ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Ն-1153-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/8 (1084) 30 ապրիլ, Հոդ.86
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.04.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայոց ցեղասպանության 80-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հայտարարության տեքստը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`

բ. արարքցյան


21 ապրիլի 1995 թվականի,
քաղ. Երևան
Հ. Ն-1153-I.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

 

1995 թվականի ապրիլի 24-ին լրանում է մարդկության դեմ գործած ոճրագործություններից մեկի` Հայոց ցեղասպանության 80 տարին: Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից պետականորեն ծրագրված եղեռնագործության զոհ դարձան իրենց բնօրրան պատմական հայրենիքում և Օսմանյան կայսրության այլ վայրերում ապրող ավելի քան մեկ և կես միլիոն հայեր, իսկ մնացածը տարագրվեց` սփռվելով աշխարհով մեկ:

Հայոց ցեղասպանությունը դարձավ ոչ միայն հայ ժողովրդի պատմության մեծագույն ողբերգությունը, այլև մեծապետական վայրագության խորհրդանիշ, հնչեցնելով տագնապալի ահազանգ մարդկությանը` Ոչ ասելու ցեղասպանությանը, կանխելու ռասայական կամ էթնիկական  ատելության ցանկացած դրսևորում:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը երախտիքի խոսք է հղում այն երկրների իշխանություններին, խորհրդարաններին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին և գործիչներին, մտավորականության ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր, հավատարիմ մնալով համամարդկային արժեքներին և միջազգայնորեն ընդունված նորմերին, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, սատարելով նրա միջազգային ճանաչմանը:

Հայաստանի Գերագույն խորհուրդը առանձնապես կարևորում է Եվրոխորհրդարանի և Ռուսաստանի Պետական Դումայի ընդունած փաստաթղթերը, որոնցով ճանաչվեց հայ ժողովրդի դեմ իրագործված ոճիրը որպես ցեղասպանություն և դատապարտվեց այն:

Այժմ, այդ ոճրագործությունից 80 տարի անց, երբ Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ հայերի հետ նշում է սգո այս տարելիցը, ի հարգանս անմեղ զոհերի հիշատակի, ի պաշտպանություն պատմական ճշմարտության, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը` առաջնորդվելով նմանօրինակ ոճիրների կանխարգելման մտահոգությամբ, իր հաստատակամությունն է հայտնում հասնելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:

 

21 ապրիլի, 1995 թվական