ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍնԴ/0168/04/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.11.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0168/04/23

2025 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0168/04/23

Նախագահող դատավոր`

 Լ. Հովհաննիսյան

Դատավորներ`

 Լ. Սարգսյան

 Ի. Բաղմանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի նոյեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ալվարդ Չիթչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2024 թվականի որոշման դեմ՝ սնանկության գործով ըստ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ Ալվարդ Չիթչյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ալվարդ Չիթչյանին ճանաչել սնանկ։

Սնանկության դատարանի 07032023 թվականի վճռով դիմումը բավարարվել է։

Սնանկության դատարանի 12.05.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պարտապանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողովը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2023 թվականի որոշմամբ Ալվարդ Չիթչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 12.05.2023 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը վերացվել է, և հարցն ուղարկվել է նոր քննության:

Սնանկության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) 14.11.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պարտապանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողովը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.02.2024 թվականի որոշմամբ Ալվարդ Չիթչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 14.11.2023 թվականի «Պահանջների օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը որոշելու և պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը բողոքարկված՝ Բանկի պահանջի հաստատման մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալվարդ Չիթչյանը (ներկայացուցիչ Գեորգի Մարտիրոսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 331-րդ ու 332-րդ հոդվածները, 335-րդ հոդվածի 2-րդ կետը, 881-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի իրավունքի իրականացման կապակցությամբ կիրառման է ենթակա հայցային վաղեմություն։ Տվյալ դեպքում Բանկը տեղյակ է եղել իր կողմից 06.07.2010 թվականի թիվ *****1 վարկային պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) և 06.07.2010 թվականի անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) թիվ *****2 պայմանագրով սահմանված վարկը ժամանակացույցով վերադարձնելու պարտավորության կետանցված լինելու մասին, ինչը հաստատվում է Բանկի 04.12.2015 թվականի և 28.03.2018 թվականի բռնագանձման ծանուցումներով։ Այդ ծանուցումների իրականացման ժամանակահատվածից սկսել է հոսել Բանկի իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, որը Բանկը բաց է թողել։

Հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, թե Բանկի պահանջների մասով հայցային վաղեմությունը սկսում է հոսել 04.07.2025 թվականից, քանի որ ստացվում է, որ Բանկը որևէ պահանջ, որը բխում է Պայմանագրից, չի կարող ներկայացնել մինչև 04.07.2025 թվականը, հետևաբար Բանկը չէր կարող պահանջել ժամկետը դեռևս չլրացած Պայմանագրի կատարում։

Բանկի՝ ամբողջ պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու իրավունքի նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմություն, քանի որ իր խախտված իրավունքի պաշտպանության համար Բանկը պարտավոր էր մինչև 28.03.2021 թվականը դատարան հայց ներկայացնել կամ դիմում՝ Սնանկության դատարան։ Մինչդեռ Բանկը Սնանկության դատարան դիմել է 19.01.2023 թվականին, ինչի պայմաններում, եթե ոչ ողջ վարկի մասով, ապա մինչև 19.01.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար վարկը վերադարձնելու պահանջի մասով կիրառման է ենթակա հայցային վաղեմությունը։ Վերոգրյալը պայմանավորված է նրանով, որ Պայմանագրով սահմանվել է մարումների ժամանակացույց՝ ամենամսյա վճարումների տեսքով, հետևաբար առնվազն մինչև 19.01.2020 թվականն ընկած ժամանակահատվածում չկատարված յուրաքանչյուր պարտավորության նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմություն։

 

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել 04.12.2015 թվականի և 28.03.2018 թվականի բռնագանձման ծանուցումները, չի մեկնաբանել Պայմանագրի 2.1.4. ենթակետը և 06.07.2010 թվականի անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) թիվ *****3 պայմանագրի 6.4. կետի «ա» ենթակետը։ Վերաքննիչ դատարանը նաև բացառել է իր՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի կիրառությունն այն պայմաններում, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքն այս կապակցությամբ որևէ հատուկ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից տարբերվող կարգավորումներ չի պարունակում։

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, դրանց իրավական գնահատականը տալուց դուրս է եկել ապացուցման ենթակա փաստերի շրջանակից՝ անտեսելով այն փաստը, որ Բանկը կրել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության մեջ նշված փաստերը հերքելու պարտականություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ մերժելով Բանկի պահանջը պահանջների վերջնական ցուցակում ներառելու մասը՝ դրա հայցային վաղեմությունը լրացած լինելու հիմքով, կամ ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը` ամբողջությամբ բեկանելով Վերաքննիչ դատարանի 12.02.2024 թվականի որոշումը՝ բեկանված մասով գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկի՝ որպես վարկատու-գրավառուի և Ալվարդ Չիթչյանի՝ որպես վարկառուի միջև 06072010 թվականին կնքվել է Պայմանագիր, որի 1.1-ին համաձայն՝ Բանկը Վարկառուին տրամադրել է 9.000.000 ՀՀ դրամ վարկ, 15 տարի ժամկետով, որն ամբողջությամբ ենթակա է մարման մինչև 04.07.2025 թվականը։

 Պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն՝ վարկը տրամադրվել է տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով։

 Պայմանագրի 1.4-րդ կետի համաձայն՝ վարկառուն վարկի մասնակի մարումները և վարկի օգտագործման համար հաշվեգրված տոկոսների վճարումները պետք է կատարի համաձայն Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելված 1-ի։

 Պայմանագրի 2.1.4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ Բանկն իրավունք ունի Վարկառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնել վարկը, դրա նկատմամբ փաստացի վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարները և տույժերը, եթե վարկառուի կողմից երկու և ավելի անգամ խախտվել են մարումների ժամանակացույցով սահմանված մարումների ժամկետները։

 Պայմանագրի 2.4.2-րդ կետի համաձայն՝ վարկառուն պարտավոր է մարումների ժամանակացույցով սահմանված ժամկետներում մարել վարկը և վճարել վարկի դիմաց հաշվարկված տոկոսագումարները (հավելված 1-ին, գ.թ. 11,12).

2) 03.05.2017 թվականին կատարվել է վերջին վճարումը՝ 108280 ՀՀ դրամ, որպես ժամկետանց գումարի տոկոսի մարում և 288082,90 ՀՀ դրամ՝ տոկոսների տույժի մարում (հավելված 1-ին, գ.թ. 23)

3) Բանկը Ալվարդ Չիթչյանին սնանկ ճանաչելու պահանջով 19.01.2023 թվականին դիմել է դատարան (հավելված 1-ին, գ.թ. 3-6)

4) Բանկի դիմումը բավարարելու արդյունքում Դատարանի 07032023 թվականի վճռով Ալվարդ Չիթչյանը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ.թ. 65-79)

5) Բանկը 26.04.2023 թվականին դիմումով խնդրել է գրանցել պարտապան Ալվարդ Չիթչյանի նկատմամբ իր ապահովված պահանջը՝ 26.511.857 ՀՀ դրամ գումարի չափով, ինչպես նաև՝ 200.000 ՀՀ դրամ և 3.000 ՀՀ դրամ չապահովված պահանջները (հավելված 1-ին, գ.թ. 112-117)

6) Ալվարդ Չիթչյանը 30102023 թվականին Դատարան է ներկայացրել Բանկի պահանջի դեմ առարկություն՝ խնդրելով կիրառել Բանկի բոլոր պահանջների մասով հայցային վաղեմություն (հատոր 3-րդ, գ.թ. 11,12)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ և 881-րդ հոդվածները։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ

(Ա) մեկ պայմանագրից ծագած և շարունակական բնույթ ունեցող իրավահարաբերություններում ժամանակացույցով սահմանված պարբերական կատարում ենթադրող պարտավորությունների նկատմամբ հայցային վաղեմության կիրառման առանձնահատկություններին,

(Բ) պարտատիրոջ պարտավորությունը վաղաժամկետ կատարելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու իրավական հնարավորության հարցին։

 

(Ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

Անդրադառնալով նշված իրավանորմերի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը (տե'ս Հարություն Ղարագոզյանն ընդդեմ Կարեն Ղազարյանի թիվ ԵՄԴ/0529/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե´ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ (կետանցով) կատարելու արդյունքում պարտատիրոջ մոտ ծագում է դրա հետևանքով իր խախտված իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ կատարելու, այդ թվում սահմանված կարգով դատարան հայց հարուցելու իրավունքը: Ընդ որում, այդ իրավունքի իրացումը պետք է կատարվի հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, քանի որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Բացի այդ, նույն որոշմամբ քննարկելով ինքնուրույն գործարքների հիմքով շարունակական բնույթ ունեցող իրավահարաբերություններին և դրանցով պայմանավորված պարտավորությունների առաջացումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ գործարքներից յուրաքանչյուրի կատարման ժամկետի ավարտով պարտավորությունը կարող է համարվել կետանցված և առիթ հանդիսանալ իրավունքների պաշտպանության հայց հարուցելու համար: Ընդ որում, առանձին գործարքների պարագայում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսում է դրանցից յուրաքանչյուրով պարտավորության կատարման կետանցման օրվանից, այսինքն՝ այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե'ս «Տեմպո Լիբերո» ՍՊԸ-ն ընդդեմ «Էն Ուայ Սթայլ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0006/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով վաղեմության ժամկետների սահմանման նպատակներին, նշել է, որ այն հետապնդում է մի շարք կարևոր նպատակներ, ինչպիսիք են՝ ապահովել իրավական որոշակիությունը՝ սահմանելով ժամկետներ դատարան դիմելու համար, պաշտպանել պոտենցիալ պատասխանողին ուշացած հայցերից, որոնց հակադարձելը կարող է դժվար լինել, կանխել այն անարդարությունը, որը կարող է տեղի ունենալ, եթե դատարանները որոշում կայացնեն հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ հիմնվելով այնպիսի ապացույցների վրա, որոնց այլևս չի կարելի վստահել, և որոնք ժամանակային գործոնով պայմանավորված դարձել են թերի (տե՛ս Սթաբբինգսն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 22083/93 և 22095/93 գանգատներով Եվրոպական դատարանի 22101996 թվականի վճիռը, կետ 51)։

Վերոգրյալ իրավական նորմերի և դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկարատև անգործությունը, որը ցուցաբերում է պարտատերը, վկայում է նրա անտարբերության մասին իր իրավունքի նկատմամբ, իսկ այդ ժամանակահատվածն առաջացնում է պարտապանի մոտ հիմնավորված ակնկալիք, որ պարտատերը հրաժարվել է իր պահանջից։

Հայցային վաղեմության ինստիտուտի կարևորագույն տարրերից մեկն է նրա ընթացքի սկիզբը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, որպես ընդհանուր կանոն, հայցային վաղեմության ընթացքի սկիզբ սահմանված է այն օրը, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Միևնույն ժամանակ, այն պարտավորությունների դեպքում, որոնց կատարման համար նախատեսված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ պարտավորությունների կատարման ժամկետի ավարտման օրվանից։

Մեկ պայմանագրի հիման վրա առաջացած շարունակական բնույթ ունեցող իրավահարաբերություններում ժամանակացույցով սահմանված պարբերական կատարում ենթադրող պարտավորությունների դեպքում առկա են երկու հիմնական ժամկետներ՝ պայմանագրի գործողության վերջնաժամկետ և պարբերաբար կատարման ենթակա պարտավորությունների ժամանակացույցով սահմանված ժամկետներ։ Ժամկետով որոշված յուրաքանչյուր պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո պարտատերը հնարավորություն է ստանում իմանալու՝ այդ պարտավորությունը խախտվել է, թե ոչ, և ըստ այդմ՝ պահանջելու առանձին պարտավորության կատարում։ Ավելին, ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր կետանցված պարտավորության նկատմամբ հաշվեգրվում են տոկոսներ, տույժեր և այլն։ Հետևաբար, թեկուզև մեկ գործարքով սահմանված, սակայն առանձին կատարման ժամկետներով որոշված յուրաքանչյուր պարտավորության կետանցի դեպքում կատարման ժամկետը լրանալուց հետո սկսվում է հայցային վաղեմության ժամկետի ընթացքն այդ մասով, քանի որ վերջինիս նկատմամբ տարածվում է կատարման որոշակի ժամկետով որոշված պարտավորությունների նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեկ գործարքով սահմանված, սակայն առանձին կատարման ժամկետներով որոշված յուրաքանչյուր պարտավորության կետանցի դեպքում առկա է անձի խախտված իրավունք, ինչպես նաև այդ մասով դատական կարգով պաշտպանություն իրականացնելու հնարավորություն, հետևաբար նման պայմանների առկայությունը ենթադրում է հայցային վաղեմության կիրառություն։

Շարադրվածի լույսի ներքո անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված առաջին իրավական հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հայցային վաղեմության ժամկետը հաշվարկելու կանոնը տարածվում է մեկ պայմանագրի հիման վրա առաջացած երկարատև, շարունակական իրավահարաբերություններում ժամանակացույցով սահմանված պարբերական կատարում ենթադրող յուրաքանչյուր պարտավորության նկատմամբ։

 

(Բ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի համաձայն`

1. Վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

2. Վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե փոխառության պայմանագրով նախատեսված է փոխառությունը վերադարձնել մաս առ մաս (տարաժամկետ), ապա փոխառուի կողմից փոխառության հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի պահանջել վերադարձնելու փոխառության մնացած ամբողջ գումարը` հասանելիք տոկոսների հետ միասին:

Անդրադառնալով պարտատիրոջ պարտավորությունը վաղաժամկետ կատարելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու իրավական հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորությունը վաղաժամկետ կատարելու պահանջը պարտատիրոջ իրավունքն է, որից վերջինս օգտվում է իր հայեցողությամբ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Այնուամենայնիվ, պարտատիրոջ կողմից պարտավորությունը վաղաժամկետ կատարելու պահանջի իրավունքն իրացվելու դեպքում հայցային վաղեմություն կիրառելու հարցը որոշելու համար անհրաժեշտ է վերլուծել կողմերի վարքագիծը։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ քիչ չեն այն դեպքերը, երբ պարտատիրոջ ծանուցումն ունի պարտավորությունը վաղաժամկետ կատարելու պահանջի իրավունքը իրացնելու հնարավորության մասին տեղեկատվություն փոխանցելու կամ իրազեկելու նպատակ, ուստի նման բովանդակություն կրող ծանուցումից հնարավոր չէ աներկբայորեն հետևության հանգել, որ պարտատերն իրացրել է պարտավորությունը վաղաժամկետ կատարելու պահանջի իր իրավունքը։ Նշված իրավիճակում պարտատերը դեռ կարող է պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ իրացնել պարտավորությունը վաղաժամկետ կատարելու պահանջի իրավունքը՝ ներկայացնելով համապատասխան պահանջ։ Նշվածը հիմք է տալիս եզրահանգելու, որ պարտավորությունը վաղաժամկետ կատարելու պահանջը պետք է լինի հստակ և աներկբայորեն նման պահանջից պետք է հետևի, որ պարտատերը իրացնում է իր իրավունքը և չի ցանկանում իրավահարաբերությունը շարունակել նախապես հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետներով։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության ժամկետ կիրառելու և հաշվարկելու համար յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկման առարկա դարձնել, ի թիվ այլնի, նաև հետևյալ հարցերը

 - արդյո՞ք պարտատիրոջ կողմից պարտապանին ներկայացվել է պարտավորությունը վաղաժամկետ կատարելու պահանջ,

- ի՞նչ բնույթ ունի պահանջը,

- արդյո՞ք պահանջը վերաբերում է ամբողջ պարտավորությանը, թե՞ կետանցված մասին,

- ինչքանո՞վ է հստակ ու որոշակի (նաև ստացող անձի համար) ներկայացված պահանջը,

- ե՞րբ է այն ներկայացվել,

- ո՞ր պահից է պահանջվում ամբողջ պարտավորության վաղաժամկետ կատարումը։

Շարադրվածի լույսի ներքո անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված երկրորդ իրավական հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբողջ պարտավորության՝ հասանելիք տոկոսների հետ միասին, վաղաժամկետ կատարում պահանջելու պարտատիրոջ իրավունքի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառվում է, եթե պարտատիրոջ կողմից ամբողջ պարտավորությունը վաղաժամկետ կատարելու վերաբերյալ պարտապանին ներկայացվել է հստակ ու որոշակի պահանջ, որում ամրագրված՝ պարտավորության կատարում պահանջող վերջնաժամկետի հաջորդ օրվանից էլ սկսում է հոսել հայցային վաղեմության եռամյա ժամկետը։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

 Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 14.11.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պարտապանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողովը նաև այն պատճառաբանությամբ, որ՝

 - «Ինչ վերաբերում է հայցային վաղեմության ժամկետի սկզբի հաշվարկին, դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հայցային վաղեմության ընթացքը պետք է հաշվարկել թիվ V10-010725 վարկային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո՝ 2025թ. հուլիսի 05-ից:

 Պարտապանի կողմից առնվազն երկու և ավելի անգամ պայմանագրի հավելվածով (ժամանակացույց) ստանձնած ամսական վարկի մարումներն անպատշաճ կատարելու հետևանքով պարտավորությունը դարձել է ժամկետանց, ինչի հիմքով և պայմանագրի ուժով բանկը ձեռք է բերել ամբողջ վարկը, դրա նկատմամբ փաստացի վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարները և տույժերը վարկառուից վաղաժամկետ վերադարձնելու պահանջի իրավունք»,

 - «Տվյալ դեպքում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն Ալվարդ Սպարտակի Չիթչյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել 19.01.2023թ.-ին, իսկ սույն պահանջը ներկայացրել է 26.04.2023թ.-ին, այսինքն, պայմանագրի գործողության ընթացքում՝ մինչև պայմանագրով սահմանված պարտավորության կատարման ժամկետի լրանալը, հետևաբար տվյալ պահանջի համար հայցային վաղեմություն կիրառվել չի կարող, քանի որ տվյալ պայմանագրի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը կարող է սկսել բացառապես 2025թ. հուլիսի 05-ից»։

 Վերաքննիչ դատարանը, քննելով Ալվարդ Չիթչյանի բերած վերաքննիչ բողոքը, 12.02.2024 թվականին որոշում է կայացրել Ալվարդ Չիթչյանի վերաքննիչ բողոքը մերժելու, Դատարանի 14.11.2023 թվականի «Պահանջների օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը որոշելու և պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը բողոքարկված՝ Բանկի պահանջի հաստատման մասով, անփոփոխ թողնելու մասին նաև այն պատճառաբանությամբ, որ՝

 - «կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված՝ վարկի մարման ժամանակացույցի խախտման հիմքով պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու հնարավորությունը հանդիսանում է Բանկի (վարկատուի) իրավունքը, այլ ոչ թե պարտականությունը, և որևէ կերպ չի ազդում պայմանագրով սահմանված պարտավորության կատարման վերջնաժամկետի վրա՝ փոփոխելով այն կամ դադարեցնելով դրա իրավական ուժը»,

 - «կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված չէ որևէ դրույթ, որի ուժով պայմանագրի վաղաժամկետ կատարման պահանջի ներկայացման հիմքով վարկի մարման վերջնաժամկետն է դառնում պարտավորության վաղաժամկետ կատարման պահանջի ներկայացման օրը կամ մարման ժամանակացույցի խախտման օրը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Բանկը, ունենալով Պարտապանի հետ կնքված պայմանագրի հիման վրա ծագած քաղաքացիական հարաբերություններում իր իրավունքները և դրանց պաշտպանության եղանակներն ազատորեն և սեփական հայեցողությամբ տնօրինելու հնարավորություն, զրկված չէր Պարտապանի կողմից պարտավորության կետանցման պարագայում կա՛մ վաղաժամկետ պահանջելու պարտավորության կատարումը, կա՛մ սպասելու վարկի մարման վերջնաժամկետի լրանալուն և նշված ժամանակահատվածից հետո իրացնելու իր իրավունքները, սակայն պահանջի իրավունքը վաղաժամկետ իրացնելը բոլոր դեպքերում չի կարող գնահատվել որպես վարկի մարման վերջնաժամկետը փոփոխության ենթարկող Բանկի գործողություն, ուստի վարկի չվերադարձման դեպքում իրավունքի խախտման պահը պետք է դիտարկվի դրա վերադարձման վերջնաժամկետի դրությամբ պարտավորության ամբողջական չկատարումը, սույն դեպքում՝ 04.07.2025 թվականը»։

 - «Վերաքննիչ դատարանը հերքված է համարում Դատարանին վերագրվող նյութաիրավական նորմերի խախտումները և գտնում է, որ Դատարանի եզրահանգումն առ այն, որ. «(...) Տվյալ դեպքում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն Ալվարդ Սպարտակի Չիթչյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել 19.01.2023թ.-ին, իսկ սույն պահանջը ներկայացրել է 26.04.2023թ.-ին, այսինքն, պայմանագրի գործողության ընթացքում՝ մինչև պայմանագրով սահմանված պարտավորության կատարման ժամկետի լրանալը, հետևաբար տվյալ պահանջի համար հայցային վաղեմություն կիրառվել չի կարող, քանի որ տվյալ պայմանագրի նկատմամբ հայցային վաղեմություն ժամկետի հաշվարկը կարող է սկսել բացառապես 2025թ. հուլիսի 05-ից (...)» հիմնավոր է, բխում է կիրառելի նյութական նորմերի և կողմերի միջև կնքված պայմանագրի պայմանների համադրված և ճիշտ մեկնաբանումից»։

 

 Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

 Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Պայմանագրի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը կարող է սկսել բացառապես վերջինիս գործողության վերջնաժամկետից՝ 2025 թվականի հուլիսի 5-ից, չի կիրառել հայցային վաղեմություն։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայակոչված իրավական դիրքորոշումների համատեքստում ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր պարտավորության համար պետք է կիրառել հայցային վաղեմություն՝ յուրաքանչյուր անգամ քննարկելով վերջինիս երեք հիմնական բաղադրիչները՝ հայցային վաղեմության սկիզբը, ընդհատումը և ավարտը։

 Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բացառել է նաև հայցային վաղեմության կիրառությունը Բանկի՝ պարտավորությունը վաղաժամկետ կատարելու պահանջի նկատմամբ։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Բանկի՝ ամբողջ պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու իրավունքի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման հարցը քննարկելիս կարևոր է բացահայտել ու գնահատել կողմերի վարքագիծը՝ քննարկելով Վճռաբեկ դատարանի կողմից վերը շարադրված հարցերը։

 Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Ալվարդ Չիթչյանի հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և հաստատելով Բանկի պահանջը, սխալ է մեկնաբանել նյութական իրավունքը, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։

 Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանված կանոնները՝ Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ «(...) սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը:

 Տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը կարգավորում են սնանկության գործով ներկայացված պահանջների և դրանց դեմ առարկությունների քննության կարգը, մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը սահմանում է պահանջների քննության և հաստատման երկու դատավարական ընթացակարգ, որոնցից առաջինը վերաբերելի է այն դեպքերին, երբ պահանջների դեմ առարկությունները բացակայում են, իսկ երկրորդը՝ այն դեպքերին, երբ ներկայացված պահանջը առարկվել է կառավարչի, պարտապանի կամ պարտատիրոջ կողմից:

 (...)

 (...) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը առարկությունների բացակայությամբ պահանջների հաստատման հարցը լուծելիս դատարանի համար սահմանել է առանց նիստ հրավիրելու պահանջների վերջնական ցուցակը հաստատելու պարտականություն, մինչդեռ առարկված պահանջների առկայության պայմաններում նման արգելք սահմանված չէ, ինչը ենթադրում է, որ դատարանն, ըստ էության, զրկված չէ նման անհրաժեշտություն տեսնելու պարագայում պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը որոշելու համար դատական նիստ հրավիրելու և լրացուցիչ դատավարական գործողություններ ձեռնարկելու հնարավորությունից, որպիսի լիազորությունը, սակայն, կրում է հայեցողական բնույթ և կախված է կոնկրետ գործով նման անհրաժեշտության առկայությունից

 (...) ի տարբերություն քաղաքացիական դատավարության, սնանկության դատավարությունում՝ դրա առանձնահատկություններից ելնելով, բացակայում են գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու, ինչպես նաև գործը դատաքննությանը նախապատրաստելու հետ կապված դատավարական մի շարք ընթացակարգեր (մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները), որոնք, սակայն, հանդիսանում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի կիրառման պարտադիր պայմաններ և սնանկության վարույթում դրանց իրականացման հնարավորության բացակայությունն ինքնին անհնարին է դարձնում նախնական դատական նիստում հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննության մասին քաղաքացիադատավարական նորմերի ուղղակի կիրառելիությունը (...)»։

 Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ դատական ակտը Ալվարդ Չիթչյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով բեկանելու և բեկանված մասով գործը Սնանկության դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ որպես գործի նոր քննության ծավալ սահմանելով վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում Ալվարդ Չիթչյանի ներկայացրած հայցային վաղեմության միջնորդությունը լուծելու, պահանջների օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը որոշելու և պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ քննությունը՝ Բանկի պահանջի հաստատման մասով։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2024 թվականի որոշումը վերացնել և գործը՝ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության պահանջը հաստատելու մասով, ուղարկել Սնանկության դատարան՝ նոր քննության։

 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

_________________________

1 Առկա է անձնական տվյալ

2 Առկա է անձնական տվյալ

3 Առկա է անձնական տվյալ

 

Նախագահող և զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2026 թվական: