ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 դեկտեմբերի 2025 թ. |
N 480-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 249-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի վարչական տարածքում առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները և լրացուցիչ կանոններ սահմանելու մասին» N 249-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«3․ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի, այդ թվում՝ բանկոմատների, վճարային տերմինալների կամ սառնարանների, սուրճի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների կամ այլ դիսպենսերների, սարքերի, սարքավորումների (այսուհետ՝ սարքավորում) տեղադրման թույլտվություն ստանալու նպատակով դիմումատուն Երևանի քաղաքապետին ներկայացնում է դիմում՝ էլեկտրոնային եղանակով՝ www.dimum.yerevan.am առցանց հարթակի միջոցով, որին կից ներկայացվում են`
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.
2) տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը․
3) լուսանկարներ, որոնք արտացոլում են տեղադրվող սարքավորման տեղադիրքը:»։
2) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«4․ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս սարքավորումների տեղադրման թույլտվությունը (այսուհետ՝ թույլտվություն) տալիս է Երևանի քաղաքապետը, եթե ներկայացված դիմումը բավարարում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:»։
3) 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6․ Թույլտվությունը տրվում է յուրաքանչյուր ամսվա համար, սակայն հաջորդ ամիսների համար տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը ներկայացնելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված՝ առանց սույն հավելվածով նշված ընթացակարգը կրկին անցնելու, իսկ սույն հավելվածով սահմանված պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն։»։
4) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ․
«9․ Սարքավորումը կարող է տեղադրվել մայթերին՝ ապահովելով ոչ պակաս, քան մայթի 1,5 մետր լայնությամբ ազատ անցուղին, բակային տարածքներում կամ շենքերին, շինություններին անմիջական կից կառուցված հարթակներին։»։
5) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«10․ Արգելվում է սարքավորումը տեղադրել ճանապարհի կամ փողոցի երթևեկելի մասում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքերի, շինությունների արտաքին պատերին կից հատվածներում և դրանց անմիջական կից մայթերին, դրանցից և Երևան քաղաքում տեղադրված հուշատախտակներից մինչև 10 մետր հեռավորության վրա, կանաչապատ գոտիներում, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի դիմաց, ինչպես նաև ստորև նշված փողոցների կառուցապատման գծերից դուրս հատվածներում՝ բացառությամբ կանգառասրահներում և դրանցից մինչև 10 մետր հեռավորության վրա ծառայություններ մատուցող բանկոմատների և վճարային տերմինալների․
1) Կիևյան փողոց,
2) Մերգելյանի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,
3) Վազգեն Առաջին Վեհափառի փողոց,
4) Վ. Դավթյանի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,
5) Էրեբունի փողոց,
6) Տիտոգրադյան փողոց,
7) Տ. Մեծի պողոտայի՝ Քրիստափոր-Սասունցի Դավիթ փողոցների միջև ընկած հատված,
8) Աբովյան փողոց,
9) Ամիրյան փողոց,
10) Ա. Թամանյան փողոց,
11) Ագաթանգեղոսի փողոցի՝ Տ. Մեծի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի միջև ընկած հատված,
12) Ազատության հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,
13) Բեյրութի փողոց,
14) Իտալիայի փողոց,
15) Իսահակյան փողոցի՝ Մ․ Մաշտոցի և Մ. Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատված,
16) Կոմիտասի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
17) Հ. Թումանյան փողոց,
18) Հանրապետության փողոց,
19) Հյուսիսային պողոտա,
20) Հանրապետության հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,
21) Ղ. Փարպեցու փողոց
22) Մ. Բաղրամյան պողոտա,
23) Մ. Մաշտոցի պողոտա,
24) Մհեր Մկրտչյան փողոց,
25) Մոսկովյան փողոցի՝ Մ․ Մաշտոցի պողոտայի և Հ. Թումանյան փողոցի միջև ընկած հատված,
26) Մ. Սարյան փողոցի՝ Հ․ Թումանյան և Ամիրյան փողոցների միջև ընկած հատված,
27) Մարտիրոս Սարյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
28) Մ. Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաների ու Մոսկովյան փողոցի միջև ընկած այգի,
29) Նալբանդյան փողոց,
30) Շահումյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
31) Սայաթ-Նովա պողոտա,
32) Վ. Սարգսյան փողոց,
33) Տ. Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակի և Խանջյան ու Ագաթանգեղոսի փողոցների միջև ընկած հատված,
34) Տերյան փողոցի՝ Արամ և Իսահակյան փողոցների միջև ընկած հատված,
35) Փ. Բուզանդի փողոց,
36) Ֆրանսիայի հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,
37) Գայի պողոտա,
38) Գայի պողոտայի շատրվանների այգի և դրան անմիջական կից մայթեր,
39) Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի և դրան անմիջական կից մայթեր,
40) Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու այգի և դրան անմիջական կից մայթեր,
41) Վերածննդի այգի և դրան անմիջական կից մայթեր,
42) Տ. Մեծի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,
43) Ֆ. Նանսենի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը թույլտվություն ստացած սուբյեկտների մասով սույն որոշման 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված կարգավորումների գործողությունները տարածվելու են 2027 թվականի հունվարի 1-ից։ Մինչև 2027 թվականի հունվարի 1-ը սույն կետում նշված սուբյեկտների համար գործելու են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված պահանջները։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. դեկտեմբերի 23 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|