ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1757-XI.
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990 մարտ/5-6(961-962) Հոդ.60
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
10.03.1990
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
10.03.1990

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1989 թվականի մայիսի 10-ի «Իրենց պատկանող բնակելի ֆոնդը տնօրինելու` կոլտնտեսությունների և մյուս գյուղատնտեսական կոոպերատիվների իրավունքներն ընդլայնելու մասին» հրամանագրին համապատասխան և Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսդրության հետագա կատարելագործման նպատակով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Հայկական ԽՍՀ 1982 թվականի դեկտեմբերի 3-ի օրենքով հաստատված Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքում (Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1982 թ., N 23, հոդվ. 279, 1984 թ., N 16, հոդվ. 163) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 421-րդ հոդվածով.

 

«Հոդված 421. Կոլտնտեսությունների և այլ գյուղատնտեսական կոոպերատիվների տներում քաղաքացիներին բնակելի տարածությամբ ապահովելու առանձնահատկությունները

 

Կոլտնտեսությունների տներում քաղաքացիներին բնակելի տարածությամբ ապահովելիս կոլտնտեսություններն իրավունք ունեն կոլտնտեսականների, աշխատանքային պայմանագրերով կոլտնտեսություններում աշխատող անձանց և այլ քաղաքացիների համար, որոնց բնակելի տարածություն է հատկացվում կոլտնտեսությունների տներում, սահմանելու նրանց բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր ճանաչելու արտոնյալ հիմքեր: Կոլտնտեսության անդամները և մյուս աշխատողները կարող են բնակարանային պայմանների բարելավման կարիքավորների հաշվառման վերցվել և կոլտնտեսությունների տներում ապահովվել բնակելի տարածությամբ` անկախ տվյալ բնակավայրում մշտապես բնակվելուց:

Բարձր որակավորում ունեցող առանձին մասնագետների և այլ աշխատողների, հաշվի առնելով նրանց աշխատանքային ներդրումը, ինչպես նաև կոլտնտեսությունում աշխատանքի հրավիրվող անձանց կոլտնտեսությունների տներում բնակելի տարածություններ կարող են տրամադրվել արտահերթ կարգով:

Կոլտնտեսությունների տներում բնակելի տարածություն կարող է հատկացվել սույն օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված բնակելի տարածության նորմայից ավելի:

Կոլտնտեսությունների տներում քաղաքացիներին բնակելի տարածություններով ապահովելու` սույն հոդվածով նախատեսված արտոնյալ պայմանները, ինչպես նաև արտահերթ կարգով քաղաքացիներին բնակելի տարածություններով ապահովելու համար առանձնացվող բնակելի տարածության քանակը սահմանելու մասին որոշումներն ընդունվում են կոլտնտեսությունների անդամների ընդհանուր ժողովի կամ լիազորվածների ժողովի կողմից:

Մյուս գյուղատնտեսական կոոպերատիվները քաղաքացիներին այդ կոոպերատիվների տներում բնակելի տարածություններով ապահովելիս ունեն այն նույն իրավունքները, ինչ և կոլտնտեսությունները»:

2. Օրենսգրքի 41-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիներին բնակելի տարածությունը հատկացվում է բնակելի մակերեսի սահմանված նորմայի շրջանակներում, բացառությամբ ԽՍՀ Միության և Հայկական ԽՍՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, բայց ոչ պակաս այն չափից, որը որոշել են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը»:

3. Սահմանել, որ պետական և հանրային բնակելի ֆոնդի տներում բնակելի տարածության վարձակալը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի փոխանակում կատարելու քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տան (տան մի մասի) կամ բնակարանի հետ:

Այդ կապակցությամբ օրենսգրքի 65-րդ հոդվածի առաջին մասը «բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի» բառերից հետո լրացնել «բնակելի տան (տան մի մասի) կամ բնակարանի սեփականատիրոջ» բառերով:

4. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) եթե տունը (բնակելի տարածությունը) փլուզման վտանգի տակ է կամ ժողովրդական դեպուտատների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ ճանաչված է վթարային (բացառությամբ այն դեպքերի, երբ Հայկական ԽՍՀ օրենսդրությամբ թույլատրվում է փոխանակում), կամ ենթակա է քանդման, կամ հանձնվում է պետական կամ հասարակական կարիքների համար».

 

Հայկական ԽՍՀ Գերագույն ԽՈՐՀՐԴի նախագահության նախագահ`

Հ. Ոսկանյան

 

Հայկական ԽՍՀ Գերագույն ԽՈՐՀՐԴի նախագահության քարտուղար`

Ն. Ստեփանյան

 

10 մարտի 1990 թվականի,

քաղ. Երևան
N 1757-XI.