ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 19.02.26 N 186-Ն)
29 դեկտեմբերի 2015 թվականի N 1566-Ն
ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.02.26 N 186-Ն)
Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 28.3-րդ, 28.4-րդ, 28.5-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը:
2. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանել՝
1) 31600 դրամ, եթե ծնողը չի գտնվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում.
2) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսի չափով, եթե ծնողը գտնվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում:
3. Հաստատել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կարգով մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը (այսուհետ՝ խնամքի նպաստ) նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
1) դիմող՝ խնամքի նպաստը նշանակելու և վճարելու դիմում ներկայացրած անձ.
2) ծնող՝ մինչև երկու տարեկան երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը.
3) խնամքի արձակուրդ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ.
4) գյուղաբնակ ծնող՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող, խնամքի արձակուրդում գտնվող ծնող.
5) տարածքային կենտրոն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային կենտրոն.
6) երեխա՝ երկու տարին չլրացած երեխա, ում խնամքի կապակցությամբ ծնողը ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք.
7) անձը հաստատող փաստաթուղթ՝
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացիների) համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,
բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,
գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
8) բանկ՝ ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.
9) սոցիալական ապահովության հաշիվ` սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ծնողի անվամբ բացված հատուկ հաշիվ.
10) միանվագ դրամական վճարների հաշիվ` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ծնողի (սույն կարգով սահմանված դեպքում՝ լիազորված անձի) անվամբ բացված հատուկ հաշիվ.
11) խնամքի նպաստ ստացող անձ՝ անձ, ով ունի խնամքի նպաստ ստանալու իրավունք կամ նրան խնամքի նպաստը վճարվում է լիազորագրով:
3. Խնամքի նպաստը գյուղաբնակ ծնողին վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե վճարելու ամսվա 1-ի դրությամբ՝
1) առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, և
2) երեխան հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում գյուղական բնակավայրի հասցեով:
4. Բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերի, խնամքի նպաստը նշանակվում է առցանց դիմումի հիման վրա:
5. Խնամքի նպաստ նշանակելու համար ծնողը www. socservice.am կայքէջից մուտք է գործում առցանց դիմումը (տվյալները) ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է անհրաժեշտ և պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները։
6. Ծնողը ծրագրային միջավայր մուտք է գործում՝
1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ www. socservice.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է www. socservice.am կայքէջում գրանցվելիս).
2) նույնականացման քարտի կիրառմամբ.
3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։
7. Եթե ծնողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ հեռախոսահամարի միջոցով, ապա նրա նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։
8. Խնամքի նպաստն առցանց ներկայացված դիմումի հիման վրա նշանակելու համար ծրագրային միջավայրում մուտքագրվում են հետևյալ տվյալները՝
1) ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
2) երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
3) նշում է կատարում խնամքի նպաստ նշանակելու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու համաձայնություն տալու վերաբերյալ.
4) այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստի գումարը.
5) ծնողի հետ հետադարձ կապի տեղական բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, որը ներկայացրել է socservice.am կայքէջում գրանցվելու համար:
9. Ծրագրային միջավայրում մուտքագրվող դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում:
10. Համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա տեղեկատվության հետ, և անհամապատասխանություններ (սխալներ) չհայտնաբերվելու դեպքում խնամքի նպաստի համակարգում ձևավորվում է համապատասխան դիմում։
11. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա դիմում չի ձևավորվում, եթե ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի կամ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ) և այդ մասին առցանց (անմիջապես) ծանուցվում է դիմողին։
12. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա դիմում ձևավորվելու դեպքում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով ուղարկված հարցմամբ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՍԷԿՏ համակարգ) միջոցով ստուգվում է երեխայի՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվությունը և ինքնաշխատ եղանակով՝
1) նշանակվում է խնամքի նպաստ, եթե առկա չէ սույն կարգի 19-րդ կետում, բացառությամբ 19-րդ կետի 4-րդ ենթակետում, նշված հիմքերից որևէ մեկը.
2) մերժվում է խնամքի նպաստ նշանակելը, եթե առկա է սույն կարգի 19-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը:
13. Խնամքի նպաստ նշանակելու կամ խնամքի նպաստ նշանակելը մերժելու մասին համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մերժման դեպքում նշելով նաև մերժման հիմքը։
14. Խնամքի նպաստը նշանակելու համար դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր, եթե խնամքի նպաստը նշանակվում է՝
1) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնողին կամ նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին, ում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը կամ
2) ծնողին, ում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ
3) խնամակալին։
15. Սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները տարածքային կենտրոն (ծառայություն) ներկայացվում են դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով։ Այս դեպքում խնամքի նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը ծառայություն է ուղարկում իր պաշտոնական փոստից՝ դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով հաստատված գրությամբ կամ դրա՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գրությամբ ելքագրված վերընթերցված (սկանավորված) տարբերակը։
16. Սույն կարգի 14-րդ կետի համաձայն ներկայացված դիմումում նշվում են՝
1) դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
2) ծնողի (եթե դիմողը ծնողը չէ) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
3) ծնողի բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ծնողի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.
4) երեխայի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
5) բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը:
17. Սույն կարգի 14-րդ կետի համաձայն ներկայացված դիմումին կից ներկայացվում են՝
1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.
2) ծնողի կամ խնամակալի (եթե դիմողը ծնողը կամ խնամակալը չէ) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.
3) երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը կամ դրանց լուսապատճենները.
4) ըստ անհրաժեշտության՝ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր:
18. Սույն կարգի 14-րդ կետի համաձայն դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը որոշում է՝
1) նշանակել խնամքի նպաստը.
2) մերժել խնամքի նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել ծնողին:
19. Խնամքի նպաստ նշանակելը մերժվում է, եթե դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու օրվանից հետո կամ մինչև երեխայի 70 օրականը լրանալը կամ՝
1) ծնողը կամ երեխան ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների՝ դիմելու օրվա դրությամբ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով.
2) ծնողն օտարերկրյա քաղաքացի է և երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.
3) երեխան, համաձայն ՍԷԿՏ համակարգում առկա տեղեկատվության, դիմելու օրվա դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ օրենքի 28.4-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքի.
4) տարածքային կենտրոն ներկայացված դիմումին չեն կցվել անհրաժեշտ փաստաթղթերը.
5) նույն երեխայի խնամքի կապակցությամբ արդեն նշանակվել է խնամքի նպաստ երեխայի մյուս ծնողին, և խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ։
20. Սույն կարգի 14-րդ կետի համաձայն ներկայացված դիմումի հիման վրա խնամքի նպաստ նշանակելու կամ խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքում այդ մասին համակարգը հաղորդագրություն է ուղարկում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մերժման դեպքում նշելով նաև մերժման հիմքի մասին։ Սույն կետով սահմանված դեպքում, եթե նախորդ դիմումը մերժելու մասին որոշում ընդունելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կրկին ներկայացվում է նույն ծնողին խնամքի նպաստ նշանակելու դիմում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում մերժված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համարվում են նոր դիմումին կից ներկայացված փաստաթղթեր՝ բացառությամբ դիմողի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է անկախ որևէ հանգամանքից:
21. Մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում յուրաքանչյուր երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստ նշանակելու համար սույն կարգով սահմանված կարգով ներկայացվում է խնամքի նպաստը նշանակելու մեկ դիմում:
22. Եթե ծնողը, մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելը, հաջորդ երեխայի խնամքի կապակցությամբ ևս ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա հաջորդ երեխայի (երեխաների) համար ևս սույն կարգով սահմանված կարգով ներկայացնում է խնամքի նպաստը նշանակելու դիմում։
23. Երեխայի՝ սույն կարգի 50-րդ և 51-րդ կետերում նշված՝ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում գտնվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի ձեռք բերելու դեպքում ծնողը կորցնում է խնամքի նպաստի իրավունքը:
24. Ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը ճշտելու և դրա հիման վրա խնամքի նպաստի չափը փոխելու համար հիմք են ընդունվում ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալները, իսկ օրենքի 28.4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված չափով խնամքի նպաստի չափը փոխելու դեպքում՝ նաև բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները ծնողի և երեխայի՝ գյուղական բնակավայրում հաշվառված լինելու վերաբերյալ։
25. Եթե խնամքի նպաստը նշանակվել է ծնողին, ում վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու կամ աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում) վերաբերյալ տեղեկատվությունը գործատուն ինքնաշխատ եղանակով փոխանցում է (այդ թվում՝ ծնողի դիմումի հիման վրա ծառայության հարցմանն ի պատասխան) ծառայությանը՝ նշված հանգամանքներն առաջանալու (ծառայությունից հարցում ստանալու) օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
26. Խնամքի նպաստի չափը փոխվում է նաև սույն կարգով սահմանված կարգով ծրագրային միջավայր ներկայացրած առցանց դիմումի (տվյալների) հիման վրա, եթե դիմումով տեղեկացվել է, որ գործատուն ճշտել է (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ներկայացված գրանցման հայտի հիման վրա) խնամքի արձակուրդն ավարտվելու (այդ թվում՝ խնամքի արձակուրդը մինչև ժամկետը լրանալը ընդհատվելու) մասին տեղեկատվությունը (կամ չեղարկել է գրանցման հայտը)։
27. Սույն կարգի 26-րդ կետում նշված դեպքում ծրագրային միջավայր են մուտքագրվում հետևյալ տվյալները՝
1) ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
2) երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
3) ըստ անհրաժեշտության՝ ցանկից ընտրում է գործատու պետական մարմնի անվանումը, եթե ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:
28. Սույն կարգի 27-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու կամ աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում) վերաբերյալ տեղեկատվությունը ծառայությունն ինքնաշխատ եղանակով կատարված հարցման հիման վրա ստանում է գործատուից:
29. Սույն կարգի 26-րդ կետում նշված դեպքում խնամքի նպաստի՝
1) պակաս վճարված գումարները (վճարման ենթակա և վճարված գումարների տարբերությունը) վճարվում են դիմումը ներկայացվելու ամսվան նախորդող ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում ծնողն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա վճարման ցուցակով.
2) ավել վճարված գումարները (վճարման ենթակա և վճարված գումարների տարբերությունը) հետ են գանձվում օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով։
30. Սույն կարգի 29-րդ կետում նշված հանգամանքների մասին համակարգը ծանուցում է ծնողին՝ համապատասխան հաղորդագրություն ուղարկելով ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին:
31. Սույն կարգի 25-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում գործատուն ինքնաշխատ եղանակով ծառայությանն է փոխանցում՝
1) ծնողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
2) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ ծագել է արձակուրդի իրավունքը) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
3) խնամքի արձակուրդի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը).
4) խնամքի արձակուրդի ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը):
32. Ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տեղեկատվության հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով կամ ծնողի կամ այլ անձի ներկայացրած դիմումի և ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված կամ տարածքային կենտրոնում տրված՝ հայտարարության հիման վրա:
33. Եթե խնամքի նպաստը նշանակվել և վճարվում է երկու և ավելի երեխաների համար, ապա սույն կարգի 32-րդ կետի հիման վրա դադարեցվում է այն երեխայի խնամքի կապակցությամբ նշանակված խնամքի նպաստ ստանալու իրավունքը, որին վերաբերում է ստացված տեղեկատվությունը կամ դիմումը։
34. Օրենքով սահմանված դեպքերում երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հանգամանքը ճշտվում է ինքնաշխատ եղանակով՝ ՍԷԿՏ համակարգում առկա՝ երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա:
35. Խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով՝ ծնողի ընտրած (խնամքի նպաստ նշանակելու կամ վճարումը վերսկսելու դիմումում նշված) բանկի միջոցով:
36. Խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելը խնամքի նպաստի գումարը ծնողի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:
37. Մինչև 2026 թվականի մարտի 1-ը նշանակված խնամքի նպաստը կանխիկ եղանակով կարող է վճարվել մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը։ Այս դեպքում, եթե մինչև 2026 թվականի մարտի 5-ը ներառյալ ներկայացվում է (այդ թվում՝ առցանց եղանակով) խնամքի նպաստին առնչվող ցանկացած գրավոր դիմում, ապա այդ դիմումով ընտրվում է նաև վճարող բանկը և դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված բանկի միջոցով:
38. Եթե սույն կարգի 37-րդ կետում նշված դիմումը չի ներկայացվում մինչև 2026 թվականի մարտի 5-ը, ապա օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա խնամքի նպաստը 2026 թվականի ապրիլի 1-ից վճարվում է անկանխիկ եղանակով:
39. 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ խնամքի նպաստը կանխիկ եղանակով ստացող անձի համար խնամքի նպաստ վճարող բանկի ընտրությունն իրականացնում է ծառայությունը: Եթե անձն ունի սոցիալական ապահովության հաշվով վճարվող գումար, ապա ընտրվում է այդ գումարը վճարող բանկը, հակառակ դեպքում խնամքի նպաստ վճարող բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով անձի բնակության վայրում այդ ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակում ներառման ենթակա՝ խնամքի նպաստ ստացող անձանց թվի համամասնությունները՝ ըստ խնամքի նպաստ վճարող այն բանկերի, որոնք սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության կամ իր աշխատողների միջոցով իրականացնում են խնամքի նպաստ ստացող անձի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, քարտի ակտիվացման կամ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը ստորագրելու համար անհրաժեշտ գործողությունները։ Եթե 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ խնամքի նպաստը վճարվում է լիազորագրով, ապա սույն կետով սահմանված կարգով խնամքի նպաստ վճարող բանկն ընտրվում է խնամքի նպաստ ստացող անձի համար: Սույն կետով սահմանված կարգով ծառայության կողմից խնամքի նպաստը կանխիկ եղանակով ստացող անձի համար խնամքի նպաստ վճարող բանկն ընտրելուց հետո՝
1) մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը ներկայացված դիմումի հիման վրա խնամքի նպաստ վճարող բանկը չի փոխվում․
2) 2026 թվականի ապրիլի 1-ից հետո ներկայացված դիմումի հիման վրա խնամքի նպաստը վճարող բանկը փոխվում է սույն կարգով սահմանված կարգով։
40. Հետադարձ կապի տվյալների առկայության դեպքում սույն կարգի 39-րդ կետով սահմանված կարգով ընտրված բանկերին ծնողի տվյալները ծառայությունը տրամադրում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Ընտրված բանկի մասին ծնողին ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է, առկայության դեպքում, հետադարձ կապի միջոցներին՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին, հաղորդագրություն ուղարկելու միջոցով։
41. Եթե 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ խնամքի նպաստը կանխիկ եղանակով ստացող ծնողի խնամքի նպաստի վճարումը դադարեցված է, ապա 2026 թվականի ապրիլի 1-ից հետո խնամքի նպաստի վճարումը վերսկսելու համար ներկայացվող դիմումով ընտրվում է նաև խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարող բանկը:
42. Խնամքի նպաստը նաև վճարվում է ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային կենտրոն: Խնամքի նպաստը լիազորագրով ևս վճարվում է անկանխիկ եղանակով՝ ծնողի կողմից կամ սույն կարգի 39-րդ կետով սահմանված կարգով ընտրված բանկի միջոցով։ Լիազորված անձի տվյալները տեղեկատվական համակարգ մուտքագրելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով ծառայությունը տրամադրում է խնամքի նպաստը վճարող բանկին: Լիազորված անձի տվյալները բանկին տրամադրվելուց հետո լիազորված անձը կարող է շահառուի անունից կնքել բանկային հաշվի պայմանագիրը կամ բանկին ներկայացնել շահառուի անվամբ բացված սոցիալական ապահովության բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն։
43. Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում՝ սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը կամ խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ընթացքում օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը: Խնամքի նպաստը լիազորագրով վճարելու՝ սույն կետում նշված ժամկետների հաշվառումն ապահովում է ծառայությունը:
44. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով խնամքի նպաստ չի վճարվում:
45. Խնամքի նպաստի վճարումը վերսկսելու, վճարող բանկը փոխելու համար ներկայացվում է առցանց դիմում:
46. Խնամքի նպաստի վճարումը վերսկսելու դիմումի հիման վրա խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում ծնողին է վճարվում դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամբողջ ժամանակահատվածի այն ամիսների չվճարված խնամքի նպաստի գումարը, որոնց ընթացքում ծնողն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Ընդ որում, սույն կետում նշված դեպքում ծնողի խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է և չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է, եթե երեխան, համաձայն ՍԷԿՏ համակարգում առկա տեղեկատվության՝ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ օրենքի 28.4-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքի: Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:
47. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ժառանգության վկայագիր ներկայացնող անձին:
48. Ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք:
49. Բացառությամբ սույն կարգի 46-րդ կետում նշված դեպքի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում չվճարված խնամքի նպաստը վճարվում է ծնողի առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ բանկում ծնողի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով: Այս դեպքում ծնողի տված՝ խնամքի նպաստն այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագրի հիման վրա խնամքի նպաստը վճարվում է դիմումը և լիազորագիրը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում, իսկ չվճարված խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է լիազորված անձի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցվելու միջոցով:
50. Սույն կարգի 48-րդ կետում նշված դեպքում չվճարված խնամքի նպաստը վճարվում է դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամբողջ ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում ծնողն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք:
51. Սույն կարգի իմաստով շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություն կամ կազմակերպություններ են՝
1) Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
2) «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
3) «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
4) Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
5) «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
6) «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
7) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
8) ընտանեկանին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունը՝ «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը.
9) երեխաներին շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ հաստատություն կամ կազմակերպություն։
52. Սույն կարգի իմաստով շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություն կամ կազմակերպություն է համարվում նաև քրեակատարողական հիմնարկի մանկան տունը, իսկ դատապարտյալի՝ երեխայի հետ համատեղ բնակվելու դեպքում՝ քրեակատարողական հիմնարկը։