ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՍԱՀԱԿՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 51756/16)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
18 դեկտեմբերի 2025թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Սահակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici]՝ Նախագահ,
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],
Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիների (դիմումատուներ) կողմից, որոնց մասին համապատասխան տեղեկությունները նշված են կից աղյուսակում, և որոնց ներկայացրել են Երևանում գործող իրավաբան պրն Ա. Ղազարյանը և տեսաբան-իրավաբան պրն Ա. Զեյնալյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի օգոստոսի 9-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 51756/16),
հօգուտ դիմումատուների կայացված վերջնական վճիռը բեկանելու վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու, որին ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2025 թվականի նոյեմբերի 27-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն գործը վերաբերում է իրավական որոշակիության սկզբունքի ենթադրյալ խախտմանը՝ հօգուտ դիմումատուների կայացված վերջնական վճիռը բեկանելու առնչությամբ։ Նրանք բողոք են ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն։
2. Գանգատը ներկայացնելու ժամանակ դիմումատուները եղել են «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության անդամներ, որի նպատակները, ի թիվս այլնի, ներառում են մարդու իրավունքների պաշտպանությունը, գենդերային հավասարության և բազմազանության խթանումը և խարանի ու խտրականության դեմ պայքարը։
3. 2014 թվականի մայիսի 16-ին «Ազատություն» ռադիոկայանը հրավիրել էր ֆեյսբուքյան առցանց ասուլիս, որի ընթացքում «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայաստանյան ժյուրիի անդամները հայտնել էին, որ այդ տարվա մրցույթում հաղթած Կոնչիտա Վյուրստին՝ հակառակ սեռի հագուստ կրող, համասեռամոլ տղամարդուն, տվել են ամենացածր միավորները նրա նկատմամբ ունեցած «ներքին զզվանքի» պատճառով՝ հավելելով, որ. «Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ՝ նման երևույթները»։ Ասուլիսի մասնակիցներից շատերը, այդ թվում՝ դիմումատուները, քննադատել են ժյուրիի անդամներին՝ մեկնաբանություններ թողնելով ֆեյսբուքյան ասուլիսի էջում (երրորդ դիմումատուն հրապարակել էր ասուլիսի ձայնագրությունը):
4. 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթի կայքում վերջինիս գլխավոր խմբագիր Հ.Գ.-ի կողմից գրվել և ստորագրվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված (տե՛ս Մինասյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Minasyan and Others v. Armenia], թիվ 59180/15, §§ 6-9, 2025 թվականի հունվարի 7, տվյալ հրապարակման մանրամասն նկարագրության համար)։ Հոդվածին հաջորդել է մի շարք ֆեյսբուքյան էջերի, այդ թվում՝ դիմումատուների էջերի հղումների ցանկը։
5. 2014 թվականի մայիսի 29-ին դիմումատուները պահանջել են, որ թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հ.Բ.-ն, որը նաև իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր էր, հերքի հոդվածում ներկայացված տեղեկությունները և ներողություն խնդրի իրենցից։ Որևէ արձագանք չի հաջորդել։
6. 2014 թվականի հունիսի 19-ին դիմումատուները Հ.Գ.-ի և Հ.Բ.-ի դեմ ներկայացրել են քաղաքացիական հայց (տե՛ս վերևում՝ 4-րդ և 5-րդ պարբերությունները)՝ պահանջելով, որ վերջիններս թերթում հրապարակեն հոդվածի հերքում և հրապարակային ներողություն։
7. 2014 թվականի հունիսի 25-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը (Վարչական շրջանի դատարան) կողմերին, այդ թվում՝ Հ.Բ.-ին, ծանուցել է վարույթի և նախնական նիստի ամսաթվի (2014 թվականի սեպտեմբերի 4) մասին։
8. 2014 թվականի նոյեմբերի 24-ին դիմումատուները ներկայացրել են լրացուցիչ հայց թերթի (հիշատակելով Հ.Բ.-ի անունը) և Հ.Գ.-ի դեմ՝ պահանջելով, որ թերթը հերքի հոդվածը և հրապարակի իրենց հայցի առնչությամբ ընդունված դատական որոշումը, իսկ Հ.Գ.-ն իրենց վիրավորելու համար հրապարակայնորեն ներողություն խնդրի և դիմումատուներից յուրաքանչյուրին վճարի 3 000 000 ՀՀ դրամ (նշված ժամանակահատվածում ՀՀ դրամով այդ գումարը համարժեք է եղել մոտավորապես 5 800 եվրոյի (եվրո)) զրպարտող հայտարարությունների հետևանքով պատճառված վնասի համար։
9. 2014 թվականի դեկտեմբերի 15-ին պատասխանողների ներկայացուցիչը (տե՛ս վերևում՝ 6-րդ և 8-րդ պարբերությունները) ի պատասխան ներկայացրել է գրավոր փաստարկներ՝ պնդելով, inter alia (ի թիվս այլնի), որ Հ.Բ.-ն ներգրավված չի եղել վարույթում որպես պատշաճ պատասխանող, քանի որ թերթի առցանց լրատվամիջոցը պատկանել է իրավաբանական անձ հանդիսացող «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին։ Հետևաբար Հ.Բ.-ն չէր կարող անձամբ պատասխանատվություն կրել կայքի բովանդակության համար։
10. 2014 թվականի դեկտեմբերի 17-ին դիմումատուները ներկայացրել են լրացուցիչ հայց թերթի («Իրավունք Մեդիա» ՍՊԸ) և Հ.Գ.-ի, որպես միևնույն գործով պատասխանողների դեմ, պահանջելով, որ թերթը հերքի հոդվածում պարունակվող զրպարտող հայտարարությունները, իսկ Հ.Գ.-ն հրապարակայնորեն ներողություն խնդրի և վճարի 3 000 000 ՀՀ դրամ (նշված ժամանակահատվածում այդ գումարը համարժեք է եղել մոտավորապես 5 550 եվրոյի (եվրո)՝ որպես նրա կողմից հնչեցված զրպարտանք և վիրավորանք պարունակող հայտարարությունների հետևանքով դիմումատուներից յուրաքանչյուրին պատճառված վնասի հատուցում և Հ.Գ.-ի կողմից ատելության և խտրականության հրահրման փաստի ընդունում։
11. 2015 թվականի մայիսի 14-ի վճռով (որտեղ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն և Հ.Գ.-ն հիշատակվել են որպես պատասխանողներ) Վարչական շրջանի դատարանը մասամբ բավարարել է դիմումատուների հայցը։ Այն կարգադրել է թերթին («Իրավունք Մեդիա» ՍՊԸ) հրապարկել հոդվածի հերքում, իսկ Հ.Գ.-ին կարգադրել է դիմումատուներից հրապարակայնորեն ներողություն խնդրել իր կողմից հնչեցված զրպարտանք և վիրավորանք պարունակող հայտարարությունների համար։ Բացի այդ, Վարչական շրջանի դատարանը Հ.Գ.-ին կարգադրել է դիմումատուներից յուրաքանչյուրին վճարել 250 000 ՀՀ դրամ ընդհանուր գումար (նշված ժամանակահատվածում այդ գումարը համարժեք է եղել մոտավորապես 460 եվրոյի)՝ որպես վնասի հատուցում։ Ո՛չ վճռի հիմնավորումը, ո՛չ դրա եզրափակիչ մասը չեն պարունակել որևէ դրույթ, որը վեճի համատեքստում կազդեր Հ.Բ.-ի որևէ իրավունքի կամ պարտավորության վրա:
12, Գ.-ն և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի տնօրենը, ինչպես նաև դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել։
13. 2015 թվականի հոկտեմբերի 8-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (Վերաքննիչ դատարան) ամբողջությամբ անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի վճիռը։
14. Դիմումատուները ներկայացրել են վճռաբեկ բողոք:
15. Հ.Գ.-ն և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն նույնպես ներկայացրել են վճռաբեկ բողոք: 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել նրանց բողոքը՝ նշված ընթացակարգային սխալներն ուղղելու համար նրանց տալով երեք օր ժամկետ։ 2016 թվականի հունվարի 13-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը նրանց կողմից կրկին ներկայացված բողոքը թողել է առանց քննության, քանի որ նրանք մեկ այլ ընթացակարգային սխալ էին թույլ տվել։
16. 2016 թվականի հունվարի 20-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուներին բողոքարկման իրավունք տալ։ Դատարանը վճռել է, որ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
17. Հ.Գ.-ն և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի տնօրենը ներկայացրել են երկու լրացուցիչ վճռաբեկ բողոք (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)։ 2016 թվականի մարտի 11-ի և ապրիլի 13-ի որոշումներով Վճռաբեկ դատարանն այդ բողոքները թողել է առանց քննության։
18. 2016 թվականի մարտի 30-ին Հ.Բ.-ն (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը) վերաքննիչ բողոք է ներկայացրել Վարչական շրջանի դատարանի 2015 թվականի մայիսի 14-ի վճռի դեմ (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը): Հ.Բ.-ն պահանջել է, որ դատարանը վերականգնի վճռի դեմ բողոք ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը՝ պնդելով, որ որպես վարույթի մասնակից իր դատավարական իրավունքները խախտվել են։ Չնայած այն հանգամանքին, որ նրան ծանուցել են նախնական նիստի ամսաթվի մասին, և նա հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ստացել է դիմումատուների հայցի պատճենը (տե՛ս վերևում՝ 7 րդ պարբերությունը), նրան երբեք չեն ծանուցել հետագա նիստերի մասին, և դատավարության ելքի մասին վերջինս տեղեկացել է հանրային առցանց դատական համակարգի շտեմարանից միայն 2016 թվականի մարտի 11-ին, երբ վճիռը (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը) արդեն վերջնական էր դարձել։ Հ.Բ.-ն, inter alia, անդրադարձել է դիմումատուների՝ 2014 թվականի նոյեմբերի 24-ի լրացուցիչ հայցին, որտեղ նա նշվել էր որպես պատասխանող (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը):
19. 2016 թվականի մայիսի 2-ին Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոք ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու Հ.Բ.-ի պահանջը և նրա վերաքննիչ բողոքն ընդունել է քննության՝ մասնավորապես հղում կատարելով Քաղաքացիական դատավարության նախորդ օրենսգրքի 77-րդ հոդվածին (որն ուժի մեջ է եղել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը)։ Ընդ որում, նա նշել է, որ Հ.Բ.-ն Վարչական շրջանի դատարանի վճռի դեմ բողոք ներկայացնելու ժամկետը բաց է թողել «իրենից անկախ պատճառներով», քանի որ նա ժամանակին չի ստացել վճռի պատճենը։
20. 2016 թվականի մայիսի 26-ին Վերաքննիչ դատարանը բեկանել է Վարչական շրջանի դատարանի վճիռը և գործը դիմումատուների հայցերի մասով ուղարկել է նոր քննության, և դրանք այդ վճռով բավարարվել են։
21. Դիմումատուները Վերաքննիչ դատարանի 2016 թվականի մայիսի 26-ի որոշման դեմ ներկայացրել են վճռաբեկ բողոք՝ պնդելով, որ դրանով խախտվել է res judicata (կրկին դատական վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը։
22. Ըստ դիմումատուների՝ 2016 թվականի հուլիսի 20-ին Վճռաբեկ դատարանը մերժել է իրենց բողոքի ընդունելիությունը։ Կառավարությունն այս առնչությամբ մեկնաբանություն չի ներկայացրել։
23. Գործը լրացուցիչ քննության ուղարկվելուց հետո վարույթը դեռևս շարունակվել է մինչև 2021 թվականի մայիս։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
24. Դիմումատուները բողոքել են, որ 2015 թվականի մայիսի 14-ի վերջնական վճռի բեկանմամբ խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքը։
25. Դատարանը նշում է, որ դիմումատուները չեն տրամադրել Վճռաբեկ դատարանի 2016 թվականի հուլիսի 20-ի որոշման պատճենը (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, Դատարանը կոչված չէ որոշելու, թե արդյոք դիմումատուները սպառել են իրենց հասանելի իրավական պաշտպանության ներպետական միջոցները, սույն գործում՝ ներկայացնելով վճռաբեկ բողոք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարությունը դրանք չսպառելու մասին պնդում չի ներկայացրել (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով)), Դոբրևն ընդդեմ Բուլղարիայի [Dobrev v. Bulgaria], թիվ 55389/00, §§ 112-13, 2006 թվականի օգոստոսի 10, Սոլովյովն ընդդեմ Ռուսաստանի [Solovyev v. Russia], թիվ 2708/02, § 124, 2007 թվականի մայիսի 24, և Իսկանդարովն ընդդեմ Ռուսաստանի [Iskandarov v. Russia], թիվ 17185/05, § 121, 2010 թվականի սեպտեմբերի 23)։
26. Հետևաբար, այս բողոքը պետք է հայտարարվի ընդունելի, քանի որ այն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ, ինչպես նաև որևէ այլ հիմքով անընդունելի չէ։
27. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ արդարացի լսումների իրավունքը, որը մեկնաբանվում է օրենքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների լույսի ներքո, ներառում է պահանջ առ այն, որ այն դեպքում, երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացրել են վերջնական որոշում, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Brumărescu v. Romania [GC]], թիվ 28342/95, § 61, ՄԻԵԴ 1999-VII): Այդ սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է դառնում էական և պարտադիր բնույթ ունեցող հանգամանքներով պայմանավորված, ինչպիսիք են կարևոր թերությունների ուղղումը կամ արդարադատության սխալ իրականացումը (տե՛ս Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի [Karen Poghosyan v. Armenia], թիվ 62356/09, § 44, 2016 թվականի մարտի 31, և Թըյրաքն ընդդեմ Թուրքիայի [Tığrak v. Turkey], թիվ 70306/10, § 48, 2021 թվականի հուլիսի 6՝ համապատասխան նախադեպային իրավունքի սկզբունքների համառոտ շարադրանքի համար): Այն դեպքերում, երբ հարց է բարձրացվում իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ, Դատարանն ընդգծել է, որ res judicata սկզբունքի պահպանումը պարտադիր է, քանի որ պաշտպանելով վճիռների վերջնական լինելու սկզբունքը և դատավարության կողմերի իրավունքները՝ այն ծառայում է դատական համակարգի կայունության ապահովմանը և նպաստում է դատարանների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը (տե՛ս Գուդմունդուր Անդրի Աստրադսոնն ընդդեմ Իսլանդիայի [ՄՊ] [Guðmundur Andri Ástrոðsson v. Iceland [GC]], թիվ 26374/18, § 238, 2020 թվականի դեկտեմբերի 1)։
28. Հ.Բ.-ի ուշ ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս Վերաքննիչ դատարանը հիմնվել է տվյալ ժամանակահատվածում գործող՝ Քաղաքացիական դատավարության նախորդ օրենսգրքի 77-րդ հոդվածի վրա, որով դատարանին թույլատրվել է կողմի պահանջի հիման վրա վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը, եթե այն համարում է, որ համապատասխան ժամկետը բաց թողնելու պատճառները հիմնավոր են։ Այն որոշել է Հ.Բ.-ի՝ սահմանված ժամկետից ուշ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել քննության, ինչն ի վերջո հանգեցրել է հօգուտ դիմումատուների կայացված վերջնական վճռի բեկանման և գործի նոր քննության, ինչի հետևանքով տվյալ քաղաքացիական վարույթները 2021 թվականի մայիսի դրությամբ դեռևս ընթացքի մեջ էին (տե՛ս վերևում՝ 19-րդ, 20-րդ և 23-րդ պարբերությունները)։ Այդպիսով, Վերաքննիչ դատարանն ընդունել է Հ.Բ.-ի այն պնդումը, ըստ որի նա տվյալ վարույթի կողմ է, սակայն չի կարողացել սահմանված ժամկետում ներկայացնել վերաքննիչ բողոք, քանի որ վարույթի ելքի մասին տեղեկացել է միայն վերջնական դատական որոշման կայացումից հետո (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը)։
29. Թեև սովորական բողոքարկման ժամկետի վերականգնումը կամ երկարաձգումը հիմնականում վերապահված է ներպետական դատարանների հայեցողությանը, այս հայեցողությունն անսահմանափակ չէ: Դատարաններից պահանջվում է յուրաքանչյուր դեպքում նշել իրենց կողմից կայացված որոշման հիմքերը, ինչպես նաև ստուգել՝ արդյո՞ք բողոքարկման ժամկետի վերականգնման հիմքերը կարող են արդարացնել res judicata սկզբունքին միջամտելը, հատկապես, երբ ներպետական օրենսդրությունը ո՛չ ժամանակի, ո՛չ ժամկետների վերականգնման հիմքերի առումով չի սահմանափակում դատարանների հայեցողությունը (տե՛ս, mutatis mutandis, Պոնոմարյովն ընդդեմ Ուկրաինայի [Ponomaryov v. Ukraine], թիվ 3236/03, §§ 41-42, 2008 թվականի ապրիլի 3, և Բեզրուկովներն ընդդեմ Ռուսաստանի [Bezrukovy v. Russia], թիվ 34616/02, §§ 33-44, 2012 թվականի մայիսի 10):
30. Դիմումատուների սկզբնական հայցում, որպես պատասխանողներ, նշվել են Հ.Բ.-ն և Հ.Գ.-ն (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը), իսկ վերջինիս անունը հիշատակվել է նաև դիմումատուների կողմից ներկայացված լրացուցիչ հայցում (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)։ Սակայն այն բանից հետո, երբ Հ.Բ.-ի փաստաբանն առարկել է Հ.Բ.-ի՝ գործով պատշաճ պատասխանող ներգրավված լինելուն (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը), դիմումատուները ներկայացրել են լրացուցիչ հայց, որտեղ որպես պատասխանողներ նշվել են միայն թերթը և Հ.Գ.-ն (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)։ Թեև Հ.Բ.-ին պատշաճ պատասխանողով փոխարինելու որևէ պաշտոնական որոշում ակնհայտորեն չի կայացվել, Վարչական շրջանի դատարանի վճռում որպես պատասխանողներ հիշատակվել են թերթը և Հ.Գ.-ն, և որ ամենակարևորն է՝ դրա որոշումը վերաբերել է բացառապես այդ կողմերին (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը)։ Բացի այդ, Հ.Բ.-ն իր վերաքննիչ բողոքը ներկայացրել է 2016 թվականի մարտի 30-ին, այն բանից հետո, երբ թերթի և Հ.Գ.-ի կողմից տվյալ վճռի և միաժամանակ նրանց հետագա փորձերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու մի քանի ձախողված փորձեր են եղել (2015 թվականի դեկտեմբերին և հունվարին) (տե՛ս վերևում՝ 15-րդ, 17-րդ և 18-րդ պարբերությունները)։
31. Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանն առանց վերը նշված փաստերի կամ գործի դատավարական նախապատմության որևէ վերլուծության (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը) Հ.Բ.-ին թույլատրել է բողոքարկել Վարչական շրջանի դատարանի վճիռը, ինչն անձամբ նրա համար ոչ մի իրավական հետևանք չի առաջացրել՝ չնայած այն հանգամանքին, որ Հ.Բ.-ի փաստաբանը պնդել է, որ վերջինս գործով պատշաճ պատասխանող չէ (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը)։ Վերաքննիչ դատարանը նաև չի ներկայացրել այն փաստն ընդունելու որևէ հիմնավորում, որ Հ.Բ.-ն, որին ի սկզբանե ծանուցել են վարույթի մասին (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը), և որը՝ որպես թերթի խմբագրական խորհրդի նախագահ, իր գլխավոր խմբագրի հետ ներգրավված լինելով դիմումատուների դեմ ընթացող դատավարությունում, այդ վարույթի շրջանակներում կայացված որոշումների մասին տեղեկացել է միայն 2016 թվականի մարտի 11-ին՝ հանրային առցանց դատական տեղեկատվական համակարգի շտեմարան մուտք գործելու արդյունքում (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը)։
32. Դատարանը հետևաբար գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել իր պարտականությունը, այն է՝ սահմանված ժամկետից ուշ բերված վերաքննիչ բողոքների վարույթ ընդունումը հիմնավորող բավարար հիմքերի առկայությունը ստուգելը (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Կարեն Պողոսյանի գործը, § 50)։
33. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը եզրակացնում է, որ սահմանված ժամկետից ուշ Վարչական շրջանի դատարանի 2015 թվականի մայիսի 14-ի վճռի դեմ Հ.Բ.-ի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելով՝ Վերաքննիչ դատարանն էական և պարտադիր բնույթ ունեցող հիմքեր չի ապահովել և այդպիսով, խախտել է իրավական որոշակիության սկզբունքը՝ խախտելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը:
34. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-րդ կետի խախտում։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
35. Դիմումատուներից յուրաքանչյուրը պահանջել է 2 000 եվրո (եվրո)՝ ոչ նյութական վնասի համար, և 2 902 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։
36. Կառավարությունը վիճարկել է այս պահանջները։
37. Դատարանը դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհում է 2 000 եվրո ոչ նյութական վնասի համար՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
38. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում առաջին դիմումատուին շնորհել 1 347 եվրո՝ Դատարանում վարույթի ծախսերը ծածկելու համար՝ գումարած առաջին դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝
i) դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
ii) առաջին դիմումատուին ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 347 եվրո (հազար երեք հարյուր քառասունյոթ եվրո)՝ գումարած առաջին դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն։
|
Մարտինա Կելլեր՝ |
Ջիլբերտո Ֆելիչի՝ |
|
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Դիմումատուների ցանկը՝
|
Թիվ |
Դիմումատուի անունը |
Ծննդյան տարեթիվը |
Բնակության վայրը |
|
1. |
Արման ՍԱՀԱԿՅԱՆ |
1988 |
Երևան |
|
2. |
Գրիգոր ԳԵՎՈՐԳՅԱՆ |
1992 |
Էջմիածին |
|
3. |
Հովհաննես ՄԿՐՏՉՅԱՆ |
1994 |
Արտաշատ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|