ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 595-Ա |
«04» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արնոլդ Հովասափյանի 2026 թվականի հունվարի 5-ի թիվ Դ-164-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի հունվարի 5-ի թիվ Դ-164-26 դիմումի քննության կապակցությամբ 2026 թվականի հունվարի 29-ին, ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ, որի մասին ծանուցված Արնոլդ Հովասափյանը լսումներին չի ներկայացել, սակայն Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի հունվարի 29-ի թիվ Դ-7929-26 դիմումով վարույթի առարկայի կապակցությամբ հայտնել է դիրքորոշում և ներկայացրել է լրացուցչի ապացույցներ:
Ուսումնասիրելով 2026 թվականի հունվարի 5-ի թիվ Դ-164-26 և ի լրումն ներկայացված 2026 թվականի հունվարի 29-ի թիվ Դ-7929-26 դիմումները (այսուհետ՝ Դիմումներ), Դիմումներին կից ստացված նյութերը, գնահատելով վարույթի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Դիմումներով ներկայացված փաստարկներով Արնոլդ Հովասափյանը, հաշվի առնելով 2026 թվականի հունվարի 2-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 հասցեի մոտակայքում «Range rover sport 4.4» մակնիշի «37 VX 880» հաշվառման համարանիշի, «Ford Explprer 2.3» մակնիշի «40 AA 405» հաշվառման համարանիշի, «Hongqi E-qm5» մակնիշի «408 HI 61» հաշվառման համարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, խնդրել է պաշտոնապես արձանագրել պատահարի վայրի ճանապարհահատվածում հակասառցային միջոցառումներ իրականացրած չլինելու, ճանապարհի անվտանգ շահագործման և սպասարկման պարտականությունները չկատարելու փաստը և օրենսդրության շրջանակներում ապահովել պատճառված նյութական վնասների ամբողջական փոխհատուցում:
2025 թվականի դեկտեմբերի 18-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB601315 վկայագրի համաձայն՝ «Ford Explprer 2.3» մակնիշի «40 AA 405» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Արնոլդ Հովասափյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի կողմից 2026 թվականի հունվարի 2-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 2020-3700 արձանագրությունը, որի համաձայն՝ նշված օրը Նելլի Մարգարյանի վարած «Range rover sport 4.4» մակնիշի «37 VX 880» հաշվառման համարանիշի, Արնոլդ Հովասափյանի վարած «Ford Explprer 2.3» մակնիշի «40 AA 405» հաշվառման համարանիշի և Դմիտրի Շոլևի վարած «Hongqi E-qm5» մակնիշի «408 HI 61» ավտոմեքենաների մասնակցությամբ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի կապակցությամբ նաև կազմվել է պատահարի վայրի սխեմա:
«Պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի» թիվ N FP21126156 եզրակացության 2.3 կետում փորձագետը նշել է, որ առաջադրված պայմաններում «Range rover sport 4.4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ելնելով երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից, պետք է ղեկավարվեր ՃԵԿ-ի 65-րդ, 66-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, այն է՝ հաշվի առնելով առկա ճանապարհային պայմանները (մերկասառույց)՝ դեպքի վայրի հատվածում ավտոմեքենան պետք է վարեր այնպիսի արագությամբ, որպեսզի ունենար իր վարած ավտոմեքենայի լիարժեք կառավարումն ապահովելու և պատշաճ երթևեկություն իրականացնելու տեխնիկական հնարավորություն՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով ավտոմեքենայի ընթացքի լիարժեք կառավարումն ու կանխելով ավտոմեքենայի անկառավարելի վիճակում տեղաշարժն ու տվյալ պատահարի առաջացումը: Նշված եզրակացությամբ նկարագրված պատահարում հաստատվել է Նելլի Մարգարյանի մեղավորությունը:
2026 թվականի հունվարի 5-ի թիվ Դ-164-26 դիմումի ուսումնասիրության արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից 2026 թվականի հունվարի 15-ին ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հավաստմամբ Երևան քաղաքում ձնմաքրման աշխատանքներն իրականացվել են հրատապ կերպով և աշխատանքներում ներգրավված են եղել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բոլոր առկա ռեսուրսները՝ առաջնահերթությունը տալով առաջնային նշանակություն ունեցող ճանապարհների մաքրմանը, որին հաջորդել է երկրորդային ճանապարհների աղով և ավազով մշակումը։
Դիմումներին կից չեն ներկայացվել «Range rover sport 4.4» մակնիշի «37 VX 880» հաշվառման համարանիշի, «Ford Explprer 2.3» մակնիշի «40 AA 405» հաշվառման համարանիշի, «Hongqi E-qm5» մակնիշի «408 HI 61» հաշվառման համարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության հետևանքով տեղի ունենալու հանգամանքը հիմնավորող, նկարագրված պատահարի պատճառով «Ford Explprer 2.3» մակնիշի «40 AA 405» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու արդյունքում առաջացած ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաև նկարագրված պատահարի արդյունքում առաջացած վնասի փորձագիտական գնահատման վերաբերյալ կազմված եզրակացություն:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:
Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, հետևաբար ենթադրաբար անվտանգ երթևեկություն ապահովված չլինելու պատճառով ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունենալու արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման հարցում Երևանի քաղաքապետը չի հանդիսանում իրավասու պատասխանատու վարչական մարմին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` սույն օրենսգրքի 1076 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով: Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով ապահովագրական պատահարը բնորոշված է որպես նույն օրենքով նախատեսված դեպք կամ իրադարձություն, որի դեպքում ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն պարտավորվում է տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարել ապահովագրական հատուցում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1066-րդ հոդվածի համաձայն՝ կամավոր կամ պարտադիր ապահովագրության կարգով հօգուտ տուժողի իր պատասխանատվությունն ապահովագրած քաղաքացին կամ իրավաբանական անձը, այն դեպքում, երբ պատճառված վնասը լրիվ հատուցելու համար ապահովագրական հատուցումն անբավարար է, հատուցում է ապահովագրական հատուցման և վնասի փաստացի չափի միջև եղած տարբերությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Դիմումներին կից ներկայացված նյութերի, ինչպես նաև Երևանի քաղաքա-պետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից ստացված տեղեկատվության բազմակողմանի հետազոտման և գնահատման արդյունքում կարելի է փաստել, որ դիմումատուի կողմից չի հիմնավորվել «Range rover sport 4.4» մակնիշի «37 VX 880» հաշվառման համարանիշի, «Ford Explprer 2.3» մակնիշի «40 AA 405» հաշվառման համարանիշի, «Hongqi E-qm5» մակնիշի «408 HI 61» հաշվառման համարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության (ձյան կուտակումների մաքրում, պատահարի վայրում ճանապարհի՝ աղով և ավազով մշակում չկատարելու) հետևանքով տեղի ունենալու հանգամանքը, նկարագրված պատահարում «Ford Explprer 2.3» մակնիշի «40 AA 405» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու արդյունքում առաջացած ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև նկարագրված պատահարի արդյունքում առաջացած ենթադրյալ վնասի չափը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Դիմումների հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել ներկայացված պահանջների իրավաչափությունը և ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1066-րդ, 1071.1-րդ, 1072-րդ հոդվածների, «Ավտոտրանս-պորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Արնոլդ Հովասափյանի 2026 թվականի հունվարի 5-ի թիվ Դ-164-26 դիմումով (ի լրումն դիմում՝ 2026 թվականի հունվարի 29-ի թիվ Դ-7929-26) ներկայացված պահանջները մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |