ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-2-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հունվարի 23-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց անվանումները չեն ասոցացվում թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ, որոնք օրենքով սահմանված կարգով հրապարակել են իրենց գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կամ չեն կազմակերպում կամ չեն իրականացնում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն, և որոնք հավատարմագրման դիմումի մեջ բացահայտում են դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրները։»:

 

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Հավատարմագրման վերաբերյալ դիմումները և սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրը։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին հավատարմագրման դիմումը, կից փաստաթղթերը և դիտորդների ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար տրամադրվում է օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ։ Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կարող են կատարվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ, բացառությամբ այն դեպքի, երբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հավատարմագրած դիտորդների ցանկը լրացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձով, որը կարող է իրականացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ։».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից ներկայացված դիտորդների վարքագծի կանոնները հրապարակվում են Հանձնաժողովի համացանցային կայքում։».

3) 2-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «միասնական անվան ներքո» բառերից հետո լրացնել «, որը չի ասոցացվում թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ» բառերով.

4) 2-րդ մասի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավատարմագրվելու դիմումը պետք է նշում պարունակի կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման, ինչպես նաև հավատարմագրման դիմումի ներկայացման օրվա դրությամբ տվյալ դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրների և չափերի մասին: Մինչև դիտորդների լիազորությունների դադարման համար սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը ֆինանսավորման աղբյուրների և չափերի փոփոխությունների դեպքում՝ եռօրյա ժամկետում, համապատասխան հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը պետք է գրավոր ծանուցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այդ փոփոխությունների վերաբերյալ:».

5) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի պահանջները, կամ դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին, կամ դիմումը չի պարունակում նշում կազմակերպության կամ հիմնադրամի դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման, հավատարմագրման դիմումի ներկայացման օրվա դրությամբ տվյալ դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրների և չափերի մասին, կամ տվյալ կազմակերպության կամ հիմնադրամի անվանումը ասոցացվում է թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ, կամ տվյալ կազմակերպությունը կամ հիմնադրամն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չի հրապարակել իր գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը, կամ տվյալ կազմակերպության կամ հիմնադրամի կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, կամ տվյալ կազմակերպությունը կամ հիմնադրամն աջակցում է թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), կամ տվյալ կազմակերպությունը կամ հիմնադրամը կազմակերպում կամ իրականացնում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն:».

6) 4-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության «մինչև հավատարմագրման հայտը հաստատելը հավատարմագրման հայտում ներկայացված» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների» բառերով, իսկ երկրորդ նախադասության «փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումները քննարկելիս» բառերը՝ «փոփոխություններ (լրացումներ) կատարվելու դեպքում» բառերով.

7) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ պարբերություններով.

«Հավատարմագրման մասին դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու պահից հասարակական կազմակերպությունը և հիմնադրամը, ինչպես նաև նրանց դիտորդները պարտավոր են պահպանել դիտորդական առաքելության վարքագծի կանոնները, դրսևորել քաղաքական չեզոքություն, չկազմակերպել կամ չիրականացնել քարոզչություն կամ հակաքարոզչություն, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ կապված որևէ հարցի նկատմամբ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդների ցանկից հանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները։».

8) 4․1-ին մասը առաջին պարբերության առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Հավատարմագրումն ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ համապատասխան կազմակերպությունը խախտում է սույն հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերության պահանջները, այդ թվում՝ օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ այդ կազմակերպությունը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձանց, կառավարման մարմինների անդամների, բացառությամբ ժողովի անդամների, կողմից կամ այլ եղանակներով նշված պահանջների խախտման միջոցով։».

9) 4.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով․

«Սույն հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերության պահանջները խախտած դիտորդի տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հանվում են հավատարմագրված դիտորդների ցանկից։».

10) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․ Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն կատարելու, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ։ Ընտրական հանձնաժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է վերադաս ընտրական հանձնաժողովին։»։

 

Հոդված 3․ Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Դիտորդը, այցելուն իրենց իրավունքներն իրականացնելիս պարտավոր են դրսևորել քաղաքական չեզոքություն, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ կապված որևէ հարցի նկատմամբ։»․

2) 3-րդ մասը «քարոզչություն» բառից հետո լրացնել «կամ հակաքարոզչություն» բառերով։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հունվարի 30

Երևան

ՀՕ-2-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան