ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍնԴ/0272/04/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.11.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0272/04/24

2025 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0272/04/24

Նախագահող դատավոր`

 Ա. Մխիթարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

2025 թվականի նոյեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28112024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ սնանկության գործով ըստ «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերությունը) դիմումի` անհատ ձեռնարկատեր Աննա Համբարձումյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անհատ ձեռնարկատեր Աննա Համբարձումյանին ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04032024 թվականի վճռով դիմումը բավարարվել է։

Դատարանի 15.03.2024 թվականի որոշմամբ Աննա Համբարձումյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սերյոժա Մինասյանը։

Դատարանը 26.09.2024 թվականի որոշմամբ հաստատել է Սերյոժա Մինասյանի ներկայացրած ֆինանսական առողջացման ծրագիրը։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28112024 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Կոմիտեի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.2-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեի վերաքննիչ բողոքին կից ներկայացված՝ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունում հիմնավորվել են դատական ակտը Կոմիտեում մուտքագրվելու, այդ դատական ակտին առավել վաղ ծանոթանալու հնարավորություն չունենալու հանգամանքները։

Վերաքննիչ դատարանը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարել, ինչի արդյունքում Կոմիտեին զրկել է իր խախտված իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 202-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետներին՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս Տիգրան Մարգարյանն ընդդեմ Մելիք Մակարյանի թիվ ԿԴ/0887/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Khalfaoui-ն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14121999 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս Pérez de Rada Cavanilles-ն ընդդեմ Իսպանիայի թիվ 28090/95 գանգատով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայցևայնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Magomedov-ը և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի թիվ 33636/09 գանգատով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նաև բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova-ն ընդդեմ Ռուսաստանի թիվ 797/14 գանգատով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik-ն ընդդեմ Սլովենիայի թիվ 53723/13 գանգատով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս Miragall Escolano-ը և մյուսներն ընդդեմ Իսպանիայի թիվ 38366/97 գանգատով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

Իր հերթին Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (․․․) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված օրերով հաշվարկվող դատական ակտերի բողոքարկման ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը։

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Նշված կանոնը վերաբերում է նաև սնանկության վարույթի շրջանակներում կայացվող դատական ակտերի տեսակները և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելուն:

Անդրադառնալով սնանկության վարույթի ընթացքում կայացվող դատական ակտերի առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի տարանջատում սնանկության վարույթում կայացվող դատական ակտերի տեսակները, այլ սահմանում է, որ դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, ինչպես նաև 20-րդ հոդվածով սահմանում է սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկման հետևյալ կարգը.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի` սնանկության գործով վճիռները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել վճռի հրապարակման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի (…):

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի ընթացքում կայացվող որոշման դեմ բերված բողոքը քննվում և որոշում է կայացվում միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում բաց թողնված ժամկետը ենթակա չէ վերականգնման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, (…), ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից, (…) (տե՛ս Սահմանադրական դատարանի 16.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1052 որոշումը):

Սահմանադրական դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի տեսանկյունից հարկ է վեճի առարկա իրավունքների պաշտպանության երաշխիքները դիտարկել սնանկության վարույթին վերաբերող դատավարական այլ երաշխիքների համատեքստում, որոնք պետք է ուղղված լինեն սնանկության վարույթում ներգրավված բոլոր մասնակիցների իրավունքների և շահերի համակողմանի և հավասարակշռված պաշտպանությանը:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով սնանկության գործի ընթացքում կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությանը, նշել է, որ օրենսդիրը, ելնելով սնանկության գործի մաս կազմող առանձին վարույթների բնույթից, առանձնահատկություններից, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանից, սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միջանկյալ դատական ակտերի մի մասի համար է սահմանել բողոքարկման հնարավորություն: Այդ ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ կարող են կասեցնել կամ խոչընդոտել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, սնանկության գործի քննության հնարավորությունը, (…) (տե՛ս Սահմանադրական դատարանի 11.01.2011 թվականի թիվ ՍԴՈ-932 որոշումը):

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով ամրագրված` տարբեր գործողությունների կատարման համար օրենսդիրը սահմանել է ըստ էության միմյանցից տարբերվող ժամկետներ: Այդ ժամկետները ճիշտ ընկալելու և ճշգրիտ հաշվարկելու համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներում կատարվել է «աշխատանքային օր» գրառումը, իսկ մյուս դեպքերում նման գրառում առկա չէ: Եթե գործողությունների կատարման համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված է որևէ ժամկետ՝ առանց «աշխատանքային օր» գրառման, ապա այն պետք է հասկանալ և հաշվարկել ոչ աշխատանքային օրերը ներառելով, իսկ այն դեպքում, երբ ժամկետի հաշվարկի վերաբերյալ կարգավորումն ուղղակիորեն պարունակում է «աշխատանքային օր» գրառումը, ապա ժամկետի հաշվարկի մեջ չպետք է ներառել ոչ աշխատանքային օրերը (տե՛ս ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումի՝ թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը)։

Հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերը և դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ օրենսդիրը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 16.01.2024 թվականին կատարելով 202-րդ հոդվածի 1-ին մասի լրացում, ուղղակիրորեն ամրագրել է, որ նույն օրենքով նախատեսված օրերով հաշվարկվող դատական ակտերի բողոքարկման ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը, ուստի սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Բացի այդ, յուրաքանչյուր պարագայում, երբ վերաքննիչ բողոք բերած անձը բողոքին կից ներկայացրել է նաև վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, ապա դատարանը պարտավոր է հաշվի առնել և գնահատման առարկա դարձնել նաև այն հանգամանքը, թե բողոք բերած անձին երբ է փաստացի հասանելի դարձել վերջինիս կողմից բողոքարկվող դատական ակտը ու այդ պահից ի վեր կատարի օրենքով սահմանված աշխատանքային օրերի հաշվարկը։

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

 Սույն գործի դատավարական փաստերի համաձայն՝ Դատարանի 04032024 թվականի վճռով անհատ ձեռնարկատեր Աննա Համբարձումյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 9-16)։

Դատարանը 26.09.2024 թվականի որոշմամբ հաստատել է սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի ներկայացրած ֆինանսական առողջացման ծրագիրը (հատոր 1-ին, գ.թ. 87-95)։

Դատարանի 26.09.2024 թվականի «Ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին» որոշումը փոստային ծառայության եղանակով Կոմիտեին է հանձնվել 18.10.2024 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 97)։

 Կոմիտեն փոստային առաքման եղանակով առաջին անգամ ներկայացրել է վերաքննիչ բողոք 08112024 թվականին։ 12112024 թվականին Վերաքննիչ դատարանի գրասենյակի կողմից կազմվել է արձանագրություն վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում վերացնել նշված թերությունները։ 20112024 թվականին Կոմիտեն ներկայացրել է շտկված վերաքննիչ բողոքը՝ խնդրելով վերացնել Դատարանի 26.09.2024 թվականի որոշումը և ուղարկել Դատարան՝ նոր քննության։ Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է նաև վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Կոմիտեի միջնորդությունը, որում նշվել է, որ Դատարանի 26.09.2024 թվականի որոշումը Կոմիտեում մուտքագրվել է 18.10.2024 թվականին և այն մինչ օրս հրապարակված չէ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում, որի պայմաններում վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը Կոմիտեի ներկայացուցիչը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով (հատոր 2-րդ, գ.թ. 24-49)։

Վերաքննիչ դատարանը 28.11.2024 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «(…) բողոքարկվող դատական ակտը կայացվել է 26.09.2024 թվականին և պարտատեր ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այն ստացել է 18.10.2024 թվականին /…/, հետևաբար Բողոքաբերը դատական ակտը բողոքարկելու հնարավորություն ունեցել է մինչև 0211.2024 թվականը, մինչդեռ վերջինիս կողմից առաջին վերաքննիչ բողոքը ներկայացվել է 08.11.2024 թվականին, իսկ շտկված վերաքննիչ բողոքը 20.11.2024 թվականին», ինչպես նաև նշել է, որ «Դատարանի 26.09.2024 թվականի որոշման դեմ բողոքը 08.11.2024 թվականին ներկայացնելով Բողոքաբերը բաց է թողել այն բողոքարկելու համար օրենքով սահմանված ժամկետը, իսկ սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու համար որևէ հիմնավորում չի ներկայացրել, ավելին՝ Բողոքաբերը չի հերքել դատական ակտը 18.10.2024 թվականին ստանալու փաստը», գտել է, որ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Կոմիտեի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա են մերժման։

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունները չեն բխում ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ Սահմանադրական դատարանի ու ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումներից այն առումով, որ Դատարանի 26.09.2024 թվականի «Ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման բովանդակությանը Կոմիտեն ծանոթանալու իրական հնարավորություն է ունեցել միայն 18.10.2024 թվականին, այսինքն՝ դատական ակտը կայացվելու օրվանից քսաներկու օր անց, երբ փոստային առաքման եղանակով ստացել է այն, և այդ պահից սկսած Կոմիտեն համարվում է դատական ակտի մասին արդյունավետ կերպով տեղեկացված: Բողոքարկման իրավունքի լիարժեք իրացումն ապահովելու տեսանկյունից կարևոր է հաշվի առնել բողոք բերած անձի կողմից դատական ակտին իրապես ծանոթացած լինելու հանգամանքը, ինչը կարող է հաստատվել այն դեպքում, երբ դատական ակտը տվյալ անձին հասանելի է դարձել այնպիսի եղանակով, որն իրական հնարավորություն է ստեղծել տվյալ դատական ակտին ծանոթանալու, բովանդակությունը բացահայտելու և դրա դեմ համապատասխան բողոք ներկայացնելու համար։

 Դատարանի 26.09.2024 թվականի «Ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին» որոշումը հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, որի բողոքարկման ժամկետը հաշվարկելու համար Վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդուներ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը և 202-րդ հոդվածի 1-ին մասը, որի պայմաններում այն կարող էր բողոքարկվել այդ որոշումը կայացվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Դատարանի «Ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին» որոշումը կայացվել է 26.09.2024 թվականին, Կոմիտեն այդ որոշումն ստացել է 18.10.2024 թվականին, իսկ վերջինիս կողմից առաջին անգամ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 08.11.2024 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո, բայց դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ժամկետում, և պատճառաբանելով, որ Դատարանի 26.09.2024 թվականի «Ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին» որոշումը ստացվել է 18.10.2024 թվականին, միջնորդել է վերականգնել վճռաբեկ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը ենթակա էր վերականգնման՝ նկատի ունենալով Դատարանի դատական ակտը կայացնելու և այն բողոքաբերի կողմից փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Դրա արդյունքում չի ապահովվել և չի երաշխավորվել վերաքննիչ բողոք բերած անձի՝ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը, իսկ դրա հետևանքով՝ դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի ու 202-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 28.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան