2022 թվականի նոյեմբերի 15-ին Ա․Սահակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու արդյունքում մեղադրյալի՝ փաստացի շարունակական կալանքի տակ գտնվելու ընթացքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորած պատշաճ ջանասիրության արդյունքում ձեռք են բերվել նոր փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել անձին նոր մեղադրանք ներկայացնելու համար։ Վերաքննիչ դատարանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 8-ին Ա․Սահակյանին կալանքից ազատելու հանգամանքը վարույթն իրականացնող մարմնի համար չի հանդիսացել անձին առաջադրված մեղադրանքը փոփոխելու պատճառ կամ կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու արհեստական հիմքի ստեղծում, ինչի մասին ստորադաս դատարանների դատողությունները սոսկ ենթադրություններ են և չեն հիմնավորվում գործի նյութերում առկա փաստական տվյալներով։ Ուստի, վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննության արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա անձի նկատմամբ նոր քրեական հետապնդման հարուցման և նոր մեղադրանքի առկայության պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված կարգավորումն առ այն, որ հայտնաբերված նոր էական հանգամանքները վարույթն իրականացնող մարմնին չպետք է հայտնի լինեին մեղադրյալին կալանքից ազատելու պահին՝ սույն դեպքում կիրառելի չէ։
19․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն վարույթի շրջանակներում ստորադաս դատարանները գործ են ունեցել անձին փոփոխված փաստական տվյալներով առաջադրված նոր մեղադրանքի հետ, փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 121-րդ հոդվածի իրավակարգավորումները 2022 թվականի դեկտեմբերի 10-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա․Սահակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդության քննության շրջանակներում կիրառելի չեն եղել։ Ըստ այդմ՝ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Ա․Սահակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացնելն այն հիմնավորմամբ, որ կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նոր էական հանգամանքներ չեն ներկայացվել, իրավաչափ չէ։
20. Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դատական ակտն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։
Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով նախաքննության ընթացքում Ա․Սահակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները փոփոխվել են, մինչդատական վարույթն ավարտվել է, և Ա․Սահակյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան15, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում է բողոքարկված դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը:
21․ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Արշալույս Մնացականի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
__________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 31-36։
2 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 84-91։
3 Տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 57-63։
4 Տե՛ս նյութեր, հատոր 5, թերթեր 59-69։
5 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:
6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վոլոդյա Սուքիասյանի գործով 2022 թվականի մարտի 4-ի թիվ ԵԴ/0591/06/20 որոշումը։
7 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 31-36։
8 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 1-26։
9 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթ 83։
10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
13 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
14 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 84-91։
15 Տե՛ս https://datalex.am/ տեղեկատվական համակարգ
|
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|