ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱՐԻՆԵ ՎԱՍԻԼՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9047/14
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 17.02.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.10.2025
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2025

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատ թիվ 9047/14

 

Նարինե ՎԱՍԻԼՅԱՆԸ և այլք

ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք) 2025 թվականի սեպտեմբերի 11-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],

Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի չորս քաղաքացիների (դիմումատուներ) կողմից, որոնց մասին համապատասխան տեղեկությունները ներառված են կից աղյուսակում, և որոնց ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Հայրապետյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 20-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 9047/14),

Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, «օրենքի հիման վրա ստեղծված տրիբունալի» նկատմամբ իրավունքի ենթադրյալ խախտման և գործադիր մարմնի կողմից վարույթին միջամտելու արդյունքում արդար դատաքննություն չիրականացնելու վերաբերյալ բողոքների մասին ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ենթադրաբար ոչ օրինական կազմի և գործադիրի կողմից քաղաքացիական վարույթներին ենթադրյալ միջամտության առնչությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներին։

2. Դիմումատուները բնակվել են Երևանի կենտրոնում գտնվող տանը։ Տ.-ն այդ տան համասեփականատերն էր։ Դիմումատուները Տ.-ի ընտանիքի անդամներն էին՝ նրա կինը (առաջին դիմումատուն), նրա երկու դուստրերը (երկրորդ և երրորդ դիմումատուները) և նրա եղբայրը (չորրորդ դիմումատուն), որոնք պնդում են, որ այնտեղ բնակվելու իրավունք ունեին։

3. 2006 թվականի մարտի 13-ին դիմումատուները և Տ.-ն վտարվել են տնից՝ Երևանի կենտրոնում կառուցապատման նախագծեր իրականացնելու նպատակով դրա օտարումից հետո։

4. 2009 թվականի մարտի 3-ին դիմումատուները հայց են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան (Վարչական շրջանի դատարան)՝ ընդդեմ պետության և Երևանի քաղաքապետի՝ պահանջելով 13 500 000 ՀՀ դրամի (մոտավորապես 29 000 եվրո) չափով փոխհատուցում՝ բնակարանն օգտագործելու իրենց իրավունքի դադարեցման համար՝ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսների հետ միասին։

5. 2013 թվականի փետրվարի 5-ին՝ վերաքննիչ վարույթի երկու փուլերից հետո, Վարչական շրջանի դատարանը մերժել է դիմումատուների պահանջները՝ համարելով, որ առաջին, երկրորդ և երրորդ դիմումատուների պահանջների վաղեմության ժամկետն անցել էր, իսկ չորրորդ դիմումատուի պահանջը մերժվել է այն հիմքով, որ նա չէր ապացուցել, որ ինքը համապատասխանում էր փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ չափորոշիչներին:

6. Դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել։

7. 2013 թվականի մարտի 29-ին վերաքննիչ բողոքն ընդունվել է քննության Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից։ Դատական կազմում ընդգրկվել են նախագահող դատավոր Մ.-ն, դատավոր Բ.-ն և դատավոր Ա.Թ.-ն։ Առաջին դատական նիստը նշանակվել է 2013 թվականի ապրիլի 23-ին։

8. 2013 թվականի ապրիլի 23-ին՝ նիստն սկսելուց առաջ, դատավոր Բ.-ին փոխարինել է Գ.-ն՝ միևնույն դատարանի մեկ այլ դատավոր։ Հետևաբար առաջին դատական նիստն սկսվել է նախագահող դատավոր Մ.-ի, դատավոր Գ.-ի և դատավոր Ա.Թ.-ի կազմով։

9. 2013 թվականի հունիսի 5-ին կայացած նիստում Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հաշտությամբ կարգավորման հնարավորության վերաբերյալ դատարանի կողմից հնչեցված հարցին ի պատասխան նշել է, որ պետությունը պատրաստ էր վճարել 6 000 000 ՀՀ դրամ փոխհատուցում, սակայն Գլխավոր դատախազությունը չէր հաստատել դիմումատուների կողմից պահանջվող գումարի մնացած մասը։ Նույն օրը չորրորդ դիմումատուն դատարան է ներկայացրել երկու գրություն։ Առաջինը՝ թվագրված 2013 թվականի հունվարի 31-ով, Ֆինանսների նախարարությունից էր՝ ուղղված Գլխավոր դատախազի տեղակալին, որով նրան տեղեկացնում էին դիմումատուների գործի ընթացքի մասին։ Երկրորդը՝ թվագրված 2012 թվականի հոկտեմբերի 12-ով, գրություն էր, որում Գլխավոր դատախազի տեղակալը մասամբ առարկել էր Նախարարության կողմից ներկայացված՝ հաշտությամբ կարգավորման առաջարկի նախագծին՝ վիճարկելով երկրորդ դիմումատուին փոխհատուցում տրամադրելու իրավական հիմքը։ Հետագայում դիմումատուները հրաժարվել են կարգավորումից և ամբողջությամբ պնդել են իրենց պահանջները։

10. 2013 թվականի հունիսի 20-ին Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուների վերաքննիչ բողոքը և ամբողջությամբ անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի վճիռը։

11. Դիմումատուները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կազմի առնչությամբ նրանք պնդել են, որ գործի նյութերում չի եղել Վերաքննիչ դատարանի նախագահի որոշում, որով գործը վերամակագրվել է դատավոր Գ.-ին, ինչպես նաև որևէ որոշում, որը հաստատում էր, որ դատավոր Գ.-ն ստանձնել է գործի քննությունը։ Նրանք նաև պնդել են, որ Գլխավոր դատախազությունը միջամտել է դատական վարույթին՝ չնայած կողմ չլինելու հանգամանքին։

12. 2013 թվականի օգոստոսի 14-ին Վճռաբեկ դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

13. Դիմումատուները Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բողոք են ներկայացրել այն մասին, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կազմը ձևավորված չի եղել օրենքին համապատասխան։ Նրանք մասնավորապես պնդել են, որ չի կայացվել որևէ որոշում, որով կնշվեր, որ դատավոր Գ.-ն ստանձնել է գործի քննությունը, ինչը, նրանց պնդմամբ, ընթացակարգային պահանջ էր։

14. «Օրենքի հիման վրա ստեղծված տրիբունալի» պահանջի վերաբերյալ համապատասխան ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Գուդմունդուր Անդրի Աստրադսոնն ընդդեմ Իսլանդիայի [ՄՊ] [Guðmundur Andri ástráðsson v. Iceland [GC]] գործում, թիվ 26374/18, §§ 211-216, 2020 թվականի դեկտեմբերի 1)։

15. Տվյալ ժամանակահատվածում դատավորներ Մ.-ն, Գ.-ն և Ա.Թ.-ն կազմել են Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ երեք դատավորներից բաղկացած կանոնավոր կազմերից մեկը։ Դատավոր Բ.-ն, որը 2013 թվականի մարտի 29-ին գործը քննության ընդունելու որոշում կայացրած կազմի անդամ էր (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը), այդ դատական կազմում ժամանակավորապես փոխարինում էր դատավոր Գ.-ին, քանի որ վերջինս 2013 թվականի մարտի 18-ից 29-ը գտնվում էր ամենամյա արձակուրդում։ Դա հաստատվել է 2008 թվականի հունվարի 7-ի և 2009 թվականի մարտի 17-ի երկու հրամաններով, որոնք կարգավորում էին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կազմը, և 2013 թվականի մարտի 13-ի հրամանով, որը հաստատում էր դատավոր Գ.-ի ամենամյա արձակուրդը՝ բոլորը կայացված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի կողմից։

16. 2013 թվականի ապրիլի 22-ին նախագահող դատավոր Մ.-ն խնդրել է, որ դատավոր Բ.-ն փոխարինվի դատավոր Գ.-ով դիմումատուների վերաքննիչ բողոքը քննող կազմում՝ հաշվի առնելով դատավոր Գ.-ի վերադարձն ամենամյա արձակուրդից։ Նույն օրը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնակատարը ստորագրել է դիմումատուների գործը վերամակագրելու մասին գրություն, որը, ըստ երևույթին, հաստատում էր պահանջվող փոխարինումը։ 2013 թվականի ապրիլի 23-ին՝ վերաքննիչ բողոքի առաջին նիստից առաջ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի երեք դատավորներից՝ նախագահող դատավոր Մ.-ից, դատավոր Գ.-ից և դատավոր Ա.Թ.-ից բաղկացած կազմը, պաշտոնապես որոշել է ստանձնել գործի քննությունը։ Կառավարությունը ներկայացրել է դատավոր Մ.-ի դիմումի, նախագահի պաշտոնակատարի կողմից ստորագրված վերամակագրման գրության և վերաձևավորված կազմի՝ գործի քննությունն ստանձնելու մասին 2013 թվականի ապրիլի 23-ի որոշման պատճենները։ Հետևաբար դիմումատուների պնդումը որոշման բացակայության վերաբերյալ, որը հաստատում էր, որ դատավոր Գ.-ն ստանձնել էր գործի քննությունը, անհիմն է։

17. Դատարանը նաև նշում է, որ տվյալ ժամանակահատվածում գործող Դատական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 49-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում էին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխել գործերը։ Չկա որևէ հիմք, որով կարելի է ենթադրել, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնակատարն այդ առումով չուներ այն նույն լիազորությունները, որոնք ուներ նախագահը։

18. Դատարանին ներկայացված իրենց դիտարկումներում դիմումատուները մի շարք նոր փաստարկներ են ներկայացրել դատավոր Բ.-ին դատավոր Գ.-ով փոխարինելու ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Սակայն այդ փաստարկները չեն բացահայտում «օրենքի հիման վրա ստեղծված տրիբունալի» պահանջի խախտում և ամեն դեպքում չեն ներկայացվել ներպետական դատարաններում և հետևաբար չեն կարող վավեր կերպով վկայակոչվել այս Դատարանում (տե՛ս «Ֆու Քուան» էս.ար.օ.-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության [ՄՊ] [Fu Quan, s.r.o. v. the Czech Republic [GC]], թիվ 24827/14, § 123, 2023 թվականի հունիսի 1):

19. Հետևաբար Դատարանը որևէ հիմք չի գտնում եզրակացնելու, որ դատարանի կազմը հակասում էր ներպետական իրավունքին կամ փաստաթղթավորված էր ոչ պատշաճորեն։ Հետևաբար Դատարանը համարում է, որ «օրենքի հիման վրա ստեղծված տրիբունալի» պահանջի ենթադրյալ խախտման վերաբերյալ դիմումատուների՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքն ակնհայտ անհիմն է։

20. Դիմումատուները նույն դրույթի համաձայն նաև բողոքել են այն մասին, որ անկախ տրիբունալի իրենց իրավունքը խախտվել է Գլխավոր դատախազության կողմից դատական վարույթին միջամտելու հետևանքով։ Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ Գլխավոր դատախազությունը ներգրավված է եղել միայն Ֆինանսների նախարարության հետ իր նամակագրության միջոցով՝ հաշտությամբ հնարավոր կարգավորման համատեքստում։ Դրա ներգրավվածությունը հիմնված էր Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ 189-Ն հրամանագրի 1-ին կետի «գ» ենթակետի վրա, որով տվյալ ժամանակահատվածում պետական մարմիններից պահանջվում էր Գլխավոր դատախազություն ներկայացնել հաշտության համաձայնության պայմանները՝ պետության գույքային շահերին առնչվող գործերով։ Դատարանը որևէ ցուցում չի գտնում այն մասին, որ Գլխավոր դատախազությունը որևէ անհիմն ազդեցություն է ունեցել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների վրա, որը, ավելին, մերժել էր դիմումատուների վերաքննիչ բողոքը Գլխավոր դատախազության արտահայտած դիրքորոշման հետ բացարձակապես կապ չունեցող հիմքերով (տե՛ս վերևում՝ 5-րդ և 9-10-րդ պարբերությունները): Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուների բողոքը՝ կապված տրիբունալի անկախության հետ, ակնհայտ անհիմն է։

21. Դրանից հետևում է, որ սույն գանգատը պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին և 4-րդ կետին համապատասխան։

 

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

 

Հայտարարում է գանգատն անընդունելի:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։

 

Մարտինա Կելլեր`

 

Անդրեաս Զունդ՝

Բաժանմունքի քարտուղարի տեղակալ

Նախագահ

 

Հավելված

 

Դիմումատուների ցանկը.

 

Թիվ

Դիմումատուի անունը

Ծննդյան ամսաթիվը (գրանցումը)

Բնակության վայրը

1.

Նարինե ՎԱՍԻԼՅԱՆ

01.06․1967թ.

Երևան

2.

Իրինա ՓԻԼՈՅԱՆ

25.06․1990թ.

Երևան

3.

Քրիստինա ՓԻԼՈՅԱՆ

30.09․1986թ.

Երևան

4.

Սուրեն ՓԻԼՈՅԱՆ

09.06.1968թ.

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան