ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 461-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 461-Ա

«29» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հրայր Թևոսյանի լիազորված անձ՝ Անի Հակոբյանի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ Դ-145276-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:

2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ Դ-145276-25 դիմումի քննության կապակցությամբ 2026 թվականի հունվարի 23-ին, ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ, որին ներկայացել և մասնակցել են Հրայր Թևոսյանն ու վերջինիս լիազորված անձ՝ Անի Հակոբյանը:

Ուսումնասիրելով 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ Դ-145276-25 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), դրան կից ներկայացված և վարույթի շրջանակներում ստացված նյութերը, 2026 թվականի հունվարի 23-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ Դ-145276-25 դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ ներկայացված դիրքորոշմամբ Հրայր Թևոսյանի լիազորված անձ Անի Հակոբյանը, հիմք ընդունելով դիմումում նշված փաստերն ու կից ներկայացված ապացույցները, խնդրել է փոխհատուցել 2025 թվականի օգոստոսի 25-ին Լենինգրադյան, ներկայումս Քըրք Քըրքորյան փողոցի թիվ 48/3 շենքի բակում կայանված՝ Հրայր Թևոսյանի սեփականությունը հանդիսացող «Nissan» մակնիշի «100 LL 02» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա շենքի տանիքից պոկված թիթեղ ընկնելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 182.500 (մեկ հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

2020 փետրվարի 5-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ PB830553 վկայագրի համաձայն՝ «Nissan» մակնիշի «100 LL 02» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է «Աս մետալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը:

Դիմումով բարձրացված հարցի ուսումնասիրության արդյունքում՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 2026 թվականի հունվարի 9-ի գրությամբ տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Լենինգրադյան, ներկայիս՝ Քըրք Քըրքորյան փողոցի թիվ 48/3 շենքը գտնվում է «Լենինգրադյան 48/3» համատիրության կազմում և սպասարկվում, կառավարվում է նշված համատիրության կողմից:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում Մելանյա Ազատյանի հաղորդման կապակցությամբ կազմված «ՀՎՊԳ գ/մ-3739» նյութերում առկա՝ 2025 թվականի օգոստոսի 29-ին կազմված զեկուցագրի համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 25-ին Լենինգրադյան փողոցի թիվ 48/3 շենքի բակում կայանված «Nissan» մակնիշի «100 LL 02» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկել է շենքի տանիքից պոկված թիթեղ, որի արդյունքում վնասվել է ավտոմեքենայի ձախ կողային հայելու կափարիչը և տանիքային հատվածի ձախ կողմը:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Քննարկվող պարագայում, ելնելով վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման Հրայր Թևոսյանը հանդիսանում է Դիմումում նկարագրված պատահարի արդյունքում գույքային վնաս կրած, հետևաբար վնասի փոխհատուցում պահանջելու իրավունք ունեցող սուբյեկտ, թե՞ ոչ, ո՞վ է կրում Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան (նախկինում՝ Լենինգրադյան) փողոցի թիվ 48/3 շենքի, այդ թվում՝ նույն շենքի տանիքի պահպանման և պատշաճ շահագործման պարտականությունը, Դիմումում նկարագրված պատահարի և առաջացած վնասի միջև պատճառահետևանքային կապ առկա է, թե՞ ոչ, Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ գործողություն կամ անգործություն, թե՞ ոչ, առաջացած վնասը հանդիսանում է վարչական մարմնի ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի և անխուսափելի հետևանքը, թե՞ ոչ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Քննարկվող պարագայում՝ «Nissan» մակնիշի «100 LL 02» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը հանդիսանում է «Աս մետալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, մինչդեռ վնասի փոխհատուցման պահանջով Դիմումը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից: Ինչ վերաբերում է լսումների ընթացքում հայտնած այն փաստարկին, որ Հրայր Թևոսյանը հանդիսանում է «Nissan» մակնիշի «100 LL 02» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը շահագործող անձը, ապա այն պահանջն իրավասու անձի կողմից ներկայացված լինելու հանգամանքը հիմնավորող բավարար փաստարկ չի հանդիսանում, քանի որ փոխադրամիջոցը շահագործելու հանգամանքը դիմումատուին չի օժտում վնասի հատուցման պահանջի իրավունքով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինության սեփականատերերը պարտավոր են իրականացնել ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքները (այսուհետ` պարտադիր նորմեր), որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտադիր նորմերի մեջ ներառվում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման, փոստային բաժանորդային պահարանների սպասարկման և այլ միջոցառումներ:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե շինությունների սեփականատերերի կամ շինության կառավարման մարմնի կողմից պարտադիր նորմերը չկատարելու հետևանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա համապատասխան համայնքի ղեկավարն ստուգման կամ ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է համայնքի միջոցներով վերացնել այդ վտանգը` նախօրոք այդ մասին ծանուցելով շինության սեփականատերերին և շենքի կառավարման մարմնին:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր նորմերի պահպանման հարցերում ընդհանուր բաժնային գույքի կառավարման համար շինության սեփականատերերը կարող են ընտրվել շենքի կառավարման մարմին: Մինչև 4 սեփականատեր ունեցող շենքերում պարտադիր նորմերի ապահովումը կարող է իրականացվել նաև ժողովի միջոցով: Նույն հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը կարող է իրականացվել շինության սեփականատերերի կողմից ստեղծված իրավաբանական անձի՝ համատիրության միջոցով:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:

Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

Դիմումի առարկային առնչվող փաստական հանգամանքներով հիմնավորվում է, որ Դիմումում նշված շենքի տանիքի պահպանման և պատշաճ շահագործման ապահովման պարտականություն Երևանի քաղաքապետարանը չի կրում, քանի որ այն գտնվում է նույն բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի սեփականատերերի և «Լենինգրադյան 48/3» համատիրության հոգածության ներքո:

Դիմումը վնասի հատուցման պահանջի իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու, վիճելի իրավահարաբերություններում ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու վերաբերյալ ապացույցների բացակայության պայմաններում առկա են բավարար հիմքեր ներկայացված պահանջն անհիմն գնահատելու և մերժելու համար, սակայն պահանջին առնչվող փաստական հանգամանքների օբյեկտիվ և ամբողջական գնահատում իրականացնելու արդյունքում արձանագրվում է նաև, որ Դիմումին կից, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում չեն ներկայացվել «Nissan» մակնիշի «100 LL 02» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքների առաջացման հանգամանքներն ու վնասի չափը գնահատող՝ հետքաբանական և ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ, հետևաբար վարույթով ապացուցված չէ նաև պատահարի և պահանջված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ Դ-145276-25 դիմումը ներկայացվել է «Nissan» մակնիշի «100 LL 02» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը չհանդիսացող անձի կողմից, Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան (նախկինում՝ Լենինգրադյան) փողոցի թիվ 48/3 բազմաբնակարան բնակելի շենքը կառավարվում է «Լենինգրադյան 48/3» համատիրության կողմից, դիմումատուի կողմից չեն ներկայացվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի պահանջներից բխող՝ 182.500 (մեկ հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի չափով վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը հանդիսանալու վերաբերյալ ապացույցներ, չեն ներկայացվել փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ և չի ապացուցվել պատահարի և ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 163-րդ, 224-րդ, 1058-րդ, 1071.1-րդ հոդվածներով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին Հրայր Թևոսյանի լիազորված անձ Անի Հակոբյանի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ Դ-145276-25 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան