Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«23» դեկտեմբերի 2025 թ.
ք. Երևան

N 40-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախարար`

 

12/23/2025

Դ. Խուդաթյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 23-ի
N 40-Ն հրամանի

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրինակելի աշխատակարգով կարգավորվում է համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորվող համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմավորման, գործառույթների և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովը ղեկավարվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով (այսուհետ` օրենք), սույն աշխատակարգով, ինչպես նաև համայնքային ծառայության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

3. Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին), հիմք ընդունելով մրցույթի արդյունքների վերաբերյալ գրավոր բողոքի քննարկման արդյունքները և ընդունված որոշումը, կարող է միջնորդություն ներկայացնել սույն աշխատակարգի 10-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ և 28-րդ կետերով նախատեսված մարմիններին և հաստատություններին իրենց կողմից առաջադրված հանձնաժողովների անդամների թեկնածուների ցուցակներից հեռացնելու այն անձանց, ովքեր՝

1) հանդիսանալով հանձնաժողովի անդամ՝ դրսևորել են սուբյեկտիվ մոտեցում (մասնավորապես՝ հանձնաժողովը կամ հանձնաժողովի անդամը որոշումներ կայացնելիս կամ մասնակցի պատասխանը գնահատելիս առաջնորդվել է անձնական կարծիքով, նախասիրություններով, կանխակալ մոտեցմամբ),

2) ընդգրկվելով հանձնաժողովի կազմում՝ առանց նախապես տեղեկացնելու և անհարգելի պատճառով, չեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին,

3) հանձնաժողովի աշխատանքները սկսելուց հետո՝ անհարգելի պատճառով, հրաժարվել են իրականացնել իրենց լիազորությունները կամ լքել են մրցույթի անցկացման վայրը։

4. Հանձնաժողովի անդամի կողմից նիստին չմասնակցելը կարող է համարվել հարգելի, եթե առկա է՝

1) բուժհաստատության կողմից տրամադրված բժշկական տեղեկանք կամ անաշխատունակության թերթիկ,

2) գործուղման մասին հրաման,

3) անհատական այլ ծանրակշիռ պատճառ, որը հանձնաժողովի նախագահը կարող է համարել հարգելի՝ համապատասխան գրավոր պարզաբանումով։

5. Վերոգրյալ բոլոր դեպքերում լիազոր մարմինը կարող է միջնորդել նաև համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման հարցում։

6. Մրցույթի տեխնիկական սպասակումն իրականացնելու, հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու և սույն կարգով սահմանված այլ դրույթների պահանջների իրականացումը կազմակերպելու նպատակով՝ համայնքի ղեկավարի համապատասխան իրավական ակտով, նշանակվում են մրցույթի անցկացման պատասխանատու և համակարգչային աշխատանքերի պատասխանատու։

7. Մրցույթի անցկացման պատասխանատուն ներկայացնում է հանձնաժողովի կազմը մրցույթի մասնակիցներին (այսուհետ` մասնակիցներ), պարզաբանում է թեստավորման տեխնիկական ընթացակարգերը, հարցազրույցի անցկացման կարգը, այդ թվում՝ տեղեկացնում է համայնքային ծառայողին հարցազրույցի փուլում իր պատասխանը ձայնագրելու մասին, արձանագրում և ստորագրում է նիստերի արձանագրությունները հանձնաժողովի անդամների հետ միասին` ապահովելով դրանց լիարժեքությունն ու օրինականությունը։

8. Համակարգչային աշխատանքների պատասխանատուն ապահովում է մրցույթի համակարգչային աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ համակարգչային ծրագրի միջոցով ձևավորում և տպում է հանձնաժողովի կողմից կազմված կամ ընդունված ցուցակները, արձանագրությունները, որոշումները, եզրակացությունները, թեստավորման առաջադրանքների տետրերը, ճիշտ պատասխանների ձևանմուշները, հարցազրույցի փուլի հարցատոմսերը, գնահատման թերթերը և այլն անհրաժեշտ փաստաթղթեր։

9. Մրցույթի անցկացման պատասխանատուն և համակարգչային աշխատանքերի պատասխանատուն չեն համարվում հանձնաժողովի անդամներ:

 

2ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. 3500-ից պակաս բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի համար ձևավորվող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչև հինգ անդամներ և մարզպետի աշխատակազմի երեք ներկայացուցիչ։

11. Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների տվյալների ստացումից հետո համայնքի ղեկավարն իր որոշմամբ 20-օրյա ժամկետում ստեղծում է հանձնաժողով և հաստատում դրա անհատական կազմը: Հանձնաժողովի անհատական կազմում համայնքի ղեկավարը կատարում է փոփոխություններ, եթե`

1) փոխվել է համայնքի ղեկավարը կամ

2) ավագանին փոփոխել է հանձնաժողովում ընդգրկված ավագանու անդամների քանակական և անհատական կազմը, կամ

3) ներկայացվել է մարզպետի աշխատակազմի այլ ներկայացուցիչ (ներկայացուցիչներ):

12. Հանձնաժողովի անհատական կազմի հաստատումից հետո 20-օրյա ժամկետում հանձնաժողովի նախագահը հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որի ընթացքում ընտրվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրա լիազորություններն իրականացնելու նպատակով:

13. Հանձնաժողովի նախագահը մրցույթի անցկացումից ոչ ուշ, քան 7 օր առաջ հանձնաժողովի անդամներին պատշաճ կերպով ծանուցում է մրցույթի անցկացման մասին:

14. Հանձնաժողովի անդամներին ուղղված ծանուցման մեջ պարտադիր կերպով ներառվում են հետևյալ տվյալները`

1) մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը,

2) այն պաշտոնը (պաշտոնները), որի (որոնց) զբաղեցման համար անցկացվում է մրցույթը,

3) մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը:

15. Սույն աշխատակարգի 12-րդ կետով նախատեսված դեպքում հանձնաժողովի անդամները պատշաճ կերպով ծանուցվում են նաև աշխատակարգային նիստի անցկացման օրվա, ժամի, վայրի և քննարկվող հարցի (հարցերի) վերաբերյալ:

16. 3500-ից 15000 բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի համար ձևավորվող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են՝

1) համապատասխան համայնքի ղեկավարը (հանձնաժողովի նախագահ),

2) համայնքի աշխատակազմում անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող համայնքային ծառայողը,

3) երկուսը` համապատասխան մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ

4) երկուսը՝ համայնքի ավագանու անդամ։

17. 15.000 և ավելի բնակչություն ունեցող համայնքի աշխատակազմի համար ձևավորվող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են՝

1) երկուսը` համապատասխան մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ,

2) երկուսը` համապատասխան համայնքի աշխատակազմի ներկայացուցիչներ, որոնցից մեկը հանդիսանում է համապատասխան ոլորտի համայնքային ծառայող, մյուսը՝ համայնքի աշխատակազմում անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող համայնքային ծառայող,

3) մեկը՝ համայնքի ավագանու անդամ,

4) մեկը՝ գիտական կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչ:

18. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համար ձևավորվող հանձնաժողովի դեպքում՝

1) երկուսը` լիազոր մարմնի ներկայացուցիչներ,

2) երկուսը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, որոնցից մեկը հանդիսանում է համապատասխան ոլորտի համայնքային ծառայող, մյուսը՝ անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող համայնքային ծառայող,

3) երկուսը` գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

19. Հանձնաժողովի կազմը բաղկացած է վեց անդամից, որոնք ընտրվում են այդ նպատակով նախապես համակարգչում զետեղված՝ պատահական ընտրության սկզբունքով կազմված թեկնածուների ցուցակից՝ յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ, եթե մրցույթին նախորդող օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ՝ ընտրությունը կատարվում է դրան նախորդող աշխատանքային օրը։

20. Նույն օրը նույն աշխատակազմում հաջորդականությամբ 2 և ավելի մրցույթի անցկացման դեպքում յուրաքանչյուր մրցույթի համար ձևավորվում է նոր հանձնաժողով։

21. Հանձնաժողովի անդամների կազմի պատահական ընտրությունից անմիջապես հետո՝ սակայն ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը, ընտրված թեկնածուները ծանուցվում են (գրավոր կամ բանավոր)՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու վերաբերյալ, ինչպես նաև մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

22. Հանձնաժողովի կազմում համակարգչային ընտրության արդյունքում ընտրված թեկնածուի (թեկնածուների) մասնակցության անհնարինության (ժամանակավոր անաշխատունակություն, բացակայություն կամ այլ հիմնավորված պատճառ) դեպքում նույն համակարգչային եղանակով կատարվում է նոր ընտրություն՝ ապահովելով սույն կարգի 10-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով սահմանված հարաբերակցության պահպանումը։

23. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է համայնքի ղեկավարի համապատասխան իրավական ակտով: Նույն ակտով համայնքի ղեկավարը նշանակում է նաև մրցույթի անցկացման պատասխանատու անձին և համակարգչային աշխատանքերի պատասխանատուին։

24. Մրցույթից առաջ գումարված աշխատակարգային նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ, հանձնաժողովի կազմից ընտրվում է հանձնաժողովի նախագահ:

25. Մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի կազմը լրացուցիչ չի համալրվում:

26. Մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի մասնակցության անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի մյուս անդամների կողմից, քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ, հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներից ընտրվում է հանձնաժողովի նոր նախագահ:

27. Այն դեպքերում, երբ հանձնաժողովի որևէ անդամի, այդ թվում՝ նախագահի, մասնակցության անհնարինության հետևանքով չի ապահովվում հանձնաժողովի քվորում, ինչի արդյունքում դառնում է անհնար հանձնաժողովի հետագա գործունեությունը, հանձնաժողովը կայացնում է որոշում՝ մրցույթը հաջորդ օրը շարունակելու վերաբերյալ, մասնակիցներին մրցույթի օրվա և ժամի մասին բանավոր կարգով տեղեկացնելու միջոցով, որի մասին կազմվում է արձանագրություն և ստորագրվում է հանձնաժողովի անդամների և մրցույթի պատասխանատուի կողմից։

28. Համակարգչային ծրագրում զետեղելու նպատակով՝ հանձնաժողովների անդամների թեկնածու հանդիսացող անձանց ցուցակները ներկայացվում են հետևյալ կերպ.

1) Երևանի քաղաքապետին՝ լիազոր մարմնի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև գիտական և ուսումնական հաստատությունների կողմից,

2) 3500-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի աշխատակազմի, տվյալ համայնքի աշխատակազմի, ինչպես նաև գիտական և ուսումնական հաստատությունների կողմից, ընդ որում՝ համայնքի աշխատակազմը, աշխատակազմի ներկայացուցիչներից բացի, ներկայացնում է նաև համայնքի ավագանու բոլոր անդամների թեկնածությունները։

29. Հանձնաժողովների անդամների թեկնածու հանդիսացող անձանց ցուցակներում պետք է ընդգրկվեն առնվազն հետևյալ տվյալները,

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` աշխատանքային և բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն,

2) համայնքային ծառայության այն պաշտոնը (ները), որի (որոնց) թափուր լինելու դեպքում տվյալ թեկնածուն կարող է մասնակցել համապատասխան մրցույթին՝ որպես հանձնաժողովի անդամ։

30. Հանձնաժողովների անդամների թեկնածուների ցուցակները համայնքի ղեկավարին ներկայացնելուց առաջ՝ ցուցակներում ընդգրկված անձինք լիազոր մարմնի, համապատասխան մարզպետի աշխատակազմի, համապատասխան համայնքի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի և գիտական ու ուսումնական հաստատությունների միջոցով, գրավոր տեղեկացվում են ցուցակներում ընդգրկման վերաբերյալ:

31. Համապատասխան համայնքի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը ցուցակները ստանալուց հետո, դրանք տարանջատում է բնագավառների և մասնագիտությունների ու համակարգչային կոդավորմամբ պահպանում համակարգչում։

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

32. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) համար ապահովվում է համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հավասար մատչելիություն՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից՝ ելնելով նրանց մասնագիտական գիտելիքներից և աշխատանքային ունակություններից,

2) համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների թափանցիկության ու հրապարակայնության ապահովումը:

33. Հանձնաժողովը`

1) աշխատակազմից ստանում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը, մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը,

2) քննության է առնում փաստաթղթերը և որոշում է ընդունում՝ դիմած անձանց մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին,

3) իր որոշմամբ հաստատում է մասնակիցների ցուցակը,

4) նախքան թեստավորում սկսելը ստուգում է ամփոփաթերթերը,

5) լիազոր մարմնի հաստատած կարգով կազմում է թեստեր՝ թեստավորման փուլը կազմակերպելու համար,

6) անցկացնում է մասնակիցների թեստավորում,

7) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները,

8) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները,

9) համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը,

10) քննարկում է մասնակիցների բողոքները՝ կապված թեստավորման արդյունքների հետ,

11) հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի, փուլ անցած մասնակիցների ցուցակը,

12) ընդունում է որոշում՝ հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին,

13) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,

14) հարցազրույցից ամիջապես հետո հանձնաժողովը գնահատման թերթում արձանագրում է յուրաքանչյուր մասնակցի մասնագիտական գիտելիքների գնահատականը և հաշվարկում յուրաքանչյուր մասնակցի դրական բալերի հանրագումարը,

15) ամփոփում է մրցույթի արդյունքները,

16) քննարկում է առաջացած հարցերը,

17) հրապարակում է մրցույթի արդյունքները,

18) մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ նույն օրը, հանձնաժողովը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմին է ներկայացնում եզրակացություն՝ հաղթող ճանաչված մասնակցի (կամ մասնակիցների) վերաբերյալ,

19) մրցույթի ավարտից հետո աշխատակազմին է հանձնում թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը,

20) իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ՝ օրենքով, սույն աշխատակարգով, ինչպես նաև թեստավորման արդյունքներին վերաբերող իրավական այլ ակտերով,

21) անհրաժեշտության դեպքում ընդունում է որոշում մրցույթը հաջորդ օրը շարունակելու մասին։

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

34. Հանձնաժողովն իր աշխատանքները իրականացնում է նիստերի միջոցով:

35. Հանձնաժողովի նիստը համարվում է իրավազոր, եթե մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին։

36. Հանձնաժողովի որոշումները ընդունվում են, եթե նիստին մասնակցած անդամների կեսից ավելին կողմ է քվեարկել։

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

37. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները,

2) վարում է հանձնաժողովի նիստերը,

3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները սահմանված կարգով,

4) մինչև թեստավորումն սկսելը հանձնաժողովի անդամների ներկայությամբ, ստուգում և ստորագրում է ամփոփաթերթերը, ինչպես նաև ստուգում է քվեարկության համար նախատեսված արկղի վրա փակցվող թերթը և վավերացնում է այն՝ իր ստորագրությամբ,

5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը, հարցեր տալ մասնակիցներին՝ բարձրաձայն հայտարարելով պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ հնչեցնել ճիշտ պատասխանը,

6) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ,

7) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

38. Հանձնաժողովի անդամը`

1) ստորագրում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը,

2) թեստավորման աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն,

3) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և կարող է հարցեր ուղղել մասնակիցներին` բարձրաձայն հայտարարելով պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ ներկայացնելով ճիշտ պատասխանը,

4) հարցազրույցի արդյունքում՝ գնահատում է յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները` մասնակիցների գործնական կարողությունների գնահատման թերթերում կատարելով համապատասխան նշումներ,

5) մասնակցում է յուրաքանչյուր մասնակցի ստացած դրական միավորների հանրագումարի հաշվարկմանը,

6) ստորագրում է մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում` ստորագրության կողքին կատարում է «հատուկ կարծիքը կցվում է» գրառումը և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում իր ստորագրած հատուկ կարծիքը,

7) ծանոթանում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք,

8) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ,

9) չի կարող ընդգրկվել հանձնաժողովի կազմում, եթե հանդիսանում է մրցույթի մասնակցի փոխկապակցված անձ՝ հանձնաժողովի անդամի ամուսինը, ամուսնու ծնողը, զավակը կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում` որդեգրված), ծնողը (այդ թվում` որդեգրողը), քույրը, եղբայրը,

10) եթե միաժամանակ հանդիսանում է տվյալ համայնքի աշխատակազմի կամ մարզպետի աշխատակազմի աշխատակից կամ տվյալ համայնքի ավագանու անդամ և համատեղությամբ զբաղվում է գիտական և կրթական աշխատանքով, ապա չի կարող ընդգրկվել հանձնաժողովի թեկնածուների ցանկում որպես գիտական և կրթական հաստատության ներկայացուցիչ։

 

7. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

39. Մրցույթը համարվում է ավարտված, հանձնաժողովի կողմից համապատասխան աշխատակազմին, մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին եզրակացություն տալու կամ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում ընդունելու պահից:

40. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: