ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 841-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 841-Ա

«13» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Էմիլ Հարությունյանի 2026 թվականի հունվարի 19-ի թիվ Դ-4403-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:

2026 թվականի հունվարի 19-ի թիվ Դ-4403-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2026 թվականի փետրվարի 4-ին ժամը 11:00 հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Էմիլ Հարությունյանը:

Ուսումնասիրելով 2026 թվականի հունվարի 19-ի թիվ Դ-4403-26 դիմումը, նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, 2026 թվականի փետրվարի 4-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2026 թվականի հունվարի 19-ի թիվ 22 և 2026 թվականի փետրվարի 9-ի թիվ 60 գրությունները և գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր ապացույցներն ու փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Վարույթի լսումների ընթացքում Էմիլ Հարությունյանը պնդել է 2026 թվականի հունվարի 19-ի թիվ Դ-4403-26 դիմումով ներկայացված պահանջը և, հիմք ընդունելով դիմումին կից ներկայացված ապացույցները, խնդրել է փոխհատուցել 2025 թվականի դեկտեմբերի 21–ին Աճառյան փողոցով երթևեկելու ընթացքում իր վարած «Suzuki kizashi 2.4» մակնիշի «37 QC 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենան տրոլեյբուսի՝ կտրված և գետնին ընկած լարին բախվելու ու ավտոմեքենայի առանձին հատվածները վնասվելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 980.000 (ինը հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:

Վարույթի լսումների ընթացքում Էմիլ Հարությունյանը հայտնել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 21–ին «Suzuki kizashi 2.4» մակնիշի «37 QC 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ պատահարի պահին ավտոմեքենան վարել է ինքը, մինչդեռ նշված ավտոմեքենայի սեփականատերը հանդիսացել է Արմեն Նելսոնի Հարությունյանը, իսկ 2026 թվականի փետրվարի 3-ին նշված ավտոմեքենան օտարվել է:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 21-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 1063770 արձանագրությունը, որի համաձայն՝ նշված օրը Էմիլ Հարությունյանի վարած «Suzuki kizashi 2.4» մակնիշի «37 QC 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ինքնավթար, ինչի կապակցությամբ նաև կազմվել է պատահարի վայրի սխեմա:

2026 թվականի հունվարի 19-ի թիվ Դ-4403-26 դիմումի կապակցությամբ «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2026 թվականի հունվարի 19-ի թիվ 22 գրությամբ պարզաբանվել է, որ ստեղծված իրավիճակում, համապատասխան արձանագրությունների հիման վրա, պատահարի մեղավորին որոշելուց հետո, պատճառված վնասը վերականգնվում է մեղավոր կողմի ապահովագրական ընկերության կողմից, իսկ, համաձայն նույն դիմումում նշված փաստերի, ավտոմեքենան բախվել է արդեն իսկ պոկված լարին, որի դեպքում վնասն «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

«Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2026 թվականի փետրվարի 9-ի թիվ 60 գրությամբ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքում առկա տրոլեյբուսային հպակային ցանցը սնուցող բոլոր պղնձալարերը պատկանում են «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2026 թվականի հունվարի 19-ի թիվ Դ-4403-26 դիմումին կից, ինչպես նաև 2026 թվականի փետրվարի 4-ին հրավիրված լսումների ընթացքում Էմիլ Հարությունյանի կողմից չեն ներկայացվել պատահարը տեղի ունենալու պահի դրությամբ «Suzuki kizashi 2.4» մակնիշի «37 QC 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի պատկանելությունը հիմնավորող ապացույցներ, ենթադրյալ վնասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործմամբ պայմանավորված տեղի ունենալու և ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից փոխհատուցման ենթակա լինելու վերաբերյալ ապացույցներ, ինչպես նաև նույն ավտոմեքենայի վնասմանը հանգեցրած պատահարի հանգամանքներն ու պատճառները հետազոտող, տրանսպորտային միջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ գույքին պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը պատկանում է վնասված գույքի սեփականատիրոջը (սեփականատերերին), ով (ովքեր) պահանջը կարող է (են) ներկայացնել ինչպես անձամբ, այնպես էլ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա հանդես եկող ներկայացուցչի միջոցով:

Վարույթի լսումների ընթացքում պարզ է դարձել, որ պատահարը տեղի ունենալու, այն է՝ 2025 թվականի դեկտեմբերի 21–ի դրությամբ «Suzuki kizashi 2.4» մակնիշի «37 QC 088» ավտոմեքենայի սեփականատերը հանդիսացել է Արմեն Հարությունյանը, մինչդեռ 2026 թվականի հունվարի 19-ի թիվ Դ-4403-26 դիմումով վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է Էմիլ Հարությունյանի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` սույն օրենսգրքի 1076 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով: Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Դիմումով ներկայացված վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:

Քննարկվող պարագայում՝ 2026 թվականի հունվարի 19-ի թիվ Դ-4403-26 դիմումին կից ներկայացված, ինչպես նաև վարչարարության շրջանակներում բացահայտված փաստերի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտման արդյունքում չի հիմնավորվել, որ նույն դիմումում նկարագրված պատահարի արդյունքում Էմիլ Հարությունյանը 980.000 (ինը հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով վնաս է կրել, ինչպես նաև չի հիմնավորվել ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Հաշվի առնելով, որ 2026 թվականի հունվարի 19-ի թիվ Դ-4403-26 դիմումով վնասի հատուցման պահանջը ներկայացվել է վնասված գույքի սեփականատեր չհանդիսացող անձի կողմից, ինչպես նաև այն հանգամանքը, որ փոխհատուցման պահանջը ներկայացվել է պատահարում տեղ գտած առավել վտանգի աղբյուր հանդիսացող տրոլեյբուսի հոսանքի սնուցման՝ պոկված լարի սեփականատեր և օգտագործող չհանդիսացող Երևանի քաղաքապետարանին, որպիսի հանգամանքներն արդեն իսկ դիմումի մերժման հիմք են հանդիսանում, ուստի պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությանն ու վնասի չափին, պատահարը տեղի ունենալու և վարորդի կողմից պատահարը կանխելու անհնարինությանն առնչվող փաստական հանգամանքներն ապացուցված լինել-չլինելու հարցերն առանձին գնահատման առարկա չեն դարձվում:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1072-րդ հոդվածների և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածների դրույթներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Էմիլ Հարությունյանի 2026 թվականի հունվարի 19-ի թիվ Դ-4403-26 դիմումով ներկայացված պահանջը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան