ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45049/14
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 17.02.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.12.2025
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2025

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 45049/14)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

11 դեկտեմբերի 2025 թ.

 

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Դիանա Սարկու [Diana Sârcu],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

2025 թվականի նոյեմբերի 25-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ 2014 թվականի հունիսի 11-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ա. Գրիգորյանը։

3. Գանգատն ուղարկվել է Հայաստանի Կառավարություն (Կառավարություն)։

 

ՓԱՍՏԵՐԸ

4. Գանգատի առնչությամբ դիմումատուի վերաբերյալ մանրամասները և տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:

5. Դիմումատուն բողոք է ներկայացրել իր դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ոչ արդար դատաքննության, մասնավորապես՝ այն վկաներին դատարանում հարցաքննելու հնարավորության բացակայության մասով, որոնց ցուցմունքը դիմումատուի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու հարցում էական դեր է ունեցել։ Նա նաև այլ բողոքներ է ներկայացրել՝ Կոնվենցիայի դրույթների համաձայն։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. Կոնվենցիայի 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ «Դ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

6. Դիմումատուն բողոք է ներկայացրել հատկապես իր դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ոչ արդար դատաքննության վերաբերյալ, մասնավորապես՝ իր դեմ ցուցմունք տված վկաներին դատարանում հարցաքննելու հնարավորության բացակայության մասով։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի վրա։

7. Ընդհանուր սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այն դեպքերում, երբ մեղադրանքի կողմի վկան ներկա չի գտնվել դատաքննության ընթացքում, իսկ նրա կողմից նախկինում տրված ցուցմունքներն ընդունվել են որպես ապացույց, հստակ սահմանված են Դատարանի նախադեպային իրավունքում (տե՛ս Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]] գործը, թիվ 9154/10, §§ 100-31, ՄԻԵԴ 2015)։ Շաչաշվիլիի գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել խախտում, քանի որ իշխանությունները հնարավորություն չեն ընձեռել դիմումատուին վարույթի որևէ փուլում հարցաքննելու մեղադրանքի կողմի երկու առանցքային վկաներին (նույն տեղում, §§ 161-65)։

8. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին և ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը՝ Դատարանը չի հայտնաբերել այս բողոքների ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Նույնիսկ չքննարկելով այն հարցը, թե արդյոք եղել են հիմնավոր պատճառներ գործով առանցքային վկաների ներկա չգտնվելու մասով, Դատարանը գտնում է, որ այն փաստը, որ դիմումատուին հնարավորություն չի տրվել վկաներին խաչաձև հարցաքննելու, մեծ նշանակություն ունի վերջինիս նկատմամբ իրականացված քրեական վարույթի ընդհանուր արդարացիության գնահատման համար: Դատարանը նաև հաշվի է առնում, որ իր տրամադրության տակ գտնվող նյութերում չկա որևէ փաստ, որի համաձայն՝ ազգային դատական մարմինների կողմից ջանք է գործադրվել օգտագործելու որևէ հակակշռող միջոց՝ փոխհատուցելու համար այն դժվարությունները, որոնց բախվել է դիմումատուն վկաների չստուգված ցուցմունքները որպես ապացույց ընդունելու հետևանքով։

9. Հետևաբար սույն բողոքն ընդունելի է և բացահայտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում։

 

II. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ

10. Դիմումատուն բողոքել է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, որ ներպետական դատարաններն իր օգտին ներկայացված ապացույցը քննության չեն առել: Հաշվի առնելով սույն գործի փաստերը, կողմերի փաստարկները և կատարած վերոնշյալ եզրահանգումները՝ Դատարանը գտնում է, որ այն քննել է սույն գործով հիմնական իրավական հարցերը, և մնացած բողոքները քննելու անհրաժեշտություն չկա (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, § 156, ՄԻԵԴ 2014թ.)։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի [Avetisyan v. Armenia] գործը, թիվ 13479/11, §§ 73-74, 2016 թվականի նոյեմբերի 10), Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները և մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն ներկայացված բողոքն ընդունելի և գտնում է, որ մնացած բողոքներն առանձին քննելու անհրաժեշտություն չկա.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում, քանի որ դատարանում հնարավորություն չի ընձեռվել հարցաքննելու վկաներին, որոնց ցուցմունքն էական դեր է ունեցել դիմումատուի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու հարցում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի դեկտեմբերի 11-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վիկտորիա Մարադուդինա՝

 

Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

Անդրեաս Զունդ՝

 

Նախագահ

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ

 

(ոչ արդար դատաքննություն՝ վկաներին հարցաքննելու իրավունքի սահմանափակումների պատճառով)

 

Գանգատ թիվ

Ներկայացման ամսաթիվը

Դիմումատուի անունը

Ծննդյան տարեթիվը

Ներկա-յացուցչի անունը և գտնվելու վայրը

Ներպետական վերջնական որոշումը

Առաջադրված մեղադրանքները

Դատաքննությանը չներկայացած վկա (նշված են անվան առաջին տառերը)

Վկայի ցուցմունքի համառոտ շարադրանքը

Ներկա չգտնվելու պատ-ճառները

Վկաների չներկայանալու մասով ձեռնարկված փոխարինող միջոցները

Դիմումա-տուներից յուրա-քանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը

(եվրոյով)1

Յուրա-քանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի դիմաց շնորհվող գումարը

(եվրոյով)2

45049/14

11.06.2014թ.

Վահե ԽԱՉԱՏՐՅԱՆ

1979թ.

Գրիգորյան Արթուր

Երևան

Վճռաբեկ դատարան

11.12.2013թ.

Ծանրացնող հանգամանքներում կատարված սպանությանն օժանդակելը և դրդելը, ծանրացնող հանգամանքներում կատարված խուլիգանություն

Մ.Հ. և Մ.Վ.

Չներկայացած վկաները հանցագործության միակ ականատեսներն էին, որոնք պնդել են, որ դիմումատուն մասնակցել է հարձակմանը նույն գործով մեղադրվող մի քանի այլ անձանց հետ միասին: Հանցագործության մեջ դիմումատուի ներգրավվածությունն ապացուցող այլ ապացույցներ առկա չեն եղել, և դատարանները դիմումատուի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելիս բացառապես հիմնվել են նշված վկաների ցուցմունքների վրա։ Այնուամենայնիվ, դատարանները պատշաճ հիմնավորումներ չեն ներկայացրել բացակայող վկաների ցուցմունքները որպես ապացույց ընդունելու մասով, իսկ վերաքննիչ դատարանը նույնիսկ չի դիտարկել դիմումատուի՝ այդ առնչությամբ ներկայացրած փաստարկները: Դատարանները չեն ստուգել այդ ցուցմունքները՝ հաշվի առնելով հօգուտ դիմումատուի ներկայացված ապացույցները, այն է՝ նախկին գործատուի ցուցմունքը՝ հիմնված աշխատողների հաճախումների գրանցամատյանների տվյալների վրա, որի համաձայն՝ հանցագործության կատարման պահին վերջինս եղել է հերթապահության մեջ: Իշխանությունները նաև չեն ապահովել նշված գրանցամատյանները դատարանում քննության առնելը, ըստ երևույթին, ապացույցների սխալ տնօրինման պատճառով:

չի հաջողվել հայտնաբերել, հեռավոր շրջան/այլ երկիր

Դիմումատուի ձերբակալությունից կարճ ժամանակ անց, դիմումատուի և Մ.Հ.-ի միջև մինչդատական փուլում տեղի է ունեցել առերեսում, որի ընթացքում դիմումատուն որևէ հարց չի ուղղել վկային: Սակայն վարույթի նշված փուլում դիմումատուն չի ունեցել իրեն ներկայացնող իրավաբան, ուստի առերեսումը տեղի է ունեցել պաշտպանի բացակայության պայմաններում (համեմատե՛ք Մելնիկովն ընդդեմ Ռուսաստանի [Melnikov v. Russia], թիվ 23610/03, « « 78-79, 2010 թվականի հունվարի 14, և Կարպենկոն ընդդեմ Ռուսաստանի [Karpenko v. Russia], թիվ 5605/04, «« 68-69, 2012 թվականի մարտի 13): Հետևաբար այն ոչ համարժեք միջոց էր, որը, ինչպես նաև այն, որ դատարանները ոչ մի գնահատական չեն տվել տվյալ միջոցի համարժեքության առնչությամբ՝ որպես հակակշռող գործոն, ինչպես նաև չեն գնահատել վկաների բացակայության ազդեցությունը դատավարության ընդհանուր արդարացիության վրա, չէին կարող լինել փոխհատուցում՝ դիմումատուի կողմից իր գործի քննությունն իրականացնող դատավորի ներկայությամբ նշված վկային հարցաքննելու հնարավորություն չունենալու դիմաց։ Ավելին, վկա Մ.Վ.-ի հետ կապված հակակշռող որևէ գործոն առկա չի եղել։

2,400

1,500

___________________

1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: