ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՐՇԱԿՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 23705/15)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
11 սեպտեմբերի 2025թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Արշակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimáčková]՝ Նախագահ,
Մարիա Էլոսեգի [Maria Elósegui],
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
hաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի տասնչորս քաղաքացիների (դիմումատուներ) կողմից, որոնց մասին համապատասխան տեղեկությունները ներառված են կից աղյուսակում, և որոնց ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Մ. Շուշանյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 5-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 23705/15),
գանգատի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու վերաբերյալ որոշումը,
կողմերի դիտարկումները,
2025 թվականի հուլիսի 10-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը հիմնականում վերաբերում է դիմումատուների կողմից իշխանություններին ներկայացրած ֆինանսական հայցերի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառմանը։ Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի վրա։
2. Դիմումատուների փաստացի բնակության վայրը հաշվառված է եղել Ամիրյան փողոց 4/22 հասցեում՝ Երևանի կենտրոնում։ Ինչպես պարզվում է, տվյալ հասցեն պատկանել է մի քանի սեփականատերերի, և այնտեղ են ապրել բազմաթիվ բնակիչներ։
3. 2001 թվականի հոկտեմբերի 5-ին Կառավարությունն ընդունել է թիվ 950-Ն որոշումը՝ սահմանելով Երևանում՝ նշված օտարման գոտիներում, հողատարածքների և անշարժ գույքի օտարման կարգը։ Ըստ որոշման 8-րդ կետի՝ այն անձինք, որոնք գրանցված են որպես բնակիչներ օտարման գոտիներում, ինչպես նաև վերջիններիս անչափահաս երեխաներն իրավունք ունեն ստանալու յուրաքանչյուրը 2,000,000 հայկական դրամ (ՀՀ դրամ) (4000 եվրոյին համարժեք)՝ որպես ֆինանսական աջակցություն։ Բացի այդ, նշված անձինք իրավունք ունեին ստանալու հետագա ֆինանսական խրախուսանք 1,000,000 ՀՀ դրամի (2000 եվրոյին համարժեք) չափով՝ պայմանագրերի ստորագրմանն ու տարածքն ազատելուն առնչվող որոշ պայմաններ նշված ժամկետներում բավարարելու դեպքում։ Երևանի քաղաքապետին (քաղաքապետ) հանձնարարված էր իրականացնել օտարման գործընթացը։
4. 2002 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունը Երևանի կենտրոնի որոշ տարածքներ, ներառյալ՝ Ամիրյան փողոցը, ճանաչեց որպես օտարման գոտիներ զարգացման նախագծերի համար։
5. 2004 թվականի հունիսի 17-ին Կառավարությունը լիազորեց քաղաքապետին կառուցապատման իրավունք շնորհել Մ.Գ.-ին՝ մասնավոր կառուցապատողի, Ամիրյան փողոցի հարակից տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով։ Ինչպես պարզվում է, ծրագրված օտարման գործընթացի առնչությամբ Մ.Գ.-ն համապատասխանաբար լիազորված էր գործելու ինչպես քաղաքապետի, այնպես էլ պետության անունից։
6. 2005 թվականի ապրիլի 1-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Պետությունն ու Մ.Գ.-ն բնակարանների և այլ անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ մի շարք պայմանագրեր են կնքել մի քանի սեփականատիրոջ և Ամիրյան փողոց 4/22 հասցեի բազմաթիվ բնակիչների հետ։ Դիմումատուներից ոչ մեկի հետ այդպիսի պայմանագիր չի կնքվել։
7. 2008 թվականի հուլիսի 1-ին դիմումատուները հայցեր են ներկայացրել Երևանի քաղաքացիական գործերով դատարան ընդդեմ Ֆինանսների նախարարի և քաղաքապետի՝ պահանջելով յուրաքանչյուրը 3,000,000 ՀՀ դրամ, որպես ֆինանսական աջակցություն և խրախուսանք՝ օրենքով սահմանված տոկոսների հետ միասին՝ Կառավարության թիվ 950-Ն որոշման (տե՛ս վերևում՝ 3-րդ պարբերությունը) համաձայն։ Դատարանը մերժել է դիմումատուների հայցերը։ Սակայն դիմումատուների բողոքի հիման վրա գործն ուղարկվել է նոր քննության և 2009 թվականի հունիսի 8-ին հանձնվել Երևանի Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանի դատարան (վարչական շրջանի դատարան)։
8. 2014 թվականի մարտի 18-ին Վարչական շրջանի դատարանը մերժել է դիմումատուների հայցերը: Այն համարել է, որ հայցերը որևէ իրավական հիմք չունեն։ Բոլոր դեպքերում դատարանը եզրակացրել է, որ դիմումատուները խախտել են իրենց հայցերը ներկայացնելու ժամկետները, քանի որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված եռամյա վաղեմության ժամկետն սկսվել է ամենաուշը 2005 թվականի մայիսի 1-ից և ավարտվել մինչև 2008 թվականի մայիսի 1-ը։ Դատարանը նշել է, որ քննվող բնակելի տարածքում գույքի ձեռքբերման պայմանագրերը կնքվել են 2005 թվականի ապրիլի 1-ին, և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն գրանցումը պետք է իրականացվեր երեսուն օրվա ընթացքում։ Այն նաև վկայակոչել է միևնույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի ենթադրվում է, որ բոլոր անձինք պետք է իմանային գրանցված գույքային իրավունքների մասին՝ անկախ նրանից, վերջիններս փաստացի իմացել են, թե ոչ։ Դատարանը վկայակոչել է նաև այն փաստը, որ Անշարժ գույքի կադաստրի կողմից տրամադրված վկայականների համաձայն տվյալ բնակելի տարածքը գրանցված էր Մ.Գ.-ի անունով։ Վերջապես դատարանը վկայակոչել է Քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ շահագրգիռ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։
9. Դիմումատուները բողոք են ներկայացրել 2014 թվականի մարտ 18-ի որոշման դեմ՝ վիճարկելով հայցային վաղեմության ժամկետի կիրառումը, ինչպես նաև դատարանի եզրակացությունները գործի էության վերաբերյալ։
10. 2014 թվականի հուլիսի 3-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուների բողոքը՝ ըստ էության աջակցելով Վարչական շրջանի դատարանի այն հիմնավորմանը, որ վերջիններիս հայցերը ներկայացվել են հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ։ Այն նաև վկայակոչել է քաղաքապետարանից պրն Արշակյանին (առաջին դիմումատու) ուղարկված նամակը, որն իր հերթին վկայակոչում էր ավելի վաղ՝ 2005 թվականի մարտի 30-ին, պրն Արշակյանի կողմից Հայաստանի նախագահին ուղարկված՝ ենթադրաբար օտարման գործընթացին առնչվող նամակը։ Դատարանն անհրաժեշտ չի համարել անդրադառնալու բողոքի՝ դիմումատուների հայցերի էությանը վերաբերող այլ հիմքերի։
11. Դիմումատուները համապատասխանաբար ներկայացրել են վերաքննիչ բողոք։
12. 2014 թվականի հոկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանը բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով: Որոշման մասին ծանուցումն ուղարկվել է 2014 թվականի նոյեմբերի 5-ին։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ հայցային վաղեմության ժամկետի կիրառման առնչությամբ
13. Դիմումատուները բողոքել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերջիններիս դատարանի մատչելիության իրավունքի խախտման վերաբերյալ՝ հայցային վաղեմության ժամկետի սխալ և անկանխատեսելի կիրառման պատճառով։
14. Դատարանը նշում է, որ սույն բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ, կամ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
15. Դատարան, այդ թվում՝ վերադաս դատարաններ, դիմելու իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Զուբաքն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Zubac v. Croatia] գործում [GC] (թիվ 40160/12, §§ 76-99, 2018 թվականի ապրիլի 5):
16. Դատարանը նկատում է, որ թեև վարչական շրջանի դատարանը համարել է, որ դիմումատուների հայցերը չունեն իրավական հիմք, վերջինս ի վերջո մերժել է դրանք հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով։ Ավելին, Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշման հիմքում ընկած է եղել բացառապես վաղեմության ժամկետի խախտումը, և վերջինս չի քննել դիմումատուների բողոքի՝ հայցերի էությանն առնչվող մյուս հիմքերը։ Այսպիսով, հայցային վաղեմության ժամկետի կիրառումը փաստացի զրկել է դիմումատուներին իրենց գործի ըստ էության քննության հնարավորությունից։
17. Դատարանը վերահաստատում է, որ վաղեմության ժամկետի առկայությունն ինքնին անհամատեղելի չէ Կոնվենցիայի հետ։ Դատարանը պարզապես փորձում է պարզել, թե արդյոք սույն գործում վաղեմության ժամկետի բնույթը և վերջինիս կիրառման եղանակը համատեղելի են Կոնվենցիայի հետ։ Սա նշանակում է, ի թիվս այլ բաների, որ հայցային վաղեմության ժամկետի կիրառումը դիմումատուների համար պետք է լիներ կանխատեսելի՝ հաշվի առնելով համապատասխան օրենսդրությունն ու նախադեպային իրավունքը, ինչպես նաև որոշակի հանգամանքներ (տե՛ս Կամենովան ընդդեմ Բուլղարիայի [Kamenova v. Bulgaria] թիվ 62784/09 գործը, § 48, 2018 թվականի հուլիսի 12, Քուրսուն ընդդեմ Թուրքիայի [Kurşun v. Turkey] թիվ 22677/10 գործը, § 95 2018 թվականի հոկտեմբերի 30, և Չելան ընդդեմ Ալբանիայի [Çela v. Albania] թիվ 73274/17 գործը, § 28 2022 թվականի նոյեմբերի 29)։
18. Սույն գործում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում ընկած է եղել Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր եռամյա վաղեմության ժամկետը։ Դիմումատուները հետևողականորեն պնդել են, որ սույն վաղեմության ժամկետը չի կիրառվում իրենց հայցերի դեպքում, որոնք հիմնված են եղել Կառավարության թիվ 950-Ն որոշման, այլ ոչ Քաղաքացիական օրենսգրքի վրա։ Հարկ է նշել, որ որոշումն ինքնին չի պարունակում վաղեմության ժամկետին առնչվող որևէ դրույթ կամ Քաղաքացիական օրենսգրքի կիրառության մասին որևէ հղում: Սակայն ո՛չ ներպետական դատարանները, ո՛չ էլ Կառավարությունը չեն տրամադրել որևէ պարզաբանում Քաղաքացիական օրենսգրքի կիրառելի լինելու վերաբերյալ՝ այսպիսով կասկածի տակ առնելով տվյալ դրույթների կիրառության կանխատեսելի լինելը։
19. Նույնիսկ ենթադրելով, որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված եռամյա վաղեմության ժամկետը կիրառելի է եղել, վերջինիս կիրառման եղանակը վիճարկելի է։ Ներպետական դատարանները հաշվել են վաղեմության ժամկետը 2005 թվականի մայիսի 1-ից՝ վկայակոչելով միևնույն բնակելի տարածքում գույքի ձեռքբերման որոշ պայմանագրերի 2005 թվականի ապրիլի 1-ին կնքված լինելը, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրում դրանց գրանցման համար օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետը (տե՛ս վերևում՝ 6-րդ, 8-րդ և 10-րդ պարբերությունները): Սակայն հասանելի նյութերը չեն վկայում այն մասին որ առկա է որևէ կապ դիմումատուների և այդ սեփականատերերի կամ նրանց գույքի միջև՝ բացառությամբ նույն հասցեն ունենալու փաստի։
20. Ավելին, որևէ բացատրություն չի տրվել այն առնչությամբ, թե ինչու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար կիրառվել հատկապես այդ պայմանագրերը՝ ի թիվս՝ 2005 թվականի ապրիլից սեպտեմբեր ամիսներին կնքված այլ պայմանագրերի: Ոչ մի բացատրություն չի տրվել նաև այն մասին, թե ինչու է դիմումատուների ենթադրյալ իրազեկվածությունն այդ պայմանագրերի գրանցման վերաբերյալ, նույնիսկ ենթադրելով, որ այդպիսի իրազեկվածություն կարող էր լինել ներպետական օրենսդրության համաձայն, համապատասխան համարվել այն պահին, երբ նրանք պետք է իմացած լինեին իրենց իրավունքների խախտման մասին, ինչը սկիզբ կդներ Քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքին (տե՛ս վերևում նշված 8-րդ պարբերությունը):
21. Ավելին, դատարանները, ըստ երևույթին, ենթադրել են, որ գրանցումը պետք է տեղի ունենար մինչև 2005 թվականի մայիսի 1-ը՝ առանց գրանցման փաստացի ամսաթիվը հաստատող ուղղակի ապացույցների: Այդպիսի պայմաններում ողջամտորեն չէր կարելի ակնկալել, որ դիմումատուները կարող էին տեղյակ լինել այդ պայմանագրերի կամ դրանց պետական գրանցման մասին, առավել ևս, կանխատեսել, որ դրանք օգտագործվելու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար:
22. Վերջիվերջո, Դատարանի համար համոզիչ չէ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի անուղղակի հղումն առաջին դիմումատուի 2005 թվականի մարտի 30-ի նամակին (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը), որին դատարանն անդրադարձել էր առանց տվյալ նամակի բնույթի կամ բովանդակության վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու, այդպիսով անհնարին դարձնելով տվյալ գործի համար վերջինիս նշանակության պատշաճ գնահատումը։
23. Վերոնշյալը հաշվի առնելով՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուների հայցերի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառումն անկանխատեսելի է եղել և համարվել է անհամաչափ սահմանափակում, որը խաթարել է դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը։
24. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
25. Դիմումատուները նաև բողոք են ներկայացրել քաղաքացիական վարույթի չափազանց երկար տևելու վերաբերյալ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով։ Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ, կամ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Ըստ այդմ, այն պետք է հայտարարվի ընդունելի։ Դատարանը, ուսումնասիրելով իր մոտ գտնվող բոլոր նյութերը, եզրակացնում է, որ բողոքը բացահայտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ կապված վարույթի տևողության հետ Ֆիլ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի [Fil LLC v. Armenia] գործով (թիվ 18526/13, §§ 52-58, 2019 թվականի հունվարի 31) կատարված եզրակացությունների լույսի ներքո։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
26. Դիմումատուները Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա բողոքել են, որ արդար դատաքննության իրենց իրավունքի վերը նշված խախտումները զրկել են վերջիններիս օրինական ակնկալիքից՝ ստանալու իրենց հասանելիք ֆինանսական աջակցությունը և խրախուսանքը, ինչպես նաև օրինական տոկոսները:
27. Քանի որ սույն բողոքն ուղղակիորեն կապված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով քննվող բողոքի հետ, Դատարանը չի կարող ենթադրություններ անել այն հարցի շուրջ, թե ինչպիսին կարող էին լինել գործի արդյունքները, եթե դիմումատուներն ունենային դատարանի արդյունավետ մատչելիություն, Դատարանը անհրաժեշտ չի համարում առանձին ուսումնասիրել սույն բողոքը (տե՛ս Յանակիևն ընդդեմ Բուլղարիայի [Yanakiev v. Bulgaria] թիվ 40476/98 գործը, § 82, 2006 թվականի օգոստոսի 10)։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
28. Դիմումատուներից յուրաքանչյուրը պահանջել է 5 317,70 եվրո նյութական վնասի դիմաց, որը համապատասխանում է հայցվող ֆինանսական աջակցության և խրախուսանքի չափին, և յուրաքանչյուրը՝ 1 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Բացի այդ, նրանք միասին պահանջել են 8 862 եվրո՝ իրենց իրավաբանական ներկայացուցչության ծախսերը հոգալու համար՝ հիմք ընդունելով տկն Արշակյանի (առաջին դիմումատու) և նրա փաստաբանի միջև կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը:
29. Կառավարությունը վիճարկել է նշված պահանջները:
30. Դատարանը չի կարող ենթադրություններ անել այն հարցի շուրջ, թե ինչպիսին կլինեին վարույթի արդյունքները, եթե դիմումատուներն օգտվեին դատարանի արդյունավետ մատչելիության իրավունքից, և այն չի տեսնում որևէ պատճառահետևանքային կապ հայտնաբերված խախտումների և ենթադրյալ նյութական վնասի միջև (տե՛ս Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի [Suren Antonyan v. Armenia] թիվ 20140/23 գործը, § 147, 2025 թվականի հունվարի 23)։ Ուստի այն մերժում է դիմումատուի պահանջը նյութական վնասի վերաբերյալ:
31. Բացի այդ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով թույլ է տրվում վերաբացել ներպետական վարույթը Դատարանի կողմից Կոնվենցիայի խախտում հայտնաբերելուց հետո: Չնայած վարույթի վերաբացումը կլինի հատուցման ամենաարդյունավետ ձևը, եթե դիմումատուներն այդպես պահանջեն (նույն տեղում, « 148), սակայն այն չի կարող լիովին փոխհատուցել դատարանի մատչելիության իրավունքի խախտման և քաղաքացիական վարույթի չափազանց երկար տևողության պատճառով կրած անհանգստությունը։ Համապատասխանաբար առաջնորդվելով արդարացիության սկզբունքով՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուներին միասին տրամադրել 4 700 եվրո՝ ոչ նյութական վնասի համար՝ գումարած գանձվելիք որևէ հարկ:
32. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում 2 500 եվրո շնորհել տկն Արշակյանին՝ ներպետական դատարաններում և Դատարանում իրավաբանական ներկայացուցչության համար առաջ եկած ծախսերի համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է բողոքներն ընդունելի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1 ին կետի մասով.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Վճռում է, որ կարիք չկա քննելու բողոքի ընդունելիությունը և էությունը՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին համապատասխան:
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 4700 եվրո (չորս հազար յոթ հարյուր եվրո) դիմումատուներին միասին՝ գումարած գանձվելիք որևէ հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 500 եվրո (երկու հազար հինգ հարյուր եվրո) տկն Արշակյանին՝ գումարած նրանից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Մարտինա Կելլեր Քարտուղարի տեղակալ |
Կատերինա Շիմաչկովա Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Դիմումատուների ցանկը
|
Թիվ |
Դիմումատուի անունը |
Ծննդյան տարեթիվը |
Բնակության վայրը |
|
1. |
Լաուրա ԱՐՇԱԿՅԱՆ |
1947 |
Երևան |
|
2. |
Ալբերտ ԱՐՈՒՇԱՆՅԱՆ |
1996 |
գյուղ Կարաբուխինո |
|
3. |
Սվետլանա ԱՐՈՒՇԱՆՅԱՆ |
1998 |
Երևան |
|
4. |
Էդգար ԴԱՇՏՈՅԱՆ |
1997 |
Երևան |
|
5. |
Մուրադ ԴԱՇՏՈՅԱՆ |
1967 |
Երևան |
|
6. |
Ռուսլան ԴԱՇՏՈՅԱՆ |
1990 |
Երևան |
|
7. |
Վահե ԴԱՇՏՈՅԱՆ |
1994 |
Երևան |
|
8. |
Ալինա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
1980 |
Երևան |
|
9. |
Լիլիա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
1970 |
Երևան |
|
10. |
Մարինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
1969 |
Երևան |
|
11. |
Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
1975 |
Երևան |
|
12. |
Արծրունի ԹՈՐՈՍՅԱՆ |
1991 |
Երևան |
|
13. |
Ժորա ԹՈՐՈՍՅԱՆ |
1994 |
Երևան |
|
14. |
Հեղինե ՎԱՐԴԱՆՅԱՆ |
2002 |
Երևան |