ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«5» փետրվարի 2026 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀՇՆ 10-01.01-2026 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ՀՀՇՆ 10-01.01-2026 «Շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման համար հատուկ տեխնիկական պայմանների մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
2/5/2026 |
Ե. ՎարդանՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի փետրվարի 5-ի N 06-Ն հրամանի |
ՀՀՇՆ 10-01.01-2026 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
1․ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն շինարարական նորմերը սահմանում են ՀՀ տարածքում գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող առանձնահատուկ բարդության և յուրահատուկ կառուցվածքով օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման համար հատուկ տեխնիկական պայմանների մշակման, ձևավորման, բովանդակության, համաձայնեցման և հաստատման վերաբերյալ պահանջները։
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
2. Սույն շինարարական նորմերում հղումներ են կատարված հետևյալ օրենսդրական ակտերին, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին՝
|
1) ՀՀ օրենք |
«Պետական գաղտնիքի մասին» |
|
2) ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշում |
«Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» |
|
3) ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում |
«Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» |
|
4) ՀՀՇՆ 10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 3-ի N 65-Ն հրաման |
|
5) ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրաման |
|
6) ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրաման |
|
7) ՀՍՏ 1.5-2023 |
«Ստանդարտացումը Հայաստանի Հանրապետությունում. Ստանդարտների կառուցվածքին, շարադրմանը, ձևավորմանը, բովանդակությանը և նշագրմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» |
|
8) «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի մայիսի 7-ի N 35-Լ հրաման |
3․ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3․ Սույն շինարարական նորմերում օգտագործված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 3-ի N 65-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 10-01-2014 շինարարական նորմերով սահմանված հասկացությունները, ինչպես նաև հետևյալ հասկացությունը՝ համապատասխան սահմանումով.
1) օբյեկտ՝ շենք կամ շինություն, որը ունի գրանցման հասցե կամ հողամասի կադաստրային ծածկագիր։
4․ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԻ ԵՎ ՏԵՔՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4. Հատուկ տեխնիկական պայմանների (այսուհետ՝ ՀՏՊ) կառուցվածքը պետք է համապատասխանի տվյալ ոլորտում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթի կառուցվածքին։ ՀՏՊ-ի յուրաքանչյուր բաժնի (գլխի) լրացուցիչ պահանջները պետք է վերաբերեն կոնկրետ նորմատիվատեխնիկական փաստաթղթին կամ դրա բաժնին։
5. ՀՏՊ-ը մշակվում են մինչև նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների մեկնարկը։ Դրանց պահանջները պետք է հաշվի առնվեն նախագծային փաստաթղթերի համապատասխան բաժինների մշակման ժամանակ:
6. ՀՏՊ-ի պահանջները պարտադիր են կոնկրետ օբյեկտի նախագծման և շինարարության գործընթացներին մասնակից հանդիսացող բոլոր սուբյեկտների համար։ ՀՏՊ-ը չեն կարող տարածվել երկու և ավելի օբյեկտի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք գործառականորեն կապված են մեկ միասնական համալիրում։
7. ՀՏՊ-ի մշակումը իրականացվում է պատվիրատուի տեխնիկական առաջադրանքի համաձայն՝ կոնկրետ օբյեկտի համար, համապատասխան գիտական, մասնագիտական ներուժ և գործունեության իրավունք ունեցող նախագծային կազմակերպությունների կողմից։
8. Տեխնիկական առաջադրանքում պետք է ներկայացվեն ՀՏՊ-ի մշակման անհրաժեշտության մասով համառոտ հիմնավորում, գործող օրենսդրության համաձայն նախագծվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի, ինչպես նաև ՀՏՊ-ի մշակման համար անհրաժեշտ անվտանգության ոլորտի այլ պահանջներ։
9. Եթե ՀՏՊ-ի համաձայն օբյեկտների նախագծային բնութագրերը, ինչպես նաև դրանց անվտանգության միջոցառումները (ներառյալ կոմպենսացնող միջոցառումները) պետք է հիմնավորված լինեն նախագծային փաստաթղթերի մշակման փուլում, ապա անհրաժեշտ է նշել հիմնավորման մեթոդը, ինչպես նաև անվտանգության պահանջներին համապատասխանության չափանիշները:
10. Նորմատիվ իրավական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջներին օբյեկտների նախագծային բնութագրերի համապատասխանությունը, ինչպես նաև դրանց անվտանգությունն ապահովելու համար նախատեսված միջոցառումները պետք է հիմնավորվեն հետևյալ եղանակներից մեկով կամ մի քանիսով.
1) հետազոտության արդյունքներ,
2) հաշվարկներ և (կամ) փորձարկումներ, որոնք կատարվել են սերտիֆիկացված կամ այլ եղանակներով փորձահավանության արժանացած մեթոդներով,
3) վտանգավոր բնական գործընթացների և երևույթների և (կամ) տեխնածին ազդեցությունների առաջացման սցենարների մոդելավորում, ներառյալ՝ վտանգավոր բնական գործընթացների և երևույթների և (կամ) տեխնածին ազդեցությունների անբարենպաստ զուգակցման դեպքում,
4) վտանգավոր բնական գործընթացների և երևույթների և (կամ) տեխնածին ազդեցությունների առաջացման ռիսկի գնահատում:
4.2. ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ
11. ՀՏՊ-ը պետք է ներառեն՝
1) ՀՏՊ-ի մշակման անհրաժեշտության և պատճառների մասով մանրամասն հիմնավորումը՝ տվյալ ոլորում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթի կառուցվածքին համապատասխան շարադրանքով.
ա. եթե գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները օբյեկտի վրա չեն տարածվում, ապա կատարվում է հղումներ գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կիրառման ոլորտի վրա՝ նշելով դրանում ներառված օբյեկտների բնութագրական ցուցանիշները,
բ. եթե գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերը տարածվում են օբյեկտի վրա, սակայն չեն պարունակում օբյեկտի նախագծման համար անհրաժեշտ պահանջներ, ապա նշվում են բացակայող նորմատիվատեխնիկական պահանջները,
գ. եթե գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերից նախատեսվում են շեղումներ, ապա բերվում են գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի այն կետի հղումները, որոնց պահանջներից նախատեսվում են շեղումներ և ներկայացվում է նախատեսվող շեղումների բնույթի վերաբերյալ տեղեկատվություն։ Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կետերի վրա հղումները թույլատրվում է կատարել տեքստային տեղեկատվությունից հետո փակագծերում,
2) նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներից հարկադրված շեղումների ցանկը, այդ շեղումները կոմպենսացնող միջոցառումները։ Յուրաքանչյուր շեղմանը պետք է համապատասխանի իրեն կոմպենսացնող միջոցառումը (միջոցառումները): Կոմպենսացնող միջոցառումներում չեն ներառվում այն պահանջները, որոնք անկախ նախատեսված շեղումներից պետք է կատարվեն օբյեկտում։ Թույլատրվում է հարկադրված շեղումները ներկայացնել աղյուսկային տեսքով (սույն շինարարական նորմերի 1-ին աղյուսակ):
Աղյուսակ 1
|
N |
Նորմատիվատեխնիկական պահանջներից շեղման անվանումը |
Կոմպենսացնող միջոցառման անվանումը |
Նորմատիվատեխնիկական պահանջներից շեղման անհրաժեշտության հիմնավորումը |
|
1. |
(Նշվում է կետը, հակիրճ անվանումը, նորմատիվատեխնիկական փաստաթղթի համարը և տեքստային ձևակերպումը) |
(Նշվում է կոնկրետ միջոցառումը, կամ մի քանի միջոցառումներ, որոնք գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված չեն և տվյալ շեղման համար հանդիսանում է կոմպենսացնող) |
(Նշվում է նորմատիվատեխնիկական պահանջներից տվյալ շեղման անհրաժեշտության հիմնավորումը) |
|
2. |
|||
|
3. |
3) շինարարության համար հողհատկացման հիմքերը (հողամասի իրավահաստատող փաստաթղթերը),
4) օբյեկտի անվանման և տեղադիրքի վերաբերյալ տվյալները (օբյեկտի հասցեն, հողամասի կադաստրային ծածկագիրը), գծային օբյեկտի համար՝ տարածքի հատակագծման և սահմանագծման նախագծերը,
5) շահագրգիռ մարմինների, ՀՏՊ-ի պատվիրատու և մշակող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը,
6) օբյեկտի և իր կարևորագույն տարրերի նկարագրությունը՝ ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների վերաբերյալ մանրամասն շարադրանքով, որպես հավելված կցելով հողամասի կազմակերպման սխեման, ճարտարապետահատակագծային լուծումների գծագրերը, ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը և այլն,
7) ՀՏՊ-ի տեքստում հղում կատարված նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկը,
8) տերմիններն ու սահմանումները (նշվում են այն տերմիններն ու սահմանումները, որոնք սահմանված չեն գործող նորմատիվ իրավական ակտերով և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով):
12. ՀՏՊ-ի կազմում տեխնիկական պահանջները պետք է լինեն կոնկրետացված և հիմնավորված մեկ կամ մի քանի եղանակներով, ինչպես նաև պետք է ապահովեն դրանց վերահսկման հնարավորությունը:
13. Շինարարական նորմերի և ազգային ստանդարտների պահանջներից շեղումների առկայության դեպքում, ՀՏՊ-ի կազմում պետք է ներառվեն շեղումները կոմպենսացնող պահանջները:
14. Միջպետական և օտարերկրյա պետությունների ստանդարտները ու նորմերը (ամբողջությամբ կամ մասնակի) կարող են ներառվեն ՀՏՊ-ի կազմում։
15. ՀՏՊ-ում չեն ներառվում շինարարական նորմերում և ստանդարտներում պարունակող դրույթները, այդ թվում՝ դրանցում ներառված հաշվարկային բանաձևերը այլ կառուցվածքով:
16. ՀՏՊ-ում օգտագործվող անվանումները, նշանները, մեծությունների միավորների գրելաձևերը պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշմամբ, ՀՍՏ 1.5-2023 ստանդարտով և այլ ոլորտային փաստաթղթերով սահմանված պահանջներին։
17. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի մայիսի 7-ի N 35-Լ հրամանով ստեղծված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կողմից ընդունված որոշման համաձայն՝ ՀՏՊ-ը հաստատում կամ մերժում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝ սույն շինարարական նորմերի 5-րդ բաժնում սահմանված կարգով։
18. ՀՏՊ-ը օրինական ուժի մեջ են մտնում սույն շինարարական նորմերով սահմանված կարգով հաստատվելուց հետո։ Կոնկրետ օբյեկտի նախագծային փաստաթղթերը պետք է մշակվեն գործող համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և սահմանված կարգով հաստատված ՀՏՊ-ի պահանջներին համաձայն։
19. Օբյեկտի նախագծման, կառուցման և շահագործման ընթացքում ՀՏՊ-ում ներառված դրույթների և պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է սահմանված կարգով: Այն նախագծային փաստաթղթերը, որոնք մշակվել են ՀՏՊ-ի պահանջներին համապատասխան ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով քաղաքաշինական փորձաքննության են ներկայացվում դրանց ներառմամբ։ Նախագծային փաստաթղթերը քաղաքաշինական համալիր փորձաքննության ներկայացվում են դրանք ՀՏՊ-ին համապատասխանության վերաբերյալ ՀՏՊ-ը մշակած կազմակերպության կողմից տրված եզրակացության ներառմամբ։ Նշված եզրակցությունը պետք է հաստատվի Խորհրդի կողմից։
20. ՀՏՊ-ի պատվիրատուն կամ նրա լիազորված անձը պատասխանատու է.
1) ՀՏՊ-ի մշակման համար ներկայացված փաստաթղթերում ներառված տեղեկատվության հավաստիության համար,
2) ՀՏՊ-ում ներառված դրույթների և պահանջների պահպանման համար:
4.3. ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
21. ՀՏՊ-ի տիտղոսաթերթում (սույն շինարարական նորմերի 1-ին ձևաթուղթ) պետք է ներկայացվեն հետևյալ տվյալները.
1) վերևի մասում՝ մշակող կազմակերպության լրիվ անվանումը, նշելով իրավաբանական և փոստային հասցենրը և տարբերանշանը (առկայության դեպքում),
2) վերևի աջ մասում` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից ՀՏՊ-ի հաստատման կնիք-ստորագրությունը: Կնիք-ստորագրությունը ներառում է «ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ» բառերը (գրվում է մեծատառերով, առանց չակերտների), փաստաթուղթը հաստատող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը և հաստատման ամսաթիվը,
3) վերևի ձախ մասում պետք է լինի պատվիրատուի կողմից ՀՏՊ-ի համաձայնեցման կնիք-ստորագրությունը: Կնիք-ստորագրությունը ներառում է «ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է» բառերը (գրվում է մեծատառերով, առանց չակերտների), փաստաթուղթը համաձայնեցրած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը և համաձայնեցման ամսաթիվը,
4) սույն շինարարական նորմերի 23-րդ և 24-րդ կետերում սահմանված դեպքերում վերևի ձախ մասում պատվիրատուի կողմից ՀՏՊ-ի համաձայնեցման կնիք-ստորագրության տակ պետք է լինեն նաև շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների կողմից ՀՏՊ-ի համաձայնեցման կնիք-ստորագրությունը: Կնիք-ստորագրությունը ներառում է «ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է» բառերը (գրվում է մեծատառերով, առանց չակերտների), փաստաթուղթը համաձայնեցրած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը և համաձայնեցման ամսաթիվը,
5) մեջտեղում կենտրոնում տեղադրվում է ՀՏՊ-ի վերնագիրը՝ նշելով օբյեկտի անվանումը (նախագծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում սահմանված), օբյեկտի փոստային հասցեն, «ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ» բառերը (գրվում է մեծատառերով, առանց չակերտների),
6) մեջտեղում ՀՏՊ-ի վերնագրի տակ՝ ՀՏՊ-ը մշակող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կնիքը,
7) ներքևի մասում կենտրոնում՝ համայնքի անվանումը և ՀՏՊ-ի մշակման տարեթիվը:
Ձևաթուղթ 1
____________________________________________________________________________________
մշակող կազմակերպության լրիվ անվանումը, իրավաբանական և փոստային հասցեները, տարբերանշանը (առկայության դեպքում),
|
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է _______________________________ կազմակերպության անվանումը _______________________________ պաշտոնը __________ __________ անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը
“___” ___________20___թ. |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ _______________________________ ՀՀ քաղաքաշինության կոմիտե _______________________________ պաշտոնը ______________ __________ անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը
“___” ___________20___թ. |
ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
օբյեկտի անվանումը (նախագծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում սահմանված), փոստային հասցեն
Մշակված է
____________________________________________________________________________________
մշակող կազմակերպության անվանումը, պաշտոնը, ստորագրությունը, անվան սկզբնատառը, ազգանունը
_______ 20_
համայնքի անվանումը, մշակման տարեթիվը
4.4. ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏԵՔՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
22. ՀՏՊ-ի տեքստի ձևավորումը պետք է իրականացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 3-ի N 65-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 10-01-2014 շինարարական նորմերի և ՀՍՏ 1.5-2023 ստանդարտի պահանջներին համապատասխան:
5. ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Սույն շինարարական նորմերի 4-րդ բաժնի պահանջներին համապատասխան մշակված ՀՏՊ-ը, բացառությամբ՝ սույն շինարարական նորմերի 24-րդ կետում սահմանված դեպքերի, համաձայնեցվում են դրանց պատվիրատու կազմակերպությունների հետ։ Անհրաժեշտության դեպքում ՀՏՊ-ը համաձայնեցվում են նաև համապատասխան ոլորտային շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ։
24. Օբյեկտների հրդեհային անվտանգության ապահովման առանձնահատկությունը սահմանող ՀՏՊ-ը պետք է համաձայնեցվեն նաև ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ։
25. Սույն շինարարական նորմերի 23-րդ և 24-րդ կետում սահմանված դեպքում համապատասխան շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին) հետ ՀՏՊ-ի համաձայնեցման գործընթացն ապահովում է պատվիրատուն կամ նրա լիազորված անձը։
26. ՀՏՊ-ի հաստատման համար պատվիրատուն անձամբ կամ նրա լիազորված անձը Կոմիտե են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և նյութերը՝
1) ՀՏՊ-ի հաստատման վերաբերյալ դիմում՝ պատվիրատուի կամ նրա լիազորված անձի (եթե պատվիրատի փոխարեն հանդես է գալիս լիազորված անձը) և մշակող կազմակերպության մասին տեղեկատվության (անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարանիշը (ՀՎՀՀ), գրանցման և էլեկտրոնային փոստի հասցեները) նշումով,
2) եթե դիմումը ներկայացնում է լիազորված անձը, ներկայացվում է նաև նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթը,
3) ՀՏՊ-ը (երկու օրինակից), վավերացված մշակողի և պատվիրատուի ստորագրություններով։ Սույն շինարարական նորմերի 23-րդ և 24-րդ կետերում սահմանված դեպքերում ՀՏՊ-ը պետք է վավերացված լինեն նաև շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին) կողմից՝ համապատասխան ստորագրություններով,
4) ՀՏՊ-ի մշակման համար տեխնիկական առաջադրանքը (մեկ օրինակից), կամ դրա պատճենը՝ պատվիրատուի կողմից համապատասխան ձևով վավերացված,
5) նախկինում հաստատված ՀՏՊ-ում փոփոխությունների դեպքում՝ նախկինում հաստատված ՀՏՊ-ի պատճենը:
27. Սույն շինարարական նորմերի 26-րդ կետում սահմանված փաստաթղթերը և նյութերը պատվիրատուն կամ նրա լիազորված անձը Կոմիտե է ներկայացնում էլեկտրոնային կամ թղթային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով ներկայացման դեպքում նշված փաստաթղթերը և նյութերն ուղարկվում են Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։
28. Այն դեպքում, երբ սույն շինարարական նորմերի 26-րդ կետում սահմանված փաստաթղթերը ներառում են պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, դրանք Կոմիտե են ներկայացվում թղթային տարբերակով կամ էլեկտրոնային կրիչով՝ ապահովելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջները։
29. Սույն շինարարական նորմերի 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերի համաձայն Կոմիտե ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների և այլն) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում, դիմումը ընդունելուց հետո 3-օրյա ժամկետում, դրանք վերադարձվում են դիմողին առկա թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու նպատակով։
30. Փաստաթղթերի քննարկման և ՀՏՊ-ի հաստատման կամ մերժման մասին որոշման ընդունման ժամկետը կազմում է 35 աշխատանքային օր (հաշված դիմումը ընդունելու օրվանից)։
31. Փաստաթղթերը քննարկվում են Խորհրդի նիստում։ Դիմումը ընդունվելուց հետո առավելագույնը 30 աշխատանքային օրվա ընթացքում այդ նպատակով հրավիրվում է Խորհրդի նիստ։
32. Փաստաթղթերի քննարկման նպատակով կայանալիք Խորհրդի նիստին հրավիրվում են ՀՏՊ-ը մշակած և պատվիրատու կազմակերպությունների ներկայացուցիչները, իսկ սույն շինարարական նորմերի 23-րդ և 24-րդ կետերում սահմանված դեպքերում նաև համապատասխան ոլորտային շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչները։ Անհրաժեշտությունից ելնելով նիստին կարող են հրավիրվել նաև այլ շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։
33. ՀՏՊ-ի վերաբերյալ Կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի կողմից ընդունված որոշման համաձայն Կոմիտեն հաստատում կամ մերժում է այն։
34. ՀՏՊ-ի հաստատումը մերժվում է հետևյալ դեպքերում.
1) ՀՏՊ-ի մշակման համար հիմքերի բացակայությունը, այդ թվում՝ շինարարական նորմերում և ազգային ստանդարտներում օբյեկտի համապատասխան բնութագրերի առկայությունը, որոնց պարտադիր սկզբունքով կիրառումն ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակը,
2) օբյեկտի շինարարության ժամանակ անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովման համար ՀՏՊ-ում ներառված տեխնիկական պահանջների կիրառման հնարավորության և բավարար լինելու հիմնավորման բացակայությունը (անբավարարությունը)։
35. ՀՏՊ-ի հաստատման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում այն վավերացվում է Կոմիտեի նախագահի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից՝ էլեկտրոնային ստորագրությամբ, իսկ թղթային եղանակով ՀՏՊ-ի նեկայացման դեպքում այն վավերացվում է Կոմիտեի նախագահի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից՝ ստորագրությամբ և կնքվում է Կոմիտեի կնիքով։
36. Սույն շինարարական նորմերի 35-րդ կետի համաձայն հաստատված կամ հաստատումը մերժված (մերժման պատճառների հիմնավորմամբ և լրամշակման առաջարկություններով) ՀՏՊ-ը 3-օրյա ժամկետում տրամադրվում են դիմողին։ Հաստատումը մերժված ՀՏՊ-ը լրամշակվելուց հետո կրկին կարող են ներկայավել Կոմիտե հաստատման նպատակով։
37. Հաստատված ՀՏՊ-ի ցանկը հրապարակվում է Կոմիտեի պատոնական կայքէջում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: