ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37712/13
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 23.02.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.01.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 37712/13)

 

Վ Ճ Ի Ռ (Վերանայում)

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

20 հունվարի 2026 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (2024 թվականի մարտի 26-ի վճռի վերանայման միջնորդություն),

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović]՝ Նախագահ,

Լորեն Շեմբրի Օրլանդ [Lorraine Schembri Orland],

Անա Մարիա Գեռռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,

և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

2025 թվականի դեկտեմբերի 16-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է 2013 թվականի հունիսի 3-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի քաղաքացի տկն Թամարա Պողոսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացված գանգատի (թիվ 37712/13) հիման վրա:

2. 2024 թվականի մարտի 26-ին կայացված վճռով Դատարանը ոորոշել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուին զրպարտելու վերաբերյալ վարույթի առնչությամբ։ Դատարանը նաև վճռել է վերջինիս շնորհել 1,200 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 986 եվրո՝ որպես դատական ծախսերի ու ծախքերի փոխհատուցում, ինչպես նաև մերժել է նրա արդար փոխհատուցման պահանջի մնացած մասը:

3. 2024 թվականի հուլիսի 2-ին Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է, որ վճռի կատարման ժամանակ իրենց հայտնի է դարձել, որ տկն Պողոսյանը մահացել է 2018 թվականի օգոստոսի 28-ին, այսինքն՝ 2017 թվականի հոկտեմբերի 24-ին վերջին անգամ փաստարկներով փոխանակվելուց հետո, նաև այն, որ վերջինս չի ունեցել ժառանգներ։ Ըստ այդմ, նրանք պահանջել են վերանայել վճիռը՝ Դատարանի կանոնակարգի 80-րդ կանոնի մասով, և խնդրել են դատարանին գործն անընդունելի հայտարարել անհատական գանգատի իրավունքի չարաշահման հիմքով կամ այն հանել քննվող գործերի ցուցակից։

4. 2024 թվականի սեպտեմբերի 3-ին Դատարանը քննել է վերանայման միջնորդությունը և որոշել դիմումատուի ներկայացուցչին տրամադրել վեց շաբաթ ժամանակ՝ դիտարկումներ ներկայացնելու համար: Որևէ պատասխան չի ստացվել։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Կառավարությունը պահանջել է վերանայել 2024 թվականի մարտի 26-ի վճիռը, որն այն չի կարողացել կատարել, քանի որ տիկին Պողոսյանը մահացել էր մինչ վճիռը կայացնելը:

6. Դիմումատուի ներկայացուցիչը որևէ դիտարկում չի ներկայացրել վերանայման միջնորդության վերաբերյալ:

7. Դատարանը գտնում է, որ 2024 թվականի մարտի 26-ի վճիռը պետք է վերանայվի Դատարանի Կանոնակարգի 80-րդ կանոնի 1-ին կետի համաձայն, որը նախատեսում է հետևյալը.

 

«Կողմը կարող է, նոր ի հայտ եկած փաստական հանգամանքի դեպքում, որն իր բնույթով կարող էր որոշիչ ազդեցություն ունենալ և վճիռը կայացնելիս հայտնի չի եղել Դատարանին և չէր կարող ողջամտորեն հայտնի լինել այդ կողմին, իրավասու է այդ փաստական հանգամանքն իրեն հայտնի դառնալու պահից վեց ամսվա ընթացքում դիմել Դատարանին այդ վճիռը վերանայելու միջնորդությամբ...»:

 

8. Սույն գործով Դատարանը չի տեղեկացվել դիմումատուի մահվան մասին, որը համարվում էր վճռի կայացման համար «որոշիչ ազդեցություն ունեցող» փաստ՝ 80-րդ կանոնի 1-ին կետի իմաստով: Չի կարելի նաև ողջամտորեն ենթադրել, որ այդ փաստը հայտնի է եղել Կառավարությանը՝ մինչ Դատարանի սկզբնական վճռի կատարումն սկսելը։ Նրանք վճռի վերանայման համար միջնորդություն են ներկայացրել 2024 թվականի հուլիսի 2-ին (տե՛ս վերևում՝ 3-րդ պարբերությունը), այսինքն՝ 80-րդ կանոնով սահմանված ժամկետում։ Հետևաբար Դատարանը բավարարում է 2024 թվականի մարտի 26-ի վճիռը վերանայելու մասին Կառավարության միջնորդությունը։

9. Դատարանը նաև հիշեցնում է, որ իր գործելակերպին համապատասխանում է գանգատները քննվող գործերի ցուցակից հանելն այն դեպքում, երբ չկա որևէ ժառանգ կամ մերձավոր ազգական, որը նախկինում ցանկություն հայտնած լիներ, որ շարունակվի գանգատի քննությունը (տես, ի թիվս այլ վճիռների, Երեմիասովան և Պեչովան ընդդեմ Չեխիայի Հանրապետության (վերանայում) [Eremiášová and Pechová v. the Czech Republic (revision)] գործը, թիվ 23944/04, § 10, 2013 թվականի հունիսի 20, և Վլադը և այլք ընդդեմ Ռումինիայի (վերանայում) [Vlad and Others v. Romania (revision)], թիվ 40756/06 և 2 այլ գործեր, § 9, 2024 թվականի 15): Ավելին, Դատարանը չի գտնում Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով սահմանված մարդու իրավունքները հարգելու հետ կապված որևէ հատուկ հանգամանք, որը վերջինիս կպարտավորեցներ շարունակել գանգատի քննությունը:

10. Հետևաբար գանգատը պետք է հանել Դատարանի կողմից քննության ենթակա գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Որոշում է վերանայել 2024 թվականի մարտի 26-ի՝ Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով իր վճիռը, և համապատասխանաբար

2. Որոշում է հանել թիվ 37712/13 գանգատը իր կողմից քննության ենթակա գործերի ցուցակից։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի հունվարի 20-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վալենտին Նիկոլեսկու՝

Ֆարիս Վեհաբովիչ՝

 

Բաժանմունքի քարտուղարի

տեղակալի պաշտոնակատար

 

Նախագահ