ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
3 փետրվարի 2026 թ. |
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԽՈՇՈՐ ԿԱՏՎԱԶԳԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
| Սահմանադրական դատարանը` կազմով. | |
|
նախագահող` |
Արման Դիլանյանի, |
| դատավորներ` |
Արտակ Զեյնալյանի (զեկուցող), |
| մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
| Կառավարության ներկայացուցիչ՝ |
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի հունիսի 30-ին ստորագրված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյալ» շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1628-Ա որոշմամբ հավանություն է տվել «2025 թվականի հունիսի 30-ին ստորագրված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին Երևանում՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների հետագա ընդլայնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկու երկրների միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը նպաստելու, համատեղ հետազոտությունների ու մոնիթորինգի իրականացման, ինչպես նաև կատվազգիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների կատարելագործման նպատակով:
2. Համաձայնագրով հիմնադրվում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինք (այսուհետ՝ ԽԿՄԴ/կազմակերպություն), որը Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ հիմնվում է որպես միջկառավարական կազմակերպություն, և որի միջոցով Կողմերը համատեղ կարգավորում են աշխարհի՝ յոթ (7) հիմնական խոշոր կատվազգիների՝ վագրերի, առյուծների, հովազների, ձյունահովազների, պումաների, յագուարների և չիտաների պաշտպանության և պահպանության, ինչպես նաև սոցիալ-բնապահպանական ապագայի ապահովման ընդհանուր մարտահրավերները և աջակցում են կլիմայական տարատեսակ փոփոխությունների անբարենպաստ ազդեցությունները մեղմելու գործընթացին:
3. Համաձայնագրով սահմանվում է, որ կազմակերպությունը պետք է օժտված լինի իրավասուբյեկտությամբ, ինչպես նաև պետք է ունենա այնպիսի իրավունակություն, որը կարող է անհրաժեշտ լինել իր գործառույթների և նպատակների իրագործման համար, մասնավորապես՝ համաձայնագրեր և պայմանագրեր կնքելու, շարժական և անշարժ գույք ձեռք բերելու և օտարելու, ինչպես նաև դատական վարույթ հարուցելու և այդ վարույթի ընթացքում պաշտպանության համար:
4. Համաձայնագրով սահմանվում է, որ կազմակերպության հիմնական կառույցներն են Վեհաժողովը և Քարտուղարությունը, ինչպես նաև Համաձայնագրի VII հոդվածին համապատասխան՝ կարող են ստեղծվել օժանդակ մարմիններ Վեհաժողովի կողմից հավանության արժանանալու դեպքում:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը` փոխադարձության հիման վրա, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
5.1. Հայաստանի Հանրապետության գործողությունները համակարգել այնպիսի ծրագրերի և գործողությունների միջոցով, որոնք ուղղված կլինեն բնակավայրերի, որսի և խոշոր կատվազգիների վիճակի բարելավմանը, այդ թվում՝ խոշոր կատվազգիների պաշտպանությանը և պահպանությանը, նորարարություններին, հետազոտություններին, զարգացմանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանը և նշված ջանքերը գործադրելով՝ սերտորեն համագործակցել և ձգտել փոխշահավետ հարաբերություններ հաստատել համապատասխան հաստատությունների, կազմակերպությունների, պետական և մասնավոր շահագրգիռ Կողմերի և անդամ չհանդիսացող երկրների հետ (հոդված IV, կետեր 1 և 2),
5.2. ներկայացնել և թարմացնել խոշոր կատվազգիների պաշտպանության և պահպանության ծրագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, և այդ նպատակներով ձգտել, որ ԽԿՄԴ համատեղ գործողությունները լինեն շահավետ, ինչպես նաև իրականացնել ծրագրի՝ փոխադարձաբար համաձայնեցված վերլուծական, ներառյալ՝ դրա կարիքների և նպատակների, ներպետական միջոցների և ձեռնարկված կամ ձեռնարկվելիք գործողությունների քարտեզագրում՝ արժեշղթայի և տարածման գործընթացում նշված նպատակներն իրագործելու համար (հոդված IV, կետ 3),
5.3. նշանակել ԽԿՄԴ ազգային համակարգող մարմին, որը Կողմերի միջև հանդես կգա որպես ԽԿՄԴ թղթակիցների մշտական ցանց (հոդված IV, կետ 4),
5.4. Վեհաժողովում նշանակել Հայաստանի Հանրապետության մեկ (1) ներկայացուցիչ մեկ ձայնի իրավունքով (հոդված VII, կետեր 2 և 9),
5.5. ջանքեր գործադրել ԽԿՄԴ-ի կողմից տրամադրվող ֆինանսական կամ օժանդակության այլ տեսակների առավել արդյունավետ օգտագործման համար և այդ օժանդակությունն օգտագործել միայն նախատեսված նպատակներն իրագործելու համար (հոդված IX, կետ 5),
5.6. ԽԿՄԴ-ին տեղեկություն տրամադրել նաև այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունն աշխատում է անդամ չհանդիսացող որևէ այլ կազմակերպության/երկրի/անդամ չհանդիսացող պետության հետ, կամ եթե բացի ԽԿՄԴ-ի կողմից տրամադրվող աջակցությունից՝ խոշոր կատվազգիների պաշտպանության և պահպանության նպատակով որևէ այլ աղբյուրից ստացվում է աջակցություն որևէ այլ ձևով (հոդված XVI, կետ 2):
6. Համաձայնագրի համաձայն՝ ԽԿՄԴ ծրագիրն այնպիսի գործողությունների, նախագծերի և գործունեության ամբողջություն է, որոնք Կողմերը համակարգված եղանակով իրականացնում են Քարտուղարության աջակցությամբ՝ Համաձայնագրի III և IV հոդվածներում սահմանված նպատակներին հասնելու և ուղղորդող սկզբունքները պահպանելու նպատակով: Ծրագրերը կազմված են այնպես, որ ապահովեն առավելագույն մասշտաբի ազդեցություն և հնարավորինս մեծ թվով Կողմերի մասնակցություն: Դրանք ներառում են պարզ, չափելի, իրագործելի, համապատասխան և ժամկետներով պայմանավորված նպատակներ:
Ծրագրի հետ կապված առաջարկները մշակվում են Կողմերի ազգային համակարգող բոլոր մարմինների միջև բաց խորհրդակցությունների միջոցով՝ Քարտուղարության աջակցությամբ, և հիմնված են Կողմերի կողմից տրամադրվող տեղեկությունների վրա: Ծրագրի առաջարկը կարող է ներկայացվել առնվազն երկու Կողմերի կամ Կողմերի խմբերի միջև, կամ Քարտուղարությունը կարող է համալիր գործողությունների ծրագիր (ԳԾ) ներկայացնել, որը ներառում է այն նպատակները, որոնց վերջինս ակնկալում է հասնել՝ ԽԿՄԴ նպատակներին համապատասխան: Քարտուղարությունն ապահովում է, որ ԽԿՄԴ բոլոր ծրագրերը համաձայնեցված լինեն:
7. Կազմակերպության գլխամասային գրասենյակները, այդ թվում՝ Քարտուղարությունը, գտնվում են Հնդկաստանի Հանրապետությունում: Կազմակերպության պաշտոնական լեզուն անգլերենն է, և Կազմակերպությունն ունի դրոշ և խորհրդանշան:
8. Քարտուղարության և Վեհաժողովի գործառական ծախսերը, ինչպես նաև օժանդակ գործառույթների և միջոլորտային գործունեության հետ կապված մյուս բոլոր ծախսերը կազմում են ԽԿՄԴ բյուջեն: Ծախսերը ծածկվում են Կողմերից, ՄԱԿ-ից և դրա ներկայացուցիչներից, ինչպես նաև շահագրգիռ այլ երկրներից և կազմակերպություններից ստացված կամավոր ներդրումների հաշվին, պետական (մասնավոր) ոլորտների նախաձեռնություններից ստացվող կամավոր ներդրումների հաշվին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հնարավոր այլ աղբյուրների հաշվին, Վեհաժողովի կողմից հաստատված կոնկրետ գործունեությունից գոյացող եկամուտների հաշվին:
Հնդկաստանի Հանրապետության կառավարությունը 5 տարվա ընթացքում 18 միլիոն ԱՄՆ դոլարի (մոտավոր) չափով ներդրում է հատկացնելու ԽԿՄԴ-ին՝ հիմնական ֆոնդի ստեղծման, ենթակառուցվածքների կառուցման և շարունակական ծախսերի համար:
9. Համաձայնագրի XVI հոդվածը սահմանում է մտավոր սեփականության իրավունքներին առնչվող կարգավորումները, համաձայն որի` մտավոր սեփականության իրավունքները՝ կապված հետազոտական և տեխնոլոգիական որևէ զարգացման կամ ապրանքների մշակման կամ ծառայությունների մատուցման հետ, որոնք Կողմերի կողմից իրականացվում են համատեղ, կամ հետազոտության արդյունքները, որոնք ստացվել են Կողմերի կողմից համատեղ գործունեություն իրականացնելու ընթացքում գործադրված ջանքերի արդյունքում, պետք է լինեն Կողմերի ընդհանուր սեփականությունը՝ յուրաքանչյուր դեպքում փոխադարձաբար համաձայնեցված պայմաններով:
Մտավոր սեփականության իրավունքները՝ կապված հետազոտական և տեխնոլոգիական որևէ զարգացման կամ ապրանքների մշակման կամ ծառայությունների մատուցման հետ, որոնք մեկ Կողմն իրականացնում է միայնակ և ինքնուրույն, կամ առանձին հանդես եկող Կողմի միայնակ և ինքնուրույն ջանքերի արդյունքում ստացված հետազոտության արդյունքները պետք է լինեն համապատասխան Կողմի սեփականությունը:
Համաձայնագրին համապատասխան՝ ԽԿՄԴ-ի աջակցությամբ իրականացվող ցանկացած տեսակի հայտնագործությունների կամ աշխատանքի նկատմամբ արտոնագրային իրավունքները, հեղինակային իրավունքները կամ նմանատիպ այլ իրավունքներ պատկանում են ԽԿՄԴ-ին, եթե որևէ կոնկրետ դեպքում այլ համաձայնություն առկա չէ:
Կազմակերպության անվան, պատկերանշանի և (կամ) պաշտոնական խորհրդանշանի կիրառումը կազմակերպությանը չառնչվող որևէ հրատարակության, փաստաթղթի և (կամ) ամսագրի վրա՝ առանց Վեհաժողովի նախնական հաստատման, արգելվում է:
10. Համաձայնագրով սահմանվում է, որ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման ենթակա հինգերորդ (5-րդ) փաստաթուղթը, այդ թվում՝ Հնդկաստանի Հանրապետության փաստաթուղթն ի պահ հանձնելու ամսաթվից հետո՝ տասնհինգերորդ (15-րդ) օրը: Անդամակցությունը բաց է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համար:
Դիմումին կից ներկայացված՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգի վերաբերյալ Արտաքին գործերի նախարարության տեղեկանքի համաձայն` 2025 թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ հնդկական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
11. Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Համաձայնագրի XVI հոդվածում ամրագրված «հեղինակային իրավունքներ» եզրույթը Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև միջպետական հարաբերություններում պետք է մեկնաբանվի ու կիրառվի բացառապես հեղինակային իրավունքի մաս կազմող բացառիկ գույքային իրավունքների համատեքստում՝ ապահովելով Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման և ստեղծագործության ազատության, մտավոր սեփականության իրավունքի (Սահմանադրության 42, 43-րդ հոդվածներ և 60-րդ հոդվածի 7-րդ մաս) ու դրանցից բխող, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 8 և 10-րդ հոդվածներով, «Գրական և գեղարվեստական երկերի պահպանության մասին» 1886 թվականի սեպտեմբերի 9-ին Բեռնում ստորագրված կոնվենցիայով, 1996 թվականի դեկտեմբերի 20-ին Ժնևում ստորագրված՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հեղինակային իրավունքի պայմանագրով և այլն), ինչպես նաև ներպետական օրենսդրությամբ երաշխավորվող այնպիսի բացառիկ անձնական ոչ գույքային իրավունքների պաշտպանությունը, ինչպիսիք են հեղինակության, հեղինակի անվան, հեղինակի համբավի և արժանապատվության, հրապարակման և հետկանչի իրավունքները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2025 թվականի հունիսի 30-ին ստորագրված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյալ» շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
3 փետրվարի 2026 թվականի ՍԴՈ-1813 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 փետրվարի 2026 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԽՈՇՈՐ ԿԱՏՎԱԶԳԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1813 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2025 թվականի հունիսի 30-ին ստորագրված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2026 թվականի փետրվարի 3-ի ՍԴՈ-1813 որոշմամբ որոշել է, որ 2025 թվականի հունիսի 30-ին ստորագրված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2026 թվականի փետրվարի 3-ի ՍԴՈ-1813 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1813 որոշմամբ 2025 թվականի հունիսի 30-ին ստորագրված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
Սահմանադրության (152-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, 168-րդ հոդվածի 3-րդ կետ, 169-րդ հոդվածի 3-րդ մաս) և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված։ Ընդ որում, վերը նշված կարգավորումները հնարավոր են համարում այդ հարցով դիմումի ստորագրումը նաև վարչապետի բացակայության ժամանակ վերջինիս փոխարինող փոխվարչապետի կողմից։ Միաժամանակ իմ գնահատմամբ, եթե դիմումը ստորագրվում է ոչ թե վարչապետի, այլ վերջինիս փոխարինող փոխվարչապետի կողմից, Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին պետք է կցվի այդ փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը (դրա պատճենը), քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի փաստել նրա՝ որպես վարչապետին փոխարինող անձի՝ Սահմանադրական դատարանում Կառավարությանն ի պաշտոնե ներկայացնելու լիազորության առկայությունը.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է Հայաստանի Հանրապետության վարչապետի գրության ձևաթղթի վրա կազմված, Տիգրան Խաչատրյանի կողմից Սահմանադրական դատարանին հասցեագրված գրություն1, որով նա, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասով, դիմել է Սահմանադրական դատարան՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։
Մինչդեռ սույն գործի նյութերը հնարավորություն չեն տալիս եզրահանգում կատարել այն մասին, որ Սահմանադրական դատարան դիմած անձն իրավասու էր միջազգային պայմանագրում ամրագված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով Կառավարության անունից դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Մասնավորապես՝ գործի նյութերից պարզ չէ, թե Սահմանադրական դատարան դիմած անձն ինչ կարգավիճակով է Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դիմել Սահմանադրական դատարան, արդյոք նա եղել է վարչապետի բացակայության ժամանակ վերջինիս փոխարինող փոխվարչապետ, թե՝ ոչ, այն դեպքում, երբ ըստ սույն գործի նյութերի՝ նշված դիմումը ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Խաչատրյան»-ի կողմից։
Գտնում եմ, որ դիմողի կողմից ներկայացված՝ գործի նյութերի հիման վրա նշված հարցերը պարզելու հնարավորության բացակայության պայմաններում դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ինչը հիմք էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման, այն է՝ եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին դիմողին տեղեկացնելու համար։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Ընդ որում, էլեկտրոնային ստորագրությունը կարող է էլեկտրոնային փաստաթղթին տալ իրավական նշանակություն այն դեպքում, երբ էլեկտրոնային ստորագրությունը տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով արտահայտվում է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա։
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
___________________________
1 Ինչպես 2025 թվականի նոյեմբերի 21-ին Սահմանադրական դատարան մուտքագրված գրության, այնպես էլ դրան կից ներկայացված՝ Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 1628-Ա որոշման վրա առկա չէ ստորագրություն։
|
Դատավոր` |
Ե. ԽունդկարՅԱՆ |
|
«3» փետրվարի 2026 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2026 թվական: