ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 354-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
23.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 354-Ա

«23» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Մարինե Մելոյան Գևորգյանի լիազորված անձ՝ Սարգիս Մադաթյանի 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումի քննության կապակցությամբ 2026 թվականի հունվարի 14-ին, ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ, որի մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 07/177867-25 գրությամբ պատշաճ ծանուցվել է դիմումատուի լիազորված անձ Սարգիս Մադաթյանը, ով լսումներին չի ներկայացել, սակայն 2026 թվականի հունվարի 14-ին, ի լրումն 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումի, Երևանի քաղաքապետարան է հասցեագրել թիվ Դ-2910-26 դիմումը:

Ուսումնասիրելով 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումը, դրան կից ներկայացված նյութերը, ի լրումն ներկայացված՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումով, Մարինե Մելոյան Գևորգյանի լիազորված անձ՝ Սարգիս Մադաթյանը, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ, 44-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ, «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքի 21-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ և 95-րդ հոդվածները, խնդրել է, որպես Երևան համայնքի ղեկավարի ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնաս, փոխհատուցել 2025 թվականի նոյեմբերի 26-ին Մարինե Մելոյան Գևորգյանի վարած «Hongqi» մակնիշի «37 ER 338» հաշվառման համարանիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի Մազմանյան փողոցի թիվ 5ա շենքի տարածքով ընթանալիս, տվյալ տարածքում գտնվող բաց դիտահորի մեջ ընկնելու և ինքնավթարի ենթարկվելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 4.540.000 (չորս միլիոն հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:

Ի լրումն 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումի ներկայացված՝ 2026 թվականի հունվարի 14-ի թիվ Դ-2910-26 դիմումով Մարինե Մելոյան Գևորգյանի լիազորված անձ՝ Սարգիս Մադաթյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 128-րդ, 1058-րդ, 1063-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ, 12-րդ, 44-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ, «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքի 21-րդ հոդվածները, խնդրել է 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումով ներկայացված պահանջը դիտարկել նաև քաղաքացիաիրավական տեսանկյունից և փոխհատուցել 2025 թվականի նոյեմբերի 26-ին Մարինե Մելոյան Գևորգյանի վարած «Hongqi» մակնիշի «37 ER 338» հաշվառման համարանիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի Մազմանյան փողոցի թիվ 5ա շենքի տարածքով ընթանալիս, տվյալ տարածքում գտնվող բաց դիտահորի մեջ ընկնելու և ինքնավթարի ենթարկվելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 4.540.000 (չորս միլիոն հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:

2024 թվականի սեպտեմբերի 16-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB960247 վկայագրի համաձայն՝ «Hongqi» մակնիշի «37 ER 338» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Մարինե Մելոյան Գևորգյանի սեփականությունը:

2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումին կից ներկայացվել է «Ի-Ավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գրավոր կազմված՝ գնային առաջարկը, ըստ որի՝ «37 ER 338» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի բարձր լարման մարտկոցի հավաքածուի և դրա փոխարինման արժեքների հանրագումարը կազմում է 4.540.000 (չորս միլիոն հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:

2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 և ի լրումն ներկայացված՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումներին կից չեն ներկայացվել «Hongqi» մակնիշի «37 ER 338» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ինքնավթարի հանգամանքները հետազոտման առարկա դարձրած լինելու, ինչպես նաև պատահարի հետևանքով առաջացած՝ ավտոմեքենայի վնասվածքների հետքաբանական ու ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող և պատահարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման պահանջներին համապատասխան կանխելու անհնարինության վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատված է ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը: Վարույթով չի ապացուցվել նաև «Ի-Ավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավոր առաջարկում նշված 4.540.000 (չորս միլիոն հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ վնասը նկարագրված պատահարի ուղղակի և անմիջական հետևանքը հանդիսանալու հանգամանքը (պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայություն):

2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումի առարկայի ուսումնասիրության շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին տեղեկացվել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծառայությունների մատուցման վարձակալության պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում Ջրային կոմիտեն՝ որպես վարձատու և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը՝ որպես վարձակալ, հետևաբար խնդրի կարգավորումը գտնվում է Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և/կամ սեփականատերերի պատասխանատվության ներքո: Երևան քաղաքի վարչական տարածքում առկա դիտահորերը չեն գտնվում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, հետևաբար չեն սպասարկվում Երևանի քաղաքապետարանի կողմից:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը, որպես պատվիրակված լիազորություն, կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» N 604-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանվել է, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով անհատույց, Երևան քաղաքին են համարվում փոխանցված Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող` նույն կետի 1-ին ենթակետում չներառված` պետական սեփականություն հանդիսացող փողոցները, հրապարակները, տրանսպորտային հանգույցները, հետիոտնի անցումները, այգիները, պուրակները, հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ սահմանված հուշարձանների), արձանները, կիսանդրիները, ջրավազանները, արտաքին լուսավորության ցանցը (այդ թվում` հենասյուները), կամուրջները և այլ ենթակառուցվածքներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ա որոշմամբ սահմանվել են ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները (այսուհետ՝ Կանոններ):

Կանոնների 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ ջրահեռացման համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքներն ապահովելու համար ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունը կազմակերպում է ցանցերի և կառուցվածքների աշխատանքի խախտումների ու վթարների պատճառների վերլուծությունը և մշակում միջոցառումներ՝ դրանք կանխելու և վերացնելու համար:

Կանոնների 68-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ցանցի ստուգայցի և զննման ժամանակ ստուգվում են դիտահորերի արտաքին վիճակը, կափարիչների տեղակայվածությունը, կիպությունը:

Կանոնների 72-րդ կետի համաձայն՝ շահագործման ընթացքում առաջացած թերությունները հայտնաբերելու նպատակով ստուգվում են դիտահորերի պատերի, կոկորդային մասի, ճարմանդների, աստիճանների, մտոցի կափարիչների, առվակների մուտքի և ելքի խողովակների վիճակները, մաքրվում առաջացած նստվածքները, միաժամանակ ստուգվում դիտահորին կից տեղամասերի ուղղագիծ լինելը:

Վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ Երևան քաղաքի վարչական տարածքում առկա դիտահորերը, որոնց թվում և 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումում նկարագրված պատահարի ենթադրյալ պատճառը դարձած դիտահորը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 604-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով չի փոխանցվել Երևան համայնքի սեփականությանը, իսկ 2017 թվականի հունվարի 1-ից գտնվում է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության օգտագործման ներքո, հետևաբար դրա արտաքին տեսքի և կափարիչը փակ վիճակում շահագործումն ապահովելը գտնվում է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության պատասխանատվության ներքո և չի առնչվում Երևանի քաղաքապետարանի գործառույթներին, քանի որ այդ մասով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթները պետության կողմից Երևանի քաղաքապետին չեն վերապահվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 164-րդ և 1071.1-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ Երևան համայնքը, չհանդիսանալով դիտահորի սեփականատեր, քաղաքացիաիրավական հարաբերություններում չի կարող դիտվել այն իրավասու սուբյեկտը, ում սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման պայմանները սահմանված կարգին չհամապատասխանելու արդյունքում ենթադրաբար դիմումատուին պատճառվել է վնաս:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։

Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:

Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, հետևաբար դիտահորի կափարիչը բաց լինելու վիճակով պայմանավորված ենթադրաբար անվտանգ երթևեկություն ապահովված չլինելու պատճառով ինքնավթար տեղի ունենալու արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման հարցում ևս Երևանի քաղաքապետը չի հանդիսանում իրավասու և պատասխանատու սուբյեկտ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումում նկարագրված պատահարում Երևանի քաղաքապետարանի պայմանական մեղավորության դիտարկումը ենթադրում է վերջինիս կողմից ենթադրաբար իր սեփականությունը հանդիսացող գույքը պատշաճ վիճակում չշահագործելու փաստի քննարկում, ինչը տվյալ պարագայում բացառվում է դիտահորը համայնքային սեփականություն չհանդիսանալու փաստի ուժով, ինչի շրջանակներում առանցքային նշանակություն ունի այն հարցերի պարզումը, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորված է եղել քննարկվող պատահարին հանգեցրած ապօրինի գործողություն կամ անգործություն, թե՞ ոչ, արդյո՞ք այն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ոչ իրավաչափ, թե՞ ոչ և արդյո՞ք պահանջված վնասը հանդիսանում է վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:

2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 և ի լրումն ներկայացված՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումներին կից չեն ներկայացվել «Hongqi» մակնիշի «37 ER 338» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ինքնավթարի հանգամանքների փորձաքննության, վթարը կանխելու անհնարինության վերաբերյալ՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից կազմված փորձագիտական եզրակացություններ:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:

Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:

Որպես վնասի չափը հիմնավորող ապացույց՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումին կից ներկայացվել է «Ի-Ավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գրավոր կազմված՝ գնային առաջարկը, որը թեև չի հանդիսանում փորձագիտական եզրակացություն, սակայն դրա ապացուցողական նշանակությունը վերը մեջբերված նախադեպային որոշման մեջ արտահայտված դիրքորոշումներից ելնելով գնահատելիս, կարելի է փաստել, որ այն չի հանդիսանում դիմումատուի կողմից պահանջված վնասը հիմնավորող պատշաճ ապացույց, քանի որ այն չի պարունակում տեղեկատվություն և փորձագիտական եզրահանգումներ գնահատման առարկա գույքի վնասվածքների առաջացման պատճառների և դրանց արժեքների վերաբերյալ, ինչպես նաև չի պարունակում հղում պատահարի հանգամանքների հետազոտման և պատահարից հետո ավտոմեքենայի հատքաբանական փորձաքննության արդյունքում կազմված եզրակացություններին:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 և ի լրումն ներկայացված՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումների հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 2025 թվականի նոյեմբերի 26-ին Մարինե Մելոյան Գևորգյանի վարած «Hongqi» մակնիշի «37 ER 338» հաշվառման համարանիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի Մազմանյան փողոցի թիվ 5ա շենքի տարածքում բաց դիտահորի մեջ ընկնելու ինքնավթարը Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի հիմնավորվել ենթադրաբար պատահարի պատճառ հանդիսացած դիտահորը Երևան համայնքի սեփականությունը հանդիսանալու հանգամանքը, առկա չէ պատահարի վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, դիտահորի կափարիչը բաց վիճակում գտնվելու հանգամանքով պայմանավորված Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ գործողությունը կամ անգործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չի հիմնավորվել պահանջված վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, միաժամանակ, հաշվի առնելով, որ դիտահորերը չեն հանդիսանում համայնքային սեփականություն և չեն գտնվում վերջինիս տնօրինման ու սպասարկման ներքո, ինչպես նաև նկատի ունենալով, որ չեն ներկայացվել դիմումի առարկա փոխադրամիջոցի ավտոտեխնիկական, պատահարի հանգամանքները բացահայտող, փոխադրամիջոցի հետքաբանական, ապրանքագիտական փորձաքննության եզրակացություններ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 163-րդ, 164-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1071.1-րդ հոդվածների, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ա, 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն, 2009 թվականի մայիսի 29-ի N 604-Ն որոշումների՝ սույն որոշման մեջ մեջբերված դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Մարինե Մելոյան Գևորգյանի լիազորված անձ՝ Սարգիս Մադաթյանի 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 և ի լրումն ներկայացված՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Դ-143923-25 դիմումներով ներկայացված՝ 4.540.000 (չորս միլիոն հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով վնասի փոխհատուցման պահանջը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան