ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Ն-1145-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/6 (1082) 31 մարտ, Հոդ. 60
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`

բ. արարքցյան


27 մարտի 1995 թվականի,
քաղ. Երևան
Հ. Ն-1145-I.

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀՀ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Տնտեսության մեջ առկա միտումների տեսանկյունից 1994 թվականը առանձնահատուկ է մի շարք առումներով: Մշակված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում խնդիր էր դրվել կասեցնել տնտեսական անկումը, կառավարելի դարձնել սղաճը, նախադրյալներ ստեղծել բարեփոխումների աշխուժացման համար: Եվ թեև առկա արտաքին գործոնները մնացել էին անփոփոխ և չէին կորցրել իրենց նշանակությունը` անցման շրջանին հատուկ դժվարությունները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվեց ոչ միայն կասեցնել տնտեսական անկումը, այլև ապահովվեց որոշակի տնտեսական աճ:

Էական տեղաշարժ կատարվեց իրականացվող բյուջետային քաղաքականության կոշտացման առումով, բյուջեն ոչ իրեն հատուկ ծախսերից ձերբազատման, բյուջեի ճեղքվածքի կրճատման առումով, ձեռնարկվեցին միջոցառումներ հարկային քաղաքականության ամբողջականացման և հարկային լծակների առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

Այս պատճառով էականորեն նվազեց 1994 թվականի բյուջեի դեֆիցիտը, որը ՀՆԱ-ի նկատմամբ առաջին եռամսյակի 31%-ից նվազել է` տարվա վերջին կազմելով 15%: Այս դրական տեղաշարժի շնորհիվ հնարավոր դարձավ իջեցնել նաև դրամական բազայի աճը, որը տարվա վերջին` տարվա սկզբի 180%-ից նվազեց մինչև 48,8%:

1994 թվականի տնտեսական կայունացման տարրերից են նաև վճարային հաշվեկշռի դեֆիցիտի և դրա հետ կապված ընթացիկ գործառնությունների կառուցվածքում լուրջ փոփոխությունները: Ճիշտ է, արտահանման ծավալներն աճել են ավելի դանդաղ, քան ներմուծմանը, սակայն պաշտոնական տրանսֆերտների, արտաքին ֆինանսական օգնության ծավալների աճը և այն, որ կառավարությունը ձեռնպահ է մնացել կարճաժամկետ ոչ արտոնյալ վարկեր վերցնելուց, հնարավորություն տվեց նաև չավելացնել վճարային հաշվեկշռի դեֆիցիտը:

Ըստ էության, 1994 թվականն առաջին տարին էր, երբ ՀՀ կենտրոնական բանկը իրականացրեց ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն: Առաջին անգամ կազմվեց և ներկայացվեց դրամավարկային քաղաքականության ծրագիր, որը հնարավորություն տվեց իրականացնել հավասարակշռված տնտեսական քաղաքականություն: Այս հանգամանքը անդրադարձավ սղաճի կառավարելիության և ՀՀ դրամի փոխարժեքի կայունացման վրա:

Ազգային դրամին անցնելուց հետո ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն իրականացվել է որակապես նոր պայմաններում: «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, դրամավարկային քաղաքականությունը նպատակաուղղվել է սղաճի զսպմանը և վերահսկելի դարձնելուն, կայուն և արդյունավետ բանկային համակարգի, ինչպես նաև տնտեսության բնականոն աշխատանքը ապահովելու համար ֆինանսական պայմանների ստեղծմանը: Այս խնդիրները հիմք հանդիսացան բավական կոշտ դրամավարկային քաղաքականության, որը որդեգրեց ՀՀ կենտրոնական բանկը:

Դրամավարկային քաղաքականությունը իրականացվել է` հաշվի առնելով հետևյալ գործոնները.

- պետական բյուջեի դեֆիցիտի վարկավորումը, որը իրականացվել է 4,7 միլիարդ դրամ գումարով` ՀՀ Գերագույն խորհրդի կողմից հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրով և լրացուցիչ 3,2 միլիարդ դրամ գումարով` ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ.

- կոշտ դրամավարկային քաղաքականությանն ուղղված միջոցառումները ՀՀ կառավարության կողմից վարվող հարկաբյուջետային քաղաքականության հետ համատեղելու անհրաժեշտությունը.

- ՀՀ կենտրոնական բանկում արժութային պահուստների ստեղծման անհրաժեշտությունը, որի նպատակով ոսկու ձուլակտորների ձեռքբերման համար հատկացվել է 951,6 միլիոն դրամ.

- պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հետ կապված ՀՀ կենտրոնական բանկի ֆունկցիաների իրականացումը, որի արտացոլումը 300 միլիոն դրամ գումարով արժեթղթերի գնումն էր.

- տարվա սկզբից բարձր սղաճի պայմաններում դրական տոկոսադրույքի սահմանումը.

- բարձր սղաճի պայմաններում համարժեք փոխարժեքների սահմանումը.

- բանկային կայուն համակարգի ստեղծումը.

- ազգային արժույթի` դրամի շրջանառության ոլորտների ընդլայնումը.

- հանրապետության տարածքում գործող բանկերի համար ՀՀ կենտրոնական բանկում պարտադիր պահուստների ստեղծման անհրաժեշտությունը, այդ թվում` սույն թվականի նոյեմբերի 1-ից` արտարժութային միջոցներով:

ՀՀ կենտրոնական բանկը, սահմանելով ՀՀ տարածքում վարկերի տրամադրման միասնական նվազագույն տոկոսադրույքը` տարեկան 360 տոկոս (ներառյալ առևտրային բանկերի սեփական և ներգրավված միջոցների հաշվին տրամադրված վարկերը) և տանելով ներքին արժութային շուկայում ակտիվ քաղաքականություն, առավելագույնս նպաստեց դրամի արժեքի բարձրացմանը և կայուն փոխարժեքի հաստատմանը: Հունիս ամսվանից սկսած աստիճանաբար հաստատվեց ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման դրական տոկոսադրույքը, այսինքն` այն սկսեց գերազանցել սղաճի տեմպերը:

1994 թվականի առանձնահատկություններից է նաև հանրապետությունում ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև փոխադարձ հաշվարկների գծով պարտքերի կտրուկ աճը, որը բացասաբար անդրադարձավ առևտրային բանկերի ֆինանսական վիճակի և նրանց իրացվելիության կարգավորման վրա: 1994 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխադարձ հաշվարկների գծով չվճարումները կազմել են 45,5 միլիարդ դրամ: Դրանց նվազեցման համար իրականացվել են պարբերական փոխհաշվանցումներ, ներհանրապետական քլիրինգ և ներդրվել է էներգակիրների ներմուծման համար կանխավճարային մեխանիզմ:

Շրջանառությունում դրամական զանգվածի աճի սահմանափակումը, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից սպառողական շուկայում ապրանքային ծածկույթի, ինչպես նաև ներմուծման ծավալների ավելացումը և գյուղատնտեսական ապրանքների շուկայի սեզոնային ընդլայնումը նպաստեցին սղաճի զսպմանը, որը հունիս-նոյեմբեր ամիսներին կազմել է միջին ամսական 7,2 տոկոս` հունվար-մայիս ամիսներին միջին ամսական 40,5 տոկոսի դիմաց: Այս պայմաններում կարևոր նախադրյալներ են ստեղծվում գործունեության հետագա աշխուժացման համար:

Տնտեսությունում վարկային պահանջարկի գնահատման, բանկերի վարկավորման հնարավորությունների ընդլայնման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը 1994 թվականի մայիսից սահմանեց միջբանկային վարկային սակարկությունների միջոցով վարկերի տրամադրման կարգը, որը թույլ տվեց վերացնել վերը նշված տոկոսային սահմանափակումը և հնարավորություն ընձեռեց իրական շուկայական տոկոսադրույքի հաստատման համար: Նշված սակարկությունների միջոցով ՀՀ կենտրոնական բանկը հանրապետության տարածքում գործող բանկերին տրամադրել է վարկային ռեսուրս` 810,2 միլիոն դրամ ընդհանուր գումարով: Ստեղծվող նոր վարկային շուկայում Հայաստանի բանկը հնարավորություն ստացավ իրականացնելու բանկերի վերաֆինանսավորման իրեն բնորոշ կարգավորման ֆունկցիան, որը ուղղակի վարկավորման պարագայում չէր ծառայում իրական տոկոսադրույքի սահմանմանը:

Ելնելով հանրապետությունում իրական վարկային շուկայի ձևավորման անհրաժեշտությունից` ՀՀ կենտրոնական բանկը 1994 թվականի ընթացքում ձեռնարկեց մի շարք միջոցառումներ` վերաֆինանսավորման վարկերի տրամադրման, միջբանկային վարկային սակարկությունների կազմակերպման և անցկացման, միջազգային բանկային պրակտիկայում գոյություն ունեցող վարկավորման օվերդրաֆտային, լոմբարդային և այլ ձևերի կիրառման ուղղությամբ, ինչը պահանջում էր ստեղծել և գործածության մեջ դնել ինչպես ՀՀ կենտրոնական բանկի, այնպես էլ այլ վարկատու բանկերի համար վարկերի վերադարձելիության երաշխիքներ: Դրա հետևանքով, առանձին դեպքերում, ստեղծվեցին հնարավոր վնասների առաջացման նախադրյալներ: Դրա հետ մեկտեղ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանն աղետի գոտու վերականգնման նպատակով տրամադրված 28,8 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկի օգտագործման համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից շինարարական կազմակերպություններին տրված երաշխիքները նույնպես հանդիսացան վնասների առաջացման աղբյուր:

1995 թվականին վարկային շուկայի զարգացման և կայունացման միտումները շարունակելու, ինչպես նաև աղետի գոտու վերականգնման աշխատանքների անխափան իրականացման կապակցությամբ անհրաժեշտ է 1995 թվականի ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական ծրագրում նախատեսել պահուստային ֆոնդի ձևավորում` մինչև 600 միլիոն դրամ գումարով:

1994 թվականի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը հետևողական քաղաքականություն է տարել Հայաստանում ներքին արժութային շուկայի ստեղծման և կանոնակարգման բնագավառում, որի հետևանքով կայունացավ միջբանկային արժութային սակարկությունների ինստիտուտը: Այսպես, սակարկությունների հաճախականությունը ամսական երկու անգամից (հունվար) հասցվել է շաբաթական երկու անգամի, գործարքների իրականացման ժամկետը 22 օրից հասցվել է 4 օրվա, իսկ սակարկությունների ընթացքում իրացվող արտարժույթի ծավալը հասցվել է ամսական մինչև 5,0 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի: ՀՀ կենտրոնական բանկին հաջողվել է, ըստ էության, ապահովել ՀՀ ազգային արժույթի` դրամի ներքին փոխարկելիությունը:

Նշված միջոցառումները խրախուսեցին բանկերին նաև ընդլայնել անկանխիկ ձևով իրականացվող հաշվարկների ծավալները, ինչը ավելացրեց անկանխիկ արտարժույթի պահանջարկը` նվազեցնելով ճնշումը կանխիկ շուկայում: Ներկայումս ձևավորված իրավիճակում արդեն հաջողվել է հաշվեկշռել արտարժույթի կանխիկ և անկանխիկ շուկան, ինչը թույլ տվեց անցնել միասնական շուկայական փոխարժեքների հաստատմանը, որի ապացույցն է այն փաստը, որ կանխիկ և անկանխիկ արտարժույթների` դրամի նկատմամբ փոխարժեքների տարբերությունը 33 տոկոսից (հունվար) նվազել է մինչև 4 տոկոս (դեկտեմբեր):

Կենտրոնական բանկի արժութային քաղաքականության նպատակներից էր նաև արտաքին շուկայում ՀՀ դրամի գնանշումը: Այս ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում հաջողվեց մասնավորապես պայմանավորվածություն ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի հետ, և սեպտեմբեր ամսից սկսած վերջինս սահմանում է ՀՀ դրամի նկատմամբ ռուբլու պաշտոնական փոխարժեքը: ԱՊՀ անդամ և Մերձբալթյան երկրների կենտրոնական բանկերի հետ կնքվել են նաև միջպետական վարկերի սպասարկման և փոխադարձ հաշվարկների կազմակերպման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր, որոնք կնպաստեն միջպետական տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը:

1994 թվականի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել և գործողության մեջ են դրվել բանկային գործունեությունը կարգավորող մի շարք նորմատիվ ակտեր, մասնավորապես հաշվարկային չեկերով գործառնություններ կատարելու, բանկերում պահուստային ֆոնդի ձևավորման, ՀՀ բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների և դրանց խախտումների դեպքում պատժամիջոցների կիրառման կարգերը, բանկերի կանոնադրական կապիտալի նվազագույն չափի, նրանց կողմից իրականացվող պարտադիր ծառայությունների, հաշվետվությունների հրապարակման մասին որոշումները: Բանկերի ֆինանսական կացության ուսումնասիրության արդյունքում մի շարք բանկերի պարտավորեցվել է ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ապահովվածությունը համապատասխան ակտիվներով հասցնել ոչ պակաս, քան 50 տոկոսի, անվավեր են ճանաչվել թվով 9 բանկերի տրված արտոնագրերը: Այս ամենը ենթադրում էր նաև ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքում ունենալ արդյունավետ գործող վերահսկողական ապարատ, որը նույնպես ստեղծվել է 1994 թվականի ընթացքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճարումների ոչ արդյունավետ համակարգը խոչընդոտում է կարճաժամկետ կապիտալների շուկայի զարգացմանը, կասեցնում է տնտեսական ակտիվությունը և քայքայում վստահությունը ամբողջ ֆինանսական համակարգի նկատմամբ, ՀՀ կենտրոնական բանկը ձեռնամուխ է եղել քլիրինգային հաշվարկային համակարգի ստեղծմանը, որի շահագործումը հնարավորություն տվեց Երևան քաղաքում վճարումները իրականացնել ոչ ուշ, քան 3, իսկ առաջիկայում` 1 օրվա ընթացքում: Ներկայումս աշխատանքներ են ծավալվել Հայաստանում էլեկտրոնային վճարումների համակարգի ստեղծման ուղղությամբ, բանակցություններ են արվում միջազգային մի շարք կազմակերպությունների հետ` համապատասխան օժանդակություն ստանալու նպատակով:

Այսպիսով, 1994 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարած դրամավարկային քաղաքականության արդյունքում ձեռք են բերվել հետևյալ սահմանային ցուցանիշները (առ 31.12.1994 թվականի դրությամբ).

- ՀՀ կենտրոնական բանկի դրամական բազա - 14672,0 միլիոն դրամ (առավելագույն սահմանը).

- ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվներ - 11675,0 միլիոն դրամ (առավելագույն սահմանը).

այդ թվում`

- պետական կառավարման հատվածի պարտավորությունները ՀՀ կենտրոնական բանկի հանդեպ - 8532,0 միլիոն դրամ.

- ՀՀ տարածքում գործող բանկերի պարտավորությունները ՀՀ կենտրոնական բանկի հանդեպ - 3009,0 միլիոն դրամ.

- շրջանառության մեջ դրամական զանգվածը - 34280,0 միլիոն դրամ (առավելագույն սահմանը).

- ՀՀ կենտրոնական բանկի զուտ արտաքին ակտիվները - 2800,0 միլիոն դրամ (նվազագույն սահմանը).

- համախառն արտաքին պահուստները - 12240,0 միլիոն դրամ (30,6 միլիոն ԱՄՆ դոլար, նվազագույն սահմանը).

- ամսական սղաճը ըստ եռամսյակների`

I

II

III

IV

 

48,5%

40,9%

2,7%

21,6%

 

 

 

- ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին ամսական արժեզրկումը ըստ եռամսյակների`
I II III IV
39,8% 16,7% 3% 6,6%

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի դրամավարկային քաղաքականության հիմնախնդիրներն են`

ա) ֆինանսական կայունության ապահովում և սղաճի կրճատում տարեվերջին մինչև ամսական 1 տոկոս,

բ) համախառն արտաքին պահուստների աճի ապահովում,

գ) վարկերի բաշխման շուկայական քաղաքականության միջոցով տնտեսությունում վարկավորման արդյունավետ մեխանիզմների ձևավորում,

դ) «լողացող» փոխարժեքների քաղաքականության շարունակում:

Տնտեսության կայունացման 1995 թվականի ծրագրին համապատասխան ՀՀ կենտրոնական բանկը ընդունել է դրամավարկային քաղաքականության տարեկան ու եռամսյակային ցուցանիշների և միջոցառումների ծրագիր:

Շրջանառությունում դրամական զանգվածի ծավալը, հաշվի առնելով դրամական բազայի դինամիկան և դրամական բազմապատկիչի համեմատաբար կայուն մակարդակը, 1995 թվականի վերջին, ըստ կանխատեսումային գնահատականի, կկազմի շուրջ 52873,0 միլիոն դրամ: Ըստ որում, դրամական զանգվածը 1995 թվականի մարտի 31-ին կկազմի 38980,0 միլիոն դրամ, հունիսի 30-ին` 43557,0 միլիոն դրամ, սեպտեմբերի 30-ին` 49750,0 միլիոն դրամ:

1995 թվականի ընթացքում շրջանառությունում դրամական զանգվածի կառավարումը կիրագործվի ՀՀ կենտրոնական բանկի դրամական բազայի կարգավորման և վերահսկման միջոցով, որի առավելագույն ցուցանիշը տարեվերջին կկազմի շուրջ 19698,0 միլիոն դրամ, այդ թվում` մարտի 31-ին` 15440,0 միլիոն դրամ, հունիսի 30-ին` 16761,0 միլիոն դրամ, սեպտեմբերի 30-ին` 19083,0 միլիոն դրամ: Դրամական զանգվածի և բազայի աճի կանխատեսումային ցուցանիշներին համապատասխան, բանկային համակարգի և ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվների ծավալը 1995 թվականի մարտին համապատասխանաբար կկազմի շուրջ 31983,0 և 16064,0 միլիոն դրամ, հունիսի 30-ին` 32820,0 և 13645,0 միլիոն դրամ, սեպտեմբերի 30-ին` 34152,0 և 12706,0 միլիոն դրամ, իսկ տարեվերջին` 36235,0 և 13881,0 միլիոն դրամ:

1995 թվականի առաջին եռամսյակում սղաճի միջին ամսական 7,2 տոկոսի դեպքում դրամական բազայի աճը կկազմի 5,2 տոկոս: Սակայն ապրիլ և հուլիս ամիսներին նվազագույն և բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձի բարձրացման, ինչպես նաև հացի գների ազատականացման հետևանքով հետագա ամիսներին դրամական բազայի աճը կգերազանցի սղաճի տեմպը միջին հաշվով 2,6 անգամ: Միևնույն ժամանակ, սպառողական գների ինդեքսի միջին տարեկան 65 տոկոս աճի պայմաններում դրամական զանգվածը և բազան կաճեն համապատասխանաբար 54,0 և 34,0 տոկոսով:

1995 թվականի ընթացքում դրամական զանգվածը կսպասարկի շուրջ 349,0 միլիարդ դրամ համախառն ներքին արդյունք կամ միջին հաշվով մեկ դրամը` 6,6 դրամ համախառն ներքին արդյունք:

Համախառն ներքին արդյունքի ավելացման հետ կապված` դրամի շրջապտույտի արագությունը համեմատաբար կաճի երրորդ եռամսյակում:

1995 թվականին ՀՀ կենտրոնական բանկի վարկային քաղաքականությունը կուղղվի ուղղակի վարկավորման վերացմանը և վարկային աճուրդների ու շուկայական համակարգին բնորոշ մեխանիզմների կիրառմանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից կզարգացվի վարկային ռեսուրսների առաջնային շուկան, իսկ երկրորդային շուկան կգործի ինքնուրույնաբար: Վերջինիս արդյունավետ գործունեության համար բանկերը շահագրգռված կլինեն ստեղծելու վարկերի ապահովագրման ինստիտուտներ: ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ ՀՀ տարածքում գործող բանկերի պարտավորությունների առավելագույն ցուցանիշը 1995 թվականի վերջի դրությամբ կկազմի 6051,0 միլիոն դրամ, այդ թվում` առաջին եռամսյակին` 3719,0 միլիոն դրամ, երկրորդին` 4241,0 միլիոն դրամ, իսկ երրորդին` 5301,0 միլիոն դրամ:

Դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմնական բաղադրամասերից է ՀՀ կենտրոնական բանկի կողմից կառավարության և տնտեսության վարկավորման հարաբերակցության կտրուկ փոփոխությունը վերջինիս օգտին: 1995 թվականի առաջին և չորրորդ եռամսյակներում պետական կառավարման հատվածին ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվելիք վարկերի գումարների առավելագույն սահմանները կկազմեն համապատասխանաբար 3679,0 և 424,0 միլիոն դրամ: Երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում վարկեր չեն տրամադրվի, իսկ նախկինում տրամադրված վարկերը կմարվեն` համապատասխանաբար 2941,0 և 1999,0 միլիոն դրամ:

Վարկային քաղաքականության հիմնախնդիրների լուծման` վարկային ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխման համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը կհենվի վարկային ռեսուրսների բաշխման և տոկոսադրույքների սահմանման շուկայական մեթոդների վրա և կդադարեցնի ճյուղային կտրվածքով` նպատակային վարկերի տրամադրումը:

1995 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի իրականացման արդյունքում ձեռք կբերվեն հետևյալ առավելագույն սահմանաքանակները:

 

(միլիոն դրամ)

 

տարեկան

եռամսյակային

   

I

II

III

IV

ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվներ

13881

16064

13645

12706

13881

ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ պետական կառավարման հատվածի պարտավորությունները

7695

12211

9270 

7271 

7695

ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կենտրոնացված վարկային ռեսուրսների հաշվին հատկացվող վարկը և նախկինում հատկացված վարկերի մարումները

-837

3679

-2941

-1999

424

 

Դրամավարկային քաղաքականության իրագործման նպատակով 1995 թվականի ընթացքում կիրականացվեն հետևյալ միջոցառումները.

- ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի ամենշաբաթյա վարկային սակարկությունների անցկացումը և, անհրաժեշտության դեպքում, կավելացնի դրանց անցկացման հաճախականությունը: Սակարկություններում վաճառվող վարկերի ծավալները կհամապատասխանեցվեն դրամավարկային քաղաքականության ծրագրով ընդունված սահմանաքանակներին.

- ՀՀ կենտրոնական բանկը 1995 թվականի հունվարի 1-ից կդադարեցնի նպատակային վարկերի տրամադրումը.

- ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող բոլոր վարկերը, ներառյալ օվերդրաֆտը, կհամապատասխանեցվեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանվող ամսական նպատակային ցուցանիշներին: Կդադարեցվի ՀՀ կենտրոնական բանկի բոլոր տեսակի վարկերի անարգել ստացումը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից օվերդրաֆտը կթույլատրվի միայն վերաֆինանսավորման դրույքից մեկ երրորդով բարձր տոկոսադրույքով.

- Կխստացվի ծանր վիճակում գտնվող կամ անվճարունակ բանկերի մասնակցությունը միջբանկային վարկային սակարկություններին (համապատասխան նորմատիվների միջոցով).

- 1995 թվականի ապրիլի 1-ից ՀՀ կենտրոնական բանկը կդադարեցնի վարկային սակարկություններում վաճառված վարկերի մարման երաշխիքներ տրամադրելու ներկայիս պրակտիկան.

- Ֆինանսական շուկայի զարգացման կարևոր տարր կհանդիսանա պետական արժեթղթերի շուկայի և դրա միջոցով արժեթղթերի երկրորդային շուկայի զարգացումը.

- 1995 թվականի ապրիլի 1-ից բոլոր բանկերի, այդ թվում` Հայխնայբանկի կողմից, կապահովվեն դեպոզիտների գծով պահուստային պահանջները: Վերջինիս դեպոզիտների վրա պահուստային պահանջները կտարածվեն 1995 թվականի ապրիլի 1-ից և 1995 թվականի հուլիսի 1-ին կհասնեն 15 տոկոսի` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետացանկին համապատասխան: ՀՀ կենտրոնական բանկը չի օգտագործի արտարժութային պարտադիր պահուստները, սակայն կարճաժամկետ դեպոզիտների ձևով դրանք կպահի օտարերկրյա հուսալի բանկերում.

- Կպահպանվի ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի դրական մակարդակը սղաճի տեմպերի նկատմամբ.

- ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարվա ընթացքում կճշգրտվի` վարկային աճուրդների արդյունքներով որոշվող դրույքին համապատասխանեցնելու համար: Վարկային աճուրդների արդյունքներով ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իրական արտահայտությամբ, բացասական լինելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը կխստացնի վարկային քաղաքականությունը.

- ՀՀ կենտրոնական բանկը կնպաստի դեպոզիտների ներգրավման գործում բանկերի մրցակցության աշխուժացմանը, ինչպես նաև դեպոզիտների գծով սղաճի տեմպերից բարձր շուկայական տոկոսադրույքների ձևավորմանը.

- Բանկերի հուսալիությունը բարձրացնելու նպատակով 1995 թվականի ապրիլին նրանց կանոնադրական կապիտալները կհասցվեն 100,0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի, հիմք կդրվի առևտրային բանկերի պահուստային ֆոնդի ձևավորման համար.

- Կբարելավվի առևտրային բանկերի հաշվապահական հաշվառումը և կներդրվեն ֆինանսական հաշվետվությունների նոր ձևեր, որոնք կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:

- ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի երաշխավորությամբ արտասահմանից ստացված ոչ արտոնյալ պայմաններով 1-12 տարի մարման ժամկետով վարկերի գումարները չեն գերազանցի 162 միլիոն ԱՄՆ դոլարը` 1995 թվականի հունիսի վերջին, որից 1-5 տարի մարման ժամկետով ստացված կամ երաշխավորված վարկերը` 100 միլիոն ԱՄՆ դոլարը: Բացի դրանից, մինչև մեկ տարի, ներառյալ մարման ժամկետով պարտքի ծավալը, (բացառությամբ առևտրի հետ կապված սովորական վարկերի) չի գերազանցի 4 միլիոն ԱՄՆ դոլարը` 1995 թվականի հունիսի վերջի դրությամբ.

- ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ կառավարության հետ չի կուտակի արտաքին վճարումների գծով ժամկետանց պարտքեր.

- Համախառն արտաքին ակտիվների ծավալը 1995 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կկազմի մինչև 61,3 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը հանրապետությանը կապահովի 1,6 ամսվա անհրաժեշտ ներմուծումը.

- ՀՀ կենտրոնական բանկի զուտ արտաքին ակտիվների ծավալը 1995 թվականի վերջին կկազմի ոչ պակաս, քան 14,1 միլիոն ԱՄՆ դոլար, այդ թվում` հունիսի 30-ի դրությամբ` 7,3 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս.

- ՀՀ կենտրոնական բանկը կձեռնարկի միջոցառումներ ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների և թանկարժեք բնական քարերի շուկայի ստեղծման, ինչպես նաև ոչ ռեզիդենտների կողմից ՀՀ տարածքում ֆինանսական գործառնությունների կանոնակարգման նպատակով.

- 1995 թվականի հունվարի 1-ից ՀՀ ձեռնարկությունների արտարժութային հասույթի 30 տոկոսի պարտադիր վաճառքը կիրականացվի սակարկությունների միջոցով, իսկ ապրիլի 1-ից ընդհանրապես կվերացվի պարտադիր վաճառքի իրականացումը.

- 1995 թվականի հունվարի 1-ից ՀՀ ձեռնարկությունների արտարժութային հասույթի 30 տոկոսի պարտադիր վաճառքը կիրականացվի սակարկությունների միջոցով, իսկ ապրիլի 1-ից ընդհանրապես կվերացվի պարտադիր վաճառքի իրականացումը.

- Կձևափոխվի ՀՀ կենտրոնական բանկի համախառն արտաքին ակտիվների կառուցվածքը, կգնահատվեն արտարժութային պորտֆելի թույլատրելի ռիսկի սահմանները (հաշվի առնելով այլ ազատ փոխարկելի արտարժույթները` գերմանական մարկը, անգլիական ֆունտ ստեռլինգը, ֆրանսիական ֆրանկը, ճապոնական իենը).

- Կստեղծվեն նախադրյալներ` տարվա երկրորդ կեսին ազատ միջբանկային արտարժութային շուկայի ձևավորման համար.

- Կխստացվեն բանկային օրենսդրական խախտումների համար բանկերի նկատմամբ պատժամիջոցները.

- Կներդրվեն բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների նոր ձևեր և անալիտիկ հաշվառման սկզբնական փաստաթղթեր.

- Կկիրառվի քաղաքացիների ավանդների պարտադիր ապահովագրական ֆոնդերի ձևավորման կարգ.

- Կընդունվեն վարկային և ավանդային պայմանագրերի միասնական տիպային ձևեր.

- Կմշակվեն ըստ կանոնադրական կապիտալի ձևավորման և պատկանելության, գործունեության ոլորտների, պետական մասնագիտացված և ճյուղային ուղղվածություն ունեցող բանկերի ստեղծման դասակարգման կարգեր.

- Բանկային համակարգի զարգացմանը զուգընթաց կներդրվի տնտեսական նորմատիվների նոր համակարգ.

- Կիրականացվի բանկերում բացված և վարվող հաշվարկային, վարկային և արտարժութային հաշիվների գույքագրում.

- Կշարունակվեն բանկային համակարգի կայունացմանն ուղղված վերահսկողական աշխատանքները.

- Կսկսվեն էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրման, հաշվարկային համակարգի հեռանկարային ծրագրի մշակման աշխատանքները, որոնց իրագործման համար անհրաժեշտ կլինի ՀՀ Գերագույն խորհրդի կողմից էլեկտրոնային վճարումների մասին օրենքի ընդունումը:

ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը սերտորեն կապված է ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի մեծության և վերջինիս արտաքին ֆինանսավորման չափաքանակների հետ: 1995 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունները կձևավորվեն երեք հիմնական ուղղություններով`

1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով վարկերի տրամադրում:

2. Դրամական բազայի կարգավորման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության հետ օպերատիվ աշխատանքների կազմակերպում պետական պարտատոմսերի տեղաբաշխման, ՀՀ ներքին և արտաքին պարտքի սպասարկման, ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ կառավարության դեպոզիտների (այդ թվում` արտարժութային) կառավարման բնագավառում:

3. Հանրապետական բյուջեի դրամարկղային սպասարկում:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով վարկերի չափաքանակներ սահմանելիս, որպես գործոններ, հաշվի են առնվել բյուջեի արտաքին ֆինանսավորումը, նախկինում ՀՀ կենտրոնական բանկի կողմից արված վարկերի ու դրանց տոկոսադրույքների մարումը և ներքին զուտ ակտիվների չափաքանակները:

ՀՀ կենտրոնական բանկը 1995 թվականի ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանը կտրամադրի 4103,0 միլիոն դրամ, որից 3679,0 միլիոն դրամը` առաջին եռամսյակի ընթացքում: Հետագայում, բյուջեի արտաքին ֆինանսավորման աճի պայմաններում, կսկսեն մարվել նախկինում տրամադրված վարկերը, որի հետևանքով ՀՀ կառավարության պարտավորությունները ՀՀ կենտրոնական բանկի հանդեպ տարվա վերջին, տարվա սկզբի հետ համեմատած, կնվազեն 37 տոկոսով, այսինքն` ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվները ՀՀ կառավարության գծով 12211,0 միլիոն դրամից կհասնեն մինչև 7695,0 միլիոն դրամի:

Բացի այդ, ՀՀ պետական բյուջեն ունի նաև 1992, 1993 և 1994 թվականներին տրված վարկերի գծով պարտավորություններ, որոնց կատարումը նախատեսված է 1995 թվականի ընթացքում և կկազմի 14583,0 միլիոն դրամ (4940,0 միլիոն դրամը վարկերի մարումից և 9670,0 միլիոն դրամը տոկոսագումարների վճարումից): Այս պարագաներում անհրաժեշտ կլինի նաև դիմել ՀՀ Գերագույն խորհրդին` 1994 թվականի նոյեմբերին տրամադրված 3,2 միլիարդ դրամ գումարով վարկի մարման ժամկետը 1996 թվական փոխադրելու առաջարկությամբ: Նույնը վերաբերվում է նաև 1995 թվականին տրամադրվելիք վարկերին: Մնացած մարումները կիրականացվեն ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցման հաշվին, որը եռամսյակը մեկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կփոխանցվի պետական բյուջե:

Ինչ վերաբերում է 1995 թվականի ընթացքում տրամադրվելիք վարկերի տոկոսագումարների վճարմանը, ապա այն կիրականացվի ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև փոխադարձ հաշվանցման միջոցով:

Դրամական բազայի կարգավորման տեսանկյունից անհրաժեշտ կլինի օպերատիվ տեղեկություններ ստանալ ՀՀ պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ կառավարության արտարժութային միջոցների շարժի վերաբերյալ, որը, հանդիսանալով ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվների մի մասը, ցանկացած փոփոխության դեպքում կարող է հանգեցնել դրամական բազայի անցանկալի աճի:

1995 թվականին ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի գործող կարգով պետական բյուջեի դրամավարկային սպասարկումը` առանձնակի ուշադրություն դարձնելով առևտրային բանկերի կողմից բյուջետային հաշիվների սպասարկման բավարար մակարդակի ապահովմանը: Միաժամանակ ՀՀ կենտրոնական բանկը ակտիվորեն կմասնակցի 1996 թվականին պետական բյուջեի դրամարկղային կատարման գանձապետական համակարգի ներդրման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարվող նախապատրաստական աշխատանքներին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան