ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 73
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.08.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2025 թվականի

թիվ 73

քաղ. Մոսկվա

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) թիվ 19 հավելված) 10-րդ կետի 1-ին և 3 րդ ենթակետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման բացակայության վերաբերյալ հարցը՝ անասնաբուժական պատրաստուկների և կերային հավելումների մեծածախ իրացման անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով (այսուհետ՝ գործ)։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 152 որոշմանը համապատասխան վերսկսված գործի նյութերի ուսումնասիրության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և սույն որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում՝ հավելվածի համաձայն ներկայացված՝ գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց

1. Ճանաչել Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և 5 րդ կետի խախտման բացակայությունը, որն արտահայտվել է վաճառքի տարածքի սահմանափակման մասին դրույթներ պարունակող՝ 2016 թվականի հուլիսի 25-ի և 2018 թվականի մայիսի 3-ի պայմանագրերի կնքմամբ (գործել են 2016 թվականի հուլիսի 25-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում), և անասնաբուժական պատրաստուկների ու կերային հավելումների մեծածախ իրացման շուկաներում այդ դրույթների իրացմամբ, որոնք կարող էին հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանը տարածքային սկզբունքով «Բելյոդոբրոմ» մասնավոր առևտրային ունիտար ձեռնարկության (Բելառուսի Հանրապետություն, Մինսկի մարզ, Սմոլևիչի շրջան, Օզերիցկ-Սլոբոդայի գ/խ, Սլոբոդա ագրոթաղամաս, Օրշանսկայա փող., 15 շ., ԳՀ 190252937, գրանցման ամսաթիվ՝ 28 հունիսի 2001 թ., ՎՀՀ 190252937) (այսուհետ՝ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ) և «Բելֆարմակոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Բելգորոդի մարզ, քաղ. Բելգորոդ, 5 Ավգուստա փող., 2 շ., Ա մասնաշենք, ՊԳՀՀ 1083123013489, գրանցման ամսաթիվը՝ 6 օգոստոսի 2008 թ., ՀՎՆՀ 3123184191) (այսուհետ՝ «Բելֆարմակոմ» ՍՊԸ), ինչպես նաև «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի պաշտոնատար անձ Վ.Բ. Կոզլովսկու (անձնական տվյալները չեն հրապարակվում) և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձանց՝ Ա.Վ. Վերզունի, Դ.Վ. Գրիգորևի, Ս.Ա. Կալուգինի, Պ.Ա. Պոդգոռնովի և Ա.Ն. Ռոդինի (անձնական տվյալները չեն հրապարակվում) կողմից և, Գործերի քննության կարգի 46-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա, դադարեցնել գործի քննությունը նշված անձանց նկատմամբ։

2. Ճանաչել Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և 5 րդ կետի խախտման բացակայությունը, որն արտահայտվել է վաճառքի տարածքի սահմանափակման մասին դրույթներ պարունակող՝ 2017 թվականի հունվարի 1-ի պայմանագրի կնքմամբ (գործել է 2017 թվականի հունվարի 1-ից 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում), և անասնաբուժական պատրաստուկների և կերային հավելումների մեծածախ իրացման շուկաներում այդ դրույթների իրացմամբ, որոնք կարող էին հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանը տարածքային սկզբունքով՝ «Զավոդ Վետերինարնիյե պրեպարատի» բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Վլադիմիրի մարզ, քաղ. Գուս-Խրուստալնի, Խիմզավոդսկայա փող., 2 շ., ՀՊԳՀ 1023300593216, գրանցման ամսաթիվ՝ 27 մայիսի 1993 թ., ՀՎՆՀ 3304001940) (այսուհետ՝ «ԶՎՊ» ԲԸ) և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի, ինչպես նաև «ԶՎՊ» ԲԸ-ի պաշտոնատար անձ Մ.Լ. Յախաևի (անձնական տվյալները չեն հրապարակվում) և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի պաշտոնատար անձ Վ.Բ. Կոզլովսկու (անձնական տվյալները չեն հրապարակվում) կողմից և, Գործերի քննության կարգի 46-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի հիման վրա, դադարեցնել գործի քննությունը նշված անձանց նկատմամբ։

3. Չեղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մայիսի 28-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության մասին» թիվ 61 որոշումը։

4. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Բ. Սուլթանով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի օգոստոսի 19-ի

թիվ 73 որոշման

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի օգոստոսի 19-ի թիվ 73 որոշման

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ուսումնասիրել է Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության նյութերը (2022 թվականի փետրվարի 28-ի մտից թիվ 3542)՝ «Բելֆարմակոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Բելգորոդի մարզ, քաղ. Բելգորոդ, 5 Ավգուստա փող., 2 շ., Ա մասնաշենք, ՀՊԳՀ 1083123013489, գրանցման ամսաթիվը՝ 6 օգոստոսի 2008 թվականի, ՀՎՆՀ 3123184191) (այսուհետ՝ «Բելֆարմակոմ» ՍՊԸ), «Անասնաբուժական պատրաստուկների գործարան» բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Վլադիմիրի մարզ, քաղ. Գուս-Խրուստալնի, Խիմզավոդսկայա փող., 2 շ., ՀՊԳՀ 1023300593216, գրանցման ամսաթիվը՝ 27 մայիսի 1993 թվականի, ՀՎՆՀ 3304001940) (այսուհետ՝ «ԶՎՊ» ԲԸ) և «Բելյոդոբրոմ» ունիտար ձեռնարկության (Բելառուսի Հանրապետություն, Մինսկի մարզ, Սմոլևիչի շրջան, Օզերիցկ-Սլոբոդայի գ/խ, Սլոբոդա ագրոթաղամաս, Օրշանսկայա փող., 15 շ., ԳՀ 190252937, գրանցման ամսաթիվը՝ 28 հունիսի 2001 թ․, ՎՀՀ 190252937) (այսուհետ՝ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ) կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29 ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի 3-6-րդ կետերի դրույթների հնարավոր խախտման առկայության վերաբերյալ (այսուհետ՝ նյութեր), անցկացվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրություն և քննվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործը:

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի քննարկման արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մայիսի 28-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության մասին» թիվ 61 որոշմամբ (այսուհետ՝ թիվ 61 որոշում) ճանաչվել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման առկայություն, որն արտահայտվել է վաճառքի տարածքի սահմանափակման մասին դրույթներ պարունակող պայմանագրերի կնքմամբ և անասնաբուժական պատրաստուկների ու կերային հավելումների մեծածախ իրացման շուկաներում այդ դրույթների իրացմամբ, որը կարող էր հանգեցնել «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի, «Բելյոդոբրոմ» ՈՒՁ ի, «ԶՎՊ» ԲԸ-ի և նրանց պաշտոնատար անձանց՝ Ա.Վ. Վերզունի, Դ.Վ. Գրիգորևի, Վ.Բ. Կոզլովսկու, Պ.Ա. Պոդգոռնովի, Ա.Ն. Ռոդինի և Մ.Լ. Յախաևի կողմից ապրանքային շուկայի բաժանմանը՝ տարածքային սկզբունքով։

«Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի կողմից թիվ 61 որոշումը վիճարկելու մասին գործով Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ (այսուհետ՝ Դատարանի որոշում) թիվ 61 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը ճանաչվել են Պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին չհամապատասխանող, և ձեռնարկատիրական ու այլ տնտեսական գործունեության ոլորտում «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի իրավունքներն ու օրինական շահերը խախտող։

Դատարանի որոշումը կատարելու համար ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը կատարելու մասին» թիվ 152 որոշումը, որի 2-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի կոլեգիան վերսկսել է Հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 77/որոշ. որոշմամբ հարուցված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունը (այսուհետ՝ գործ)։

2025 թվականի հունվարի 30-ի թիվ 2/որոշ. որոշմամբ գործի քննության հարցերով հանձնաժողովը՝ .

գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ս.Վ. Մաքսիմովի.

գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ի.Ա. Իվանտեյի,

գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝ Ա.Բ. Աբդիլդաևայի, Շ.Տ. Ժուսուպբեկովայի, Ա.Լ. Սեյտալիևի և Ս.Ս. Սումենկովի

կազմով վերսկսել է գործի քննությունը։

Գործի քննությանը մասնակցած անձինք՝

Միության անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներ (այսուհետ՝ անդամ պետություններ), որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը՝ Ա.Վ. Վոյնո, Յա.Ա. Պետրուշինա, Օ.Ա. Սավինովա, Ե.Օ.Գանինա, Վ.Վ. Լազարևա և Կ.Վ. Վոլոդչենկո,

պատասխանողներ՝ լիազորագրերով ներկայացուցիչներ՝ Օ.Ա. Միտինա, Վ.Ե. Պետուխովա, Կ.Յու. Կիսելյովա և Ի.Մ. Յախաև։

Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում, այդ թվում՝ նոր հանգամանքների, առարկությունների և ապացույցների ուսումնասիրության արդյունքում, որոնք հերքում են պատասխանողների կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված խախտման կատարումը, ինչպես նաև՝ գործի քննությանը մասնակցող անձանց և գործի քննության հանգամանքների մասին տեղեկությունների տիրապետող այլ անձանց լսելու արդյունքում, պարզվել է հետևյալը։

Գործի նյութերի ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) ուսումնասիրության կարգի (այսուհետ՝ Դիմումների ուսումնասիրության կարգ) 1312-րդ կետին, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան, անցկացրել է անասնաբուժական պատրաստուկների և կերային հավելումների մեծածախ իրացման շուկաներում մրցակցության վիճակի գնահատում։

Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության վիճակի գնահատման հիմնական արդյունքները շարադրված են այն մասով, որով չեն խախտվում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։

Մեթոդիկայի II բաժնին համապատասխան՝ ապրանքային շուկաների ուսումնասիրության ժամանակային միջակայքը սահմանվել է 2019 թվականից մինչև 2022 թվականի հունիսը։

Մեթոդիկայի III բաժնին համապատասխան՝ ապրանքային շուկաների ապրանքատեսակային սահմանները սահմանվել են որպես անասնաբուժական պատրաստուկների և կերային հավելումների մեծածախ իրացում (այսուհետ համապատասխանաբար՝ ապրանքային շուկա, ապրանք)։

Մեթոդիկայի IV բաժնին համապատասխան՝ պարզվել է, որ ապրանքային շուկաների աշխարհագրական սահմաններն ընդգրկում են Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները։

Հաշվի առնելով Մեթոդիկայի V և VI բաժինների դրույթները՝ պարզվել են ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտները (շուկայում գործող սուբյեկտները) և կատարվել է ապրանքային շուկայի ծավալի և ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) բաժինների հաշվարկ։ Տվյալ տեղեկատվությունը սույն փաստաթղթի մեջ չի ներկայացվում՝ դրա գաղտնի լինելու կապակցությամբ։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների (այսուհետ՝ Չափորոշիչներ) 2-րդ կետի հիման վրա պարզվել է, որ ապրանքը շրջանառվում է երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում, որով պայմանավորված՝ ապրանքային շուկան անդրսահմանային է։

Հաշվի առնելով Չափորոշիչների 4-րդ կետը՝ տնտեսավարող սուբյեկտների կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետերով սահմանված արգելքների խախտումներն իրականացնում է Հանձնաժողովը, քանի որ պատասխանողները՝ որպես իրավաբանական անձ, գրանցված են Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։

Անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի գնահատման անցկացման հետ կապված՝ Արձանագրությանը, Դիմումների ուսումնասիրության կարգի 1312-րդ կետին և Մեթոդիկային համապատասխան՝ նյութերի ուսումնասիրությունը կասեցվել է, ինչի մասին կայացվել է 2022 թվականի մարտի 14-ի թիվ 12/որոշ. համապատասխան որոշումը (ուսումնասիրությունը վերսկսվել է 2022 թվականի օգոստոսի 23-ի թիվ 44/որոշ. որոշմամբ)։

Արձանագրության 132-րդ կետով նախատեսված դեպքերի առկայության հետ կապված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ, և (կամ) նման խախտման հատկանիշների առաջացմանը նպաստած պատճառներն ու պայմանները վերացնելու, ինչպես նաև այդ գործողությունների (անգործության) հետևանքները վերացնելու միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ նախազգուշացում չի տրվել։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրություն անցկացնելու կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետին, Արձանագրության 10-րդ կետի 4-րդ ենթակետին և 12-րդ կետին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան նյութերի քննության արդյունքներով՝ Հանձնաժողովը կայացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրության (այսուհետ՝ ուսումնասիրություն) անցկացման մասին 2022 թվականի օգոստոսի 23-ի թիվ 43/որոշ․ որոշումը և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի, «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի նկատմամբ անցկացրել է համապատասխան ուսումնասիրությունը։

Անցկացված ուսումնասիրության արդյունքներով հարուցվել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման հատկանիշներով գործը։

2023 թվականի փետրվարի 27-ի թիվ 23/որոշ. և 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ 35/որոշ. որոշումներով՝ որպես գործով պատասխանող, ներգրավվել են պատասխանողների հետևյալ պաշտոնատար անձինք՝ Ա.Վ. Վերզուն, Դ.Վ. Գրիգորև, Ս.Ա. Կալուգին, Վ.Բ. Կոզլովսկի, Պ.Ա. Պոդգոռնով, Ա.Ն. Ռոդին և Մ.Լ. Յախաև։

Որոշում ընդունելու համար լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 20-ը, որի մասին կայացվել է 2023 թվականի մարտի 16-ի թիվ 31/որոշ. որոշումը։ Նույն որոշմամբ՝ որպես գործի հանգամանքների մասին տեղեկությունների տիրապետող անձ, ներգրավվել է «Մերկուրի Ունիվերսալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Բելառուսի Հանրապետություն, Մինսկի մարզ, Ձերժինսկի շրջան, քաղ. Ձերժինսկ, Ստադիոննայա փող., 11 շ., ԳՀ 190203921, գրանցման ամսաթիվը՝ 14 փետրվարի 2001 թ., ՎՀՀ 190203921) (այսուհետ՝ «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ)։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 23-րդ կետին համապատասխան՝ 2023 թվականի հունիսի 16-ին ավարտվել է գործի քննությունը, որի արդյունքներով՝ նշված Կարգի 44-րդ կետին համապատասխան, ընդունվել է թիվ 61 որոշումը։

Գործի նյութերի բովանդակությունը մատնանշում է «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի միջև ու «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի միջև երկու ինքնուրույն պայմանագրերի առկայությունը։

 

«Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի միջև պայմանագրում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշները

 

«Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի միջև 2016 թվականի հուլիսի 25-ին կնքվել է թիվ 61 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր-2016), որին համապատասխան՝ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի համար սահմանվել է ապրանքի վաճառքի տարածք (պայմանագիր-2016-ի 1.6-րդ կետ)։ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի կողմից «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի վրա պարտականություն է դրվում ձեռնպահ մնալ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի՝ չամրակցված վերջնական սպառողներին ապրանքը վաճառելուն ուղղված ցանկացած գործողությունից, ինչպես նաև բանակցություններ չվարել նրանց հետ, և չիրականացնել այլ գործողություններ, որոնք հանգեցրել են այդ վերջնական սպառողին ամրակցված այլ մատակարարից ապրանքի գնումից հրաժարվելուն (պայմանագիր-2016-ի 3.2.8-րդ կետ)։

Ըստ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի միջև կնքված 2018 թվականի մայիսի 3-ի ա/հ դիլերային պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր-2018)՝ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն պարտավորվում է իրացնել ապրանքը միայն իր ենթակայության տակ գտնվող տարածքում և իրավունք չունի առանց արտադրողի, այսինքն՝ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի գրավոր համաձայնության, բանակցություններ վարել և ապրանք իրացնել ենթակայության տակ գտնվող տարածքից դուրս, ապրանքն արտահանել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններ (բացի ենթակայության տակ գտնվող տարածքից) և հեռավոր արտասահմանյան երկրներ, ինչպես նաև ենթակայության տակ գտնվող տարածքից դուրս ստեղծել մասնաճյուղեր (պայմանագիր-2018-ի 3-րդ կետ)։

2023 թվականի հունվարի 1-ին «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ ի միջև կնքվել է թիվ 1/23 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր-2023), որում այլևս բացակայում են մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող դրույթները, միևնույն ժամանակ՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին դադարեցվել է պայմանագիր-2016-ի և պայմանագիր-2018-ի գործողությունը։

Այսպիսով, «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի կողմից համաձայնության կնքման մասով մրցակցության ընդհանուր կանոնների հնարավոր խախտման հատկանիշներ պարունակող՝ գնահատվող գործողության ժամանակահատված է սահմանվել պայմանագիր-2016-ի և պայմանագիր-2018-ի գործողության ժամանակահատվածը, այն է՝ 2016 թվականի հուլիսի 25-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

Պատասխանողների պարզաբանումները

 

«Բելֆարմակոմ» ՍՊԸ-ն պարզաբանումներում («Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի 2022 թվականի օգոստոսի 5-ի ելից թիվ 32 գրություն) հայտնել է, որ պայմանագիր-2018 ում գործածվող «ենթակայության տակ գտնվող տարածք» ձևակերպումը ենթադրում է այն տարածքը, որտեղ դիլերն իրացնում է արտադրանքը։ Այդ տարածքը Բելառուսի Հանրապետությունն է։

«Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի պարզաբանումներից («Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի 2022 թվականի օգոստոսի 3-ի ելից թիվ 623 գրություն) հետևում է, որ պայմանագիր-2018-ի համաձայն՝ «ենթակայության տակ գտնվող տարածք» ասելով կողմերը հասկանում էին Բելառուսի Հանրապետության տարածքը։ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն ապրանքն իրացնում է բացառապես Բելառուսի Հանրապետության տարածքում։ Ուստի այլ տարածքում ապրանքի իրացման վերաբերյալ որևէ բանակցություն նա չի վարել։

2016 թվականի հուլիսի 25-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գործադիր մարմինների լիազորություններն իրականացնող՝ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձինք էին Ա.Վ. Վերզունը (2009 թվականի փետրվարի 9-ից մինչև 2020 թվականի օգոստոս ամիսը կոմերցիոն տնօրենի գործառույթները կատարող), Դ.Վ. Գրիգորևը (2008 թվականի հուլիսի 29-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը գլխավոր տնօրենի գործառույթները կատարող), Պ.Ա. Պոդգոռնովը (2020 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ը գլխավոր տնօրենի գործառույթները կատարող), Ս.Ա. Կալուգինը (2021 թվականի հոկտեմբերի 20-ից և գործի քննության ավարտի օրվա դրությամբ՝ գլխավոր տնօրեն) և Ա.Ն. Ռոդինը (2021 թվականի հոկտեմբերի 6-ից և գործի քննության ավարտի օրվա դրությամբ՝ գործադիր տնօրեն)։

Գործով որպես պատասխանող ներգրավված Ա.Վ. Վերզունը և Դ.Վ. Գրիգորևն իրենց գործողություններում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում չեն ներկայացրել։

Պ.Ա. Պոդգոռնովը պարզաբանումներում (2023 թվականի մայիսի 18-ի մտից թիվ 9051 գրություն) հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ը եղել է «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը։ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի միջև կնքված պայմանագրերը եղել են գործող, այդ պայմանագրերով ապրանքներ են մատակարարվել։ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարելիս ինքն անդամ պետությունների օրենսդրության խախտում թույլ չի տվել, ուստի համարում է, որ գործով պատասխանատվություն չպետք է կրի։

Ս.Ա. Կալուգինի պարզաբանումների («Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի 2023 թվականի ապրիլի 6-ի մտից թիվ 6161 գրություն) համաձայն՝ ինքը, իմանալով այն մասին, որ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ն և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն պայմանագրերի որոշ կետեր պարունակում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ, ընդունել է որոշում տվյալ պայմանագրերը լուծելու և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին, որում վիճելի կետերը բացակայում են։ Ներկայումս «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ում՝ հիմնադիրների նախաձեռնությամբ, ղեկավարների միջև գոյություն ունի լիազորությունների սահմանազատում։ Գլխավոր տնօրենը զբաղվում է վարչական գործառույթների իրականացմամբ և ընդհանուր ղեկավարմամբ, «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն է ցանկացած կազմակերպությունում, հիմնարկում և կանոնադրության հիման վրա ստորագրում է ընկերության փաստաթղթերը։ Գործադիր տնօրենը ղեկավարում է կոմերցիոն ծառայության գործունեությունը և համապատասխան լիազորագրի հիման վրա ստորագրում է տվյալ գործունեության հետ կապված փաստաթղթերը։ Կոմերցիոն բնույթի պայմանագրեր կնքելու մասին որոշումը կայացնում է գործադիր տնօրենը, մնացյալ դեպքերում՝ գլխավոր տնօրենը («Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի 2023 թվականի ապրիլի 4-ի ելից թիվ 17 գրություն)։

Նույնանման պարզաբանումներ ներկայացրել է «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ա.Ն. Ռոդինը («Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի 2023 թվականի ապրիլի 25-ի մտից թիվ 7623 գրություն), որը, «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի կանոնադրական փաստաթղթերին համապատասխան, ապրանքի իրացման տարածքի սահմանափակման մասին դրույթներ պարունակող պայմանագրերի իրագործման համար պատասխանատու պաշտոնատար անձն էր։

Գործով պատասխանող հանդիսացող պաշտոնատար անձինք մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշները դադարեցնելու և (կամ) վերացնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը հաստատող փաստաթղթերը չեն ներկայացրել Հանձնաժողով, բացառությամբ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ա.Ն. Ռոդինի, որն այդ հատկանիշների վերացմանն ուղղված միջոցները ձեռնարկել է համապատասխան պաշտոնում իր նշանակումից մեկ տարուց ավելին լրանալուց հետո։

«Բելֆարմակոմ» ՍՊԸ-ն 2025 թվականի փետրվարի 10-ի թիվ ԲՖԿ/25/7 գրությամբ ներկայացրել է Հանձնաժողովի կողմից լրացուցիչ պահանջված տեղեկությունները, ինչպես նաև առարկություն՝ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և դրա պաշտոնատար անձանց՝ Ս.Ա. Կալուգինի, Պ.Ա. Պոդգոռնովի, Ա.Ն. Ռոդինի գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման առկայության հետ կապված փաստարկների վերաբերյալ, որն արտահայտվել է վաճառքների տարածքի սահմանափակման մասին դրույթներ պարունակող պայմանագրերի կնքմամբ։ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ն համարում է, որ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի միջև կնքված պայմանագրերը՝ ընդունելիության չափանիշների առկայության դեպքում, ինչպես նաև՝ հաշվի առնելով մրցակցության վերացման սահմանափակումների բացակայությունը և նման հնարավորություների առկայությունը, կարող են ընդունելի ճանաչվել։

«Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն 2025 թվականի փետրվարի 10-ի թիվ 84 գրությամբ ևս ներկայացրել է Հանձնաժողովի կողմից լրացուցիչ պահանջված տեղեկությունները և իր դիրքորոշումն առ այն, որ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և դրա պաշտոնատար անձի՝ Վ.Բ. Կոզլովսկու գործողություններում բացակայում է Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում, ինչն արտահայտվել է վաճառքների տարածքը սահմանափակող դրույթներ պարունակող պայմանագրերի կնքմամբ, որոնք կարող են հանգեցնել ապրանքային շուկայի տարածքային բաժանման։ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն համարում է, որ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի, «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի միջև կնքված պայմանագրերն իրենց բնույթով ուղղահայաց համաձայնություններ են և չեն պարունակում Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմանները, հետևաբար, չեն խախտում Պայմանագրի նորմերը։

 

«Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի միջև պայմանագրում պարունակվող՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշները

 

2017 թվականի հունվարի 1-ի թիվ 02-01/17-Բ պայմանագրին համապատասխան, որը կնքվել է «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի միջև (այսուհետ՝ պայմանագիր-2017), «ԶՎՊ» ԲԸ-ի կողմից արտադրվող անասնաբուժական պատրաստուկների և կերային հավելումների մեծածախ իրացումը սահմանափակված է Բելառուսի Հանրապետության տարածքով (պայմանագիր-2017-ի 2.3-րդ կետ)։

«Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն հայտնել է, որ «ԶՎՊ» ԲԸ-ի հետ կնքված պայմանագրին համապատասխան, որով, այդ թվում, նախատեսվում է վաճառքի տարածքային սահմանափակում, ձեռնարկությունն արտադրանքի իրացումն իրականացրել է բացառապես Բելառուսի Հանրապետության տարածքում։

2019 թվականի նոյեմբերի 26-ին «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն «Ռուժանի Ագրո» բաց բաժնետիրական ընկերությանն (Բելառուսի Հանրապետություն) ուղարկված գրությամբ հայտնել է, որ «ԶՎՊ» ԲԸ-ն պաշտոնական ներկայացուցիչն է Բելառուսի Հանրապետության տարածքում։

2020 թվականի մարտի 16-ին «ԶՎՊ» ԲԸ-ն գրություն-պահանջ է ուղարկել «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ի հասցեով, որում հայտնել է իր մտահոգությունը՝ «ԶՎՊ» ԲԸ-ի ապրանքանիշի ներքո Բելառուսի Հանրապետության շուկա «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ի կողմից ապրանքի մատակարարման հաճախակի դեպքերի առնչությամբ։ Բելառուսի Հանրապետության տարածքում «ԶՎՊ» ԲԸ-ի ներկայացուցիչը «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն է, և ապրանքի իրացման բոլոր իրավունքները պատկանում են նրան։

2020 թվականի մարտի 17-ին «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ի հասցեով նույնպես ուղարկել է ծանուցում, որում հայտնել է այն մասին, որ «ԶՎՊ» ԲԸ-ն պաշտոնական ներկայացուցիչն է Բելառուսի Հանրապետության տարածքում և Բելառուսի Հանրապետության տարածքում նրա ապրանքի իրացման գործունեությունն է իրականացնում։

2020 թվականի մայիսի 6-ին «Սկիդելսկի» Ագրոկոմբինատ»» բաց բաժնետիրական ընկերությունը (Բելառուսի Հանրապետություն, Գրոդնոյի մարզ, Գրոդնոյի շրջան, քաղ. Սկիդել, Պրոմիշլենայա փող., 1 շ․, ԳՀ 500030539, գրանցման ամսաթիվը՝ 26 փետրվարի 1997 թ., ՎՀՀ 500030539) «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ի հասցեով ուղարկել է գրություն, որում հայտնել է այն մասին, որ առաջարկվող ապրանքի առնչությամբ առաջարկը մերժվել է, քանի որ «ԶՎՊ» ԲԸ-ի պաշտոնական առևտրային ներկայացուցչությունը հաստատող փաստաթղթերը չեն ներկայացվել։

2020 թվականի մայիսի 8-ին «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությանն ուղղված գրության մեջ հայտնում է այն մասին, որ «ԶՎՊ» ԲԸ-ն պաշտոնական ներկայացուցիչն է Բելառուսի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այն մասին, որ լինելով ռուսական գործարանների դիլեր (մշտական ներկայացուցիչ), ինքը դիլերային զեղչ ունի, ինչն իրեն թույլ է տալիս գյուղատնտեսական կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելիս համագործակցության ավելի շահավետ պայմաններ առաջարկել նրանց։

«ԶՎՊ» ԲԸ-ի գրության (2022 թվականի հուլիսի 25-ի մտից թիվ 13891) համաձայն՝ Բելառուսի Հանրապետությունում իր միակ ներկայացուցիչը «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն է։

«ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի միջև 2018 թվականից 2022 թվականն ընկած ժամանակահատվածում (2018 թվականի հունվարի 1-ի թիվ 01-01/18-Բ, 2018 թվականի դեկտեմբերի 21-ի ա/հ, 2019 թվականի հունվարի 1-ի թիվ 01-01/19-Բ, 2019 թվականի դեկտեմբերի 27-ի ա/հ, 2020 թվականի հունվարի 1-ի թիվ 01-01/20 Բ, 2021 թվականի հունվարի 1-ի թիվ 01-01/21-Բ, 2022 թվականի հունվարի 1-ի թիվ 01 01/22-Բ) կնքված պայմանագրերի համաձայն՝ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն «ԶՎՊ» ԲԸ-ի պաշտոնական դիստրիբյուտորն է Բելառուսի Հանրապետության տարածքում։ Միևնույն ժամանակ՝ 2017 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում, «ԶՎՊ» ԲԸ-ն Բելառուսի Հանրապետության տարածքում ապրանքը վաճառել է բացառապես «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ին, որն այդ ապրանքը չի իրացրել նշված տարածքի սահմաններից դուրս։

«Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն գործի քննության շրջանակներում Հանձնաժողովին ուղղված գրությյամբ (2023 թվականի մարտի 9-ի ելից թիվ 173, 2023 թվականի մարտի 29-ի մտից թիվ 5564) տեղեկատվություն է ներկայացրել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից «ԶՎՊ» ԲԸ-ի հետ 2017 թվականի հունվարի 1-ի պայմանագիրը լուծելու մասին։

Այսպիսով, «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների հնարավոր խախտման ժամանակահատվածը սահմանվել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը։

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները վերացնելու համար ձեռնարկված միջոցների առնչությամբ «ԶՎՊ» ԲԸ-ն հայտնել է, որ տեղեկատվություն է ներկայացրել պայմանագիր-2017-ի գործողությունը 2020 թվականի հոկտեմբերի 1-ից դադարեցնելու մասին։

 

Պատասխանողների պարզաբանումները

 

«ԶՎՊ» ԲԸ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված պարզաբանումների համաձայն («ԶՎՊ» ԲԸ-ն 2023 թվականի մայիսի 22-ի ելից թիվ R5/15, 2023 թվականի մայիսի 23-ի մտից թիվ 9317 գրություն)՝ պայմանագրեր կնքելու մասին որոշում կայացնող պաշտոնատար անձը 2016 թվականից և գործի քննության ավարտի օրվա դրությամբ ընկած ժամանակահատվածում «ԶՎՊ» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Մ.Լ. Յախաևն է։

Մ.Լ. Յախաևը Հանձնաժողով է ներկայացրել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը հաստատող փաստաթղթերը։

«Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի գրության (2023 թվականի փետրվարի 16-ի մտից թիվ 2764) համաձայն՝ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն չի վիճարկում՝ «ԶՎՊ» ԲԸ-ի կողմից արտադրված ապրանքը Բելառուսի Հանրապետության տարածքում գրանցված տնտեսավարող սուբյեկտների համար Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռք բերելու տնտեսական նպատակահարմարության բացահայտման՝ Հանձնաժողովի պարզած փաստը։ Ձեռնարկությունը համարում է, որ ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանների որոշման չափանիշներից ելնելով բացահայտվել է, որ ապրանքային շուկան, որտեղ գործունեություն են իրականացնում «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն և «ԶՎՊ» ԲԸ-ն, անդրսահմանային է։ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն օբյեկտիվ հնարավորություն է ունեցել իրացնելու «ԶՎՊ» ԲԸ ի ապրանքը Բելառուսի Հանրապետության սահմաններից դուրս, բայց դրանում տնտեսական շահ չի եղել։ Բացի այդ՝ սահմանված սահմանափակումները խախտելու համար որևէ պատասխանատվություն նախատեսված չէ նշված պայմանագրերում։

2023 թվականի փետրվարի 16-ին «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն գրությամբ (2023 թվականի փետրվարի 10-ի ելից թիվ 105) հայտնել է, որ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ն, այդ թվում՝ «ԶՎՊ» ԲԸ-ի հետ պայմանագրեր կնքելու վերաբերյալ որոշումներ կայացնող պաշտոնատար անձը Վ.Բ. Կոզլովսկին է՝ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի սեփականատերը, որը դրա գործադիր մարմինն է և գործում է 2002 թվականի հունվարի 16-ի թիվ 01-OK հրամանի հիման վրա։ Տնօրենի լիազորությունները սահմանված են «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի կանոնադրության 5.2 կետով և պաշտոնական հրահանգով։

Վ.Բ. Կոզլովսկին հայտնել է, որ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն Բելառուսի Հանրապետության տարածքում զբաղվում է առևտրային գործունեությամբ և նպատակ չի դնում որևէ ապրանք իրացնել երկրի սահմաններից դուրս․ «Եթե մեզ դիմեն ոչ Բելառուսի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտները, ապա հայտնում ենք, որ նման գործունեություն չենք իրականացնում, և եթե նրանք հետաքրքրված են «ԶՎՊ» ԲԸ-ի կամ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի արտադրությամբ, ապրանքի գնմամբ, ապա պետք է իրենց դիմեն։»։

Վ.Բ. Կոզլովսկին Հանձնաժողով է ներկայացրել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը հաստատող փաստաթղթերը։

«ԶՎՊ» ԲԸ-ն 2025 թվականի փետրվարի 10-ի թիվ 23/15-29 գրությամբ ներկայացրել է Հանձնաժողովի կողմից լրացուցիչ պահանջված տեղեկությունները, ինչպես նաև առարկություն՝ «ԶՎՊ» ԲԸ-ի և դրա պաշտոնատար անձ՝ Մ.Լ. Յախաևի գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման առկայության հետ կապված փաստարկների վերաբերյալ, որն արտահայտվել է վաճառքների տարածքի սահմանափակման մասին դրույթներ պարունակող պայմանագրի կնքմամբ։ «ԶՎՊ» ԲԸ-ն համարում է, որ պայմանագիր-2017-ի մեջ նշված՝ վաճառքների տարածքի սահմանափակման արգելքը «ԶՎՊ» ԲԸ-ն հետ կոնտրագենտի համաձայնեցված գործողությունների արդյունք չէ և համարում է, որ պայմանագիր-2017 կնքելը չի նախատեսում մրցակցության խախտում անասնաբուժական պատրաստուկների և կերային հավելումների շուկաներում։

 

Գործի քննության հարցերով հանձնաժողովի եզրահանգումները

 

Գործի քննության հարցերով հանձնաժողովը լսել է գործի քննությանը մասնակցող անձանց, քննել և քննարկել է ստացված միջնորդությունները, որոնց համաձայն, կայացվել են համապատասխան որոշումները, ինչն արտացոլվել է Գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերի արձանագրություններում, հետազոտել է ապացույցները, լսել է գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքները և պարզաբանումները գործի քննությանը մասնակցող մյուս անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ մեկ ապրանքային շուկայում գործող, մրցակից հանդիսացող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) միջև արգելվում են այնպիսի համաձայնությունները, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել այդ թվում՝ ըստ տարածքային սկզբունքի ապրանքային շուկայի բաժանման։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև «ուղղահայաց» համաձայնությունները՝ բացառությամբ այնպիսի «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք ճանաչվում են թույլատրելի՝ Պայմանագրի թիվ 19 հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան, այն դեպքում, երբ՝

այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը.

այդպիսի համաձայնություններով նախատեսվում է գնորդի՝ այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) ապրանքը չվաճառելու պարտավորությունը, որը վաճառողի մրցակիցն է։ Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից ապրանքանիշի ներքո կամ վաճառողին կամ արտադրողին նույնականացնող այլ միջոցով ապրանքի վաճառքը կազմակերպելու մասին համաձայնությունների վրա։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) միջև այլ համաձայնություններ՝ բացառությամբ այնպիսի «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք ճանաչվում են թույլատրելի՝ Պայմանագրի թիվ 19 հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան, այն դեպքում, երբ պարզվել է, որ այդ համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը։

«Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի, ինչպես նաև «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի միջև պայմանագրերը դասվում են այլ համաձայնությունների շարքին, քանի որ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն, չհանդիսանալով մրցակից մեկ ապրանքային շուկայում, «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի հետ ձեռք է բերում ապրանք, իսկ «ԶՎՊ» ԲԸ-ն և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ն, լինելով արտադրող, մատակարարում են ապրանք, և նրանց գործողությունները կարող էին հանգեցնել Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված՝ ապրանքային շուկան ըստ տարածքային սկզբունքի բաժանման հետևանքների։

Գործի քննության հարցերով հանձնաժողովը պարզել է, որ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիր-2016-ը և պայմանագիր-2018-ը, ինչպես նաև «ԶՎՊ» ԲԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի միջև կնքված պայմանագիր-2017-ը պարունակում են արգելված այլ համաձայնությունների հատկանիշներ, որոնք կարող էին հանգեցնել ապրանքային շուկան ըստ տարածքային սկզբունքի բաժանման նշված հետևանքների, ինչը բացառում է պատասխանողների գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և 4-րդ կետի խախտման հատկանիշների առկայությունը։

Այլ համաձայնությունների որակումը, որոնց կնքման արգելքը սահմանված է Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով, իրականացվում է՝ հաշվի առնելով Արձանագրության 5-րդ և 6-րդ կետերով սահմանված՝ տնտեսավարող սուբյեկտների միջև համաձայնությունների թույլատրելիության չափանիշները։

Արձանագրության 5-րդ կետին համապատասխան՝ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի, ինչպես նաև «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի միջև այլ համաձայնություններ, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են ապրանքային շուկան ըստ տարածքային սկզբունքի բաժանման, կարող են թույլատրելի ճանաչվել, եթե դրանցով տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) նկատմամբ չեն սահմանվում այնպիսի սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ չեն այդ համաձայնությունների նպատակներն իրականացնելու համար և համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության վերացման հնարավորություն չեն ստեղծում, և եթե տնտեսավարող սուբյեկտները (շուկայում գործող սուբյեկտները) կապացուցեն, որ նման համաձայնությունների կիրառման արդյունքում իրականացվում է՝

ապրանքների արտադրության (իրացման) կատարելագործում կամ տեխնիկական (տնտեսական) առաջընթացի խթանում կամ անդամ պետություններում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացում համաշխարհային ապրանքային շուկայում.

համապատասխան անձանց կողմից՝ այդպիսի գործողությունների իրականացման արդյունքում ձեռք բերվող առավելությունների (օգուտների) համապատասխան մասի ստացում սպառողների կողմից։

Պատասխանողների միջև պայմանագրերի վերլուծությունը մատնանշում է, որ պայմանագրի առարկան ապրանքի իրացման գործունեության սահմանափակումն էր, այսինքն՝ վաճառքի տարածքի սահմանափակումը։ Միևնույն ժամանակ պատասխանողները չեն ներկայացրել ապացույցներ, ինչպես նաև Գործի քննության հարցերով հանձնաժողովը՝ ըստ նյութերի վերլուծության արդյունքների, չի պարզել, որ պատասխանողների կողմից կնքված պայմանագրերի նպատակը եղել է ապրանքների արտադրության (իրացման) կատարելագործումը կամ տեխնիկական (տնտեսական) առաջընթացի խթանումը կամ համաշխարհային ապրանքային շուկայում անդամ պետություններում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացումը։ Ինչպես նաև չի պարզվել այն, որ պատասխանողների համաձայնությունները սպառողներին թույլ են տվել ստանալ առավելությունների (օգուտների) համապատասխան մասն այդ համաձայնություններից։

Այսպիսով, Գործի քննության հարցերով հանձնաժողովը եզրահանգում է, որ պայմանավորված նրանով, որ պատասխանողների գործողություններում պարզվել են այլ համաձայնություններ կնքելու հատկանիշներ, որոնք կարող էին հանգեցնել շուկայի՝ ըստ տարածքային սկզբունքի բաժանման, պատասխանողների վրա դրվում են այդ համաձայնությունների նպատակներին հասնելու համար ոչ անհրաժեշտ սահմանափակումներ և առաջանում է հնարավորություն՝ համապատասխան ապրանքային շուկայում մրցակցությունը վերացնելու համար։ Պատասխանողները նաև չեն ներկայացրել ապացույցներ, որ նրանց՝ այլ համաձայնություններ կնքելու գործողությունների նպատակը Արձանագրության 5 րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի դրույթների իրացումն է։

Պատասխանողների գործողություններում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հատկանիշների բացակայության վերաբերյալ՝ նրանք բերում են հետևյալ փաստարկները՝

ապրանքային շուկան ըստ տարածքային սկզբունքի բաժանելու մասին պայմանագրերի փաստացի իրագործման բացակայություն.

գործի նյութերում բելառուսական գնորդներին նրանց արտադրանքը գնելու մերժումների ապացույցների, ինչպես նաև արտադրողին ուղղված համագործակցության խնդրանքով «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ի կամ Բելառուսի Հանրապետությունում գրանցված այլ կազմակերպությունների դիմումների բացակայություն։

Գործի քննության հարցերով հանձնաժողովը պատասխանողների նշված փաստարկները գնահատում է որպես չհիմնավորված և գործի փաստական հանգամանքների վրա չհիմնված՝ հետևյալ հիմքերով։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի դիսպոզիցիան նախատեսում է պատասխանատվություն ոչ միայն արգելված համաձայնությունների հետևանքների համար, այլև այնպիսի համաձայնություններ կնքելու համար, որոնք կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակման։

Գործի քննության ընթացքում պարզվել են այնպիսի հանգամանքներ, որոնք հաստատում են, որ պատասխանողները շուկան ըստ տարածքային սկզբունքի բաժանելու մասին համաձայնությանն են փաստացի հետևում։

Այսպես, գործում մասնակցությանը ներգրավվել է «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ն՝ որպես անձ, որը տիրապետում է գործի վերաբերյալ տեղեկություններին։ Գործով որոշման մեջ ներկայացված է ինչպես պատասխանողների, այնպես էլ շուկայում գործող մյուս սուբյեկտների հետ «Մերկուրի Ունիվերսալ» ՍՊԸ-ի նամակագրության բովանդակությունը, որից պարզ հետևում է դեպի Բելառուսի Հանրապետության շուկա մատակարարումների համար առաջացած խոչընդոտների մասին, հետևաբար՝ շուկայում ըստ տարածքային սկզբունքի մրցակցային սահմանափակումների առկայության մասին եզրակացությունը։

Պատասխանողների կողմից կնքված համաձայնության հետևանքը «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի կողմից արտադրված ապրանքի՝ Բելառուսի Հանրապետության տարածքում շրջանառության հնարավորությունն է՝ պայմանով, որ այն, բացի «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ից, հնարավոր չէ ձեռք բերել մեկ ուրիշից, և նշված ապրանքը Բելառուսի Հանրապետության տարածքից դուրս բերելու առնչությամբ «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի համար սահմանափակումների առկայությունն է։ Պատասխանողների կողմից ստեղծված իրավիճակում սպառողն ստիպված է համաձայնել իրեն առաջարկվող պայմաններին, դրանով իսկ կորցնելով ապրանքների մրցակցային ընտրության հնարավորությունը, որի հետևանքով պատասխանողների նշված գործողությունները կարող էին հանգեցնել Միության իրավունքով արգելված այլ համաձայնությունների կնքման և շուկան ըստ տարածքային սկզբունքի բաժանման։

Հաշվի առնելով Արձանագրության 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված թույլատրելիության չափանիշները՝ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի, ինչպես նաև «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի և «ԶՎՊ» ԲԸ-ի միջև այլ համաձայնություններ, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են ապրանքային շուկան ըստ տարածքային սկզբունքի բաժանման, թույլատրելի են, եթե նման համաձայնության մասնակից յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) բաժնեմասն ուղղահայաց համաձայնության առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը։

Հաշվի առնելով Մեթոդիկայի V և VI բաժինների դրույթները՝ պարզվել է, որ ըստ «ԶՎՊ» ԲԸ-ի և Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի միջև կնքված պայմանագիր-2017-ի՝ համաձայնության մասնակից յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) բաժնեմասն անասնաբուժական պատրաստուկների և կերային հավելումների շուկաներում 2019 թվականից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում չի գերազանցում 20 տոկոսը։ Ըստ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի և «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի միջև կնքված պայմանագիր-2016-ի և պայմանագիր-18-ի՝ համաձայնության մասնակից յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) բաժնեմասն անասնաբուժական պատրաստուկների և կերային հավելումների շուկաներում 2019 թվականից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում նույնպես չի գերազանցում 20 տոկոսը։ Ապրանքային շուկաներում բաժնեմասերի հաշվարկի արդյունքները սույն փաստաթղթում չեն ներկայացվում այն պատճառով, որ համապատասխան տեղեկատվությունը գաղտնի է։

Պատասխանողները, այն անդամ պետությունների պետական իշխանությունների մարմինները, որոնց իրավասության մեջ մտնում է մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումն ու այլ անձինք գրավոր ներկայացրել են դիրքորոշումները քննվող գործի շրջանակներում, որոնք կցվել են գործի նյութերին և հաշվի են առնվել։ Պատասխանողները մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստը չեն ճանաչել, որի մասին նրանք գրավոր ներկայացրել են դիրքորոշումները, որոնք կցվել են գործի նյութերին։ Միևնույն ժամանակ՝ պատասխանողները միջոցներ են ձեռնարկել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշները վերացնելու ուղղությամբ։

«Բելֆարմակոմ» ՍՊԸ-ն (Ա.Վ. Վերզուն, Դ.Վ. Գրիգորև, Պ.Ա. Պոդգոռնով և Ա.Ն. Ռոդին), «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ն (Վ.Բ. Կոզլովսկիյ) և «ԶՎՊ» ԲԸ-ն (Մ.Լ. Յախաև), պաշտոնատար անձինք, վաճառքների տարածքի սահմանափակման մասին դրույթներ պարունակող պայմանագրեր ստորագրելու միջոցով համաձայնություն կնքելիս տնտեսավարող սուբյեկտների ղեկավարներ էին (Ս.Ա. Կալուգինը 2021 թվականի հոկտեմբերի 20-ից՝ մինչ օրս) և (կամ) կատարել են կազմակերպչակարգադրական և վարչատնտեսական գործառույթներ։

Գործի քննության շրջանակներում «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի, «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի, «ԶՎՊ» ԲԸ-ի և դրանց պաշտոնատար անձանց համար ապահովվել է Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանցից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ապրանքային շուկայում զբաղեցնող բաժնեմասի (ապրանքի ծավալի) մասին տեղեկություններ, ինչպես նաև մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներին համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշումները։

Ս.Ա. Կալուգինը, Վ.Բ. Կոզլովսկին, Պ.Ա. Պոդգոռնովը, Ա.Ն. Ռոդինը և Մ.Լ. Յախաևը ներկայացրել են դիրքորուշումներ՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտում կատարելու մեջ մեղավորության առկայությանը համաձայն չլինելու վերաբերյալ։

Ընդ որում, Ա.Վ. Վերզունը և Դ.Վ. Գրիգորևը անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայությանը համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում չեն ներկայացրել։

Գնահատելով գործի վերաբերյալ ձեռք բերված նյութերի ամբողջությունը՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ գործով որպես պատասխանող՝ «Բելֆարմակոմ» ՍՊԸ-ի, «Բելյոդոբրոմ» ՈՒՁ-ի, «ԶՎՊ» ԲԸ-ի և դրանց պաշտոնատար անձանց գործողություններում արգելված այլ համաձայնությունների հատկանիշներ չեն պարզվել պատասխանողների՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների), ապրանքային շուկայում 20 տոկոսը գերազանցող բաժնեմասի բացակայության պատճառով, ինչը, Արձանագրության 6-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան, համաձայնության թույլատրելիության չափանիշ է, որով պայմանավորված, եզրահանգում է Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների բացակայության մասին որոշում ընդունելու անհրաժեշտության մասին։

Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2025 թվականի մարտի 10-ին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ Ս.Վ. Մաքսիմովը հայտարարել է գործի քննության ավարտի մասին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան