ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Հաստատել Հայոց ցեղասպանության 80-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հայտարարության տեքստը (կցվում է):
|
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ` |
բ. արարքցյան |
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
1995 թվականի ապրիլի 24-ին լրանում է մարդկության դեմ գործած ոճրագործություններից մեկի` Հայոց ցեղասպանության 80 տարին: Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից պետականորեն ծրագրված եղեռնագործության զոհ դարձան իրենց բնօրրան պատմական հայրենիքում և Օսմանյան կայսրության այլ վայրերում ապրող ավելի քան մեկ և կես միլիոն հայեր, իսկ մնացածը տարագրվեց` սփռվելով աշխարհով մեկ:
Հայոց ցեղասպանությունը դարձավ ոչ միայն հայ ժողովրդի պատմության մեծագույն ողբերգությունը, այլև մեծապետական վայրագության խորհրդանիշ, հնչեցնելով տագնապալի ահազանգ մարդկությանը` Ոչ ասելու ցեղասպանությանը, կանխելու ռասայական կամ էթնիկական ատելության ցանկացած դրսևորում:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը երախտիքի խոսք է հղում այն երկրների իշխանություններին, խորհրդարաններին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին և գործիչներին, մտավորականության ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր, հավատարիմ մնալով համամարդկային արժեքներին և միջազգայնորեն ընդունված նորմերին, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, սատարելով նրա միջազգային ճանաչմանը:
Հայաստանի Գերագույն խորհուրդը առանձնապես կարևորում է Եվրոխորհրդարանի և Ռուսաստանի Պետական Դումայի ընդունած փաստաթղթերը, որոնցով ճանաչվեց հայ ժողովրդի դեմ իրագործված ոճիրը որպես ցեղասպանություն և դատապարտվեց այն:
Այժմ, այդ ոճրագործությունից 80 տարի անց, երբ Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ հայերի հետ նշում է սգո այս տարելիցը, ի հարգանս անմեղ զոհերի հիշատակի, ի պաշտպանություն պատմական ճշմարտության, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը` առաջնորդվելով նմանօրինակ ոճիրների կանխարգելման մտահոգությամբ, իր հաստատակամությունն է հայտնում հասնելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:
21 ապրիլի, 1995 թվական
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|