ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (կցվում է):
|
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ` |
բ. արարքցյան |
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 Թ. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
1. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը գործել է արտակարգ ծանր տնտեսական պայմաններում: Շարունակվող տրանսպորտային շրջափակման, ինչպես նաև էներգակիրների և ներմուծվող մյուս կարևորագույն ապրանքների ծավալների կտրուկ անկման պայմաններում 1992 թ. արտադրված ազգային եկամուտը, 1991 թ. համեմատությամբ, նվազել է 46 %-ով, իսկ 1993 թվականին` 1992 թ. համեմատությամբ` 9 %-ով, համախառն ներքին արդյունքը` համապատասխանաբար 52 և 15 %-ով: 1994 թ. նախորդ տարվա համեմատությամբ արտադրված ազգային եկամուտն աճել է 4,3 %-ով, իսկ համախառն ներքին արդյունքը` 5,5 %-ով:
Ֆինանսական քաղաքականությունը, ընդհուպ մինչև 1994 թ. առաջին ամիսները, կրում էր հարմարվողական բնույթ, որը, մասնավորապես, պայմանավորված էր նախկին ռուբլու գոտու արագ փլուզմամբ և այդ ժամանակաշրջանում ինքնուրույն նպատակաուղղված ֆինանսական քաղաքականություն վարելու անհնարինությամբ, իսկ 1993 թ. նոյեմբերին ազգային տարադրամի ներդրումը, գործնականում առանց տարադրամային պաշարներ ունենալու, հանրապետությունում ստեղծեց ծայրահեղ անկայուն ֆինանսական իրավիճակ: Միջին ամսական արժեզրկումը 1993 թ. 35 %-ից 1994 թ. առաջին ամիսներին աճեց մինչև 50%, որը հանգեցրեց փոխանակման կուրսի արագ անկմանը: Սակայն, 1994 թ. արտահանման ծավալների զգալի աճի և երկրորդ եռամսյակից կոշտ ֆինանսական քաղաքականության անցման հետևանքով կտրուկ նվազեց արժեզրկումը և կայունացավ փոխանակման կուրսը: Միաժամանակ արագացվեցին կառուցվածքային բարեփոխման տեմպերը:
Չնայած բոլոր դժվարություններին, կառավարության տնտեսական բարեփոխումների ռազմավարությանը համապատասխան, վերջին տարիներին էական քայլեր են արվել կառուցվածքային բարեփոխման և տնտեսական կայունացման ուղղությամբ: Խոսքը համակարգային կարևոր փոփոխությունների մասին է, հատկապես գների, առևտրի, տարադրամային գործառնությունների լայն ազատականացման, գյուղատնտեսական հողերի սեփականաշնորհման և մյուս սեկտորներում սեփականաշնորհմանը վերաբերող օրենսդրության ընդունման մասին: Ազգային տարադրամի ներդրումն ու կենտրոնական բանկի ամրապնդումը թույլ տվեց 1994 թ. երկրորդ եռամսյակից դրամավարկային քաղաքականության բնագավառում ընդունելու կշռադատված միջոցառումների ծրագիր:
Նշված միջոցառումների հետևողական իրականացման արդյունքում 1994 թ. հանրապետության տնտեսությունում առկա է մակրոտնտեսական կայունացման հստակ միտում: Նման եզրակացության հիմք են հանդիսանում`
ն ա խ, արտադրության աշխուժացումը և անկման դադարեցումը.
ե ր կ ր ո ր դ, պետական հատվածի աշխատողների իրական աշխատավարձի ավելացումը,
ե ր ր ո ր դ, զբաղվածության մակարդակի կայունացումը և գործազրկության աճի զսպումը,
չ ո ր ր ո ր դ, ինֆլյացիայի և դրամի արժեզրկման տեմպերի կտրուկ իջեցումը և սպառողական շուկայում գների հարաբերական կայունացումը,
հ ի ն գ ե ր ո ր դ, արտաքին առևտրի աշխուժացումը:
1994 թ. գրեթե բոլոր ժամանակահատվածներում հանրապետությունում արտադրված ազգային եկամտի ֆիզիկական ծավալը գերազանցել է 1993 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը, մասնավորապես, հունվար-հունիսին` 2,7 %-ով, հունվար-հոկտեմբերին` 1,0 %-ով, հունվար-դեկտեմբերին` 4,3 %-ով, իսկ արդյունաբերական արտադրանքինը` համապատասխանաբար 4,7, 1,3 և 6,9 %-ով:
1994 թ. դեկտեմբերին պետական հատվածի աշխատողների անվանական միջին ամսական աշխատավարձը 1993 թ. դեկտեմբերի նկատմամբ աճել է 22,1 անգամ, այն դեպքում, երբ սպառողական գների ինդեքսը աճել է 18,6 անգամ, այսինքն` եկամուտների աճը շուրջ 20 %-ով գերազանցել է գների աճը:
Տնտեսության աշխուժացման շնորհիվ 1994 թ. ապրիլից հաջողվեց զսպել գործազրկության աճը: Առաջին անգամ նվազեց գործազրկության մակարդակը, կազմելով 5,8 տոկոս` 1993 թ. 6,3 տոկոսի փոխարեն:
1994 թ. հաջողվեց կայունացնել ազգային դրամի կուրսը և կտրուկ իջեցնել ինֆլյացիայի տեմպը: Այսպես, եթե սպառողական գների աճը տարվա ընթացքում կազմել է 18,6 անգամ, ապա առաջին եռամսյակում` 46,2, երկրորդում` 38,5, երրորդում` 2,7, իսկ չորրորդում` 27,1 տոկոս: Վերջինս հիմնականում պայմանավորված էր 1994 թ. դեկտեմբերի 1-ից հաստատագրված գներով ապրանքների ու ծառայությունների (հաց, էլեկտրաէներգիա) թանկացման հետ:
1994 թ. նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալը դոլարային արտահայտությամբ աճել է 26,0 %-ով, իսկ ներմուծման ծավալը` 52,1 %-ով:
Այժմ կանգ առնենք առկա ֆինանսական կայունացումը և տնտեսական աշխուժացումը պայմանավորող գործոնների վրա, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ներկայիս դրական գործընթացները կայուն բնույթ են կրում.
1. Բնակչության կենսապահովման և առավելապես արտահանման համար աշխատող ձեռնարկությունների կայուն գործունեության նախադրյալների ստեղծման ուղղությամբ կատարված և այժմ էլ շարունակվող աշխատանքները:
Ասվածն առաջին հերթին վերաբերում է վերջին տարիների աննախադեպ տրանսպորտային շրջափակման, էներգետիկ ճգնաժամի և ավանդական տնտեսական կապերի խզման պայմաններում նշված ոլորտների օբյեկտների անկախ և երաշխավորված էլեկտրասնուցման համակարգի ձևավորմանը, տրանսպորտային նոր և ոչ ավանդական սխեմաների մշակման և իրագործման ճանապարհով էներգակիրների ու կարևորագույն հումքատեսակների նվազագույն երաշխավորված ծավալների ներմուծման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Փաստորեն, ներկայումս հանրապետությունում ձևավորվել են բավական կայուն գործող տնտեսական օղակներ, որոնց աշխատանքի կախվածությունը շրջափակումից և էներգետիկ ճգնաժամի խորացումից էապես նվազել է: Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ մի շարք կարևորագույն ռեսուրսների (մասնավորապես էներգառեսուրսների) բաշխման ուղղակի կառավարումը և տրանսպորտային հիմնական ուղիների աշխատանքի կարգավորումը կենտրոնացված է պետության ձեռքում:
2. Հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների մի մասի հարմարվելը գործունեության նոր և դժվարին պայմաններին:
Հայտնվելով ծանր իրավիճակում, մի շարք ձեռնարկություններ ստիպված եղան իրականացնել կազմակերպակառուցվածքային փոփոխություններ, ընդ որում, առանց պետության էական ֆինանսական աջակցության: Մասնավորապես, հետևողական աշխատանքներ տարվեցին տեխնոլոգիական սխեմաների ռացիոնալացման, արտադրության էներգատարության իջեցման, այլընտրանքային էներգառեսուրսների, նոր հումքատեսակների օգտագործման ուղղությամբ, ինչպես նաև նոր, մրցունակ արտադրատեսակների արտադրության, հումքի և պատրաստի արտադրանքի նոր շուկաների ձեռքբերման ուղղությամբ:
3. 1993 և 1994 թվականների տնտեսական բարեփոխումների հետևողականորեն շարունակումն ու խորացումը:
Դրա շնորհիվ այսօր արդեն մենք գործ ունենք հիմնականում ձևավորված արտաքին առևտրի, հարկային, մաքսային, պետական պատվերի, կառավարման ծախսերի, շուկայի պայմաններին հարմարեցված ինվեստիցիոն քաղաքականության, միջպետական առևտրի, արտաքին ու ներքին ֆինանսավորման համակարգերի և դրանց սպասարկման մեխանիզմների հետ: Ձևավորման փուլում են գտնվում նպատակամետ սոցիալական քաղաքականության, ֆինանսական (բյուջետային), բանկային, շուկայի պայմաններին համապատասխան տեղեկատվական (վիճակագրական) համակարգերը։
Նշված կառուցվածքային փոփոխությունների իրականացումը թույլ տվեց շուկային անցնելու հետ կապված սոցիալ-տնտեսական կյանքի կառավարման անմիջական կենտրոնացված անարդյունավետ համակարգից, բացառությամբ տնտեսության առանձին ոլորտների, աստիճանաբար անցնել միջնորդավորված և հիմնականում ապակենտրոնացված կառավարման ավելի արդիական սկզբունքների։
4. Վերջին տարիներին (հողի սեփականաշնորհումից հետո) գյուղատնտեսության կայուն գործունեությունը, չնայած այն դժվարին պայմաններին, որում հայտնվել են գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտ գյուղտեխնիկայի, պարարտանյութերի, վառելիքի, ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով:
1994 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի ֆիզիկական ծավալը 1993 թ. համեմատությամբ աճել է 3,2%-ով։
5. Ազգային դրամի կայունացումը, ինֆլյացիայի տեմպի իջեցումը և այն վերահսկելի դարձնելը, ինչը, բնականաբար, լուրջ նախադրյալ է տնտեսության հետագա աշխուժացման համար (այս խնդրին ավելի մանրամասն կանդրադառնանք ստորև)։
Հանրապետության տնտեսության կայունացման և հետագա աճի համար 1994 թ. խոչընդոտ են հանդիսացել վճարային կարգապահության խախտումները և փոխադարձ չվճարումների ճգնաժամի շարունակումը, ինչպես նաև արտադրանքի իրացման անբավարար մակարդակը։
Ստեղծված իրավիճակը պայմանավորված էր մի շարք գործոններով.
- արտադրատեխնիկական նշանակության ապրանքների պահանջարկի նվազումը ԱՊՀ երկրներում շարունակվող արտադրության անկման, ինվեստիցիոն ակտիվության կրճատման, ինչպես նաև ձեռնարկությունների անվճարունակության պատճառով.
- ԱՊՀ երկրների հետ գործարքներն ազգային տարադրամներով կատարելու մեխանիզմի բացակայությունը.
- որոշ արտադրատեսակների (խտանյութեր, կարբիդ, խոշոր հաստոցներ և էլեկտրասարքավորումներ, քիմիկատներ) արտահանման հետ կապված տրանսպորտային բարդությունները.
- որոշ ապրանքների (հաստոցներ, էլեկտրաշարժիչներ, գեներատորներ, մալուխներ, պոլիվինիլացետատային դիսպերսիա, թեթև արդյունաբերության արտադրանք) ցածր մրցունակությունն իրացման հիմնական շուկաներում՝ բարձր գների, ցածր որակի և այդ շուկաներում այլ երկրների կողմից ուժեղացող մրցակցության պատճառով.
- հանրապետության ձեռնարկությունների և կազմակերպությունների փոխադարձ չվճարումները: Այսպես, 1994 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկերի վարկերի, ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև փոխադարձ հաշվարկների գծով ժամկետանց պարտքերը կազմել են 40197.8 մլն դրամ։
Նշված հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև տնտեսության հետագա աճի կարևորագույն նախապայմաններից է նպատակային կառուցվածքային քաղաքականության վարումը, հատկապես արդյունաբերության բնագավառում:
Չնայած տնտեսության մեջ կառուցվածքային քաղաքականության իրականացման բարդությանը, այսօր այդ ուղղությամբ մի շարք բնագավառներում տարվել և տարվում են որոշակի աշխատանքներ։
Մասնավորապես, արդյունաբերության նախարարության համակարգում լուրջ աշխատանքներ են տարվում արդյունաբերական կարևորագույն հանգույցների պահպանման և զարգացման ուղղությամբ։
Ուրվագծվել են բազային արտադրական, գիտաարտադրական և գիտահետազոտական ձեռնարկությունները և ստեղծվել են անհրաժեշտ նախապայմաններ դրանց զարգացման համար։
Սկսվել է համաշխարհային տնտեսության մեջ համակարգի ձեռնարկությունների գործունեության ինտեգրացման գործընթացը։
Արդեն ստեղծվել և ներկայումս գործում են 5 խոշոր կոնցեռններ, այդ թվում՝ «Կանազ», «Հայկաբել» և «Հայսևմետաղ» կոնցեռնները:
Ներկայումս ընթացքի մեջ են քիմիայի, էլեկտրատեխնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի բնագավառներում միջճյուղային և ներճյուղային կորպորացիաների ստեղծման աշխատանքները։ Ավարտվել է ռազմաարդյունաբերական համալիրի ձևավորման առաջին փուլը:
Արդյունաբերության նախարարության ձեռնարկություններում շարունակվում է նոր տեխնոլոգիաների ներդրումը և նոր արտադրատեսակների արտադրությունը: Երևանի ավտոդողերի գործարանում յուրացվել է 5 նոր տեսակի ավտոդողերի, Երևանի կաբելի գործարանում՝ մեծ կտրվածքի կաբելների, տրոլեյբուսների հոսանքատար հաղորդալարերի, մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի փորձարարական գործարանում՝ կարգավորիչների և էլեկտրոնային ջերմաչափերի, «Հրազդանմեքենա» գործարանում՝ ներքին այրման շարժիչների, մոտոկուլտիվատորների, արդյունաբերական սառնարանների, «Արմենմոտոռ» գործարանում՝ միաֆազ էլեկտրաշարժիչների արտադրությունը։ Շարունակվում են նավթամշակման համալիրի կազմակերպման («Պոլիվինիլացիտատ» գործարան ), բնական գազից կաուչուկի ստացման («Նաիրիտ» ԳԱՁ), ուղիղ ցիանացման եղանակով ոսկու կորզման (Արարատի ոսկու կորզման գործարան) տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները:
Ազգային դրամի կայունացման և ինֆլյացիայի տեմպի իջեցման կարևորագույն գործոն հանդիսացավ արտահանման խրախուսման քաղաքականության իրականացումը և արտահանման ծավալների աճը, ինչպես նաև առևտրի պայմանների բարելավումը տնտեսավարող սուբյեկտների համար։ Վերջինս ձեռնարկություններին հնարավորություն տվեց կուտակելու տարադրամային միջոցներ։
Դրամի կայունացման հնարավորությունները պայմանավորվեցին նաև 1994 թ. տարվող կոշտ բյուջետային քաղաքականությամբ։
Սկսած 1994 թ. երկրորդ եռամսյակից կրճատվել է պետական բյուջեի դեֆիցիտը, կատարվել է բյուջեի ծախսերին ստացված եկամուտների համապատասխանեցում ու դրանով իսկ կանխիկ դրամի էմիսիայի չափերի նվազեցում։ Այսպես, 1994 թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի ծախսածածկումը սեփական եկամուտների հաշվին կազմել է 50,3%, երրորդ եռամսյակում՝ 56%, իսկ տարվա արդյունքներով՝ 66,8%:
Դրամի կայունացմանը նպաստեց նաև իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը Տարվա սկզբից կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց մինչև 360%, և դրանով սահմանափակվեց շրջանառության մեջ ներառվող դրամական զանգվածը։ Տնտեսության կայունացման միտումների առկայությունը հնարավորություն տվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել մինչև 210%-ի։
Կանոնակարգվել է միջբանկային տարադրամային աճուրդների կազմակերպումը, մեծացել է դրանց անցկացման հաճախականությունը՝ կապված տարադրամի իրական ծավալների աճի հետ։
Դրամի կայունացման մեջ իր դերն ունեցավ 1994 թ. երկրորդ եռամսյակից հանրապետության շուկայում ապրանքային ծածկույթի ավելացումը ինչպես ներմուծման ծավալների ավելացման, այնպես էլ գյուղատնտեսական ապրանքների շուկայի սեզոնային ընդլայնման հաշվին։
Ինչպես 1993 թվականին, այնպես էլ 1994 թ. հանրապետության արտաքին տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղվել է արտահանման խրախուսմանը և արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավմանը: Լուրջ աշխատանքներ են կատարվել մաքսային օրենսդրության և մաքսային քաղաքականության կատարելագործման բնագավառում։ Այսօր հանրապետությունում առկա է բավականաչափ ազատ առևտրական ռեժիմ: Այսպես, ներկայումս ներմուծվող ապրանքների մոտ 70%-ը և բոլոր արտահանվող ապրանքներն ազատված են մաքսատուրքերից։ Միաժամանակ կարգավորվել են արտահանման և ներմուծման նորմալ հաշվառման, բանկերի միջոցով արտաքին առևտրի առավելագույնս արձանագրման աշխատանքները։
Արտահանման կառուցվածքում 1994 թ. բարձր է եղել նախկին ԽՍՀՄ երկրների տեսակարար կշիռը (68,6%), ընդ որում, նախկին ԽՍՀՄ երկրներ արտահանվող արտադրանքի ծավալում Ռուսաստանի Դաշնության տեսակարար կշիռը կազմել է 49,5%, իսկ Թուրքմենստանինը՝ 44,7%:
Հանրապետություն ներմուծվող արտադրանքի ծավալում 1994 թ. էներգակիրների և հացահատիկի տեսակարար կշիռը կազմել է շուրջ 60%:
Արտահանման մեջ առավել մեծ տեսակարար կշիռ են կազմել մշակված և անմշակ ալմաստները, ոսկերչական իրերը, թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոնը` 34,3%, մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները` 16,8%:
1994 թ. պետական հատվածի ձեռնարկություններին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 70%-ը և ներմուծման` 78,5%-ը (ներառյալ էներգակիրները և հացահատիկը): Փոխկապված առևտրի տեսակարար կշիռը արտահանման ընդհանուր ծավալում 1994 թ. կազմել է 47,1%, իսկ ներմուծման ծավալում` 24,5%:
Թեև բնակչության լայն շերտերի սոցիալական վիճակը շարունակում է մնալ խիստ լարված, այնուամենայնիվ, տարվա ընթացքում հաջողվեց մեղմել 1993 թ. վերջում ազգային դրամի ներդրման հետ կապված տնտեսական ծանր հետևանքները: Այսպես, 1994 թվականին 1993 թվականի համեմատությամբ միջին իրական աշխատավարձը միայն 1,56 անգամ է պակաս եղել գների միջին տարեկան աճից, այն դեպքում, երբ 1993 թ. հոկտեմբեր-դեկտեմբերին իրավիճակը միանգամից վատացավ 17 անգամ: Այսինքն, ազգային դրամի ներդրման հետևանքով առաջացած բացասական հետևանքների զգալի մասը 1994 թ. ընթացքում հաջողվեց շտկել: Սրան պետք է ավելացնել այն, որ, իրական աշխատավարձից անցում կատարելով կենսամակարդակին, հարկ է նկատի ունենալ այն մեծածավալ տնտեսական օգնությունը, որը ստացվում է արտասահմանից և որով այսօր, միջին հաշվով, պայմանավորված է բնակչության եկամուտների 1/3-ը:
Տնտեսության կայունացումը վերջին ամիսներին բնակչության եկամուտների բնագավառում հանգեցրել է որոշակի դրական տեղաշարժերի: Մասնավորապես, մեծացել է միջին ու նվազագույն աշխատավարձերի միջև եղած տարբերությունը: Եթե 1994 թվականի հունվարին տնտեսության պետական հատվածում միջին աշխատավարձն ընդամենը 3,2 անգամ է ավելի եղել նվազագույն աշխատավարձից, ապա դեկտեմբերին արդեն` 13,3 անգամ:
1994 թ. կտրուկ փոխվել է բյուջետային և ոչ բյուջետային ոլորտների աշխատողների միջին աշխատավարձերի հարաբերակցությունը: Այսպես, հունվարին բյուջետային ոլորտի միջին աշխատավարձը գերազանցել է ոչ բյուջետային ոլորտի միջին աշխատավարձը 31%-ով, իսկ դեկտեմբերին ընդհակառակը` պակաս է եղել 3,3 անգամ:
Արտադրական ոլորտի աշխատողների աշխատավարձի զգալիորեն ավելի արագ աճը հնարավորություն է ընձեռում`
- աստիճանաբար անհրաժեշտ միջոցներ կուտակել բյուջեում և հիմքեր ստեղծել բյուջետային ոլորտում աշխատավարձի բարձրացման համար` առանց լրացուցիչ էմիսիայի.
- բարելավել կենսաթոշակային ֆոնդի բյուջեն, բարձրացնել կենսաթոշակները` առանց դրամի լրացուցիչ էմիսիայի:
Նշված դրական տեղաշարժերի հետ մեկտեղ իրավիճակը` կապված բնակչության կենսամակարդակի հետ, մնում է ծանր: Առայժմ ընդհանուր եկամուտներում ցածր է անմիջական սկզբնական եկամուտների (աշխատավարձ, նպաստներ) տեսակարար կշիռը:
Այնուհանդերձ, ընտանեկան բյուջեների հետազոտման տվյալները ցույց են տալիս, որ բնակչության մեկ շնչի հաշվով միջին ամսական դրամական եկամուտները (չհաշված մարդասիրական օգնության կարգով ստացված սննդամթերքի, վառելիքի բաշխումը կամ ցածր գներով վաճառքը, ինչպես նաև որոշ ծառայությունների համար պետության կողմից տրվող դոտացիաները) 1994 թվականին կազմել են մոտ 10 դոլար, 1993 թ. դեկտեմբերի 4,2 դոլարի դիմաց։
Բնակչության իրական եկամուտների ճիշտ գնահատականը ստանալու համար վերը նշված գումարին պետք է ավելացնել մարդասիրական օգնության կարգով ստացված սննդամթերքն ու պետության կողմից ֆինանսավորվող հացի, էլեկտրաէներգիայի, էլեկտրատրանսպորտի, բնակվարձի, ջեռուցման, ջրամատակարարման, աղբահանման և այլ ծառայությունների համար դոտացիան։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 1994 թ. բնակչության մեկ շնչի հաշվով միջին ամսական իրական եկամուտները կազմել են 18 դոլար, ինչն, իհարկե, փոքր մեծություն է։
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ բնակչության դրամական եկամուտների հաշվառման գործող վիճակագրական համակարգն ունի լուրջ թերություններ։ Նախ, տնտեսության մասնավորեցման գործընթացի օրեցօր ծավալման պայմաններում վիճակագրության ավանդական ձևերով միայն պետական հատվածի եկամուտների հաշվառումը խիստ անբավարար է: Միաժամանակ լուրջ ուշադրություն պետք է դարձնել արժեթղթերից ստացված եկամուտների, տրանսֆերտների, ինչպես նաև մեծ ծավալի հասնող ստվերային եկամուտների հաշվառման համակարգի ներդրման վրա:
Այս առումով հրատապ է դառնում համատարած վիճակագրությունից անցումը ժամանակակից միջազգային վիճակագրական համակարգին։
Կարևորագույն սոցիալական խնդիր է աղետի գոտու բնակարանային շինարարությունը, որի համար գումարներ են հատկացվել ինչպես հանրապետական բյուջեի միջոցներից, այնպես էլ Համաշխարհային բանկի վարկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից։
Հանրապետական բյուջեի միջոցների հաշվին 1994 թ. շահագործման են հանձնվել 67,5 հազ. քառակուսի մետր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին՝ 26,4 հազ. քառակուսի մետր, իսկ Համաշխարհային բանկի կողմից հատկացված վարկի հաշվին` 24,5 հազ. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի շենքեր:
2. ՀՀ 1995 Թ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
2.1. Ծրագրի նպատակը և խնդիրները
ՀՀ կառավարության 1995 թ. տնտեսական բարեփոխումների ծրագրի գլխավոր նպատակը տնտեսական աճի և բնակչության կենսամակարդակի հետագա վերելքի համար կայուն տնտեսական պայմանների և նախադրյալների ապահովումն է։
Ավելի կոնկրետ ծրագրի հիմնական խնդիրներն են՝
- համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 5% միջին տարեկան հավելաճի ապահովումը.
- սղաճի տեմպը 1995 թ. վերջում մինչև ամսական 1 տոկոսի հասցնելը տարվա ընթացքում միջին ամսական 4,2%-ի պայմաններում.
- ՀԿԲ-ի ընդհանուր պահուստի դիրքի ամրապնդումը՝ 1995 թ. վերջին այն հասցնելով 1,6 ամսվա ներմուծման ծավալին կամ 61,3 մլն դոլարի.
- պետական համախմբված բյուջեի դեֆիցիտի իջեցումը մինչև ՀՆԱ-ի 12 տոկոսը.
- 1995 թ. հունվարի 1-ից պետական բյուջեում պարտքերի կուտակման բացառումը և 1995 թվականի ընթացքում 1994 թ. առաջացած պարտքերի ամբողջությամբ վճարումը.
- գների լրիվ ազատականացման և զանազան սուբսիդիաների աստիճանական վերացման գործում էական առաջընթացի ապահովումը.
- 1995 թ. ընթացքում սուբսիդիաներից ու դոտացիաներից սոցիալական տրանսֆերտների համակարգին անցումը.
- սեփականաշնորհման գործընթացի էական արագացումը,- պետպատվերի գործող համակարգի արմատական վերակառուցումը։ Որպեսզի կայունացման գործընթացը և բարեփոխումները չափազանց ծանր բեռ չլինեն հանրապետության հասարակության խոցելի և կարիքավոր խմբերի համար, ծրագրում խնդիր է դրված վերակառուցել սոցիալական պաշտպանվածության գործող համակարգը, դրան տալով առավել նպատակամետ բնույթ: Բնակչության սոցիալական պաշտպանվածության նպատակամետ սկզբունքն արդեն կիրառվել է 1994 թ. դեկտեմբերի 1-ից՝ հացի գների և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դիմաց բնակչությանը տրված փոխհատուցման ժամանակ։ Միաժամանակ նախատեսված է մինչև 1995 թ. հուլիսի 1-ը, Միջազգային տարադրամային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ սերտ համագործակցելով, մշակել սոցիալական պաշտպանվածության համակարգի վերափոխման միջին ժամկետը, ռազմավարությունը և անհրաժեշտ միջոցառումների ցանկը։
Ստորև բերվող ծրագիրը կարևորագույն քայլ է հանրապետության տնտեսության վերակառուցման և կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհին: Ծրագիրը, ինչպես նաև դրան հաջորդող մյուս ծրագրերը, որոնք կիրականացվեն հետագա տարիներին, էականորեն հիմնված են օտարերկրյա շոշափելի ֆինանսական աջակցության վրա, որը ցուցաբերվելու է այդ ծրագրերի իրագործման համար:
2.2. Հարկաբյուջետային քաղաքականություն
Հայաստանի տնտեսության մակրոտնտեսական կայունացման նպատակներին համապատասխան հանրապետության հարկաբյուջետային քաղաքականության նպատակն է պետական ֆինանսական համակարգի ամրապնդումը, բյուջեի դեֆիցիտի և բանկային համակարգից փոխառումների չափի կրճատումը և դրանց խիստ համապատասխանեցումը ծրագրի տնտեսական նպատակներին։ Բյուջեի հիմնական հաշվեկշռային ցուցանիշների կայունացման նպատակով այդ գործընթացը կշարունակվի և կամրապնդվի նաև 1995 թվականից հետո։ Նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ հաշվարկված մոտ երկու անգամ կրճատել պետական կառավարման մարմինների գծով համախմբված ընդհանուր բյուջետային դեֆիցիտը, որը ներառում է հանրապետական և տեղական բյուջեների, ինչպես նաև կենսաթոշակային ու զբաղվածության ֆոնդերի, սոցիալական ապահովագրության ֆոնդի և այլ պետական արտաբյուջետային ֆոնդերի գործառնությունները, և 1995 թ. այն հասցնել մինչև ՀՆԱ-ի 12 տոկոսին, 1994 թ. 24 տոկոսի դիմաց:
Ծրագրի տնտեսական նպատակներին համապատասխան պետական կառավարման մարմինների գործառնությունների բանկային ներքին ֆինանսավորումը 1995 թվականի առաջին եռամսյակում կկազմի ոչ ավելի, քան 3,679 մլն դրամ, իսկ չորրորդ եռամսյակում կսահմանափակվի 424 մլն դրամով: Նախատեսվում է ստացված վարկերի դիմաց 1995 թ. երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում ՀԿԲ-ին վերադարձնել 4940 մլն դրամ: Այսպիսով, պետական կառավարման մարմինների գծով համախմբված բյուջեի դեֆիցիտը, ներառյալ 1994 թ. կուտակված բյուջետային պարտավորությունների դիմաց վճարումները, 1995 թ. հաշվարկված է 51593 մլն դրամ կամ ՀՆԱ-ի 14,8 տոկոսը: Այն ամբողջությամբ կֆինանսավորվի արտաքին ֆինանսական աջակցության հաշվին:
Բյուջետային դեֆիցիտի կրճատման նշված նպատակային ցուցանիշները 1995 թվականին ձեռք կբերվեն եկամուտների մեծացման ու ծախսերի կարգավորման միջոցառումների իրականացման հաշվին:
Բյուջեի եկամուտների մեծացման նպատակով ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսի չափով կրճատվել են որոշ հարկային արտոնություններ, ընդլայնվել է հարկման բազան, կարգավորվել են ակցիզային հարկի և մաքսատուրքերի դրույքաչափերը: Իրականացվել են հարկերի հավաքման համակարգի արդյունավետությունը բարձրացնող միջոցառումներ:
1995 թվականի հունվարի 1-ից չեղյալ կհամարվեն ապրանքների ու ծառայությունների մի քանի կատեգորիաների համար ԱԱՀ գծով արտոնությունները, ներառյալ գազի ու էլեկտրաէներգիայի սպառման, հանրապետության և ԱՊՀ սահմաններում կապի բոլոր ծառայությունների, միջազգային հեռախոսակապի, տրանսպորտային ծառայությունների (բացառությամբ տրամվայների, տրոլեյբուսների, մետրոպոլիտենի), կաբելային ռադիոհաղորդումների, ուսման վարձի, հանդիսադիր բոլոր միջոցառումների համար: Բացի դրանից, 1995 թ. հուլիսի 1-ից սուբսիդիաների վերացման հետ զուգահեռ կվերացվեն ԱԱՀ գծով արտոնությունները կոյուղու և ջրամատակարարման համար և ամբողջ ներմուծված արտադրանքի համար գանձվող ԱԱՀ-ը (բացառությամբ ԱՊՀ-ից ներմուծվածների) կհաշվարկվի և կգանձվի մաքսատների կողմից:
Շահութահարկի առումով 1995 թ. հունվարի 1-ից սկսած կվերացվեն ծախսերի չորս կատեգորիաների գծով արտոնությունները: Բանկերը, ապահովագրական ընկերությունները առաջվա պես կհարկվեն 45 տոկոս դրույքով, իսկ խաղատների ու խաղաբիզնեսի այլ ձեռնարկությունների համար կկիրառվի հաստատագրված վճարների համակարգը:
1995 թ. մինչև երկու նվազագույն աշխատավարձի չափով եկամուտները կազատվեն եկամտահարկից, 2-ից ավելի և մինչև 10 նվազագույն աշխատավարձի չափով եկամուտները կհարկվեն 12 տոկոս դրույքով, 10-ից մինչև 20 նվազագույն աշխատավարձի չափով եկամուտները` 18, 20-ից մինչև 40 նվազագույն աշխատավարձի չափով եկամուտները` 25 և 40-ից ավելի նվազագույն աշխատավարձի չափով եկամուտները` 30 տոկոս դրույքով:
1995 թվականի հունվարի 1-ից ներմուծված ապրանքների համար ակցիզային հարկի դրույքները կբարձրացվեն հայրենական համանման ապրանքների ակցիզին համապատասխանող մակարդակին: Բացի դրանից, ակցիզային հարկի դրույքների թիվը կրճատվել է 11-ից մինչև 2-ի (50 և 25 տոկոս): Ընդ որում, 50 տոկոսադրույքով կհարկվեն ալկոհոլային խմիչքների մեծ մասը և ձեռքի գործվածքի գորգերը:
1995 թ. հունվարի 1-ից սկսած ներմուծման մաքսային սակագների դրույքների թիվը 5-ից կհասցվի մինչև 4-ի (0, 10, 30 և 50 տոկոս), իսկ արտահանման համար կպահպանվեն զրոյական դրույքները: Ըստ ներմուծման ապրանքային կառուցվածքի, ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծված ապրանքների գրեթե 80 տոկոսի նկատմամբ կկիրառվի մաքսային սակագնի զրոյական դրույքը, այդ ապրանքների 14 տոկոսի նկատմամբ` 10, 5 տոկոսի նկատմամբ` 30 և 1 տոկոսի նկատմամբ` 50 տոկոսադրույքը: Ավելին, 1995 թվականի հունվարի 1-ից սկսած ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող բենզինի նկատմամբ նախատեսվում է կիրառել մաքսային սակագնի 10 տոկոսադրույքը: ԱՊՀ անդամ երկրներից ներմուծվող ամբողջ արտադրանքը ազատվում է մաքսատուրքերից:
1995 թ. հունվարի 1-ից կսկսվեն հարկատուների գրանցահամարների համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքները: Ձեռնարկությունների կողմից հարկերի վճարումը կարգավորելու նպատակով ապրանքների իրացման պահը կհամարվի ոչ թե առաքված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց վճարման, այլ սպառողներին դրանց առաքման պահը (բացառությամբ միջպետական քլիրինգային առևտրի շրջանակներում առաքվող ապրանքների, որոնց համար կպահպանվի հին կարգը): Բոլոր ժամկետանց հարկային, ինչպես նաև պետական կենսաթոշակային ֆոնդին վճարումների ձգձգման համար կգանձվի տույժ` օրական 0,5 տոկոսի չափով: 1995 թ. ընթացքում կնախապատրաստվի օրենքի նախագիծ, որի ընդունումով կառավարությունը հնարավորություն կունենա իրավական պատժամիջոցներ կիրառել հարկերի վճարումից խուսափողների գույքի նկատմամբ:
Հողի հարկի հաշվարկման համար կվերագնահատվի հողի զուտ կադաստրային արժեքը: Բացի դրանից, 1995 թ. հուլիսի 1-ից ձեռնարկություններից գանձվող ֆոնդավճարի փոխարեն կսկսվի կիրառվել գույքահարկը, որը 1996 թ. հունվարի 1-ից կտարածվի նաև բնակչությանը պատկանող գույքի վրա:
1995 թ. երկրորդ եռամսյակից սկսած կդադարեցվի շահութահարկի գանձումը ձեռնարկությունների տարադրամային միջոցներից, որը ներկայումս հաշվարկվում է տարադրամի փոխանակման կուրսի փոփոխություններից ելնելով: 1995 թ. հունվարի 1-ից ավտոմեքենաների ամենամյա գրանցման համար գանձույթը կավելացվի մոտ 30 անգամ և կկազմի մեկ ավտոմեքենայի համար 7000 դրամ:
ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի և պարտավորությունների գումարը 1995 թ. կկրճատվի 20 տոկոսային կետով` սպառողական սուբսիդիաների ծավալի և ընթացիկ ծախսերի կրճատման, աշխատավարձի նկատմամբ կոշտ քաղաքականության շարունակման և բյուջեի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության կրճատման շնորհիվ: 1994 թվականի ընթացքում կուտակված բյուջետային պարտքի մարումը կավարտվի 1995 թվականի առաջին կիսամյակում: 1995 թ. ընթացքում նոր պարտքերի կուտակում տեղի չի ունենա:
Սահմանափակ ֆինանսական ռեսուրսների բաշխման արդյունավետության բարձրացման, պետական ֆինանսական համակարգի ամրապնդման և գների ու սակագների ճիշտ հարաբերակցության սահմանման նպատակով կվերացվի բյուջեից տրվող սպառողական սուբսիդիաների մեծ մասը և կտրուկ կերպով կկրճատվեն մնացածներն այն հաշվով, որպեսզի բյուջետային սուբսիդիաները 1995 թ. (չհաշված հացի անբացահայտ սուբսիդիաները) չգերազանցեն 3,5 մլրդ դրամը:
Նախատեսվում է 1994 թ. նկատմամբ ընթացիկ ծախսերի կտրուկ իջեցում ՀՆԱ-ի 51 տոկոսից մինչև 33 տոկոսը, հիմնականում սուբսիդիաների կրճատման հաշվին: Միաժամանակ կաճեն ընթացիկ իրական ծախսերը առողջապահության, կրթության բնագավառներում և սոցիալական ոլորտում (ներառյալ սոցիալական պաշտպանության համակարգը):
Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումները կտրուկ կկրճատվեն և կվերակողմնորոշվեն այն հաշվով, որպեսզի համադրվեն արտաքին ֆինանսավորման հաշվին իրականացվող ինվեստիցիոն ծրագրերի ծավալների հետ: Դրանք կուղղվեն Հայաստանի տնտեսության վերականգնման և վերակառուցման արդյունավետ ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, էներգետիկային, գյուղատնտեսությանը, տրանսպորտին և երկրաշարժի գոտում վերականգնողական աշխատանքներին: Բյուջետային եկամուտների անբավարար լինելու, ինչպես նաև անհրաժեշտ արտասահմանյան ֆինանսական օժանդակությունը ժամանակին չստանալու դեպքում կկիրառվի սեկվեստորի սկզբունքը` կրճատելով շինարարական, շահագործման և նորոգման ծախսերը: Ծրագրով նախատեսված կայունացման նպատակին հասնելու համար կօգտագործվի նաև չնախատեսված ծախսերի համար ստեղծված պահուստային ֆոնդը:
Տնտեսության մեջ կենտրոնացված կառավարման համակարգի դերի կրճատման նպատակով 1994 թվականին պետական կառավարման կենտրոնական և տեղական մարմինների ապարատի թվաքանակը կրճատվել է 12 տոկոսով: 1995 թ. կնախապատրաստվի և կիրականացվի պետական կառավարման համակարգի վերակառուցման և դրա շուկայական տնտեսության կարիքներին համապատասխանեցման ավելի համապարփակ ծրագիր, որով նախատեսվում է վերացնել արտադրական ոլորտի ճյուղային նախարարությունների մի մասը, վերափոխել մնացած ֆունկցիաները և իրականացնել մինչև 7%-ի չափով բյուջետային ոլորտի չափերի կրճատում:
Բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով ՀԿԲ-ի կողմից վարկերի տրամադրումը կրճատելու համար 1994 թվականի սեպտեմբերին կառավարությունը սկսել է գանձարանային արժեթղթերի թողարկումը: Դրական իրական տոկոսադրույք ունեցող այդ արժեթղթերի առաջին թողարկումն արդեն տեղաբաշխվել է ՀԿԲ-ում: Բացի դրանից, 1995 թ. սկսած կթողարկվեն գանձարանային մուրհակներ, որոնք 1995 թ. մայիսից կիրացվեն աճուրդով: Սկզբնական շրջանում առաջնային և երկրորդային շուկաներում կվաճառվեն ոչ մեծ քանակությամբ չսահմանափակված շրջանառություն ունեցող կարճաժամկետ արժեթղթեր: Հետագայում պետական արժեթղթերի վաճառքը կդառնա բյուջեի դեֆիցիտի ծածկման համար ներքին ֆինանսավորման ամենակարևոր աղբյուրներից մեկը:
Ֆինանսական շուկայում ապապետականացված և սեփականաշնորհված ձեռնարկությունների արժեթղթերի առևտրի աշխուժացման նպատակով կձևավորվեն արժեթղթերի երկրորդային շուկաներ: Դրա իրականացման համար կորոշվի արժեթղթերի ձևը (թղթային, ապանյութականացված, համակարգչային) և կհաստատվի արժեթղթերի գրանցման համակարգը, որի համար 1995 թ. մարտին կստեղծվի համապատասխան պետական մարմին: Այն իրավասու կլինի սահմանելու կապիտալի շուկայի կանոնները, իրականացնելու հետաքննություն, կիրառելու վարչական միջոցներ, ինչպես նաև պատասխանատվություն կկրի կապիտալի շուկայի կառավարման և հսկողության համար:
Պետական ծախսերի նկատմամբ վերահսկողության բարելավման նպատակով նախատեսվում է ՄՏՀ-ի տեխնիկական օգնությամբ ստեղծել գանձարան: 1995 թվականին ֆինանսների նախարարությունը կսահմանի բյուջետային միավորների կողմից միջոցների ծախսման եռամսյակային սահմանաքանակներ և կհետևի դրանց պահպանմանը: Նշված սահմանաքանակներից դուրս միջոցների ծախսումը բյուջետային ռեսուրսների առկայության դեպքում կիրականացվի ծրագրի նպատակներին համապատասխան` ֆինանսների նախարարության կողմից նախնական հաստատումից հետո:
Բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ պետական պատվերների համակարգում 1995 թ. փետրվարից կկիրառվի դրանց տեղադրման մրցութային սկզբունքը, որը միաժամանակ հնարավորություն կընձեռի ակտիվացնել մասնավոր ոլորտի ներգրավումը պետական պատվերի կատարման գործում: 1995 թվականի բյուջեում կհամախմբվեն կառավարական և բյուջետային բոլոր հաշիվները, բացառությամբ կենսաթոշակային ապահովման և զբաղվածության, սոցիալական ապահովության ֆոնդերի:
Նախատեսվում է բարելավել ֆինանսական հաշվետվության ու վիճակագրության որակն ու ընթացքը: Այստեղ առաջնահերթ ուշադրություն կդարձվի արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերի, ինչպես նաև մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Կներդրվի բյուջեում արտացոլված գործունեության գործառնական և տնտեսական դասակարգումը: Այս աշխատանքը կսկսվի 1995 թվականի բյուջեի համատեքստում` ՄՏՀ-ի տեխնիկական օգնության շրջանակներում: Փոփոխություններ կիրականացվեն հաշվապահական հաշվառման մեթոդաբանության մեջ և այն կհամապատասխանեցվի հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներին:
2.3. Դրամավարկային քաղաքականություն
Հայաստանի կենտրոնական բանկը (ՀԿԲ) 1995 թ, կվարի սղաճի զսպմանը և սահմանափակմանը համապատասխանող դրամավարկային կոշտ քաղաքականություն: ՀԿԲ-ի դրամավարկային գործունեությունը հիմնված կլինի վարկերի բաշխման շուկայական մեթոդների և տոկոսադրույքների ակտիվ քաղաքականության վրա, այն հաշվով, որպեսզի նպաստի վարկերի արդյունավետ բաշխմանը: Միաժամանակ կընդլայնվի և կամրապնդվի ֆինանսական ոլորտի գործունեության կարգավորման նորմատիվ հիմքը: Դրամավարկային քաղաքականության և փոխանակման կուրսի քաղաքականության որոշման գործում էլ ավելի կընդլայնվի բանկի ինքնուրույնությունը: Մինչև 1995 թվականի սկիզբը կառավարության օտարերկրյա տարադրամի ամբողջ պաշտոնական պահուստները կհանձնվեն կենտրոնական բանկին: ՀԿԲ-ի վրա կդրվի օտարերկրյա տարադրամի, ինչպես նաև ոսկու պաշտոնական բոլոր պահուստների կառավարման պատասխանատվությունը: ՀԿԲ-ն կապահովի օտարերկրյա տարադրամի պահուստների տեղաբաշխումը այլ երկրների կենտրոնական բանկերում, միջազգային հաշվարկային բանկում կամ լավ համբավ ունեցող միջազգային առևտրային բանկերում:
Սղաճի զսպան նպատակով ՀԿԲ-ի տարեկան դրամավարկային քաղաքականության ծրագրով կսահմանվեն նրա կողմից տրամադրվող վարկային ռեսուրսների և դրամի շրջանառության մեջ բաց թողնելու ամսական նպատակային ցուցանիշները: ՀԿԲ-ի բոլոր վարկերը, ներառյալ օվերդրաֆտը (կառավարությանը և ոչ պետական ոլորտին), կհամաձայնեցվեն այդ ամսական նպատակային ցուցանիշներին: Կդադարեցվի ՀԿԲ-ի բոլոր տեսակի վարկերի անարգել, ավտոմատ ստացումը: ՀԿԲ-ում օվերդրաֆտի մեխանիզմի օգտագործումը խստորեն կվերահսկվի և կենթարկվի բարձր տոկոսադրույքով տույժի` վերաֆինանսավորման դրույքից մեկ երրորդով բարձր:
ՀԿԲ-ի տոկոսադրույքների քաղաքականությունը կսահմանվի շուկայական գործոնների հիման վրա: ՀԿԲ-ի վերաֆինանսավորման դրույքը, որը ներկայումս կազմում է տարեկան 210 տոկոս (ամսական 17,5 տոկոս), կկարգավորվի վարկային աճուրդների արդյունքներով սահմանվող դրույքին հավասարեցնելու ճանապարհով: Այն դեպքում, երբ աճուրդների արդյունքներով սահմանվող դրույքներն իրական արտահայտությամբ կդառնան բացասական, ՀԿԲ-ն կիրականացնի վարկային քաղաքականության հետագա խստացում: Դեպոզիտների նվազագույն տոկոսադրույքների սահմանափակման վերացումը 1994 թ. վերջին բանկերին հնարավորություն կտա ինքնուրույն սահմանել դեպոզիտների տոկոսադրույքները` վարկային ռեսուրսների ավելի արդյունավետ ներգրավման համար:
ՀԿԲ-ն նախատեսում է 1995 թ. հունվարի 1-ից դադարեցնել վերաֆինանսավորման վարկերի նպատակային բաշխումը ըստ տնտեսական ոլորտների: Դրա փոխարեն կօգտագործվեն վարկերի բաշխման շուկայական մեթոդները: Այդ նպատակով ՀԿԲ-ն կշարունակի ամենշաբաթյա վարկային աճուրդների անցկացումը և կավելացնի դրանց անցկացման հաճախականությունը` սահմանելով աճուրդների միջոցով վերաբաշխվող վարկային ռեսուրսների ծավալը ՀԿԲ-ի դրամավարկային ծրագրով նախատեսված նպատակային ցուցանիշներին խիստ համապատասխան:
Միջբանկային վարկային շուկայի միջոցով ՀԿԲ-ի կողմից աճուրդով բաշխվող վերաֆինանսավորման վարկային ռեսուրսների տեսակարար կշիռը 1994 թվականի դեկտեմբերին կհասցվի մինչև ամբողջ վերաֆինանսավորման ռեսուրսների 70 տոկոսին, որոնք կտրամադրվեն ոչ բյուջետային ոլորտի վարկավորման համար: Ծանր վիճակում գտնվող կամ անվճարունակ բանկերի կողմից վարկային աճուրդները որպես ֆինանսավորման միակ աղբյուրի օգտագործումը բացառելու նպատակով ՀԿԲ-ն կշարունակի արգելել այդ տեսակ բանկերի մասնակցությունը աճուրդներին: ՀԿԲ-ն կսկսի նաև իր վարկերի գրավային ապահովման մեխանիզմների կատարելագործման աշխատանքը: Նախապատրաստական աշխատանքներ կտարվեն ՀԿԲ-ի վերաֆինանսավորման վարկի պրակտիկայից անցում կատարելու բաց շուկայում գործառնությունների անուղղակի մեթոդների օգտագործմամբ վարկային ռեսուրսների կառավարման քաղաքականությանը:
1995 թվականի ապրիլի 1-ից ՀԿԲ-ն կդադարեցնի վարկային աճուրդներում վաճառված փոխառությունների մարման երաշխիքների տրման ներկայիս պրակտիկան:
Փոփոխություններ կմտցվեն պահուստային պահանջները կարգավորող դրույթներում: 1995 թ. հունվարից տեղական տարադրամով դեպոզիտների նկատմամբ 15% պահուստային նորմայի պահանջը կտարածվի նաև արտասահմանյան տարադրամով դեպոզիտների նկատմամբ: Խնայողական բանկի դեպոզիտների վրա պահուստային պահանջները կտարածվեն 1995 թվականի ապրիլի 1-ից և 1995 թվականի հուլիսի 1-ին կհասնեն 15 տոկոսի` ՀԿԲ-ի կողմից սահմանված ժամկետացանկին համապատասխան: Բոլոր պարտադիր պահուստները կավանդագրվեն ՀԿԲ-ում: ՀԿԲ-ն չի օգտագործի օտարերկրյա տարադրամով պարտադիր պահուստները, սակայն դրանք կարճաժամկետ դեպոզիտների ձևով կպահի օտարերկրյա հուսալի բանկերում, որոնք առնվազն համապատասխանում են պահուստների կառավարման միջազգային չափանիշներին: Այդ պահանջները կտարածվեն բոլոր բանկերի դեպոզիտների վրա, ներառյալ խնայողական բանկը:
Կառավարության և ՀԿԲ-ի կողմից սահմանված հաշիվներից միջոցների կանխիկացման համար բոլոր գանձումները չեղյալ են համարվել 1994 թ. դեկտեմբերին:
Տարադրամի փոխանակման պաշտոնական կուրսը կշարունակվի մնալ լողացող և կորոշվի միջբանկային տարադրամային բորսայի սակարկությունների հիման վրա:
Նպատակ է դրվում 1995 թ. ավելացնել երկրի պաշտոնական տարադրամային պահուստները` հատկապես փոխարկելի տարադրամներով: Նախատեսվում է համախառն պաշտոնական միջազգային պահուստների ծավալը օտարերկրյա տարադրամներով (ներառյալ ոսկին և օտարերկրյա տարադրամային դեպոզիտների գծով պահուստային պահանջները) հասցնել մինչև 61,3 մլն ԱՄՆ-ի դոլարի կամ 1,6 ամսվա ներմուծման ծավալին: Նպատակային այս ցուցանիշին համապատասխան ՀԿԲ-ի փոխարկելի տարադրամով զուտ պաշտոնական միջազգային պահուստների ծավալը 1995 թ. հունիսի դրությամբ նախատեսվում է պահպանել ԱՄՆ-ի 7,3 մլն դոլարից ոչ պակաս սահմաններում: Բացի դրանից, զուտ փոխարկելի տարադրամներով և ռուսական ռուբլով պաշտոնական միջազգային պահուստների ծավալը 1995 թ. հունիսի դրությամբ կլինի ԱՄՆ-ի 8,1 մլն դոլարից ոչ պակաս: Տարադրամային շուկայում ՀԿԲ-ի ինտերվենցիաները կսահմանափակվեն հարթող գործառնություններով և ծրագրով սահմանված զուտ պաշտոնական միջազգային պահուստների մակարդակի պահպանման խնդիրներով:
Տարադրամի պարտադիր վաճառքի պահանջը 50 տոկոսից 1995 թ. հունվարին կիջեցվի 30 տոկոսի և կփոխարինվի ձեռնարկությունների պարտավորությամբ` դրանք վաճառել միջբանկային աճուրդում: Այս պահանջը լիովին կվերացվի 1995 թ. ապրիլին:
Կանխիկի ստացման գործում 1994 թ. վերջին սահմանափակումների վերացմամբ նախատեսվում է վերացնել նաև կանխիկ և անկանխիկ դրամի փոխանակման կուրսի տարբերությունները:
Ոչ արտոնյալ պայմաններով տրամադրված օտարերկրյա վարկերի օգտագործման նկատմամբ կտարվի կոշտ քաղաքականություն: Այդ նպատակով 1995 թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության անունից վարկերի ստացման և արտաքին պարտքերի երաշխավորման լիազորությունները համատեղ կիրականացնեն ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները: Արտաքին պարտքի գծով վերահսկողության և հաշվետվության համակարգը կգտնվի ֆինանսների նախարարության տնօրինության տակ: Սահմանափակումներ կմտցվեն նաև ոչ արտոնյալ պայմաններով տրամադրվող վարկերը կառավարության և ՀԿԲ-ի կողմից ստանալու և երաշխավորելու նկատմամբ: Նման սահմանափակումներին համապատասխան 1-12 տարի մարման ժամկետով ստացված կամ երաշխավորված ոչ արտոնյալ վարկերի գումարը 1995 թ. հունիսի դրությամբ չի կարող գերազանցել 162 մլն ԱՄՆ-ի դոլարը, որից 1-5 տարի մարման ժամկետով ստացված կամ երաշխավորված վարկերը` 100 մլն ԱՄՆ-ի դոլարը: Բացի դրանից, մինչև մեկ տարին ներառյալ մարման նախնական ժամկետով պարտքի ծավալը (բացառությամբ ներմուծման հետ կապված սովորական վարկերի) 1995 թ. հունիսի դրությամբ չի գերազանցի 4 մլն ԱՄՆ-ի դոլարը: Կառավարությունը և ՀԿԲ-ն չեն կուտակի արտաքին վճարումների գծով ժամկետանց պարտքեր:
Ֆինանսական կարգապահության բարձրացման նպատակով նախատեսվում է առավելագույն հնարավոր չափով կրճատել ձեռնարկությունների միջև և բանկի վարկի գծով փոխադարձ պարտքերի մեծությունը` առավելագույնս օգտագործելով բյուջեի պարտքերի մարման գործընթացը և կազմակերպելով պարտքերի փոխադարձ մարումը և հաշվանցումը: Այդ նպատակով ֆինանսների նախարարությունում արդեն ստեղծվել է նպատակային խումբ: Մինչև 1995 թ. հուլիսի 1-ը ՀԿԲ-ին կից կստեղծվի վերահսկիչ կոմիտե, որը կվերահսկի 50 խոշորագույն պարտատեր ձեռնարկությունների դրամական մուտքերը և վճարումները ու կպատրաստի ամսական հաշվետվություններ, որոնք հնարավորություն կտան կանխարգելել նոր պարտքերի կուտակումը այդ ձեռնարկությունների կողմից: ՀԿԲ-ի կողմից քայլեր կձեռնարկվեն սահմանափակելու այդ ձեռնարկությունների բանկային վարկավորումը, մասնավորապես, այդպիսի վարկերի դիմաց կպահանջվի 100 տոկոսանոց հատուկ ռեզերվային ֆոնդերի ստեղծում: Միաժամանակ դա կնպաստի վարկային պրակտիկայի նկատմամբ պատասխանատվության մեծացմանը:
Ժամկետանց բանկային վարկերի ծավալի հետագա աճը կանխելու նպատակով ՀԿԲ-ն կիրականացնի բոլոր առևտրային բանկերի վարկային պորտֆելների ուսումնասիրություն, որը նախատեսվում է ավարտել 1995 թ. փետրվարին: Այս տվյալները հիմք կհանդիսանան որոշելու այն պարտատեր խոշոր կազմակերպությունների ցանկը, որոնց նկատմամբ նոր վարկերի տրամադրման ժամանակ բանկերը պարտավոր կլինեն պահեստավորել այդ փոխատվությունների 100 տոկոսին համարժեք գումարը:
Անհուսալի փոխատվություններից հնարավոր կորուստների սահմանափակման նպատակով կկարգավորվեն բանկերի կանոնադիր կապիտալներին ներկայացվող պահանջները: 1995 թ. ապրիլին դրա մեծությունը կհասցվի 100 հազ. ԱՄՆ-ի դոլարի համարժեքին: Միաժամանակ ՀԿԲ-ն կպահանջի, որպեսզի բանկերը փոխատվությունների ապահովման համար անհրաժեշտ գումարները մեծացնեն մինչև կապիտալի 100 տոկոսի չափով:
Բանկային համակարգում հաշվապահական հաշվառման բարելավման համար բանկային հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները կհամապատասխանեցվեն միջազգային ստանդարտներին: Այդ նպատակով նախատեսվում է ստանալ ՄՏՀ-ի տեխնիկական օգնությունը: Առևտրային բանկերի համար կներդրվեն ֆինանսական հաշվետվության նոր ձևեր` միջազգային ստանդարտներին համապատասխան:
2.4. Գների քաղաքականություն
1995 թվականի ընթացքում նախատեսվում է`
- կրճատել - ապրանքների և ծառայությունների` պետության կողմից կարգավորվող և վերահսկվող գների և սակագների անվանացանկը.
- ապահովել տարադրամի փոխանակման կուրսի կայունությունը.
- տնտեսական և դիրեկտիվ մեթոդներով կրճատել օտարերկրյա տարադրամի շրջանառությունը հանրապետության ներսում.
- շարունակել ներհանրապետական շուկայում մենաշնորհային դիրք գրավող ապրանքների և ծառայությունների գների և սակագների կարգավորումն ու վերահսկումը` ապահովելով վերջինիս իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտ.
- կրճատել պետության կողմից տրվող ուղղակի և անուղղակի լրավճարները` վերջիններիս հաշվին ավելացնելով բնակչության իրական եկամուտները.
- ներմուծվող հումքի և արտադրանքի տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման միջոցով նպաստել ներհանրապետական շուկայի պաշտպանվածությանը:
Սրանք են մակրոտնտեսական քաղաքականության ընդհանուր ուղղությունները գների բնագավառում: Առանձին ապրանքների և ծառայությունների` պետության կողմից կարգավորվող և վերահսկվող գների և սակագների 1994 թ. քաղաքականության վերլուծությունը և 1995 թվականի քաղաքականությունը ներկայացվում են ստորև:
Ռեսուրսների բաշխման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև պետության կողմից տրվող լրավճարների կրճատման նպատակով 1993 թվականի հուլիսից սկսվեց և շարունակվում է գների լրիվ ազատականացման գործընթացը: 1994 թ. հուլիսից ազատականացվեցին միջազգային հեռախոսակապի գները, բացի ԱՊՀ երկրների հետ կապի, որի գներն արտահայտում են բոլոր կատարված ծախսերը: Բացի դրանից, 1994 թ. հոկտեմբերից հավասարվեցին բնակչությանը և մյուս սպառողներին տրվող բնական գազի սակագները, հանվեցին սակագների և շահութաբերության սահմանային մակարդակների կարգավորումը կաթի, մանկական սննդի, օդային հաղորդակցության և հեղուկ գազի համար: 1994 թ. դեկտեմբերի 1-ից բարձրացվեցին բնակչությանը տրվող հացի գինը և էլեկտրական էներգիայի սակագինը, որով վերացվեց էլեկտրաէներգիայի սպառման խաչաձև սուբսիդիան: Հացի գինը 1 կգ-ի համար 6 դրամից դարձավ 66 դրամ, իսկ էլեկտրական էներգիայի սակագինը 1 դրամ 30 լումայից (մեկ կվտժ-ի համար)` 8 դրամ 40 լումա: 1995 թվականին կշարունակվի պետության կողմից գների և սակագների կարգավորումը սահմանափակ ապրանքների և ծառայությունների անվանացանկի համար: Վերջինիս մեջ կմտնեն հացը, կոմունալ ծառայությունները, ներքաղաքային էլեկտրատրանսպորտը և ներհանրապետական հեռախոսային կապը: 1995 թ. ընթացքում կվերացվեն էլեկտրատրանսպորտի, իսկ տարվա վերջին նաև ջերմամատակարարման լրավճարները: Միաժամանակ սահմանային շահութաբերությամբ և հաստատագրված առևտրական վերադիրով կշարունակվեն կարգավորվել դեղորայքի և հացի գները (մինչև հուլիս ամսից վերջիններիս ազատականացումը):
Ապրանքների և ծառայությունների` պետության կողմից կարգավորվող և վերահսկվող գներն ու սակագները, անհրաժեշտության դեպքում, պարբերաբար կվերանայվեն տարվա ընթացքում:
Ապրանքների և ծառայությունների գների և սակագների պետության կողմից կարգավորումը կկրի որակական այլ բնույթ: Կկարգավորվեն հիմնականում շուկայում մենաշնորհային դիրք գրավող ապրանքների և ծառայությունների գներն ու սակագները:
2.5. Սոցիալական քաղաքականություն և զբաղվածություն
Տնտեսական բարեփոխումների ծրագրի գլխավոր նպատակին համապատասխան հանրապետության 1995 թ. սոցիալական քաղաքականությունը նպատակաուղղված կլինի բնակչության կենսամակարդակի կայունացմանը, դրա հետագա աճի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև բնակչության սոցիալապես առավել անապահով խմբերին հասցեագրված սոցիալական պաշտպանության համակարգի ներդրմանը:
1. Բնակչության առավել կարիքավոր շերտերին հասցեագրված սոցիալական օժանդակության և աջակցության բնագավառում նախատեսվում է.
- Վերանայել ընտանեկան սոցիալական նպաստների տրամադրման համակարգը հիմնվելով «Փարոս» համակարգի արդյունքների վրա: Մշակել և ներդնել օրենսդրական բազա եկամտահարկի գանձումը հայտարարագրման համակարգի միջոցով իրականացնելու համար:
- 1995 թ. ավարտել ընտանիքների կարիքավորության որոշման համակարգի ստեղծման աշխատանքները և դրանց համապատասխան իրականացնել կարիքավոր ընտանիքներին հասցեագրված մարդասիրական օգնության բաշխումը:
2. 1995 թ. ապրիլ և հուլիս ամիսներին նախատեսվում է իրականացնել բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում` կարգավորվող գների բարձրացմանը համապատասխան: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է երեք տարվա ընթացքում իրականացնել աշխատավարձի նոր համակարգի ներդրում, մասնավորապես, բյուջետային համակարգի աշխատողների իրական աշխատավարձի բարձրացում առնվազն 5 անգամ, այն սկսելով 1995 թ. սեպտեմբերից` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների աշխատավարձից:
ՀՀ կառավարությունը մինչև 1995 թ. մայիսի 1-ը ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությանն է ներկայացնում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման սանդղակը: Աշխատավարձերի բարեփոխումը նախատեսում է աշխատավարձն անմիջապես կապի մեջ դնել աշխատանքի որակի, աշխատողի պատասխանատվության աստիճանի հետ` էականորեն տարբերակելով պաշտոնային դրույքաչափերը:
Աշխատավարձի վճարման համակարգի բարեփոխման նպատակը բյուջետային ոլորտի աշխատողների իրական աշխատավարձերի աճի ապահովումն է, որր իրականացվելու է բյուջետային ոլորտի աշխատողների թվաքանակի ոչ պակաս, քան 7% կրճատման արդյունքում տնտեսվող միջոցների, ինչպես նաև երեխաներին տրվող նպաստների վճարման նպատակային համակարգի ներդրման ճանապարհով նպաստների ընդհանուր գումարի կրճատումից տնտեսվող միջոցների հաշվին:
1995 թ. տնտեսության պետական, մասնակի անհատույց սեփականաշնորհման ծրագրով բաժնեշնորհված և 1995 թվականին սեփականաշնորհվող հատվածի աշխատողների իրական միջին ամսական աշխատավարձը կաճի 0,6%-ով, այդ թվում ոչ բյուջետային ոլորտի աշխատողները` 0,3%-ով, իսկ բյուջետային ոլորտի աշխատողներինը` 1%-ով:
1995 թ. հանրապետությունում օգտագործվող համախառն ազգային արդյունքը (դրսից ստացվող մասնավոր տրանսֆերտների և մարդասիրական օգնության հետ միասին) 1994 թ. համեմատ փաստացի գործող գներով կավելանա 2,85 անգամ:
Օգտագործվող համախառն ազգային արդյունքի շուրջ 12,6%-ը կկազմեն համախառն ինվեստիցիաները, 19,7%-ը` ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերը, իսկ բնակչության կողմից սպառվող մասը կկազմի 67,7% կամ 336,2 մլրդ դրամ:
1994 թ. համեմատ բնակչության սպառմանն ուղղված միջոցները 1995 թ. համադրելի գներով կավելանան շուրջ 25%-ով:
Այսպիսով, 1995 թ. սպառմանն ուղղված միջոցները բնակչության մեկ շնչի հաշվով կկազմեն 90131 դրամ, 1994 թ. 24145 դրամի դիմաց, իսկ իրական սպառման մակարդակը կաճի 25%-ով:
Միաժամանակ միայն մարդասիրական օգնության հաշվին բնակչության մեկ շնչի հաշվով միջին ամսական լրացուցիչ եկամուտը կկազմի 3,35 դոլար կամ 1575 դրամ, որը մասնավորապես, բյուջետային ոլորտում 1995 թ. միջին աշխատավարձի 65,6%-ն է: Նկատի ունենալով այդ օգնության նպատակաուղղվածությունը, բնակչության կարիքավոր խավերի համար փաստացի գումարը կլինի ավելի բարձր:
3. 1995 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել բարեփոխումներ կենսաթոշակային ապահովման բնագավառում: Այստեղ նախատեսվում է նաև մշակել և ներդնել կենսաթոշակների և նպաստների հաշվարկման ու վճարման ավտոմատացված համակարգ:
4. Որոշ բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից իրականացված անօրինական գործառնությունների պատճառով տուժված ավանդատուների կրած վնասների փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը, կենտրոնական բանկը և դատախազությունը 1995 թ. ընթացքում հետևողականորեն կշարունակեն աշխատանքները մեղավորների բացահայտման, օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց գույքի բռնագրավման և դրա իրացումից առաջացած հասույթը ավանդատուներին տրամադրելու ուղղությամբ:
5. Փախստականների սոցիալական խնդիրների լուծման բնագավառում 1995 թ. կշարունակվի բնակարանային շինարարությունը ՄԱԿ-ի փախստականների Գերագույն Կոմիսարիատի հետ համատեղ: Կշարունակվի նաև փախստականներին մարդասիրական օգնության ցուցաբերումը ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի, Միջազգային կարմիր խաչի ֆեդերացիայի և Համաշխարհային սննդի ծրագրի կողմից:
6. 1995 թ. բարեփոխումներ են նախատեսվում նաև զբաղվածության բնագավառում:
Տնտեսության մեջ զբաղվածների թվաքանակը 1995 թվականին 1994 թ. նկատմամբ կնվազի 3%-ով, այդ թվում պետական հատվածում զբաղվածների թվաքանակը` 5,3%-ով:
1995 թվականին, ըստ կանխատեսման, գործազուրկի կարգավիճակ ստացողների թվաքանակը կկազմի 160 հազար մարդ կամ աշխատանքային ռեսուրսների 7,5%-ը:
Գործազրկության կանխատեսվող աճը պայմանավորված է հետևյալ գործոններով`
- 1995 թ. սեփականաշնորհման լայնածավալ ծրագրի իրականացումը.
- գործազուրկների թվաքանակի ավելացումը, կապված գործազրկության նպաստների վճարման ժամկետների և չափերի վերանայման հետ:
Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով 1995 թ. նոր հասարակական վճարովի աշխատանքների և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների կազմակերպման շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Արտասահմանյան վարկերի միջոցները հնարավորություն կտան լրացուցիչ ապահովելու շինարարական համալիրի ավելի քան 10 հազար աշխատողների զբաղվածությունը:
2.6. Արտաքին տնտեսական քաղաքականություն
Հանրապետության 1995 թ. արտաքին տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղվելու է համաշխարհային տնտեսության մեջ ՀՀ-ի տնտեսության ինտեգրացման գործընթացի շարունակմանը, արտաքին առևտրի ազատականացմանը, արտահանման (այդ թվում` ծառայությունների և աշխատուժի) խրախուսմանը:
Այդ նպատակով նախատեսվում է`
1. Արտահանման ռեժիմի լիակատար ազատականացում, որը ենթադրում է արտահանման տարիֆային և ոչ տարիֆային բոլոր տեսակի (բացառությամբ անվտանգության և առողջապահական բնույթի արտադրատեսակների) սահմանափակումների վերացում:
2. Ներմուծման ռեժիմի էլ ավելի ազատականացում և պարզեցում, որը ենթադրում է ներմուծման ցածր և միասնականացված (0, 10, 30, 50%) մաքսերի սահմանում, իսկ ԱՊՀ անդամ երկրների համար` ապրանքների անմաքս ներմուծման ռեժիմի սահմանում:
3. Նախկին ԽՍՀՄ երկրների հետ տնտեսական կապերի զարգացում և խորացում, այդ երկրների հետ ազատ առևտրի ռեժիմի ձևավորում:
4. Միջպետական կենտրոնացված, այդ թվում փոխկապակցված առաքումների անվանացանկի և ծավալների կրճատում:
5. «Առևտրի և սակագների գլխավոր համաձայնագրին» (ԳԱՏՏ) և վերջինիս հետնորդ` Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը ՀՀ անդամակցության և ԳԱՏՏ-ի անդամ երկրների հետ ազատ առևտրի ռեժիմ հաստատելու գործընթացի ապահովում:
6. Արտասահմանում ՀՀ առևտրական ներկայացուցիչների կամ դեսպանատներում տնտեսական ներկայացուցիչների ինստիտուտի (տնտեսական կցորդ կամ դեսպանի խորհրդական տնտեսական գծով) ստեղծման գործընթացի շարունակում:
7. Արտաքին առևտրի զարգացումն ու խրախուսումն ապահովող մեխանիզմի կատարելագործում և ենթակառուցվածքների ձևավորում, այդ թվում հանրապետությունում միջազգային առևտրային կենտրոնի ստեղծում, որը կապահովի համաշխարհային շուկաներում ապրանքների գների, դրանց դինամիկայի, այլ երկրների առևտրային և մաքսային ռեժիմների մասին տեղեկատվական համակարգի ներդրումը:
8. Արտահանվող ապրանքների որակի հսկման և սերտիֆիկացման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ստեղծում:
9. Աշխատուժի և ինտելեկտուալ սեփականության արտահանումը կարգավորող օրենսդրական դաշտի մշակում և ներդրում:
1995 թ. համար ՀՀ կառավարության և նախկին միության հանրապետությունների կառավարությունների միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի կնքման գործընթացը կկրի որակական փոփոխություն: Նախատեսվում է այդ հանրապետությունների հետ համաձայնեցնել և կնքել տնտեսական համագործակցությունը կարգավորող համաձայնագրերի փաթեթ: Մասնավորապես, համագործակցող երկու պետությունների միջև առևտրի ռեժիմները կկարգավորվեն առևտրատնտեսական համագործակցության և ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրերով: Ընդ որում, երկկողմանի համաձայնության առկայության դեպքում նախապատվությունը տրվելու է ազատ առևտրի ռեժիմին: Տվյալ երկրների հետ տնտեսական կապերի համալիր զարգացման առումով նախատեսվում է ստորագրել նաև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, երկակի հարկումից խուսափելու, մաքսային հարցերում համագործակցության և ոչ առևտրային վճարումների վերաբերյալ համաձայնագրեր:
1995 թ. տարբեր երկրների հետ միջպետական կապերը կունենան որակական զարգացման միտումներ:
Հանրապետության տնտեսության կայունացման կարևորագույն պայմաններից է նաև, նախկին միության հանրապետություններից բացի, այլ պետությունների հետ բազմամակարդակ կապերի հաստատումը: Տվյալ տնտեսական կապերի համակարգված և կշռադատված խորացումն աստիճանաբար կթուլացնի հանրապետության տնտեսական կախվածության աստիճանը նախկին միության մի շարք հանրապետություններից:
Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական հարաբերությունների ոլորտում էապես բարձրացել է Իրանի Իսլամական Հանրապետության դերը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը տնտեսական բնույթի կարևորագույն համաձայնագրեր է ստորագրել ԱՄՆ-ի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Արգենտինայի, Հունաստանի, Լեհաստանի, Հունգարիայի, ԿԺԴՀ-ի, Հնդկաստանի, Ավստրիայի Հանրապետության, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության, Ռումինիայի, Բուլղարիայի և այլ պետությունների հետ:
1995 թ. գործընթացը կխորանա և կունենա քանակական ու որակական զարգացում, որին կնպաստեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև եվրոպական զարգացած երկրների հետ կնքված և կնքվելիք տնտեսական բնույթի բազմաթիվ համաձայնագրերն ու պայմանագրերը:
Հայաստանի արտաքին տնտեսական կապերի աշխուժացմանն էապես կնպաստեն նաև Չեխիայի, Սլովակիայի, Քուվեյթի, Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Կիպրոսի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի, Թայլանդի, Ավստրալիայի, Կուբայի, ՀԱՀ-ի և մի շարք այլ պետությունների կառավարությունների հետ կնքվելիք համաձայնագրերը:
2.7. Կազմակերպակառուցվածքային բարեփոխումներ և տնտեսության ոչ պետական ոլորտի ընդլայնում
Հանրապետությունում 1995 թ. ընթացքում կշարունակվի իրականացվել սեփականաշնորհման երկու լայնածավալ ծրագիր.
- բնակարանային սեփականաշնորհումը, որը սկսվել է 1993 թ. և թափ է առել 1994 թ.,
- պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը:
1994 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ սեփականաշնորհվել է պետական և հասարակական բնակֆոնդի 134236 բնակարան, որը կազմում է ամբողջի 39%-ը: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նաև կոոպերատիվ բնակելի տները պետական, հասարակական և կոոպերատիվ բնակարանային ֆոնդի 44%-ը արդեն ՀՀ քաղաքացիների սեփականությունն է: Համեմատության համար նշենք, որ այդ ցուցանիշը 1994 թ. հունիսի 1-ի դրությամբ կազմել է 32%:
1994 թ. պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման բնագավառում հիմնականում իրականացվել է պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհում և դրա հետևանքով ստեղծվել են պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններ: Ընդհանուր առմամբ բաժնեշնորհման գործընթացում ընդգրկվել են 1096 ձեռնարկություն (ձեռնարկությունների ընդհանուր թվի 53%-ը):
Մասնակի անհատույց սեփականաշնորհման գործընթացում ընդգրկված են տնտեսության ամենատարբեր բնագավառների ձեռնարկություններ և օբյեկտներ: 1994 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ պետական ձեռնարկությունները բաժնետիրական ընկերությունների վերափոխելու վերաբերյալ (առաջին ժողով) դրական կարծիք են հայտնել 1069 ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներ, իսկ 910 ձեռնարկություններում արդեն անցկացվել են բաժնետիրական ընկերությունների հիմնադիր ժողովներ:
Մասնակի անհատույց սեփականաշնորհման միջոցով պետական ձեռնարկությունների բաժնետիրական ընկերությունների վերակազմավորման գործընթացը կավարտվի 1995 թ. սկզբին:
Զգալի աշխատանք է կատարվել նաև պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման ուղղությամբ: Ընդունվել են ավելի քան երեք տասնյակից ավելի նորմատիվ բնույթի ակտեր: Գնահատվել են շուրջ 500 «փոքր» օբյեկտներ, որից 122-ը` առևտրի, 54-ը` հասարակական սննդի, 241-ը` կենցաղսպասարկման օբյեկտներ: 145 «փոքր» օբյեկտ արդեն սեփականաշնորհվել է: Այդ օբյեկտների վաճառքից պետական բյուջե է մուտքագրվել 260 մլն դրամ, որից սեփականաշնորհման սերտիֆիկատներով` 175 մլն դրամ:
Հացի գների լրիվ ազատականացումից հետո 1995 թ. ընթացքում կսեփականաշնորհվեն նաև հացամթերման և հացաթխման ձեռնարկությունները:
Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը պետք է իրականացվի 1994 թ. սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի համաձայն, որի գործողության ժամկետը, համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո, շարունակվելու է 1995 թ. ընթացքում:
Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թ. ծրագրից ընտրվել են 10 խոշոր ձեռնարկություններ, որոնք նախատեսվել են վերակազմավորելու բաց բաժնետիրական ընկերությունների: Վերջիններիս բաժնետոմսերի վաճառքը կիրականացվի աճուրդային եղանակով` 1995 թ. մարտի 1-ից, և բնակչությունը կմասնակցի դրանց բաժնետոմսերի բաժանորդագրությանը: Բացի այդ, 1995 թ. առաջին կիսամյակում սեփականաշնորհման ծրագրից կընտրվեն և կառանձնացվեն ևս 50 խոշոր ձեռնարկություններ, որոնք կվերակազմավորվեն բաց բաժնետիրական ընկերությունների:
1995 թ. բաժնեշնորհվելու են ավելի քան 300 միջին և խոշոր ձեռնարկություններ:
1995 թ. կսեփականաշնորհվի պետական առևտրի, հասարակական սննդի, կենցաղային սպասարկման ձեռնարկությունների 70%-ը: Կապապետականացվեն կամ կսեփականաշնորհվեն գյուղատնտեսական հումք և մթերքներ վերամշակող, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սպասարկող ձեռնարկությունները, ինչպես նաև ժողովրդական սպառման ապրանքներ թողարկող տնտեսության մյուս ճյուղերի ձեռնարկությունների էական մասը:
1995 թ. սեփականաշնորհումը կընթանա սեփականաշնորհման սերտիֆիկատներով, ինչը զգալիորեն կնպաստի ժողովրդական սեփականաշնորհման իրականացմանը և սեփականատերերի սոցիալական լայն բազայի ստեղծմանը: Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը հանրապետության բնակչությանը սկսվել է 1994 թ. հոկտեմբերից և ավարտվել է 1995 թ. փետրվարի 28-ին:
1995 թ. լայնորեն կկիռարվեն նաև ապապետականացման մյուս ձևերը (վարձակալություն, լիազորագրային կառավարում և այլն), հատկապես տնտեսության այնպիսի ոլորտներում ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, առողջապահությունը, որոնցում պետական գերակայությունն առայժմ պարտադիր է:
Նշված միջոցառումների հետևանքով տնտեսությունում զգալիորեն կավելանա ոչ պետական հատվածի բաժինը:
Ձեռնարկատիրության պետական կարգավորման և աջակցության բնագավառում տնտեսական քաղաքականությունը կտարվի երկու հիմնական ուղղություններով` ապամենաշնորհացում և համամենաշնորհային կարգավորում, որոնց նպատակն է ընդլայնել հանրապետության շուկայում տնտեսավարող սուբյեկտների մրցակցային հնարավորությունները:
Տնտեսության ապամենաշնորհացումը կիրականացվի մենատեր ձեռնարկությունների ապախոշորացման կամ մասնատման (ելնելով դրանց նպատակահարմարությունից), վարչական մենաշնորհների (նախարարություններ, գերատեսչություններ և այլն) ֆունկցիաների ապակենտրոնացման և մենատեր սուբյեկտների գործունեության նորմատիվային կարգավորման միջոցով:
Տնտեսությունում ապամենաշնորհացման նպատակամղված քաղաքականություն վարելու համար կիրականացվեն հետևյալ միջոցառումները`
1. Մշակել և ընդունել հանրապետության տնտեսության ապամենաշնորհացման համալիր ծրագիր, որում անհրաժեշտ է տարբերակված մոտեցում ցուցաբերել հանրապետության մենաշնորհների նկատմամբ` հաշվի առնելով դրանց յուրահատկությունները, մասնավորապես`
ա) պահպանել բնական մենաշնորհները որպես պետական ձեռնարկություններ.
բ) շարունակել վարչական մենաշնորհների (արտադրության և իրացման ոլորտները կառավարող նախարարությունների, գերատեսչությունների և այլն) ֆունկցիաների ապակենտրոնացման գործընթացը, որի վերջնական նպատակը և արդյունքը պետք է հանդիսանա պետական ձեռնարկատիրության ստեղծումը.
գ) այն մենաշնորհները, որոնք այդպիսին են դարձել նախկին պլանային համակարգի (արտադրության համակենտրոնացման, ֆոնդավորման, առավելագույն մասնագիտացման) հետևանքով, ապամենաշնորհացնել գլխավորապես այդ ոլորտներում այլ սուբյեկտների մուտքը խրախուսելու ճանապարհով.
դ) մյուս մենաշնորհների նկատմամբ, որոնք առաջ են եկել շուկայական տնտեսության արմատավորման պայմաններում սեփականության տարբեր ձևերի ստեղծման ճանապարհով և որոնց նպատակը շուկայում մենաշնորհային դիրքի ձեռքբերումն ու մենաշնորհ շահույթների ստացումն է, վարել հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն:
2. Սկսել ներհանրապետական շուկայում մենաշնորհային հանդիսացող այն խոշոր ձեռնարկությունների ապախոշորացման գործընթացը, որը չի խաթարի նրանց արտադրության տեխնոլոգիական ցիկլը:
3. Առաջին հերթին ապախոշորացնել այն ձեռնարկությունները, որոնք ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման 1994 թ. ծրագրով նախատեսվում են օտարման, ըստ որում այն հաշվով, որպեսզի ապախոշորացումը նախորդի դրանց սեփականաշնորհմանը կամ ապապետականացմանը:
4. Ստեղծել մենատեր ձեռնարկությունների պետական ռեգիստր և սահմանել դրանցում գրանցված ձեռնարկությունների գործունեության կարգավորման մեխանիզմները, կարգը և պայմանները:
Շուկայական տնտեսության ձևավորման նախապայմաններից մեկը հակամենաշնորհային քաղաքականության մշակումն ու մրցակցության ստեղծումն է: Հրատապ է դառնում հակամենաշնորհային քաղաքականության և մրցակցության զարգացման մասին օրենքի ընդունումը:
Ազատ ձեռնարկության զարգացման համար կարևորվում է փոքր բիզնեսի զարգացման պետական ծրագրի մշակումը և կիրառումը:
Տնտեսության մասնավոր հատվածի զարգացման նպատակով արտասահմանյան ներդրումները ներգրավելու համար սփյուռքահայ և տեղական ձեռներեցների մասնակցությամբ 1994 թ. ստեղծվել է «Հայ գործարարների կորպորացիան» (300 հազ. ՍՄՆ-ի դոլար կանոնադրական հիմնադրամով): Փոքր և միջին բիզնեսի զարգացման բնագավառում 1995 թ. ներդրումներ կկատարվեն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Եվրազիա» ֆոնդից (0,5-ից մինչև 1 մլն ԱՄՆ-ի դոլար): Նույն նպատակով Ամերիկյան ձեռնարկատիրության աջակցության ֆոնդը հատկացնելու է 2-3 մլն ԱՄՆ-ի դոլար, իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նախատեսում է հիմնադրել ինվեստիցիոն կորպորացիա 1-2 մլն ԱՄՆ-ի դոլար հիմնադրամով:
Տարվա ընթացքում կմիաձուլվեն արդյունաբերության և թեթև արդյունաբերության, նյութական ռեսուրսների և առևտրի, պարենի և մթերումների ու գյուղատնտեսության, բարձրագույն կրթության և գիտության ու լուսավորության նախարարությունները, ինչպես նաև շինարարության նախարարությունը և ճարտարապետության ու քաղաքաշինության պետական վարչությունը: Միաժամանակ գոյություն ունեցող պետական կառույցների հիման վրա կստեղծվի միգրացիայի ծառայություն:
3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
3.1. Ինվեստիցիաներ
1995 թվականին կապիտալ շինարարության ծրագրում (83,44 մլրդ դրամ ծավալով) արտասահմանյան վարկերը կազմում են մոտ 46%-ը` 1994 թ. ծրագրի 22%-ի դիմաց:
Հաշվի առնելով հանրապետության բյուջեի սղությունը և 1995 թ. կառուցվելիք օբյեկտների առաջնայնությունը` ըստ դրանց նշանակության, ձևավորվել է հանրապետության բյուջեի հաշվին կառուցվող օբյեկտների ցանկը` նկատի ունենալով տրամադրվող վարկերի ուղղվածությունը և օբյեկտների տեղաբաշխումը:
Հայկական ԱԷԿ-ի վերագործարկումը 1995 թվականին ապահովելու համար նախատեսվում է հատկացնել 4,0 մլրդ դրամ:
Պետպատվերով նախատեսվում են նաև միջոցներ հատկացնել Որոտան գետի հիդրոտեխնիկական կառույցների պահպանման, ավտոճանապարհներին և երկաթգծերին սողանքների պատճառած վնասների վերացման, ինչպես նաև ՌԱՀ-ի օբյեկտների, Եղեռնի հուշարձանին կից թանգարանի շինարարության ավարտման, Դավիթաշենի կամրջի, Սպիտակի հացամթերքների կոմբինատի շինարարության և Աշտարակի կամրջի կոնսերվացման համար:
1995 թվականին նախատեսվում է ավարտել Երևանի մետրոպոլիտենի Չարբախի հատվածում ստորգետնյա հաղորդակցուղիների տեղափոխումը և շարունակել գրունտային ջրերի մակարդակի իջեցման աշխատանքները:
Համաձայն արտասահմանյան վարկերի հատկացման պայմանագրերի, 1995 թվականին վարկերի իրացման նպատակով պետբյուջեի միջոցներից նախատեսվում է հանրապետության մասնաբաժինը` 2,042 մլրդ դրամ ծավալով: Արդյունքում, պետական բյուջեից շինարարությանը նախատեսվում է հատկացնել 7,667 մլրդ դրամ: Արտասահմանյան վարկերի հաշվին նախատեսվում է իրականացնել 83,5 մլն դոլարի կապիտալ շինարարություն:
Համաշխարհային բանկի կողմից նախատեսվում է իրականացնել 30,2 մլն դոլարի աշխատանքներ, այդ թվում` աղետի գոտու շինարարության ծրագրի շարունակման համար նախատեսվում է 19,2 մլն դոլար, որից բնակարանային շինարարությանը` 9,8 մլն դոլար, 1994 թ. 42,0 հազ. քառ. մ դիմաց 120,0 հազ. քառ. մ բնակմակերեսի շահագործման հանձնումով:
1995 թվականին նախատեսվում է նաև 6,7 մլն դոլար հատկացնել արտադրական ոլորտի օբյեկտների շինարարությանը` Գյումրիի կոնդենսատորների գործարանի, Սպիտակի կարի միավորման և վերելակաշինական գործարանի, Վանաձորի ճշգրիտ հաստոցների և Դիլիջանի «Իմպուլս» գործարանների շինարարությունն ավարտելու, ինչպես նաև 2,7 մլն դոլար` կոմունալ-կենցաղային և մշակույթի մի շարք օբյեկտների, այդ թվում` Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի շինարարության համար:
Էներգահամակարգի պահպանման ծրագրի համար նախատեսվում է 3,0 մլն դոլար` սարքավորումների ձեռքբերման և համակարգի վերակառուցման նպատակով: Այս ծրագրի իրականացման գծով հանրապետության մասնաբաժինը կազմում է 195 մլն դրամ:
Ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրով նախատեսվում է իրացնել 8,0 մլն դոլար` ոռոգման համակարգի ու ջրամբարների վերակառուցման, ջրհան և խորքային պոմպերի, ինչպես նաև ճնշման խողովակների փոխարինման համար: Այս ծրագրում հանրապետության մասնաբաժինը կազմում է 264 մլն դրամ:
Մինչև 1995 թ. վերջը նախատեսվում է ավարտել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարությունը` 32,4 մլն դոլար ծավալով: Հանրապետության մասնաբաժինը այս ծրագրում կազմում է 1,033 մլրդ դրամ:
ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիսարիատի կողմից փախստականների համար բնակարանների կառուցման նպատակով 1995 թ. նախատեսվում է մոտ 2 մլն դոլար, որի հաշվին շահագործման կհանձնվի 25,0 հազ. քառ. մ բնակմակերես` 1994 թ. 18,7 հազ. քառ. մետրի դիմաց: Հանրապետության բյուջեից այս ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 250,0 մլն դրամ` Կոմիսարիատի կողմից կառուցվող բնակելի շենքերի հաղորդակցուղիների շինարարության համար: Մեղրու կամրջի շինարարությունը 1995 թվականին կշարունակվի Իրանի կողմից հատկացվող միջոցների հաշվին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 1995 թ. ծրագրված է կապիտալ շինարարությանն ուղղել 8,73 մլն դոլար, այդ թվում աղետի գոտու համար` 2,77 մլն դոլար մլն դոլար (17 հազ քմ բնակմակերես), Արցախի համար` մոտ 5 մլն դոլար, փախստականների, ցեղասպանության թանգարանի, Իջևան-Տաուշ ավտոճանապարհի շինարարության և մի շարք այլ աշխատանքների համար` 964 հազ. դոլար:
«Զվարթնոց» օդանավակայանի թերմինալի շինարարության համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից նախատեսվող վարկի իրացման նպատակով 1995 թ. հանրապետության բյուջեից նախապատրաստական աշխատանքների կատարման համար կհատկացվի 300 մլն դրամ:
USAID-ի կողմից մշակված ծրագրերի համաձայն 1995 թ. շարունակվելու են սոցիալական ոլորտի օբյեկտների վերականգնման և վերանորոգման աշխատանքները:
Ռուսաստանի Դաշնության կողմից հատկացվող վարկերից 10,0 մլրդ ռուսական ռուբլի նախատեսվում է ուղղել աղետի գոտու վերականգնմանը, որի հաշվին շահագործման կհանձնվի 20,0 հազ. քառ. մ բնակմակերես: Բացի դրանից, ՀԱԵԿ-ի համար սարքավորումներ և պահեստամասեր ձեռք բերելու նպատակով նախատեսվում է հատկացնել 30,0 մլրդ ռուսական ռուբլի:
Ըստ կանխատեսման, 1995 թ. ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից կապիտալ շինարարությանը կուղղվի մոտ 3,4 մլրդ դրամ:
ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության կողմից 1995 թ. սեփական միջոցների հաշվին նախատեսվում է ավարտել Հերհերի, Մարտունու, Զովաշենի, Այգեզարդի փոքր ՀԷԿ-երի և Իջևան-Բերդ բարձր լարման գծի շինարարությունը:
Բնակչության և տնտեսության մասնավոր հատվածի կողմից, ըստ կանխատեսման, 1995 թ. կիրականացվի մոտ 33,0 մլրդ դրամի շինարարություն` 1994 թ. մակարդակին համապատասխան:
1995 թ. ինվեստիցիոն համակարգում նախատեսվում է իրականացնել հետևյալ քաղաքականությունը`
- մշակել և մինչև 1995 թ. հուլիսի 1-ը հաստատել 1996-1998 թթ. համար պետական ինվեստիցիոն ծրագիրը, որում սահմանել պետական ինվեստիցիոն գերակայությունները, պետական միջոցների և պետության կողմից ստացվելիք կամ երաշխավորվելիք վարկերի հաշվին ինվեստիցիաների իրականացման ոլորտները և կոնկրետ օբյեկտները, պետական հովանավորության ենթակա ինվեստիցիոն ոլորտները, այդ ոլորտներում ինվեստիցիոն գործունեության ֆինանսավորման ձևերը և ինվեստիցիոն օբյեկտները.
- 1995 թ. պետպատվերի կիրառումն իրականացնել մրցութային կարգով.
- շարունակել շինարարության իրականացումը ԱՊՀ երկրներում.
- իրականացնել շինարարական նոր նորմատիվների և ստանդարտների մշակում և ներդրում.
- սեփականաշնորհման գործընթացին զուգահեռ կառուցվածքային փոփոխություններ իրականացնել շինարարության կառավարման համակարգում.
- մշակել և իրականացնել միջոցառումների ծրագիր` անավարտ և 1995 թվականին պետական բյուջեից չֆինանսավորվող շինարարության վերաբերյալ, նկատի ունենալով անավարտ օբյեկտների հաշվառումը, հանձնումը տեղական մարմիններին, տարբեր ինվեստիցիոն ծրագրերում դրանց ընդգրկման նախապատրաստումը և այնուհետև ծրագրերից դուրս մնացած օբյեկտների սեփականաշնորհումը.
- բնակարանային շինարարության խթանման նպատակով բաց թողնել բնակարանային հավաստագրեր (սերտիֆիկատներ) և իրականացնել դրանց շրջանառությունը:
3.2. Արտադրական ոլորտ
1995 թ. էներգետիկայի բնագավառում նախատեսվում է.
- ապրիլի 1-ից անցում էլեկտրաէներգիայի կենտրոնացված բաշխման շրջանակների կտրուկ սահմանափակմանը` նրանում ընդգրկելով կենսաապահովման օբյեկտները և անընդհատ տեխնոլոգիական ցիկլով աշխատող ձեռնարկությունները.
- համակարգում արտադրողների և սպառողների տարանջատում, անցում էլեկտրաէներգիայի իրացման եռաստիճան` արտադրող-մեծածախ գնորդ-սպառող համակարգին, նրանց միջև տնտեսական հարաբերությունների ձևավորում.
- համակարգի տեխնիկական վերազինում և կառավարելիության աստիճանի բարձրացում (Համաշխարհային բանկի վարկի հաշվին).
- էլեկտրաէներգիայի տեխնիկական և կոմերցիոն կորուստները ցանցերում 1994 թ. 41%-ից 1995 թ. իջեցնել 20%-ի.
1995 թ. էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կկազմի 7900 մլն կվտ ժ, որը 1994 թ. սպասվելիք մակարդակը (5650 մլն կվտ ժ) կգերազանցի 39,8%-ով, ընդ որում, ՀԷԿ-երում կարտադրվի 2070 մլն կվտ ժ, ՋԷԿ-երում` 4530 մլն կվտ ժ և Հայկական ԱԷԿ-ում` 1300 մլն կվտ ժ էլեկտրաէներգիա:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կանխատեսման հիմքում դրվել են հետևյալ պայմանները`
Էներգետիկ և ոռոգման կարիքների համար Սևանա լճից 1995 թ. ընթացքում բաց կթողնվի 510 մլն խմ ջուր, կօգտագործվի 1600 հազ. տոննա պայմանական վառելիք և նախատեսված ժամկետում կվերագործարկվի Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը: Ընդ որում, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո բնակչությանը օրական միջին հաշվով կտրվի 10-12 ժամ էլեկտրաէներգիա:
1995 թ. շահագործման կհանձնվեն նաև Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը և Հերհերի հիդրոէլեկտրակայանը:
1995 թ. հանրապետության արդյունաբերության հիմնական խնդիրներն են`
- պատրաստի արտադրանքի իրացման մակարդակի բարձրացումը 15-20%-ով, պահպանելով ԱՊՀ երկրներում ձևավորված շուկաները, ինչպես նաև նոր շուկաների ձեռքբերումը,
- հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը,
- ապապետականացման և սեփականաշնորհման գործընթացի խորացմանը զուգընթաց արտադրական ոլորտի նախարարությունների գործունեության կողմնորոշումը ողջ համակարգում տնտեսական քաղաքականության իրականացման ուղղությամբ:
Արդյունաբերության նախարարության 1995 թ. առաջնահերթ խնդիրը կլինի արտադրանքի մրցունակության բարձրացումը` շնորհիվ որակի, ապրանքային տեսքի, փաթեթավորման բարելավման, այդ նպատակին ուղղված նոր տեխնոլոգիաների ներդրման, արտադրության տեխնիկական վերազինման միջոցառումների իրականացման, այդ թվում` արտասահմանյան ինվեստիցիաների ներգրավման միջոցով`
Թեթև արդյունաբերության նախարարության համակարգում 1995 թ. նույնպես լուրջ ուշադրություն կդարձվի արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև կարևորագույն արտադրությունների ամբողջ տեխնոլոգիական շղթաներով կազմակերպմանը և արտադրվող արտադրատեսակների ծավալների ընդլայնմանը (բուրդ, բամբակ-մանվածք-կտոր-կարի արտադրանք):
Պարենի և մթերումների նախարարության համակարգի ձեռնարկությունների 1995 թ. գործունեությունը հիմնականում կնպատակաուղղվի տեղական գյուղատնտեսական հումքի առավել արդյունավետ վերամշակմանը:
«Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի համակարգի ձեռնարկությունների գործունեության կայունացման հիմնական ուղիներից մեկը տեղական հումքից արտադրված շինանյութերի արտահանման ծավալների ընդլայնումն է:
Ըստ կանխատեսման, 1995 թ. Հայաստանի Հանրապետության արդյունաբերական արտադրանքի ծավալը 1994 թ. նկատմամբ կաճի 13,5%-ով, այդ թվում արդյունաբերության նախարարությանը` 10,0 թեթև արդյունաբերության նախարարությանը` 20, պարենի և մթերումների նախարարությանը` 8 և «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ինը` 20%-ով:
Գյուղատնտեսության ոլորտում ինչպես 1995 թվականին, այնպես էլ առաջիկա տարիներին իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղվելու է պետության կարգավորիչ դերի ուժեղացման միջոցով արդյունավետ տնտեսությունների ձևավորմանը: Այդ տեսակետից անհրաժեշտ է լուծել հետևյալ սկզբունքային խնդիրները`
1. Գյուղատնտեսական հողատեսքերի ազատ առքուվաճառքի, ինչպես նաև հողային գրավի համակարգի ներդրման ուղղությամբ օրենսդրական ակտերի ընդունում, որով պայմաններ կստեղծվեն արդյունավետ ֆերմերային տնտեսությունների ձևավորման համար: Այդ նպատակով գործողության մեջ կդրվի քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասերի առուվաճառքի կարգը:
2. Հողի, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, բույսերի պաշտպանության, անասունների համաճարակային հիվանդությունների, վնասատուների դեմ պայքարի միջոցառումների նկատմամբ պետական պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով տեսչական բնույթի ծառայությունների ստեղծում: Այդ կապակցությամբ կարևորվում են «Ագրարային տեսչությունների մասին» ՀՀ օրենքի շուտափույթ ընդունումն ու կիրառումը:
3. Գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին մասնագիտական աջակցության նպատակով 1995 թվականից սկսած գյուղական բնակավայրերում համապատասխան խմբերի ձևավորում:
4. Գյուղատնտեսական մթերքների գնումների համակարգի կատարելագործում, որով սկիզբ կդրվի գյուղատնտեսական մթերքների գնումների շուկայական ենթակառուցվածքների լայն ցանցի` ապրանքային բորսաների, մշտական և ժամանակավոր գործող տոնավաճառների, տեղեկատվական բանկերի ստեղծման աշխատանքներին:
5. Գյուղատնտեսական վարկավորման և ֆինանսավորման շրջանակների ընդլայնում և կատարելագործում:
6. Հանրապետությունում գյուղատնտեսական մեքենաների և գործիքների, պարարտանյութերի և թունաքիմիկատների, անասնաբուժական որոշակի կենսապատրաստուկների սեփական արտադրության կազմակերպում:
7. Համաշխարհային բանկի վարկի հաշվին ոռոգման համակարգերի վերականգնման և զարգացման լայնածավալ ինվեստիցիոն ծրագրի սկսում:
8. Կամավորության սկզբունքով գյուղացիական միությունների, ասոցիացիաների, գյուղատնտեսության մեջ կոոպերացիայի այլ ձևերի ձևավորմանը նպաստող քաղաքականության իրականացում:
1995 թվականին ընթացիկ տարվա սպասվելիք ցուցանիշի նկատմամբ նախատեսվում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճ 2,9%-ով, այդ թվում բուսաբուծությունում` 4,3 և անասնաբուծությունում` 0,9%-ով:
1995 թ. ոռոգման նպատակով կօգտագործվի 2,1 մլրդ խմ ջուր, այդ թվում Սևանա լճից` 0,27 մլրդ խմ:
Անտառտնտեսությունում 1995 թ. կապահովվի անտառաշինարարություն (դաշտային աշխատանքներ) 59 հազ. հա ծավալով, անտառավերականգնում կկատարվի 4,2 հազ. հեկտարի վրա, անտառների խնամքի և սանիտարական հատումներից կստացվի 100 հազ. խմ փայտանյութ:
1995 թվականին տրանսպորտի բնագավառում տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված կլինի գոյություն ունեցող նյութատեխնիկական բազայի` շարժակազմի և հաղորդակցության ուղիների հնարավորությունների պահպանման և ռացիոնալ օգտագործման, ինչպես նաև տրանսպորտով երթևեկելու արտոնությունների կանոնակարգման և տրանսպորտային փոխադրումների գործունեության կազմակերպման արտոնագրման համակարգի ներդրման միջոցով տրանսպորտային փոխադրումների անհրաժեշտ ծավալի ապահովմանը:
1995 թ. նախատեսվում է ընդհանուր օգտագործման ավտոբուսներով փոխադրել 65 մլն ուղևոր, երկաթուղային տրանսպորտով` 485 հազ. ուղևոր և ներքաղաքային ուղևորափոխադրումների ծավալը հասցնել 139 մլն ուղևորի:
1995 թ. բեռների փոխադրման ծավալը երկաթուղային տրանսպորտով կկազմի 2,8 մլն տոննա, ավտոմոբիլային տրանսպորտով` 33 մլն տոննա, օդային տրանսպորտով` 30 հազ. տոննա:
Կապի բնագավառում 1995 թ. նախատեսվում է աշխատանքներ կատարել հետևյալ ուղղություններով.
- քայլային և կոորդինատային տիպի ավտոմատ հեռախոսակայաններից աստիճանաբար անցում կատարել առանձնացված հեռախոսային ցանցի ստեղծմանը` ներդնելով թվային էլեկտրոնային հեռախոսակայաններ և օպտիկաթելքային մալուխներ: Այդ նպատակով 1995 թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսվում է Երևան քաղաքում սկսել 20 հազար համար հզորությամբ թվային էլեկտրոնային կայանի շինարարական աշխատանքները, որը ելք կունենա ինչպես տեղական, այնպես էլ միջքաղաքային և միջազգային ցանցեր.
- շարունակել սահմանամերձ շրջաններում և ԼՂՀ-ում ավերված կապի միջոցների վերականգնման աշխատանքները.
- շարունակել երկրաշարժից տուժած շրջանների կապի տնտեսությունների վերականգնման աշխատանքները.
- Երևան քաղաքում կառուցել և շահագործման հանձնել ռադիոհեռախոսային բջջային ցանց 40 հազար համար հզորությամբ.
- հանրապետական ռադիոհեռուստատեսային կենտրոնում տեղադրել և շահագործման հանձնել չորս ժամանակակից հեռուստահաղորդիչ սարքավորում.
- կազմակերպել Ռուսաստանի Դաշնության երկու ծրագրերի («Օստանկինո» և «Ռոսիա») ընդունումն արբանյակային կապի միջոցով.
- Երևան-Թբիլիսի պահուստային կապ ստեղծելու նպատակով կառուցել ու շահագործման հանձնել ռադիոռելեային գիծ Տաշիր-Պուշկինի լեռնանցքի հատվածում, որը կապահովի կապի միջհանրապետական անխափան ու հուսալի աշխատանքը.
- ավարտել էներգիայի ոչ ավանդական աղբյուրներով սնվող Երևան-Մեղրի ՌԳԳ-ի շինարարական աշխատանքները, որը հուսալի կապ կապահովի Երևանի և Զանգեզուրի միջև.
- ավարտել համահայկական համակարգիչ ցանցի ստեղծման համալիր ծրագիրը` ներդնելով «Իսկրա-2» առանձնացված հեռախոսային ցանցը:
3.3. Առևտուր, ծառայություններ և արտասահմանյան օգնություն
Հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալի աճը 1995 թ., 1994 թ. համեմատ, կանխատեսվում է 2,1%, իսկ վճարովի ծառայություններինը` շուրջ 1%:
1995 թ. կանխատեսվում է բնակչության մեկ շնչի հաշվով կարևորագույն սննդամթերքների (բացառությամբ մրգի) ռեսուրսների աճ` հաց և հացամթերք` 1,8, կաթ և կաթնամթերք` 3,2, բանջարեղեն` 2,1, շաքար` 2,5, բուսական յուղ` 4,3 տոկոս և այլն:
Կառուցվածքային փոփոխություններ են սպասվում վճարովի ծառայությունների ոլորտում` ոչ պետական հատվածի դերի բարձրացման հետ միաժամանակ իր հետագա զարգացումն են ունենալու ծառայությունների նոր տեսակներ (իրավաբանական, աուդիտ, տարբեր տեսակի ուսուցումներ և այլն):
Սպառողական շուկայի հետագա զարգացման և կայունացման, վճարովի ծառայությունների ոլորտի բարելավման նպատակով 1995 թ. նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները`
- արագացնել առևտրի և ծառայությունների ոլորտներում տնտեսական բարեփոխումների ծրագրի իրականացման աշխատանքները, մասնավորապես իրականացնել ձեռնարկությունների լայնածավալ սեփականաշնորհում.
- վերանայել ՀՀ առևտրի նախարարության հիմնական խնդիրները և համակարգի ենթակառուցվածքը` նպատակ ունենալով այն վերակազմավորել ֆունկցիոնալ նախարարության, կրճատելով մանրածախ առևտրական ցանցում գործող միջանկյալ կառավարման օղակները.
- իրականացնել պետական հսկողություն բնակչության առևտրական սպասարկման որակի և կուլտուրայի (անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից), առևտրական ձեռնարկությունների կողմից առևտրի կանոնների պահպանման նկատմամբ.
- ապահովել սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Վերը նշված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ է մշակել և ընդունել առևտրի ոլորտի գործունեությունը կարգավորող մի շարք օրենսդրական փաստաթղթեր, մասնավորապես «Առևտրի մասին» օրենքը, «Սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքը:
Հանրապետությանը ցույց տրվող արտասահմանյան օգնության քաղաքականությունը 1995 թ. ենթարկվելու է որոշ փոփոխության:
Չնայած հանրապետության համար ներկայումս մարդասիրական օգնության ստացումը մնում է խիստ անհրաժեշտ, սակայն 1995 թ. կառավարության, ինչպես նաև արտասահմանյան կազմակերպությունների քաղաքականությունը հիմնականում ուղղված կլինի մարդասիրական օգնության ծրագրերից աստիճանաբար տեխնիկական օգնության և զարգացման ծրագրերին անցմանը:
Ինչպես 1994 թ. երկրորդ կիսամյակում, այնպես էլ 1995 թ. շարունակվելու է մարդասիրական օգնության հաշվին հացահատիկի ներմուծումը հանրապետություն: Այսպես, 1994 թ. երկրորդ կիսամյակի և 1995 թ. առաջին կիսամյակի ընթացքում Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 150 հազ. տ հացահատիկ, 30 հազ. տ ալյուր, 20 հազ. տ տարեկան: 1995 թ. առաջին կիսամյակում ԱՄՆ-ի կառավարությունը կտրամադրի 100 հազ. տոննա հացահատիկ:
Հայաստանը շարունակելու է ստանալ նաև սննդամթերք` ինչպես ողջ բնակչության համար, որը կբաշխվի կտրոնային համակարգով, այնպես էլ կարիքավորների խմբերի համար: Կշարունակվեն 1994 թ.-ին սկսված բոլոր ծրագրերը: Կառավարությունը առանձնահատուկ նշանակություն է տալիս բնակչության անապահով խավերի համար նախատեսված ծրագրերին:
Առողջապահության ոլորտում 1995 թ. դեղորայքի գծով մարդասիրական օգնությունը կկազմի 10-12 մլն դոլար, իսկ մանկական սննդի (ներառյալ կաթի փոշին` կերակրող մայրերի և հղի կանանց համար) գծով` 5-6 մլն դոլար:
Գյուղատնտեսության մեջ ստրատեգիական ուղղություն է լինելու սերմացուի, պատվաստանյութերի և բուժական միջոցների պահանջարկի բավարարումը:
1994/1995 թթ. ձմռանը հրատապ է մնում վառելիքի հարցը: 1994 թ. սեպտեմբերին ավարտվել է 1993 թ. Եվրոպական միության կողմից տրամադրված 8 մլն էքյուով ձեռք բերված մազութի ներկրումը: 1995 թ. շարունակվելու է USAID-ի կողմից 1994 թ. սկսած նավթի բաշխման ծրագիրը (մոտ 31 հազար տոննա): Դիմում է ուղղված ԱՄՆ-ի կառավարությանը և Եվրահամայնքին մազութի լրացուցիչ քանակներ ստանալու վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, 1994 թ. ստացվել է մոտավորապես 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն: Համաձայն ներկայումս մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության, բացի այն ծրագրերից, որոնք սկսվել են 1994 թ. և կշարունակվեն 1995 թ., 1995 թ. սպասվում է ևս 115-120 մլն դոլարի մարդասիրական օգնություն, այդ թվում` 77 մլն դոլար ԱՄՆ-ի կառավարության կողմից, 3 մլն դոլար` Իտալիայի կառավարության կողմից, 15 մլն էքյու` Եվրահամայնքի կողմից և այլն:
Մարդասիրական օգնությունը ավելի նպատակային և արդյունավետ օգտագործելու համար կառավարությունը USAID գործակալության հետ միասին ձեռնամուխ եղավ «Փարոս» ծրագրի իրականացմանը, որի նպատակն է հստակ դասակարգել բնակչության կարիքավոր խմբերը:
1995 թ. կշարունակվի տեխնիկական օգնության և զարգացման ծրագրերի իրականացումը միջազգային կազմակերպությունների և առանձին երկրների կողմից: Իրագործվող ծրագրերը հիմնականում ուղղված կլինեն բնակչության սոցիալական պաշտպանվածությանը, ֆինանսական ինստիտուտների և էներգետիկայի զարգացմանը, մասնավոր ձեռնարկատիրության և սեփականաշնորհման աջակցությանը:
1995 թ. ուշադրության կենտրոնում կլինեն մասնավոր սեկտորի զարգացմանն ուղղված ծրագրերը: Այստեղ բացի արդեն գործող խորհրդատվական, տեղեկատվական օգնության և ինստիտուցիոնալ փոփոխությունների ծրագրերից, կիրականացվեն մասնավոր սեկտորին անմիջական ֆինանսական օգնություն ապահովող ծրագրեր:
Այս խնդիրների լուծմանն են ուղղված Համաշխարհային բանկի կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ծրագիրը (12 մլն դոլար) և սոցիալական ներդրումների հիմնադրամը (15 մլն դոլար): Վերջին ծրագրին կմասնակցի նաև USAID-ը, որը նախապատրաստական փուլի համար կհատկացնի 1 մլն դոլար, իսկ հիմնական փուլի համար` 3-4 մլն դոլար:
Բացի այս ծրագրին մասնակցելուց, USAID-ը իրականացնում է տեխնիկական օգնության մի շարք այլ ծրագրեր: Դրանք ուղղված են էներգետիկայի զարգացմանը (մոտ 22,5 մլն դոլար), մասնավոր ձեռնարկատիրության աջակցությանը (PEDIA), տնտեսագիտական ուսումնասիրություններին (SEPRA), ֆինանսական ինստիտուտների զարգացմանը, բնակարանների սեփականաշնորհմանը և այլն:
USAID-ի գործունեության մեջ մեծ տեղ է գրավում նաև կադրերի վերապատրաստման ծրագիրը:
Ընդհանուր առմամբ USAID-ի կողմից իրականացվող տեխնիկական օգնության ծրագրեի ծավալը 1994 թ. կազմել է մոտ 37 մլն դոլար, իսկ 1995 թ. կկազմի մոտ 23 մլն դոլար:
Տեխնիկական օգնություն է իրականացնում նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Բացի արդեն իրականացվող «Հովանոց» ծրագրից, որը նախատեսում է տեխնիկական միջոցների, կարճաժամկետ և երկարաժամկետ խորհրդատվությունների տրամադրում և այլն, նախատեսվում է սկսել «Մարդկային զարգացման ազգային զեկույց» ծրագիրը (55,1 հազ. դոլար), շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծումը, 1995 թ. Պեկինում անցկացվող Կանանց համաշխարհային համագումարի նախապատրաստական ծրագիրը և մի քանի այլ փոքրածավալ ծրագրեր:
Սկսած 1991 թ. Եվրոպական միությունն իրագործում է Տեխնիկական (խորհրդատվական) Օգնության ծրագիր ԱՊՀ երկրներում (TACIS): Եվրոպական միության կողմից Հայաստանին հատկացվող Տեխնիկական Օգնության ծրագրերը (3,7 մլն դոլար` 1991 թ. և 12,4 մլն դոլար` 1992 թ.), որոնք հաստատվել են 1993/1994 թթ., կիրագործվեն 1994 թ. վերջին և 1995 թ.: Դրանց ընդհանուր արժեքը կկազմի մոտ 9 մլն դոլար (1995 թ. բյուջեն նախատեսվում է քննարկել 1994 թ. վերջին): Իրականացվում են հետևյալ հինգ ազգային ծրագրերը:
«Էներգախնայողություն» ծրագրի շրջանակներում իրագործվել են էներգախնայողության ազգային ստրատեգիայի մշակման և այդ նպատակով էներգետիկ կենտրոնի ստեղծման ենթածրագրերը:
1995 թ. նախատեսված է այս ծրագրի շարունակումը և զարգացումը հետևյալ ուղղություններով.
- էներգետիկ կենտրոնի գործունեության ընդլայնում,
- ազգային էներգախնայողության ծրագրի շարունակում,
- աշխատանքային փորձի փոխանակում և Հայաստանի մասնագետների վերապատրաստում համապատասխան եվրոպական կենտրոններում:
«Հայաստանի գազային տնտեսության զարգացում» ծրագրով 1995 թ. նախատեսվում է`
- գազատարի ինտեգրացում և անհրաժեշտ ճնշման կարգավորում,
- գազատարի հնարավորությունների ուսումնասիրությունը, նկատի ունենալով իրանական գազի ներմուծման հեռանկարը,
- բնական գազի ստորգետնյա պահեստների ընդլայնմանն օժանդակում,
- բնական գազի` որպես ավտոմեքենաների վառելանյութ, օգտագործման պոտենցիալի ընդլայնման ուսումնասիրություն:
«Խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհում» ծրագրի շրջանակներում 1995 թ. պետք է ֆինանսավորվեն եվրոպական և Հայաստանի փորձագետների աշխատանքները հետևյալ ուղղություններով.
- վերակառուցման-ապապետականացման ծրագրերի մշակման և իրագործման օժանդակում` ձեռնարկությունների կառավարման մակարդակով.
- ծրագրերի համատեղ վերլուծություն` սեփականաշնորհման վարչության մակարդակով.
«Ֆինանսական համակարգի զարգացում» ծրագրով 1995 թ. նախատեսվում է`
- ինվեստիցիոն ֆոնդերի հետ կապված քաղաքականության և կանոնադրության մշակման գործընթացում ՀՀ կառավարությանը տրամադրել տեխնիկական օգնություն.
- առաջին Երկկողմանի Ֆոնդի ստեղծումը որպես մոդել:
«Սոցիալական ապահովության համակարգի զարգացում» ծրագրով նախատեսվում է`
- սոցիալական ապահովության համակարգի վերակառուցում.
- սոցիալական ծառայությունների բարելավում.
- տեխնիկական օգնություն Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտին:
TACIS ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացման տարբեր փուլերում են գտնվում ընդհանուր թվով մոտ 90 ծրագրեր (ազգային և միջտարածքային):
1994 թ.-ի նոյեմբերի 22-ին Փարիզում կայացավ Հայաստանի դոնորների հանդիպումը, որի ժամանակ խոստացան Հայաստանին տրամադրել հետևյալ ֆինանսական օգնությունը.
ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրվելու է 100 մլն դոլար, որից 77 մլն դոլարը մարդասիրական, իսկ 23 մլն դոլարը` տեխնիկական օգնության համար: Կա նախնական պայմանավորվածություն մարդասիրական օգնության պետության կողմից վաճառքի և ստացված գումարների բյուջեի միջոցով վերաբաշխման վերաբերյալ:
Հոլանդիայի կառավարության կողմից տրամադրվելու է 5 մլն գուլդեն (մոտավորապես 3 մլն դոլար) նվիրատվություն, որը կհամարվի որպես Համաշխարհային բանկի վերականգնողական վարկի համաֆինանսավորում:
Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրվելու է 20 մլն ֆրանսիական ֆրանկ (մոտ 4 մլն դոլար) նվիրատվության ձևով` Ֆրանսիայից ներկրումները ֆինանսավորելու համար:
Իտալիայի կառավարությունը նախատեսում է մարդասիրական օգնություն 3 մլն դոլարի սահմաններում:
Եվրոպական միությունից ակնկալվում է 15 մլն էքյուի մարդասիրական օգնություն:
Միացյալ Թագավորության կառավարության կողմից տրամադրվելու է տեխնիկական օգնություն 1 մլն դոլարի չափով: Ներկայումս բանակցություններ են տարվում անգլիական Know-how ֆոնդի հետ ֆինանսավորման ենթակա օգնության ծրագրերի շուրջ:
Համաձայն նախնական պայմանավորվածության, Գերմանիայի օտարերկրյա զարգացման գործակալությունը պատրաստ է վարկ տրամադրել 12 մլն մարկի սահմաններում, որով մասամբ պետք է ֆինանսավորվեն ներկրումները Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունից: Իսկ վարկի ազատ մասը կարող է ծախսվել ատոմակայանի վերականգնման աշխատանքների իրականացման համար: Գերմանական կողմը նաև հետաքրքրություն է ցուցաբերում հումանիտար բնույթի նախագծերի նկատմամբ, մասնավորապես հնարավոր է նրանց մասնակցությունը սոցիալական ինվեստիցիաների ֆոնդին: Հնարավորություններ կան նաև գերմանական ուղղակի ինվեստիցիաների:
Տեխնիկական օգնություն է տրամադրվելու նաև Եգիպտոսի կողմից:
10 մլն դոլարի սահմաններում կարճաժամկետ վարկեր (3 տարի ժամկետով) ստանալու հնարավորություն կա Արգենտինայի և Հունաստանի կառավարությունների կողմից` նշված երկրներից ներկրումներ ապահովելու պայմանով: Հաշվի առնելով կարճաժամկետ վարկավորման սահմանները, որոնք նշված են ծրագրով, նշված վարկերի ստացման նպատակահարմարության մասին որոշումը կքննարկվի կառավարությունում:
Բանակցություններ են տեղի ունեցել Ճապոնիայի DECF պաշտոնական օժանդակությամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հնարավորություն կա նշված ֆոնդից վարկ ստանալ վճարային հաշվեկշռի դեֆիցիտի ծածկման նպատակով (50 մլն դոլարի սահմաններում): Միևնույն ժամանակ նախատեսվում է դիմել ճապոնական կողմին` ինվեստիցիոն վարկեր ստանալու համար (մասնավորապես, խմելու ջրի և կոյուղու վերականգնման նպատակով):
Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի ֆոնդի ներկայացուցիչների հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել ենթակառուցվածքային և արտադրական ինվեստիցիոն նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ (յուրաքանչյուր նախագծի համար ոչ ավելի, քան 15 մլն դոլարի չափով):
3.4. Սոցիալական ոլորտ
Սոցիալական ոլորտում 1995 թվականին պետական քաղաքականությունը տարվելու է դրանց նկատմամբ պետական հովանավորության, այդ բնագավառում հոգևոր արժեքների ժառանգության պահպանման, ոլորտի գործունեության համար պայմանների ստեղծման, կազմակերպական, իրավական և տնտեսական բարեփոխումների շարունակման, ոլորտի աշխատողների սոցիալական պաշտպանության ապահովման ուղղությամբ:
Գիտության բնագավառում 1995 թվականին տարվող պետական քաղաքականության հիմնական խնդիրը գիտական գործունեության համար աշխատանքային պայմանների բարելավումն է, որը ենթադրվում է իրականացնել բյուջեից գիտությանը հատկացված միջոցների` ըստ իրացման նպատակների կառուցվածքային բաժանման կատարելագործման միջոցով:
Գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է`
- մշակել հանրապետությունում առկա և տարածաշրջանում յուրօրինակ, միաժամանակ շահագործման համար մեծ ծախսեր պահանջող սարքավորումների ու համալիրների հիման վրա ընդհանուր, այդ թվում նաև միջազգային օգտագործման կենտրոնների ստեղծման մեխանիզմ.
- նպաստել հանրապետությունում գիտության բնագավառում շնորհներ տվող միջազգային հիմնադրամների ներկայացուցչությունների բացմանը, որը հանրապետության գիտաշխատողներին հնարավորություն կտա ավելի ակտիվորեն մասնակցել մրցույթներին:
Աշխատանքներ կտարվեն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում կատարվող կիրառական հետազոտություններն արտադրության մեջ ներդնելու նպատակով ՀՀ ԳԱԱ-ի և ճյուղային համապատասխան նախարարությունների գիտաարտադրական միավորումներ ստեղծելու ուղղությամբ:
1995 թվականին առանձնակի ուշադրության կենտրոնում և պետական հովանավորության տակ կգտնվեն հայագիտության և դեղաբանության ասպարեզում կատարվող ուսումնասիրությունները:
Լեզվական քաղաքականության բնագավառում նախատեսվում է մշակել և հաստատել ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագիր:
1995 թվականին կկանոնակարգվեն ասպիրանտական ուսուցման սկզբունքները, այն համապատասխանեցնելով եռաստիճան բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ աստիճաններին:
Երիտասարդ գիտական կադրերի պատրաստման նպատակով 1995 թվականին նախատեսվում է ասպիրանտների և դոկտորանտների գործուղումներ արտասահմանյան երկրների գիտական կենտրոններ:
Պետական ուսումնական հաստատություններում կվերանայվեն կրթության վճարովի ուսուցման համակարգի կազմակերպման և ընդունելության հիմունքները:
Կշարունակվի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթական համակարգի ապակենտրոնացման քաղաքականությունը, ընդ որում, ընդհանուր թվի սահմաններում առանձնակի ուշադրություն կդարձվի հանրապետության շրջաններում միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնմանը:
1995 թվականին կսկսվի պետական պատվերով մասնագիտական դասագրքերի մշակման գործընթացը:
1995/1996 ուսումնական տարում նախատեսվում է 1994/1995 ուսումնական տարվա համեմատությամբ պետական պատվերով ընդունելության տեղերի նվազեցում` բուհերում և քոլեջներում 20%, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում 30% և պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնական հաստատություններում 50%-ի չափով:
Կկատարելագործվի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կենտրոնացված ընդունելության համակարգը` այն դեպի միջնակարգ դպրոց տանելու նպատակով:
1995 թվականին կշարունակվի ուսումնական հաստատությունների ատեստավորումը, արտոնագրումը և հավատարմագրումը, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատությունների գործունեության կանոնակարգումը:
Լուսավորության բնագավառում 1995 թվականին շարունակվելու է հանրակրթական միջնակարգ դպրոցի կազմում գործող տարբերակված ուսուցմամբ ավագ դպրոցների ցանցի ընդլայնումը:
Ապահովել անվճար լրիվ հանրակրթական ուսուցում և մրցութային հիմունքներով անվճար ուսուցում տարբերակված ավագ դպրոցում, չբացառելով մասնակի վճարովի ուսուցումը տարբերակված ավագ դպրոցում:
Իրականացնել լուսավորության բնագավառի կառավարման, մանկավարժական-հետազոտական, ուսումնամեթոդական և լրատվական համակարգերի կառուցվածքային միավորում և բովանդակային բարեփոխություններ:
Մշակել և հաստատել ՀՀ ուսումնական հաստատություններում հայոց լեզվի և պատմության ուսուցման պետական քաղաքականության ծրագիր:
Իրագործել նոր ուսումնական ծրագրերի մեթոդական ուղեցույցների, ձեռնարկների և դասագրքերի ստեղծման աշխատանքները մրցութային հիմունքներով:
1995 թվականին նախատեսվում է պետական բյուջեից ավելացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը, որը սակայն չի ապահովի համակարգի պահպանումը 1990 թ. մակարդակի վրա: Այս առումով առողջապահության բնագավառում նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ փոփոխություններ.
- ավարտել առողջապահական հիմնարկների վերակազմավորումը որպես պետական ձեռնարկություններ, որոնց կողմից իրականացվող բժշկական օգնության և այլ ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն պետպատվերի ձևով, ինչպես նաև ձեռնարկությունների, քաղաքացիների, ապահովագրական ընկերությունների և այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով անհրաժեշտ է մշակել ծրագիր, որով բժշկական հիմնարկությունները կարող են ձեռնարկության կարգավիճակ ստանալ.
- շարունակել բուժհիմնարկների կողմից պետպատվերի սահմաններում իրականացվող ծառայությունների նորմատիվային բազայի մշակումն ու ներդրումը` հաշվի առնելով գերակայությունները առողջապահության բնագավառում: Սահմանել բնակչության համար անվճար, մասնակի վճարովի և վճարովի, ինչպես նաև սոցիալապես անապահով խմբերի համար ծառայություններից օգտվելու կարգն ու պայմանները.
- մշակել և ներդնել պետական բուժական ձեռնարկությունների և դրանցում աշխատող բուժական անձնակազմի արտոնագրման համալիր ծրագիր.
- ստեղծել հիվանդների կողմից բժշկական հիմնարկների, ինչպես նաև բժիշկների ազատ ընտրության հնարավորություն.
- առողջապահության համակարգում մշակել սահմանային նորմատիվներ և իրականացնել որոշ ոչ արդյունավետ աշխատող ծառայությունների ու բուժհիմնարկների վերամասնագիտացում կամ կրճատում` պահպանելով բնակչությանը ցույց տրվող բուժօգնության ծավալները.
- բժշկական օգնության բնագավառում մեծացնել կանխարգելիչ միջոցառումների դերը, նպաստելով ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության ուժեղացմանը.
- մշակել և ներդնել բժշկական ապահովագրության համակարգ.
- կիրառել բժիշկների պատրաստման հետդիպլոմային կրթության նոր սկզբունքները` դրանց տալով նպատակային ուղղվածություն:
Մշակույթի բնագավառում 1995 թվականին նախատեսվում է`
- աշխատանքներ տանել մշակութային հիմնարկների կարգավիճակը հստակեցնելու ուղղությամբ.
- միջոցառումներ իրականացնել պետբյուջեից դոտացիա ստացող թատրոնների և երաժշտական համույթների թիվը սահմանափակելու ուղղությամբ` միաժամանակ ավելացնելով դոտացիայի չափն ազգային նշանակություն ունեցող մշակութային օջախներում.
- շարունակել հայ մշակույթի մասսայականացումը հեռավոր և մերձավոր արտասահմանում.
- ստեղծագործական միությունների հետ համատեղ մրցույթների և պատվերների միջոցով խթանել հայ կոմպոզիտորների, նկարիչների, դրամատուրգների ստեղծագործական գործունեությունը.
- սահմանել պետական պատվեր մեկ լիամետրաժ ֆիլմ նկարահանելու համար.
- շարունակել տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծման ուղղությամբ 1994 թվականին սկսված աշխատանքները.
- մշակել գրադարանների պահպանման համար ծախսերի նորմատիվներ, իրականացնել գրքային ֆոնդի կենտրոնացում:
Հեռուստահաղորդումների հեռարձակման բնագավառում 1995 թվականին նախատեսվում է`
- կրճատել համակարգը` ավելացնելով նորմատիվները, թողնելով անփոփոխ ֆինանսավորման ծավալները.
- անցնել հաղորդումների նախապատրաստման պայմանագրային եղանակի.
- հանրապետական հեռուստահաղորդումները հեռարձակել մերձավոր և հեռավոր արտասահման, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն և Հարավային Ամերիկա.
- ստեղծել լրատվական տեղեկատվական կենտրոն` անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու համար.
- ստեղծել կոմերցիոն ծրագրեր.
- կրճատել մերձավոր և հեռավոր արտասահմանի համար հանրապետական ռադիոհաղորդումների ծավալը և ուղղությունները, դրանց տալով ավելի նպատակային բնույթ.
1995 թվականին նախատեսվում է հեռուստահաղորդումների հեռարձակման միջին օրական ծավալը կրճատել մինչև 13 ժամ, այդ թվում սեփական հաղորդումներինը` մինչև 6 ժամ, իսկ ռադիոհաղորդումների ծավալը` մինչև 40 ժամ:
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում 1995 թվականին նախատեսվում են`
- ընդլայնել միջնադարյան նշանավոր հոգևոր կենտրոնների` վանական համալիրների վերականգնման և բարեկարգման աշխատանքները.
- հուշարձաններին կից գործող թանգարաններում («Էրեբունի», «Զվարթնոց», «Մեծամոր», «Գլաձոր» և այլն) կատարել անհրաժեշտ վերանորոգման և ցուցադրման բարելավման աշխատանքներ.
- շարունակել հուշարձանների պետական հաշվառման, նոր ցուցակների և քարտեզ-սխեմաների կազմման աշխատանքները.
- նախապատրաստվել հրատարակման ԼՂՀ-ին հարակից շրջանների պատմության և մշակույթի հուշարձանների կատալոգը.
- ստեղծել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային արժեքների տվյալների շտեմարանը:
Գրահրատարակչության բնագավառում 1995 թվականին նախատեսվում է`
- սահմանել պետպատվեր դպրոցական դասագրքերի, մանկական, հանրագիտարանային գրականության տպագրության համար.
- բարելավել և տեխնիկապես վերազինել Գրապալատի` իբրև ողջ աշխարհի հայ մամուլն ու գրականությունը համատեղող, համակարգող և մշակող մատենագիտական-տեղեկատվական կենտրոնի պայմանները:
Միաժամանակ տվյալ ոլորտում անհրաժեշտ է իրականացնել մի շարք կառուցվածքային բարեփոխումներ, մասնավորապես`
- սահմանել այն հրատարակչությունների սահմանափակ ցանկը, որոնք պետք է մնան պետական` սեփականաշնորհելով մնացած բոլոր պետական հրատարակչությունները.
- 1995 թվականին հիմնականում ավարտել գրախանութների և տպարանների սեփականաշնորհումը:
Տուրիզմի բնագավառում 1995 թվականին նախատեսվում է`
- ճյուղի հետագա զարգացումը խթանելու նպատակով կատարելագործել իրավական և օրենսդրական դաշտն ու առկա կառուցվածքը.
- կազմակերպել ճյուղում զբաղված կադրերի վերապատրաստումը միջազգային նորմերին համապատասխան:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում 1995 թվականին նախատեսվում է`
- Ատլանտայի օլիմպիական խաղերում հանրապետության մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկել հանրապետական մարզական խաղերը կազմակերպելու և 1995 թվականին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին հայ մարզիկների մասնակցության համար.
- մասնակցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի նվիրված ԱՊՀ երկրների Սանկտ Պետերբուրգում կայանալիք ամառային սպարտակիադային.
- մշակել և իրականացնել միջոցառումների ծրագիր Երևանում շախմատային օլիմպիադայի անցկացման ուղղությամբ.
- կրճատել մարզադպրոցների թվաքանակը և վերանայել գործող նորմատիվները.
- մարզական կառույցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մարզիկների պատրաստումը կենտրոնացնել մի քանի մարզադպրոցներում.
- մշակել «Ծաղկաձոր» մարզական բազայի հետագա պահպանման և արդյունավետ օգտագործման միջոցառումների ցանկ.
- մշակել երիտասարդության մասին ՀՀ օրենքի նախագիծ.
- մշակել Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում պետական քաղաքականության ծրագրային դրույթներ:
Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհմանը զուգընթաց կվերափոխվի բնակարանային տնտեսության կառավարման համակարգը:
Կստեղծվեն համատեղ կառավարման ընկերություններ (կոնդոմինիմումներ), որոնք կզբաղվեն բնակելի ֆոնդի շահագործման բոլոր հարցերով: Կփոխվեն բնակշահագործման տեղամասերի կարգավիճակը և բնակիչներին ծառայություններ մատուցող կազմակերպությունների փոխհարաբերությունները:
1995 թվականին կմշակվեն միջոցառումների ծրագրեր բնակչությանը կայուն ջրամատակարարումով ապահովելու և կոմունալ ծառայությունների տեխնիկական վիճակը բարելավելու ուղղությամբ` առաջնահերթ ուշադրություն դարձնելով ինքնահոս ջրամատակարարման անցնելու հարցերին:
1995 թվականին կմշակվի ջեռուցման համակարգի զարգացման և վերակառուցման երկարաժամկետ համալիր ծրագիր, որի հիմնական սկզբունքը կլինի կենտրոնացված և ապակենտրոնացված ջեռուցման համակարգերի արդյունավետ զուգակցումը:
Այդ ծրագրերի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից ակնկալվող երկարաժամկետ արտոնյալ ինվեստիցիոն վարկերի հաշվին:
Բնօգտագործման բնագավառում 1995 թ. առաջնահերթ խնդիր է Սևանա լճից ջրի բացթողումների քանակի սահմանափակումը 510 մլն խմ-ից ոչ ավելի (1992 թ. 958 մլն խմ, 1993 թ. 1642 մլն խմ, 1994 թ. 1070 մլն խմ դիմաց) և դրա նկատմամբ հսկողության, ձկան պաշարների վերարտադրության և պահպանության ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
Բացի դրանից, 1995 թվականին աշխատանքներ կտարվեն անտառվերականգնման, բնական ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման և Համաշխարհային բանկին առընթեր շրջակա միջավայրի համապարփակ ֆոնդից ֆինանսական միջոցներ ստանալու ուղղությամբ:
Խոշոր աղետներից բնակչության կյանքի, քաղաքացիների և պետության ունեցվածքի պաշտպանության բնագավառում 1995 թ. նախատեսվում է սկսել համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման գործընթացը:
Մասնավորապես, կմշակվեն հետևյալ ծրագրերը`
- վտանգավոր երկրաբանական երևույթներից (սողանքներ, փլուզումներ, փլվածքներ) հանրապետության ռազմավարական և սոցիալական նշանակության օբյեկտների պաշտպանության համալիր ծրագիրը.
- խոշոր երկրաշարժերից ՀՀ բնակչության կյանքի, քաղաքացիների և պետության ունեցվածքի պաշտպանության պետական նպատակային համալիր ծրագրի հիմնադրույթները.
- հիդրոերկրաբանական վտանգավոր երևույթներից բնակավայրերի և հողատարածքների պաշտպանության միջոցառումների ծրագիրը:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|