ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 71-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.01.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2026 թվականի N 71-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1222-17.12.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

22.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-1222-17.12.2025-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ ստորև ներկայացնում է իր դիտարկումներն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասում և սահմանել, որ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա տպագրվում է նաև յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը և ծառայությունը ստացած քաղաքացու ՀԾՀ-ն:

Այս առումով, հայտնում ենք, որ օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում ներառվող տվյալները, իսկ առաջարկվող կարգավորումը վերաբերում է ՀԴՄ կտրոնում լրացվող տեղեկատվությանը։ Ուստի, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումը հանել:

Միաժամանակ, եթե նախատեսվում է, որ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պետք է լրացվեն առաջարկվող տվյալները (մասնավորապես, յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը), ապա առաջարկում ենք նշյալ կետը խմբագրել։

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով օրենսգրքի 380.1-ին հոդվածի 1-ին մասում կատարվող լրացման արդյունքում ստացվում է, որ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասով կարող է կիրառվել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա, մինչդեռ նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող լրացմամբ սահմանվում է, որ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է։

Արդյունքում ստացվում է, որ մի կողմից բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող են կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա, իսկ մյուս կողմից դրա կիրառությունը պարտադիր է։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը բացակայում է։

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է սահմանել, որ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, իսկ վճարային քարտերի միջոցով վճարման դեպքում պարտադիր է նաև ոչ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը:

Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է, մասնավորապես՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս:

Այս առումով, հայտնում ենք, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք առաջարկվող լրացման մեջ կիրառվող «վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքները» նույնն են, ինչ օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասում նշված՝ «վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ»-ը, թե խոսքն այլ գործիքների մասին է, որոնց դեպքում ոչ էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության պարտադիր պահանջ սահմանված չէ (օրինակ՝ վճարային տերմինալները)։

Միաժամանակ, վճարային քարտերի միջոցով վճարման դեպքում նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր սահմանելու առաջարկի վերաբերյալ հայտնում ենք, որ նշված պահանջի սահմանումը խնդրահարույց է օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վճարային քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում ոչ էլեկտրոնային ՀԴՄ-ի պարտադիր կիրառության մասով։ Ստացվում է այնպես, որ տնտեսավարող սուբյեկտների համար նույն գործարքի դեպքում պարտադիր է լինելու ինչպես ոչ էլեկտրոնային, այնպես էլ էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառությունը։

Ուստի, առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող լրացումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.2. Էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով վճարումն ընդունելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է:»։

4. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել, որ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա տպագրվում է նաև յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը և ծառայությունը ստացած քաղաքացու ՀԾՀ-ն։

Այս առումով, հայտնում ենք, որ բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը բավական է ծառայություն ստացող քաղաքացուն նույնականացնելու համար, և ՀԾՀ նշելու անհրաժեշտությունը բացակայում է։ Ուստի, առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածով Հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող 20-րդ կետից հանել «և ծառայությունը ստացած քաղաքացու ՀԾՀ» բառերը:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը «380.1» թվից առաջ անհրաժեշտ է լրացնել «Օրենսգրքի» բառով, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող նոր 1.2-րդ մասը «իսկ» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «,» կետադրական նշանով։

6. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում «Օրենքի» բառն անհրաժեշտ է փոխարինել «Օրենսգրքի» բառով։

7. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

Նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես՝ անհրաժեշտ է նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը վերանայել։

Այս առումով, առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում «2026 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը» բառերով։

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի։

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունմամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման մեջ՝ օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում։