ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25928/16
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 23.02.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 25928/16)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

22 հունվարի 2026թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],

Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1986 թվականին ծնված և Վանաձորում բնակվող Հայաստանի քաղաքացի պրն Հովհաննես Թադևոսյանի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել են Սպիտակում գործող իրավաբան պրն Ա. Հարությունյանը և հետագայում Վանաձորում գործող իրավաբան պրն Մ. Սիմոնյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի ապրիլի 28-ին Դատարան ներկայացված (թիվ 25928/16) գանգատը,

դիմումատուի բնակարանում ենթադրյալ կամայական և ապօրինի խուզարկություն իրականացնելու առնչությամբ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիման վրա ներկայացված բողոքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2025 թվականի դեկտեմբերի 11-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է դիմումատուի բնակարանում իրականացված խուզարկությանը։ Նա բողոք է ներկայացրել՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների։

2. 2015 թվականի մայիսի 3-ին քրեական վարույթ է հարուցվել՝ ոմն Դ.Ս.-ի ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հիմքով,

3. 2015 թվականի մայիսի 15-ին Դ.Ս.-ն հայտնել է, որ դիմումատուն ներկա է եղել ծեծկռտուքին, երբ ինքն ստացել է մարմնական վնասվածքներ։ Նա այնուհետև հայտնել է, որ թեև ինքն ու դիմումատուն մասնակցել են ծեծկռտուքին, սակայն նշված մարմնական վնասվածքները պատճառվել են մեկ այլ՝ իր համար անհայտ անձի կողմից:

4. 2015 թվականի մայիսի 8-ին քննիչը միջնորդել է դիմումատուի բնակարանը խուզարկելու թույլտվություն ստանալու համար այն հիմքով, որ այնտեղ կարող են գտնվել հանցագործության գործիքը և քննության համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

5. 2015 թվականի մայիսի 10-ին Լոռու մարզի դատարանը (Մարզային դատարան) թույլատրել է խուզարկությունը՝ հաստատելով քննիչի ներկայացրած պատճառների հիմնավորված լինելը։

6. 2015 թվականի մայիսի 13-ին դիմումատուի բնակարանում կատարվել է խուզարկություն, սակայն քննության համար նշանակություն ունեցող ոչինչ չի հայտնաբերվել։

7. 2015 թվականի հուլիս 15-ին քննիչը միջնորդել է դիմումատուի բնակարանը երկրորդ անգամ խուզարկելու թույլտվություն ստանալու համար։ Թույլտվություն ստանալու համապատասխան միջնորդությամբ նշվում էր, որ ոստիկանությունն ստացել է հավաստի օպերատիվ տեղեկություն, ըստ որի՝ հենց դիմումատուն է մարմնական վնասվածքներ պատճառել Դ.Ս.-ին, և որ նա հանցագործության գործիքը՝ դանակը, թաքցրել է իր բնակարանում:

8. Նույն օրը մարզային դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և կայացրել դիմումատուի բնակարանում երկրորդ անգամ խուզարկություն կատարելու մասին որոշում, որի համապատասխան մասում նշված էր հետևյալը.

«Սույն գործով [քննիչը] միջնորդություն է ներկայացրել խուզարկությունը [թույլատրելու] վերաբերյալ ... Հովհաննես Թադևոսյանի՝ իր կողմից քննվող քրեական գործով մեղադրյալի, բնակարանում։ [Միջնորդությունը ներկայացվել է ողջամիտ հիմքերով] ... ենթադրվում է, որ նա, հնարավոր է, թաքցնում է հանցագործության գործիքը՝ դանակը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ իրեր կամ առարկաներ իր բնակարանում և օժանդակ շինություններում։

Դատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է, քանի որ ներկայացված նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ [դիմումատուն] հնարավոր է, թաքցնում է հանցագործության գործիքը՝ դանակը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ իրեր կամ առարկաներ իր բնակարանում և օժանդակ շինություններում։»:

9. 2015 թվականի հուլիսի 18-ին երկրորդ անգամ է խուզարկություն կատարվել դիմումատուի բնակարանում։ Որևէ կասկածելի իր չի հայտնաբերվել։ Խուզարկության արձանագրության համաձայն՝ դիմումատուն վիճարկել է այն փաստը, որ խուզարկության որոշման մեջ վերջինիս անվանել են «մեղադրյալ», թեև իր դեմ որևէ քրեական մեղադրանք առաջադրված չի եղել:

10. Պարզվում է՝ 2015 թվականի հուլիսի 20-ին դիմումատուն դիմել է Մարզային դատարան՝ խուզարկություն կատարելու մասին որոշման օրինակն ստանալու խնդրանքով. վերջինիս դիմումը մերժվել է։

11. 2015 թվականի հուլիսի 29-ին դիմումատուն բողոքարկել է 2015 թվականի հուլիսի 15-ի՝ խուզարկություն կատարելու մասին որոշումը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը)՝ հիմնականում բողոքելով, որ բավարար հիմքեր չեն եղել երկրորդ անգամ իր բնակարանում խուզարկություն կատարելու թույլատվություն տրամադրելու համար։ Նա պնդել է, որ Մարզային դատարանը պատշաճ կերպով չի ուսումնասիրել գործով նյութերը և չի գնահատել քննիչի թույլտվության միջնորդության մեջ նշված պատճառները. մի փաստ, որն իր պնդմամբ ակնհայտ էր, քանի որ դատարանը վերջինիս անվանում էր «մեղադրյալ», չնայած այն հանգամանքին, որ նրան որևէ քրեական մեղադրանք առաջադրված չի եղել: Դիմումատուն նաև բողոքել է, որ խուզարկությունից հետո իրեն չի տրամադրվել խուզարկություն կատարելու որոշման օրինակը:

12. 2015 թվականի օգոստոսի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի բողոքը՝ հաստատելով ստորին ատյանի դատարանի փաստարկների պատճառաբանությունը: Դատարանը նաև գտել է, որ այն փաստը, որ խուզարկություն կատարելու որոշման օրինակը դիմումատուին չի տրամադրվել, չի խախտել վերջինիս դատավարական իրավունքները, քանի որ նրան ներկայացվել է խուզարկություն կատարելու որոշումը՝ մինչ այն սկսելը։

13. 2015 թվականի դեկտեմբերի 14-ին վճռաբեկ դատարանը դիմումատուի ներկայացրած վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

14. Դիմումատուն բողոքել է, որ իր բնակարանում կատարված խուզարկությամբ խախտվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված՝ բնակարանի նկատմամբ հարգանքի իր իրավունքը՝ պնդելով, որ դատական որոշման մեջ, որի հիման վրա կատարվել է խուզարկությունը, բացակայել են միջամտությունն արդարացնելու «համապատասխան և բավարար» պատճառները, և որ իրեն չեն տրամադրվել բավարար դատավարական երաշխիքներ:

15. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ, ինչպես նաև անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

16. Դիմումատուի բնակարանում խուզարկություն է կատարվել՝ քրեական վարույթի շրջանակներում կայացված դատարանի որոշման հիման վրա: Անվիճարկելի է, որ տվյալ միջոցը միջամտություն էր դիմումատուի՝ «բնակարանի» նկատմամբ հարգանքի իրավունքին։ Բացի այդ, կարելի է ընդունել, որ միջամտությունը եղել է «օրենքին համապատասխան» և հետապնդել է օրինական նպատակ՝ համաձայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի։ Պարզ չէ, սակայն, թե արդյոք միջամտությունը «անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում»։

17. Ընդհանուր սկզբունքները, որոնք վերաբերում են խուզարկություններին և դրանց արդյունքում միջամտությանը բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքին, ամփոփվել են Բաքն ընդդեմ Գերմանիայի [Buck v. Germany] գործում (թիվ 41604/98, § 45, ՄԻԵԴ 2005‑IV): Սկզբունքների ավելի թարմ ամփոփման համար տե՛ս Դրագան Պետրովիչն ընդդեմ Սերբիայի [Dragan Petrović v. Serbia] գործը (թիվ 75229/10, § 73, 2020 թվականի ապրիլի 14) և Տորտլաձեն ընդդեմ Վրաստանի [Tortladze v. Georgia] գործը (թիվ 42371/08, §§ 55-58, 2021 թվականի մարտի 18)։

Դատարանը վերահաստատում է, որ այն դեպքերում, երբ պետություններն անհրաժեշտ են համարում դիմել այնպիսի միջոցների, ինչպիսիք են բնակելի տարածքների խուզարկությունները՝ հանցագործությունների կատարման ապացույցներ ձեռք բերելու նպատակով, այն գնահատելու է, թե արդյոք համապատասխան են և բավարար այդպիսի միջոցների կիրառումն արդարացնելու համար բերված պատճառները, և արդյոք պահպանվել է համաչափության սկզբունքը: Չափորոշիչները, որոնք Դատարանը հաշվի է առել համաչափությունը որոշելիս, ներառել են որոշման տրամադրման եղանակն ու հանգամանքները, մասնավորապես՝ արդյոք խուզարկություն կատարելու որոշումը հիմնված է եղել հիմնավոր կասկածի վրա, ինչպես նաև որոշման բովանդակությունն ու կիրառման շրջանակը: Դատարանն ուսումնասիրելու է նաև ներպետական իրավունքի համաձայն չարաշահումների կամ կամայականությունների դեմ արդյունավետ երաշխիքների առկայությունը և ուսումնասիրելու է, թե ինչպես են այդ երաշխիքները գործել տվյալ գործի շրջանակներում (տե՛ս Իլյա Ստեֆանովն ընդդեմ Բուլղարիայի [Iliya Stefanov v. Bulgaria] թիվ 65755/01 գործը, § 38, 2008 թվականի մայիսի 22):

18. Դիմումատուի բնակարանում երկրորդ անգամ խուզարկություն կատարելու մասին որոշման (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը) ձևակերպումն ընդհանրական էր և ըստ էության վերարտադրում էր քննիչի՝ թույլտվություն ստանալու միջնորդության ձևակերպումը (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը): Ավելին, որոշման մեջ բացակայում էր որևէ հիմնավորում, թե ինչու էր հավանական, որ դիմումատուի բնակարանում, որտեղ արդեն փնտրել և չէին հայտնաբերել այդ նույն իրերը, կհայտնաբերվեին փնտրվող ապացույցները երկրորդ անգամ խուզարկություն կատարելիս (տե՛ս Սմիրնովն ընդդեմ Ռուսաստանի [Smirnov v. Russia], թիվ 71362/01 գործը, § 47, 2007 թվականի հունիսի 7, և Ավանեսյանն ընդդեմ Ռուսաստանի [Avanesyan v. Russia], թիվ 41152/06 գործը, § 44, 2014 թվականի սեպտեմբերի 18). Հետևաբար Դատարանը համոզված չէ, որ կատարվել է գործով հանգամանքների մանրակրկիտ գնահատում:

19. Խուզարկություն կատարելու վիճարկվող որոշման մեջ առկա չէր որևէ գնահատում՝ դիմումատուի բնակարանում երկրորդ անգամ խուզարկության անհրաժեշտությունը հիմնավորելու համար քննիչի կողմից որպես հիմք օգտագործվող «օպերատիվ տեղեկության» բավարար և (կամ) հուսալի լինելու առնչությամբ։

20. Այս համատեքստում, Դատարանը գտնում է, որ խուզարկություն կատարելու վիճարկվող որոշումը բավարար չափով հիմնավորված չէր դիմումատուի՝ իր բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքին միջամտությունը արդարացնելու համար:

21. Ինչ վերաբերում է խուզարկություն կատարելու որոշման կիրառման շրջանակին, ապա այն վերաբերում էր «հանցագործության գործիքին», սակայն անվերապահորեն առնչվում էր նաև «քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ իրերի և առարկաների»։ Հարկ է նշել, որ խուզարկություն կատարելու որոշումների անորոշությունն ու չափազանց ընդհանրական ձևակերպումները, որոնք դրանք իրականացնող մարմիններին թույլ են տալիս ունենալ չհիմնավորված հայեցողություն խուզարկության իրական շրջանակը որոշելիս, նախկինում Դատարանի կողմից քննադատվել են (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Բեգիևան ընդդեմ Ուկրաինայի [Bagiyeva v. Ukraine] գործը, թիվ 41085/05, § 52, 2016 թվականի ապրիլի 28)։

22. Դատարանը նաև նկատում է, որ դիմումատուն, ամենայն հավանականությամբ, հայտնվել է մի իրավիճակում, երբ ստիպված է եղել բողոքարկել՝ առանց խուզարկությունից հետո խուզարկություն կատարելու որոշումն ստանալու, մի իրավիճակ, որը խաթարել է խուզարկություն կատարելու որոշումն արդյունավետորեն բողոքարկելու՝ ներպետական իրավունքով երաշխավորված վերջինիս իրավունքը։

23. Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի կողմից վիճարկվող՝ խուզարկություն կատարելու որոշման հետագա դատական վերանայման իրականացման եղանակին՝ Դատարանը չի կարող չնշել, որ արդյունքում չեն շտկվել վերոնշյալ թերությունները, և չի կատարվել համաչափության վերլուծություն՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն:

24. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ ինչպես խուզարկություն կատարելու նախնական դատական թույլտվությունը, այնպես էլ հետագա դատական վերանայումը չեն ապահովել չարաշահման դեմ համապատասխան երաշխիքներ, քանի որ ներպետական դատարանները չեն իրականացրել հավասարակշռությունն ապահովող գործողություններ և չեն ուսումնասիրել, թե արդյոք միջամտությունը դիմումատուի իրավունքներին բխել է հրատապ սոցիալական կարիքից, և արդյոք այն համաչափ է եղել հետապնդվող օրինական նպատակին:

25. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։

 

II. ԱՅԼ ԲՈՂՈՔՆԵՐ

 

26. Դիմումատուն բողոքել է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, որ ներպետական դատարանները չեն իրականացրել իր՝ 8-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքի արդյունավետ քննություն։ Հաշվի առնելով սույն գործի փաստերը, կողմերի փաստարկները և կատարած վերոնշյալ եզրահանգումները՝ Դատարանը գտնում է, որ այն քննել է սույն գործով հիմնական իրավական հարցերը, և չկա մյուս բողոքը քննելու անհրաժեշտություն (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin CՉmpeanu v. Romania [GC]] գործը, թիվ 47848/08, § 156, ՄԻԵԴ 2014)։

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

27. Դիմումատուն պահանջել է 7 000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Նա որևէ պահանջ չի ներկայացրել ծախսերի և ծախքերի վերաբերյալ:

28. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջը։

29. Դատարանը դիմումատուին շնորհում է 4 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի մասով բողոքն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ կարիք չկա քննելու բողոքի ընդունելիությունը և ըստ էության քննությունը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածին համապատասխան.

4. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի 4 500 եվրո (չորս հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, ոչ նյութական վնասի դիմաց, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի հունվարի 22-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Մարտինա Կելլեր՝

Անդրեաս Զունդ՝

Քարտուղարի տեղակալ

Նախագահ