Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 226-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 21.01.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.12.2025
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0226 Ն. 30.12.2025

 

30 դեկտեմբերի 2025 թվականի

թիվ 226-Ն

 

«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7/04-Ը ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև առաջարկի փաստաթղթի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը,

հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Սահմանել «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, առաջարկի փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» կանոնակարգ 7/04-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝

Մ. Գալստյան

 

Երևան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 226-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7/04

 

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ 1 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է.

1) առաջարկի փաստաթղթի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ կախված առաջարկվող կրիպտոակտիվների տեսակներից,

2) առաջարկի փաստաթուղթը, առաջարկի թարմացված փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը:

2. Առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջը չի տարածվում կրիպտոակտիվների այն հրապարակային առաջարկների վրա, երբ առաջարկվող կրիպտոակտիվների ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում (առաջարկի հրապարակման օրվանից) չի գերազանցում 20 միլիոն ՀՀ դրամը:

3. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ «Կրիպտոակտիվների մասին» oրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը սույն կանոնակարգով պահանջվող տեղեկատվությունից բացի կարող են առաջարկի փաստաթղթում ներառել նաև այլ տեղեկատվություն:

4. Օտարերկրյա թողարկողի կողմից թողարկված կրիպտոակտիվի՝ որի համար արդեն իսկ հրապարակված է առաջարկի փաստաթուղթ, Հայաստանի Հանրապետության տարածքում հրապարակային առաջարկ անելու կամ առևտրային հարթակում առևտրին թույլատվություն հայցելու նպատակով կազմված առաջարկի փաստաթղթի վրա տարածվում են միայն սույն կանոնակարգի 8-րդ գլխի պահանջները:

5. Եթե առաջարկի փաստաթուղթը պարունակում է հղումներ, ապա առաջարկի փաստաթուղթը հրապարակած անձը պարտավոր է ապահովել դրանց արդիականությունը՝ փոփոխությունների դեպքում թարմացնելով առաջարկի փաստաթուղթը:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

6. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) «Խումբ»՝ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ 10` «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ» ստանդարտով կամ միջազգայնորեն ընդունված այլ ստանդարտով սահմանված դեպքերում համախմբված ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող սուբյեկտ

2) «Երաշխավորված տեղաբաշխում»՝ տեղաբաշխում, որով տեղաբաշխողը պարտավորվում է սահմանված ժամանակահատվածում գնել և վաճառել թողարկված կրիպտոակտիվների ամբողջ ծավալը կամ ստանձնում է չվաճառված կրիպտոակտիվների գնման ֆինանսական պարտավորությունը․

3) «Ռիսկային գործոններ»՝ այն ռիսկերի ցանկը, որոնք հատուկ են թողարկողին, կրիպտոակտիվին, կրիպտոակտիվի նախագծին կամ կրիպտոակտիվի հիմքում ընկած տեխնոլոգիային և որոնք ողջամիտ ձեռքբերողը կկարևորեր ձեռքբերման որոշումներ կայացնելիս․

4) «Բաժանորդագրություն»՝ դեռևս չթողարկված կրիպտոակտիվ ձեռք բերելու հայտ․

5) «Բաժանորդագրվող»՝ դեռևս չթողարկված կրիպտոակտիվ ձեռք բերելու հայտ ներկայացրած անձ․

6) «Կրիպտոակտիվի նախագիծ»՝ նախագիծը որի շրջանակում տեղի է ունենում կրիպտոակտիվի թողարկումը:

7. Սույն կարգում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Օրենքով սահմանված իմաստով:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8. Սույն կանոնակարգով սահմանված առաջարկի փաստաթուղթը Կենտրոնական բանկ է ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ secretariat@cba.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ էլեկտրոնային կրիչով, իսկ Սի-Բի-Էյ-Նեթ համակարգին հասանելիություն ունենալու դեպքում՝ Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով՝ «Փի-Դի-Էֆ» ֆորմատով:

9. Առաջարկի փաստաթղթի փոփոխված կամ լրացումներով տարբերակը, ինչպես նաև Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ներկայացվող առաջարկի թարմացված փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնելիս, ներկայացվում է.

1) առաջարկի փաստաթղթի վերջնական տարբերակը, որը ներառում է՝ փոփոխությունները, լրացումները և թարմացումները,

2) առաջարկի փաստաթղթի վերջին հրապարակված օրինակը, որը ներառում է առաջարկվող փոփոխությունները և լրացումները՝ խմբագրման ռեժիմով,

3) առաջարկի փաստաթղթի թարմացումների իրականացման հիմնավորումները՝ առաջարկի փաստաթուղթը Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն թարմացնելու դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ ԵՎ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Կրիպտոակտիվի առաջարկի փաստաթուղթը կազմված է հետևյալ մասերից.

1) Դիմային էջ,

2) «Բովանդակություն»,

3) «Պատասխանատու անձինք»,

4) Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխանող ամփոփաթերթ,

5) «Կրիպտոակտիվի թողարկողը»,

6) «Հրապարակային առաջարկ իրականացնող անձ» կամ «Առևտրին թույլտվություն հայցող անձը», եթե թողարկողը և հրապարակային առաջարկ իրականացնող անձը կամ առևտրի հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը տարբեր անձինք են,

7) «Կրիպտոակտիվ և կրիպտոակտիվի նախագիծ»,

8) «Կրիպտոակտիվի հրապարակային առաջարկը» կամ «Առևտրային հարթակում կրիպտոակտիվի առևտրին թույլտվության հայցը»,

9) «Ռիսկային գործոններ»,

10) «Պահուստային ակտիվներ», եթե առաջարկի փաստաթուղթը ներկայացվում է ակտիվին կցված թոքեն հանդիսացող կրիպտոակտիվի համար՝ բացառությամբ էլեկտրոնային փողի թոքենների:

11. Դիմային էջը առնվազն ներառում է.

1) կրիպտոակտիվի անվանումը և տեսակը,

2) «ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ-ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ» կամ «ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ-ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ» բառերը,

3) առաջարկի փաստաթուղթը հրապարակող անձի անվանումը,

4) առկայության դեպքում՝ կրիպտոակտիվի գլխավոր տեղաբաշխողի անվանումը,

5) աչքի ընկնող ձևաչափով հայտարարություն հետևյալ բովանդակությամբ. «ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՃՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ:»,

6) Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հայտարարությունները:

12. «Բովանդակություն» մասը պետք է պարզ և մատչելի ձևով արտացոլի առաջարկի փաստաթղթի բովանդակությունը:

13. «Պատասխանատու անձինք» մասում ներկայացվում են.

1) պատասխանատու անձանց անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը: Սույն կետի իմաստով պատասխանատուն անձինք են առաջարկի փաստաթուղթը կազմող և հրապարակող անձի գործադիր մարմնի բոլոր անդամները, խորհուրդ ձևավորելու դեպքում՝ տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամների մեծամասնությունը: Եթե որևէ անձ պատասխանատու է առաջարկի փաստաթղթի միայն որոշակի մասերի համար, ապա պետք է նշում կատարվի այդ մասին,

2) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Մենք` ստորագրող անձինք, հավաստիացնում ենք, որ գործադրել ենք բոլոր ողջամիտ ջանքերը, որպեսզի պարզենք կրիպտոակտիվի առաջարկի փաստաթղթում ներառված տեղեկությունների ճշգրիտ և լիարժեք լինելը: Ըստ այդմ, մենք հավաստիացնում ենք, որ մեր լավագույն տեղեկացվածության համաձայն առաջարկի փաստաթղթում ներառված տեղեկությունները ճշգրիտ և լիարժեք են, չեն պարունակում բացթողումներ, որոնք կարող են խեղաթյուրել առաջարկի փաստաթղթի բովանդակությունը»:

14. «Կրիպտոակտիվի թողարկողը» մասում առնվազն ներառվում է.

1) անվանումը,

2) կազմակերպական-իրավական ձևը,

3) պետական գրանցման հասցեն և համարը,

4) կազմակերպության գրանցման ամսաթիվը,

5) կազմակերպության գտնվելու վայրը, այն երկրի օրենսդրությունը, որի ներքո թողարկողը գործունեություն է ծավալում, թողարկողի հիմնադրման երկիրը, կանոնադրությամբ նշված գտնվելու վայրը, փաստացի գործունեություն ծավալելու վայրը, եթե տարբերվում է կանոնադրությամբ նշված գտնվելու վայրից,

6) կազմակերպության կապի միջոցները՝ հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ինտերնետային կայքը,

7) խմբի անդամ լինելու դեպքում՝ խմբի կառուցվածքը՝ սխեմատիկորեն և կազմակերպության տեղը այդ խմբում,

8) կազմակերպության գործառույթների և հիմնական գործունեության նկարագիրը: Խմբի անդամ լինելու դեպքում, նաև մայր կազմակերպության գործառույթների և հիմնական գործունեության նկարագիրը):

15. «Հրապարակային առաջարկ իրականացնող անձը» կամ «Առևտրին թույլտվություն հայցող անձը» մասում ներառվում է սույն կանոնակարգի 14-րդ կետով սահմանված տեղեկությունները: Եթե առևտրին թույլտվություն հայցող անձը հարթակի օպերատոր է, ապա կարող է ներկայացվել միայն սույն կանոնակարգի 14-րդ կետի 1-ին, 2-րդ, 6-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները:

16. «Կրիպտոակտիվ և կրիպտոակտիվի նախագիծ» մասում առնվազն ներառվում է.

1) կրիպտոակտիվի անվանումը և տարբերակիչ ծածկագիրը,

2) կրիպտոակտիվի նախագծի անվանումը և նախագծի նկարագրությունը,

3) երկիրը, որի օրենսդրության համաձայն թողարկվել է տվյալ կրիպտոակտիվը,

4) կրիպտոակտիվի բնութագիրը և ֆունկցիոնալության նկարագրությունը,

5) կրիպտոակտիվի նախագծի իրագործման գործընթացում ներգրավված և էական դերակատարություն ունեցող անձանց անվանումները և դերը,

6) կիրառելիության դեպքում՝ տեղեկատվություն կրիպտոակտիվի հետ կապված հետագա պլանների վերաբերյալ: Ներառվում է նաև արդեն իսկ տեղի ունեցած և պլանավորվող կարևոր իրադարձությունների նկարագրությունը,

7) կրիպտոակտիվին կցված իրավունքները և պարտավորությունները, ներառյալ.

ա. կրիպտոակտիվից բխող իրավունքների և պարտավորությունների նկարագրությունը, ներառյալ՝ իրավունքների սահմանափակումները և այդ իրավունքների իրականացման գործընթացը,

բ. սեփականատերերի տարբեր խմբերին տարբեր իրավունքներ կցված լինելու դեպքում՝ տարբերությունների պատճառաբանությունը,

գ. այն պայմանների նկարագրությունը, որոնց առկայության դեպքում կրիպտոակտիվին կցված իրավունքները և պարտավորությունները կարող են փոխվել,

դ. կիրառելիության դեպքում՝ տեղեկատվություն թողարկողի կողմից կրիպտոակտիվների հետագա հրապարակային առաջարկի վերաբերյալ, ինչպես նաև թողարկողի կողմից հետ գնված և չմարված կրիպտոակտիվների քանակը,

ե. որտեղ և ինչպես կարող են կրիպտոակտիվները ձեռք բերվել կամ վաճառվել հրապարակային առաջարկից հետո, եթե առևտրին թույլտվություն չի հայցվում,

զ. հրապարակային առաջարկվող կամ առևտրին թույլտվության ենթակա կրիպտոակտիվների փոխանցելիության առկա սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ,

է. այն դեպքում, երբ կրիպտոակտիվի առաջարկը փոփոխվում է սահմանված ընթացակարգի համաձայն՝ կախված պահանջարկի տատանումների հետ, ապա ներկայացվում է տվյալ ընթացակարգի նկարագրությունը,

ը. կիրառելիության դեպքում՝ կրիպտոակտիվի արժեքը պաշտպանող սխեմաների և փոխհատուցման սխեմաների նկարագրությունը կամ հայտարարություն՝ դրանց բացակայության վերաբերյալ,

8) կրիպտոակտիվի հիմքում ընկած տեխնոլոգիաները, ներառյալ.

ա. ներդրված տեխնոլոգիաների մասին տեղեկատվություն, ներառյալ՝ ապակենտրոնացված գրանցամատյանի, ծրագրային ապահովումների ընթացակարգերի (պրոտոկոլների) և տեխնիկական ստանդարտների մասին տեղեկատվություն, կիրառելիության դեպքում՝ թողարկողի կողմից գործարկված սմարթ պայմանագրերի հասցեները: Ընդ որում, եթե կրիպտոակտիվը թողարկվել, փոխանցվում կամ պահպանվում է թողարկողի կամ նրա հետ փոխկապակցված անձի կողմից կառավարվող ապակենտրոնացված գրանցամատյանում, ապա նշում՝ փոխկապակցվածության վերաբերյալ,

բ. ապակենտրոնացված գրանցամատյանը որևէ անձի կողմից կառավարվելու դեպքում՝ ապակենտրոնացված գրանցամատյանը կառավարելու իրավասությունների նկարագրությունը,

գ. կիրառելիության դեպքում՝ կիրառված փոխհամաձայնության մեխանիզմը,

դ. ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքների կատարումը ապահովելու նպատակով ներդրված խթանող մեխանիզմները և կիրառելի վճարները,

ե. ներդրված տեխնոլոգիայի աուդիտ իրականացնելու դեպքում՝ աուդիտի եզրակացության վերաբերյալ տեղեկատվություն կամ հայտարարություն՝ տեխնոլոգիայի աուդիտ իրականացրած չլինելու վերաբերյալ:

17. «Կրիպտոակտիվի հրապարակային առաջարկ» կամ «Առևտրային հարթակում կրիպտոակտիվի առևտրին թույլտվության հայց» մասում առնվազն ներառվում է.

1) առկայության դեպքում՝ հրապարակային առաջարկի կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվության ենթակա կրիպտոակտիվների քանակը, թողարկողի հիմնադիրների, աշխատակիցների կողմից կրիպտոակտիվների ձեռք բերման ժամանակացույցը և պայմանները (նման հնարավորություն նախատեսված լինելու դեպքում),

2) հրապարակային առաջարկի համար վերջնաժամկետ սահմանված լինելու դեպքում` բաժանորդագրման իրականացման սկիզբը և ավարտը, ներառյալ՝ ժամկետների ցանկացած հնարավոր փոփոխությունները,

3) հրապարակային առաջարկից օգտվելու համար դիմելու գործընթացի մանրամասն նկարագրությունը, մասնավորապես՝ նկարագրվում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի այն անձը, որը որոշել է ընդունել առաջարկը և ձեռք բերել կրիպտոակտիվները,

4) այն հանգամանքները, որոնց դեպքում հրապարակային առաջարկը կարող է հետաձգվել կամ չեղյալ համարվել: Ներկայացվում է նաև, թե արդյո՞ք հրապարակային առաջարկը կարող է չեղյալ համարվել, եթե արդեն կատարվել են գործարքներ, ինչպես նաև՝ առաջարկը չեղյալ համարելու դեպքում կրիպտոակտիվները ձեռք բերած անձանց միջոցները վերադարձնելու կարգը,

5) առկայության դեպքում` բաժանորդագրությունների նվազագույն և առավելագույն շեմերը, գերբաժանորդագրություններ ընդունելու դեպքում՝ գերբաժանորդագրությունների հատկացման (բաշխման) գործընթացը և բաժանորդագրված անձանց կողմից վճարված գումարները վերադարձնելու կարգը,

6) կրիպտոակտիվի առաջարկի գինը՝ արտահայտված ՀՀ դրամով (այլ կրիպտոակտիվներ հավաքագրելու դեպքում` համապատասխան կրիպտոակտիվով): Եթե գինը հայտնի չէ, ապա նշվում է գնի որոշման մեթոդը կամ պայմանները, ինչպես նաև առաջարկի գնի բացահայտման գործընթացի նկարագրությունը: Ներկայացվում են նաև այն ծախսերը, որոնք գանձվելու են բաժանորդագրվող անձից կամ գնորդից,

7) ներդրողների այն խմբերը, որոնց ուղղված է առաջարկը (հանրության, որակավորված ներդրողներին, ինստիտուցիոնալ ներդրողներին և այլն), առկայության դեպքում՝ նաև ներդրողների խմբերի համար գործող սահմանափակումները,

8) բաժանորդագրություններ ընդունելու դեպքում՝ հստակ դրույթ այն մասին, որ հրապարակային առաջարկին բաժանորդագրված անձինք կփոխհատուցվեն հետևյալ դեպքերում.

ա. եթե բաժանորդագրված անձինք օգտվում են Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու իրավունքից,

բ. եթե հրապարակային առաջարկը չեղարկվել է,

9) բաժանորդագրություններ ընդունելու դեպքում՝ սույն կետի 8-րդ ենթակետում նշված փոխհատուցման գործընթացի նկարագրությունը և ժամկետները,

10) առկայության դեպքում՝ տեղեկատվություն վաղ բաժանորդագրության համար գործող զեղչերի վերաբերյալ: Հատուկ ներդրողների խմբերի համար գործող զեղչերի առկայության դեպքում՝ ներկայացվում է հատուկ զեղչեր տրամադրելու պատճառաբանությունը,

11) կիրառելիության դեպքում՝ Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ընթացակարգերի նկարագրությունը,

12) կրիպտոակտիվների դիմաց վճարումներ կատարելու հնարավոր եղանակները, ինչպես նաև՝ վճարված միջոցների հետվերադարձի կամ մարման եղանակները՝ հետվերադարձի կամ մարման հնարավորության առկայության դեպքում,

13) կիրառելիության դեպքում՝ տեղեկատվություն Oրենքի 15-րդ հոդվածով սահմանված կրիպտոակտիվների ձեռքբերման պայմանագրից հրաժարվելու իրավունքի վերաբերյալ,

14) ձեռք բերած կրիպտոակտիվները ստանալու մեթոդները և ժամկետները,

15) տեղեկատվություն տեխնիկական պահանջների վերաբերյալ, որոնց կրիպտոակտիվ ձեռք բերող անձը պետք է բավարարի կրիպտոակտիվները պահպանելու համար,

16) կիրառելիության դեպքում՝ տեղաբաշխողի անվանումը և տեղաբաշխման տեսակը (երաշխավորված տեղաբաշխում է թե ոչ),

17) կիրառելիության դեպքում՝ առևտրային հարթակի անվանումը, որտեղ առևտրին թույլտվություն է հայցվում և տեղեկատվություն տվյալ առևտրային հարթակին ներդրողների հասանելիության և հարթակից օգտվելու հետ կապված ծախսերի վերաբերյալ,

18) հրապարակային առաջարկի կամ առևտրին թույլտվության հայցման մեջ ներգրավված անձանց շահերի հնարավոր բախումները՝ հրապարակային առաջարկի կամ առևտրին թույլտվության հայցման հետ կապված:

18. «Ռիսկային գործոններ» մասում առնվազն ներկայացվում է.

1) այն ռիսկային գործոնները և դրանց բնութագրերը, որոնք հատուկ են թողարկողին և նրա գործունեության ոլորտներին,

2) այն ռիսկային գործոնները և դրանց բնութագրերը, որոնք հատուկ են առաջարկվող կամ առևտրին թույլատրվող կրիպտոակտիվին,

3) այն ռիսկային գործոնները և դրանց բնութագրերը, որոնք կապված են կրիպտոակտիվի նախագծի գործարկման հետ,

4) այն ռիսկային գործոնները և դրանց բնութագրերը, որոնք հատուկ են կրիպտոակտիվի հիմքում ընկած տեխնոլոգիային, ինչպես նաև ռիսկերի գործոնները զսպելու մեխանիզմները` առկայության դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ԱԿՏԻՎԻՆ ԿՑՎԱԾ ԹՈՔԵՆ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Ակտիվին կցված թոքեն, ներառյալ՝ էլեկտրոնային փողի թոքեն, չհանդիսացող կրիպտոակտիվի առաջարկի փաստաթուղթը, սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված տեղեկություններից բացի, ներառում է սույն գլխով սահմանված տեղեկատվությունը:

20. «Կրիպտոակտիվի թողարկողը» մասում, սույն կանոնակարգի 14-րդ կետով սահմանված տեղեկություններից բացի, ներկայացվում է նաև ֆինանսական վիճակի մասին վերլուծություն՝ գործունեության վերջին երեք տարիների համար (երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած անձինք ֆինանսական վիճակի մասին վերլուծությունը ներկայացնում են գործունեության ողջ ժամկետի համար): Ֆինանսական վիճակի մասին վերլուծությունը ներառում է հիմնական ֆինանսական ցուցանիշների և դրանց էական փոփոխությունների վերլուծությունը:

21. «Հրապարակային առաջարկ իրականացնող անձը» կամ «Առևտրին թույլտվություն հայցող անձը» մասում, սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված տեղեկություններից բացի ներառվում են նաև սույն կանոնակարգի 20-րդ կետով սահմանված տեղեկությունները:

22. «Կրիպտոակտիվ և կրիպտոակտիվի նախագիծ» մասում, սույն կանոնակարգի 16-րդ կետով սահմանված տեղեկություններից բացի, ներառվում է նաև.

1) սպառողական թոքենի միջոցով ձեռք բերվող կամ օգտագործվող ապրանքների կամ ծառայությունների հիմնական հատկանիշները, եթե առաջարկվող կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվության հայցը վերաբերում է սպառողական թոքենին,

2) սպառողական թոքենի միջոցով ձեռք բերվող կամ օգտագործվող ապրանքների և ծառայությունների քանակի և որակի վերաբերյալ տեղեկատվություն,

3) սպառողական թոքենների միջոցով ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու կամ դրանցից օգտվելու ընթացակարգը:

23. «Կրիպտոակտիվի հրապարակային առաջարկ» կամ «Առևտրային հարթակում կրիպտոակտիվի առևտրին թույլտվության հայց» մասում, սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված տեղեկություններից բացի, ներառվում է նաև.

1) հրապարակային առաջարկի կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցելու նպատակը,

2) հրապարակային առաջարկի միջոցով հավաքագրվող միջոցների ծրագրված ծավալը,

3) թողարկման ընդհանուր ծավալը, ներառյալ՝ արդեն իսկ թողարկված և նախատեսված ծավալը: Եթե թողարկման ծավալը դեռևս որոշված չէ, ապա նկարագրվում է ծավալի որոշման մեթոդը կամ պայմանները:

 

Գ Լ ՈՒ Խ 6

ԱԿՏԻՎԻՆ ԿՑՎԱԾ ԹՈՔԵՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Ակտիվին կցված թոքեն հանդիսացող կրիպտոակտիվի առաջարկի փաստաթուղթը, սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված տեղեկություններից բացի, ներառում է սույն գլխով պահանջված տեղեկատվությունը: Ընդ որում, սույն գլխով սահմանված պահանջները չեն տարածվում էլեկտրոնային փողի թոքեն հանդիսացող կրիպտոակտիվների վրա:

25. «Կրիպտոակտիվի թողարկողը» մասում, սույն կանոնակարգի 14-րդ կետով սահմանված տեղեկություններից բացի, ներառվում է.

1) թողարկողի լիցենզիայի տվյալները,

2) հստակ նշում այն մասին, թե արդյոք թողարկող անձը թողարկում է նաև այլ կրիպտոակտիվներ կամ զբաղվում է կրիպտոակտիվների հետ առնչվող այլ գործունեությամբ:

26. «Կրիպտոակտիվ և կրիպտոակտիվի նախագիծ» մասում, սույն կանոնակարգի 16-րդ կետով սահմանված տեղեկություններից բացի, ներառվում է նաև.

1) կրիպտոակտիվից բխող իրավունքների և պարտավորությունների նկարագրության մեջ՝

ա. մարման իրավունքի և Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված թոքենի սեփականատիրոջ իրավունքների վերաբերյալ,

բ. նշված իրավունքների կիրառելիությունը թողարկողի սնանկացման պարագայում,

2) ակտիվին կցված թոքեն ձեռք բերող անձի պահանջի իրավունքի մանրամասն նկարագրությունը, այդ թվում՝

ա. կցված յուրաքանչյուր ակտիվի մանրամասն նկարագրությունները և տվյալ ակտիվների հարաբերակցությունը ընդհանուր ակտիվների նկատմամբ,

բ. պահանջի չափի հաշվարկման կարգը,

3) կիրառելիության դեպքում՝ թոքենի իրացվելիությունը ապահովելու նպատակով ձեռնարկված միջոցառումները, ներառյալ՝ իրացվելիություն ապահովելու համար պատասխանատու ընկերությունների անվանումները,

4) հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման եղանակները, ինչպես նաև բողոք-պահանջների ընդունման, քննության և որոշումների կայացման ընթացակարգի նկարագրությունը,

5) թոքենի սեփականատերերի իրավունքները՝ Օրենքի 66-րդ հոդվածին համապատասխան վերականգնման ծրագրի կիրառման դեպքում,

6) թոքենի սեփականատերերի իրավունքները՝ մարումների ծրագրի կիրառման դեպքում, ներառյալ՝ մարման եղանակը, փոխանցման եղանակը կամ մարման արժույթը ընտրելու՝ սեփականատիրոջ իրավունքը:

27. «Կրիպտոակտիվի հրապարակային առաջարկ» կամ «Առևտրային հարթակում առևտրին թույլտվության հայց» մասում, սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված տեղեկություններից բացի, ներառվում է նաև.

1) հրապարակային առաջարկի միջոցով հավաքագրվող միջոցների ծրագրված ծավալը,

2) թողարկման ընդհանուր ծավալը, ներառյալ՝ արդեն իսկ թողարկված և նախատեսված ծավալը: Եթե թողարկման ծավալը դեռևս որոշված չէ, ապա նկարագրվում է ծավալի որոշման մեթոդը կամ պայմանները:

28. «Պահուստային ակտիվներ» մասում առնվազն ներկայացվում է.

1) պահուստային ակտիվների արժեքը թողարկված թոքենների արժեքի նկատմամբ կայուն պահելու նպատակով ներդրված մեխանիզմների մանրամասն նկարագրությունը, ներառյալ՝ իրավական և տեխնիկական մեխանիզմները,

2) պահուստային ակտիվների և դրանց կառուցվածքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը,

3) թոքենները թողարկելու և մարելու մեխանիզմների նկարագրությունը,

4) պահուստային ակտիվների պահպանության, կառավարման և ներդրման քաղաքականությունների և ընթացակարգերի նկարագրությունը, ներառյալ՝ պահուստային ակտիվների առանձնացված հաշվառումը,

5) պահուստային ակտիվների պահպանությունը իրականացնող անձանց անվանումները,

6) պահուստային ակտիվների կառավարման և ներդրման հետ կապված գործառույթներն այլ անձանց պատվիրակելու դեպքում՝ պատվիրակված անձանց անվանումները:

 

Գ Լ ՈՒ Խ 7

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ԹՈՔԵՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Էլեկտրոնային փողի թոքեն հանդիսացող կրիպտոակտիվի առաջարկի փաստաթուղթը, սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված տեղեկություններից բացի, ներառում է սույն գլխով սահմանված տեղեկատվությունը:

30. «Կրիպտոակտիվի թողարկողը» մասում, սույն կանոնակարգի 14-րդ կետով սահմանված տեղեկություններից բացի, ներկայացվում են նաև թողարկողի լիցենզիայի տվյալները:

31. «Կրիպտոակտիվ և կրիպտոակտիվի նախագիծ» մասում, սույն կանոնակարգի 16-րդ կետով սահմանված տեղեկություններից բացի, ներառում է նաև.

1) կրիպտոակտիվից բխող իրավունքների և պարտավորությունների նկարագրության մեջ ներառվում է էլեկտրոնային փողի թոքենը դրա անվանական արժեքին համարժեք դրամական միջոցներով մարելու սեփականատիրոջ իրավունքը,

2) թոքենի սեփականատերերի իրավունքները՝ մարումների ծրագրի կիրառման դեպքում,

3) հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման եղանակները, ինչպես նաև բողոք-պահանջների ընդունման, քննության և որոշումների կայացման ընթացակարգի նկարագրությունը:

 

Գ Լ ՈՒ Խ 8

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

32. Օտարերկրյա թողարկողի կողմից թողարկված կրիպտոակտիվի՝ որի համար արդեն իսկ հրապարակված է առաջարկի փաստաթուղթ, Հայաստանի Հանրապետության տարածքում հրապարակային առաջարկ անելու կամ առևտրային հարթակում առևտրին թույլատվություն հայցելու նպատակով կազմված առաջարկի փաստաթուղթը առնվազն ներառում է.

1) կրիպտոակտիվ թողարկողի կողմից հրապարակված առաջարկի փաստաթղթի հղումը։ Ընդ որում, թողարկողի կողմից առաջարկի փաստաթղթի թարմացման դեպքում, սույն գլխի համաձայն հրապարակված առաջարկի փաստաթուղթը պետք է ներառի թարմացված առաջարկի փաստաթղթի հղումը,

2) կրիպտոակտիվ թողարկողի մասին ընդհանուր տվյալներ՝ ներառյալ անվանումը և գտնվելու վայրը,

3) աչքի ընկնող ձևաչափով հայտարարություն՝ հետևյալ բովանդակությամբ. «ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿԻ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՃՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ:»,

4) եթե օտարերկրյա թողարկողի կողմից թողարկված կրիպտոակտիվը թողարկման երկրի օրենսդրության համաձայն համարվում է ակտիվին կցված թոքեն, ապա առաջարկի փաստաթղթում աչքի ընկնող ձևաչափով ներառվում է հայտարարություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«ՍՈՒՅՆ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱԿՏԻՎԻՆ ԿՑՎԱԾ ԹՈՔԵՆ։ ԱՌԿԱ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԴՐԱ ԳԻՆԸ ԿԱՅՈՒՆ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԻՆ ԿՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԻ ՄԱՐՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ: ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ՝ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎԻ ԱՐԺԵՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԿԱՄ ԿԱՅՈՒՆ ՊԱՀՈՂ ՍԽԵՄԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԵՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ:»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան