ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 689-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 689-Ա

«10» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված` «Սմարթ Օֆիս Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Միրզոյանի 2026 թվականի հունվարի 16-ի թիվ Դ-4255-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:

2026 թվականի հունվարի 16-ի թիվ Դ-4255-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2026 թվականի փետրվարի 4-ին ժամը 15:00-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է «Սմարթ Օֆիս Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Միրզոյանը:

Ուսումնասիրելով 2026 թվականի հունվարի 16-ի թիվ Դ-4255-26 դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները, 2026 թվականի փետրվարի 4-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2026 թվականի հունվարի 16-ի թիվ Դ-4255-26 դիմումով, ինչպես նաև հրավիրված լսումների ժամանակ ներկայացված դիրքորոշմամբ «Սմարթ Օֆիս Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Միրզոյանը պնդել է ներկայացված պահանջը և, հիմք ընդունելով դիմումին կից ներկայացված ապացույցները, խնդրել է փոխհատուցել 2025 թվականի դեկտեմբեր ամսին Հանրապետության փողոցի բարեկարգման աշխատանքների ընթացքում Հանրապետության փողոցի թիվ 22 հասցեում գտնվող շինությունը սնուցող մալուխների գծերից մեկը վնասելու արդյունքում ընկերության գույքը վնասվելու հետևանքով առաջացած վնասը, որը կազմում է 722.200 (յոթ հարյուր քսաներկու հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:

Որպես 2026 թվականի հունվարի 16-ի թիվ Դ-4255-26 դիմումում նկարագրված պատահարի հետևանքով վնասված գույք՝ «Սմարթ Օֆիս Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Միրզոյանը նշել է էլեկտրականությունը սնուցող մալուխները, մեկ վերելակ, երկու հատ «UPS» և կաթսա, սակայն նշված գույքը դիմող իրավաբանական անձի սեփականությունը հանդիսանալու հանգամանքը հիմնավորող ապացույցներ չեն ներկայացվել:

«Սմարթ Օֆիս Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Միրզոյանը, որպես նկարագրված պատահարի արդյունքում առաջացած վնաս, խնդրել է փոխհատուցել էլեկտրականությունը սնուցող մալուխների վերականգնման, վերելակի վերանորոգման, ինչպես նաև երկու հատ «UPS»-ի և կաթսայի համար կատարված ծախսը, որի հանրագումարը կազմում է 722.200 (յոթ հարյուր քսաներկու հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:

2026 թվականի հունվարի 16-ի թիվ Դ-4255-26 դիմումին կից և դրա հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում «Սմարթ Օֆիս Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Միրզոյանի կողմից չեն ներկայացվել դիմումում նշված՝ էլեկտրականությունը սնուցող մալուխները, մեկ վերելակը, երկու հատ «UPS»-ն ու կաթսան վնասվելու պատճառները բացահայտող և դրանց վերանորոգման կամ փոխարինման արժեքը գնահատող փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև չի հիմնավորվել ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչական ակտի, գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Քննարկվող պարագայում՝ «Սմարթ Օֆիս Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող և 2026 թվականի հունվարի 16-ի թիվ Դ-4255-26 դիմումում նկարագրված հանգամանքներում վնասված գույքի վերանորոգման կամ փոխարինման ծախսը որպես Երևանի քաղաքապետարանի գործողությունների և/կամ անգործության հետևանքով առաջացած լինելու հանգամանքը, տվյալ գույքի պատկանելությունը, վնասի չափն ու պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունն ապացուցելու նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի կանոնները, հետևաբար դրանց ապացուցման բեռը կրում է դիմումատու կազմակերպությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:

Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ «Սմարթ Օֆիս Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Միրզոյանի կողմից չեն ներկայացվել 2026 թվականի հունվարի 16-ի թիվ Դ-4255-26 դիմումում նկարագրված պատահարի ու նույն դիմումում թվարկված գույքը վնասվելու միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, չեն ներկայացվել վնասված գույքի պատկանելությունն ու առաջացած վնասի չափը հիմնավորող պատշաճ ապացույցներ, ինչպես նաև չի հիմնավորվել պահանջված 722.200 (յոթ հարյուր քսաներկու հազար երկու հարյուր) ՀՀ դրամ գումարի չափով գույքային վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչական ակտի, գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքն ու ներկայացված պահանջի իրավաչափությունը, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ, 96-րդ հոդվածների դրույթները՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված «Սմարթ Օֆիս Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Միրզոյանի 2026 թվականի հունվարի 16-ի թիվ Դ-4255-26 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան