ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 578-Ա |
«30» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գագիկ Մանուչարյանի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ Դ-145094-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ Դ-145094-25 դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները, գնահատելով դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Գագիկ Մանուչարյանը Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ Դ-145094-25 դիմումով, հիմք ընդունելով «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխա-նատվությամբ ընկերության փորձագետների կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին տրված՝ թիվ ՎՊ-25-243-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և թիվ ՎՊ-25-244-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, խնդրել է փոխհատուցել 2025 թվականի հոկտեմբերի 24-ին Ալեք Մանուկյան փողոցի թիվ 4/3 հասցեի մոտ ծառն արմատախիլ լինելու և «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում պատճառված վնասը, որը կազմում է 577.000 (հինգ հարյուր յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամ:
2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ Դ-145094-25 դիմումին կից ներկայացվել է «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի նոյեմբերի 4-ին տրված՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Գ-25/006 եզրակացությունը, որի ապացուցողական նշանակության վերաբերյալ դիտարկումները ներկայացվել են Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի «Դիմումը մերժելու մասին» N 4915-Ա որոշմամբ:
2025 թվականի հունվարի 14-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB122422 վկայագրի համաձայն՝ «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Գագիկ Մանուչարյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Մարաշի բաժնի պետին ուղղված 2025 թվականի հոկտեմբերի 27-ի զեկուցագրի համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ստացված հաղորդման կապակցությամբ Գագիկ Մանուչարյանը ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ նույն օրը, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի կապակցությամբ այց է կատարվել պատահարի հասցե և կազմվել է գրավոր արձանագրություն:
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ՎՊ-25-243-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության համաձայն՝ «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նույն եզրակացության մեջ նկարագրված հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում և պատահարից հետո պատահարի վայրում կատարված տեսաձայնագրություններում առկա՝ նշված ավտոմեքենայի վրա ծառն ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում՝ նշված ավտոմեքենայի վրա ծառն ընկնելու հետևանքով: Նույն եզրակացությամբ փորձագետը հանգել է այն հետևության, որ տեղի ունեցած պատահարի ու «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի՝ նույն եզրակացությամբ նկարագրված հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը ծառի ընկնել է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերն ու վնասվածքները):
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ՎՊ-25-244-ԱՊ ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2025 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ, կազմել է շուրջ 577.000 (հինգ հարյուր յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամ:
Գագիկ Մանուչարյանի և «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2025 թվականի դեկտեմբերի 29-ին կնքվել են «Փորձաքննության կատարման ծառայությունների մատուցման մասին» թիվ ՓԾՊ/243 և թիվ ՓԾՊ/244 պայմանագրերը, որոնցից յուրաքանչյուրի 11-րդ կետի համաձայն՝ մատուցած ծառայությունների գինը սահմանվել է 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ Դ-145094-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրան կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է Գագիկ Մանուչարյանի սեփականությունը հանդիսացող «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի «Դիմումը մերժելու մասին» N 4915-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Մարաշի բաժնում 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ստացված ահազանգի կապակցությամբ կազմված նյութերը, «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ՎՊ-25-243-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և թիվ ՎՊ-25-244-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Գագիկ Մանուչարյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ Դ-145094-25 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին`
«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ՎՊ-25-244-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառն ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 577.000 (հինգ հարյուր յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 160,000 (մեկ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ գումարը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Գագիկ Մանուչարյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|