ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 339-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 339-Ա

«22» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Աննա Գյուլնազարյանի լիազորված անձ Աշոտ Գյուլնազարյանի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-144534-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-144534-25 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2026 թվականի հունվարի 19-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Աննա Գյուլնազարյանի լիազորված անձ Աշոտ Գյուլնազարյանը:

Ուսումնասիրելով 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-144534-25 դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները, 2026 թվականի հունվարի 19-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-144534-25 դիմումով, ինչպես նաև հրավիրված լսումների ժամանակ ներկայացված դիրքորոշմամբ Աննա Գյուլնազարյանի լիազորված անձ Աշոտ Գյուլնազարյանը, հիմք ընդունելով դիմումում նշված փաստերը, խնդրել է փոխհատուցել 2025 թվականի դեկտեմբերի 1-ին Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի թիվ 25 շենքի բակում աղբատար մեքենայի աշխատակցի կողմից աղբամանները դատարկելու ժամանակ աղբամաններից մեկը աշխատակցի ձեռքից դուրս գալու և գլորվելով «Honda» մակնիշի «10 GZ 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենային հարվածելու արդյունքում Աննա Գյուլնազարյանին պատճառված վնասը, որը կազմում է 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

2024 թվականի հուլիսի 22-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB883036 վկայագրի համաձայն՝ «Honda» մակնիշի «10 GZ 088» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Աննա Գյուլնազարյանի սեփականությունը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Մարաշի բաժնի պետին ուղղված 2025 թվականի դեկտեմբերի 3-ի զեկուցագրի համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին ստացված ահազանգի կապակցությամբ այց է կատարվել Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի թիվ 25 շենքի բակ, որտեղ պարզվել է, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակից Գառնիկ Ավանեսյանը նշված շենքի բակում աղբամանները դատարկելու ժամանակ, աղբամաններից մեկը ձեռքից դուրս է եկել և գլորվելով իջել է ներքև և հարվածել է «Honda» մակնիշի «10 GZ 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենային՝ վնասելով ավտոմեքենայի տարբեր հատվածները:

2025 թվականի դեկտեմբերի 26-ին «Էկո մոթորս գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարվել է գրավոր առաջարկ՝ «Honda» մակնիշի «10 GZ 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի պահեստամասերի և ծառայությունների արժեքների վերաբերյալ, որոնց հանրագումարը կազմում է 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-144534-25 դիմումին կից և դրա հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում Աննա Գյուլնազարյանի կամ վերջինիս լիազորված անձ Աշոտ Գյուլնազարյանի կողմից չեն ներկայացվել «Honda» մակնիշի «10 GZ 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության եզրակացություններ և չի ապացուցվել այն հանգամանքը, թե նշված դիմումում նկարագրված պատահարի հետևանքով ավտոմեքենան ի՞նչ վնասվածքներ է կրել, որքա՞ն է կազմել դրա հետևանքով առաջացած վնասը, հետևաբար նաև չի ապացուցվել «Էկո մոթորս գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավոր առաջարկում նշված 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ վնասը նկարագրված պատահարի ուղղակի և անմիջական հետևանքը հանդիսանալու հանգամանքը (պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայություն):

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:

Որպես վնասի չափը հիմնավորող ապացույց՝ Աննա Գյուլնազարյանի լիազորված անձ Աշոտ Գյուլնազարյանը ներկայացրել է «Էկո մոթորս գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի դեկտեմբերի 26-ի՝ պահեստամասերի և ծառայությունների արժեքների մասին գրավոր առաջարկը, որը թեև չի հանդիսանում փորձագիտական եզրակացություն, սակայն դրա ապացուցողական նշանակությունը վերը մեջբերված նախադեպային որոշման մեջ արտահայտված դիրքորոշումներից ելնելով գնահատելիս, կարելի է փաստել, որ այն չի հանդիսանում 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-144534-25 դիմումով ներկայացված պահանջի առարկան կազմող վնասը հիմնավորող պատշաճ ապացույց, քանի որ այն չի պարունակում տեղեկատվություն և փորձագիտական եզրահանգումներ գնահատման առարկա գույքի վնասվածքների առաջացման պատճառների և դրանց արժեքների վերաբերյալ, ինչպես նաև չի պարունակում հղում պատահարի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Մարաշի բաժնում կազմված նյութերին:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Աննա Գյուլնազարյանի լիազորված անձ Աշոտ Գյուլնազարյանի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-144534-25 դիմումին կից, ինչպես նաև դրա հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում չեն ներկայացվել պատահարի ու «Honda» մակնիշի «10 GZ 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքների միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից տրված հետքաբանական և ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ, որոնց բացակայության պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունն ու 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով գույքային վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածների դրույթները՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Աննա Գյուլնազարյանի լիազորված անձ Աշոտ Գյուլնազարյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ Դ-144534-25 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան