ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի ԹԻՎ 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.02.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0023 Ն. 30.01.2026

 

30 հունվարի 2026 թվականի

թիվ 23-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի ԹԻՎ 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ընկերությունների կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի արդյունավետ կառավարմանն ուղղված համապատասխան գործիքակազմի առկայությունը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

 Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին» թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգը 24-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ գլխով.

«

ԳԼՈՒԽ 25

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՄԱՆ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

144. Սույն գլխի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի վրա։

145. Ներդրումային ընկերությունը պետք է ունենա ռիսկերի վրա հիմնված՝ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման ներքին հսկողության համակարգեր և ընթացակարգեր, որոնք առնվազն ներառում են միջազգային պատժամիջոցների շրջանցման հետ կապված ռիսկերի գնահատման, ինչպես նաև` դրանց զսպման, մշտադիտարկման, հսկողական համակարգի թեստավորման և հաշվետվողականության մեխանիզմներ: Ընդ որում, սույն Կանոնակարգի իմաստով միջազգային պատժամիջոցներ են համարվում միջազգային կազմակերպությունների կամ պետությունների կողմից կիրառվող ցանկացած տնտեսական, ֆինանսական, առևտրային կամ այլ սահմանափակող միջոցառումները, այդ թվում՝ գույքի սառեցումը կամ արգելափակումը, միջոցների կամ տնտեսական ռեսուրսների հասանելիության սահմանափակումը, ոլորտային ֆինանսավորման կամ ներդրումային սահմանափակումները, առևտրի, արտահանման կամ ներմուծման վերահսկողությունը, ծառայությունների արգելքները և վերոնշյալ սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցառումները, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի, որոնց վերաբերյալ կարգավորումները սահմանված են համապատասխան այլ օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով։ Սույն Կանոնակարգի իմաստով միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկը միջազգային պատժամիջոցների շրջանցման հետևանքով ներդրումային ընկերության կորուստներ կրելու հավանականությունն է:

146. Ներդրումային ընկերությունը, իր բիզնես գործունեությունից, չափից, բարդությունից և ռիսկայնությունից կախված, պետք է հետևի միջազգային պատժամիջոցների վերաբերյալ միայն այն երկրների կամ միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված կարգավորումներին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կարող են ազդեցություն ունենալ ներդրումային ընկերության գործունեության վրա:

147. Ներդրումային ընկերությունը պետք է ունենա ներքին հսկողության համակարգի այնպիսի գործընթացներ, որոնք հնարավորություն կտան լիարժեք և արդյունավետ կերպով հայտնաբերել, գնահատել, կասեցնել կամ մերժել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկ պարունակող գործարքները:

148. Ներդրումային ընկերության խորհուրդը պետք է.

1) հաստատի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման ներքին հսկողության և դիտանցման վերաբերյալ ընթացակարգերը և վերանայի դրանք տարեկան պարբերականությամբ կամ ավելի հաճախ՝ իր մոտ կամ շուկայում տեղի ունեցած էական փոփոխությունների դեպքում,

2) հաստատի սույն կանոնակարգի 163-րդ կետի 2)-րդ ենթակետով սահմանված միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի թերությունների, բացթողումների և ձախողումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը և վերանայի այն տարեկան պարբերականությամբ կամ ավելի հաճախ՝ պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացում տեղի ունեցած էական փոփոխությունների դեպքում,

3) հաստատի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ բյուջեն:

149. Ներդրումային ընկերության խորհրդի բացակայության դեպքում սույն Կանոնակարգի 148-րդ կետով սահմանված պահանջները իրականացնում է ընկերության կանոնադրությամբ՝ որոշումների կայացման համար պատասխանատու անձը։

150. Ներդրումային ընկերության գործադիր մարմինը պետք է.

1) ապահովի սույն Կանոնակարգի 145-րդ կետով սահմանված պահանջների ներդրումը և դրանց արդյունավետ իրականացումը,

2) սահմանի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի (սույն գլխի իմաստով այսուհետ նաև՝ Պատասխանատու անձ) պարտականությունները և պատասխանատվության շրջանակը, նշանակի Պատասխանատու անձի, որը պետք է լինի Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ գրանցված ղեկավար, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում` միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման համար պատասխանատու այլ անձանց՝ բացառելով շահերի բախման հավանականությունը,

3) ապահովի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման նպատակով ամենօրյա աշխատանքների կատարման համար բավարար տեխնոլոգիական, փորձագիտական և այլ ռեսուրսների առկայությունը,

4) ապահովի սույն կարգի 163-րդ կետի 2)-րդ ենթակետով սահմանված միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի թերությունների, բացթողումների և ձախողումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրի իրականացումը:

151. Պատասխանատու անձն առնվազն պետք է․

1) մշակի և խորհրդի հաստատմանը ներկայացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման վերաբերյալ մեթոդաբանությունները և ընթացակարգերը,

2) բացահայտի և գնահատի ներդրումային ընկերության՝ միջազգային պատժամիջոցների շրջանցման հետ կապված ռիսկերը, հսկողություն և մոնիտորինգ իրականացնի բացահայտված՝ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի նկատմամբ, ապահովի դրա արդյունավետ կառավարումը,

3) մշակի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի թերությունների, բացթողումների և ձախողումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը,

4) իրականացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարմանն առնչվող այլ գործառույթներ:

152. Ներդրումային ընկերությունը պետք է ունենա միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման մեթոդաբանություն և դրա հիման վրա՝ առնվազն տարին մեկ անգամ իրականացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատում՝ հնարավոր թերությունները և խնդիրները հայտնաբերելու նպատակով:

153. Միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատումը պետք է ներառի ներհատուկ ռիսկի, դրա կառավարման և մնացորդային ռիսկի գնահատում:

154. Միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման գործընթացում ներհատուկ ռիսկի գնահատումը առնվազն պետք է ներառի՝

1) հաճախորդների ռիսկի գնահատում,

2) աշխարհագրական տեղակայման ռիսկի գնահատում,

3) առաջարկվող ծառայությունների, այդ թվում՝ գործարքների ռիսկի գնահատում,

4) կոնտրագենտների և միջնորդների ռիսկի գնահատում,

5) ծառայությունների մատուցման շղթայի ռիսկի գնահատում:

155. Ներդրումային ընկերությունը պետք է գնահատի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի մաս կազմող՝ ներհատուկ ռիսկերի զսպմանն ուղղված համապատասխան գործիքակազմի և դրա կիրառման արդյունավետությունը:

156. Ներդրումային ընկերությունը պետք է գնահատի միջազգային պատժամիջոցների շրջանցման մնացորդային ռիսկը, որը որոշվում է իր գործառնությունների ներհատուկ ռիսկի մակարդակի և դրա կառավարման համարժեքության ու արդյունավետության գնահատման արդյունքում։

157. Այն խնդիրները և թերությունները, որոնք բացահայտվել են հսկողության այլ գործընթացներում, ինչպիսիք են՝ մշտադիտարկումը, թեստավորումը և ներքին աուդիտը, նույնպես պետք է ներառվեն միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման արդյունքներում:

158. Ներդրումային ընկերության ներքին հսկողության համակարգերն ու գործընթացներն առնվազն պետք է հնարավորություն տան․

1) իրականացնել իր հաճախորդների, հաճախորդի կոնտրագենտների և իր կոնտրագենտների, ինչպես նաև գործարքների բոլոր կողմերի պատշաճ ուսումնասիրություն,

2) իրականացնել հաճախորդների և կոնտրագենտների միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկայնության գնահատում,

3) իրականացնել գործարքների դիտանցում,

4) հասանելի տեղեկատվության հիման վրա հետևել հաճախորդների և կոնտրագենտների գործունեությանը,

5) գնահատել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման գործընթացը,

6) հավաքագրել և պահպանել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացում բացահայտված տեղեկատվությունը:

159. Ներդրումային ընկերությունը պետք է ապահովի, որ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման հետ առնչվող գործառնություններում ներգրավված համապատասխան աշխատակիցները տեղեկացված լինեն ներդրումային ընկերության մոտ ներդրված միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման ընթացակարգերի և դրանց թարմացումների վերաբերյալ:

160. Ներդրումային ընկերությունը պետք է ունենա միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետության մշտադիտարկման գործընթաց:

161. Ներդրումային ընկերությունը պետք է իրականացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի հսկողության և հիմնական գործընթացների թեստավորում, որի միջոցով առնվազն պետք է ստուգի, որ դիտանցման համակարգերն աշխատեն պատշաճ ձևով, ինչպես նաև պարբերաբար գնահատի դրանց արդյունավետությունը ռիսկերի կառավարման տեսանկյունից:

162. Ներդրումային ընկերությունը պետք է ապահովի, որ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարմանն ուղղված ներքին հսկողության համակարգերում խնդիրների բացահայտման դեպքում հնարավոր լինի ձեռնարկել ռիսկի զսպմանը և վերացմանն ուղղված անհապաղ և արդյունավետ գործողություններ:

163. Առնվազն կիսամյակային պարբերականությամբ` Պատասխանատու անձը խորհրդին (առկայության դեպքում) կամ գործադիր մարմնին պետք է ներկայացնի հաշվետվություններ նվազագույնը հետևյալի վերաբերյալ.

1) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթաց, դրա բաղադրիչներ, իրականացման ընթացք և միջազգային պատժամիջոցների շրջանցման վերաբերյալ բոլոր ռիսկեր,

2) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի բացահայտված թերություններ, ձախողումներ և բացթողումներ,

3) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման արդյունքներ,

4) միջազգային պատժամիջոցների վերաբերյալ կարգավորումների հնարավոր խախտումներ, ինչպես նաև դրանց վերացմանն ուղղված միջոցառումներ:

164. Ներդրումային ընկերությունը պետք է ունենա համապատասխան ընթացակարգեր, որոնք պետք է հնարավորություն տան, որ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման վերաբերյալ ներքին հսկողության համակարգում թերությունների, ձախողումների և բացթողումների բացահայտման դեպքերն անհապաղ ներկայացվեն Պատասխանատու անձին, ինչպես նաև ձեռնարկվեն միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի զսպմանը և վերացմանն ուղղված արդյունավետ միջոցառումներ:

165. Ներդրումային ընկերությունը պետք է ունենա իր չափին, բարդությանը, ռիսկայնությանը և ընթացիկ գործառնություններին համապատասխան` միջազգային պատժամիջոցների դիտանցման համար ներդրված ընթացակարգեր և ավտոմատացված գործիքակազմ, որոնք հնարավորություն կտան իրականացնել իր գործառնությունների, այդ թվում՝ գործարքների մանրամասն ուսումնասիրություն միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի բացահայտման և արդյունավետ կառավարման նպատակով: Սույն կետով սահմանված ընթացակարգերը վերանայվում են տարեկան պարբերականությամբ կամ ներդրումային ընկերությունում կամ շուկայում տեղի ունեցած էական փոփոխության դեպքում։

166. Ներդրումային ընկերությունը, հաշվի առնելով միջազգային պատժամիջոցների կարգավորումների առանձնահատկությունները, դիտանցման գործընթացում առնվազն պետք է հաշվի առնի՝

1) աշխարհագրական գործոնները, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների առավել խիստ և ընդլայնված կարգավորման սուբյեկտ հանդիսացող երկրները, քաղաքները, շրջանները,

2) միջազգային պատժամիջոցների հետ կապված հիմնական բանալի բառերը,

3) գործարքի մաս կազմող ապրանքների, ծառայությունների, ծրագրային ապահովումների և տեխնոլոգիաների ծագման աղբյուրները,

4) միջազգային պատժամիջոցների ենթարկված կողմերին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված կազմակերպություններին և սուբյեկտներին, որոնք կասկածվում են միջազգային պատժամիջոցների շրջանցման մեջ։ Ընդ որում, ըստ անհրաժեշտության կարող են հաշվի առնվել նաև վերջիններիս վերաբերյալ ներքին և արտաքին հավաստի տվյալները կամ տեղեկությունները,

5) այն ֆինանսական կազմակերպությունների նույնականացման տվյալները, որոնց վրա տարածվում են միջազգային պատժամիջոցները,

6) այն երկրներում թողարկված կամ շրջանառվող արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերը (International Securities Identification Numbering System (ISIN)), որոնց վրա տարածվում են միջազգային պատժամիջոցները:

167. Ներդրումային ընկերությունը պետք է դիտանցման ենթարկի առնվազն.

1) հաճախորդներին և կոնտրագենտներին,

2) ներդրումային ընկերության մասնակիցներին, գործարքների իրականացման մեջ ներգրավված աշխատակիցներին կամ ներդրումային ընկերության կառավարման մարմիններին՝ առնվազն տարեկան պարբերականությամբ,

3) գործարքների արժույթները,

4) գործառնությունների իրականացման վայրը:

168. Սույն գլխով սահմանված՝ հաճախորդի վերաբերյալ տվյալների դիտանցում իրականացնելիս ներդրումային ընկերությունը առնվազն պետք է հաշվի առնի տվյալ անձի հետ փոխկապակցված այն անձանց, որոնք արդեն իսկ բացահայտված են ներդրումային ընկերության կողմից, այդ թվում՝ ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, իրական շահառուներին, տնօրեններին, լիազորված անձանց, հաճախորդի գործարար հարաբերությունները, ֆիզիկական անձանց դեպքում նաև քաղաքացիությունը, փաստացի բնակության հասցեն և հարկման հիմնական երկիրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գտնվելու և գործունեության վայրը:

169. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կամ սույն կարգավորման շրջանակից դուրս գտնվող ֆինանսական կազմակերպություններին պարբերաբար ծառայություններ մատուցելու դեպքում ներդրումային ընկերությունը պետք է շարունակաբար գնահատի և փաստաթղթավորի տվյալ ֆինանսական կազմակերպության միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացը:

170. Սույն գլխով սահմանված՝ հաճախորդների վերաբերյալ տվյալների դիտանցումը պետք է իրականացվի հաճախորդի հետ գործարար հարաբերություններ հաստատելիս և պետք է ունենա շարունակական բնույթ: Ընդ որում, միջազգային պատժամիջոցների ցանկերում կամ հաճախորդի վերաբերյալ տվյալներում ցանկացած փոփոխության կամ թարմացման դեպքում, ներդրումային ընկերությունը պետք է իրականացնի դիտանցում՝ փոփոխությունից կամ թարմացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

171. Ներդրումային ընկերությունների կողմից իրականացվող գործարքների վերաբերյալ տվյալները պետք է ենթարկվեն դիտանցման նախքան գործարքի իրականացումը և հաստատումը:

172. Ներդրումային ընկերությունը պետք է պարբերաբար իրականացնի միջազգային պատժամիջոցների դիտանցման գործիքակազմի և համակարգերի արդյունավետության թեստավորում, որն առնվազն պետք է՝

1) իրականացվի դիտանցման համար ներդրումային ընկերության կողմից սահմանված չափորոշիչների, կատարված վերլուծությունների և հաշվետվությունների հիման վրա,

2) ներառի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման վերաբերյալ տվյալների հավաստիության ու ամբողջականության ստուգում:

173. Ներդրումային ընկերությունը պետք է փաստաթղթավորի միջազգային պատժամիջոցների դիտանցման գործիքակազմը, ինչպես նաև պետք է ապահովի համակարգի սահմանափակումների կամ ռիսկերի վրա հիմնված որոշումների թափանցիկությունը, որոնք դիտանցման հսկողական մեխանիզմների միջոցով չեն բացահայտվում:

174. Միջազգային պատժամիջոցների դիտանցման հսկողական մեխանիզմներից բացի ներդրումային ընկերությունը պետք է ներդնի նաև համապատասխան մեթոդաբանություն, ներառյալ՝ գործարքների մշտադիտարկման սցենարներ միջազգային պատժամիջոցներից խուսափելու կամ շրջանցելու դեպքերը բացահայտելու համար: Սցենարները պետք է պարբերաբար վերանայվեն և գնահատվեն, որպեսզի ապահովվի մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային պատժամիջոցներից խուսափելու կամ շրջանցելու դեպքերին։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ա. Նուրբեկյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2026 թվական: