ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1966-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1966-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին (ԷյջՓիՍի (High-performance computing-HPC) հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին։

2. Սահմանել, որ ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

3. Սահմանել, որ ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցությունը տրամադրում է սուբսիդիայի հատկացման եղանակով:

4. Թույլատրել նախարարությանը «Ամազոն Վեբ Սերվիսիս (Amazon Web Services-AWS)» ընկերության հետ կնքել սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագիր (համաձայնագիր), որով կսահմանվի նաև հաշվետվողականության ձևը և վճարման պայմանները՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման հավելվածի 6-ից 8․3-րդ կետերի իրավակարգավորումները:

5. Սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրվում է ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան հասանելիություն ստացած յուրաքանչյուր դիմողի օգտագործած ռեսուրսի արժեքի 100 տոկոսի չափով փոխհատուցում հատկացնելու մոտեցումը: «Ամազոն Վեբ Սերվիսիս (Amazon Web Services-AWS)» ընկերությունը յուրաքանչյուր ամսվա ավարտին ներկայացնելու է հաշիվ-վավերագիր կիրառելի բոլոր վճարների և գանձումների համար, որոնք հաշվեգրվել են յուրաքանչյուր ամիս ծառայություններից օգտվելու համար։

6. Ծրագրի իրականացման համար հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերի կազմը, այդ ծախսերի, այդ թվում` նվազագույն շահավետ գնի հաշվարկման նորմատիվներն ըստ առանձին ոլորտների և գործունեության տեսակների սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է, և աջակցության նպատակով տրամադրվող գումարների հաշվարկման համար հիմք են ընդունվում «Ամազոն Վեբ Սերվիսիս (Amazon Web Services-AWS)» ընկերության պաշտոնական կայքում հրապարակված ծառայությունների մատուցման արժեքները։

7. Դիմողներին տրամադրվող ռեսուրսների ամբողջական ծավալը չի կարող գերազանցել նախարարության և «Ամազոն Վեբ Սերվիսիս (Amazon Web Services- AWS)» ընկերության միջև կնքված պայմանագրով սահմանված ընդհանուր սահմանաչափը:

8. Ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցները հատկացվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և/կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներից:

9. 2026 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող ընդհանուր սուբսիդիայի չափը չի կարող գերազանցել 400,000.0 հազ. դրամը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1966-Ն որոշման

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում արհեստական բանականության ոլորտում նորարարությունների խթանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական աջակցության տրամադրման եղանակով նախատեսում է արհեստական բանականության ոլորտի նորարարների համար ապահովել բարձր արտադրողականությամբ հաշվողական (ԷյջՓիՍի (High-performance computing-HPC) ռեսուրսներին 100% սուբսիդավորված (անվճար) հասանելիություն:

2. Սույն Ծրագրի իմաստով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ (High-Performance Computing-HPC) (այսուհետև՝ նաև ռեսուրսներ) են համարվում կենտրոնական մշակման միավորը (Central Processing Unit-CPU), գրաֆիկական մշակման միավորը (Graphics Processing Unit-GPU), օպերատիվ հիշողությունը (Random Access Memory-RAM) և տվյալների պահուստավորման տիրույթը (Storage):

3. Սույն Ծրագրի իմաստով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ստացման համար դիմող (այսուհետև՝ դիմող) է համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ՝ ֆիզիկական անձը, անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը:

1) Ֆիզիկական անձանց դեպքում դիմում կարող են ներկայացնել բարձրագույն կրթության առաջին, երկրորդ և երրորդ մակարդակների կրթական ծրագրերով սովորող անձինք կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում, գիտական կազմակերպությունում կամ հետազոտական համալսարանում գիտատեխնոլոգիական և նորարարական (ինովացիոն) գործունեությունում ընդգրկված անձինք կամ հետազոտական խմբեր․

2) Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում կարող է դիմել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի իմաստով բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը գործունեություն է ծավալում ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 142-Ն որոշման հավելվածով սահմանված տնտեսական գործունեության դասակարգիչներով և հայտ ներկայացնելու պահին ունի աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրին համապատասխան աշխատանքներ կատարող 5-100 աշխատակիցներ։

4. Ռեսուրսներին հասանելիության տրամադրման գործընթացի և օգտագործման համար նախատեսված պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է մոնիթորինգ, որի իրականացման ընթացակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով:

 

2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

5. Արհեստական բանականության ոլորտում ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության Ծրագրի նպատակներն են՝

1) ստեղծել հասանելի, բաց և ներառական էկոհամակարգ, որը հնարավորություն կտա անհատներին և կազմակերպություններին նպաստել արհեստական բանականության զարգացման ներուժին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության,

2) ընդլայնել արհեստական բանականության ոլորտի հետազոտությունների, նորարարությունների և կրթության սահմանները՝ ներառականության և բաց համագործակցության շեշտադրմամբ,

3) ստեղծել միջավայր, որտեղ տարբեր ոլորտների անհատները, կազմակերպությունները, գիտահետազոտական թիմերը կարող են ակտիվորեն մասնակցել արհեստական բանականությամբ նորարարության խթանմանը` ունենալով հասանելիություն արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական (High Performance Computing) ռեսուրսներին,

4) աջակցել արհեստական բանականության ոլորտի նորարարությանը՝ հետազոտողներին տրամադրելով ռեսուրսներ և հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են իրենց գաղափարները կենսունակ լուծումների վերածելու համար,

5) խթանել արհեստական բանականության ոլորտի հետազոտողների համատեղ համագործակցությունը,

6) ստեղծել վիրտուալ հարթակ, որը խրախուսում է գաղափարների, հետազոտության արդյունքների և ռեսուրսների ազատ փոխանակումը` խթանելով թափանցիկությունը արհեստական բանականության ոլորտում:

 

3. ԾՐԱԳՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝

1) արհեստական բանականության ոլորտում կարողությունների զարգացում և Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացում,

2) տնտեսական կամ սոցիալական ազդեցության ապահովում,

3) հայկական և միջազգային ակադեմիական, գիտական և ոլորտային առաջատար հաստատությունների համագործակցության նպաստում,

4) թափանցիկության, էթիկական սկզբունքների պահպանման և վերահսկվող միջավայրում ռիսկերի արդյունավետ կառավարման ապահովում,

5) արհեստական բանականության ոլորտի նորարարներին սուբսիդավորված ռեսուրսների (անվճար) հասանելիության ապահովում՝ նոր գաղափարների իրականացման, գործող նախագծերի ընդլայնման նպատակով,

6) Հայաստանի Հանրապետության թվային էկոհամակարգի զարգացում։

 

4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

7. Դիմողներին աջակցությունը տրամադրվում է սուբսիդավորված ռեսուրսների հասանելիության ապահովման միջոցով, մինչև 12 ամիս ժամկետով՝ հայտերի գնահատման արդյունքում։

8. Դիմողներին տրամադրվող հաշվողական ռեսուրսների հասանելիության չափը որոշվում է հայտերի գնահատմամբ և սուբսիդիայի ընդհանուր գումարի օպտիմալ բաշխմամբ պայմանավորված։

9. Դիմողներին ռեսուրսները տրամադրվում են՝

1) հաշվողական ռեսուրսների ծավալով (GPU/CPU ժամեր),

2) հիշողության և պահուստավորման ծավալով,

3) մենթորական աջակցությամբ:

 

5. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

10. Ռեսուրսներին հասանելիությունը տրամադրվում է հայտի հիման վրա, որը ներկայացվում է առցանց՝ արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի հարթակի միջոցով:

11. Հարթակում գրանցվելուց և «Ես եմ» ազգային նույնականացման հարթակով նույնականացվելուց հետո՝ դիմողը ներկայացնում է սույն Ծրագրի 12-րդ կետով ներկայացվող պահանջներին բավարարող հայտ:

12. Հայտը ներառում է հետևյալ տեղեկությունները՝

1) դիմողի մասին՝

ա․ ֆիզիկական անձի դեպքում անուն, ազգանուն, քաղաքացիություն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե․

բ․ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում անուն ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, կոնտակտային անձի անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե․

գ․ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գրանցման և գործունեության հասցեն, կոնտակտային անձի անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե․

դ․ իր կողմից իրականացրած նախագծերի վերաբերյալ նկարագրություն՝ առկայության դեպքում․

ե․ հավաստում, որ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դիմողը կամ թիմում ներառված որևէ անդամ ներգրավված չեն եղել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման կամ օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով դատվածությունը վերացված կամ մարված է․

2) նախագծի և պրոդուկտի (product) ընդհանուր նկարագրություն՝

ա․ գիտական/տեխնիկական նպատակներ և նորարարական ներուժ․

բ․ փուլ (գաղափար, նախատիպ, «կյանքի ցիկլ» (մշակում, տեղակայում և այլն).

գ․ տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակ 1-9 (Technology readiness level)․

դ․ ակնկալվող արդյունքներ․

ե․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերից օգտվելու մասին, ինչպես նաև նույն նախագծի համար այլ պետական աջակցության ծրագրերից օգտվելու վերաբերյալ տեղեկություն․

զ․ նախագծի և պրոդուկտի շրջանակում արտաքին պատվիրատուի կամ խորհրդատուի կամ այլ գործընկերոջ առկայության մասին տեղեկատվություն․

է․ նախագծում ընդգրկված այլ մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն.

ը․ այլ տվյալներ․

3) ռեսուրսների օգտագործման պլան՝

ա․ նախագծի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ․

բ․ նախագծի տևողություն․

գ․ ռեսուրսների մասշտաբավորման պահանջներ նախագծի ողջ «կյանքի ցիկլի» ընթացքում․

դ․ տվյալների պահուստավորման պահանջներ․

ե․ արժեքի և օգուտի վերլուծություն և արդյունավետության կանխատեսումներ.

4) հավաստում, որ տրամադրված ռեսուրսները պետք է օգտագործվեն բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան.

5) արհեստական բանականության էթիկայի սկզբունքների վրա հիմնված փորձառության, պատասխանատու հետազոտության և Ծրագրերի մշակման նկատմամբ հանձնառություն.

6) հավաստում թափանցիկության ապահովման վերաբերյալ, որը կարող է ներառել նախագծման ընթացքում կատարված ինժեներական ընտրությունը, հիմքում ընկած մոդելները, ալգորիթմները, օգտագործվող տվյալները, համակարգի նպատակն ու դրա նախագծման, փորձարկման և տեղակայման եղանակները, տվյալների մշակման և հետևանքային որոշումներ կայացնելու համար կիրառվող ավտոմատացման տեսակներն ու մակարդակը, ինչպես նաև արհեստական բանականության համակարգերի «կյանքի ցիկլի» ընթացքում հուսալի և արդյունավետ վերահսկողական մեխանիզմները:

13. Հայտով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման և հայտին ներկայացվող պահանջներին համապատասխանության ստուգման նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է գնահատող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատվում է հանձնաժողովի կազմը, կառուցվածքը, գործունեության և հայտերի գնահատման ընդհանուր կարգը։ Հանձնաժողովի ստեղծման մասին հրամանով նշանակվում է հանձնաժողովի քարտուղար:

14. Հայտերի ուսումնասիրության ընթացքում, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի նախագահը կարող է անվճար հիմունքներով ներգրավել փորձագետների, կազմակերպությունների կամ պետական մարմինների՝ ոլորտային ուղղվածությամբ փորձագիտական կարծիք ստանալու և որոշում կայացնելու համար։

15. Փորձագիտական կարծիք ստանալու համար հանձնաժողովը չի կարող դիմել այն փորձագետներին կամ կազմակերպություններին, ովքեր ներկայացրել են հայտ սույն աջակցության Ծրագրից օգտվելու համար:

16. Հայտերի ընդունման ժամկետը սահմանվում է 40 օրացուցային օր՝ հայտերի բացման օրվանից սկսած։ Հայտերի ընդունման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից սկսած՝ երեք ամսվա ընթացքում հանձնաժողովն իրականացնում է հայտերի ուսումնասիրություն և հաստատում է արդյունքները։

17. Հայտերի ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովը կարող է դիմողից պահանջել հայտում ներկայացված տեղեկության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ, որը գրավոր եղանակով դիմողը տրամադրում է հանձնաժողովին պարզաբանումներ ստանալու վերաբերյալ գրություն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։

18. Հանձնաժողովի որոշմամբ՝ փորձագետներից, կազմակերպություններից կամ պետական մարմիններից փորձագիտական կամ մասնագիտական կարծիք ստանալու անհրաժեշտության դեպքում, տվյալ հայտի ուսումնասիրության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով։

19. Հանձնաժողովը հայտերը գնահատում է հետևյալ չափանիշներով՝

1) նորարարական և գիտական արժեք,

2) իրականացման իրատեսականություն (նախագծի կիրառելիության մակարդակը, նախատիպի կամ փորձնական լուծման առկայությունը),

3) պրոդուկտի (product) առաջընթացի մակարդակ (ընթացիկ փուլը),

4) սոցիալական կամ տնտեսական ազդեցություն։

20. Գնահատման արդյունքում հանձնաժողովը կազմում է եզրակացություն դիմողին հաշվողական ռեսուրսներին հասանելիություն տրամադրելու կամ մերժելու մասին՝ նշելով հաշվողական ռեսուրսներին հասանելիության չափը և ժամկետը: Նախարարը հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացնում է հաշվողական ռեսուրսներին հասանելիություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ որոշում։ Մերժման դեպքում դիմողին ներկայացվում են մերժման հիմքերը կամ պատճառները:

21. Հայտը մերժվում է, եթե՝

1) չի համապատասխանում սույն հավելվածի 12-րդ կետի պահանջներին,

2) ներկայացված տվյալները հավաստի չեն կամ կեղծ են,

3) նախագիծը վերաբերում է հետևյալ դեպքերին՝

ա․ զենքի մշակման և ռազմական կիրառությունների տեխնոլոգիաներ՝ առանց համապատասխան թույլտվության․

բ․ զանգվածային հսկողության և անձնական տվյալների պաշտպանության խախտում թույլ տվող համակարգեր․

գ․ խտրականություն կամ կողմնակալություն պարունակող ալգորիթմական լուծումներ։

22. Հայտը բավարարելու դեպքում դիմողի և նախարարության միջև կնքվում է ռեսուրսներին հասանելիության տրամադրման մասին պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), որում սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրի գործողության ժամկետները, ռեսուրսներն օգտագործելու նպատակը և կանոնները, ինչպես նաև դրույթներ պայմանագրի առարկայի և պայմանագրի կողմերի պատասխանատվության վերաբերյալ։

23. Պայմանագրում պետք է ներառվի պարտադիր դրույթ առ այն, որ դիմողը պարտավորվում է՝

1) օգտագործել ռեսուրսները բացառապես դիմումում նշված նպատակով,

2) յուրաքանչյուր ամիս, մինչև ամսի 7-ը, ներկայացնել հաշվետվություն ռեսուրսների օգտագործման և արդյունքների վերաբերյալ,

3) չխախտել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

24. Պայմանագրում պետք է ներառվեն պարտադիր դրույթներ դիմողի կողմից «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների պահպանման և մշակվող կամ օգտագործող տվյալների և մոդելների նկատմամբ հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

25. Նախարարությունը կարող է միակողմանիորեն լուծել պայմանագիրը և դադարեցնել ռեսուրսներին հասանելիությունը, եթե՝

1) չեն օգտագործվում ըստ նշանակության կամ օգտագործվում են այլ նպատակներով,

2) առկա է անվտանգության արձանագրությունների (security protocol) կամ տվյալների պաշտպանության պահանջների խախտում,

3) առկա է արհեստական բանականության էթիկական սկզբունքների խախտումներ,

4) խախտվել է հաշվետվության ներկայացնելու պահանջը (15 օրացուցային օր ուշացում),

5) չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

 

6. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

26. Դիմողը կարող է բողոքարկել աջակցության տրամադրման հանձնաժողովի որոշումը՝ դիմելով նախարարություն կամ դատական կարգով։

27. Բողոքարկման դիմումը նախարարությունը քննում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

26.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2025 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան