ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 611-Ա |
«06» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հրայր Մանգասարյանի 2026 թվականի հունվարի 7-ի թիվ Դ-516-26 դիմումի (այսուհետ՝ նաև Դիմում) հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
Դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2026 թվականի հունվարի 26-ին ժամը 11.00-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Հրայր Մանգասարյանը:
Ուսումնասիրելով Դիմումը, ի լրումն Դիմումի՝ 2026 թվականի հունվարի 26-ին ներկայացված թիվ Դ-7331-26 դիմումը, Դիմումին կից ներկայացված ապացույցներն ու վարույթի շրջանակներում ստացված տեղեկատվությունը, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի հունվարի 26-ին կազմված արձանագրությունը, գնահատելով Դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Դիմումով, ինչպես նաև լսումների ընթացքում հայտնած դիրքորոշմամբ Հրայր Մանգասարյանը խնդրել է փոխհատուցել 2025 թվականի հունիսի 13-ին Թբիլիսյան խճուղի թիվ 22/9 հասցեի մոտ իր վարած «Toyota Camry» մակնիշի «77 FE 577» հաշվառման համարանիշի ավտոմեքենայով (այսուհետ՝ նաև Ավտոմեքենա) ճանապարհի երթևեկելի մասում գտնվող աղբարկղին բախվելու հետևանքով առաջացած վնասը, որը «Էքսպերտ ֆակտում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ՇԳԳ/120-25Պ դատաապրանքագիտական փորձագիտական եզրակացության համաձայն՝ կազմում է 2.014.000 (երկու միլիոն տասնչորս հազար) ՀՀ դրամ: Հրայր Մանգասարյանը խնդրել է փոխհատուցել նաև դատաապրանքագիտական, դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական փորձաքննությունների դիմաց վճարված գումարները, որոնց հանրագումարը կազմում է 310.000 (երեք հարյուր տասը հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև պատահարից հետո առողջական վիճակի ախտորոշման նպատակով կատարված ծախսը, որը կազմում է 110.000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ:
2025 թվականի մայիսի 7-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB276853 վկայագրի համաձայն՝ «Toyota Camry» մակնիշի «77 FE 577» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Հրայր Մանգասարյանի սեփականությունը:
2025 թվականի հունիսի 13-ին Թբիլիսյան խճուղի թիվ 22/9 հասցեի մոտ «Toyota Camry» մակնիշի «77 FE 577» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ինքնավթարի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի կողմից 2025 թվականի հունիսի 14-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 71367 արձանագրությունը, պատահարի վայրի սխեման, ինչպես նաև կատարվել է վարորդի օրգանիզմում ալկոհոլի պարունակության ստուգում:
«Սաութ էքսպերտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ 25-00014-CRT դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական փորձագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ պատահարի պարագաներում Ավտոմեքենան առջևի մակերևույթի ձախակողմյան շրջանով, մասնավորապես՝ առջևի թափարգելի ձախակողմյան հատվածով, անմիջական փոխազդեցության մեջ է մտել դեպքի պահին ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող աղբարկղի արտաքին մակերևույթի հետ, որից հետո Ավտոմեքենան շարժվելով դեպի առաջ և դեպի աջ, Ավտոմեքենայի ձախ կողային մակերևույթի հատվածներով անմիջական փոխազդեցության մեջ է մտել իր նախընթաց ուղղության երթևեկելի ուղեմասի աջ կողմում գտնվող «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցու բետոնե բազալտածածկ կառույցի հետ: Նույն եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ առաջադրված պայմաններում Ավտոմեքենայի վարորդը տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի պահանջներին ու պայմանավորված լինեին տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը, չեն դիտվում:
«Էքսպերտ ֆակտում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ՇԳԳ/120-25Պ դատաապրանքագիտական փորձագետի եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Toyota Camry» մակնիշի «77 FE 577» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված նյութական վնասի չափի ընդհանուր շուկայական արժեքը՝ մնացորդային մեթոդի կիրառմամբ, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, գնահատվում է 2.014.000 (երկու միլիոն տասնչորս հազար) ՀՀ դրամ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04․10․2013 թվականի որոշումը)։»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Դիմումով ներկայացված վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:
Քննարկվող պարագայում՝ Հրայր Մանգասարյանը Դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը հիմնավորել է 2025 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ 25-00014-CRT դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական և 2025 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ՇԳԳ/120-25Պ դատաապրանքագիտական փորձագիտական եզրակացություններով, հետևաբար վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը ենթակա է գնահատման ներկայացված փորձագիտական եզրակացությունների ապացուցողական նշանակությունը պարզելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:
Որպես վարորդի կողմից պատահարի հանգամանքների և այն կանխելու տեխնիկական հնարավորության բացակայությունը հիմնավորող ապացույց՝ Հրայր Մանգասարյանը մատնանշել է «Սաութ էքսպերտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 25-00014-CRT դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական փորձագիտական եզրակացությունը: Նշված եզրակացության 6-րդ էջի 1-ին պարբերությամբ փորձագետը նշել է հետևյալը. «... տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով (ինչպես երևում է փորձաքննությանը տրամադրված տեսագրությունից) աղբարկղը կոտրվել է, ուստի սույն փորձաքննության ընթացքում կհետազոտվի նմանատիպ՝ նույն կառուցվածքով, չափերով և գույնով համապատասխան նմանատիպ աղբարկղ: Հետազոտման ենթակա աղբարկղը հետազոտվեց ՀՀ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան 46/3 հասցեի մոտ:
....
Պատահարին մասնակից «Toyota Camry» մակնիշի «77 FE 577» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի արտաքին մակերևույթների վրա առկա վերը նկարագրված վնասվածքների և հետքերի համադրության, դրանց առաջացման բնույթի, տեղադրությունների, կոնֆիգուրացիոն առանձնահատկությունների և անհատական չափային մեծությունների ուսումնասիրության և ներկայացված աղբարկղի հետ համադրության արդյունքում, ինչպես նաև՝ փորձաքննությանը տրամադրված տեսագրության ուսումնասիրությունից կարող ենք եզրակացնել, որ պատահարի պարագաներում «Toyota Camry» մակնիշի «77 FE 577» հաշվառման համարանիշի ավտոմեքենան առջևի մակերևույթի ձախակողմյան շրջանով, մասնավորապես՝ առջևի թափարգելի ձախակողմյան հատվածով, անմիջական փոխազդեցության մեջ է մտել դեպքի պահին ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող աղբարկղի արտաքին մակերևույթի հետ, որից հետո «Toyota Camry» մակնիշի «77 FE 577» հաշվառման համարանիշի ավտոմեքենան շարժվելով դեպի առաջ և դեպի աջ, ավտոմեքենայի ձախ կողային մակերևույթի հատվածներով անմիջական փոխազդեցության մեջ է մտել իր նախընթաց ուղղության երթևեկելի ուղեմասի աջ կողմում գտնվող «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցու բետոնե բազալտածածկ կառույցի հետ:»:
Վերոգրյալից հետևում է, որ պատահարի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ փորձագետի կողմից կամայական սկզբունքով ընտրվել է պատահարում տեղ գտած աղբարկղին թվացյալ նույնական մեկ այլ աղբարկղ, մինչդեռ փորձագետը չի հիմնավորել հենց «2968» գրառմամբ աղբարկղը պատահարում տեղ գտած աղբարկղի հետ նույնական լինելը և փորձաքննության առարկա դիտարկելու օբյեկտիվությունը, ավելին, ինչպես նշվել է Դիմումի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կողմից ներկայացված դիրքորոշմամբ, փորձագետը հաշվի չի առել, որ Երևան քաղաքի վարչական տարածքում տեղադրված աղբամանների ֆիզիկական և տեխնիկական հնարավորությունները կարող են տարբեր լինել (նյութերի ամրություն, ճկունություն, մաշվածություն և այլն), քանի որ դրանք արտադրվել և մատակարարվել են տարբեր տարեթվերին։
Վերոգրյալից հետևում է, որ պատահարի հանգամանքները հետազոտելիս «Սաութ էքսպերտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետը հետազոտման է ենթարկել ոչ վերաբերելի օբյեկտ հանդիսացող աղբարկղը, ինչից ելնելով առկա են բավարար հիմքեր փաստելու, որ պատահարի հանգամանքները բացահայտելու մասով փորձագետի եզրահանգումները չեն արտացոլում պատահարի իրական հանգամանքները, ուստի օբյեկտիվ և արժանահավատ չեն:
«Սաութ էքսպերտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետը քննարկվող պատահարի իրադրության պայմանների հաշվառմամբ տեխնիկապես վերլուծելով Ավտոմեքենայի վարորդի գործողությունները՝ նշել է հետևյալը. «.... նախ նշենք, որ փորձաքննությանը ներկայացված տվյալներում բացակայում են տվյալներ «Toyota Camry» մակնիշի «77 FE 577» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ընթացքի արագության վերաբերյալ, հետևաբար, վերջինիս ընթացքի արագությունը, համաձայն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի RL 1-001 կանոնների № 7 հավելվածի 30-րդ կետի՝ կընդունվի բնակավայրերում սահմանված թույլատրելի առավելագույն՝ 60կմ/ժ-ը:
...
Այսինքն՝ նշված պահից սկսած «Toyota Camry» մակնիշի «77 FE 577» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը պետք է տեխնիկական տեսակետից ժամանակին կատարած արգելակումով իր վարած ավտոմեքենայի ընթացքը դանդաղեցնելու և, մինչև այդ աղբարկղին հասնելն, ընդհուպ մինչև ավտոմեքենան կանգնեցնելու, կամ էլ՝ անվտանգ մանրևումով այդ աղբարկղը շրջանցելու համար, իսկ՝ ինչպես հետևում է վերը նկարագրված տեսագրությունից, «Toyota Camry» մակնիշի «77 FE 577» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի գլխավոր լապտերները կադրում երևալու պահից սկսած (....) մինչև իր ընթացքի ուղղության երթևեկելի ուղեմասի երկրորդ երթևեկելի գոտում գտնվող աղբարկղի հետ ընդհարման պահը տևել է 4 վայրկյան:
...
Ստացվում է, որ տվյալ կոնկրետ ճանապարհատրանսպորտային իրադրության պայմաններում իր վարած ավտոմեքենան կանգնեցնելու համար «Toyota Camry» մակնիշի «77 FE 577» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդին տեխնիկական տեսակետից անհրաժեշտ ժամանակամիջոցի մեծությունը կազմում է շուրջ 5 վայրկյան:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
«Սաութ էքսպերտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի վերլուծությունից հետևում է, որ պատահարը վարորդի կողմից կանխելու անհնարինության վերաբերյալ հաշվարկներում, որպես ելակետային տվյալ օգտագործվել է, ոչ թե պատահարին նախորդած պահին Ավտոմեքենայի ընթացքի իրական արագությունը, քանի որ այդ կապակցությամբ հավաստի տվյալ փորձաքննությանը տրամադրված չի եղել, այլ հիմք է ընդունվել բնակավայրերում սահմանված թույլատրելի արագությունը, այսինքն՝ փորձագետն իր հաշվարկում հիմք է ընդունել պատահարի հանգամանքների հետ առնչությունը չհիմնավորված ելակետային տվյալ:
Ասվածից հետևում է, որ պատահարը կանխելու անհնարինությունը բացահայտելու առումով ևս «Սաութ էքսպերտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 25-00014-CRT դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական փորձագիտական եզրակացությունը վերաբերելի և արժանահավատ չէ, ավելին՝ այն զուրկ է օբյեկտիվությունից, քանի որ փորձագետը, չտիրապետելով ավտոմեքենայի ընթացի իրական տվյալներին, կատարել է եզրահանգում այն մասին, որ վարորդի կողմից թույլ չեն տրվել այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասել են ՃԵԿ-ի կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի պահանջներին ու պայմանավորել են տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը:
Այսպիսով՝ «Սաութ էքսպերտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 25-00014-CRT դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշման լույսի ներքո գնահատելու արդյունքում պարզվում է, որ այն չի հանդիսանում պատշաճ ապացույց, ուստի գնահատվում է ոչ վերաբերելի և ոչ արժանահավատ:
Ինչ վերաբերում է «Էքսպերտ ֆակտում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ՇԳԳ/120-25Պ դատաապրանքագիտական փորձագետի եզրակացությանը, ապա այն ոչ միայն չի պարունակում տվյալներ փորձաքննության առարկա գույքի վնասման պատճառների վերաբերյալ, այլև չի պարունակում հղում 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 25-00014-CRT դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական փորձագիտական եզրակացությանը, հետևաբար, հաշվի առնելով պատահարի և դատաապրանքագիտական փորձաքննության իրականացման միջև առկա տևական ժամանակի տարբերությունը, պարզ չէ արդյոք թիվ ՇԳԳ/120-25Պ դատաապրանքագիտական եզրակացությամբ գնահատված վնասը հանդիսանում է 2025 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած պատահարի հետևանքով Ավտոմեքենայի առանձին հատվածները վնասվելու արդյունքում առաջացած վնասը, թե ոչ:
«Էքսպերտ ֆակտում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ՇԳԳ/120-25Պ դատաապրանքագիտական փորձագետի եզրակացության բազմակողմանի հետազոտմամբ պարզվում է, որ այն չի ապացուցում 2025 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած պատահարի և փորձաքննության ժամանակ գնահատված Ավտոմեքենայի վնասվածքների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, հետևապես՝ նշված ապացույցի գնահատմամբ չի հիմնավորվում քննարկվող պատահարի և Դիմումով պահանջված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փաստական հանգամանքներն արդեն իսկ Դիմումի մերժման համար բավարար հիմք են հանդիսանում, ուստի նշված հանգամանքով և վարույթը չբարդացնելու նպատակով պայմանավորված՝ Հրայր Մանգասարյանի կողմից ներկայացված՝ խախտված իրավունքների վերականգնման նպատակով կատարված ծախսերը փոխհատուցելու մասին պահանջն առանձին գնահատման և քննարկման առարկա չի դարձվում, քանի որ այն ածանցվում է հիմնական՝ գույքին պատճառված վնասի փոխհատուցման պահանջից:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2026 թվականի հունվարի 7-ի թիվ Դ-516-26 դիմումին կից ներկայացված նյութերով չի հիմնավորվում 2025 թվականի հունիսի 13-ին Թբիլիսյան խճուղի թիվ 22/9 հասցեի մոտ «Toyota Camry» մակնիշի «77 FE 577» հաշվառման համարանիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի մասում գտնվող աղբարկղին բախվելու հետևանքով առաջացած վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը, նկարագրված պատահարում Երևանի քաղաքապետարանի մեղքի առկայությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ «Սաութ էքսպերտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 25-00014-CRT դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական փորձագիտական եզրակացությունը հանդիսանում է ոչ վերաբերելի և ոչ արժանահավատ ապացույց, իսկ «Էքսպերտ ֆակտում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ՇԳԳ/120-25Պ դատաապրանքագիտական փորձագետի եզրակացությունը հանդիսանում է ոչ վերաբերելի ապացույց, ինչով պայմանավորված գործով մնում են չապացուցված պատահարը վարորդի կողմից կանխելու անհնարինությունն ու պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Հրայր Մանգասարյանի 2026 թվականի հունվարի 7-ի թիվ Դ-516-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|