ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՖԼՈՐԱ-1» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2026 թվականի N 55-Ա

 

«ՖԼՈՐԱ-1» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 48.1-ին հոդվածով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի Մոսկովյան փողոց 4 (0.047752 հա), Աբովյան փողոց 36/2 (0.05905 հա), Աբովյան փողոց 36/3 (0.027412 հա) և Իսահակյան փողոց 1/3 (0.035914 հա) հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով «ՕՐԻԵՆԹ ԿԱՖԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18092018-01-0216, հ.18092018-01-0200, 18092018-01-0227 և 18092018-01-0220 վկայականներ) շինությունները քանդելուց և դրանց նկատմամբ գրանցված իրավունքը դադարեցնելուց հետո, Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող՝ Երիտասարդության զբոսայգու 3-րդ հատվածում գտնվող 703.6 քառ. մ մակերեսով հողամասը (այսուհետ՝ հողամաս) առանց մրցույթի, 35 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով՝ հասարակական նպատակային նշանակության շինության կառուցման նպատակով, «ՖԼՈՐԱ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) տրամադրելուն՝ համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծի։ Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանել Երևան քաղաքի ավագանու կողմից հաստատված դրույքաչափերին համապատասխան:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և տարածքում սեփականության իրավունքով «ՕՐԻԵՆԹ ԿԱՖԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող շինությունները քանդելուց հետո, երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված 703.6 քառ. մ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով հետևյալ հիմնական պայմանները՝

1) ընկերությունը պարտավորվում է իրականացնել Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածի շուրջ 4360 քառ. մ մակերեսով հողամասում այգու վերակառուցման, բարեկարգման, կանաչապատման և արդիականացման աշխատանքներ, որի նպատակով վերակառուցվելու է զբոսայգին՝ ճեմուղիներով, համապատասխան կահավորանքով և լուսավորությամբ, այդ թվում՝ ապահովել գոյություն ունեցող հուշարձանների լուսավորումն ու բարեկարգել դրանց հարակից տարածքները, բուժել ու թարմացնել գոյություն ունեցող ծառերն ու թփերը, տնկել նոր ծառեր և թփեր, կառուցել արհեստական ջրավազան, ստեղծել կաթիլային և (կամ) այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ոռոգման համակարգ, ինչպես նաև իրականացնել այլ աշխատանքներ՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված և հաստատված նախագծի ու պայմանագրի.

2) հողամասը կարող է օգտագործվել բացառապես սույն որոշման 1-ին կետով նախատեսված շինության կառուցման, զբոսայգու կազմակերպման նպատակով և դրանց նպատակային և գործառնական նշանակություններին համապատասխան, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները.

3) ընկերությունը պարտավորվում է կատարել առնվազն 650 000 000 (վեց հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով ներդրում, որից 600 000 000 (վեց հարյուր միլիոն) ՀՀ դրամը ներդրվելու է մեկ հասարակական նպատակային նշանակության շինության կառուցմանը, ներառյալ՝ դրա շահագործման ապահովման համար անհրաժեշտ սարքերի, սարքավորումների և կահավորման գույքի ձեռքբերումը, իսկ 50 000 000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամն ուղղվելու է տարածքի զբոսայգու վերակառուցմանը: Բացի այդ, պայմանագրի գործողության ընթացքում, իր միջոցների հաշվին պարտավորվում է նաև պահպանել և ապահովել տարածքի մաքրությունը, սանիտարական վիճակը, գեղագիտական տեսքի պահպանումն ու բարելավումը, ոռոգման, ջրահեռացման և արտաքին լուսավորության համակարգերի անխափան և արդյունավետ գործունեությունը, կանաչապատման համար նախատեսված տարածքների, սիզամարգերի, բուսածածկերի կանաչապատումը և դրանց անհրաժեշտ խնամքն ու պահպանումը, կառուցվող և տեղադրվող բոլոր կառույցները, սալիկապատված հատվածները և ճեմուղիները, ինչպես նաև դրանց ընթացիկ նորոգումը, վերականգնումը, ըստ անհրաժեշտության նորով փոխարինումը, բարեկարգ և պատշաճ արտաքին տեսքը, սպասարկումը և շահագործումը՝ դրանց նշանակությանը համապատասխան.

4) ընկերությունը պարտավոր է իրականացնել նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան 36 (երեսունվեց) ամսվա ընթացքում.

5) պայմանագիրը կարող է վաղաժամ միակողմանի լուծվել և իրավունքը դադարեցվել պայմանագրի հիմնական պայմանները խախտելու, դրանք չկատարելու կամ ոչ ամբողջական կատարելու, կամ սահմանված ժամկետները խախտելու դեպքում, որի արդյունքում իրականացված ներդրումները և կատարված ցանկացած բնույթի ծախսերը փոխհատուցման ենթակա չեն, ինչպես նաև ընկերությունը պարտավորվում է վճարել տուգանք՝ 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով.

6) հողամասի նկատմամբ ընկերության կառուցապատման իրավունքի գրանցման հետ միաժամանակ գրանցվում են նաև պայմանագրի հիմնական պայմաններով սահմանված պայմանագրային պարտավորությունները՝ որպես սահմանափակումներ, որոնք նույն ծավալով և պայմաններով փոխանցելի են հողամասի կամ դրա որևէ մասի նկատմամբ հետագայում ցանկացած հիմքով կառուցապատման իրավունքը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որևէ այլ գույքային իրավունք ձեռք բերողներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան