ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 1972 թվականի N 61
Քաղ. Երևան
ՋՐԵՐՈՒՄ ԽԵՂԴՎՈՂՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀԱՅՋՐՓՐԿ-Ի) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Հաստատել Ջրերում խեղդվողների փրկության հայկական ընկերության (ՀայՋՐՓՐԿ-ի) առդիր կանոնադրությունը:
Հ Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
|
Ընդունված է ՀայՋՐՓՐԿ-ի հիմնադիր համագումարում` 1971 թ. դեկտեմբերի 29-ին
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թ. փետրվարի 16-ի N 61 որոշմամբ |
Ջրերում խեղդվողների փրկության հայկական ընկերության (ՀայՋՐՓՐԿ-ի)
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ջրերում խեղդվողների փրկության հայկական ընկերությունը (ՀայՋՐՓՐԿ-ը) մասսայական հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է բնակչության լայն մասսաների ընդգրկումը Հայկական ՍՍՀ գետերում դժբախտ դեպքերի կանխմանը ակտիվորեն մասնակցելու գործին:
Ջրերում խեղդվողների փրկության հայկական ընկերությունն իր գործունեության մեջ ղեկավարվում է սույն Կանոնադրությամբ և աշխատում է հասարակական մյուս կազմակերպությունների և պետական օրգանների հետ սերտորեն կապված:
ՀայՋՐՓՐԿ-ի նպատակն է ջրերում մարդկանց կյանքի պահպանությունը, Հայկական ՍՍՀ գետերում, լճերում և ջրամբարներում մարդկանց խեղդվելու դեպքերի վերացումը:
2. ՀայՋՐՓՐԿ-ի հիմնական գործնական խնդիրներն են.
ա) ջրերում դժբախտ դեպքերի կանխման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական և կազմակերպչական աշխատանքին ակտիվորեն մասնակցելու գործում լայն հասարակայնության ընդգրկումը. ՀայՋՐՓՐԿ-ի ակտիվի ստեղծումը, դաստիարակումը, ուսուցումը և գետերում, լճերում ու ջրավազաններում մարդկանց կյանքի պահպանության միջոցառումներին մասնակցելու գործում ընդգրկումը. փրկարար ծառայության կազմակերպումը և այդ ծառայության վրա դրված պարտականությունների իրականացումը. Ընկերության և Հայկական ՍՍՀ մյուս գերատեսչությունների համար ջրերում փրկարարական ծառայության մասնագետների պատրաստումը.
բ) բնակչությանը լողանալու և ջրերում խեղդվողներին փրկելու եղանակների մասսայական ուսուցման նպատակով բոլոր կազմակերպությունների գործունեության կոորդինացումը (դպրոցահասակ երեխաների համար` որպես պարտադիր պրոֆիլակտիկ միջոցառում).
գ) փրկության գործի և փոքրաչափս նավատորմի վերաբերյալ միասնական նորմատիվների, ուսումնական ծրագրերի ու ձեռնարկների, կանոնների և հրահանգների, պլակատների և գրականության մշակումն ու հրատարակումը, ՍՍՀՄ առևտրական ծովագնացության օրենսդրությամբ գրանցման հսկողության տակ չգտնվող փոքրաչափս նավատորմի նավարկման-տեխնիկական վիճակի և ճիշտ շահագործման, որակավորման-նավավարական աշխատանքի զննմանը և վերահսկողությանը մասնակցությունը.
դ) փրկարար տեխնիկայի, փոքրաչափս նավերի և դրանց շարժիչների նոր նմուշների, փրկիչ կայանների նախագծերի ստեղծմանը, փրկիչ կայանների և փրկարարական մանևրային խմբերի տեղաբաշխման հարցի վերաբերյալ հետազոտություններին մասնակցությունը.
ե) մասնակցությունը համապատասխան հանձնաժողովների աշխատանքին, որոնք ստեղծվում են կառավարական օրգանների կողմից` ջրերի սեզոնային հորդացումների, ջրհեղեղների և ջրերում այլ տարերային աղետների ժամանակ.
զ) արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների հետ համատեղ մասնակցությունը ջրավազանների, գետերի, լճերի մոտ գտնվող պիոներական ճամբարներում երեխաների հանգստի անվտանգության միջոցառումների իրագործմանը.
է) ՀայՋՐՓՐԿ-ի անդամներին Ընկերության փրկիչ կայանների և կետերի աշխատանքին մասնակից դարձնելը.
ը) Ընկերության աշխատանքի վերաբերյալ բրոշյուրների, գրքերի, գիտահանրամատչելի գրականության սահմանված կարգով հրատարակման կազմակերպումը, ուսուցողական, ագիտացիոն-պրոպագանդիստական կինոֆիլմերի, դիաֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների թողարկմանը մասնակցելը.
թ) միութենական հանրապետությունների` ջրերում խեղդվողների փրկության ընկերությունների հետ կապ պահպանելը:
3. Ջրերում խեղդվողների փրկության հայկական ընկերությունը (ՀայՋՐՓՐԿ) Ընկերության առջև դրված խնդիրներն իրագործելու համար`
ա) Ընկերության անդամների շարքերն է ընդգրկում բնակչության լայն խավերին, հատկապես երիտասարդությանը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների կոլեկտիվներին.
բ) մշակում և համապատասխանաբար Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ և աշխատավորների դեպուտատների տեղական սովետների գործկոմներ առաջարկություններ է մտցնում ջրերում մարդկանց կյանքի պահպանության և Ընկերության գործունեության հետ կապված այլ հարցերի մասին, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում Ընկերության ուժերով դրանք կենսագործելու համար.
գ) կապեր է հաստատում պետական, հասարակական, գիտական, տնտեսական, գիտահետազոտական և այլ կազմակերպությունների, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի և Երևանի բժշկական ինստիտուտի հետ` ջրերում մարդկանց փրկության տեխնիկական միջոցների կատարելագործման և վերակառուցման ուղղությամբ համատեղ աշխատելու և ջրերում տուժածների առողջությունը վերականգնելու հետ կապված պրոբլեմները լուծելու համար.
դ) կազմակերպում է հանրապետությունում փրկարարական գործի վերաբերյալ դասախոսություններ, ցուցահանդեսներ, էքսկուրսիաներ և ռեկլամային նյութերի սահմանված կարգով թողարկում.
ե) ուսումնասիրում և պրոպագանդում է ջրերում մարդկանց կյանքի պահպանության ուղղությամբ Ընկերության անդամների աշխատանքի առաջավոր փորձը, ընդհանրացնում է ջրերում մարդկանց կյանքի պահպանության բնագավառում հայրենական և արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նվաճումները.
զ) կազմակերպում է սպորտի կիրառական ձևերի մասսայական մրցումներ, ուսումնական և ճամբարային հավաքներ, ինչպես նաև երիտասարդության կողմից «Նեպտուն» ակումբի կոմպլեքսով նորմաների հանձնում.
է) կազմակերպում է մարզական ակումբների աշխատանքը և սպորտի ջրային ձևերի մրցումներ.
ը) ստեղծում է ՀայՋՐՓՐԿ-ի կազմակերպությունների նյութատեխնիկական բազա` ուսումնական, մարզական և այլ գործնական աշխատանքներ տանելու համար.
թ) սահմանված կարգով ստեղծում է Ընկերության համար անհրաժեշտ ուսումնական կազմակերպություններ, կազմակերպում (վերակառուցում, լուծարքի ենթարկում) է մարզա-տեխնիկական ինքնագործ ջրամոտորային ակումբներ, տնտհաշվարկային արտադրական-տեխնիկական ձեռնարկություններ, ջրերում մարդկանց փրկության եղանակների ուսուցման հրահանգիչների, մոտորիստների, ակվալանգիստների և այլ մասնագետների պատրաստման դպրոցներ ու դասընթացներ: Հիշյալ կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեությունը պետք է համապատասխանի Ընկերության նպատակներին և խնդիրներին: ՀայՋՐՓՐԿ-ը իրավունք ունի սահմանված կարգով ստեղծել տնտհաշվարկային ձեռնարկություններ, ջրային բազաներ և փոքրաչափս նավատորմի կանգատեղեր, ինչպես նաև փրկարարական գույք և ապարատուրա թողարկող ձեռնարկություններ:
4. ՀայՋՐՓՐԿ-ը և նրա շրջանային, քաղաքային կազմակերպությունները օգտվում են իրավական անձի իրավունքներից, ունեն իրենց անվամբ կնիք և սահմանված նմուշի շտամպ:
5. Ջրերում խեղդվողների փրկության հայկական ընկերությունն ունի իր դրոշակն ու էմբլեման, ինչպես նաև Ընկերության անդամի կրծքանշան, մարզական համազգեստ` Ընկերության անդամների համար և գերատեսչական համազգեստ` ՀայՋՐՓՐԿ-ի հաստիքային աշխատողների համար, որոնք սահմանված կարգով հաստատվում են Ընկերության հանրապետական խորհրդի կողմից:
II. Ընկերության անդամները, նրանց պարտականությունները և իրավունքները
6. Ջրերում խեղդվողների փրկության հայկական ընկերությունը կազմված է անհատ անդամներից և կոլեկտիվ անդամներից:
Ջրերում խեղդվողների փրկության հայկական ընկերության անդամներ կարող են լինել.
ա) ՍՍՀՄ 14 տարին լրացրած քաղաքացիները, ովքեր ընդունում են Ընկերության կանոնադրությունը և մասնակցում են նրա սկզբնական կազմակերպություններից մեկի աշխատանքին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.- 14 տարին չլրացրած անձինք միավորվում են Ընկերության սկզբնական կազմակերպություններին կից պատանեկան սեկցիաներում, որոնք գործում են Ընկերության հանրապետական խորհրդի կողմից հաստատվող կանոնադրության հիման վրա.
բ) պետական ձեռնարկությունները, հիմնարկություններն ու կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, կոոպերատիվ և հասարակական կազմակերպությունները, կոլտնտեսությունները, սովխոզները (կոլեկտիվ (իրավական) անդամներ):
7. ՀայՋՐՓՐԿ-ի անդամի ընդունելությունը կատարվում է սկզբնական կազմակերպության ժողովի կամ Ընկերության տեղական կազմակերպության խորհրդի կողմից:
Ընկերության անդամ չընդունելու նկատմամբ գանգատները քննության է առնում Ընկերության համապատասխան վերադաս կազմակերպության խորհուրդը:
8. Ընկերության անդամ ընդունվածին տրվում է ՀայՋՐՓՐԿ-ի միասնական նմուշի անդամատոմս և կրծքանշան:
9. ՀայՋՐՓՐԿ-ի անդամը պարտավոր է.
ա) կատարել սույն Կանոնադրության պահանջները, մասնակցել Ընկերության սկզբնական կազմակերպություններից մեկի աշխատանքին, ամեն տարի անդամավճար մուծել.
բ) բնակչության մեջ բացատրական աշխատանք տանել ՀայՋՐՓՐԿ-ի դերի, նշանակության և խնդիրների մասին, նոր անդամներ ներգրավել Ընկերության մեջ.
գ) ուսումնասիրել փրկարարական գործը, կատարելագործել իր գիտելիքները:
10. ՀայՋՐՓՐԿ-ի անդամն իրավունք ունի.
ա) վճռական ձայնի իրավունքով մասնակցել Ընկերության անդամների ժողովներին և խորհրդակցություններին: 18 տարին լրանալուց հետո` ընտրել և ընտրվել Ընկերության համագումարների և կոնֆերանսների պատգամավոր, ինչպես նաև նրա ղեկավար և վերստուգիչ օրգաններում.
բ) հասարակական հանձնաժողովների միջոցով վերահսկողություն իրագործել ջրերում մարդկանց կյանքի պահպանության աշխատանքի վիճակի նկատմամբ.
գ) մասնակցել Ընկերության կողմից կազմակերպվող արշավներին, էքսկուրսիաներին, ցուցահանդեսներին, մարզական մրցումներին, մրցույթներին և մյուս միջոցառումներին, օգտվել Ընկերության գրադարաններից և մյուս հիմնարկներից, աշխատություններ հրապարակել Ընկերության հրատարակություններում.
դ) իր գիտելիքները հարստացնելու նպատակով հաճախել ՀայՋՐՓՐԿ-ի դասընթացներ, խմբակներ, դպրոցներ և մարզատեխնիկական ակումբներ.
ե) դառնալ ՀայՋՐՓՐԿ-ի մարզատեխնիկական և ինքնագործ ակումբների անդամ, Ընկերության մարզական կոլեկտիվների և թիմերի անդամ.
զ) ժամանակավոր օգտագործման համար ՀայՋՐՓՐԿ-ի ջրային բազաներում արտոնյալ պայմաններով ստանալ վարձով տրվող գույք, նավակ, մարզանավ, կատեր և այլն:
11. ՀայՋՐՓՐԿ-ի գործունեության պրոպագանդային և Ընկերության ամրապնդման աշխատանքին ակտիվորեն մասնակցելու, ուսումնական, մարզական և այլ ասպարեզներում ձեռք բերած բարձր նվաճումների համար ՀայՋՐՓՐԿ-ի անդամը կարող է արժանանալ շնորհակալության կամ պարգևատրվել Ջրերում խեղդվողների փրկության հայկական ընկերության պատվոգրով, դրամական գումարներով, ինչպես նաև խրախուսվել` ՀայՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի հաստատած կանոնադրությանը համապատասխան:
ՀայՋՐՓՐԿ-ի անդամները խեղդվողներին փրկելիս ցուցաբերած արիության և խիզախության կամ Ընկերության գործունեության բարելավմանն ուղղված կազմակերպչական աշխատանքի համար կարող են սահմանված կարգով ներկայացվել կառավարական պարգևատրման:
12. ՀայՋՐՓՐԿ-ի կանոնադրությունը խախտելու համար Ընկերության անդամների նկատմամբ կարող են կիրառվել հասարակական ներգործության միջոցներ, ընդհուպ մինչև Ընկերության անդամությունից վտարելը, որը կիրառվում է այն դեպքում, երբ Ընկերության անդամը թույլ է տվել հակաբարոյական, որպես ՍՍՀՄ քաղաքացու իրեն վարկաբեկող ծանր արարք կամ խեղդվողներին փրկելու ժամանակ վախկոտություն է հանդես բերել:
Ընկերության անդամությունից վտարելու որոշումն ընդունվում է ՀայՋՐՓՐԿ-ի սկզբնական կազմակերպության կամ Ընկերության տեղական կազմակերպության խորհրդի կողմից: Հասարակական ներգործման միջոցների և վտարման մասին կայացված որոշումները կարող են գանգատարկվել Ընկերության համապատասխան վերադաս կազմակերպությանը:
Ընկերության այն անդամները, որոնք առանց հարգելի պատճառների երկու տարի անդամավճար չեն մուծել, սկզբնական կազմակերպության որոշմամբ վտարվում են Ընկերության շարքերից:
III. Ընկերության կառուցվածքը և ղեկավարման մարմինները
13. Ջրերում խեղդվողների փրկության հայկական ընկերությունը կառուցվում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքների (ղեկավար մարմինների ընտրովիություն, պարբերաբար հաշվետվություն վերադաս ընտրովի ղեկավար մարմնի առջև, ձայների մեծամասնությամբ որոշումների ընդունում, Ընկերության ստորադաս կազմակերպությունների ենթակայությունը վերադաս կազմակերպություններին), լայն նախաձեռնության և ինքնագործունեության հիման վրա, սերտորեն կապված մյուս հասարակական կազմակերպությունների, կամավոր ընկերությունների և պետական մարմինների հետ:
14. Ջրերում խեղդվողների փրկության հայկական ընկերությունը ստեղծվում է տերիտորիալ-արտադրական հատկանիշով. սկզբնական կազմակերպությունները ստեղծվում են Ընկերության անդամների աշխատանքի, սովորելու կամ բնակվելու վայրում և միավորվում են շրջանային ու քաղաքային կազմակերպություններում:
15. ՀայՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի, Ընկերության քաղաքային, շրջանային և սկզբնական կազմակերպությունների ղեկավար մարմինների ընտրությունները, ինչպես նաև Ընկերության համագումարների և կոնֆերանսների պատգամավորների ընտրությունները կատարվում են բաց քվեարկությամբ:
ՀայՋՐՓՐԿ-ի համագումարների, կոնֆերանսների, ժողովների և մյուս ղեկավար մարմինների բոլոր որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
ՀայՋՐՓՐԿ-ի բարձրագույն մարմինները
16. ՀայՋՐՓՐԿ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է Ընկերության համագումարը, որը հրավիրվում է Ընկերության հանրապետական խորհրդի կողմից` չորս տարին մեկ անգամ: Ընկերության համագումարի հրավիրման ժամանակի, վայրի և օրակարգի մասին հայտարարվում է ոչ ուշ, քան համագումարի բացումից մեկ ամիս առաջ: Համագումարի պատգամավորների ներկայացուցչական նորմաները և ընտրության կարգը սահմանում է ՀայՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհուրդը:
17. ՀայՋՐՓՐԿ-ի համագումարը իրավազոր է համարվում պատգամավորների կեսից ոչ պակասի առկայությամբ: Ընտրված են համարվում այն անձինք, ովքեր ստացել են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների կեսից ավելին:
18. ՀայՋՐՓՐԿ-ի համագումարը`
ա) ընտրում է Ընկերության հանրապետական խորհուրդ և հանրապետական վերստուգիչ հանձնաժողով, որոնց անդամների թիվը սահմանվում է համագումարի կողմից.
բ) լսում և հաստատում է Ընկերության հանրապետական խորհրդի և հանրապետական վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումներն ու հաշվետվությունները, սահմանում է Ընկերության հերթական խնդիրները.
գ) քննարկում և ընդունում է Ընկերության կանոնադրությունը, ինչպես նաև փոփոխում ու լրացնում է այն.
դ) քննարկում է Ընկերության գործունեությանը վերաբերող մյուս բոլոր հարցերը:
19. Ընկերության արտահերթ համագումարները կարող են հրավիրվել ՀայՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի նախաձեռնությամբ կամ Ընկերության ոչ պակաս 1/3-ի պահանջով:
20. Ընկերության համագումարի պատգամավորները ընտրվում են ՀայՋՐՓՐԿ-ի քաղաքային և շրջանային կոնֆերանսներում:
21. Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում ՀայՋՐՓՐԿ-ի գործունեությունը ղեկավարում է Ընկերության հանրապետական խորհուրդը:
Ընկերության հանրապետական խորհրդի հերթական պլենումները հրավիրվում են տարեկան երկու անգամից ոչ պակաս:
22. Պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում ՀայՋՐՓՐԿ-ի գործունեությունը ղեկավարելու համար Ընկերության հանրապետական խորհուրդը իր կազմից ընտրում է հանրապետական խորհրդի նախագահություն, որի կազմի մեջ մտնում են հանրապետական խորհրդի նախագահը, նրա տեղակալը, պատասխանատու քարտուղարը և ՀայՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի կողմից սահմանվող թվով նախագահության անդամներ:
23. ՀայՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի նախագահությունը`
ա) ղեկավարում է Ընկերության, նրա տեղական կազմակերպությունների և ձեռնարկությունների ողջ գործունեությունը` Ընկերության կանոնադրությանը համապատասխան, լսում է նրանց զեկուցումները և հաշվետվությունները.
բ) կատարում է Ընկերության կադրերի ընտրությունը, պատրաստումն ու տեղաբաշխումը, ՀայՋՐՓՐԿ-ը ներկայացնում է պետական և հասարակական կազմակերպություններում.
գ) քննարկում և հաստատում է Ընկերության պլանն ու բյուջեն, հաստատում է ՀայՋՐՓՐԿ-ի ամփոփ բյուջեն, հաշվապահական հաշվետվությունները, ֆինանսական-տնտեսական գործունեության հաշվեկշիռը, Ընկերության խորհուրդների հաշվետվությունները, վերահսկում է հաստատված պլանների և նախահաշիվների կատարումը.
դ) կազմակերպում է ջրերում մարդկանց կյանքի պահպանության գծով սպարտակիադաներ, մրցումներ, մրցույթներ և ցուցահանդեսներ ստեղծում է սպորտի փրկարարական ձևերի սեկցիաներ (մարզափրկարարական, բազմամարտի, լողի, ջրամոտորային, ստորջրյա, նավանորոգման սեկցիաներ և այլն) և ղեկավարում է դրանց աշխատանքը.
ե) հաստատում է ՀայՋՐՓՐԿ-ի ակումբների և ձեռնարկությունների կանոնադրությունները, ինչպես նաև Ընկերության տնտհաշվարկային կազմակերպությունների մասին կանոնադրություններ ու հրահանգներ.
զ) հաստատում է Ընկերության իրավասության ենթակա հիմնարկների, շրջանային և քաղաքային խորհուրդների, ուսումնական կազմակերպությունների և ձեռնարկությունների եկամուտների և ծախսերի նախահաշիվները, նրանց ապարատի կառուցվածքը և աշխատողների պաշտոնային դրույքները` Ընկերության համար հաստատված աշխատողների թվաքանակի, աշխատավարձի ֆոնդերի և պաշտոնային դրույքների սահմաններում.
է) տնօրինում է Ընկերության գործերը, ունեցվածքն ու միջոցները և իրագործում է Ընկերության, որպես իրավական անձի, իրավունքները.
ը) լուծում է Ընկերության գործունեության մյուս հարցերը, բացառությամբ ՀայՋՐՓՐԿ-ի համագումարի կամ հանրապետական խորհրդի պլենումի իրավասության մեջ չմտնող հարցերի.
թ) Ընկերության եկամուտներից ստեղծում է Ընկերության անդամներին պարգևատրելու դրամական ֆոնդ, ինչպես նաև սահմանում է այդ ֆոնդի օգտագործման կարգը:
24. ՀայՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
25. ՀայՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի նախագահության նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում նրա գործունեությունը ղեկավարում է նախագահության նախագահը: Բոլոր ցուցումները, պայմանագրերը, պարտավորությունները, հանձնարարությունները, ինչպես նաև դրամական փաստաթղթերը Ընկերության անունից ստորագրում է ՀայՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհրդի նախագահության նախագահը կամ նրա տեղակալը:
Նախագահը և նրա տեղակալը ներկայացնում են ՀայՋՐՓՐԿ-ը` պետական օրգաններում, հիմնարկություններում և հասարակական կազմակերպություններում:
26. ՀայՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհուրդը Ընկերության կազմակերպություններին պարբերաբար տեղեկացնում է իր աշխատանքի մասին:
ՀայՋՐՓՐԿ-ի քաղաքային և շրջանային կազմակերպությունները
27. Քաղաքներում և շրջաններում Ջրերում խեղդվողների փրկության ընկերության բարձրագույն մարմիններն են քաղաքային և շրջանային կոնֆերանսները, որոնք հրավիրվում են երկու տարին մեկ անգամ:
Կոնֆերանսի հրավիրման և օրակարգի մասին հայտարարվում է ոչ ուշ, քան կոնֆերանսի բացումից մեկ ամիս առաջ:
Արտահերթ կոնֆերանսները հրավիրվում են քաղաքային, շրջանային խորհուրդների որոշմամբ կամ Ընկերության անդամների ոչ պակաս կեսի պահանջով:
Կոնֆերանսի ներկայացուցչական նորմաները և պատգամավորների ընտրության կարգը սահմանում է Ընկերության համապատասխան կազմակերպության խորհուրդը:
Կոնֆերանսը իրավազոր է համարվում ընտրված պատգամավորների ոչ պակաս 2/3-ի ներկայությամբ:
28. Քաղաքային, շրջանային կոնֆերանսները քննարկում և հաստատում են Ընկերության համապատասխան խորհուրդների և վերստուգիչ հանձնաժողովների հաշվետվությունները, բաց քվեարկությամբ ընտրում են Ընկերության քաղաքային, շրջանային խորհուրդներ և վերստուգիչ հանձնաժողովներ, որոնց անդամների թիվը սահմանում է համապատասխան կոնֆերանսը, և լուծում են Ընկերության գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
29. Ընկերության քաղաքային և շրջանային խորհուրդներն ընտրվում են երկու տարի ժամանակով և կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում ղեկավարում են Ընկերության քաղաքային, շրջանային կազմակերպությունների գործունեությունը:
30. Ընկերության քաղաքային, շրջանային կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերը քննարկվում են հերթական պլենումներում, որոնք հրավիրվում են համապատասխան խորհրդի նախագահության կողմից` տարեկան ոչ պակաս երկու անգամ:
Արտահերթ պլենումները հրավիրում է համապատասխան խորհրդի նախագահությունը` խորհրդի անդամների ոչ պակաս 2/3-ի պահանջով:
31. ՀայՋՐՓՐԿ-ի քաղաքային, շրջանային կոնֆերանսը`
ա) լսում և հաստատում է համապատասխան խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, նշում է ՀայՋՐՓՐԿ-ի կազմակերպության հերթական խնդիրները.
բ) ընտրում է ՀայՋՐՓՐԿ-ի քաղաքային, շրջանային խորհուրդ և վերստուգիչ հանձնաժողով.
գ) քննության է առնում Ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր, որոնք մտցվում են ՀայՋՐՓՐԿ-ի քաղաքային, շրջանային խորհրդի և Ընկերության վերադաս կազմակերպության խորհրդի կողմից.
դ) ընտրում է վերադաս կազմակերպության կոնֆերանսի կամ Ընկերության համագումարի պատգամավորներ.
32. ՀայՋՐՓՐԿ-ի քաղաքային, շրջանային խորհուրդը ստեղծում և հաստատում է ՀայՋՐՓՐԿ-ի սկզբնական կազմակերպություններ, ղեկավարում է դրանց գործունեությունը, սիստեմատիկաբար լսում է կազմակերպությունների աշխատանքի մասին հաշվետվություններ, վարում է Ընկերության անդամների հաշվառումը:
33. ՀայՋՐՓՐԿ-ի քաղաքային, շրջանային խորհրդի պլենումի որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, խորհրդի կազմի ոչ պակաս 2/3-ի առկայության դեպքում, և իրագործվում են խորհրդի նախագահության կողմից:
34. Ընկերության քաղաքային, շրջանային խորհրդի պլենումը իր կազմից բաց քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահություն, որի կազմի մեջ մտնում են նախագահության նախագահը, նրա տեղակալը, քարտուղարը և պլենումի սահմանած թվով նախագահության անդամներ:
35. ՀայՋՐՓՐԿ-ի քաղաքային, շրջանային խորհրդի նախագահությունը`
ա) խորհրդի պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում ղեկավարում է Ընկերության քաղաքային, շրջանային կազմակերպության գործունեությունը.
բ) Ընկերության սկզբնական կազմակերպություններ է ստեղծում արդյունաբերական ձեռնարկություններում, հիմնարկություններում, կոլտնտեսություններում, սովխոզներում, տրանսպորտում, ուսումնական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, տնային կառավարչություններին, թաղային կոմիտեներին կից և ղեկավարում է նրանց գործունեությունը.
գ) կազմակերպում և վերահսկում է փրկիչ կայանների և պոստերի աշխատանքը.
դ) ինքնուրույն կամ Ընկերության սկզբնական կազմակերպությունների միջոցով օգնում է ջրերի հորդացման դեմ մղվող պայքարին.
ե) լսում է Ընկերության սկզբնական կազմակերպությունների հաշվետվությունները, ինչպես նաև քննարկում է Ընկերության քաղաքային, շրջանային կազմակերպության գործունեության այլ հարցեր.
զ) ապահովում է սկզբնական կազմակերպություններից անդամավճարների ժամանակին մուտքը:
ՀայՋՐՓՐԿ-ի սկզբնական կազմակերպությունները
36. Սկզբնական կազմակերպությունները ՀայՋՐՓՐԿ-ի հիմքն են: Նրանք ստեղծվում են արդյունաբերական ձեռնարկություններում, տրանսպորտում, կոլտնտեսություններում, սովխոզներում, ուսումնական հաստատություններում, դպրոցներում, հիմնարկություններում, տնային կառավարչություններին, թաղային կոմիտեներին և այլ կազմակերպությունների առընթեր` Ընկերության ոչ պակաս 10 անդամի առկայության դեպքում:
37. Ընկերության սկզբնական կազմակերպության բարձրագույն օրգանը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը հրավիրվում է ըստ անհրաժեշտության, բայց տարին երկու անգամից ոչ պակաս: 50-ից պակաս անդամ ունեցող սկզբնական կազմակերպության ընդհանուր ժողովում ընտրվում է սկզբնական կազմակերպության նախագահ, քարտուղար և վերստուգիչ` մեկ տարի ժամանակով: Ընկերության 50-ից ավելի անդամ ունեցող սկզբնական կազմակերպությունում ընտրվում է ժողովում սահմանված անդամների թվով բյուրո և վերստուգիչ հանձնաժողով: Սկզբնական կազմակերպության բյուրոն իր կազմից բաց քվեարկությամբ ընտրում է նախագահ, նրա տեղակալ և գանձապահ:
38. ՀայՋՐՓՐԿ-ի սկզբնական կազմակերպություններն իրենց աշխատանքը կատարում են սույն Կանոնադրության, Ընկերության անդամների նախաձեռնության և ինքնագործունեության հիման վրա, հասարակական հիմունքներով և ակտիվի լայն ներգրավումով, սովետական, արհմիութենական, կոմերիտական և այլ հասարակական կազմակերպությունների հետ սերտորեն կապված, ձեռնարկությունների, հիմնարկությունների, ուսումնական հաստատությունների, կոլտնտեսությունների ու սովխոզների կոլեկտիվների օգնությամբ:
39. Հաշվետու ընտրական ժողովը իրավազոր է համարվում, եթե ժողովին ներկա է Ընկերության սկզբնական կազմակերպության անդամների ոչ պակաս 2/3-:
40. Ընկերության սկզբնական կազմակերպությունները աշխատում են համապատասխան շրջանային (քաղաքային) խորհրդի անմիջական ղեկավարությամբ:
41. Սկզբնական կազմակերպությունները իրավունք ունեն վերադաս խորհուրդ ներկայացնելու Ընկերության աշխատանքում աչքի ընկած ակտիվիստներին` պարգևատրելու համար:
ՀայՋՐՓՐԿ-ի վերստուգիչ հանձնաժողովները
42. Վերստուգիչ հանձնաժողովները ընտրվում են Ընկերության համագումարում, քաղաքային, շրջանային կոնֆերանսներում և սկզբնական կազմակերպությունների ընդհանուր ժողովներում` բաց քվեարկությամբ:
Վերստուգիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանում է համագումարը, կոնֆերանսը, սկզբնական կազմակերպության ընդհանուր ժողովը:
Վերստուգիչ հանձնաժողովի կազմում չեն կարող ընտրվել Ընկերության խորհրդի անդամները և համապատասխան խորհրդի ապարատի աշխատողները:
43. Վերստուգիչ հանձնաժողովն իր կազմից բաց քվեարկությամբ ընտրում է նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:
44. Վերստուգիչ հանձնաժողովը և վերստուգողը հաշվետու են Ընկերության համագումարին, կոնֆերանսին, սկզբնական կազմակերպության անդամների ընդհանուր ժողովին: Վերստուգիչ հանձնաժողովի նիստերը գումարում է նրա նախագահը` ըստ անհրաժեշտության:
45. Վերստուգիչ հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Ընկերության հրավիրած խորհրդակցություններին, համապատասխան խորհրդի պլենումներին, նախագահության նիստերին:
46. Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) ըստ անհրաժեշտության, բայց կիսամյակում մեկ անգամից ոչ պակաս, վերստուգում է Ընկերության համապատասխան խորհրդի ֆինանսական-տնտեսական գործունեությունը:
Կատարված վերստուգումների և ստուգումների վերաբերյալ վերստուգիչ հանձնաժողովի որոշումները և առաջարկությունները նրա պահանջով պետք է քննարկվեն Ընկերության խորհրդի նախագահության, պլենումի նիստերում կամ սկզբնական կազմակերպության ընդհանուր ժողովներում:
Հանձնաժողովի գործունեության հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են խորհրդի միջոցների հաշվին և մտցվում են խորհրդի նախահաշվի մեջ:
IV. Մարզական սեկցիաներ, պատանի օսվոդականների, պատանի նավաստիների, գետային նավագնացների, ջրամոտորայինների ակումբներ և «Նեպտուն» ակումբներ
47. ՀայՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհուրդը ակտիվի լայն ներգրավման նպատակով ստեղծում է սպորտի ջրային ձևերի հանրապետական սեկցիաներ (փոքրաչափս նավատորմի, ջրամոտորային, պատանի նավաստիների, «Նեպտուն», պատանի գետային նավագնացների ակումբներ և այլն): Դրանց աշխատանքի կարգը սահմանվում է ՀայՋՐՓՐԿ-ի համապատասխան խորհրդի կողմից հաստատվող կանոնադրություններով: Տիպային կանոնադրությունները հաստատում է ՀայՋՐՓՐԿ-ի հանրապետական խորհուրդը:
V. Ընկերության դրամական միջոցները
48. ՀայՋՐՓՐԿ-ի դրամական միջոցները գոյանում են.
ա) Ընկերության անդամների մուտքի վճարներից և ամենամյա անդամավճարներից.
բ) Ընկերության արտադրական ձեռնարկությունների, փոքրաչափս նավատորմի տեսչությունների նորոգման արհեստանոցների, մարզական կառուցվածքների, վճարովի դպրոցների և դասընթացների տնտհաշվարկային գործունեությունից, վիճակախաղերից և վճարովի մարզական միջոցառումներից (մրցումներ, հուշանվերների խաղարկումներ և այլն) ստացվող եկամուտներից, Ընկերության գործունեությունը բարելավելու մեջ շահագրգռված տնտեսական, արհմիութենական, մարզական և այլ կազմակերպությունների, կոլեկտիվ (իրավական) անդամների դրամական մուծումներից.
գ) առանձին փրկարար կետերի պահպանման համար տնտեսական կազմակերպություններից պայմանագրերով ստացվող միջոցներից.
դ) կամավոր վճարումներից և այլ մուտքերից.
49. Ընկերության անդամավճարները սահմանվում են բանվորների, ծառայողների և կոլտնտեսականների համար տարեկան 30 կոպեկ, դպրոցների, տեխնիկումների, պրոֆտեխուսումնարանների սովորողների, ուսանողների, տնային տնտեսուհիների և չաշխատող կենսաթոշակառուների համար` տարեկան 10 կոպեկ:
Ընկերության անդամ ընդունվելու ժամանակ մուծվում է 20 կոպեկ մուտքի վճար:
ՀայՋՐՓՐԿ-ի կոլեկտիվ (իրավական) անդամների համար սահմանվում է մուտքի վճար 50 ռուբլի և ամենամյա անդամավճար` 100 ռուբլի:
Անդամավճարներից և այլ մուտքերից ստացված գումարները փոխանցվում են ՀայՋՐՓՐԿ-ի հաշվին: Այդ գումարներից մասհանումներ են կատարվում Ընկերության սկզբնական, քաղաքային, շրջանային կազմակերպությունների և հանրապետական խորհրդի ֆոնդին` Ընկերության հանրապետական խորհրդի կողմից սահմանված չափերով:
50. ՀայՋՐՓՐԿ-ի բոլոր կազմակերպությունները գործում են սույն Կանոնադրության հիման վրա:
VI. Ընկերության լուծարքի ենթարկելու կարգը
51. Ջրերում խեղդվողների փրկության հայկական ընկերությունն իր գործունեությունը դադարեցնում է`
ա) Ընկերության հանրապետական խորհրդի որոշմամբ.
բ) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 25.05.1976, N 266 | 16.02.1972, N 61 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|