ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԴՈԿՏՐԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 16-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.01.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2026 թվականի N 16-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԴՈԿՏՐԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 152-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունվարի 8-ի N 16-Լ որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_24529

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ 1. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 2. ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՐԱԴԻԳՄ

 

ԳԼՈՒԽ 3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

ԳԼՈՒԽ 5. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

ԳԼՈՒԽ 6. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը ներկայանում է որպես զարգացման ուղենիշ, որի նպատակն է վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքն ու պետական ինստիտուտները։ Գլոբալ շուկաների արագ փոփոխվող պայմանները, տեխնոլոգիական մրցակցությունը, աշխարհաքաղաքական ռիսկերը և ժողովրդագրական միտումները պահանջում են պետական կառավարման ու տնտեսական քաղաքականության ավելի համակարգային և կանխատեսելի մոտեցում։ Այս դոկտրինը միտված է ապահովելու անցումը արձագանքող և հատվածային քաղաքականությունից դեպի նպատակային և նախապես որոշված տնտեսական մոդելի, որտեղ տնտեսական զարգացումը դիտարկվում է որպես պետական շահ։

Ներկա իրողություններում տնտեսության զարգացումը պայմանավորվում է արհեստական բանականության, ավտոմատացման և մեծածավալ տվյալների կառավարման տեխնոլոգիաների արագ ներթափանցմամբ, հետևաբար գործընթացները դառնում են աննախադեպ ինտենսիվ. նոր տեխնոլոգիաները վերափոխում են գործող արտադրական և ինստիտուցիոնալ կառուցվածքները՝ ձևավորելով նոր տնտեսական տրամաբանություն և մասնագիտական նոր շուկաներ։ Այս փոփոխությունները պահանջում են, որ պետությունը որդեգրի ավելի ճկուն, տեխնոլոգիահեն և ռիսկերի կառավարմամբ առաջնորդվող մոտեցում։

Նման զարգացումների պայմաններում Հայաստանի ներքին օրակարգում պետք է առաջնահերթություն տրվի կարողությունների ամրապնդմանը: ՀՀ զարգացման հիմքում դրվում են ներքին ռեսուրսների լիարժեք օգտագործումը, կառավարման արդյունավետությունն ու հաշվետվողականությունը, մարդկային կապիտալի զարգացումն ու նորարարական մտածողության ձևավորումը։ Դոկտրինը դիմակայունության, կանխատեսելիության և կայունության գաղափարները փոխակերպում է չափելի գործողությունների՝ ուղղված տնտեսության հիմքերի ամրապնդմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, էներգետիկ և պարենային անվտանգության, ինչպես նաև սոցիալական համերաշխության ապահովմանը։

Ներքին բարեփոխումների այս շրջանակը չի կարող արդյունավետ լինել առանց միասնական գաղափարական հիմքի, որը սահմանում է պետության զարգացման ուղղությունը։

Դոկտրինը կառուցված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսական հիմքերի վրա և տնտեսությունը դիտարկում է որպես ազգային անվտանգության բազմաշերտ գործիք։ Այս մոտեցմամբ տնտեսական քաղաքականության յուրաքանչյուր ուղղություն՝ հարկային համակարգից և ֆինանսական շուկաներից մինչև կրթություն, թվայնացում, էներգետիկ և տարածքային զարգացում, գնահատվում է ոչ միայն իր աճի ներուժով, այլև պետականության կայունության, ինստիտուցիոնալ դիմակայունության և հասարակության ներսում վստահության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից։

Դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է՝ տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության և երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, այսպիսով՝ ազատ, կարող և ստեղծարար քաղաքացին։ Այս տրամաբանությունը միտված է ձևավորելու այնպիսի Հայաստան, որը մրցունակ և վստահելի միջավայր է ապրելու, ստեղծելու և զարգանալու համար՝ ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա բարեխիղճ, բարձր մասնագիտական որակներով քաղաքացիների և միջազգային ընկերությունների համար։

Սույն փաստաթուղթը միավորում է տնտեսական հայեցակարգը, ինստիտուցիոնալ բարեփոխումները, հանրային կառավարման նոր մոդելը և ներկայանում որպես «Հայաստան 2050» տեսլականի գաղափարական կամուրջը՝ ապահովելով անցում կարճաժամկետ քայլերից դեպի երկարաժամկետ ռազմավարական նպատակներ։

 

ԳԼՈՒԽ 1. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

 

1. Հայաստանի տնտեսության շրջադարձային փոփոխությունները կառուցվածքային մարտահրավերների պայմաններում

1. Վերջին հինգ տարիներին Հայաստանի տնտեսությունն անցել է խորը վերափոխման շրջան՝ ձևավորվելով միաժամանակ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ մակրոտնտեսական և թե՛ կառուցվածքային ազդակների ներքո։ COVID-19 համավարակը և 44-օրյա պատերազմը դարձան դիմակայության փորձություն, որի պայմաններում տնտեսությունը 2020 թվականին նախորդ տարվա համեմատ գրանցեց 7.2 % անկում։ Սակայն այս ցնցումներն ի ցույց դրեցին տնտեսության հիմքերի կառուցվածքային կայունությունը, ինչը պայմանավորված էր նաև 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը հաջորդած արագ բարեփոխումների արդյունավետությամբ։ Սա հնարավորություն տվեց կարճ ժամանակում վերականգնելու տնտեսական ակտիվությունը և վերադառնալու աճի երկարաժամկետ միտմանը։

2. 2022 թվականից սկսած՝ տարածաշրջանային բախումները, ԵԱՏՄ որոշ երկրների նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները և արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխությունները հանգեցրին լրացուցիչ պահանջարկի ձևավորմանը, աշխատուժի միգրացիայի վերակազմավորմանը և ֆինանսական ներհոսքի զգալի աճին։ Այս գործոնները միասին ապահովեցին տնտեսության բարձր տեմպերով աճ և ազգային արժույթի արժևորման միտում։ Նախնական գնահատականով` Հայաստանի տնտեսությունը 2018-2025 թթ. ժամանակահատվածում ավելի քան 50 տոկոսի իրական աճ է գրանցել։ Սա երկրի անկախությունից ի վեր արձանագրված ամենաարագ աճի ժամանակաշրջաններից է։ Միաժամանակ, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է՝ 2025 թվականին (նախնական գնահատականով) հասնելով 9,433 ԱՄՆ-ի դոլարի սահմանագծին, ինչը Հայաստանի համար միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում ապահովում է դասակարգման նոր կարգավիճակ։ Միևնույն ժամանակ, այս արագ աճը բացահայտել է տնտեսության կառուցվածքային խոցելիությունները և երկարաժամկետ կայունության կասկածները:

3. Պահանջարկով պայմանավորված աճ և դրա հետևանքները: Հայաստանի տնտեսության վերջին տարիների դինամիկան մեծապես ձևավորվել է պահանջարկով խթանված աճի ազդեցությամբ։ Դա պայմանավորվել է կապիտալի մեծ ներհոսքով, բնակչության սպառման աճով և եկամուտների կայուն ավելացմամբ։

4. 2022–2024 թվականներին ՀՆԱ-ն տարեկան միջին հաշվով աճել է 8.9 %-ով։ Նույն ժամանակահատվածում դրամն արժևորվել է շուրջ 20 %-ով՝ պայմանավորված արտաքին պահանջարկի, ֆինանսական և բարձր արտադրողական աշխատուժի զգալի ներհոսքով, ինչը մեծ մասամբ կլանել է գնաճային ճնշումները։ Թեև պահանջարկով խթանված այս զարգացումները նպաստել են տնտեսական աճին, դրանց կայունությունը երկարաժամկետ տեսանկյունից մնում է անորոշ։ Քանի որ այս աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե արտադրողականության, այլ արտաքին պահանջարկի և կապիտալի ժամանակավոր ներհոսքի գործոններով, ակնհայտ է, որ այն ենթակա է փուլային հավասարակշռման։ Հետևաբար, տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի համաչափ ճշգրտման և «փափուկ վայրէջքի» ապահովմանը։ Լրացուցիչ ռիսկեր կարող են առաջանալ, եթե կապիտալի հոսքերը նվազեն կամ ներգաղթը հետադարձ ընթացք ստանա՝ տնտեսությունը մղելով դանդաղման փուլ։

5. Շինարարություն, բնակարանային և տարածքային զարգացում: Բնակարանային շուկան մեծապես շահել է կապիտալի ներհոսքից, գնողունակության բարձրացումից և հիփոթեքային շուկայի ընդլայնումից, որը խթանվել է պետության կողմից իրականացվող բնակարանային վարկավորման ծրագրերով։ Հիփոթեքային սուբսիդավորման պետական մեխանիզմները հատկապես զգալի ազդեցություն են ունեցել բնակարանաշինության ակտիվացման և սեփական տանիք ունենալու հնարավորության ընդլայնման վրա։ Միևնույն ժամանակ, առկա են ռիսկեր առաջարկի և պահանջարկի երկարաժամկետ հավասարակշռության վերաբերյալ, տարածքների անհամաչափ զարգացման ու հատկապես արտաքին հոսքերի հնարավոր թուլացման կամ մակրոտնտեսական պայմանների փոփոխության պարագայում։ Բնակարանային շինարարության համար առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն հանրապետության մարզերում ու հեռավոր համայնքներում` դա զուգակցելով այդ համայնքներում փոքր ու միջին բիզնեսի խթանման նոր մեխանիզմների ներդրման գործիքակազմով։

6. Տարածքային և ենթակառուցվածքային զարգացում: 2018–2025 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են խոշորածավալ ենթակառուցվածքային ներդրումներ՝ նպատակ ունենալով ապահովել դրանց համաչափ բաշխվածությունը մարզերում, բարձրացնել պետական ծառայությունների որակը, ինչպես նաև ամրապնդել երկրի տրանսպորտային և սոցիալական կապակցվածությունը։ Ճանապարհաշինության և վերականգնման ծրագրերին նշված ժամանակահատվածում (կապիտալ ծախսերի գծով, ներառյալ սուբվենցիոն ծրագրերը) ուղղվել է ավելի քան 593 միլիարդ դրամ, որի արդյունքում արդիականացվել է շուրջ 4 736 կմ ճանապարհ։ Սա էականորեն գերազանցում է նախորդ ութամյակի ցուցանիշը, երբ ճանապարհաշինության վրա ծախսվել է 197 միլիարդ դրամ, և վերականգնվել է 1316 կմ ճանապարհ։ Սա 3,6 անգամ գերազանցում է նախորդ ութամյակի ցուցանիշը, երբ ճանապարհաշինության վրա ծախսվել է 197 միլիարդ դրամ, և վերականգնվել է 1 316 կմ ճանապարհ։

7. Ներդրումներն ուղղվել են նաև կրթական ենթակառուցվածքների բարելավմանը։ Մասնավորապես՝ «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցման և կապիտալ նորոգման աշխատանքներ են իրականացվել և իրականացվում շուրջ 107,000 աշակերտի համար նախատեսված 357 դպրոցում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն շուրջ 385 մլրդ դրամ է, որից 2025 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ իրացված է ավելի քան 165 մլրդ դրամը։

8. Զուգահեռ իրականացվող «500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում որակյալ նախադպրոցական կրթության հասանելիությունն ընդլայնելու նպատակով շուրջ 504 մանկապարտեզի և նախակրթարանի կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 45 մլրդ դրամ։

9. Էներգախնայողության ուղղությամբ վերանորոգման և արդիականացման ծրագրերից օգտվել է շուրջ 25,000 քաղաքացի, բարձրացվել է բնակարանային պայմանների որակը և նվազեցվել կոմունալ ծախսերը։ Տարածքային զարգացման նախաձեռնությունների համաֆինանսավորման շրջանակում պետությունը հատկացրել է շուրջ 225 միլիարդ դրամ՝ ուղղված համայնքներում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին, ինչպես նաև տրամադրել է 114 միլիարդ դրամի ուղղակի սուբսիդիա տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այս ներդրումային քաղաքականությունն ապահովել է ոչ միայն տնտեսական ակտիվության տարածական դիվերսիֆիկացում, այլև ստեղծել է ներառական աճի համար անհրաժեշտ ենթակառուցվածք՝ նպաստելով բնակչության կենսամակարդակի և ծառայությունների մատչելիության համաչափ բարելավմանը մարզային մակարդակում։

10. Կոռուպցիայի դեմ պայքար և ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձման քաղաքականություն: Իրականացված բարեփոխումներին զուգահեռ՝ ՀՀ-ն համակարգել և ինստիտուցիոնալացրել է իր հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ ստեղծելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և վերադարձի ամբողջական համակարգ։ Ներդրվել են հատուկ գործիքակազմեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման, արգելադրման և բռնագանձման համար՝ հիմնված նոր օրենսդրական գործիքակազմի և մասնագիտացված կառույցների գործառույթների վրա։ 2018 թվականից մինչև 2025 թվականի առաջին կիսամյակը քրեական վարույթներով պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնումների, պետական (համայնքային) շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, ինչպես նաև դատախազական ներգործության տարբեր միջոցների կիրառմամբ պետությանը և համայնքներին վերականգնված վնասի ընդհանուր չափը կազմում է ավելի քան 566 միլիոն դոլար կամ դրան համարժեք գույք: Հարկ է նշել, որ դոկտրինի տեսանկյունից այս գործընթացի կարևորությունը ոչ թե թվերի չափն է, այլ ինստիտուցիոնալ վստահության համար էական նշանակություն ունեցող գործոնների՝ իրավունքի գերակայության, անպատժելիության մերժման և հանրային ռեսուրսների վերականգնման նոր կանոնների հաստատման անխուսափելիությունը։

11. Հայաստանում ձևավորվել է խոսքի, մտքի և քաղաքական ընտրության ազատությունների իրական միջավայր։ Հանրային հաղորդակցության և տեղեկատվական դաշտը գործում է բազմակարծության պայմաններում՝ ապահովելով տարբեր քաղաքական դիրքորոշումների արտահայտման և իշխանության նկատմամբ քննադատության ազատ հնարավորություն՝ առանց պետական միջամտության կամ սահմանափակման։ Տեղական և արտաքին տեղեկատվական աղբյուրների բաց հասանելիությունը դարձել է կառավարման նորմատիվ միջավայրի մաս։ Այս պայմանները ձևավորում են հանրային սպասումների նոր կառուցվածք, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում, և նպաստում են վստահության, իրավական կանխատեսելիության և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը։

12. Կառուցվածքային փոփոխություններ՝ ծառայությունների ընդլայնում և արտաքին պահանջարկի դերակատարում: Պահանջարկով պայմանավորված աճից զատ՝ Հայաստանի տնտեսությունում ընթանում են նաև կառուցվածքային փոփոխություններ։ Արտադրության և զբաղվածության աճող մասը կենտրոնացած է ծառայությունների այն ոլորտներում, որոնք զգայուն են արտաքին պահանջարկի նկատմամբ։ Հայաստանը դարձել է գրավիչ ուղղություն միջազգային այցելուների համար, ինչի արդյունքում նկատվել են զբոսաշրջային հոսքերի զգալի աճ և մեկ շնչին բաժին ընկնող այցելության ծախսերի ավելացում։ Այս միտումը խթանել է հյուրընկալության, հանրային սննդի և կարճաժամկետ վարձակալության շուկաների ընդլայնումը։

13. Կառուցվածքային տեղաշարժ դեպի ծառայություններ և արտաքին շուկաներից կախվածություն: Հայաստանը գնալով ավելի շատ է հենվում ծառայությունների այն ենթաոլորտների վրա, որոնք ուղղակիորեն կախված են արտաքին պահանջարկից՝ զբոսաշրջություն, ֆինանսական միջնորդավորում, անշարժ գույքի հետ կապված ծառայություններ։ Վերջին տարիներին այս ճյուղերի բարձր շահութաբերությունն ու արագ վերադարձը ֆինանսական և մարդկային ռեսուրսները շեղում են արտադրական և արտահանամետ ոլորտներից՝ խորացնելով տնտեսության կառուցվածքային անհավասարակշռությունը և մեծացնելով արտաքին ցնցումների նկատմամբ խոցելիությունը։

14. Տեխնոլոգիական և արտահանման ճյուղերի զարգացումը՝ որպես կառուցվածքային վերափոխման առանցք: Հայաստանի տնտեսության մեջ նկատվում է բարձր արտադրողականությամբ ճյուղերի ուժեղացում, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների և որոշ արտահանման ուղղությունների հաշվին։ Այնուամենայնիվ, ՏՏ ոլորտի աճի մի մասը պայմանավորված է ոչ թե տեղական արտադրողականության կտրուկ բարձրացմամբ, այլ ժամանակավոր վերաբաշխումներով (տեղահանված ընկերությունների տեղայնացում, վերաարտահանում), ինչի հետևանքով տեխնոլոգիական վերափոխման և բարձր արժեք ավելացնող արտադրության ներուժը դեռևս լիարժեք չի իրացվում։

15. Վերլուծվող միտումները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է կառուցվածքային վերափոխման գործընթացում, սակայն կայունության և արտադրողականության տեսանկյունից դեռ առկա են համակարգային խոցելիություններ։ Ստորև ամփոփվում են այն հիմնարար կառուցվածքային մարտահրավերները, որոնք պետք է ուղենիշ հանդիսանան քաղաքականությունների մշակման համար։

2. Տնտեսական զարգացման խորքային խոչընդոտներ և հիմնական կառուցվածքային մարտահրավերներ և ռիսկեր

16. Մարդկային կապիտալի զարգացման կառուցվածքային սահմանափակումներ: Մարդկային կապիտալի ձևավորման և զարգացման ոլորտում առկա են խորքային համակարգային խնդիրներ՝ կապված կրթության (ներառյալ՝ մասնագիտական) որակի, առողջապահական ծառայությունների արդյունավետության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ինչպես նաև հասարակության մեջ սոցիալական վստահության ցածր մակարդակի հետ։ Այս գործոնների համակցված ազդեցությունը սահմանափակում է անհատի կարողությունների լիարժեք իրացումը, նվազեցնում աշխատուժի արտադրողականությունը, խաթարում նորարարական ներուժը և երկարաժամկետ հեռանկարում թուլացնում պետության տնտեսական, ինստիտուցիոնալ և անվտանգային հիմքերը։ Մարդկային կապիտալի այս հիմնարար խնդիրները Հայաստանի զարգացման առանցքային կառուցվածքային սահմանափակումներից են և պահանջում են համակարգային, համապարփակ և կառուցվածքային պետական արձագանք:

17. Տնտեսության սահմանափակ դիվերսիֆիկացում և թույլ ինտեգրում արժեքային շղթաներում: Տնտեսությունն ու արտահանման կառուցվածքը շարունակում են զգալիորեն հենվել հումքային և սահմանափակ թվով ծառայությունների ոլորտների վրա։ Միաժամանակ, ԵԱՏՄ անդամակցության պայմաններում Հայաստանի առևտրային քաղաքականությունը ձևավորվում է միության միասնական մաքսային համակարգի շրջանակում, ինչը որոշ չափով սահմանում է արտաքին շուկաների հասանելիության պայմանները և ազդում դիվերսիֆիկացիոն քաղաքականության հնարավոր ուղղությունների վրա։ Արտահանման ապրանքային կառուցվածքում տեխնոլոգիապես բարդ ապրանքների ցածր տեսակարար կշիռը խոչընդոտում է երկարաժամկետ դիմակայունության ձևավորումը: Սա խորացնում է գների և աշխարհաքաղաքական ցնցումների նկատմամբ խոցելիությունը և սահմանափակում Հայաստանի ներառումը գլոբալ արտադրական և տեխնոլոգիական շղթաներում։ Այս պայմաններում տնտեսության կառուցվածքային վերափոխման և արժեքային շղթաներում արդյունավետ ինտեգրման առանցքային նախապայման է «համապարփակ ստանդարտացում – պետական նպատակային աջակցություն – արտաքին շուկաների կայուն հասանելիություն» միասնական մոտեցման ձևավորումը, որի շրջանակում պետությունը խթանում է միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան արտադրանքի և ծառայությունների զարգացումը, սահմանափակ ռեսուրսների նպատակային կենտրոնացումը և Հայաստանի մրցունակ դիրքավորումը կոնկրետ գլոբալ արտադրական շղթաներում։

18. Ենթակառուցվածքների և առևտրային կապերի թերզարգացում: Հայաստանում դեռևս պահպանվում են լոգիստիկ սահմանափակումները, ինչը բարձրացնում է առևտրի ծախսերը և սահմանափակում մուտքը տարածաշրջանային և միջազգային շուկաներ։ Սահմանային և բեռնափոխադրական ենթակառուցվածքների անկարողությունը դանդաղեցնում է նաև մատակարարման շղթաներին միանալու գործընթացը։ Չնայած առևտրային ծառայությունների արտահանումը դինամիկ է, լոգիստիկ սահմանափակումները շարունակում են խոչընդոտել մրցունակությանը։ Անհրաժեշտ է մեծ ծավալի ներդրումներ կատարել ժամանակակից տրանսպորտային միջանցքների, սահմանային կառավարման, թվային առևտրի և մաքսային ընթացակարգերի բարելավման ուղղությամբ՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP ծրագրի շրջանակներում։

19. Աճի կախվածություն ժամանակավոր արտաքին գործոններից: 2022 թ.-ից ի վեր Հայաստանի տնտեսական աճի որոշակի մասը պայմանավորված է արտաքին ժամանակավոր գործոններով՝ կապիտալի ներհոսքով, աշխատուժի վերատեղաբաշխմամբ և առևտրային հոսքերի վերաուղղորդմամբ։ Առանց արտադրողականության բարձրացման, տեխնոլոգիական վերազինման և ներդրումային երկարաժամկետ ծրագրերի՝ տնտեսությունը պահպանելու է ռիսկը «վերադառնալու» ավելի ցածր աճի ռեժիմի։

20. Ցածր արտադրողականություն և տեխնոլոգիական հետընթաց: Հայաստանի տնտեսության արտադրողականության մակարդակը շարունակում է զգալիորեն հետ մնալ տարածաշրջանային և համաշխարհային համադրելի տնտեսություններից։ Թույլ մրցակցությունը և նորարարության սահմանափակ մակարդակը բերում են նրան, որ կապիտալը հաճախ ուղղվում է ոչ առավել արդյունավետ ընկերություններին, իսկ արտադրական հիմքը դանդաղ է ադապտացվում տեխնոլոգիական փոփոխություններին։

21. Թույլ մրցակցային միջավայր և շուկաների սահմանափակ դինամիկա: Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում մրցակցային միջավայրը սահմանափակված է շուկաների կառուցվածքային առանձնահատկություններով, ներառյալ` բարձր կենտրոնացվածությունը, փոքր ներքին շուկայի պայմաններում մասշտաբավորման դժվարությունները, ինչպես նաև մուտքի և ընդլայնման կարգավորիչ ու ինստիտուցիոնալ խոչընդոտները։ Այս գործոնների համակցված ազդեցության պայմաններում շուկաներում սահմանափակ է ընկերությունների բնական շրջանառությունը, դանդաղ է տեղի ունենում ռեսուրսների վերաբաշխումը դեպի առավել արտադրողական սուբյեկտներ, իսկ արտադրողականության և նորարարության վրա հիմնված մրցակցային ճնշումը մնում է թույլ։ Արդյունքում տնտեսության մեջ թուլանում են տեխնոլոգիական արդիականացման, կառավարման արդյունավետության բարձրացման և արտահանմանը միտված գործունեության խթանները, իսկ կապիտալի և աշխատուժի բաշխումը հաճախ չի արտացոլում արդյունավետության իրական տարբերությունները։ Նման կառուցվածքային միջավայրը սահմանափակում է շուկաների դինամիկան, խոչընդոտում է արտադրողականության աճը և դանդաղեցնում է տնտեսության կառուցվածքային վերափոխումն ու արժեքային շղթաներում ավելի խորքային ինտեգրումը։

22. Ինստիտուցիոնալ թուլություններ և կանոնակարգման անկայունություն: Չնայած պետական կառավարման բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկված քայլերին՝ ինստիտուցիոնալ թուլությունները շարունակում են խոչընդոտել տնտեսական բարեփոխումների իրականացման արագությունն ու քաղաքականությունների հետևողականությունը։ Շատ դեպքերում սահմանափակ է նաև վերլուծական տվյալների վրա հիմնված որոշումների կայացման մշակույթը։ Հարկային, իրավական և կարգավորող դաշտի հաճախակի փոփոխությունները նվազեցնում են քաղաքականության կանխատեսելիությունը և ներդրողների վստահությունը։ Դոկտրինը ֆիքսում է, որ ինստիտուցիոնալ վերափոխումն ու «կանոնների կայունությունը» տնտեսական քաղաքականության առանցքային նախապայման են։

23. Ժողովրդագրական և աշխատաշուկայի մարտահրավերներ: Բնակչության ծերացումը, արտագաղթը, ծնելիության անկումը, կանանց և երիտասարդների մասնակցության սահմանափակ մակարդակը, ինչպես նաև կրթական համակարգի և տնտեսության պահանջների անհամապատասխանությունը խաթարում են երկարաժամկետ աճի ներուժը։

24. Նորարարության մշակույթի թույլ զարգացում և գիտահետազոտական ներդրումների սղություն: Չնայած գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ունեցած պատմական ներուժին՝ Հայաստանում հետազոտությունների և մշակումների ոլորտի (R&D) ներդրումների մակարդակը շարունակում է մնալ ցածր։ Վերջին տարիներին ՏՏ ոլորտի արագ աճը հիմնականում կենտրոնացած է եղել ցածր արժեք ունեցող ծառայությունների վրա՝ առանց նորարարության և հետազոտության բաղադրիչի խորացման։ Պետական մարմիններին կից նորարար հետազոտական և զարգացման կենտրոնների և ռազմավարական վերլուծական թինք-թանքերի բացակայությունը, համալսարանների, գիտական կառույցների և մասնավոր հատվածի միջև կապերի թուլությունը խաթարում են նորարարական էկոհամակարգի զարգացումը։ Հանրային- մասնավոր համագործակցության սահմանափակումները և ֆինանսական խթանների բացակայությունը թույլ չեն տալիս առևտրայնացնել գիտական արդյունքը, իսկ տեխնոլոգիական զարգացման տեմպերը զգալիորեն դանդաղում են։ Կրթական և արտադրական համակարգերի միջև սերտ համագործակցության ձևավորումը և նորարարությանն ուղղված ֆինանսավորման թիրախավորումը կենտրոնական դեր են խաղում գիտելիքահենք տնտեսության կայացման գործում։

25. Ֆինանսական հատվածի սահմանափակ զարգացում: Չնայած պետական համակարգի և, մասնավորապես, Կառավարության վերջին տարիների ջանքերին՝ Հայաստանի կապիտալի շուկան շարունակում է մնալ ձևավորման փուլում։ 2024 թ. ընթացքում ցուցակվել և առևտրին է թույլատրվել 84 արժեթուղթ, ինչի արդյունքում նոր ցուցակումների ծավալը 2023 թ. համեմատ աճել է 124 %-ով, իսկ կորպորատիվ պարտատոմսերի առևտրի ծավալը՝ 58.8 %-ով, գործարքների քանակը՝ 60.4 %-ով։ Այս արդյունքները մասամբ պայմանավորված են շուկայի զարգացմանն ուղղված Կառավարության նախաձեռնություններով, մասնավորապես՝ թողարկման և վարկանիշավորման աջակցության պետական ծրագրով։ Այնուամենայնիվ, կապիտալի շուկան դեռևս թերզարգացած է. ֆինանսական համակարգը գերազանցապես հիմնված է բանկային վարկավորման վրա, իսկ բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաները մնում են սահմանափակ ծավալով։ Միևնույն ժամանակ, պետական սուբսիդավորման գործող մոդելները, մասնավորապես՝ հիփոթեքային վարկերի մասով, ձևավորում են պահանջարկով աճող տնտեսություն, որի արդյունքում ֆինանսական ռեսուրսների զգալի մասը կենտրոնանում է ոչ արտահանելի հատվածներում։

26. Ներդրումային միջավայրի բարելավման համատեքստում կարևոր է վարկային տոկոսադրույքների կայուն և կանխատեսելի նվազման ուղղությամբ քաղաքականության ձևավորումը, քանի որ վարկային ռեսուրսների բարձր արժեքը սահմանափակում է երկարաժամկետ և արտադրական ներդրումների ծավալը։ Բացի այդ, ներքին խնայողական ցածր մակարդակն ու կորպորատիվ կառավարման և թափանցիկության մշակույթի բացակայությունը շարունակում են սահմանափակել կապիտալի կուտակման և շուկայի խորացման ներուժը։

27. Օտարերկրյա ներդրումների անկայունություն և սահմանափակ որակ: Oտարերկրյա ուղղակի ներդրումները կենտրոնացած են մի քանի ոլորտներում։ Ներդրումային ռազմավարության բացակայությունը և կարգավորող ռիսկերը սահմանափակում են ինստիտուցիոնալ ներդրողների հետաքրքրությունը։ Խոշոր միջազգային ընկերությունների ներգրավումը դիտարկվում է ոչ միայն որպես կապիտալի աղբյուր, այլ նաև որպես կառավարման, տեխնոլոգիայի և մրցակցային մշակույթի փոխանցման գործիք։

28. Էներգետիկ կախվածություն և էներգախնայողության ցածր մակարդակ: Հայաստանը շարունակում է մեծապես կախված մնալ էներգակիրների ներմուծումից, հատկապես՝ ՌԴ-ից, ինչը մեծացնում է ինչպես գների տատանումների, այնպես էլ էներգետիկ անվտանգության քաղաքական ռիսկերը։ Էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրների, նորարարական էներգետիկ տեխնոլոգիաների, այդ թվում և խելացի ցանցերի դանդաղ կիրարկումը խոչընդոտում է էներգետիկ անկախության մակարդակի բարձրացումը, իսկ էներգախնայողության և էներգաարդյունավետության ոչ բավարար մակարդակը տնտեսության բոլոր ոլորտներում ստեղծում է էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ և որպես հետևանք՝ պահպանում է կախվածությունը ներմուծվող էներգակիրներից: Ատոմակայանի առկայությունն էներգահամակարգում թույլ կտա ավելի դիվերսիֆիկացնել էներգետիկ ռեսուրսները, չմեծացնել ներկրվող բնական գազից կախվածությունը, ինչպես նաև արտանետումների ծավալը: Քաղաքականության ուղղվածության հստակեցումը, վերականգնվող էներգիայի ներդրումային խթանների ակտիվացումը և էներգիայի կուտակման լուծումների զարգացումը կնպաստեն էներգետիկ կայունության ապահովմանը և կբարելավեն մրցունակությունը։

29. Պարենային անվտանգություն և գյուղատնտեսական համակարգի արդյունավետության սահմանափակումներ: Հայաստանը զգալիորեն կախված է ներմուծված պարենային ապրանքներից, ինչը տնտեսությունը խոցելի է դարձնում համաշխարհային մատակարարման շղթաների խափանումների նկատմամբ։ Գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության ցածր մակարդակը, ոռոգման համակարգերի անարդյունավետությունը և հնացած տեխնոլոգիաների կիրառությունը խոչընդոտում են ոլորտի զարգացումը։ Հավելյալ արժեք ստեղծող մշակող արդյունաբերության բացակայությունը սահմանափակում է արտահանման ներուժը։ Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրումը, կայուն գյուղատնտեսության խթանումը և ներպետական արտադրության ընդլայնումը կենսական են պարենային անվտանգության ամրապնդման և գյուղական տարածքների տնտեսական ակտիվացման համար։

30. Շրջակա միջավայրի խնդիրներ և կլիմայական ռիսկեր: Հայաստանը կանգնած է էկոլոգիական աճող մարտահրավերների առջև՝ պայմանավորված քաղաքաշինական գործունեության ընդլայնմամբ, արդյունաբերության տարածմամբ և կլիմայի փոփոխությամբ։ Մթնոլորտային օդի և ջրի որակի վատթարացումը, հողի դեգրադացումը և ջերմաստիճանի բարձրացման միտումները սպառնում են ինչպես հանրային առողջությանը, այնպես էլ երկարաժամկետ տնտեսական կայունությանը։ Թափոնների ոչ լիարժեք կառավարումը, անտառահատումները, անտառային հրդեհները, կենսաբազմազանության կորուստը և թույլ բնապահպանական կարգավորումները խորացնում են էկոլոգիական ճնշումները։ Համապարփակ բնապահպանական քաղաքականությունը՝ ներառյալ աղտոտման վերահսկման միջոցառումները, ռեսուրսների կայուն կառավարումը, ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման և կլիմայի հարմարվողականության ապահովումը, պետք է ձևավորեն Հայաստանի շրջակա միջավայրի երկարաժամկետ պաշտպանական համակարգի առանցքը։

31. Ֆիսկալ և ինստիտուցիոնալ սահմանափակումներ: Այսօր պետական բյուջեի զգալի մասն ուղղվում է պարտադիր սոցիալական, կրթական, առողջապահական, պաշտպանական և պարտքի սպասարկման ծախսերին, ինչի արդյունքում նոր նախաձեռնությունների տարածքը սահմանափակ է, եթե չապահովվի ծախսերի կառուցվածքային վերանայում և եկամուտների արդյունավետ աճ։ Դոկտրինի ելակետն այն է, որ ցանկացած նոր քաղաքականություն պետք է տեղավորվի պարտքային կայունության և մակրոտնտեսական հավասարակշռության շրջանակում՝ միաժամանակ վերանայելով պետական ծախսերի կառուցվածքը դեպի արտադրողականություն և դիմակայություն բարձրացնող ուղղություններ։ Այս համատեքստում առաջնահերթ է նաև պետական պարտքի սպասարկման արժեքի նվազեցումը՝ պետական արժեթղթերի շուկայի խորացման, վարկային վարկանիշի բարելավման, բյուջետային կանխատեսելիության և տոկոսադրույքային ռիսկերի ավելի պրոֆեսիոնալ կառավարման միջոցով։

32. Պետական ապարատի կարողունակության բարձրացումը, տվյալահենք կառավարումը և հանրային-մասնավոր գործընկերության ինստիտուցիոնալացումը դառնում են այն հիմքը, որի վրա կարող են իրականություն դառնալ դոկտրինում ձևակերպված տնտեսական և ինստիտուցիոնալ նպատակները։ Խոսքի ազատության շրջանակում այս մոտեցումը ենթադրում է պատասխանատու, փաստահեն և պրոֆեսիոնալ հանրային հաղորդակցության խթանում, որի համատեքստում պետության դերը պետք է լինի նպաստել ոլորտի կարողությունների զարգացմանը և հանրային հաղորդակցության ոլորտի աշխատողների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը՝ միջազգային լավագույն փորձի և հաստատված մասնագիտական ստանդարտների հիման վրա։

 

ԳԼՈՒԽ 2. ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՐԱԴԻԳՄ

 

33. Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը կառուցված է տնտեսական զարգացման նոր պարադիգմի վրա, որն արտացոլում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսական հիմնադրույթները և վերափոխում պետության դերը տնտեսության մեջ՝ մարդուն դնելով համակարգի կենտրոնում՝ համաձայն «պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությունը» բանաձևի։ Այս մոդելը հրաժարվում է կարճաժամկետ շահույթի առաջնահերթությունից, արտաքին կախվածությունից և մակերեսային տնտեսական առաջընթացը ներկայացնող ցուցանիշների ապահովմանն ուղղված մոտեցումից։ Փոխարենը այն որդեգրում է մարդկային ներուժի զարգացմանն ուղղված մոտեցում, որը կապահովի տնտեսական զարգացման բարենպաստ միջավայր՝ տնտեսական ռեսուրսներն օգտագործելով ամբողջապես և արդյունավետ կերպով, ինստիտուցիոնալ վստահության ամրապնդման, երկարաժամկետ զարգացման հստակ ու համակարգված ուղղություն։

34. Այս պարադիգմը մեր տնտեսական քաղաքականության որակական վերափոխման առանցքն է՝ հիմնված նախորդ տարիների ձեռքբերումների, արձանագրված սահմանափակումների և դասեր քաղելու պատրաստակամության վրա։

35. Պարադիգմը ձևավորվում է հիմնասյուների համակազմով՝ միավորելով դրանք Հայաստանի պետական շահի՝ տնտեսական զարգացման ներքո։ Պետության գաղափարական և գործառնական նպատակը տնտեսական զարգացման ճանապարհով դիմակայուն, արդար և ներառական՝ իրական զարգացած պետություն ունենալն է։

36. Այս հիմքի առանցքը հետևյալն է՝

1) Կրթությունը՝ որպես «ռազմավարությունների ռազմավարություն»: Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին և առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի, արդիական և մրցունակ կրթական համակարգի և կրթությունը՝ որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու, բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության ազատության և ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը և պետականության հարատևության օրակարգի հաջողությունը.

2) Արտաքին և ներքին բարենպաստ միջավայրի ձևավորում. խաղաղ համակեցություն հարևանների հետ և միջազգային ինտեգրման խորացումը՝ որպես տնտեսական զարգացման անհրաժեշտ պայման։ Հայաստանի տնտեսական զարգացման նոր պարադիգմն իր հիմքում դնում է խաղաղության գաղափարը՝ որպես անվտանգության, ներդրումային վստահության և տարածաշրջանային համագործակցության առաջնային նախապայման։ Խաղաղ միջավայրը հնարավորություն է տալիս ընտանիքներին, անհատներին, ինչպես նաև քաղաքականություն մշակողներին իրականացնել երկարաժամկետ պլանավորում, խորացնել միջազգային տնտեսական կապերը և բացել ու զարգացնել նոր շուկաներ։ Բացի արժեքային նշանակությունից՝ խաղաղությունն ունի նաև կոնկրետ և չափելի տնտեսական հետևանքներ կամ, այլ կերպ ասած, «խաղաղության դիվիդենդներ» (peace dividends)՝ ի դեմս ներդրումային վստահության աճի և կապիտալի արժեքի նվազման, նոր արտահանման շուկաների հասանելիության ընդլայնման, լոգիստիկ ծախսերի կրճատման, ինչը նվազեցնում է ներկրվող ապրանքների գները և բարձրացնում արտահանման մրցունակությունը, խթանում է ներգաղթն ու աշխատուժի հասանելիության աճը, պետական բյուջեի ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը՝ սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ուղղություններով։ Այս ամենը միասին ձևավորում են տնտեսական զարգացման նոր միջավայր, որտեղ Հայաստանը դառնում է տարածաշրջանային համագործակցության, առևտրի և խաղաղության խաչմերուկ։ «Խաղաղության դիվիդենդներ»-ը ոչ միայն տնտեսական աճի, այլ նաև ժողովրդագրական ընդլայնման և ժողովրդավարական ձեռքբերումների պահպանման նախապայման են. պատերազմի ռիսկերը, որպես կանոն, մեծացնում են արտակարգ կարգավորումների, իրավունքների սահմանափակման և սեփականության պաշտպանության թուլացման հավանականությունը, ուստի կայուն խաղաղությունը միաժամանակ ապահովում է ազատության, վստահության և ներդրումային կանխատեսելիության այն հիմքը, որի վրա հնարավոր է երկարաժամկետ զարգացում.

3) Ազատ, արագ, ճկուն և պատասխանատու գործելու հնարավորություն. սեփականության իրավունքի պաշտպանությունը և անձեռնմխելիությունը՝ որպես ներդրումների և ազատ տնտեսական գործունեության հենասյուն։ Սեփականության իրավունքի պաշտպանությունն ու անձեռնմխելիությունը ոչ միայն սահմանադրական նորմ են, այլև հիմնասյուն՝ տնտեսական կայունության ապահովման և բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման համար։ Սեփականության անձեռնմխելիության ինստիտուցիոնալ ամրապնդումը ձևավորում է վստահության միջավայր՝ թե՛ յուրաքանչյուր քաղաքացու և տեղական ձեռնարկատերերի, թե՛ արտաքին ներդրողների համար։ Այդ միջավայրը նվազեցնում է իրավական անորոշությունը, ապահովում է կապիտալի պաշտպանությունը և խթանում է երկարաժամկետ ներդրումային վարքագիծը՝ դառնալով կայուն տնտեսական աճի կարևոր նախապայման.

4) Կայուն և երկարաժամկետ զարգացման կանխատեսելիություն. անկախ դատական համակարգն ու վստահելի արբիտրաժային մեխանիզմները։ Իրավական համակարգի կայունությունն ու բարձր մասնագիտական որակներն ապահովում են կանոնների կանխատեսելիությունը, պայմանագրերի կատարման երաշխավորումը և արդար մրցակցային միջավայրը։ Այս ոլորտում բարեփոխումները շարունակական բնույթ են կրում։ Դատավորների պատրաստման և վերապատրաստման համակարգի կատարելագործումն ու արժեքահենք դատական մշակույթի ամրապնդումը դիտարկվում են որպես առաջնահերթություններ։ Միաժամանակ, խթանվելու է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը, ինչը թույլ կտա ներդրումային և առևտրային վեճերը լուծել արագ, արդյունավետ և կանխատեսելի ձևով՝ նվազեցնելով ռիսկերը, բարձրացնելով վստահությունը և ամրապնդելով տնտեսական միջավայրի դիմակայունությունն ու արդյունավետությունը.

5) Ձեռնարկատիրական ազատություն, հավասար պայմանների երաշխավորում և տնտեսական նախաձեռնողականության խրախուսում՝ որպես ստեղծարարության հիմք. ստեղծարար ներուժի դրսևորման կարևորագույն նախապայմանը ազատ ձեռնարկատիրական միջավայրն է, որը պետք է զերծ լինի վարչական կամ քաղաքական ճնշումներից և անհավասար պայմաններից։ Հայաստանը խրախուսում է յուրաքանչյուր անհատի ձեռներեցությունը՝ որպես զարգացման շարժիչ ուժ, հատկապես նորարարական և տեխնոլոգիական ոլորտներում։ Տնտեսական ազատության ամենաազդեցիկ գործիքներից է կայուն և կանխատեսելի հարկային համակարգը, որը հնարավորություն է տալիս բիզնեսին պլանավորել գործունեությունը երկարաժամկետ հեռանկարում։ Վերջին տարիներին հարկային դաշտում տեղի են ունեցել բազմաթիվ և բազմաբնույթ փոփոխություններ՝ պայմանավորված արտաքին և ներքին ֆորսմաժորային զարգացումներով, ինչպես նաև տնտեսական քաղաքականության ռազմավարական վերաիմաստավորմամբ։ Սակայն ներկայում մեկնարկել է նոր հարկային փիլիսոփայության ձևավորման փուլը. մշակվող «Հարկային օրենսգիրք»-ը նպատակ ունի հաստատել պարզեցված, մրցունակ և երկարաժամկետ կայուն համակարգ, որը միաժամանակ կաշխատի որպես վստահության հենասյուն ներդրողների, գործարարների և քաղաքացիների համար։

37. Այս հինգ հիմնարար նախապայմանների համատեղ առկայությունը ձևավորում է նաև այնպիսի իրավաքաղաքական և ներդրումային միջավայր, որը նպաստում է ինչպես տեղական մրցունակ ընկերությունների ընդլայնմանը և նորերի ձևավորմանը, այնպես էլ միջազգային և հատկապես գլոբալ վերազգային ընկերությունների ներգրավմանը։ Նման ընկերությունների մուտքը ոչ միայն մոբիլիզացնում է ներդրումային ռեսուրսներ, այլև հնարավորություն է տալիս իրականացնել ժամանակակից տեխնոլոգիաների տրանսֆեր, ներմուծել կառավարման և որակի ժամանակակից չափորոշիչներ, որոնք նպաստում են արտադրության արդիականացմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, բիզնես մշակույթի բարելավմանը, ինչպես նաև աշխատուժի արտադրողականության բարձրացմանը։

38. Այսպիսով, ներկայացված հենասյուները ձևավորում են Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի գաղափարական ու ինստիտուցիոնալ հիմքը։ Սակայն դրանց կենսունակությունն ու գործնական արժեքը ենթադրում են կառուցվածքային քաղաքականությունների և իրականացման էկոհամակարգի ավելի լայն շրջանակ։ Ստորև ներկայացվող ուղղությունները կոչված են ամրապնդելու այդ հիմքը՝ վերածելով այն ազգային մակարդակի ամբողջական և երկարաժամկետ զարգացման հենաշենքի։ Դրանք առանձնացնում են այն առաջնահերթ ոլորտներն ու ծրագրերը, որոնց վրա պետք է հիմնվել՝ պարադիգմի լիարժեք գործարկումն ապահովելու և դրա կայուն արդյունավետությունն ամրագրելու համար։

39. TRIPP ծրագիրը՝ որպես բաց տնտեսության և կառուցվածքային վերափոխման ռազմավարական հենասյուն: Հայաստանի նոր տնտեսական պարադիգմն իր գործնական իրականացումն է ստանում նաև TRIPP միջազգային ծրագրի միջոցով, որը դառնում է երկրի բաց և մրցունակ տնտեսության շարժիչ ուժը։ TRIPP-ը միավորում է արտահանման ինստիտուցիոնալ աջակցությունը, ենթակառուցվածքների զարգացումը և մարդկային կապիտալի ձևավորումը՝ ստեղծելով ներդրումային և տեխնոլոգիապես պատրաստ միջավայր։ Ծրագիրն ուղղված է նաև մատակարարման գլոբալ շղթաներում Հայաստանի ներառմանը, արտահանման շուկաների ընդլայնմանը և նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը։ Այս գործընթացին զուգահեռ խթանվում են վերականգնվող էներգիայի զարգացումը և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը՝ որպես ժամանակակից տնտեսական համագործակցության նոր ստանդարտներ։ TRIPP-ը ոչ միայն տնտեսական գործիք է, այլև պետական կառավարման նոր որակի դրսևորում, որը միավորում է ռազմավարական մտածողությունը, կառավարման արդյունավետությունն ու միջազգային համագործակցության բարձր մակարդակը։

40. Տարածքային զարգացում և ժամանակակից կառավարման կարողություններ: Վերջին տարիներին զգալի ներդրումներ են ուղղվել մարզերի ենթակառուցվածքների՝ հատկապես ճանապարհաշինության և տրանսպորտային կապերի զարգացմանը։ Սակայն այդ ներդրումները կարող են դառնալ լիարժեք արդյունավետ միայն այն դեպքում, երբ ենթակառուցվածքները ծառայեն ապրանքների և ծառայությունների շարժի, տնտեսական ակտիվության և արտահանման իրական հոսքերի խթանմանը։ Այդ նպատակով անհրաժեշտ է ենթակառուցվածքային ծրագրերը զուգակցել արդյունաբերական, արտահանման և լոգիստիկ ռազմավարությունների հետ՝ ապահովելով դրանց իրական տնտեսական բովանդակությունն ու ներդրումային հոսքերի ներգրավումը։ Հակառակ դեպքում՝ անգամ ամենաարդիական ճանապարհները կմնան թերօգտագործված և չեն ծառայի երկրի համաչափ ու երկարաժամկետ զարգացմանը։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր է դառնում տարածաշրջանների տնտեսական վերակենդանացումը՝ որպես համաչափ և ներառական զարգացման առանցքային նախապայման։ Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան լիազորություններ և կարողություններ՝ դառնալու ներդրումային քաղաքականության համահեղինակներ և ակտիվ իրագործողներ՝ խթանելով արտադրության վերագործարկումը, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը, գյուղական համայնքների վերակենդանացումն ու աշխատատեղերի ստեղծումը՝ բնակչության տնտեսական ներուժի ամբողջական օգտագործմամբ։ Միայն այս պայմաններում կառուցված ու կառուցվող ենթակառույցները կդառնան համայնքների զարգացումը խթանող համակարգեր:

41. Տնտեսական նոր պարադիգմի կարևոր բաղադրիչ է տարածքային զարգացման «մասնագիտացման» սկզբունքը, որի շրջանակում պետությունը խրախուսում է մարզերի, քաղաքների և գյուղական համայնքների զարգացումը՝ հիմնված նրանց մարդկային կապիտալի, գիտելիքային ներուժի, բնական, ենթակառուցվածքային և լոգիստիկ առանձնահատկություններից բխող առավելությունների համադրության վրա։ Այս սկզբունքը կիրառվում է պետական աջակցության ծրագրերի, ներդրումային գործիքների և զարգացման նախաձեռնությունների նախագծման փուլում՝ որպես ուղղորդող շրջանակ՝ նպաստելով տարածքներին, ընդհուպ մինչև առանձին համայնքների մակարդակով, բնորոշ մրցակցային տեղային առավելությունների բացահայտմանը և նպատակային խթանմանը։ Տարածքային «մասնագիտացումը» չի դիտարկվում վարչարարական կամ կարգադրական մեխանիզմ, այլ՝ որպես մրցակցային առավելությունների վրա հիմնված զարգացման մոդել, որի նպատակն է ձևավորել տնտեսական ակտիվության ֆունկցիոնալ կենտրոններ, խթանել կլաստերային զարգացումը և բարձրացնել տարածքների ներգրավվածությունը տարածաշրջանային և միջազգային արժեքային շղթաներում։

42. Մրցունակ ֆինանսական միջավայր և հանրային ռեսուրսների ուղղորդված կառավարում: Ֆինանսական համակարգի հասանելիությունն ու մրցակցային զարգացումը դիտարկվում են որպես տնտեսական ներառականության և ներդրումային ակտիվության առանցքային պայմաններ։ Պետությունը խթանում է հատկապես ոչ բանկային ֆինանսական ծառայությունների տարածումը՝ զարգացնելով կապիտալի շուկաները և ստեղծելով ֆինանսների հասանելիության այլընտրանքային համակարգեր՝ բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաների, ներդրումային ֆոնդերի, վենչուրային և մասնավոր կապիտալի գործիքների միջոցով։ Նպատակն է ստեղծել ֆինանսավորման դիվերսիֆիկացված, ճկուն միջավայր, որը կխթանի տեղական արտադրությունը, ձեռնարկատիրական միջավայրի և սպառողական կարողությունների ընդլայնումը։ Կստեղծվեն մեխանիզմներ մարզերի միկրոբիզնեսներին, պարեն արտադրողներին և խոցելի խմբերին առավել մատչելի ֆինանսական ռեսուրսներ տրամադրելու համար։ Տնտեսական ներառականության խթանման համատեքստում կարևորվում է ֆինանսական շուկայի խորացման և մրցակցության բարձրացման քաղաքականությունը, խոշոր ընկերությունների, այդ թվում՝ առևտրային բանկերի դուրսբերումը բաց շուկա IPO-ների միջոցով։ Սա թույլ կտա ոչ միայն մոբիլիզացնել լրացուցիչ ներդրումային ռեսուրսներ, այլև հաղթահարել ներկայիս բարձր կենտրոնացվածության խնդիրը, երբ բանկերի բաժնետոմսերը կենտրոնացած են սահմանափակ թվով գործարար խմբի ձեռքում։

43. Այդպիսով, մրցունակ, ներառական և բազմազան ֆինանսական միջավայրի ձևավորումը դառնում է ոչ միայն տնտեսական աճի, այլև հանրային ռեսուրսների արդյունավետ և ուղղորդված կառավարման հիմնասյունը։

44. Միևնույն ժամանակ, պետություն-մասնավոր համագործակցության (ՊՄԳ) գործիքները դիտարկվում են որպես խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման և իրականացման կարևոր մեխանիզմ՝ հատկապես կրթության և առողջապահության ոլորտներում՝ բարձրացնելով դրանց իրականացման արդյունավետությունը։ Հանրային ռեսուրսների՝ հողի, ջրի, գույքի և լիցենզիաների կառավարումը պետք է դառնա բաց և հաշվետու գործընթաց՝ հիմնված տնտեսական նպատակահարմարության և հանրային շահի վրա։

45. Կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ պետական դիրքորոշում: Պետությունը պարտավոր է ունենալ որոշիչ դեր և վերահսկողություն այն կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ, որոնք ուղղակիորեն առնչվում են ազգային անվտանգության, էներգետիկ և լոգիստիկ կայունության, ինչպես նաև արտաքին կախվածությունների կառավարման հետ։ Այդպիսի ենթակառուցվածքներ են, մասնավորապես, Իրան–Հայաստան գազամուղը, երկաթուղային համակարգը, հիմնական էներգետիկ և հաղորդակցային ցանցերը։ Պետության ներգրավվածությունը չի ենթադրում սեփականության իրավունքի խախտում, այլ իրականացվում է կարգավորող, պայմանագրային, ինստիտուցիոնալ կամ հատուկ վերահսկողության մեխանիզմների միջոցով՝ ապահովելու համար, որ կենսական ենթակառուցվածքները գործեն ոչ միայն կոմերցիոն, այլ նաև ազգային անվտանգության և երկարաժամկետ պետական շահի տրամաբանությամբ։

46. Այս մոտեցման տրամաբանական շարունակությունն է պետության կողմից արդեն իսկ իր վերահսկողության կամ սեփականության ներքո գտնվող տնտեսական ակտիվների կառավարման հստակ սկզբունքների սահմանումը։ Վերջին տարիներին տնտեսությունում պետության մասնակցության աճը մի շարք ոլորտներում պետք է դիտարկվի ոչ թե որպես իրավիճակային կամ ընդլայնվող պետականացման քաղաքականություն, այլ որպես ակտիվների ժամանակավոր կենտրոնացում՝ դրանց ռազմավարական վերագնահատման և արդյունավետ կառավարման նպատակով։ Դոկտրինը սահմանում է, որ այն ակտիվները, որոնք չունեն անմիջական ազգային անվտանգության նշանակություն, կարող են մասամբ կամ ամբողջությամբ իրացվել շուկայական և թափանցիկ մեխանիզմների միջոցով, ներառյալ՝ հանրային բաժնետոմսերի տեղաբաշխումը (IPO)՝ պայմանով, որ սա չի ստեղծում նոր ռազմավարական կախվածություններ։ Նման գործարքներից ստացված ֆինանսական ռեսուրսները պետք է նպատակային ուղղվեն դոկտրինի շրջանակում սահմանված ռազմավարությունների ու ծրագրերի իրականացմանը՝ վերածելով պետական ակտիվների կառավարումը տնտեսական զարգացման և ինստիտուցիոնալ կայունության ֆինանսական աղբյուրի:

47. Պետությունը կձևավորի ռազմավարական ոլորտներում ներդրումների նախնական ուսումնասիրության համակարգ (Investment Screening)՝ հիմնված զարգացած երկրների փորձի վրա, որի նպատակն է ապահովել, որ խոշոր օտարերկրյա ներդրումները համահունչ լինեն ազգային անվտանգության, հանրային կարգի, տեխնոլոգիական ինքնիշխանության և երկարաժամկետ տնտեսական կայունության շահերին՝ միաժամանակ պահպանելով բաց, մրցակցային և կանխատեսելի ներդրումային միջավայրը։ Այս մեխանիզմը հնարավորություն կտա ռիսկահենք մոտեցմամբ գնահատել ներդրումների հնարավոր ազդեցությունը կրիտիկական ենթակառուցվածքների, կրիտիկական տեխնոլոգիաների և երկակի նշանակության արտադրությունների, կենսական մատակարարումների, զգայուն տվյալների և տեղեկատվական միջավայրի կայունության վրա՝ առանց սեփականության իրավունքի խախտման կամ ներդրողների վստահության թուլացման։ Ներդրումների նախնական ուսումնասիրման համակարգը չի հանդիսանում ներդրումների սահմանափակման գործիք, այլ ինստիտուցիոնալ ինքնիշխանության և ռազմավարական կանխատեսելիության գործիք է, որի միջոցով պետությունը բարձրացնում է ազգային դիմակայունությունը՝ նվազեցնելով արտաքին կախվածություններից և համակարգային ռիսկերից բխող խոցելիությունները, ապահովելով ներդրումային քաղաքականության համադրելիությունը արտաքին տնտեսական և անվտանգային օրակարգի հետ։

48. Աշխատատեղերի ստեղծման խթանում: Աշխատանքի խրախուսման նոր տնտեսական փիլիսոփայությունը հիմնված է այն համոզման վրա, որ յուրաքանչյուր առողջ և աշխատունակ մարդ իր աշխատանքի միջոցով պետք է կարողանա ինքն իր համար ապահովել բարեկեցության արժանապատիվ մակարդակ, իսկ պետության ռազմավարական պարտավորությունն է կրթության միջոցով ապահովել մարդու ստեղծարար տաղանդի բացահայտումն ու զարգացումը և այդ տաղանդի իրականացման համար նպաստավոր պայմանների, հնարավորության ապահովումը։ Ակնհայտ է նաև, որ առաջիկա 10–15 տարիներին աշխատանքի և զբաղվածության բնույթը էապես փոխվելու է՝ թվայնացման, արհեստական բանականության և ռոբոտացման արագ առաջընթացի արդյունքում։ Ստեղծվող իրողության պայմաններում պետության հիմնական խնդիրը դառնում է տնտեսության համար անհրաժեշտ հմտությունների ու կարողությունների, ստեղծարար մտածողության և նոր մասնագիտական ինքնությունների համակարգված ձևավորումը։ Այդ նպատակով կդիտարկվի հանրային իշխանության մարմինների դերակատարության խորացման հնարավորությունը՝ այնպիսի ձևաչափով, որ իրենց գործառույթներում ավելի ամբողջական և համակարգված ձևով արտացոլվեն զբաղվածության, աշխատաշուկայի և իրական հատվածի հիմնական միտումները։ Նման մոտեցումը կստեղծի պայմաններ, որպեսզի մակրոտնտեսական քաղաքականության տարբեր բաղադրիչներ գործեն ավելի փոխկապակցված, կանխատեսելի և հանրային բարեկեցությանը միտված տրամաբանությամբ:

49. Թվային միջավայր և կառավարման նոր մշակույթ: Հայաստանը որդեգրում է թվայնացման ռազմավարություն՝ ներդնելով թվային լուծումներ պետական կառավարման, ենթակառուցվածքների, կրթության և հանրային ծառայությունների ոլորտներում։ Թվային տեխնոլոգիաները խթանում են գործընթացների թափանցիկությունն ու օպերատիվությունը՝ միաժամանակ ստեղծելով քաղաքացիների համար հասանելի, պարզ և պաշտպանված ծառայությունների համակարգ։ Պետությունն ակտիվացնում է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումն ու զարգացումը՝ նպատակ ունենալով ավտոմատացնել անհատների, բիզնեսի և պետական կառույցների փոխգործակցության գործընթացները։ Հատուկ ուշադրություն է դարձվում կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից առավել խոցելի ոլորտներին, այդ թվում՝ լիցենզավորման, թույլտվությունների, պետական գնումների, բժշկական ծառայություններին, հարկային վարչարարության և մաքսային ծառայությունների համակարգերին։ Էլեկտրոնային կառավարման մոդելը հնարավորություն է տալիս տեխնոլոգիական լուծումների միջոցով դյուրացնել, արագացնել և էականորեն էժանացնել ծառայությունների մատուցումը` միաժամանակ ապահովելով թափանցիկության բարձր մակարդակ, մարդկային գործոնի ազդեցության նվազեցում և վստահելի ու էթիկապես կայուն կառավարման միջավայր։

50. Այս մոտեցումը ոչ միայն խթանում է պետական կառավարման արդյունավետությունը, այլև ձևավորում է ժամանակակից, պատասխանատու և քաղաքացիակենտրոն կառավարում, որտեղ թվայնացումը դառնում է բարեվարքության և հաշվետվողականության հիմնական երաշխիքը։

51. Արհեստական բանականություն և տվյալահենք կառավարում՝ որպես տնտեսական արդյունավետության, նորարարության և ենթակառուցվածքային վերափոխման շարժիչ ուժ: Արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը Հայաստանի համար դիտարկվում է որպես խորքային կառուցվածքային վերափոխման ռազմավարական ուղղություն՝ հանրային քաղաքականության, բիզնես գործընթացների և կրթական մոդելների համար։ Հայաստանը որդեգրում է պատասխանատու ԱԲ-ի ռազմավարություն, որը հիմնված է տվյալների էթիկական օգտագործման, հաշվետու և թափանցիկ ալգորիթմների, ինչպես նաև ԱԲ-ի միջոցով մարդկային կարողությունների ընդլայնման սկզբունքների վրա։ ԱԲ-ի կիրառումը դիտարկվում է որպես համաշխարհային մրցակցության նոր հարթակ, որի շրջանակում Հայաստանը ձգտում է գտնել իր ինքնությունը պահպանող դիրք։ Միևնույն ժամանակ, Հայաստանում ԱԲ-ի հնարավորությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ է ապահովել էլեկտրամատակարարման շարունակականություն, ցանցերի հուսալիություն և էներգիայի պահպանման հզոր կարողություններ։ Այս համատեքստում գերակայություն են դառնում վերականգնվող էներգետիկայի զարգացումը և էներգիայի կուտակման համակարգերի ձևավորումը՝ որպես կայունության և բալանսավորման գործիք։ Միաժամանակ, բարձրացնելով էլեկտրական ցանցերի փոխկապակցվածությունը հարևան երկրների հետ, Հայաստանը ստեղծում է տարածաշրջանային էներգետիկ անվտանգության և տեխնոլոգիական ինտեգրման նոր պայմաններ՝ ամրապնդելով իր դիրքը որպես ինովացիոն և կապակցված տնտեսություն։

52. Ներկայացված դրույթների նշանակությունը միայն տնտեսագիտական կամ կառավարչական չէ, դրանք հանդիսանում են նաև հայեցակարգային հիմք՝ անվտանգ, կայուն և մարդակենտրոն պետության զարգացման համար, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի զգում է պատկանելիություն, արժանապատվություն և վստահություն սեփական երկրի այսօրվա և ապագայի հանդեպ։

53. Այս տեսլականը միտված է ձևավորելու այնպիսի Հայաստան, որտեղ զարգացումը չափվում է ոչ միայն ցուցանիշներով, այլև՝ վստահությամբ և սեփական պետության նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների էմոցիոնալ կապի ամրապնդմամբ։

54. Միևնույն ժամանակ, աշխարհն ու գլոբալ տնտեսությունն ակնհայտորեն գտնվում են աննախադեպ արագ և խորքային փոփոխությունների փուլում։ Թվայնացման, արհեստական բանականության և տեխնոլոգիական նորարարությունների զարգացումը էականորեն վերափոխում է տնտեսության կառուցվածքը, արտադրողականության բնույթը և աշխատանքի շուկայի տրամաբանությունը։ Տնտեսական ապագան չի զարգանում գծային տրամաբանությամբ, իսկ անցյալի տվյալների վրա հիմնված կանխատեսումներն այսօր չեն կարող արտացոլել առաջիկա փոփոխությունների իրական խորությունն ու արագությունը. արհեստական բանականությունը կտրուկ սեղմում է զարգացման ժամանակային հորիզոնները, վերաիմաստավորում մրցունակության չափանիշները և ստեղծում մի նոր իրականություն, որտեղ երեկվա «բավարար» աճի տեմպերը վաղվա տնտեսության համար կարող են դառնալ անբավարար՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական և թե՛ ռազմավարական իմաստով։

55. ԱԲ-ն այլևս հեռավոր ապագայի երևույթ չէ. այն դարձել է ներկայիս տնտեսության զարգացման և կառավարման համակարգի ձևավորման առանցքային գործոն։ Այս զարգացումներն ինքնին չեն լուծելու մեր խնդիրները. անհրաժեշտ է, որ մենք՝ որպես պետություն և հասարակություն, չմնանք միայն որպես այս տեխնոլոգիական ալիքի սպառող, այլ ակտիվորեն մասնակցենք դրա ձևավորմանն ու օգտագործմանը՝ ի շահ մեր տնտեսության, հասարակության և պետական կառավարման արդիականացման։ Այս ուղղությամբ պետք է իրականացվեն համակարգային քայլեր՝ ապահովելով արհեստական բանականության արագացված և համատարած ներթափանցում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներ՝ կրթությունից և վաղ մանկության ուսուցման նորարարական մեթոդներից մինչև արդյունաբերություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, գիտահետազոտական գործունեություն, ինչպես նաև նոր սերնդի առողջապահական, դեղագործական և կենսատեխնոլոգիական լուծումների ստեղծում։

56. Ուստի կարևորագույն մարտահրավերներից է նախապատրաստել մեր հասարակությունը այս որակական փոփոխություններին։ Կրթական և առողջապահական համակարգերի զարգացումը պետք է դուրս գա ինստիտուցիոնալ ու տեխնիկական վերաձևումների շրջանակից՝ դառնալով բովանդակային և արժեքային վերափոխման գործընթաց։

57. Շարունակելով մանկապարտեզների, դպրոցների, Ակադեմիական քաղաքի, բժշկական կենտրոնների կառուցման աշխատանքները՝ կստեղծվեն նոր, արդիական, համընդհանուր հասանելի կրթական և առողջապահական համակարգեր, որոնք կլինեն 21-րդ դարի մարտահրավերներին արձագանքող և մրցունակ կառույցներ։ Նոր կրթական համակարգը կրթության բոլոր՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթության մակարդակ, ինչպես նաև ուսուցիչների ու դասախոսների վերապատրաստման ծրագրերը և կրթության գործընթացի մասնակիցների սոցիալական երաշխիքների ապահովման քաղաքականությունը, պետք է ուղղված լինեն ոչ միայն փոփոխություններին հարմարվելուն, այլև այդ փոփոխությունները առաջնորդելու կարողության ձևավորմանը. նոր տնտեսական միջավայրը պահանջում է ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև մտածողության նոր որակ։ Քաղաքացին դառնում է համակարգի առանցքը՝ որպես արժանապատիվ աշխատանքով և ներդրումներով հարստացող ու հարստացնող անձ։ Վերազինված կրթական համակարգը, հասանելի և որակյալ բժշկական ծառայությունները՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ, ինչպես նաև օրինական աշխատանքի խրախուսումը ձևավորում են սոցիալական համերաշխության և փոխադարձ վստահության վրա հիմնված հասարակություն։

58. Սոցիալական պաշտպանությունը պետության ինստիտուցիոնալ պարտավորությունն է՝ ապահովելու քաղաքացիների կայունությունն ու կենսունակությունը այն ռիսկերի պայմաններում, որոնք անհնար է կանխել անհատական ջանքերով. հիվանդություն, հաշմանդամություն, ծերություն, աշխատունակության կորուստ, տնտեսական կամ բնական աղետների հետևանքներ, ժամանակավոր սոցիալ-տնտեսական ցնցումներ, կյանքի դժվարին իրավիճակներ։ Պարադիգմի առանցքում դրված է այն սկզբունքը, որ սեփական բարեկեցության ապահովումը աշխատունակ քաղաքացու հիմնական պատասխանատվությունն է, կրթության և աշխատանքի, ստեղծարարության և տնտեսական ակտիվության միջոցով, իսկ պետության պատասխանատվությունը կրթության միջոցով մարդու տաղանդը բացահայտելու, զարգացնելու և այդ տաղանդն իրացնելու հավասար հնարավորություններ, արդար պայմաններ ապահովելն է, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող անձանց ու խոցելի խմբերի համար։

59. Տնտեսական ու սոցիալական պատասխանատվության այս մոդելը նաև վերաիմաստավորում է «որտեղ հաց, այնտեղ կաց» բանաձևը, այն փոխարինելով՝ «այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց»՝ բանաձևով արտահայտելով, որ երկրի մարտահրավերները պետք է լուծվեն հենց այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում։ Արտագաղթից վերադարձողներն այստեղ պետք է գտնեն հստակ նպատակի, ինքնության ու պատկանելիության զգացում։ Միգրացիոն քաղաքականությունը միաձուլվում է տնտեսական և անվտանգային նպատակների հետ՝ խրախուսելով նաև օտարերկրյա մասնագետների ներգրավումը և կապելով քաղաքացիության տրամադրումը ներդրումային ու մասնագիտական մասնակցության հետ։

60. Այս դոկտրինը ելնում է այն հիմնարար սկզբունքից, որ վարչակազմերը փոփոխական են, իսկ պետությունը՝ շարունակական։ Պետության զարգացումը չի կարող կախված լինել քաղաքական ցիկլերից կամ կարճաժամկետ մանդատներից, այլ պետք է կառուցվի ինստիտուցիոնալ կայունության, իրավական պարտավորությունների և հանրային վստահության վրա։ «Իրական Հայաստանի» տնտեսական պարադիգմն ուղղված է ոչ թե որևէ կոնկրետ քաղաքական վարչակազմի, այլ պետության երկարաժամկետ կարողությունների ամրապնդմանը՝ ձևավորելով կանխատեսելի, հետևողական և ռազմավարական զարգացման պետական քաղաքականություն։ Այսպիսին է «Իրական Հայաստանի» տնտեսական պարադիգմը։ Այս սկզբունքներով են շարունակվելու կառուցել մեր տնտեսական միջավայրը, և սա է կոնսենսուսի արժանի քաղաքականությունը, որի շուրջ կարող է ձևավորվել մեր երկրի միասնական և արդիական ապագան։

 

ԳԼՈՒԽ 3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

61. «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմը պահանջում է ռազմավարական մոտեցում, որը միավորում է հստակ գաղափարական սկզբունքներ և ոլորտային զարգացման ուղղություններ։ Այս սկզբունքները ներառում են կայուն և ներառական աճ, մարդկային կապիտալի վրա հիմնված զարգացում, թվայնացում և նորարարություն, ներդրումների գրավչություն, պատասխանատու ռեսուրսային կառավարում և բնապահպանական զգայունություն, ինչպես նաև մրցունակության բարձրացում և միջազգային ինտեգրում։ Դրանք հիմք են ծառայելու ապագային միտված տնտեսական քաղաքականությունների ձևավորման և արդյունավետ իրագործման համար։ Այս հիմնարար սկզբունքների վրա կառուցված մոտեցումը պահանջում է հստակեցված և համակարգված ռազմավարական առաջնահերթություններ։

ա) Մարդկային կապիտալի զարգացում և գիտելիքահենք տնտեսության ձևավորում

62. Կայուն զարգացումն սկսվում է մարդկային ներուժի զարգացմանն ուղղված նպատակային ներդրումներից։ Տնտեսական ռազմավարության նպատակն այնպիսի հասարակության ձևավորումն է, որտեղ որակյալ կրթությունը, հմտությունների շարունակական, ցկյանս զարգացումը, առողջապահական համակարգի մատչելիությունը և սոցիալական պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն են տալիս լիարժեք իրացնելու և զարգացնելու իր կարողությունները։ Գիտելիքի վրա հիմնված տնտեսության ձևավորման նպատակով պետությունն ակտիվորեն ներդրումներ է ուղղում մարդկային կապիտալի զարգացմանը՝ խթանելով նոր սերնդի կրթությունն ու նորարարների, ձեռներեցների և բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստումը։ Այս անցումը ոչ միայն նպաստում է արտադրողականության աճին, այլ նաև ամրապնդում է երկրի դիրքերն առաջադեմ տեխնոլոգիական և բարձրարժեք ոլորտներում։

բ) Դիվերսիֆիկացված և բիզնեսին բարենպաստ տնտեսական համակարգ

63. Դիմակայուն և մրցունակ տնտեսություն ունենալու համար Հայաստանը չի կարող հիմնվել սակավաթիվ ավանդական ոլորտների վրա։ Անհրաժեշտ է ընդլայնել տնտեսական կառուցվածքը՝ խթանելով նորարարությունը, ձեռներեցությունը և արտադրության արդիականացումը, այդ թվում` կենսատեխնոլոգիաների ուղղությամբ։ Սա կիրականացվի թիրախային խթանների, բարենպաստ կարգավորումների և վարչարարական պարզեցված ընթացակարգերի միջոցով։

64. Նոր հարկային օրենսգրքի ներդրումը կստեղծի համակարգված լուծումներ հարկման և հարկային կառավարման ոլորտում՝ ստեղծելով երկարաժամկետ կայունության երաշխիք։ Այս համակարգը նախատեսում է հիմնական հարկային դրույքաչափերի և սկզբունքների երկարաժամկետ պահպանում։

65. Զարգացման առանցքային ուղղություն է դիտարկվում նաև զբոսաշրջությունը՝ իր ներուժ ունեցող տեսակներով՝ պատմամշակութային, գաստրո (խոհանոց, գինի և բրենդի), արկածային, սպորտային (ներառյալ ձմեռային), բժշկական և առողջարանային, ՄԱՅՍ, գյուղական (ագրո), կրոնական և այլն։ Կձևավորվի մարզային զբոսաշրջային կենտրոնների (կլաստերների) համակարգ։ Հայաստանը կարող է նաև դառնալ առողջարանային, վերականգնողական և բարձր որակով առողջապահական ծառայություններ մատուցող տարածաշրջանային կենտրոն։

գ) Կառավարման և ինստիտուցիոնալ վերափոխում

66. Արդյունավետ կառավարման համակարգը դիտարկվում է որպես տնտեսական կայունության, հանրային վստահության և ներդրումային գրավչության հիմնասյուն։ Կառավարությունը նպատակ ունի արդիականացնելու պետական ինստիտուտները՝ ապահովելով թափանցիկություն, կանխատեսելի իրավական միջավայր և երկարաժամկետ պլանավորման գործիքակազմ։ Կառավարման վերափոխման առանցքում գտնվում են թվայնացման գործընթացները և արհեստական բանականության (ԱԲ) կիրառությունը՝ նպատակ ունենալով բարձրացնելու որոշումների կայացման արդյունավետությունը, պարզեցնելու վարչարարական ընթացակարգերը և բարելավելու հանրային ծառայությունների մատչելիությունն ու որակը։

67. Խելացի տեխնոլոգիաների ներդրման արդյունքում նախատեսվում է կրճատել կոռուպցիոն ռիսկերն ու բարձրացնել կառավարման պատասխանատվության մակարդակը՝ պետական համակարգն ավելի քաղաքացիակենտրոն դարձնելու նպատակով։ Կառավարման ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները ներառում են նաև հաշվետվողականության մեխանիզմների ամրապնդում, բյուրոկրատական ծանրաբեռնվածության նվազեցում և պետական նորարարական կարողությունների զարգացում՝ նպաստելով բիզնես միջավայրի, ներդրումային վստահության և հանրային մասնակցության որակական աճին։

68. Հանրային կառավարման ոլորտում աշխատանքի գրավչության մեծացումը, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ վարձատրությունների համակարգի մրցունակությունը բարձրացնելու միջոցով, կարևոր է Հանրային կառավարման բարեփոխումների և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Միևնույն ժամանակ պետք է ներդրվեն հանրային կառավարման ոլորտի աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական բարձրացման արդյունավետ խթաններ։

դ) Թվային վերափոխում, ԱԲ և նորարարություն

69. Ժամանակակից աշխարհում, որտեղ տեխնոլոգիական փոփոխությունները շարունակական են, Հայաստանի տնտեսական ապագան պայմանավորված է թվային վերափոխման լիարժեք իրականացմամբ։ Արհեստական բանականության վրա հիմնված լուծումների առաջադրումը, ստարտափ էկոհամակարգի ձևավորումը և նորարար տեխնոլոգիաների ներդրումը՝ ոլորտների հատմամբ, Հայաստանը կդարձնեն նորարարության առաջամարտիկ։ ԱԲ-ի կիրառումը ոչ միայն կփոխի տնտեսական պլանավորումը, այլ նաև կխթանի հիմնարար գիտություններում (ֆիզիկայից մինչև կենսատեխնոլոգիա) բեկումնային լուծումների առաջացումը։ Այս տեղաշարժը կբացի արտադրողականության, արդյունավետության և գլոբալ մրցունակության նոր աղբյուրներ՝ միաժամանակ խթանելով հետազոտական մշակույթը և գիտահենք բիզնես միջավայրը։

ե) Էներգետիկ և պարենային անվտանգություն։ Շրջակա միջավայրի պահպանություն

70. Դիմակայուն և ուժեղ տնտեսություն կառուցելու նպատակով առաջնահերթություն է տրվում էներգետիկ անվտանգությանը, պարենային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությանը։ Պետական քաղաքականությունն ուղղված է արտաքին էներգակիրներից կախվածության նվազեցմանը, վերականգնվող էներգիայի օգտագործման ընդլայնմանը և էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը։ Այս համատեքստում էական և առանցքային է էներգետիկ վերափոխումը, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ և դրանց հետագա պարբերական և շարունակական արդիականացմամբ։

71. Պարենային անվտանգության ապահովման համատեքստում սահմանվել են գյուղատնտեսության նորարարական զարգացման, կայուն արտադրական մեթոդների ներդրման և սննդամթերքի արտադրության համակարգերի վերափոխման ուղղություններ։ Այս բարեփոխումները կոչված են երկարաժամկետում ամրապնդելու Հայաստանի ներքին կարողությունները, ապահովելու սննդի հասանելիությունն ու որակը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է վերափոխել պարենային անվտանգության մենյուի մասին պատկերացումները՝ հիմնական շեշտը դնելով ներքին արտադրության և պահպանման համար հասանելի սննդատեսակների վրա։

72. Շրջակա միջավայրի պահպանությունը սահմանված է որպես երկարաժամկետ ռազմավարական գերակայություն։ Պետական քաղաքականությունը նպատակ ունի պահպանելու և բարելավելու մթնոլորտային օդի որակը, ապահովելու կենսաբազմազանության պահպանումը և իրականացնելու ջրային ու հողային ռեսուրսների արդյունավետ կառավարում։ Հատուկ կարևորություն ունի Սևանա լճի պահպանությունը՝ որպես ազգային նշանակության քաղցրահամ ջրային համակարգի, լճի ջրային ռեսուրսների և երկարաժամկետ մաքրության ապահովման անհրաժեշտ պայման։

զ) Ֆինանսական կայունություն և ֆինանսական համակարգի զարգացում

73. Հզոր, ճկուն և նորարարական ֆինանսական համակարգը համարվում է Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճի և ներդրումային դինամիկայի առանցքային ենթակառուցվածքներից մեկը։ Ֆինանսական համակարգի զարգացումը կենտրոնացած է երեք հիմնական ուղղության վրա՝ բանկային հատվածի դիմակայունության ամրապնդում, կապիտալի շուկայի ընդլայնում և ֆինանսավորման գործիքների հասանելիության բարելավում՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ու նորաստեղծ բիզնեսների համար։

74. Նախատեսվում է ներդնել թվայնացված և նորարարական լուծումներ, այդ թվում՝ թոքենիզացիայի, բլոկչեյնի հիմքով գործիքների և թվային արժույթների զարգացում։ Այս քայլերը միտված են ֆինանսական ծառայությունների բազմազանեցմանը, գործարքային ծախսերի նվազեցմանը և ֆինանսական ծառայությունների ընդգրկման ընդլայնմանը՝ ապահովելով ֆինանսական ռեսուրսների ավելի արդյունավետ և վստահելի օգտագործում։ Կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված բարեփոխումները, թվային ֆինանսական էկոհամակարգի ձևավորումը և ֆինտեխ նորարարությունների խթանումը կնպաստեն ոչ միայն ֆինանսական ներառականության ապահովմանը, այլ նաև Հայաստանին թույլ կտան դառնալ տեխնոլոգիապես զարգացած և մրցունակ ֆինանսական հանգույց տարածաշրջանում և դրանից դուրս։

75. Ներկայացված առաջնահերթությունները հանդիսանում են դոկտրինի գործնականացման առանցքային ուղղություններ և իրականացվելու են վեց ռազմավարությունների, ինչպես նաև դրանցից բխող ծրագրերի ու ենթածրագրերի միջոցով։ Դոկտրինը ձևակերպում է «Իրական Հայաստանի» տնտեսական պարադիգմը և նոր տնտեսական քաղաքականության սկզբունքներն ու զարգացման ուղղությունները, մինչդեռ ռազմավարությունները դրանք վերածում են կիրառելի և օպերացիոն քաղաքականությունների։

76. Գլուխ 6-ում ներկայացված են կողմնորոշիչ ծրագրեր, որոնք կարող են ձևավորել դոկտրինի իրականացման ճանապարհային քարտեզը՝ ապահովելով քաղաքական նպատակների կապը պետական բյուջեի, միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և մշտադիտարկման ու գնահատման համակարգի հետ։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս անցում կատարել գաղափարական պարադիգմից դեպի համակարգված իրականացում՝ ամրապնդելով քաղաքականությունների փոխկապակցվածությունը, ինստիտուցիոնալ պատասխանատվությունը և արդյունքահենք կառավարման մշակույթը։

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

77. Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում ձևակերպված նոր պարադիգմն իրականացվող պետական քաղաքականության ուղենիշի վերածելու նպատակով անհրաժեշտ է ապահովել դրա ներդաշնակեցումն առաջիկայում մշակվելիք վեց համախմբված ռազմավարությունների և Կառավարության առանձին ծրագրերի ու նախաձեռնությունների միասնական շրջանակի հետ։ Դոկտրինը սահմանում է զարգացումների երկարաժամկետ տեսլականն ու սկզբունքային ուղղությունները, իսկ դրա արդյունավետ իրականացումը պայմանավորված է ոլորտային ռազմավարություններում, միջնաժամկետ բյուջետային պլանավորման փաստաթղթերում և պետական կառավարման ամենօրյա գործընթացներում սահմանված սկզբունքների տեղայնացմամբ։

78. Գործող պետական ծրագրերի ամբողջական քարտեզագրում և վերաիմաստավորում: Ամբողջությամբ պետք է քարտեզագրել գործող պետական ծրագրերը՝ բացահայտելու քաղաքականությունների հակասությունները, միմյանց կրկնող նախաձեռնությունները, թերակատարումները և չօգտագործված ռեսուրսները։ Այս գործընթացն ապահովելու է, որ բոլոր գործողությունները ծառայեն դոկտրինի սահմանած վերափոխման տրամաբանությանը։

79. Վեց ռազմավարությունների լիակատար ինտեգրում դոկտրինին: Ոլորտային համախմբված ռազմավարությունները պետք է դիտարկվեն որպես դոկտրինի գործնական շարունակություն։

80. Բարեփոխումների շարունակականություն և ինստիտուցիոնալ կայունություն: Դոկտրինը չի ենթադրում հաջողված ծրագրերի կասեցում, այլ վերջիններիս ինտեգրում նոր համակարգին։ Բարեփոխումներն անհրաժեշտ է իրականացնել ինստիտուցիոնալ կայունությունն ապահովելու տրամաբանությամբ՝ միաժամանակ ապահովելով քաղաքականությունների բովանդակային արդիականացումը՝ ըստ վերափոխման նպատակների։ Ոլորտային քաղաքականության հետ ցանկացած հակասություն կամ շեղում պահանջում է վերանայում՝ զարգացման միասնական տրամաբանությունը, ինստիտուցիոնալ և ռազմավարական ներդաշնակությունն ապահովելու նպատակով։

81. Ռեսուրսների օպտիմալացում, պետական ներդրումների վերաուղղորդում և գերակայությունների հստակեցում: Դոկտրինը սահմանում է պետական ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտությունը՝ բացառելով ցածրարդյունավետ ծրագրերը և ուժեղացնելով տնտեսական դիմակայունություն, ինստիտուցիոնալ արդիականություն և տեխնոլոգիական առաջընթաց ապահովող ուղղությունները։

82. Ֆինանսավորման կառուցվածք: Ծրագրերի և ենթածրագրերի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել համակցված մոդելով, որի հիմքում կլինեն պետական բյուջեի միջոցները (այդ թվում՝ ծախսերի վերաուղղորդման և նպատակային ծրագրերի օպտիմալացման հաշվին), պետական–մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրերը՝ դրանց զուգակցելով մասնավոր, այդ թվում՝ սփյուռքի ներդրումները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և զարգացման գործընկերների դրամաշնորհային ծրագրերը։

83. Ռազմավարական կառավարման թվային միջավայր: Կառավարությունը ներդնում է ռազմավարական կառավարման նոր համակարգ՝ որպես ինստիտուցիոնալ միջավայր, որը միավորում է ռազմավարական համակարգումը, ծրագրերի մշտադիտարկումը, մարդկային կապիտալի զարգացումը և նորարարության տարածումը։ Այս համակարգը գործում է հետևյալ առանցքային բաղադրիչներով՝

1) Կառավարման և համակարգման կենտրոն: Ռազմավարական համակարգման և իրագործման պատասխանատվությունը կկրի փոխվարչապետի գրասենյակը, որը՝

2) Միասնական թվային հարթակ և հանրային ներգրավվածություն: Փոխվարչապետի գրասենյակի վերահսկողությամբ կգործի ռազմավարական կառավարման միասնական թվային հարթակ՝ արդյունքային ցուցանիշների և միջազգային ինդեքսների մոնիթորինգի, ռազմավարությունների իրականացման խոչընդոտների ազդանշման, քաղաքացիներից ստացված հետադարձ կապի հավաքագրման և արդյունքների վրա հիմնված քաղաքական որոշումների կայացման նպատակով.

3) Գիտելիքի հանգույց և նորարարության ցանց: Ինստիտուցիոնալ ուսուցման և բարեփոխումների որակի բարձրացման նպատակով կստեղծվի գիտելիքահենք հարթակ, որը կհամախմբի և կինտեգրի գործող գիտական ու համալսարանական կարողությունները՝ հետևյալ նպատակներով՝

4) Մարդկային կապիտալի զարգացում: Քաղաքականությունների իրականացման որակի և ինստիտուցիոնալ կայունության ապահովման համար կձևավորվի հանրային ծառայության մարդկային կապիտալի զարգացման պետական համակարգ, որը կներառի նաև պետական ծառայողների մոտիվացիոն համակարգ, որտեղ վարձատրությունը և մասնագիտական առաջխաղացումը կապվում են իրականացված աշխատանքի արդյունավետության, կանխատեսված արդյունքների ապահովման և պետական ռազմավարությունների ու ծրագրերի կատարման հետ՝ ձևավորելով պատասխանատվության, արդյունքահենք աշխատանքի և բարձրակարգ հանրային ծառայության նոր մշակույթ.

5) Թվային գործիքակազմ և դոնորների համակարգում: Կներդրվեն թվային գործիքներ՝ գերատեսչությունների հաղորդակցման, կատարողականի գնահատման և հաշվետվողականության ապահովման համար։ Բացի այդ՝ ծրագրերի կենտրոնացված համաֆինանսավորման և կրկնությունների բացառման համար կձևավորվի Զարգացման գործընկերության համակարգման հարթակ.

6) Կայուն իրագործման և հաշվետու կառավարման մոդել: Ծրագրերի թափանցիկ և արդյունքահենք իրագործումն ապահովելու նպատակով ներդրվում է կառավարման երկաստիճան հիբրիդային մոդել։ Այս մոդելը ենթադրում է յուրաքանչյուր ծրագրի համար պատասխանատվության զուգահեռ մեխանիզմ՝ ի դեմս քաղաքական մակարդակի պատասխանատու առաջնորդի (Accountable Leader) և օպերացիոն ծրագրի մենեջերի (Program Manager)։

84. Միաժամանակ, ծրագրի մենեջերների ինստիտուտը կգործի հետևյալ եռաստիճան մակարդակներով՝ նախագծերի մասշտաբից և արժեքից կախված՝ ապահովելով կառավարման ճկունություն և պատասխանատվության բաշխում՝

1) Փոխվարչապետի գրասենյակ: Խոշոր ռազմավարական ծրագրերի և միջգերատեսչական համակարգում պահանջող նախաձեռնությունների կառավարում.

2) Նախարարությունների և պետական մարմինների մակարդակ: Ոլորտային քաղաքականությունների, գերատեսչական ծրագրերի և կառուցվածքային բարեփոխումների իրականացում.

3) Մարզպետարանների և համայնքային մակարդակ: Տեղական նշանակության ծրագրերի, ենթակառուցվածքային նախաձեռնությունների և համայնքների տնտեսական զարգացման նախագծերի կառավարում։

85. Ծրագրերի իրականացման կենտրոնը, գործելով փոխվարչապետի գրասենյակում, կտրամադրի ծրագրի մենեջերներին անհրաժեշտ գործիքներ, մեթոդաբանական ուղեցույցներ և կարողությունների զարգացման աջակցություն։ Կենտրոնը նաև կկազմակերպի գերատեսչական համադրման գործընթացները, կվերհանի և կհաղթահարի իրականացման խոչընդոտները, կիրականացնի մշտադիտարկում բարեփոխումների միասնական թվային հարթակի միջոցով։

86. Նախատեսվում է կրթական ու տեղեկատվական նախաձեռնությունների միջոցով դոկտրինի հիմնարար գաղափարների, արժեքների և քաղաքական ուղերձների համակարգված հանրային ներկայացում և հանրահռչակում՝ նպատակ ունենալով ապահովել դրանց լայն ընկալումն ու գործնական կիրառումը հասարակության բոլոր շերտերում, Երևանում, մարզերում, գյուղական բնակավայրերում։

87. Եռամսյակային կատարողականի և ռիսկերի վերաբերյալ հաշվետվությունները կներկայացվեն Վարչապետին՝ ապահովելով քաղաքական մակարդակի վերահսկողությունը։

 

ԳԼՈՒԽ 5. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

88. Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի արդյունավետ իրագործումը կապահովվի մշտադիտարկման և գնահատման հստակ մեխանիզմով՝ հիմնված վերաբերելի միջազգային փորձի վրա։ Համակարգը բաղկացած է երեք մակարդակի արդյունքային ցուցանիշներից և թվային հաշվետվողական ենթակառուցվածքից՝

1) Ցուցանիշների կառուցվածք՝

2) Մոնիթորինգի և հաշվետվությունների մեխանիզմ՝

3) Ճկունություն և վերանայման ցիկլ՝ դոկտրինը կվերանայվի յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ մշտադիտարկման և գնահատման արդյունքների հիման վրա։ Բացի այդ՝ տարեկան զեկույցները կծառայեն որպես հիմք՝ քաղաքականության փոքր ճշգրտումների համար՝ արձագանքելով տարածաշրջանային և գլոբալ փոփոխվող իրադրություններին։

 

ԳԼՈՒԽ 6. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐ

 

89. Սույն բաժնում առաջարկված ծրագրերն ու ենթածրագրերը կարող են կողմնորոշիչ լինել ռազմավարությունների ու ռազմավարական ծրագրերի մշակման համար։

90. Որակյալ կրթություն և մրցունակ աշխատուժի ձևավորում: Ընդհանուր նպատակն է ՀՀ-ում ստեղծել ընդգրկուն, բարձրորակ և ապագային միտված կրթական համակարգ, որը կապահովի հավասար հասանելիություն նախադպրոցականից մինչև մասնագիտական բարձրագույն կրթություն, կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կհզորացնի մարդկային կապիտալը և քաղաքացիներին յուրաքանչյուր տարիքում կզինի այն հմտություններով և որակներով, որոնք անհրաժեշտ են աշխատանքով սեփական բարեկեցությունն ապահովելու համար։

 

Ենթածրագրի անվանում

1. Նախադպրոցական կրթություն
2. Հանրակրթություն
3. Մասնագիտական կրթություն
4. Ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում) մեծահասակների համար
5. Բարձրագույն կրթություն
6. Տաղանդների զարգացման հիմնադրամ (ՏԶՀ)
7. Հետազոտությունների և մշակումների ոլորտի բարեփոխում

 

91. Առողջության համընդհանուր ապահովագրություն: Ընդհանուր նպատակն է Հայաստանի բոլոր քաղաքացիների համար հասանելի, որակյալ և ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական ծառայությունների ապահովում՝ կյանքի տևողությունն ու որակը բարձրացնելու, ինչպես նաև կայուն, հավասարության վրա հիմնված և դիմակայուն առողջապահական համակարգ ձևավորելու նպատակով:

 

Ենթածրագրի անվանում

1. Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրում
2. Կանխարգելիչ և առողջության առաջնային բժշկական օգնության հզորացում
3. Բուժհաստատությունների ենթակառուցվածքի և թվային առողջապահության վերափոխում
4. Ծառայությունների որակի և հասանելիության աճ և առողջապահական կադրային կարողությունների ամրապնդում

 

92. Սոցիալական պաշտպանության ծրագրեր: Ընդհանուր նպատակն է Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի դիմակայունության բարձրացումը՝ ճգնաժամերին և հրատապ իրավիճակներին արձագանքելուն պատրաստ, մարդու բոլոր կենսափուլերում կարիքների հասցեագրմանն ուղղված և տվյալահենք մոտեցումների կիրառման միջոցով։ Ծրագրերը ձգտում են ապահովելու խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց, երեխաների,ուղղ. երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, ներգաղթյալների, տեղահանվածների, փախստականների և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների հրատապ կարիքները՝ ընդլայնելով մատչելի և համայնքահենք ծառայությունները, կրթության միջոցով խթանելով աշխատունակ մարդկանց մրցունակության աճին, ստեղծելով աջակցող միջավայր՝ սոցիալական ներառման, արդարության ապահովման, մարդակենտրոն զարգացման և գենդերային հավասարության, բնակարանային հասանելիությունը խթանելու համար։ Միևնույն ժամանակ, կարևոր ուղղություն է դառնում այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ կենսաթոշակային տարիքի անցումը չի դիտվում որպես ակտիվ կյանքի ավարտ. պետությունը կնպաստի, որ տարեցները շարունակեն օգտագործել իրենց կուտակած փորձը, գիտելիքը և կապիտալը՝ ներգրավվելով աշխատաշուկայում, կրթական կամ խորհրդատվական գործունեությունում, ինչպես նաև ստեղծելով սեփական բիզնեսները։ Այս մոտեցումը խթանում է ակտիվ ծերությունը, ամրապնդում է համայնքային կապերը և մեծացնում է երկրի մարդկային կապիտալի ամբողջական ու արդյունավետ օգտագործումը։ 63–ը ոչ միայն աշխատանքային կենսաթոշակի, այլև տնտեսական նոր գործունեություն մեկնարկելու լավագույն տարիքն է։

 

Ենթածրագրի անվանում

1. Տարածաշրջանային զբաղվածության զարգացում
2. Կանանց և երիտասարդների ներառական աշխատանքի ակտիվացում
3. Թոշակառուների փորձի վերաիմաստավորում և ՓՄՁ ոլորտում ակտիվ մասնակցության խթանում, նպաստառուների և թոշակառուների աշխատանքի ակտիվացում
4. Աշխատաշուկայի քաղաքականության բարեփոխում և կառավարման արդիականացում
5. Սոցիալական և մատչելի բնակարանների կառուցում ու վերականգնում
6. Աջակցող բնակարանային ծառայությունների և սոցիալական բնակարանային ծառայության ընդլայնում
7. Ծնելիության խթանում և ընտանեկան աջակցության կայուն մեխանիզմների ստեղծում
8. Սփյուռքի ներգրավում և վերադարձող մասնագետների ինտեգրում

 

93. Ներդրումների խթանում և մրցունակ տնտեսության ձևավորում: Ընդհանուր նպատակն է ստեղծել բազմազան և ներդրումների համար բարենպաստ տնտեսական միջավայր՝ թվայնացման, կապիտալի շուկայի զարգացման, հարկային քաղաքականության բարեփոխման, կարգավորումների պարզեցման և արդյունաբերական (այդ թվում՝ ստեղծարար) ենթակառուցվածքների զարգացման միջոցով՝ խթանելով ՀՀ մրցունակությունը միջազգային շուկաներում և խթանելով տարածքային զարգացումը։

 

Ենթածրագրի անվանում

1. Արդյունաբերական գոտիների ստեղծում և ընդլայնում ՀՀ մարզերում
2. Գործարար միջավայրի բարելավում, հարկային և կարգավորող բարեփոխումներ
3. Ռազմավարական ներդրումների խթանում և արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացում ՀՀ մարզերում
4. Զարգացած արդյունաբերություն և արդյունաբերական վերամշակում

 

94. Ձեռնարկատիրության, ՓՄՁ զարգացման և նորարարության խթանում: Ընդհանուր նպատակն է աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ընդլայնմանը, ձևավորել կենսունակ ձեռնարկատիրական մշակույթ և խթանել նորարարությունը ռազմավարական ճյուղերում՝ ֆինանսների, շուկաների, հմտությունների և ենթակառուցվածքների հասանելիության բարելավման միջոցով։ Ծրագիրը կդառնա դիմակայուն, ընդգրկուն և գիտելիքահեն տնտեսության ձևավորման հիմքը՝ ներառելով նաև տնտեսականացման ներուժ ունեցող այլ ոլորտներ և ապահովելով զարգացած երկրների չափորոշիչների (ստանդարտների) ներդրումն արտադրական շղթայի բոլոր փուլերում։

 

Ենթածրագրի անվանում

1. ՓՄՁ աճի և մրցունակության բարձրացում
2. Ձեռնարկատիրական մշակույթի և կարողությունների զարգացում
3. Տեխնիկական կանոնակարգերի թվայնացում
4. Էլեկտրոնային հավատարմագրման համակարգի ներդրում

 

95. Զբոսաշրջության զարգացում: Ընդհանուր նպատակն է ՀՀ-ի զարգացումը որպես ամբողջ տարվա ընթացքում գրավիչ, որակյալ, անվտանգ, խաղաղ և մրցունակ գողտրիկ (boutique) զբոսաշրջային ուղղության՝ օգտագործելով զբոսաշրջության տնտեսական ներուժն ամբողջությամբ, նպաստելով տնտեսական առաջընթացին, աջակցելով առավել մեծ թվով անձանց ու համայնքներին օգուտներ քաղելու ոլորտի զարգացումներից, բարձրացնելով Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի իմիջը համաշխարհային շուկայում, Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը դարձնելով ճանաչելի իր հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ, անվտանգությամբ և վստահելիությամբ, բարելավելով զբոսաշրջային ծառայությունները և ձևավորելով հաստատուն զբոսաշրջության ոլորտ: Զբոսաշրջային քաղաքականության հիմքում դրվում է Հայաստանի բազմաշերտ ներուժի օգտագործումը՝ պատմամշակութային զբոսաշրջության, գաստրո (խոհանոց, գինի և բրենդի) զբոսաշրջության, արկածային, սպորտային (ներառյալ ձմեռային) զբոսաշրջության, գյուղական (ագրո) և էկո զբոսաշրջության, բժշկական և առողջարանային զբոսաշրջության, ՄԱՅՍ զբոսաշրջության և կրոնական զբոսաշրջության զարգացմամբ։

 

Ենթածրագրի անվանում

1. Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում և նոր ուղղությունների խթանում
2. Զբոսաշրջության դիվերսիֆիկացում և տարածաշրջանային զարգացում
3. Մշակույթի և սպորտի տնտեսականացում

 

96. Տարածքային տնտեսական զարգացում: Ընդհանուր նպատակն է խթանել ընդգրկուն, հավասարակշռված և կայուն տնտեսական զարգացումը ՀՀ բոլոր մարզերում տարածքային ենթակառուցվածքների արդիականացման, տարածքային տնտեսական դիմակայունության բարձրացման և շրջանառու տնտեսության համահայկական էկոհամակարգի ձևավորման միջոցով։ Ծրագիրը միտված է նվազեցնելու մարզերի միջև կառուցվածքային անհավասարությունները, բարձրացնելու ոչ գյուղատնտեսական ոլորտների զբաղվածությունն ու արտադրողականությունը, կատարելագործելու տեղական ծառայությունների մատուցումը և ինտեգրելու կանաչ ենթակառուցվածքներն ու նորարարությունները տարածաշրջանային զարգացման պլանավորման գործընթացներում։ Թիրախային ներդրումների միջոցով տրանսպորտի, թվային կապի, արդյունաբերական գոտիների և թափոնների կառավարման ոլորտներում ծրագիրը կներդնի ուժեղ տեղական տնտեսությունների, էկոլոգիական կայունության և բոլոր մարզերում բնակչության կյանքի որակի բարձրացման հիմքերը։

 

Ենթածրագրի անվանում

1. Տարածքային տնտեսական զարգացում և տեղական ենթակառուցվածքների արդիականացում
2. Թափոնների կառավարման արդիականացում և շրջանաձև տնտեսության ձևավորում

 

97. «Խաղաղության խաչմերուկ» և բազմաձև տրանսպորտային կապակցվածություն: Ընդհանուր նպատակն է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում վերականգնել Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի դերը՝ ապահովելով արևելք- արևմուտք և հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքների վերագործարկում և տարածաշրջանային ինտեգրում։ Այն միավորում է երկաթուղային, ավտոմոբիլային և ավիացիոն ենթակառուցվածքների արդիականացումը՝ խթանելով տնտեսական կապակցվածությունը, տարանցիկ ներուժը և խաղաղության վրա հիմնված համագործակցությունը Հարավային Կովկասում։ TRIPPուղղ. նախաձեռնությունը դիտարկվում է որպես Հայաստանի տնտեսական կայունության և տարածաշրջանային փոխշահավետության ռազմավարական հենասյուն։

 

Ենթածրագրի անվանում

1. Տարածաշրջանային փոխադրումների վերականգնում և ինտեգրում (Խաղաղության խաչմերուկ/TRIPP նախաձեռնություն)
2. Քաղաքացիական ավիացիայի վերափոխում
3. Տրանսպորտային հանգույցների կապակցում և երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացում
4. Ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացում և խելացի շարժունակություն

 

98. Հանրային կառավարման արդիականացում: Ընդհանուր նպատակն է ապահովել արդյունավետ, թափանցիկ և քաղաքացիակենտրոն պետական կառավարման համակարգ՝ խթանելով թվային վերափոխումը, քաղաքացիական ծառայության բարեփոխումները և տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը, կառավարման գործիքների արդիականացումը և պետական ու համայնքային ծառայողների կրթության, մասնագիտական կարողությունների և վերապատրաստման համակարգային զարգացումը։ Ծրագիրը ծառայում է որպես հիմք ժամանակակից, պատասխանատու և ներառական կառավարման համակարգի ձևավորման համար, որը համարժեք է 21-րդ դարի մարտահրավերներին և քաղաքացիների պահանջներին։

 

Ենթածրագրի անվանում

1. Թվային կառավարման վերափոխում
2. Քաղաքացիական ծառայության բարեփոխում, այդ թվում` մասնագետների ներգրավման նոր ընթացակարգերի ներդրում (fast track, fellowship և այլն)
3. Ապակենտրոնացում և տարածքային կառավարման ուժեղացում
4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի և գեոպորտալի զարգացում

 

99. Կոռուպցիայի դեմ պայքար և թափանցիկություն: Ընդհանուր նպատակն է ամրապնդել ՀՀ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը՝ ձևավորելով կանխարգելման, հակազդման և բարեվարքության վրա հիմնված արդյունավետ և վստահելի կառավարման միջավայր։ Ծրագիրը նպատակ ունի ամրապնդելու հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ կարողությունները, բարձրացնելու հանրային վստահության մակարդակը և ապահովելու բարեվարքության սկզբունքների հաստատումը պետական կառավարման բոլոր մակարդակներում։

 

Ենթածրագրի անվանում

1. Հակակոռուպցիոն կրթության և իրազեկման զարգացում, ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդում
2. Հանրային հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում
3. Հանրային ծառայության բարեվարքության համակարգ և հանրային ծառայողների բարեվարքության պահանջների պահպանում

 

100. Դատական և իրավական համակարգի բարեփոխում: Ընդհանուր նպատակն է ապահովել իրավունքի գերակայությունը և արդարադատության համակարգի շարունակական արդիականացումը՝ միաժամանակ սահմանելով արդարադատության միասնական ստանդարտ, որը կապահովի դատական գործընթացների որակի, անկախության, հաշվետվողականության, մատչելիության և կանխատեսելիության բարձր մակարդակ։ Այս ստանդարտը պետք է դառնա դատական համակարգի ամբողջական աշխատանքի ուղեցույց՝ ամրապնդելով քաղաքացիների վստահությունն ու պետականության ինստիտուցիոնալ հիմքերը։

 

Ենթածրագրի անվանում

1. Դատական անկախություն և արդյունավետություն
2. Իրավական դաշտի արդիականացում
3. Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների (ADR) զարգացում

 

101. Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում: Ընդհանուր նպատակն է ապահովել պետական կառույցների արդյունավետության զգալի աճ, քաղաքականությունների մշակման և իրականացման որակի բարձրացում, պետական ու համայնքային կառավարման շարունակական պրոֆեսիոնալացում, ինչպես նաև հանրային ակտիվների թափանցիկ ու արդյունքահենք կառավարում՝ ձևավորելով տնտեսության համար հստակ, մրցունակ և ներդրումային վստահություն ներշնչող միջավայր։

 

Ենթածրագրի անվանում

1. Հանրային կառավարման արդյունավետություն
2. Պետական ակտիվների կառավարման բարեփոխումներ

 

102. Թվային փոխակերպում և արհեստական բանականություն: Ընդհանուր նպատակն է ապահովել բաց և որակյալ տվյալների դիրքավորումը՝ որպես պետական հարստություն. հենց այս գաղափարն է դրված թվային հասարակություն և տնտեսություն կառուցելու հիմքում։ Այս մոտեցումը նպատակ ունի զինել Հայաստանի քաղաքացիներին համապատասխան տվյալներով՝ իրենց կյանքը և բարեկեցությունը շարունակաբար բարելավելու համար, ստեղծել հնարավորություններ՝ մասնավոր բիզնեսի մրցունակության բարձրացման համար, ապահովել արդյունավետություն և բարեխիղճ կառավարում հանրային կառույցներում և խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների՝ քաղաքացիների կարիքներին ուղղված անհատականացված լուծումների զարգացումն ու տարածումը։

 

Ենթածրագրի անվանում

1. ԱԲ-ով (AI) աջակցված հանրային ծառայություններ և վարչարարություն
2. Արհեստական բանականությամբ ուղղորդվող հանրային քաղաքականություն և խելացի համայնքների զարգացում
3. Կիբեռանվտանգություն և տվյալների կառավարում

 

103. Արդյունաբերության թվայնացում և արհեստական բանականությամբ ուղղորդվող նորարարություն: Ընդհանուր նպատակն է բարձրացնել արդյունաբերական մրցունակությունը և խթանել տնտեսական աճն առաջատար ճյուղերում (արդյունաբերություն, առևտուր, գյուղատնտեսություն, առողջապահություն, ֆինանսներ) արհեստական բանականության (ԱԲ) և թվային տեխնոլոգիաների ինտեգրման միջոցով։ Ծրագիրը նպատակ ունի վերափոխելու արտադրողականության, որակի և նորարարության համակարգերը՝ անցում կատարելով բարձր ավելացված արժեքով արտադրության և ծառայությունների։

 

Ենթածրագրի անվանում

1. ԱԲ և թվային վերափոխում տնտեսության առաջնային ճյուղերում՝ ներառյալ NVIDIA–Firebird AI Fabric ծրագիրը
2. ՓՄՁ-ների թվային փոխակերպում և գործընթացների ավտոմատացում
3. Արդյունաբերություն 4.0-ի թվային ենթակառուցվածքի ապահովում

 

104. Թվային հմտություններ, մարդկային կապիտալի զարգացում և նորարարական էկոհամակարգ: Ընդհանուր նպատակն է ձևավորել գիտելիքահենք տնտեսություն՝ պատրաստելով, ներգրավելով և պահպանելով թվային և ԱԲ ոլորտի հաջորդ սերնդի մասնագետներին, զարգացնելով համընդհանուր թվային գրագիտությունը և խթանելով նորարարական մշակույթը՝ հենված ստարտափների և գիտահետազոտական կառույցների վրա։

 

Ենթածրագրի անվանում

1. Թվային կրթության և ԱԲ վերապատրաստման պետական ծրագիր
2. Նորարարական հաբեր և տեխնոպարկեր թվային ստարտափների համար

 

105. Էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման ապահովում: Ընդհանուր նպատակն է վերափոխել Հայաստանի էներգետիկ համակարգը՝ այն դարձնելով անվտանգ, ճկուն և ապաածխայնացված՝ միաժամանակ բազմազանեցնելով էներգիայի աղբյուրները, արագացնելով վերականգնվող էներգիայի և հիբրիդային պահեստավորման լուծումների ներդրումը, բարձրացնելով էներգաարդյունավետությունը շենքերում ու ենթակառուցվածքներում և արդիականացնելով կարգավորող ու ինստիտուցիոնալ համակարգերը։ Ծրագիրն ուղղված է նաև հանածո վառելիքի ներմուծումից կախվածության նվազեցմանը, Հայաստանի դերի ուժեղացմանը տարածաշրջանային էներգետիկ շուկաներում, ինչպես նաև ոլորտի համադրմանը ԵՄ շուկայի և կլիմայական ստանդարտների հետ։ Ներդրում կարվի ռազմավարական պլանավորման, խելացի էներգախնայող տեխնոլոգիաների և աշխատուժի զարգացման ոլորտներում՝ ապահովելու արդար և համապարփակ անցում։ Ծրագիրն իրականացվելու է պետական ներդրումների, մասնավոր կապիտալի, ինչպես նաև հանրային-մասնավոր գործընկերության գործիքակազմի համադրությամբ՝ հատկապես վերականգնվող էներգիայի, էներգիայի կուտակման և էներգաարդյունավետության ոլորտներում։

 

Ենթածրագրի անվանում

1. Ռազմավարական պլանավորման ենթաոլորտ (բարձր մակարդակի միջամտություններ)
2. Ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունների ենթաոլորտ (գործառնական և իրականացման գործիքներ)
3. Իրավական և կարգավորող բարեփոխումներ՝ էներգետիկ դիմակայունության ապահովման համար
4. Միջուկային էներգետիկայի զարգացումը՝ որպես Հայաստանի կայուն էներգետիկ ապագայի հիմք
5. Վերականգնվող էներգետիկայի և կուտակման համակցված լուծումների ընդլայնում
6. Էներգախնայողության և խելացի շենքերի ծրագիր
7. Էլեկտրաշարժունակության զարգացման ծրագիր
8. Ածխածնային վառելիքի ռեսուրսների արդիականացում և կարգավորում
9. Նորարարություն, կրթություն և կադրային զարգացում՝ կանաչ էներգետիկ անցման համար

 

106. Գյուղատնտեսության կայուն զարգացում և պարենային անվտանգություն: Ընդհանուր նպատակն է ապահովել Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացումն ու պարենային անվտանգությունը՝ հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, բուսաբուծության և անասնաբուծության ինտենսիվ զարգացման խթանման, գյուղմթերքի վերամշակման և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացման, գյուղատնտեսական ամբողջական արժեշղթայի զարգացման ապահովման միջոցով՝ համախմբելով փոքր և միջին ֆերմերային տնտեսությունները։ Կարևոր նշանակություն ունի նաև սննդամթերքի անվտանգության և որակի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը, որը թույլ կտա ամրապնդել ներքին առաջարկը, բարձրացնել մրցունակությունը և ընդլայնել արտահանման հնարավորությունները՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային շուկաներում։

 

Ենթածրագրի անվանում

1. Հողի շուկայի զարգացում, հողերի խոշորացում
2. Ինտենսիվ բուսաբուծության զարգացում
3. Հացահատիկային մշակաբույսերի արտադրության արդյունավետության բարձրացում
4. Ինտենսիվ անասնաբուծության զարգացում
5. Արժեշղթաների զարգացում՝ վերամշակման, լոգիստիկայի և շուկաների հասանելիության միջոցով
6. Փոքր արտադրողների ինտեգրում և պարենային անապահովության ռիսկերի նվազեցում
7. Ոռոգման համակարգերի և ջրային ռեսուրսների կառավարման կատարելագործում
8. Սննդի անվտանգության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում

 

107. Շրջակա միջավայրի պահպանություն և բնական ռեսուրսների կայուն օգտագործում: Ընդհանուր նպատակն է ապահովել Հայաստանի բնական միջավայրի պահպանությունը, վերականգնումը և կայուն կառավարումը՝ համակարգված գործողությունների միջոցով, որոնք ուղղված են ջրի և մթնոլորտային օդի որակի բարելավմանը, հողերի դեգրադացման հաղթահարմանը, անտառային էկոհամակարգերի վերականգնմանը, ինչպես նաև արդյունաբերական և այլ թափոնների կառավարման արդիականացմանը։ Ծրագիրը միաժամանակ արձագանքում է ինչպես պատմական բնապահպանական ճգնաժամերին, այնպես էլ ընթացիկ սպառնալիքներին՝ կիրառելով գիտահենք, տեխնոլոգիական և հանրային մասնակցության վրա հիմնված լուծումներ։ Ծրագիրը հատկապես կենտրոնանում է բարձր ռիսկային գոտիների վրա, այդ թվում՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանության, «Նաիրիտ գործարան» քիմիական համալիրի մաքրման և լքված հանքավայրերի էկոլոգիական վերածրագրավորման ուղղությամբ։ Ծրագիրը խթանում է Հայաստանի հարմարվողականությունն ու ներդրումը գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմմանն ուղղված ռազմավարություններում՝ նպաստելով էկոհամակարգային դիմակայունությանը, հանրային առողջությանը և կանաչ տնտեսական զարգացմանը՝ համահունչ ՀՀ միջազգային պարտավորություններին (CEPA, Փարիզյան համաձայնագիր):

 

Ենթածրագրի անվանում

1. Սևանա լճի պահպանություն և վերականգնում
2. Մթնոլորտային մաքուր օդի ազգային նախաձեռնություն
3. Արդյունաբերական թափոնների վերամշակում և մաքուր արտադրություն
4. Անտառապատման և բնական էկոհամակարգերի վերականգնման ու պահպանության ծրագիր
5. Հողերի պահպանություն, վերականգնում և կայուն կառավարում
6. Ջրային բարեփոխումների, կլիմակայուն և ջրախնայող կառավարման նախաձեռնություն
7. Կենսաբանական բազմազանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր

 

108. Ֆինանսական համակարգի վերափոխում և ներառական աճ: Ընդհանուր նպատակը ֆինանսական համակարգի խորքային վերափոխումն է՝ ապահովելով շուկաների խորացում և արդիականացում, ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնում և ներդրումային գործիքների բազմազանացում՝ ուղղված ներառական տնտեսական աճի, արտադրողական ներդրումների խթանման և տնտեսության երկարաժամկետ դիմակայունության բարձրացմանը։

 

Ենթածրագրի անվանում

1. Ֆինանսական կայունություն
2. Թվային ֆինանսական ծառայություններ և ֆինանսական ներառականության խթանում
3. Կապիտալի շուկայի զարգացում և ներդրումային գործիքների ընդլայնում
4. Նպատակային պետական պարտատոմսերի ծրագիր
5. Ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավում
6. Թվային վճարումներ և բլոկչեյնի ինտեգրում
7. Ֆինտեխի և ստարտափ էկոհամակարգի զարգացում

 

109. Միջոլորտային ուղղություններ (Cross-Cutting Pillars): Ընդհանուր նպատակն է ապահովել, որ ծրագրերը մշակվեն և իրականացվեն միասնական պետական տրամաբանությամբ՝ որպես մեկ ամբողջական համակարգ, որտեղ հիմնարար առաջնահերթությունները և արժեքային ուղղորդումներն անցնում են բոլոր քաղաքականությունների միջով՝ ապահովելով փոխկապակցվածություն, հետևողականություն և երկարաժամկետ արդյունավետություն՝

1) Անվտանգություն, կայունություն և երկակի նշանակության արդյունաբերություն.

2) ԱԲ, ռոբոտատեխնիկա և թվային վերափոխում.

3) Հայաստան–Սփյուռք գործընկերության կայուն զարգացում:

 

Աղյուսակ. Համաշխարհային համադրողականության ինդեքսներ

 

Index/Ինդեքս

Թիրախ

2030/2031

1.

Sovereign Credit Ratings /Վարկանիշային գործակալություններ

Fitch Ratings

Moody's Investors Service

S&P Global Ratings

 

BBB

Baa2

BBB

2.

Human Development Index (HDI) /

Մարդկային զարգացման ինդեքս

Լավագույն 20-30 % երկրների շարքում

3.

Global Peace Index /

Խաղաղության համաշխարհային ինդեքս

4.

Worldwide Governance Indicators (including the Rule of Law Subindicator)

Կառավարման համաշխարհային համաթիվ (ներառյալ՝ Օրենքի գերակայության ենթացուցիչը)

5.

Corruption Perception Index /

Կոռուպցիայի ընկալման ինդեքս

6.

Business Ready (B-Ready) Index/

«Բիզնեսին պատրաստ» համաթիվ

7.

Global Innovation Index (GII) /

Համաշխարհային նորարարական ինդեքս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան