ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-83-Ո-Կ-17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.01.2026
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2025

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-83-Ո-Կ-17

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյանի


մասնակցությամբ՝

անդամներ

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ
Ա. Հարությունյանի

Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Ք. ՄԿՈՅԱՆԻ

Արդարադատության նախարարի տեղակալ

Տ. ԴԱԴՈՒՆՑԻ

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ

Ն. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր

 

Դատավորի ներկայացուցիչ

 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Է. ՀԱԿՈԲՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Շ. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ

 

2025 թվականի դեկտեմբերի 23-ին

 ք. Երևան

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 93-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարությունում (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին կամ Վարույթ հարուցած մարմինը) 20.06.2025 թվականին ստացված փաստաբանի (այսուհետ՝ Հաղորդում ներկայացրած անձ) 18.06.2025 թվականի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։

Լիազոր մարմնի 11.09.2025 թվականի թիվ 74-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Լիազոր մարմնի 12.11.2025 թվականի թիվ 93-Ա որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 25.11.2025 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

11.12.2025 թվականին կայացած նիստում Դատավորի և ներկայացուցչի միջնորդությունը դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, նույն օրը գործի քննությունն ավարտվել է, իսկ 23.12.2025 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 20-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 4-րդ մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 16-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը, 46-րդ հոդվածի 2-րդ մասը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ կետը, Խորհրդի 09.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-30-Ո-Կ-9 և 11.10.2021 թվականի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-09 որոշումներով արտահայտած դիրքորոշումները, նշել է, որ վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ սահմանադրական մակարդակով երաշխավորվում է հայերենի՝ որպես Հայաստանի Հանրապետության պետական լեզվի գործածությունը պետական-հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Նշվածից բացառություն չի կազմում նաև դատական համակարգը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերենը սահմանելով՝ օրենսդիրն իմպերատիվ պահանջ է առաջադրել դատավորների համար՝ դատավարությունն իրականացնել բացառապես գրական հայերենով, իսկ գործին մասնակցող անձանց (բացառությամբ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց) առնչությամբ որդեգրել է դիսպոզիտիվ մոտեցում՝ կողմերին ընձեռելով որոշակի լեզվական ազատություն, այն է՝ դատարանում հանդես գալ իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն պատշաճ թարգմանությունը։

Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց:

Դատավորի կողմից վարքագծի կանոնների պահպանման կարևորումն էական նշանակություն ունի նաև հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից: Ըստ այդմ, ընդհանրապես Դատավորի դրսևորած վարքագիծն ուղղակի ազդեցություն է ունենում դատական իշխանության նկատմամբ հանրային ընկալման ձևավորման վրա, ինչպես նաև էական գործոն է հանդիսանում դատական իշխանության հեղինակության ամրապնդման համար։

Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:

Վերոգրյալ իրավանորմերի, ինչպես նաև համապատասխան իրավական դիրքորոշումների համակարգային վերլուծության արդյունքում Լիազոր մարմինը նշել է, որ դատավորը պարտավոր է ցանկացած գործունեություն իրականացնելիս զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց: Ընդ որում, օրենսդիրը քննարկվող նորմերի շրջանակներում չի սահմանափակվել կոնկրետ արարքների նկարագրությամբ, այլ որպես խախտում է դիտարկել հիշյալ նորմերում նշված իրավական հետևանքներ առաջացնող ցանկացած վարքագծի դրսևորում:

Լիազոր մարմինը նշել է, որ սույն կարգապահական վարույթի հարուցման առիթ հանդիսացած Հաղորդման, ինչպես նաև Էլեկտրոնային կրիչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 17.10.2024 թվականի դատական նիստի ընթացքում Դատավորը, մասնավորապես.

Հայցվոր Ա. Բուզովային (այսուհետ՝ նաև Հայցվոր) ռուսերեն հարցրել է հետևյալը «Ангелина Бузова, Ваш номер телефона, у вас был такой телефон, да, +792********* (...) на армянском можете сказать, чтобы ваш адвокат понял», այնուհետև նշել. «(...) էս պահին չունեք ձեր թարգմանիչը, էն մյուս թարգմանիչը թող թարգմանի, եթե ես տեսնեմ՝ սխալ ա թարգմանում, եթե ես զգամ սխալ ա թարգմանում, ես կուղղեմ, ես լավ թարգմանում եմ հայերենից ռուսերեն «и обрaтно» (...)», որից հետո թարգմանչի թարգմանությանը զուգահեռ սկսել է ռուսերեն հաղորդակցվել Հայցվորի հետ: Այնուհետև, երբ Պատասխանող կողմը ռուսերեն հարցադրում է հնչեցրել, որին ի պատասխան՝ Հաղորդում ներկայացրած անձն առարկել է, Դատավորը պատասխանող կողմին հորդորել է. «(...) դե իսկականից հայերեն խոսացեք էլի, ռուսերեն, հա, պետք չի խոսալ (...)»,

Հայցվորին ռուսերեն պարզաբանել է դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակի տրամադրման համար գանձվող պետական տուրքի վճարման պարտականության էությունը՝ մասնավորապես նշելով հետևյալը. «(...) պետ. տուրքը, որ պիտի վճարեք, էդ նշանակում ա «дeньги вepeд» էլի (...) принцип такой пока не платите, здесь не даем, коротко говоря, деньги вперед, платим, предоставляем квитанцию, тогда предоставляем диск (...)»,

Հաջորդ դատական նիստի ամսաթվի վերաբերյալ ռուսերեն քննարկումներ է իրականացրել՝ մասնավորապես նշելով հետևյալը «(...) 4 ноября удобно вам или 11 ноября, я могу и не спросить (...) посмотреть мой блокнот как суду, это самое, удобно и объявить, но я логично хочу это все по полочкам расставить, чтобы после 28 октября назначить следующее заседание (...) предлагаю или 4 или 11 ноября, как вам удобно (...) я для вас свободные дни держу, вот смотрите, для вас, для этого дела, 15:00 нормально (...) 4 ноября 15:00, 3 часа дня, так тоже говорят (...)»:

Հատկանշական է, որ պատասխանող կողմի նախաձեռնությամբ ներգրավված թարգմանչի դատական նիստին ներկա գտնվելու և Դատարանի հորդորով վերջինիս կողմից նաև Հայցվորի համար թարգմանություն իրականացնելու պայմաններում, Դատավորը շարունակել է մասնակիորեն նիստը վարել ռուսերենով, թեև, երբ Պատասխանող կողմը ռուսերեն հարցադրում է հնչեցրել, որին ի պատասխան՝ Հաղորդում ներկայացրած անձն առարկել է, պատասխանող կողմին հորդորել է հայերեն խոսել: Ավելին, Դատավորն ուղղակիորեն նշել է, որ ինքը լավ թարգմանում է հայերենից ռուսերեն և հակառակը, ուստի այն դեպքում, երբ թարգմանիչը պատշաճ թարգմանություն չիրականացնի, ինքն անձամբ կթարգմանի կամ կուղղի վերջինիս սխալները:

Վկայակոչված փաստական հանգամանքները համադրելով վերը մեջբերված իրավակարգավորումների և իրավական դիրքորոշումների հետ՝ Լիազոր մարմինը հարկ է համարել փաստել, որ դատավարության, և, մասնավորապես, քաղաքացիական դատավարության լեզուն հայերենը հանդիսանալու վերաբերյալ նորմը սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է ունեցել երաշխավորելու Սահմանադրությամբ և «Լեզվի մասին» օրենքով ամրագրված պետական լեզվի՝ հայերենի, պարտադիր կիրառությունը հանրապետության հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Հիշյալ պահանջի պահպանման առաջնային պարտավորությունը վերապահված է դատարանին, մասնավորապես՝ գործը քննող դատավորին, որը պարտավոր է ոչ միայն ապահովել դատավարության մասնակիցների կողմից նշված պահանջի պահպանումը, այլև սեփական վարքագծով հանդես գալ որպես պետական լեզվի գործածության տեսանկյունից իրավական կարգապահություն դրսևորող սուբյեկտի օրինակ: Վերոգրյալից հետևում է, որ Դատավորի կողմից պետական լեզվի պարտադիր գործածության պահանջի չպահպանումն, ինքնին, անհամատեղելի է դատավորի բարձր կոչման և արդարադատություն իրականացնողի առաքելության հետ՝ հակասում է դատավորի էթիկայի, հասարակության հանդեպ պատասխանատվության սկզբունքներին: Նման վարքագծի դրսևորումը բացասական մասնագիտական ազդեցություն է ունենում հանրային ընկալման վրա՝ նվազեցնելով դատական իշխանության նկատմամբ ձևավորված վստահությունը, հատկապես այն հանգամանքի հաշվառմամբ, որ Դատավորի խոսքը և վարքագիծը հանդիսանում են ոչ միայն իր և ողջ դատական համակարգի, այլև Հայաստանի Հանրապետության հեղինակության արտահայտություն, քանի որ արդարադատություն իրականացնելիս դատավորը հանդես է գալիս անմիջականորեն պետության անունից:

Վերոգրյալի արդյունքում, Լիազոր մարմնի գնահատմամբ, Դատարանի կողմից չեն պահպանվել ՔԴՕ 16-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ քաղաքացիական դատավարության լեզվին վերաբերող, ՔԴՕ 46-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ դատավարության ընթացքում դատավորի կողմից փաստացի թարգմանչի պարտականություններ ստանձնելու արգելքին վերաբերող իմպերատիվ պահանջները, այն է՝ Դատավորը դատական նիստի ընթացքում նիստը մասամբ վարել և դատավարության կողմի հետ պարբերաբար հաղորդակցվել է ռուսերեն լեզվով, դատական նիստի ընթացքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Հայցվորի համար իրականացրել է թարգմանություններ, որպիսի պայմաններում արձանագրված խախտումները հանգեցրել են դատական իշխանությունը վարկաբեկող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալուն պարտավորեցնող վարքագծի կանոնի խախտման, ինչն առավել խնդրահարույց է հատկապես այն հանգամանքի հաշվառմամբ, որ գործով դատավարության կողմերից մեկը հանդիսացել է օտարերկրացի, որպիսի պայմաններում Դատավորի կողմից նման վարքագծի դրսևորումն ինքնին պարունակում է այնպիսի ռիսկեր, որոնք կարող են էականորեն բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության նկատմամբ օտարերկրացիների ընկալումների վրա:

Նման պայմաններում, Լիազոր մարմնի գնահատմամբ, Դատավորի կողմից թույլ են տրվել ՔԴՕ 16-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման:

Անդրադառնալով Բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, ըստ որի՝ Դատավորի կողմից հնչեցված արտահայտությունների՝ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման մեջ վկայակոչված թվագրության տվյալը չի համապատասխանում ձայնագրության իրական ժամին, Լիազոր մարմինը հարկ է համարել նշել, որ համապատասխան հաղորդման ստացման պահից մինչև վարույթ հարուցելու որոշման կայացման պահը վարույթ հարուցող մարմինը սահմանափակված է հաղորդում ներկայացրած անձի տրամադրած տեղեկատվությամբ, որը լրացնելու հնարավորությունը կրկին սահմանափակված է բացառապես հաղորդում ներկայացրած անձին կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր տրամադրելու առաջարկություն ներկայացնելով: Նման պայմաններում Լիազոր մարմնի՝ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նշված Դատավորի կողմից հնչեցված արտահայտությունների վերաբերյալ տվյալները համապատասխանում են Հաղորդում ներկայացրած անձի կողմից Լիազոր մարմնին տրամադրված Էլեկտրոնային կրիչում առկա ձայնագրությունների թվագրությանը: Բացի այդ, հարկ է ընդգծել, որ Դատավորի կողմից ռուսերեն լեզվով արված արտահայտությունների կոնկրետ պահի վերաբերյալ փաստարկներն իմաստազուրկ են, քանի որ որևէ նշանակություն չունի, թե դատական նիստի կոնկրետ որ րոպեին են արվել հիշյալ արտահայտությունները և անկախ այդ հանգամանքից, տվյալ արտահայտությունների հնչեցման փաստը (ինչն օրինաչափորեն չի վիճարկվել նաև Դատավորի կողմից) հաստատված է դատական նիստի ձայնային արձանագրությամբ։

Անդրադառնալով Դատավորի այն փաստարկին, որ Դատավորի կողմից արված արտահայտությունը «եթե ես տեսնեմ՝ սխալ ա թարգմանում, եթե ես զգամ սխալ ա թարգմանում, ես կուղղեմ», ամենևին չի վերաբերվել անձամբ թարգմանություն իրականացնելուն, այլ խոսքը վերաբերել է նրան, որ անհրաժեշտության դեպքում, եթե նկատի, որ թարգմանիչը սխալ է թարգմանում, ապա կհորդորի վերջինիս կատարել ճշգրիտ թարգմանություն, Լիազոր մարմինը նշել է, որ Դատավորի կողմից հնչեցված արտահայտության ամբողջական տարբերակին ծանոթանալիս արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ խոսքը չի վերաբերել թարգմանչի կողմից սխալ թարգմանություն իրականացնելու դեպքում վերջինիս ճշգրիտ թարգմանություն իրականացնելուն հորդորելուն, քանի Դատավորի կողմից նշումը, որ ինքը լավ թարգմանում է հայերենից ռուսերեն և հակառակը, պարզորոշ ցույց է տալիս, որ սխալ թարգմանություն իրականացնելու դեպքում թարգմանչին «ուղղել» ասելով Դատավորը նկատի է ունեցել բովանդակային առումով թարգմանությունն անձամբ ճշգրտելը։

Հաջորդիվ՝ Բացատրությամբ ներկայացված «Նշված արտահայտությունից հետո մինչև դատական նիստի ավարտը առկա չէ որևէ փաստ, որտեղ Դատավորը «ուղղել է» թարգմանչի կողմից կատարված թարգմանությունը, առավել ևս թարգմանչի փոխարեն անձամբ կատարել է թարգմանություն» փաստարկի առնչությամբ Լիազոր մարմինը հարկ է համարել նշել, որ քննարկվող դեպքում Դատավորի կողմից հնչեցված արտահայտությունների բովանդակությունն արդեն իսկ բավարար է հաստատված համարելու փաստացի թարգմանչի պարտականություններ ստանձնելու Դատավորի պատրաստակամության փաստը, որպիսի պայմաններում Դատավորի կողմից ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալուն միտված դատավորի վարքագծի կանոնի խախտման գնահատման համատեքստում ամենևին վճռորոշ նշանակություն չունի թարգմանչին ուղղելու կամ թարգմանչի փոխարեն անձամբ թարգմանություն կատարելու փաստերի առկայությունը։

Լիազոր մարմինը նշել է, որ անդրադառնալով Դատավորի այն փաստարկին, որ քանի որ տվյալ իրավիճակում Դատավորի կողմից ռուսերեն լեզվով հնչեցված խոսքերը չեն վերաբերել դատավարական գործընթացներին և գործի էությանը, ուստի դրանք չեն կարող միանշանակ գնահատվել որպես դատական նիստը մասամբ ռուսերեն լեզվով վարելու հանգամանք, հարկ է համարել պարզաբանել, որ թե՛ Օրենսգրքով, թե՛ ՔԴՕ համապատասխան նորմերով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում դատավարության, քննարկվող դեպքում՝ քաղաքացիական դատավարության լեզուն հայերենն է: Հիշյալ նորմը սահմանելիս օրենսդիրը նպատակ է ունեցել ապահովելու Սահմանադրությամբ, ինչպես նաև «Լեզվի մասին» օրենքով ամրագրված հանրապետության կյանքի բոլոր ոլորտները սպասարկող Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի պարտադիր գործածությունը: Քաղաքացիական դատավարության լեզուն հայերենը լինելը ենթադրում է, որ դատավարության նախաձեռնման պահից սկսած մինչև դրա ավարտի պահը դատավարության ողջ գործընթացը պետք է կազմակերպվի բացառապես հայերենով: Նշված պահանջի պահպանման պարտականության առաջին հասցեատերը հենց դատարանն է, անմիջականորեն՝ գործը քննող դատավորը, որը պարտավոր է ոչ միայն ապահովել դատավարության մասնակիցների կողմից քննարկվող պահանջի պահպանումը, այլև սեփական վարքագծով խստագույնս պահպանել այն:

Քննարկվող դեպքում Դատավորի կողմից դատական նիստի բացումից հետո հնչել են ռուսերեն լեզվով տարաբնույթ արտահայտություններ, որոնց բովանդակության առնչությամբ Դատավորի կողմից տրված մեկնաբանությունները որևէ նշանակություն չեն կարող ունենալ դատական նիստը մասամբ ռուսերեն լեզվով վարելու վերաբերյալ եզրահանգման հանգելիս, քանի որ դատական նիստի բացումից մինչև նիստի փակումը դատական նիստերի դահլիճում Դատավորի իրականացրած ցանկացած գործողություն պետք է համահունչ լինի վերջինիս կարգավիճակին, որպիսի պայմաններում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալուն միտված դատավորի վարքագծի կանոնի խախտման գնահատման համատեքստում Դատավորի կողմից դատական նիստի ընթացքում մի քանի անգամ ռուսերեն լեզվով տարաբնույթ արտահայտությունների հնչեցման փաստի առկայությունն, ինքնին, բավարար է Դատավորի վարքագծի գնահատման առնչությամբ համապատասխան եզրահանգում իրականացնելու տեսանկյունից՝ անկախ հնչեցված արտահայտությունների բովանդակային նշանակությունից:

Լիազոր մարմինը անդրադառնալով Դատավորի արարքները նվազ կարևորություն ունեցող գնահատելու վերաբերյալ փաստարկին՝ հղում է կատարել Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասին և նշել Դատավորի կողմից թույլ տրված արարքը նվազ կարևորության չի կարող որակվել, քանի որ իր էությամբ կարող է հեղինակազրկել դատական իշխանությունը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ արարքը որևէ հետևանք չի առաջացրել, Լիազոր մարմինը հարկ է համարել նշել, որ սույն միջնորդության շրջանակներում արդեն իսկ ներկայացվել են հետևանքների առնչությամբ վերլուծություններ, բայցևայնպես հարկ է համարել ընդգծել, որ Դատավորին վերագրվող դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալուն պարտավորեցնող վարքագծի կանոնի խախտումն իր բնույթով այնպիսին է, որ նյութականացված կոնկրետ հետևանքի առաջացումը պարտադիր չէ, ավելին՝ մեծամասամբ հիշյալ վարքագծի կանոնի խախտումն է հանդիսանում դատավորի որոշակի գործողությունների ուղղակի հետևանք, ինչը բնորոշ է նաև քննարկվող իրավիճակին:

Լիազոր մարմինն, անդրադառնալով Բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը Դատարանի կողմից թույլ տրված դատավարական սխալների համատեքստում նշել է, որ Հայցվորի արդար դատաքննության իրավունքը խախտվելու վերաբերյալ որևէ հիմնավորում Հայցվորի կողմից չի ներկայացվել, նշել է, որ Վերաքննիչ դատարանը բացառել է Հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը դատական նիստերի ընթացքում առանց թարգմանիչ հանդես գալու և այդ պայմաններում Դատարանի կողմից թարգմանիչ չներգրավելու համատեքստում, ինչը չի բացառում վերաքննիչ բողոքում չմատնանշված դատավարական իրավունքի այլ նորմերի Դատարանի կողմից խախտման փաստի առկայությունը: Քննարկվող դեպքում, մասնավորապես, Դատավորի կողմից չեն պահպանվել դատավարության լեզվին վերաբերող պահանջները, ինչի առնչությամբ Վերաքննիչ դատարանի կողմից դիրքորոշում չի հայտնվել, իսկ միջնորդության հիմքում ընկած է կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորին վերագրվող դատավորի վարքագծի կանոնի խախտում, ինչը չէր կարող հանդիսանալ վերաքննության առարկա:

Լիազոր մարմինը նշել է, որ Բացատրությամբ բերված մյուս փաստարկները հերքվում են միջնորդությամբ ներկայացված հիմնավորումներով, ուստի Դատավորի կողմից Բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չհամարելով՝ նշանակված դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

 

Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած Բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը՝ ներկայացնելով հետևյալ փաստարկները.

Լիազոր մարմնի կողմից վկայակոչվող հարցը Հայցվորին տրվել է 17.10.2024թ. դատական նիստի ձայնային արձանագրման 15:42:30 թվագրությամբ (Որոշման մեջ վկայակոչված թվագրության տվյալը չի համապատասխանում ձայնագրության իրական ժամին):

Դատավորը հարկ է համարել նկատել, որ իր կողմից արված արտահայտությունը «եթե ես տեսնեմ՝ սխալ ա թարգմանում, եթե ես զգամ սխալ ա թարգմանում, ես կուղղեմ», ամենևին չի վերաբերվել անձամբ թարգմանություն իրականացնելուն, այլ խոսքը վերաբերել է նրան, որ անհրաժեշտության դեպքում, եթե նկատի, որ թարգմանիչը սխալ է թարգմանում, ապա կհորդորի վերջինիս կատարել ճշգրիտ թարգմանություն: Նշված արտահայտությունից հետո մինչև դատական նիստի ավարտը առկա չէ որևէ փաստ, որտեղ Դատավորը «ուղղել է» թարգմանչի կողմից կատարված թարգմանությունը, առավել ևս թարգմանչի փոխարեն անձամբ կատարել է թարգմանություն:

Դատավորը նշել է նաև, որ ըստ ձայնագրության՝ վկայակոչվող արտահայտությունը հնչել է 17.10.2025թ. դատական նիստի ձայնային արձանագրման 16:38:44 թվագրությունից սկսած (Որոշման մեջ վկայակոչված թվագրության տվյալը չի համապատասխանում ձայնագրության իրական ժամին):

Դատավորը հարկ է համարել ընդգծել, որ նշվածը չի վերաբերել դատական նիստում իրականացվող դատավարական գործընթացներին և գործի էությանը, այլ ընդամենը Դատավորի կողմից Հայցվորին պարզաբանվել է դատական նիստի արձանագրման կրիչի օրինակը պահանջելու իրավունքը և այն տրամադրելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պարտականության էությունը: Բացի այդ, նշված պարզաբանումը զուգահեռաբար թարգմանվել է նաև նիստին մասնակցող թարգմանչի կողմից։

Մյուս դեպքում էլ ընդամենը տվյալ պահին քննարկվում էր հաջորդ դատական նիստի օրվա և ժամի որոշման հարցը, որի նպատակն է եղել հաջորդ դատական նիստի օրը և ժամը հարմարեցնել նաև Հայցվորին՝ հաշվի առնելով, որ վերջինս օտարերկրյա քաղաքացի է, բնակվում է ՀՀ-ից դուրս և ցանկանում է ներկա գտնվել դատական նիստին: Դրանով Դատարանը նպատակ է ունեցել նաև ապահովելու, որ գործի քննության ընթացքում Հայցվորը նույնպես ունենա յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն։ Բացի այդ, նշված քննարկումը զուգահեռաբար թարգմանվել է նաև նիստին մասնակցող թարգմանչի կողմից:

Միաժամանակ, Դատավորն ընդգծել է, որ եթե տվյալ դեպքում Դատավորի գործողություններում ձևականորեն առկա են խախտման հատկանիշներ, այդուհանդերձ գտնում է, որ արձանագրված հանգամանքների համատեքստում Դատավորի գործողությունները իրենց բնույթով ունեն նվազ նշանակություն և դրանցով չի կարող կասկածի տակ դրվել Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և դրանք իրենց էությամբ չեն կարող հեղինակազրկել դատական իշխանությունը: Այսինքն՝ Դատավորին վերագրված խախտումների դեպքի առկայության պայմաններում, Դատավորի թույլ տված արարքները պետք է գնահատվեն որպես նվազ կարևորություն ունեցող:

Դատավորը, հղում կատարելով «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում զետեղված տեղեկատվությանը, Բացատրության մեջ մեջբերել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/0573/02/24 քաղաքացիական գործով 09.09.2025թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը, որով արձանագրվել է հետևյալը. «...Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքում նշված՝ Դատարանի կողմից թույլ տրված դատավարական սխալներին, այն է՝ Դատարանը ռուսերեն լեզվով հարցեր է ուղղել Հայցվորին և փաստացի որոշ գործողություններ կատարել է ռուսերեն լեզվով, առանց պատշաճ թարգմանության, իսկ ներկայացած թարգմանիչը ուղղակիորեն չի թարգմանել Հայցվորի խոսքը, (...) ապա հարկ է նշել, որ սույն պարագայում հայցվորի արդար դատաքննության իրավունքը խախտվելու վերաբերյալ որևէ հիմնավորում հայցվորի կողմից չի ներկայացվել։ Վերջինս դատական նիստերին մասնակցել է ներկայացուցչի միջոցով և քաղաքացիական գործի նյութերում բացակայում է հայցվորի կողմից թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը:...»:

Խորհրդին ներկայացրած պատասխանով՝ Դատավորը հայտնել է, որ պնդում է կարգապահական վարույթի ընթացքում Լիազոր մարմնին ներկայացված իր բացատրությունները, և ի հավելումն այդ բացատրությանը՝ Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել ներքոգրյալ լրացուցիչ հիմնավորումներն ու պատճառաբանությունները։

Մասնավորապես, Դատավորը նշել է, որ Բարձագույն դատական խորհրդի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թիվ ԵԴ2/0573/02/24 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.09.2025թ.–ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ Հայցվորի արդար դատաքննության իրավունքի որևէ խախտումներ թույլ չեն տրվել։ Ըստ Դատավորի՝ սա ինքնին նշանակում է, որ Լիազոր մարմինը չի կարող դատավորին վերագրել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք վերաքննիչ բողոքի հիմք են հանդիսացել, և վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2025թ. կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ վերաքննիչ բողոքում վկայակոչված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ չեն արձանագրվել, այսինքն՝ ըստ էության հերքվել են։

Դատավորը նշել է, որ հաղորդում ներկայացրած անձը՝ Հայցվորի ներկայացուցիչը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2025թ.–ի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացրել՝ դրանով իսկ համաձայնվելով իր բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանությունների հետ, այդ թվում՝ վերոգրյալում վկայակոչված պատճառաբանությունների հետ։

Դատավորը հավելել է նաև, որ հաղորդում ներկայացրած փաստաբանը, մինչև Լիազոր մարմնին դիմում/հաղորդում/ ներկայացնելը, դեռևս 03.02.2025թ.–ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ նաև՝ Հանձնաժողով)՝ նույնական բովանդակությամբ։ Հանձնաժողովը դեռևս 17.04.2025թ.–ի թիվ ԴԴ-Ե-2867 գրությամբ հաղորդում ներկայացրած անձից պահանջել էր ներկայացնել լրացուցիչ նյութեր և տեղեկություններ, մասնավորապես թիվ ԵԴ2/0573/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 2024 թվականի նոյեմբերի 25-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը։ Հանձնաժողովի նշված գրությունը հաղորդում ներկայացրած անձը ստացել է 21.04.2025թ.–ին, սակայն վերաքննիչ բողոքի օրինակը չի ներկայացրել։ Արդյունքում Հանձնաժողովը 03.06.2025 թվականի թիվ ԴԴ-Ե-4103 գրությամբ հաղորդում ներկայացրած փաստաբանին հայտնել է որ «(…) որոշել է թիվ ԵԴ2/0573/02/24 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցել. (...) Հանձնաժողովը գտել է, որ դատավորին վերագրվող գործողություններում առկա չէ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտում, որը կարող է հիմք հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։ Նման եզրահանգման համար կարևոր է համարվել այն հանգամանքը, որ առանց թիվ ԵԴ2/0573/02/24 քաղաքացիական գործով Ձեր կողմից 2025 թվականի հունվարի 13-ին ներկայացված վերաքննիչ բողոքի ուսումնասիրության, հնարավոր չէ հետևություն կատարել դատավորի գործողություններում կարգապահական պատասախանատվություն առաջացնող խախտման հատկանիշների առկայության մասին, որպիսի պայմաններում, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանդրական օրենք 143-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով չփարատված կասկածները ենթակա են մեկնաբանության հօգուտ դատավորի»։ Սույն պատասխանին կից Դատավորը ներկայացրել է Հանձնաժողովի 18.11.2025թ. թիվ ԴԴ-Ե-9058 ուղեկցական գրության և 03.06.2025թ.–ի թիվ ԴԴ-Ե-4103 գրության պատճենները։

Դատավորը նշել է, որ վերոգրյալից պարզ է դառնում, որ Հանձնաժողովի համար անհրաժեշտ է եղել ներկայացնել հաղորդում ներկայացրած անձի կողմից տվյալ քաղաքացիական գործով ներկայացված վերաքննիչ բողոքը, և դա հատկապես այն ժամանակահատվածում, երբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը դեռևս վերաքննիչ բողոքի քննության արդյունքում որոշում չէր կայացրել։ Իսկ Լիազոր մարմնի դեպքում պարզ է դառնում, որ նախ հաղորդում ներկայացրած անձից մինչև 11.09.2025թ. որոշմամբ կարգապահական վարույթ հարուցելը՝ բողոքի պատճենը չի պահանջվել, այն չի ուսումնասիրվել, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2025թ. թիվ ԵԴ2/0573/02/24 որոշումը նույն օրը «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվելուց հետո պարզելով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.09.2025թ. որոշմամբ որևէ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ չի արձանագրել հաղորդման մեջ նշված հանգամանքների մասով՝ մինչ 12.11.2025թ.–ի որոշման կայացումը չի դիմել հաղորդում ներկայացրած անձին և չի ստացել վերաքննիչ բողոքի պատճենը, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում չի ծանոթացել թիվ ԵԴ2/0573/02/24 քաղաքացիական գործի նյութերին, որպիսի պայմաններում էլ հնարավոր կլիներ պարզել, թե արդյոք հաղորդման մեջ նշված հանգամանքները, որպես դատավարական իրավունքի նորմի ենթադրյալ խախտումներ, վկայակոչված են եղել վերաքննիչ բողոքում, թե ոչ։

Դատավորը նշել է նաև, որ օրենսդիրը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը հնարավոր է համարել մի քանի վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում։ Մասնավորապես, Օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնի խախտումը կարող է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ միայն այն դեպքում, եթե այդ խախտումը վարկաբեկում է դատական իշխանությունը, ինչպես նաև նվազեցնում է դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։

Այս համատեքստում Դատավորը վկայակոչել է Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-30-Ո–Կ-9 որոշմամբ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումները.

«...«Դատական իշխանությունը հեղինակազրկել», «դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնել» ձևակերպումները, որոնք ամրագրված են Օրենսգրքով, հստակ չեն բացահայտում կարգապահական պատասխանատվության հիմքերի բովանդակային ծավալները։ Եվ օրենսդրությամբ Բարձրագույն դատական խորհրդին է վերապահված դրանց բովանդակային մեկնաբանման իրավասությունը՝ որպես օրենքը կիրառող մարմնի։

Վերոգրյալի հիման վրա, Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով ներպետական և եվրոպական իրավունքի հիմնարար սկզբունքները, գտնում է, որ որպես «Դատական իշխանությունը հեղինակազրկող», «դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող» կարող է գնահատվել դատավորի կողմից դրսևորած այնպիսի վարքագիծը, որը սահմանազանցում է ներպետական և եվրոպական իրավունքի հիմնարար սկզբունքներով թույլատրելի պահանջները, չի հետապնդում իրավաչափ նպատակ, առաջացնում է այնպիսի հետևանքներ, որոնք որևէ ողջամիտ փաստարկով չեն կարող ընդունելի համարվել ժողովրդավարական և իրավական պետությունում։»։

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) կողմից ՀՀ Դատական օրենսգրքի փոփոխությունների և որոշ այլ օրենքների վերաբերյալ 2019թ. ընդունված Կարծիք N 963/2019 CDL– AD(2019)024 համաձայն՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ «...Անշուշտ, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշ հիմքեր ձևակերպված են շատ անորոշ, «դատական իշխանությունը հեղինակազրկել» կամ «դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնել» ձևակերպումները ամրագրված 69-րդ հոդվածում, դրանց թվին են պատկանում։ Այնուհանդերձ, որոշ չափով անխուսափելի է, որ օրենսդիրն օգտագործի անորոշ ձևակերպումներ ապահովելու համար ճկունություն...։

Այն դեպքում, երբ օրենսդրի կողմից օգտագործվում են նման ձևակերպումներ, շատ կարևոր է, թե կոնկրետ ինչ մարմին է նշանակված այդ ձևակերպումների մեկնաբանման և կիրառման համար։ Հայաստանում այդ խնդիրը դրված է Բարձրագույն դատական խորհրդի վրա, որն ունի բավարար ինստիտուցիոնալ անկախություն և առաջարկում է արդար դատաքննության հիմնարար երաշխիքներ (տես՝ Դատական օրենսգրքի 14-րդ գլուխը)։ Կարևոր է նաև այն, որ կարգապահական պատասխանատվությունը կարող է կիրառվել միայն դատավորի վարքագծի կանոնների խախտման համար, այլ ոչ թե ավելի անորոշ ձևակերպման «էթիկայի նորմերի» խախտման համար (տես՝ Դատական օրենսգրքի 68 (3) հոդվածը)։ Ուստի, հնարավոր է թողնել այդ բաց/անորոշ չափորոշիչների հետագա զարգացումն ու մասնավորեցումը Բարձրագույն դատական խորհրդին՝ պայմանով, որ այն հետևի իրավունքի այլ պատվիրաններին/սկզբունքներին (դատավորի դիտավորությանը կամ կոպիտ անփութությանն առնչվող, խախտման նյութական հետևանքներին առնչվող և այլն ...)»:

... Ուստի Խորհուրդը գտնում է, որ հանրային տարընկալման հնարավորության պարագայում Դատավորի կողմից թույլ տրված խախտումը չի կարող գնահատվել որպես միանշանակ դատական իշխանությունը հեղինակազրկող կոպիտ խախտում։

… Ինչ վերաբերում է դատավորի կողմից արված «...վազելով գնամ, փոխեմ որոշումը, բերեմ, էդ էլ գրեմ, հեսա գնամ որոշումը փոխեմ, էդ բառերն էլ գրեմ...» արտահայտությանը, ապա այն, իրոք, անբարեկիրթ վարքագծի տարր է պարունակում և անհարիր է դատավորի կարգավիճակին, սակայն, ընդհանուրի մեջ գնահատվելու պարագայում այն իր աննշանության ու բովանդակային որևէ բացասական իմաստ չարտահայտելու ուժով չի կարող գնահատվել որպես դատարանի հեղինակությունը նսեմացնող, առավել ևս դատական իշխանությունը հեղինակազրկող արտահայտություն։

... Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի միջնորդության մեջ նշված Դատավորի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում թույլ տրված լինելու փաստարկին, ապա Դատավորի կողմից արված արտահայտությունները չեն կարող վկայել նրա կողմից կողմնակալության կամ խտրականության դրսևորման, կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորության հնարավորություն ստեղծելու մասին, քանի որ Դատավորին նույն այդ հիմքերով ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների քննության արդյունքում կայացված որոշումներից հետո նույն գործերով կայացված և բողոքարկման արդյունքում օրինական ուժ ստացած դատական ակտերով հերքվել են նշված հանգամանքները կամ տպավորությունների հնարավորությունները։

… Վերոգրյալի համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ չի տրվել դատավորի վարքագծի կանոնների այնպիսի խախտում, որը կհանգեցներ կարգապահական պատասխանատվության։»։

Վկայակոչելով Բարձրագույն դատական խորհուրդի մեկ այլ՝ 07.06.2021 թվականի թիվ ԲԴԽ-29-Ո–Կ-11 որոշումը, Դատավորը հարկ է համարել մեջբերել հետևյալ իրավական դիրքորոշումը.

«...Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջը ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը,

4. դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք կարող է լինել բացառապես նրա մեղավոր վարքագիծը. (...)

Ամփոփելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդը արձանագրում է հետևյալը. Դատավորի գործողություններում օբյեկտիվորեն առկա է դատավարական նորմի/նորմերի խախտում։ Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում»։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թեև ձևական առումով առկա են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն վերը նշված հիմնավորումների, մասնավորապես՝ օբյեկտիվորեն խախտում թույլ տված դատավորի կողմից մեղավոր վարքագիծ դրսևորելու փաստի բացակայության հաշվառմամբ գտնում է, որ դատավորին վերագրված խախտումը չի կարող կասկածի տակ դնել վերջինիս համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ հանգեցնել դատական իշխանության հեղինակազրկմանը։»:

Դատավորը հարկ է համարել մեջբերել նաև Բարձրագույն դատական խորհրդի 29.11.2021 թվականի թիվ ԲԴԽ-84-Ո-Կ–23, 05.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 և 08.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-13-Ո-Կ-03, 18.07.2022 թվականի թիվ ԲԴԽ-63-Ո-Կ-15 որոշումներով արտահայտված դիրքորոշումները, որոնք համարել է իր վերաբերյալ կարգապահական խախտման հարցի քննարկմանը վերաբերելի՝ մատնանշելով, մասնավորապես, Խորհրդի կողմից նշված որոշումներով առերևույթ կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշների առկայության պայմաններում դրանք որպես նվազ կարևորություն ունեցող գնահատելը, քանի որ այն կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։

Դատավորը նաև հղում է կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածին, որի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա։ Դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար։

Դատավորը վկայակոչել է Եվրոպական դատարանի նախադեպային որոշում, որում արտահայտվել է հետևյալ դիրքորոշումը. «Հավասարության» սկզբունքը՝ կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում։ Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն։

Տվյալ դեպքում, վերոգրյալ փաստական հանգամանքների, համապատասխան իրավական դիրքորոշումների և քննարկման առարկա 17.10.2024թ. դատական նիստի ընթացքի համակարգային վերլուծությունից Դատավորը հանգել է հետևության, որ իր վարքագիծը չի կարող վկայել այն մասին, որ անտեսվել է դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու պահանջների պահպանումը։ Հետևապես, Դատավորին վերագրվող ենթադրյալ խախտումները չեն կարող դիտվել որպես Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը հեղինակազրկող կամ նրա անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ։ Ընդհակառակը, դատական նիստի ընթացքում, առաջնորդվելով հավասարության և մրցակցության սկզբունքներով, ապահովվել են նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող Հայցվորի կողմից իր իրավունքների լիարժեք իրացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում նաև իր նախընտրած լեզվով թարգմանության ապահովումը։

Դատավորը նշել է, որ 12.11.2025թ. Որոշմամբ վկայակոչված՝ Հայցվորին ռուսերեն ուղղված հարցը վերաբերել է միայն «WhatsApp» հավելվածի միջոցով տեղի ունեցած հաղորդագրությունների արտատպման (սքրինշոթի) վրա առկա հեռախոսահամարի ճշգրտմանը, այլ ոչ թե արտատպման (սքրինշոթի) բովանդակությանը, որից անմիջապես հետո Հայցվորի ներկայացուցչի հայտարարությունից սկսած (մեջբերում` «հիմա տեսեք, շատ լավ, պայմանական դատարանը հարց տվեց, պատասխանեց, հիմա ինքը ուզումա արտահայտվի, օրինակ, եթե ինքը ուզումա արտահայտվի, Էդ պրոցեսը ոնց ենք անելու»), դատական նիստում գտնվող թարգմանչի միջոցով ապահովվել Է պատշաճ թարգմանություն և նույն «WhatsApp» հավելվածի միջոցով տեղի ունեցած հաղորդագրությունների արտատպման (սքրինշոթի) վերաբերյալ նույնաբովանդակ հարցը կրկին ուղղվել Է Հայցվորին, որը պատշաճ թարգմանվել Է թարգմանչի կողմից։ Իսկ Դատավորի կողմից դատական նիստի ավարտին ռուսերեն լեզվով արված՝ դատական նիստի ձայնագրության կրիչի տրամադրման համար պետական տուրքի վճարման կարգի հետ կապված պարզաբանումը, իսկ այնուհետև հաջորդ դատական նիստի օրն ու ժամը քննարկելը, կրել են ոչ դատավարական բնույթ, չեն վերաբերել դատավարական գործընթացներին, և նշված պարզաբանումն ու քննարկումը ևս զուգահեռաբար թարգմանվել են նիստին մասնակցող թարգմանչի կողմից։

Դատավորը գտել է, որ վերոնշյալ գործողություններով չի խախտվել դատավարության մասնակիցների որևէ իրավունք և դատավարության մասնակիցների համար որևէ բացասական հետևանք չի առաջացել և չէր կարող առաջացնել, ինչպես նաև չեն հանգեցրել այնպիսի հետևանքների, որոնք առաջացրել են իրավունքի անհամաչափ սահմանափակում, կամ իրավունքից զրկում կամ կողմի համար առաջացրել են օրենքով չնախատեսված պարտականություն։

Վերոգրյալներն ամբողջության մեջ գնահատելով՝ Դատավորը գտել է, որ իր գործողությունները չեն պարունակել վարքագծի դրսևորման այնպիսի ռիսկեր, որոնք ինքնին կարող են էականորեն բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության նկատմամբ օտարերկրացիների ընկալումների վրա։ Իրավունքի գերակայության սկզբունքը գնահատվում է ոչ թե ռուսերեն լեզվով հնչեցված արտահայտության կամ կարճատև շփման հիմքով, այլ դատավարության ամբողջական կազմակերպմամբ և դատարանի կողմից օրենքի պահանջների, հավասարության և մրցակցության սկզբունքների իրական պահպանմամբ, և որոնք էլ պահպանվել ու ապահովվել են Դատավորի կողմից։

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և 46-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Դատավորը նշել է, որ 17.10.2024թ. դատական նիստում բոլոր դատավարական գործողությունները կատարվել են հայերեն լեզվով, օտարերկրյա քաղաքացի հանդիսացող Հայցվորի համար կատարվել է թարգմանություն նիստին մասնակցող թարգմանչի կողմից, գործի էությանը և փաստական հանգամանքներին վերաբերող քննարկումները նույնպես իրականացվել են բացառապես հայերեն, որոնք ես թարգմանվել են Հայցվորի համար նիստին մասնակցող թարգմանչի կողմից։ Հատկանշական է նաև, որ նշված քննարկումների ընթացքում Հայցվորը նույնպես դիրքորոշումներ է արտահայտել, որոնք նույնպես թարգմանվել են ռուսերենից հայերեն նիստին մասնակցող թարգմանչի կողմից։

Այսինքն, ըստ Դատավորի՝ վերոգրյալով փաստվում է, որ Դատավորը չի ստանձնել թարգմանչի պարտականություններ և չի կատարել թարգմանություններ, ինչպես նաև դատական նիստի ընթացքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Հայցվորի համար թարգմանություններ իրականացնելու պատրաստակամություն չի հայտնել Դատավորի կողմից ռուսերեն լեզվով հնչած արտահայտությունները ոչ միայն չեն խաթարել դատավարության ընթացքը, այլև որևէ կերպ չեն ազդել կողմերի իրավունքների իրացման վրա։ Դատավարության լեզվի պահանջը պահպանվել է տվյալ դատական նիստում, իսկ նիստին ներկա գտնվող թարգմանիչը կատարել է թարգմանություններ նաև Հայցվորի համար, դրանով իսկ ապահովվել է Հայցվորի կողմից իր դատավարական իրավունքների լիարժեք իրացումը։

Ներկայացված փաստական տվյալները վերլուծելով՝ Դատավորը գտել է, որ քանի որ տվյալ իրավիճակում Դատավորի կողմից ռուսերեն լեզվով հնչեցված խոսքերը չեն վերաբերել դատավարական գործընթացներին, ուստի դրանք չեն կարող միանշանակ գնահատվել որպես դատական նիստը մասամբ ռուսերեն լեզվով վարելու հանգամանք։

Դատավորը գտել է, որ բացակայում է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, ինչպես նաև բացակայում է դատավորի մեղավորությունը վերագրված խախտման մեջ, որը կատարվել է կոպիտ անփութությամբ, քանի որ վերագրված խախտումը իր էությամբ և բովանդակությամբ առնվազն կարող է գնահատվել անփութության, այլ ոչ թե կոպիտ անփութության արդյունք։

Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ Դատավորը գտել է, որ Դատավորի կողմից թույլ չի տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման։

Միաժամանակ Դատավորը հարկ է համարել հավելել, որ եթե տվյալ դեպքում Դատավորի գործողություններում ձևականորեն առկա են խախտման հատկանիշներ, այդուհանդերձ, գտնում է, որ արձանագրված հանգամանքների համատեքստում Դատավորի գործողությունները իրենց բնույթով ունեն նվազ նշանակություն և դրանցով չի կարող կասկածի տակ դրվել Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և դրանք իրենց էությամբ չեն կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։ Այսինքն, Դատավորին վերագրված խախտումների դեպքի առկայության պայմաններում, Դատավորը գտնում է, որ Դատավորի թույլ տված արարքները պետք է գնահատվեն որպես նվազ կարևորություն ունեցող։

Այսպիսով, հաշվի առնելով ամբողջ վերը նշվածները, Դատավորը խնդրել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ, մերժել։

11.12.2025 թվականի դատական նիստին Դատավորը և իր ներկայացուցիչը Խորհրդին գրավոր ներկայացված միջնորդությամբ խնդրել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել կամ միջնորդությունը մերժել՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները խախտված լինելու հիմքով: Մասնավորապես, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասը՝ Դատավորը և ներկայացուցիչը նշել են, որ տվյալ դեպքում կարգապահական վարույթը հարուցվել է Լիազոր մարմնի՝ 11.09.2025թ. թիվ 74-Ա որոշմամբ, իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Լիազոր մարմինը փաստացի դիմել է 17.11.2025 թվականին, այսինքն՝ երկու ամիս հինգ օր անց, ուստի ըստ Դատավորի և իր ներկայացուցչի՝ Լիազոր մարմինը համապատասխան միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմել է օրենքով սահմանված առավելագույն ժամկետի խախտմամբ:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

 

41 Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Դ.Գ.-ի՝ մասնակցին ընկերությունից հեռացնելու, տնօրենի լիազորությունները դադարեցնելու պահանջի վերաբերյալ, որը մակագրվել է Դատավորին, իսկ դատական գործին շնորհվել է ԵԴ2/0573/02/24 համարը: Դատարանի 26.02.2024 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:

4.2 17.10.2024 թվականի դատական նիստի ձայնային արձանագրման 15-35-04 թվագրությամբ ձայնագրության ուսումնասիրությունը, ըստ որի՝ Դատավորը Հայցվորին ռուսերեն լեզվով հարցրել է հետևյալը. «Aнreлина Бузова, Baш номер телефона, у вас был такой телефон, да, +792******** (...) на армянском можете сказать, чтобы Ваш адвокат понял», այնուհետև նշել. «(...) էս պահին չունեք ձեր թարգմանիչը, էն մյուս թարգմանիչը թող թարգմանի, եթե ես տեսնեմ սխալ ա թարգմանում, եթե ես զգամ սխալ ա թարգմանում, ես կուղղեմ, ես լավ թարգմանում եմ հայերենից ռուսերեն «и обратно» (...)», որից հետո թարգմանչի թարգմանությանը զուգահեռ սկսել է ռուսերեն հաղորդակցվել Հայցվորի հետ: Այնուհետև, երբ Պատասխանող կողմը ռուսերեն հարցադրում է հնչեցրել, որին ի պատասխան՝ Հաղորդում ներկայացրած անձն առարկել է, Դատավորը պատասխանող կողմին հորդորել է. «(...) դե իսկականից հայերեն խոսացեք էլի, ռուսերեն հա պետք չի խոսալ (...)»:

4.3 17.10.2024 թվականի դատական նիստի ձայնային արձանագրման 16-35-03 թվագրությամբ ձայնագրության ուսումնասիրությունը, ըստ որի Դատավորը Հայցվորին ռուսերեն պարզաբանել է դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակի տրամադրման համար գանձվող պետական տուրքի վճարման պարտականության էությունը՝ մասնավորապես նշելով հետևյալը. «(...) պետ. տուրքը, որ պիտի վճարեք, էդ նշանակում ա «деньги вперед» էլի (...) принцип такой пока не платите, здесь не даем, коротко говоря, деньги вперед, платим, предоставляем квитанцию, тогда предоставляем диск (...)»:

4.4 17.10.2024 թվականի դատական նիստի ձայնային արձանագրման 16-50-03 թվագրությամբ և 17-05-03 թվագրությամբ ձայնագրության ուսումնասիրությունը, ըստ որի Դատավորը Հայցվորի հետ պարբերաբար ռուսերեն է հաղորդակցվել, հաջորդ դատական նիստի ամսաթվի վերաբերյալ ռուսերեն քննարկումներ իրականացրել՝ մասնավորապես նշելով հետևյալը «(...) 4 ноября удобно вам или 11 ноября, я могу и не спросить (...) посмотреть мой блокнот как суду, это самое, удобно и объявить, но я логично хочу это все по полочкам расставить, чтобы после 28 октября назначить следующее заседание (...) предлагаю или 4 или 11 ноября, как вам удобно (...) я для вас свободные дни держу, вот смотрите, для вас, для этого дела, 15:00 нормально (...) 4 ноября 15:00, 3 часа дня, так тоже говорят (...)»:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

 

Հաշվի առնելով Լիազոր մարմնի միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը՝ Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է (են) տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում (խախտումներ),

5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը (խախտումները) իր (իրենց) հերթին հանգեցրել է (են) դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) խախտման:

5.3. արդյո՞ք Դատավորի կողմից ենթադրյալ դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը (խախտումները) թույլ են տրվել դիտավորությամբ, թե անփութությամբ:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Լիազոր մարմնի ներկայացուցիչների, Դատավորի և իր ներկայացուցչի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:

Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որ չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի (Դատավորի վարքագծի ընդհանուր կանոնները) 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը:

Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են դատավարությանը մասնակցել հայերենով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերենն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորը, վկան, փորձագետը կամ դատական նիստերի քարտուղարն իրավունք չունեն ստանձնելու թարգմանչի պարտականություններ: Գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կարող են ստանձնել թարգմանչի պարտականություններ, եթե նրանց միջև չկա շահերի հակասություն:

Խորհուրդն արձանագրում է, որ հիշյալ իրավադրույթների հստակությունը տարակարծության տեղիք չի տալիս, ուստի Դատավորի կողմից քննարկվող գործի շրջանակներում դատական նիստի ընթացքում օտար լեզվով կողմին ուղղված տարաբնույթ հարցադրումներն ու պարզաբանումները, թարգմանություն իրականացնելը խախտել են դատավարության ողջ գործընթացը բացառապես հայերենով կազմակերպելու վերաբերյալ օրենսդրի սահմանած պահանջը, իսկ դատավորի փաստարկները՝ մրցակցային դատավարության և կողմերի իրավունքների հավասարության ապահովման նկատառումներից ելնելով նիստի ընթացքում օտար լեզվով հաղորդակցությունն իրականացնելու պատճառների վերաբերյալ, չեն կարող արդարացնել օրենքով սահմանված իմպերատիվ պահանջի խախտումը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Դատավորի կողմից մատնանշված երաշխիքները հնարավոր էր ապահովել օրենքով սահմանված այլ եղանակներով՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով կողմի համար թարգմանչի ծառայություններից օգտվելու հնարավորություն։

Դատավորը ոչ միայն պարտավոր է դատական նիստերը վարել բացառապես հայերենով, այլև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավադրույթի ուժով չի կարող անձամբ հանդես գալ որպես թարգմանիչ կամ կողմերի հետ հաղորդակցվել հայերենից բացի այլ լեզվով՝ պահպանելով ինչպես լեզվական սահմանափակումը, այնպես էլ դատավարության շրջանակներում վերջինիս ստանձնած բացառիկ դերի էությունից բխող գործողությունների կատարումը: Բացի այդ, Խորհուրդը հարկ է համարում ընդգծել նաև, որ Օրենսդիրը Դատարանին դատական նիստի ընթացքում իրականացվող թարգմանության որակը վերահսկելու լիազորությամբ չի օժտել։

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։

Վերոգրյալ իրավադրույթի լույսի ներքո Խորհուրդն արձանագրում է, որ դատական նիստերի դահլիճում դատավորի կողմից իրականացրած ցանկացած գործողություն պետք է համահունչ լինի վերջինիս կարգավիճակին, որպիսի պայմաններում պետք է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը փաստում է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման:

Անդրադառնալով Դատավորի արարքը նվազ կարևորություն ունեցող գնահատելու վերաբերյալ Դատավորի փաստարկներին՝ Խորհուրդը հարկ է համարում նշել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Հիշյալ նորմի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ ձևականորեն պարունակող արարքը կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող օրենսդրի կողմից հստակ նախատեսված երկու պայմանի միաժամանակյա առկայության դեպքում, իսկ տվյալ դեպքում Խորհուրդը, Դատավորի արարքը գնահատելով որպես դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի կանոնի խախտում, ձևավորել է այն համոզմունքը, որ դատավորի արարքն իր էությամբ կարող է հեղինակազրկել դատական իշխանությունը, ուստի արարքը որպես նվազ կարևորություն ունեցող Խորհուրդը չի գնահատում։

Խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ նաև Դատավորի և ներկայացուցչի այն փաստարկին, ըստ որի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բողոքի քննության արդյունքներով 09.09.2025 թվականին կայացված թիվ ԵԴ2/0573/02/24 որոշմամբ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմերի խախտումների համատեքստում Հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը չի արձանագրվել, քանի որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հիշյալ որոշմամբ նշել է, որ Հայցվորի արդար դատաքննության իրավունքը խախտվելու վերաբերյալ որևէ հիմնավորում Հայցվորի կողմից չի ներկայացվել, վերջինս դատական նիստերին մասնակցել է ներկայացուցչի միջոցով և քաղաքացիական գործի նյութերում բացակայում է Հայցվորի կողմից թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս առնչությամբ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դատավարական նորմերի խախտման փաստը քննվել է Դատավորի կողմից արդար դատաքննության իրավունքի խախտման և գործի ելքի վրա ազդեցություն ունենալու համատեքստում, ուստի վերը նշված որոշման մեջ տեղ գտած արձանագրումը չի բացառում վերաքննիչ բողոքում բացակայող կամ իրավական դրույթներով պատշաճ չհիմնավորված դատավարական իրավունքի այլ նորմերի, տվյալ դեպքում՝ դատավարության լեզվին վերաբերող պահանջները Դատարանի կողմից խախտելու վերաբերյալ փաստի առկայությունը, ինչի վերաբերյալ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր որոշման մեջ դիրքորոշում չի հայտնել։ Բացի այդ, Խորհուրդը կարևոր է համարում շեշտել, որ կարգապահական խախտման հարցի քննության շրջանակներում Դատավորին վերագրվել է դատավարական նորմի խախտում, որը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման, ինչը վերաքննության առարկա հանդիսանալ չէր կարող։

Գնահատման առարկա դարձնելով Դատավորի կողմից թույլ տրված արարքում մեղքի առկայության հարցը՝ Խորհուրդն արձանագրում է հետևյալը.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդը փաստում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման մեղքի ձևին և հաշվի առնելով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման իրավական գնահատականի վերաբերյալ ներկայացված փաստարկները, Դատավորի կողմից դատավարության կողմերի հավասարությանը և մրցակցության սկզբունքների պահպանմանը միտված դատավարական հենք չունեցող և դատավարական նորմի խախտմամբ իրականացված գործողությունները, թույլ տրված կարգապահական խախտման նկատմամբ հոգեբանական վերաբերմունքը և բացատրությամբ ներկայացված տեղեկությունները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումը դիտավորությամբ կատարելու վերաբերյալ ապացույցներ չներկայացվելու հանգամանքը, Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումը թույլ է տվել կոպիտ անփութությամբ, չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։

Միաժամանակ, անդրադառնալով Լիազոր մարմնի կողմից միջնորդությունն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով վարույթը կարճելու և միջնորդությունը մերժելու վերաբերյալ Դատավորի և ներկայացուցչի միջնորդությանը, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել։

Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝ վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, օրերով և ժամերով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:

Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից ելնելով՝ Խորհուրդը փաստում է, որ սույն կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը Լիազոր մարմինը կայացրել է 11.09.2025 թվականին: Այսինքն, միջնորդությամբ Խորհրդին դիմելու ժամկետի ընթացքն սկսվել է Որոշման հաջորդ օրվանից 12.09.2025 թվականից և կարող էր տևել 2 ամիս՝ մինչև 12.11.2025 թվականը ներառյալ:

Տվյալ դեպքում Լիազոր մարմնի` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին թիվ 93-Ա որոշումը կայացվել է 12.11.2025 թվականին, հետևաբար հարուցված կարգապահական վարույթի տևողությունը չի գերազանցել օրենքով սահմանված ժամկետը, ուստի այդ հիմքով միջնորդությունը չի կարող մերժվել:

 Օրենսգրքի 148-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է Բարձրագույն դատական խորհուրդ, դատավորին և վարույթ հարուցող մյուս մարմին (…): Այս առնչությամբ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Լիազոր մարմնի կողմից այս դրույթը նույնպես պահպանվել է, քանի որ ուղարկման կազմակերպման վերջնաժամկետը տվյալ դեպքում ավարտվում էր 15.11.2025 թվականին, որը ոչ աշխատանքային օր էր, ուստի Լիազոր մարմնի միջնորդություն ներկայացնելու որոշման և կից նյութերի առաքումը կազմակերպվել է ոչ աշխատանքային օրերին հաջորդող աշխատանքային օրը՝ 17.11.2025 թվականին:

Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Խորհուրդը հաշվի է առնում, որ սույն կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

Միաժամանակ, Դատավորի նկատմամբ կիրառման ենթակա կարգապահական տույժի համաչափության տեսանկյունից, Խորհուրդն էական է համարում սույն գործի փաստերն ու խախտման բնույթը, նյութականացված կոնկրետ հետևանքի բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին հայտարարել նախազգուշացում:

2 Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյան

 

Անդամներ`

Հատուկ կարծիք

 

Հատուկ կարծիք

Հատուկ կարծիք

 

 

 

Հատուկ կարծիք

 

 

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ
Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ա. Հարությունյան
Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2026 թվական:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ ԵՎ ԷԴ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

 

«23»  դեկտեմբերի  2025 թ.

ք. Երևան

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…) Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:»:

Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 27.11.2020 թվականի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 96-րդ կետի համաձայն՝ «(…) Խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նա հայտարարում է խորհրդակցական սենյակում, նրա ստորագրությամբ նշում է արվում Խորհրդի որոշման մեջ, և ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո 8-օրյա ժամկետում հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ հանձնվում է Խորհրդի նախագահին՝ որոշմանը կցելու համար:»:

Վերոնշյալ աշխատակարգի 97-րդ կետի համաձայն՝ «Հատուկ կարծիքը Խորհրդի անդամների կողմից կարող է ներկայացվել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասնական։ Հատուկ կարծիքը Խորհրդի մեկից ավելի անդամների կողմից ներկայացվելու դեպքում, այն ստորագրում են ներկայացրած բոլոր անդամները:»:

Արժևորելով ստորև քննարկվող հարցերի շուրջ Խորհրդի անդամների (նախագահ՝ Ա. Աթաբեկյան, անդամներ՝ Ա. Դանիելյան, Մ. Համբարձումյան, Ա. Հայրապետյան, Ա. Հարությունյան, Ք. Մկոյան) ներքին համոզմունքը՝ այնուամենայնիվ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի (այսուհետ՝ Դատարան կամ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու Արդարադատության նախարարի (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին կամ Վարույթ հարուցած մարմին) միջնորդությունը բավարարելու և նրան նախազգուշացում հայտարարելու վերաբերյալ Խորհրդի՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման եզրափակիչ մասի առնչությամբ մնում ենք հատուկ կարծիքի՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա։

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն. (...)

4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ պատասխանատվության միջոցները, որոնք կարող են կիրառվել սահմանվում են օրենքով և դրանց կիրառումն իրականացվում է համաչափության սկզբունքով: Այլ կերպ ասած՝ օրենսդիրը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը սահմանելով որպես իրավաբանական պատասխանատվության տեսակ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու սկզբունքների շարքում, ի թիվս այլնի, սահմանել է համաչափության սկզբունքը։ Ընդ որում, հարկ է նկատել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում համաչափության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող պատժաչափի տարբերակման սկզբունքի ապահովման տեսանկյունից, օրենսդիրը կարևոր է համարել դատավորի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելիս հաշվի առնել խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ Խորհրդի որոշումներին ներկայացվող կարևորագույն պահանջներից մեկը դրանց հիմնավորվածությունն է, ինչը ենթադրում է ինչպես արարքը կարգապահական խախտում որակելու, այնպես էլ խախտման բնույթի նկարագրությանն ու ընտրված կարգապահական պատասխանատվության միջոցի համաչափությանը մանրամասն անդրադառնալու պահանջ, ուստի սույն կարծիքի շրջանակներում կարևոր ենք համարում անդրադառնալ Դատավորին պատասխանատվության ենթարկելու դեպքում վերջինիս կատարած խախտման և Խորհրդի կողմից կարգապահական տույժի ընտրության միջև համաչափության հարաբերակցության հարցին՝ արձանագրելով հետևյալը.

Սահմանադրության 162-րդ հոդվածը նախատեսում է՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2016 թվականի հուլիսի 08-ի ՍԴՈ-1291 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) Հանրային իշխանության իրականացումը, նախևառաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող՝ համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության, այդ թվում՝ վարչական պատասխանատվության, հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը»:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշմամբ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին և, ի թիվս այլոց, վկայակոչել իր՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշումը, այն է՝ «(...) համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև», ինչպես նաև 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշմամբ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ «(...) իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված՝ ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից»:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կարգապահական վարույթն ի թիվս այլ սկզբունքների, իրականացվում է նաև դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության սկզբունքի հիման վրա: Ընդ որում, օրենսդրորեն Խորհրդին իրավունք է վերապահվել կարգապահական խախտում թույլ տված դատավորի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված կարգապահական տույժերից որևէ մեկը՝ դրա ընտրությունը պայմանավորելով մի շարք հանգամանքներով: Այլ կերպ ասած, դատավորի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցը (կարգապահական տույժի տեսակը) ընտրելիս և այն կիրառելիս պետք է պահպանվի համաչափությունը, որը կհամապատասխանի դատավորի կողմից կատարված խախտման ծանրության աստիճանին և դրա արդյունքում վրա հասնող իրավական հետևանքներին: Այսինքն՝ առավել նվազ ծանրության կարգապահական խախտման դեպքում պետք է կիրառվի առավել մեղմ կարգապահական պատասխանատվության միջոց և հակառակը։

Ընդ որում, Սահմանադրությամբ և Օրենսգրքում «դատավորի կարգապահական պատասխանատվության» ինստիտուտը սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է ունեցել ամրագրելու դրա հիմնարար բնույթը և նշանակությունը, ընդգծելու դատավորի գործունեության և նրան պատասխանատվության ենթարկելու ինստիտուտների կարևորության աստիճանը և ունեցած դերը հանրային կյանքում։ Հետևաբար, արդարադատության իրականացման ամբողջականությունը ենթադրում է սպառիչ բնույթ, այսինքն՝ պետք է անդրադարձ կատարվի վերագրվող արարքի և նախատեսված տույժի տեսակի համաչափությանը։ Միայն վերոնշյալը հաշվի առնելով հնարավոր կլինի ապահովել տույժ նշանակելիս արդարության սկզբունքի պահպանությունը: Տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև բավարար տույժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Արդարության պահանջները չպահպանելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ տույժի նշանակման: Հետևաբար, կոնկրետ կարգապահական վարույթով տույժ կիրառելիս Խորհուրդը պետք է հաշվի առնի խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես իր բազմաթիվ նախադեպային որոշումներում անդրադառնալով համաչափության սկզբունքին նշել է, որ կիրառվող միջոցների և դրանց նպատակների մեջ պետք է լինի ողջամիտ համաչափություն1:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև արդարացի հավասարակշռություն ապահովելուն, որպիսի պայմաններում դրա կիրառումը չի կարող կրել ձևական բնույթ, ուստիև տույժ նշանակելիս պետք է իրավական գնահատման ենթարկել դատավորի կատարած խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դրա ծանրությունը, դատավորի անձը և օրենքով նախատեսված ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Ընդ որում, Խորհուրդը ևս իր նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է տույժ նշանակելիս համաչափության սկզբունքի պահպանման կարևորությանը։

Համաչափության սկզբունքի տեսանկյունից կարևորվում է նաև այն հանգամանքը, որ Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն ուշադրության արժանի այլ հանգամանքները սպառիչ չի սահմանել, այնքանով, որքանով դրանք յուրաքանչյուր դեպքում կարող են ունենալ տարբեր դրսևորումներ:

Տվյալ դեպքում, ըստ փաստական տվյալների՝ Պատասխանող կողմի նախաձեռնությամբ ներգրավված թարգմանչի դատական նիստին ներկա գտնվելու և Դատարանի հորդորով վերջինիս կողմից նաև Հայցվորի համար թարգմանություն իրականացնելու պայմաններում, Դատավորը շարունակել է մասնակիորեն նիստը վարել ռուսերենով, թեև, երբ Պատասխանող կողմը ռուսերեն հարցադրում է հնչեցրել, որին ի պատասխան՝ Հաղորդում ներկայացրած անձն առարկել է, պատասխանող կողմին հորդորել է հայերեն խոսել: Ավելին, Դատավորն ուղղակիորեն նշել է, որ ինքը լավ թարգմանում է հայերենից ռուսերեն և հակառակը, ուստի այն դեպքում, երբ թարգմանիչը պատշաճ թարգմանություն չիրականացնի, ինքն անձամբ կթարգմանի կամ կուղղի վերջինիս սխալները:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Guðmundur Andri Ástráðsson ըննդեմ Iceland-ի2 գործով դատավորի կողմից թարգմանության իրականացումը ճանաչել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անկախ և անաչառ դատարան հանդես գալու հիմնարար կանոնի խախտում, միաժամանակ ընդգծելով, որ անաչառությունը նախապաշարմունքի կամ կողմնակալության բացակայությունն է, իսկ դատավորի կողմից որպես թարգմանիչ հանդես գալն ինքնին օբյեկտիվ թեստի ձախողում է ենթադրում, քանի որ անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է օրինական կասկածներ դատավորի չեզոքության պահպանման հարցում, երբ վերջինս ակտիվորեն մասնակցում է թարգմանությանը: Langborger ընդդեմ Sweden-ի3 գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ ընդգծել է դատավորի և թարգմանչի դերերը հիմնարար կերպով անհամատեղելի լինելու հանգամանքը՝ կրկին այն դիտարկելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմնարար իրավունքի խախտման համատեքստում:

Բացի վերոնշյալից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք նախադեպային որոշումներով դատավորի կողմից թարգմանության կատարումը դիտարկել է նաև որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված երաշխիքների խախտման համատեքստում, մասնավորապես ընդգծելով, որ դատավորը պարտավոր է ապահովել թարգմանության իրականացման գործընթացը դատական քննության ընթացքում, այլ ոչ թե ինքնուրույն ստանձնել թարգմանչի դեր, քանի որ ինքնուրույն թարգմանելով դատավորը հրաժարվում է արդարություն իրականացնելու իր դերից4:

Հատկանշական է նաև, որ ՀՀ օրենսդրությունը հստակ ամրագրելով դատավարության լեզուն, նաև իմպերատիվ սահմանել է դատավորի կողմից թարգմանչի պարտականությունները կատարելու արգելքը:

Նշված պայմաններում հաշվի առնելով Դատավորի կողմից քննարկվող գործի շրջանակներում դատական նիստի ընթացքում օտար լեզվով կողմին ուղղված տարաբնույթ հարցադրումներն ու պարզաբանումները, այդ թվում՝ 17.10.2024 թվականի դատական նիստի ընթացքում Դատավորի կողմից հայցվոր Ա. Բուզովային այլ լեզվով հարցեր ուղղելու, ինչպես նաև թարգմանչի պարտականություններ ստանձնելու հանգամանքների հաստատված լինելը, Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման հատկանիշներ պարունակող արարքի գոյությունը դարձնում են անհերքելի, որպիսի պայմաններում հարկ ենք համարում անդրադառնալ նաև Դատավորի կողմից իրականացված թարգմանության ընթացքում օգտագործված որոշակի ձևակերպումների բնույթին, որի շրջանակներում կարևոր ենք համարում արձանագրել, որ «(...) պետ. տուրքը, որ պիտի վճարեք, էդ նշանակում ա «дeньги вepeд» էլի (...) принцип такой пока не платите, здесь не даем, коротко говоря, деньги вперед, платим, предоставляем квитанцию, тогда предоставляем диск (...)» արտահայտություններն իրենց ենթատեքստով առավել նվազեցնում են դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը՝ խախտելով դատավարության ողջ գործընթացը բացառապես հայերեն լեզվով անցկացնելու, ինչպես նաև դատավորի կողմից թարգմանչի պարտականություն ստանձնելու արգելքի վերաբերյալ օրենսդրական պահանջը:

Վերոգրյալի հաշվառմամբ հարկ ենք համարում նաև նշել, որ գործի քննության ընթացքում դատավորի կողմից դատավարության մասնակցի, տվյալ դեպքում թարգմանչի պարտականությունների ստանձնմամբ դրսևորված դատավարական իրավունքի նորմի խախտումը, ի պաշտոնե գործող դատավորի վարքագծի կանոնի խախտման հանգեցնելուց զատ, բերել է նաև գործին մասնակցող անձանց՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում ամրագրում ստացած արդար դատաքննության իրավունքի տարրերի լիարժեք ապահովման պահանջի խախտման՝ արտահայտված գործը քննող Դատավորի կողմից թարգմանություն իրականացնելու անթույլատրելիությամբ, ինչպես նաև Դատավորի և թարգմանչի դերերի անհամատեղելիությամբ:

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատավորի կողմից թարգմանչի պարտականությունների ստանձնումը, ինչպես նաև թարգմանության ընթացքում թույլ տրված որոշակի արտահայտություններն իրենց ենթատեքստով նվազեցնում են դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը և համակցության մեջ թույլ են տալիս Դատավորի նկատմամբ ավելի խիստ կարգապահական պատասխանատվության միջոցի ընտրության բավարար հիմքեր:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով սույն կարծիքում տեղ գտած վերլուծությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, գտնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի նկատմամբ կիրառելի էր նկատողություն կարգապահական տույժի տեսակը:

______________________

1 Տե՛ս ՄԻԵԴ, Guérin v. France, պարբերություն 37; Omar v. France, պարբերություն 34:

2 Տե՛ս https://hudoc.echr.coe.int/eng?i=001-206582:

3 Տե՛ս https://hudoc.echr.coe.int/eng?i=001-57515:

4 Տե՛ս Kamasinski v. Austria (https://hudoc.echr.coe.int/eng?i=001-57614), Hermi v. Italy (https://hudoc.echr.coe.int/eng?i=001-77543), Vizgirda v. Slovenia (https://hudoc.echr.coe.int/eng?i=001-185306), Cuscani v. United Kingdom (https://hudoc.echr.coe.int/eng?i=001-60643):

 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

ԷԴ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան