ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0228 Ն. 30.12.2025
|
30 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 228-Ն |
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՈՒ ՀԱՇՎԱՐԿԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՏԱՐՐԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7/02 ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սահմանել ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափեր՝ գործունեության հետ կապված հնարավոր կորուստները կլանելու, իրենց ֆինանսական կայունությունն ապահովելու, հաճախորդների շահերը պաշտպանելու և, ընդհանուր առմամբ, կրիպտոակտիվների շուկայի բնականոն գործունեությունը ապահովելու համար,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 44-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող և հաշվարկից նվազեցվող տարրերը» կանոնակարգ 7/02-ը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝ |
Մ. Գալստյան |
|
Երևան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 228-Ն որոշմամբ |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7/02
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՏԱՐՐԵՐԸ»
ԳԼՈՒԽ 1.
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող և հաշվարկից նվազեցվող տարրերը, ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի խախտման չափը:
2. Սույն կանոնակարգը չի տարածվում օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց (օտարերկրյա անձանց) մասնաճյուղերի վրա։
ԳԼՈՒԽ 2.
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) «ֆիքսված ծախսեր»՝ ծախսեր, որոնք չեն փոփոխվում` կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից ծառայությունների մատուցման ծավալից կախված,
2) «ամսվա միջին օրական հաշվարկ»՝ ամսվա ընթացքում օրական մեծությունների հանրագումար՝ հարաբերած ամսվա օրերի թվին,
3) «տարվա միջին օրական հաշվարկ»՝ տարվա ընթացքում օրական մեծությունների հանրագումար՝ հարաբերած տարվա օրերի թվին։
4) «առևտրային պորտֆել» ակտիվի կամ այլ ֆինասական գործիքի պորտֆել, որտեղ կարող է ներառվել միայն այն ակտիվը կամ այլ ֆինանսական գործիքը, որի վաճառքը կամ ամբողջական հեջավորումը որևէ կերպ սահմանափակված չէ իրավական (այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հանձնարարականների հիման վրա), պայմանագրային կամ այլ հիմքերով: Ակտիվը կամ այլ ֆինանսական գործիքը կարող է ներառվել առևտրային պորտֆելում, եթե այն հաշվառվում է շահույթով կամ վնասով վերաչափվող իրական արժեքով, և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը այն ձեռք է բերել կարճաժամկետ հատվածում վերավաճառքի, կարճաժամկետ գնային տատանումներից եկամտի ստացման, շուկաներում առկա գների տարբերությունից եկամուտ ստանալու կամ նշված երեք նպատակներին բավարարող գործիքներից բխող ռիսկերը հեջավորելու համար:
4. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) և Օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառվող նշանակությունը:
ԳԼՈՒԽ 3.
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԸ, ԴՐԱ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալը հաշվարկվում է ամսական պարբերականությամբ։
6. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձն ապահովում է ընդհանուր կապիտալի նվազագույն չափը յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով: Օրենքի համաձայն լիցենզավորվելուց հետո առաջին ամիսը լիցենզավորման օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին օրը (ներառյալ) ընկած ժամանակահատվածն է։
7. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է որպես հետևյալ մեծությունների առավելագույն մեծություն․
1) համապատասխան կրիպտոակտիվներով ծառայության համար սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված մեծություն.
2) սույն կանոնակարգի 5-րդ գլխի համաձայն հաշվարկված ֆիքսված ծախսերի 25 %.
3) ակտիվին կցված թոքենի թողարկման ծառայության դեպքում սույն կանոնակարգի 9-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված պահուստային ակտիվների միջին մեծության 2%, իսկ եթե ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի հաշվարկմանը նախորդող օրացուցային տարվա միջին օրական հաշվարկով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի առնվազն իր կողմից թողարկված բոլոր ակտիվին կցված թոքենների 50 000 ձեռքբերող, ապա` 3%:
8. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց՝ սույն կանոնակարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մեծությունը սահմանվում է․
1) 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը մատուցում է կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություն.
2) 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը մատուցում է հետևյալ ծառայություններից որևէ մեկը․
ա․ հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք.
բ․ կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդում.
գ․ կրիպտոակտիվների տեղաբաշխում.
դ․ կրիպտոակտիվների փաթեթի կառավարում.
ե․ կրիպտոակտիվների փոխանցում.
3) 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը մատուցում է հետևյալ ծառայություններից որևէ մեկը․
ա․ իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացման ծառայություն.
բ․ կրիպտոակտիվների պահառություն.
4) 70 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը մատուցում է կրիպտոակտիվների առևտրային հարթակի գործարկման ծառայություն.
5) 200 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը մատուցում է ակտիվին կցված թոքենների թողարկման ծառայություն։
9. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պահուստային ակտիվների միջին մեծությունը ընդհանուր կապիտալի հաշվարկմանը նախորդող վեց ամսվա կտրվածքով պահուստային ակտիվների միջին թվաբանական մեծությունն է՝ հաշվարկված յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ առկա պահուստային ակտիվների մեծության (Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 7/07-ով հաշվարկված) հիման վրա։ Այն դեպքերում, երբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը թողարկել է մեկից ավելի տեսակի ակտիվին կցված թոքեն, ապա պահուստային ակտիվների միջին մեծությունը յուրաքանչյուր տեսակի ակտիվին կցված թոքենի համար սույն կետով սահմանված կարգով հաշվարկված՝ պահուստային ակտիվների միջին մեծությունների հանրագումարն է։
ԳԼՈՒԽ 4.
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
10. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված տարրերի հանրագումարն է՝ սույն կանոնակարգի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված նվազեցումներն ու ճշգրտումները կատարելուց հետո:
11. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի կազմում ընդգրկվում են հետևյալ տարրերը.
1) ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ փայերը (այսուհետ՝ սովորական բաժնետոմս) հետևյալ արժեքով՝ անվանական արժեքի և սովորական բաժնետոմսերից էմիսիոն եկամտի (տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերություն) գումարից նվազեցրած զեղչը (տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի բացասական տարբերություն),
2) չբաշխված շահույթը կամ վնասը, ընդ որում, չբաշխված շահույթը հաշվարկում ներառվում է սույն կանոնակարգի Հավելված 1-ի համաձայն,
3) այլ համապարփակ եկամտի տարրերը և կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն հաշվարկված կապիտալում հաշվառվող պահուստները:
12. Սույն կանոնակարգի 11-րդ կետի համաձայն հաշվարկված մեծությունը նվազեցվում է.
1) Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից թողարկված այն սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք
ա. հետ են գնվել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից,
բ. կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, որևէ իրավական փաստաթղթի հիման վրա, պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել հետագայում (երկար դիրք), բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի։ Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է սույն պարբերությամբ որոշված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքից հանել նույն բաժնետոմսերի գծով կարճ դիրքերը (անվանական արժեքով), եթե կարճ դիրքի դեպքում գործընկերոջ հետ կապված վարկային ռիսկը բացակայում է (երբ առկա է գործընկերոջ պարտավորության կատարումը երաշխավորող երաշխիքային հիմնադրամ կամ կենտրոնացված գործակալ (CCP)), և եթե տվյալ բաժնետոմսերի գծով երկար և կարճ դիրքերը հաշվառվում են նույն մեթոդով, մասնավորապես՝ միաժամանակ առևտրային պորտֆելում կամ ոչ առևտրային պորտֆելում,
2) տրամադրված հետևյալ փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով․
ա․ երկարաժամկետ ստորադաս փոխառություններ, ընդ որում, սույն ենթակետի իմաստով՝ երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն ստորադաս փոխառությունը, որը տրամադրվել է առնվազն հինգ տարի ժամկետով,
բ․ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հիմնական գործունեության շրջանակներից դուրս կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի բաժնետերերին կամ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառություններ։
3) Ոչ նյութական ակտիվների և դրանց օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ), դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի (այդ թվում՝ այլ համապարփակ եկամտում գրանցված վերագնահատման արդյունքը) չափով, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված ակտիվների:
4) Ծրագրային ապահովումների և դրանց օգտագործման իրավունքների, տեղեկատվական և կիբեռանվտանգության ապահովման համար ներդրվող լուծումների (օրինակ՝ կրիպտոգրաֆիայի, թոքենիզացիայի), առանց շփման տեխնոլոգիաների ծրագրերի (օրինակ՝ ՔՅՈՒԱՐ, ԷՆԷՖՍԻ), հեռահար նույնականացման տեխնոլոգիաների ծրագրերի, զեղծարար գործողությունների բացահայտման ծրագրերի, ամպային ծառայությունների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվող ստանդարտների և դրանց համապատասխանության սերտիֆիկացման (այսուհետ՝ Ծրագրային ակտիվների) գծով ոչ նյութական ակտիվների, դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքների (այդ թվում՝ այլ համապարփակ եկամտում գրանցված վերագնահատման արդյունքը)՝ ընդհանուր կապիտալի տարրերի հանրագումարի՝ 50 տոկոսը գերազանցող գումարի չափով: Ընդ որում, սույն ենթակետով սահմանված հաշվարկի ժամանակ ընդհանուր կապիտալի տարրերի հանրագումարը նվազեցվում է Ծրագրային ակտիվների արժեքի վերագնահատման արդյունքում ձևավորված այլ համապարփակ եկամտի չափով:
5) Հետաձգված հարկային ակտիվների հաշվեկշռային արժեքի և դրանց հետ կապված հետաձգված հարկային պարտավորությունների (հարկային ակտիվից զուտացվող) հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով: Սույն ենթակետի իմաստով, հետաձգված հարկային ակտիվները այն հարկային ակտիվներն են, որոնք առաջացել են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով սահմանված կարգով իրականացված գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները այդ վնասների առաջացման հարկային տարվան հաջորդող հինգ հարկային տարիների համախառն եկամտից նվազեցվող տարրերի կազմում ներառելու հետևանքով։
6) այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հաշվեկշռային արժեքի չափով` հաշվի առնելով սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված դեպքը։
7) բանկերի, այլ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ընկերությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների կանոնադրական կապիտալում և ներդրումային ֆոնդերում (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություններ) կատարված այն ներդրումները, որոնց արդյունքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը նշված ֆինանսական կազմակերպության կապիտալում ձեռք է բերում 100 տոկոս մասնակցություն, և ներդրումը կատարվել է այդ կազմակերպությունը հետագայում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին միացնելու նպատակով, և Կենտրոնական բանկը տեղեկացվել է այդ նպատակի մասին, իրենց հաշվեկշռային արժեքի չափով նվազեցվում են ներդրումը կատարելու պահից 6 ամիս հետո:
13. Սույն կանոնակարգի 11-րդ կետի համաձայն հաշվարկված մեծությունը ճշգրտվում է.
1) իրական արժեքով չհաշվառվող ակտիվների/պարտավորությունների գծով ձևավորված դրամական հոսքերի, ինչպես նաև կանխատեսվող դրամական հոսքերի հեջավորման պահուստն ապաճանաչելու միջոցով, ընդ որում, դրական մեծությունը նվազեցվում է, իսկ բացասականը` գումարվում,
2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի սեփական վարկային ռիսկի փոփոխության արդյունքում իրական արժեքով հաշվառվող պարտավորությունների իրական արժեքի փոփոխությամբ պայմանավորված չիրացված շահույթը և վնասն ապաճանաչելու միջոցով, ընդ որում, դրական մեծությունը նվազեցվում է, իսկ բացասականը` գումարվում:
ԳԼՈՒԽ 5.
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՖԻՔՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
14. Սույն կանոնակարգով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի հաշվարկման նպատակով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆիքսված ծախսերը հաշվարկվում են նախորդ հաշվետու տարվա (եթե սույն գլխով այլ բան սահմանված չէ) տարեկան ֆինանսական հաշվետվությունների հիման վրա, մասնավորապես՝ անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների հիման վրա, իսկ եթե աուդիտորական եզրակացությունը բացակայում է, ապա չորրորդ եռամսյակի` Կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա։
15. Եթե սույն կանոնակարգով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի հաշվարկման նպատակով ֆիքսված ծախսերի որոշման համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից օգտագործվել են անկախ աուդիտորական եզրակացությամբ չհաստատված ֆինանսական հաշվետվությունների տվյալները, որից հետո անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները հասանելի են դարձել, ապա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների հիման վրա վերահաշվարկել ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի հաշվարկման համար օգտագործված ֆիքսված ծախսերի մեծությունը։
16. Այն դեպքում, երբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը դեռևս 12 ամիս գործունեություն չի ծավալել, սակայն մեկ ամիս և ավել գործունեություն է ծավալել, ապա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը նախորդ հաշվետու տարվա ֆիքսված ծախսերի մեծությունը որոշելու համար
1) նորմատիվի հաշվարկման պահին հասանելի ֆինանսական հաշվետվություններում ներառված ֆիքսված ծախսերի մեծությունը բաժանում է այն ամիսների քանակի վրա, որոնց համար կազմված են տվյալ ֆինանսական հաշվետվությունները,
2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի արդյունքում ստացված ֆիքսված ծախսերի մեծությունը բազմապատկվում է 12-ով:
17. Այն դեպքում, երբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը մեկ ամսից պակաս է գործունեություն ծավալել, այդ դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը ֆիքսված ծախսերի մեծությունը որոշելու համար հիմք է ընդունում առաջին հաշվետու տարվա համար պլանավորված ֆիքսված ծախսերը։
18. Ֆիքսված ծախսերի մեծությունը հետևյալ ծախսերի հանրագումարն է․
1) աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներ,
2) գործունեության տարածքի շահագործման ծախս, այդ թվում՝ վարձակալական վճարներ,
3) ապահովագրական վճարներ (այդ թվում՝ կիբեռ ռիսկերի (սպառնալիքների), մասնագիտական պատասխանատվության, գույքի ապահովագրության և այլ ռիսկերի ապահովագրման համար),
4) արտաքին ծառայություններ մատուցող անձանց վճարներ (այդ թվում՝ աուդիտորական, հաշվապահական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների ստացման ծախսեր),
5) առևտրային հարթակներին վճարվող մասնակցության պարբերական վճարներ՝ առևտրային հարթակներում գործարքներ կնքելու համար,
6) սերվերների վարձակալության, Ծրագրային ակտիվների, կիբեռանվտանգության մշտական ծառայությունների դիմաց վճարներ,
7) տվյալների պահուստային կրկնօրինակների և վերականգման (backup) համար պարբերական վճարներ,
8) տեղեկատվական անվտանգության սերտիֆիկացման պահպանման և թարմացման վճարներ կամ այլ տեղեկատվական անվտանգության ստանդարտների պահպանման ծախսեր,
9) բանկային, արժեթղթերի և կրիպտոակտիվների հաշիվների սպասարկման, պահառության հետ կապված վճարներ,
10) մաշվածության կամ ամորտիզացիոն մասհանումներ,
11) պետական տուրքեր,
12) վարկերի, փոխառությունների, այդ թվում՝ պարտքային գործիքների մարմանն ուղղված ծախսեր (մայր գումարի, տոկոսի, միջնորդավճարի վճարում),
13) հարկային ծախսեր (ծախսերի մեծությունը որոշող արտառոց, չկրկնվող, չնախատեսված տարրերը հաշվարկին չեն մասնակցում),
14) սույն կետում չնշված այլ վարչական ծախսեր:
19. Սույն կանոնակարգի 18-րդ կետի 2-14-րդ ենթակետերում նշված ծախսերի հաշվարկի մեջ չեն ներառվում այդ ծախսերին առնչվող չկրկնվող և չնախատեսված ծախսերը։
20. Եթե ընթացիկ տարվա ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեությունն էական փոփոխություն է կրել, ապա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ընթացիկ տարվա ֆինանսական հաշվետվությունների հիման վրա սույն կանոնակարգով սահմանված ֆիքսված ծախսերը (ընթացիկ տարվա անցած ամիսների ֆիքսված ծախսերի թվաբանական միջին*12) վերահաշվարկել և վերանայել վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը։ Սույն կետի իմաստով էական փոփոխություն է համարվում, եթե կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընթացիկ տարվա ընդհանուր ծախսերի՝ տվյալ տարվա համար կանխատեսված մեծությունն առնվազն 30%-ով փոփոխվել է։
ԳԼՈՒԽ 6.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ, ՈՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՎԵԼ
21. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը սույն կանոնակարգով սահմանված նվազագույն չափից 10 և ավելի տոկոս նվազելու դեպքում կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից։
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ՇԱՀՈՒՅԹԻ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի չբաշխված շահույթը ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնասի և նախորդ ժամանակաշրջանների չբաշխված շահույթ/վնասի դրական հանրագումարն է:
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի չբաշխված շահույթը ներառվում է ընդհանուր կապիտալի կազմում՝ սույն հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ հաշվի առնելով սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված պահանջը:
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի չբաշխված շահույթը ընդհանուր կապիտալի կազմում ներառվում է հետևյալ բանաձևով հաշվարկված չափով՝
Շ = Շահույթ - ՎՀՇ
որտեղ՝
Շ-ն – ընդհանուր կապիտալի կազմում ներառվող չբաշխված շահույթի մեծությունն է,
Շահույթ-ը – ընդհանուր կապիտալի հաշվարկման պահի դրությամբ չբաշխված շահույթն է,
ՎՀՇ-ն – տվյալ տարվա ընթացքում վճարման ենթակա հավանական շահաբաժինների չափն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՎՀՇ = Max ((Շահույթ + ՇԲ) * Բաշխման դրույք – ՇԲ ; 0),
որտեղ՝
ՇԲ –ն – տվյալ տարվա ընթացքում արդեն վճարված շահութաբաժինների չափն է (առկայության դեպքում),
Բաշխման դրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Բաշխման դրույք = Max (Դ-1 ; (Դ-1 + Դ-2 + Դ-3)/3),
որտեղ՝
Դ-i (i=1,2,3) – տվյալ տարվան անմիջապես նախորդող i-րդ տարվա Բաշխման դրույքն է, որը ցույց է տալիս, թե i-րդ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի շահույթի (նախորդող տարվա վերջին օրվա դրությամբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի չբաշխված շահույթի և տվյալ տարվա զուտ շահույթի գումարի) որ մասն է փաստացի վճարվել շահութաբաժինների տեսքով:
4. Այն դեպքում, երբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից շահութաբաժնի բաշխումից հետո գումարը մինչև տվյալ բաշխման օրացուցային տարվա ավարտն ուղղվել է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընդհանուր կապիտալի տարր(եր)ի (բացառությամբ՝ չբաշխված շահույթի կամ վնասի) համալրմանը, ապա սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված բաշխման դրույքի հաշվարկում փաստացի վճարված շահութաբաժնի գումարից տվյալ գումարը նվազեցվում է:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2026 թվական: