ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
24 դեկտեմբերի 2024 թ. |
N 249-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի վարչական տարածքում առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները և լրացուցիչ կանոններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2024 թ. դեկտեմբերի 24 Երևան |
|
Հավելված Երևան քաղաքի ավագանու2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են ի լրումն առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների` Երևան քաղաքում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, ինչպես նաև լրացուցիչ կանոններ:
2. Լրացուցիչ պայմանները և կաննոնները պարտադիր պահանջներ են, որոնք ուղղված են Երևան քաղաքում առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը:
3․ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի, այդ թվում՝ բանկոմատների, վճարային տերմինալների կամ սառնարանների, սուրճի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների կամ այլ դիսպենսերների, սարքերի, սարքավորումների (այսուհետ՝ սարքավորում) տեղադրման թույլտվություն ստանալու նպատակով դիմումատուն Երևանի քաղաքապետին ներկայացնում է դիմում՝ էլեկտրոնային եղանակով՝ www.dimum.yerevan.am առցանց հարթակի միջոցով, որին կից ներկայացվում են`
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.
2) տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը․
3) լուսանկարներ, որոնք արտացոլում են տեղադրվող սարքավորման տեղադիրքը:
(3-րդ կետը խմբ. 23.12.25 N 480-Ն)
4․ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս սարքավորումների տեղադրման թույլտվությունը (այսուհետ՝ թույլտվություն) տալիս է Երևանի քաղաքապետը, եթե ներկայացված դիմումը բավարարում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:
(4-րդ կետը խմբ. 23.12.25 N 480-Ն)
5. Դիմումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է: Դիմումը մերժվում է եթե սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական վճարի գումարը վճարվել է Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել:
6․ Թույլտվությունը տրվում է յուրաքանչյուր ամսվա համար, սակայն հաջորդ ամիսների համար տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը ներկայացնելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված՝ առանց սույն հավելվածով նշված ընթացակարգը կրկին անցնելու, իսկ սույն հավելվածով սահմանված պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն։
(6-րդ կետը խմբ. 23.12.25 N 480-Ն)
7. Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ հսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելու պարագայում այդ մասին ծանուցվում է դիմումատուն, որից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում խախտումները չվերացնելու դեպքում թույլտվությունը Երևանի քաղաքապետի որոշմամբ դադարեցվում է:
8. Սույն հավելվածի իմաստով ավտոմատ ինքնասպասարկող սարք է համարվում առևտրային գործառնությունների իրականացման համար նախատեսված էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարքը, որն ապահովում է առևտրի իրականացումը կամ ծառայությունների մատուցումն առանց աշխատակցի անմիջական միջամտության:
9․ Սարքավորումը կարող է տեղադրվել մայթերին՝ ապահովելով ոչ պակաս, քան մայթի 1,5 մետր լայնությամբ ազատ անցուղին, բակային տարածքներում կամ շենքերին, շինություններին անմիջական կից կառուցված հարթակներին։
(9-րդ կետը խմբ. 23.12.25 N 480-Ն)
10․ Արգելվում է սարքավորումը տեղադրել ճանապարհի կամ փողոցի երթևեկելի մասում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքերի, շինությունների արտաքին պատերին կից հատվածներում և դրանց անմիջական կից մայթերին, դրանցից և Երևան քաղաքում տեղադրված հուշատախտակներից մինչև 10 մետր հեռավորության վրա, կանաչապատ գոտիներում, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի դիմաց, ինչպես նաև ստորև նշված փողոցների կառուցապատման գծերից դուրս հատվածներում՝ բացառությամբ կանգառասրահներում և դրանցից մինչև 10 մետր հեռավորության վրա ծառայություններ մատուցող բանկոմատների և վճարային տերմինալների․
1) Կիևյան փողոց,
2) Մերգելյանի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,
3) Վազգեն Առաջին Վեհափառի փողոց,
4) Վ. Դավթյանի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,
5) Էրեբունի փողոց,
6) Տիտոգրադյան փողոց,
7) Տ. Մեծի պողոտայի՝ Քրիստափոր-Սասունցի Դավիթ փողոցների միջև ընկած հատված,
8) Աբովյան փողոց,
9) Ամիրյան փողոց,
10) Ա. Թամանյան փողոց,
11) Ագաթանգեղոսի փողոցի՝ Տ. Մեծի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի միջև ընկած հատված,
12) Ազատության հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,
13) Բեյրութի փողոց,
14) Իտալիայի փողոց,
15) Իսահակյան փողոցի՝ Մ․ Մաշտոցի և Մ. Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատված,
16) Կոմիտասի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
17) Հ. Թումանյան փողոց,
18) Հանրապետության փողոց,
19) Հյուսիսային պողոտա,
20) Հանրապետության հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,
21) Ղ. Փարպեցու փողոց
22) Մ. Բաղրամյան պողոտա,
23) Մ. Մաշտոցի պողոտա,
24) Մհեր Մկրտչյան փողոց,
25) Մոսկովյան փողոցի՝ Մ․ Մաշտոցի պողոտայի և Հ. Թումանյան փողոցի միջև ընկած հատված,
26) Մ. Սարյան փողոցի՝ Հ․ Թումանյան և Ամիրյան փողոցների միջև ընկած հատված,
27) Մարտիրոս Սարյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
28) Մ. Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաների ու Մոսկովյան փողոցի միջև ընկած այգի,
29) Նալբանդյան փողոց,
30) Շահումյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
31) Սայաթ-Նովա պողոտա,
32) Վ. Սարգսյան փողոց,
33) Տ. Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակի և Խանջյան ու Ագաթանգեղոսի փողոցների միջև ընկած հատված,
34) Տերյան փողոցի՝ Արամ և Իսահակյան փողոցների միջև ընկած հատված,
35) Փ. Բուզանդի փողոց,
36) Ֆրանսիայի հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,
37) Գայի պողոտա,
38) Գայի պողոտայի շատրվանների այգի և դրան անմիջական կից մայթեր,
39) Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի և դրան անմիջական կից մայթեր,
40) Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու այգի և դրան անմիջական կից մայթեր,
41) Վերածննդի այգի և դրան անմիջական կից մայթեր,
42) Տ. Մեծի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,
43) Ֆ. Նանսենի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր։
(10-րդ կետը խմբ. 23.12.25 N 480-Ն)
11. Սարքավորման աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ հոսանքի ապահովումը կամ այլ միացումները պետք է իրականացվեն այնպես, որ արտաքինից տեսանելի չլինեն:
(հավելվածը խմբ. 23.12.25 N 480-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 23.12.2025, N 480-Ն | 24.12.2024, N 249-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|