ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում՝
1) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Պետության և համայնքների համար պարտավորություններ (այդ թվում՝ պայմանական պարտավորություններ) առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունները և լրացումները ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ մասերով.
«12.1. Պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունները և լրացումները ենթակա են նախնական գնահատման պետական լիազորված մարմնի կողմից և կարող են կնքվել պետական լիազորված մարմնի նախնական գնահատման առկայության դեպքում: Սույն մասի պահանջը չի տարածվում գնումները կարգավորող օրենսդրության համաձայն պետական լիազորված մարմնում հաշվառվող, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանված կարգով պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրերի տվյալների բազայում ներառվող պայմանագրերի վրա:
12.2. Պետության և համայնքների համար պարտավորություններ (այդ թվում՝ պայմանական պարտավորություններ) առաջացնող՝ սույն հոդվածի 12-րդ մասում նշված պայմանագրերի (համաձայնագրերի) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունների և լրացումների գրանցման, ինչպես նաև պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերի (համաձայնագրերի) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունների և լրացումների նախնական գնահատման կարգերը սահմանում է կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 15․1-ին հոդվածի 1-ին մասում՝
1) «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.
«գ) վերլուծությունների մաս:»:
Հոդված 3. Օրենքի 15․1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Վերլուծությունների մասում ներկայացվում են պետական լիազորված մարմնի, այդ թվում՝ այլ մարմինների հետ համատեղ մշակված վերլուծությունները, որոնք առնչություն ունեն միջնաժամկետ ծախսերի ծրագրին: Վերլուծությունների մասում պարտադիր ներառվում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի (ներառյալ՝ պետական և համայնքային մասնակցությամբ ընկերությունների, ՊՄԳ ծրագրերի (բացառությամբ օրենքով հրապարակման ոչ ենթակա), բյուջետային վարկերի և երաշխիքների) վերաբերյալ տեղեկատվությունը, որը համատեղ մշակվում է պետական լիազորված մարմնի և համապատասխան պետական մարմինների կողմից: Վերլուծությունների մասում ներառվում է նաև Կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակների վերաբերյալ տեղեկատվությունը:
5. Պետական լիազորված մարմնի և պետական մարմինների՝ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության համատեղ մշակման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ1» կետում «- ճշգրտված տեղեկատվություն՝ հիմնական հարկաբյուջետային ռիսկերի և դրանց հավանականության վերաբերյալ (բարձր, միջին, ցածր).» բառերը փոխարինել «- ճշգրտված տեղեկատվություն՝ հիմնական հարկաբյուջետային ռիսկերի և դրանց հավանականության (բարձր, միջին, ցածր) և հարկաբյուջետային հատուկ ռիսկերի (այդ թվում՝ նախորդող ժամանակահատվածում տվյալ ռիսկերի նյութականացման դեպքերի նկարագրության) վերաբերյալ.» բառերով:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1» կետով.
«թ1) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող վնասի հատուցումները, տույժերը (տոկոսները), փոխհատուցումները, կոնցեսիոն և այլ վճարներ:»:
Հոդված 6. Օրենքի 28․2-րդ հոդվածի 1.2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող վնասի հատուցումները, տույժերը (տոկոսները), փոխհատուցումները, կոնցեսիոն և այլ վճարներ:»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-488-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|