ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ, ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2026 թվականի N 89-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ, ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 15-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) վճարել 2020 թվականի գործունեության արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորության 81,350,070.0 դրամ մայր գումարը` սկսած 2026 թվականի ապրիլի 1-ից, հավասարաչափ ամսական համամասնությամբ, մինչև 2029 թվականի ապրիլի 1-ը:

2. Մինչև 2029 թվականի ապրիլի 1-ը թիվ ԵԴ/0650/01/22 քրեական գործի մասով դատարանի կողմից կայացված վերջնական (ներառյալ բողոքարկումները) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, այդ օրվա դրությամբ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի 81,350,070.0 դրամ գումարի չափով պարտավորության չմարված մնացորդը միանվագ ենթակա է վճարման պետական բյուջե թիվ ԵԴ/0650/01/22 քրեական գործի մասով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում:

3. Ընկերությանն ազատել 2020 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած 81,350,070.0 դրամ շահութաբաժնի նկատմամբ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հաշվարկված տոկոսների (տույժերի) հանրագումարի չափով վճարումից:

4. Սահմանել, որ`

1) մինչև 2026 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ընկերության ֆինանսական արդյունքներով առաջացած որևէ տարվա վնասների առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-ին կետով սահմանվող` տվյալ տարվա ամսական համամասնությամբ նախատեսված պարտավորությունների մարման համար.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվում է հետաձգման առաջադրված պարտավորությունների ամբողջ ծավալի նկատմամբ տոկոսների (տույժի) հաշվարկումը.

3) ամսական համամասնությունները (չափաքանակները) չպահպանելու դեպքերում ամսական համամասնության խախտման հետևանքով չկատարված պարտավորության մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տոկոսների հաշվարկումը շարունակվում է` մինչև այդ մասով պարտավորության մնացորդի ամբողջական մարումը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել ընկերության ընդհանուր ժողովում` սույն որոշմամբ նախատեսված շահութաբաժնի պարտավորության չափը հաստատելու և դրա ամսական համամասնությամբ վճարելու մասին որոշման ընդունումը.

2) ընդհանուր ժողովի որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել շահութաբաժինների վճարման չափի և ամսական համամասնությունների վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովի որոշման մասին արձանագրությունից քաղվածքի ներկայացումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

22.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան