ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2026 թվականի N 150-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը սահմանելու մասին» N 448-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 150-Ն որոշման |
|
«Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 448-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԿԱՏԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է՝
1) Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից երդման տեքստի ընթերցումից հետո՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքի (այսուհետ՝ oրենք) հավելված 3-ով հաստատված նվագախմբային կենդանի կատարման տարբերակով (այսուհետ՝ oրենքի հավելված 3)՝ երաժշտական խմբագրությամբ կամ օրենքի հավելված 1-ով հաստատված ակապելլա կենդանի կատարման տարբերակով (այսուհետ՝ օրենքի հավելված 1)՝ երաժշտական խմբագրությամբ կամ օրենքի հավելված 5-ով հաստատված նվագախմբային և երգչախմբային կենդանի կատարման տարբերակով (այսուհետ՝ oրենքի հավելված 5)՝ երաժշտական խմբագրությամբ և տեքստի համապատասխանությամբ.
2) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ պաշտոնական և հանդիսավոր արարողությունների սկզբում` նվագախմբի (oրենքի հավելված 3) կամ երգչախմբի (օրենքի հավելված 1) կամ նվագախմբային և երգչախմբային կենդանի կատարման տարբերակով (օրենքի հավելված 5).
3) Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի բացումը հայտարարվելուց հետո, ինչպես նաև հերթական նստաշրջանների բացումը և փակումը հայտարարվելուց առաջ` երգչախմբի (oրենքի հավելված 1) կամ նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ (oրենքի հավելված 5).
4) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելու ընթացքում` նվագախմբի կենդանի կատարմամբ (oրենքի հավելված 3) կամ նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ (oրենքի հավելված 5).
5) օտարերկրյա պետությունների նախագահների (ղեկավարների), վարչապետների (կառավարությունների ղեկավարների), օրենսդիր մարմինների ղեկավարների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցերի ժամանակ արարողության սկզբում` նվագախմբի կենդանի կատարմամբ (oրենքի հավելված 3) կամ երգչախմբի կենդանի կատարմամբ (օրենքի հավելված 1) կամ նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ (oրենքի հավելված 5).
6) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների բացման ժամանակ` նվագախմբի կենդանի կատարմամբ (oրենքի հավելված 3) կամ երգչախմբի կենդանի կատարմամբ (օրենքի հավելված 1), իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերում (նվագախմբի առկայության դեպքում) առավոտյան` Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման և երեկոյան` Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ` նվագախմբի և անձնակազմի կենդանի կատարմամբ (oրենքի հավելված 5).
7) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ամբողջական տարբերակներով (նվագախմբի և անձնակազմի կենդանի կատարում)՝
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված զորամասերի տոն օրերին,
բ. Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին) շարքով տեղում կանգնած ժամանակ զինվորական ողջույնն ուղեկցելիս,
գ. Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերին նվիրված միջոցառումներին,
դ. ընդհանուր գումարտակային (գնդային) անվանականչի ավարտից հետո,
ե. զինվորական երդում տալու արարողակարգի ժամանակ,
զ. զորամասին մարտական դրոշ և շքանշաններ հանձնելիս,
է. նոր համալրումն ըստ ստորաբաժանումների բաշխելիս,
ը. պահեստազոր փոխադրված կամ պաշտոնաթող եղած զինծառայողներին ճանապարհելիս,
թ. Հայաստանի Հանրապետության տարածքում զորահանդես անցկացնելիս,
ժ. զորամասի շարահրապարակում Հայաստանի Հանրապետության պետական դրոշի բարձրացման արարողության ժամանակ՝ նվագախմբի և անձնակազմի կենդանի կատարմամբ,
ժա. զորամիավորման, զորամասի և զորավարժությունների արդյունքների ամփոփման ժամանակ՝ նվագախմբի և անձնակազմի կենդանի կատարմամբ,
ժբ. զինվորական հարգանք մատուցելիս այն անձանց դիմավորելիս, որոնց պատվին պատվո պահակախումբ է նշանակված և հուշարձանների բացման ժամանակ՝ նվագախմբի կամ ակապելլա կենդանի կատարմամբ,
ժգ. զինծառայողների թաղման ժամանակ զինվորական հարգանք մատուցելիս՝ նվագախմբի կենդանի կատարմամբ,
ժդ. հայրենիքի ազատության և անկախության մարտերում զոհված մարտիկների հուշարձաններին և շիրիմներին պսակ դնելիս զինվորական հարգանքի մատուցման ժամանակ՝ նվագախմբի կենդանի կատարմամբ.
8) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն կրթական հաստատություններում, անկախ սեփականության ձևից, ուսումնական տարվա սկզբի ու ավարտի հանդիսավոր արարողության սկզբում` նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ (oրենքի հավելված 5).
9) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի` դասերն սկսվելուց առաջ` ուսումնական հաստատության սաների կողմից օրհներգի կենդանի կատարմամբ:
3. Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հանդիսավոր արարողությունների և միջոցառումների սկզբում` նվագախմբի (oրենքի հավելված 3) կամ երգչախմբի (oրենքի հավելված
1) կամ նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ (oրենքի հավելված 5).
2) ազգային և (կամ) պետական նշանակության թատերահամերգային կազմակերպությունների թատերաշրջանի բացման արարողությունների ժամանակ նվագախմբի (oրենքի հավելված 3) կամ երգչախմբի (օրենքի հավելված 1) կամ նվագախմբային և երգչախմբային կատարման տարբերակով (օրենքի հավելված 5)՝ կենդանի կատարմամբ.
3) ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների սկզբում կամ հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակների հանձման ժամանակ` մեներգի (օրենքի հավելված 1. սոպրանո ձայն) կամ մենանվագի (օրենքի հավելված 1. սոպրանո ձայն) կամ նվագախմբի կամ նվագախմբի այլ կազմի (այլ փոխադրումով) կամ երգչախմբի կամ նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով (օրենքի 1-6 հավելվածներով՝ առաջնորդվելով միջոցառման կամ արարողության ժամանակացույցով և ձևաչափով).
4) պետական տոներին (oրենքի հավելված 3), հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունների, պատմական իրադարձություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ժողովների բացման սկզբում` նվագախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով (oրենքի հավելված 3 կամ օրենքի հավելված 4) կամ մենանվագի (օրենքի հավելված 1. սոպրանո ձայն) կենդանի կատարմամբ.
5) հուշաքանդակների և հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների սկզբում` մեներգի կամ մենանվագի կամ նվագախմբի կամ նվագախմբի այլ կազմի (այլ փոխադրումով) կամ երգչախմբի կամ նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ (օրենքի 1-6 հավելվածներով՝ առաջնորդվելով արարողության ժամանակացույցով և ձևաչափով).
6) միջազգային կամ հանրապետական պաշտոնական մրցումների ու մրցաշարերի կամ համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման ժամանակ կամ մրցանակների հանձնման արարողության ժամանակ՝ մեներգի կամ մենանվագի կամ նվագախմբի կամ նվագախմբի այլ կազմի (այլ փոխադրումով) կամ երգչախմբի կամ նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով (օրենքի 1-6 հավելվածներով՝ առաջնորդվելով միջոցառման ժամանակացույցով և ձևաչափով).
7) պետական նշանակության կառույցների բացման կամ վերաբացման ժամանակ (օրենքի 1-6 հավելվածներով՝ առաջնորդվելով միջոցառման ժամանակացույցով և ձևաչափով):
4. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ընթացքում ի նշան հարգանքի, ունկնդրումը և (կամ) ձայնակցումը իրականացնել հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրված (բացառությամբ կատարողների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների, հաշմանդամություն ունեցող անձանց և սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց):
5. Փողային նվագախմբի կողմից Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման դեպքում առաջնորդվել օրենքի հավելված 3-ի երաժշտական խմբագրությամբ՝ համապատասխանեցնելով նվագախմբի կազմին և առաջնորդվելով օրենքի հավելված 3-ի հարմոնիկ լուծումներով և հաջորդականությամբ:»:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
13.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|