Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 26.05.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.05.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մայիսի 2021 թ.

N 40-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻՆ ՏՐՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՊԱՑԻԵՆՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՑԻԵՆՏԻ (ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՊԱՑԻԵՆՏԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԱՆՁՆԱԿԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՑԻԵՆՏԻ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) էլեկտրոնային առողջապահության համակարգում պացիենտին տրվող էլեկտրոնային տեղեկատվության պատուհանում պահվող պացիենտի տվյալները դիտելու կանոնները, պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ տեղեկատվությանը ծանոթանալու անձանց և վերջիններիս իրավասության շրջանակը, պացիենտի էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան մուտք գործելու և նրա անձնական, ներառյալ` հատուկ կատեգորիայի տվյալները դիտելու կարգը` համաձայն Հավելված 1-ի:

2) պացիենտի` էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան մուտք գործելու համար համաձայնության ձևը` համաձայն Հավելված 2-ի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված 1

Առողջապահության նախարարի

2021 թվականի մայիսի 18-ի

թիվ 40-Ն հրամանի

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻՆ ՏՐՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՊԱՑԻԵՆՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՑԻԵՆՏԻ (ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՊԱՑԻԵՆՏԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԱՆՁՆԱԿԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային առողջապահության համակարգում (այսուհետ՝ Համակարգ) պացիենտին տրվող էլեկտրոնային տեղեկատվության պատուհանում պահվող պացիենտի տվյալները դիտելու կանոնները, պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ տեղեկատվությանը ծանոթանալու անձանց և վերջիններիս իրավասության շրջանակը, պացիենտի էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան մուտք գործելու և նրա անձնական, ներառյալ` հատուկ կատեգորիայի տվյալները դիտելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են`

1) անձնական տվյալ՝ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.

2) հատուկ կատեգորիայի անձնական տվյալ՝ անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ.

3) տվյալների մշակում` անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ.

4) էլեկտրոնային դեպք՝ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու վերաբերյալ ստեղծված էլեկտրոնային գրառում, որը ներառում է պացիենտին մատուցված ծառայությունների և իրականացված գործողությունների ամբողջական տեղեկատվությունը, դեպքին առնչվող կցված փաստաթղթերը և փակվում է տվյալ խնդրի, ինչպես նաև դրա ընթացքում ծագած բոլոր այլ խնդիրների լուծման ավարտից հետո.

5) առողջության պատմություն՝ ֆիզիկական անձի վերաբերյալ Համակարգում պահվող առողջապահական տվյալների ամբողջություն, որը ներառում է նրա այցելությունները, մատուցված բժշկական ծառայությունները և միջամտությունները, ախտորոշումները, նշանակումները, առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով սահմանված այլ բժշկական տվյալներ, ներառյալ՝ միջամտությունների արդյունքները.

6) առողջության ֆինանսական պատմություն՝ առողջապահական ծառայությունների մատուցման փաստաթղթավորված համախումբ, որը ձևավորվում է յուրաքանչյուր մատուցված ծառայության համար կիրառվող հաստատված ֆինանսական կոդերի հիման վրա և արտացոլում է տվյալ ծառայության դիմաց վճարվող գումարի հաշվարկը, վճարման աղբյուրը և կատարված վճարումների ընթացքը.

7) դեր՝ Համակարգում օգտվողին վերապահված իրավասությունների և տեխնիկական գործիքակազմի ամբողջություն։

 

2. ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻՆ ՏՐՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՊԱՑԻԵՆՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՑԻԵՆՏԻ (ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

3. Համակարգում պացիենտին տրվող էլեկտրոնային տեղեկատվության պատուհանում պահվող պացիենտի տվյալները բուժաշխատողները և Համակարգում այլ դերով գրանցված անձինք կարող են դիտել սույն գլխով սահմանված իրենց իրավասության շրջանակներում` առանց այդ տվյալների հետագա մշակման իրավունքի:

4. Առանց պացիենտի համաձայնության`

1) ավագ բուժաշխատողը Համակարգում իրավունք ունի դիտելու իր կողմից սպասարկվող և նախկինում սպասարկված դեպքերին առնչվող բոլոր տվյալները․

2) միջին բուժաշխատողը Համակարգում իրավունք ունի դիտելու բացառապես այն տվյալները, որոնք մուտքագրված են իր կողմից։

5. Բուժաշխատողը պացիենտի համաձայնությամբ կարող է Համակարգում հասանելիություն ստանալ պացիենտի հետևյալ տվյալներից յուրաքանչյուրին.

1) առողջության պատմություն. ավագ բուժաշխատողին հասանելի են պացիենտի վերաբերյալ Համակարգում առկա բոլոր տվյալները․

2) առողջության պատմության ամփոփ տվյալներ. ավագ բուժաշխատողին հասանելի են հետևյալ տվյալները՝ պացիենտի կոնտակտային անձ, օրինական ներկայացուցիչ, ալերգիաներ, պատվաստումներ, ռեզուս պատկանելություն, արյան խումբ, ժառանգական անամնեզ, վարակիչ հիվանդություններ, քրոնիկ հիվանդություններ և դրանց վերահսկման նպատակով տրամադրվող դեղեր, իրականացված վիրահատություններ․

3) ախտորոշումների ցանկ. ավագ բուժաշխատողին հասանելի են Համակարգում առկա պացիենտի ախտորոշումները՝ ըստ պացիենտի թույլատրած ցանկի․

4) շտապ կամ անհետաձգելի բժշկական օգնության դեպք. դեպքը սպասարկող բուժաշխատողին հասանելի են սույն կետի 2-րդ ենթակետի բոլոր տվյալները:

6. Համակարգում գրանցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից նշանակված հաշվետվությունների կառավարիչը մուտքագրված տվյալների ստուգման նպատակով իրավունք ունի դիտել միայն տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի մոտ մատուցված՝ պացիենտի էլեկտրոնային դեպքի մեջ ներառված բոլոր տվյալները:

7. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի ընդունարանի աշխատակիցը Համակարգում իրավունք ունի դիտելու միայն պացիենտների կատարած այցերի վերաբերյալ հետևյալ տվյալները՝ այցի ամսաթիվը, տեսակը, նպատակը, վճարման աղբյուրը և հերթագրման վերաբերյալ տեղեկությունները։

8. Համակարգում գրանցված՝ պացիենտին սպասարկող ապահովագրական ընկերությունը կամ փոխհատուցում իրականացնող պետական լիազոր մարմինը իրավունք ունեն դիտելու միայն պացիենտի առողջության ֆինանսական պատմությունը, ինչպես նաև ֆինանսավորման համար իրենց ներկայացված էլեկտրոնային դեպքի տվյալները։

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունն իրավունք ունի դիտելու պացիենտի առողջության ֆինանսական պատմությունը, ինչպես նաև ֆինանսավորման համար իրենց ներկայացված էլեկտրոնային դեպքի տվյալները:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրավունք ունի դիտելու միայն լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հանրային առողջապահական նորմատիվների համաձայն հաղորդման և հաշվառման ենթակա հիվանդությունների, թունավորումների, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկատվության վերաբերյալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նշված տվյալները՝ հանրային առողջության վիճակի վերահսկման, գնահատման, ինչպես նաև ռիսկերի և վտանգների վերհանման և դրանց դեմ պայքարի, հիվանդությունների համալիր հսկողության, համաճարակաբանական դիտարկման, հիվանդությունների կանխարգելման, բուժման և կառավարման, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման, հաշվետվողականության ապահովման նպատակներով։

11. Սույն գլխում նշված անձանցից բացի, Համակարգում որևէ այլ դերով գրանցված անձինք, անկախ իրենց գործառույթներից, պացիենտի անձնավորված բժշկական տվյալներ չեն կարող դիտել և իրենց գործառույթները կատարում են՝ առանց Համակարգում առկա անձնական տվյալները մշակելու իրավունքի:

12. Համակարգում գրանցված պացիենտները կարող են դիտել Համակարգում առկա իրենց տվյալները, ինչպես նաև այն պացիենտների տվյալները, որոնց օրինական ներկայացուցիչներն են հանդիսանում:

 

3. ՊԱՑԻԵՆՏԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Պացիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչը տվյալների դիտման համաձայնություն կարող է տալ Համակարգի կամ դրա բջջային հավելվածի (այսուհետ` Հավելված) միջոցով։

14. Համակարգում «Անձնական տվյալներ» բաժին մուտք գործելիս հայտնվում է գաղտնիության վերաբերյալ հետևյալ ծանուցումը (այսուհետ` Ծանուցում). «Ուշադրություն. Դուք պատրաստվում եք դիտել պացիենտի առողջության պատմությունը, որը պարունակում է օրենքով պաշտպանված անձնական տվյալներ և բժշկական գաղտնիք։ Առողջության պատմությունը դիտելու յուրաքանչյուր դեպք Համակարգում գրանցվում և պահպանվում է։ Առողջության պատմության անօրինական դիտումը, դրանում պարունակվող անձնական տվյալների անօրինական մշակումը, բժշկական գաղտնիքի բացահայտումն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն»:

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված Ծանուցումը ստանալուց հետո ավագ բուժաշխատողից բացի մյուս անձինք պետք է հաստատեն իրենց շարունակելու մտադրությունը, որից հետո նրանք կտեսնեն միայն սույն կարգով սահմանված՝ իրենց հասանելի տվյալները:

16. Ծանուցումն ստանալուց հետո Համակարգը ավագ բուժաշխատողին տալիս է ընտրության երկու հնարավորություն.

1) շարունակել՝ առանց դիտելու առողջության պատմությունը.

2) շարունակել՝ դիտելով առողջության պատմությունը:

17. Եթե ավագ բուժաշխատողն ընտրում է սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տարբերակը, ապա Համակարգն ինքնաշխատ եղանակով ստուգում է պացիենտի համաձայնության առկայությունը և թույլատրում է տվյալների դիտումը։

18. Պացիենտի համաձայնության բացակայության դեպքում ավագ բուժաշխատողը տեսնում է հետևյալ հաղորդագրությունը. «Դուք չունեք առողջության պատմությունը դիտելու թույլտվություն», որից հետո ավագ բուժաշխատողը կարող է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը․

1) «ուղարկել առողջության պատմությունը դիտելու հարցում»,

2) «շտապ կամ անհետաձգելի դեպք»:

19. Պացիենտը համաձայնությունը տալիս է ավագ բուժաշխատողին՝ սույն հրամանի հավելված 2-ով սահմանված համաձայնության ձևին համապատասխան։

20. Հասանելիությունը տրվում է մինչև այն էլեկտրոնային դեպքի ավարտը, որի շրջանակում ավագ բուժաշխատողը կատարել է առողջության պատմության տվյալները դիտելու հարցում։

21. Համաձայնության վավերության ժամանակահատվածում ավագ բուժաշխատողին Ծանուցումը ցուցադրելուց հետո Համակարգը ինքնաշխատ եղանակով ցուցադրում է պացիենտի առողջության պատմությունը:

22. Պացիենտի` օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լինելու կամ մինչև 16 տարեկան անչափահաս լինելու դեպքում վերջինիս տվյալները դիտելու համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը:

23. Սույն կարգի 22-րդ կետում նշված պացիենտների անձնական էլեկտրոնային էջերը Համակարգում կառավարում են վերջիններիս օրինական ներկայացուցիչները:

24. Պացիենտը Համակարգի կամ Հավելվածի միջոցով կարող է ցանկացած պահի հետ կանչել տրված համաձայնությունը, որի դեպքում առողջության պատմությունը դիտելու փորձի դեպքում ավագ բուժաշխատողը տեսնում է հետևյալ հաղորդագրությունը. «Ուշադրություն. պացիենտն արգելել է իր առողջության պատմության դիտումը»:

25. Համաձայնությունը հետ կանչվելու դեպքում առողջության պատմությունը դիտելու համար ավագ բուժաշխատողը պետք է ստանա նոր համաձայնություն։ Նոր համաձայնությունը տրամադրվում է ընդհանուր հիմունքներով։

26. Պացիենտը կարող է իր անձնական էլեկտրոնային էջից կամ Հավելվածում թույլատրել շտապ կամ անհետաձգելի դեպքերում առանց իրենից լրացուցիչ համաձայնություն ստանալու դիտել իր առողջության պատմության ամփոփ տվյալները:

27. Եթե բուժաշխատողն ընտրում է «շտապ կամ անհետաձգելի դեպք» տարբերակը, ապա պետք է նշի առողջության պատմության ամփոփ տվյալները դիտելու պատճառը, որի մասին տեղեկությունը պահպանվում է Համակարգում:

28. Եթե պացիենտը չի թույլատրել շտապ կամ անհետաձգելի դեպքերի շրջանակում դիտելու առողջության պատմության ամփոփ տվյալները, ապա դրանք դիտելու փորձի դեպքում բուժաշխատողը չի տեսնում և չի կարող ընտրել «շտապ կամ անհետաձգելի դեպք» հիմքը:

29. Պացիենտի տվյալները դիտելու յուրաքանչյուր դեպք Համակարգում գրանցվում և պահպանվում է, և պացիենտն Համակարգում իր անձնական էլեկտրոնային էջից կամ Հավելվածում կարող է տեսնել այդ դեպքերը:

30. Պացիենտի առողջության ֆինանսական պատմությունը կամ «Փաստաթղթեր» բաժինը դիտելիս ապահովագրական ընկերության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կամ փոխհատուցում իրականացնող այլ լիազոր մարմնի աշխատակիցները տեսնում են գաղտնիության վերաբերյալ հետևյալ ծանուցումը. «Ուշադրություն. Դուք պատրաստվում եք դիտել առողջության ֆինանսական պատմությունը, որը պարունակում է օրենքով պաշտպանվող անձնական տվյալներ և բժշկական գաղտնիք։ Առողջության ֆինանսական պատմությունը դիտելու յուրաքանչյուր դեպք համակարգում գրանցվում և պահպանվում է։ Առողջության ֆինանսական պատմության անօրինական դիտումը, դրանում պարունակվող անձնական տվյալների անօրինական մշակումը, բժշկական գաղտնիքի բացահայտումն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն»:

31. Սույն կարգի 30-րդ կետով նախատեսված ծանուցումը տեսնելուց հետո ապահովագրական ընկերության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կամ փոխհատուցում իրականացնող այլ լիազոր մարմնի աշխատակիցները պետք է հաստատեն իրենց շարունակելու մտադրությունը:

(հավելվածը լրաց. 15.04.24 N 111-Ն, խմբ. 25.12.25 N 159-Ն)

 

 

 

Հավելված 2

Առողջապահության նախարարի

2021 թվականի մայիսի 18-ի

թիվ 40-Ն հրամանի

ՁԵՎ

 

ՊԱՑԻԵՆՏԻ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

 

Հարգելի՛ պացիենտ, Ձեզ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու ընթացքում որոշումներ կայացնելու և անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով բժիշկ __________________________________________ անհրաժեշտ է դիտել էլեկտրոնային առողջապահության համակարգում պահվող Ձեր առողջության պատմության տվյալները: Այդ նպատակով Դուք տալիս եք համաձայնություն, որ դեպքի շրջանակներում բժիշկը, ըստ անհրաժեշտության, դիտի առողջության պատմության տվյալները՝ Ձեր կողմից ընտրված ծավալով, և մշակի տվյալները՝ սույն համաձայնության տրման օրվանից մինչև դեպքի ավարտն ընկած ժամանակահատվածում։ Դուք կարող եք չտալ համաձայնություն առողջության պատմության տվյալները դիտելու նպատակով, որի դեպքում հարկավոր կլինի բժշկին անձամբ հաղորդել Ձեզ սպասարկելու համար անհրաժեշտ տեղեկությունները։

 Սույն համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է հետ կանչվել Ձեր անձնական էլեկտրոնային էջից կամ Հավելվածում։ Էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրված անձնական տվյալները պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետով։ Առողջության պատմության տվյալները դիտելու բոլոր դեպքերը համակարգում գրանցվում և պահպանվում են: Անձնական տվյալները պաշտպանվում են որպես բժշկական գաղտնիք, չեն մշակվում այլ նպատակներով, չեն փոխանցվում երրորդ անձանց և դրանց վերաբերյալ ապահովվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված անվտանգության կարգը և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պահանջները: Անձնական էլեկտրոնային էջում և Հավելվածում կարող եք դիտել համակարգում պահվող Ձեր անձնական տվյալները, ինչպես նաև տեսնել, թե ովքեր և երբ են դիտել Ձեր առողջության պատմության տվյալները։

(հավելվածը խմբ. 25.12.25 N 159-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2021 թվական: