ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1959-Լ
ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 25-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) ապահովել սույն որոշմամբ հաստատված միջոցառման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) մշակումն ու ներդրումը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջոցով՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված համակարգի մշակման ու ներդրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ՝ մինչև 2026 թվականի մարտի 1-ը.
3) ապահովել համակարգի շահագործումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից.
4) ապահովել ծառայության կայքէջի միջոցով սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը սույն որոշմամբ հաստատված միջոցառման շահառուներին։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ սույն միջոցառման շրջանակներում տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) հիմնադրամից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամին տրամադրել այդ անձանց 2026 թվականի հուլիսի 1-ից և վերջին սահմանահատումների վերաբերյալ տվյալները։
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ սույն միջոցառման շրջանակներում տեղահանվածների կողմից ներկայացված տվյալները (կացարանի վարձատուի անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը) հիմնադրամից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամին տրամադրել այդ անձանց վարձատու լինելու վերաբերյալ տվյալները։
5. Սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական կամ միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:
6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված սոցիալական աջակցության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով ծառայությանը թույլատրել՝
1) ֆինանսավորողի կամ ծառայության նախընտրած բանկի հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.
2) ֆինանսավորողին կամ ծառայության նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 710-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում դրամական աջակցություն ստացած շահառուների։»։
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» պարբերությամբ.
«ը. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում դրամական աջակցություն ստացած շահառու է.»։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշման |
ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Սույն միջոցառման նպատակն է կացարանի վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածի 5-րդ կետով, 10-րդ կետի 1-ին ենթակետով և սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված պայմաններին բավարարող այն ընտանիքներին, որոնք չեն ցանկացել օգտվել որոշմամբ հաստատված ծրագրից (այսուհետ՝ շահառու):
2. Սահմանել, որ սույն որոշման իմաստով շահառու է համարվում 1-3 անդամներ ունեցող այն ընտանիքը,
1) որը, որպես կացարանով ապահովման իրավունք ունեցող ընտանիք, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում.
2) որի որևէ անդամը որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում չի ստացել բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր կամ չեղարկել է այն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 18-րդ ենթակետով սահմանված կարգով.
3) որի՝
ա. անդամները միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անձինք են, կամ
բ. անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ
գ. անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:
3․ Սույն միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը տրամադրվում է 120 ամիսների ընթացքում։
4. Սոցիալական աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կազմում է 40000 դրամ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման շրջանակում սոցիալական աջակցության շահառու հանդիսացող ընտանիքների (այսուհետ՝ շահառուներ) ամենամսյա դրամական աջակցություն (այսուհետ՝ դրամական աջակցություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Դրամական աջակցությունը տրամադրում (վճարում) է ծառայությունը՝ հիմնադրամից ստացված վճարման ցուցակների հիման վրա։
3. Դրամական աջակցություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամներից մեկը (այսուհետ՝ դիմող) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը էլեկտրոնային տարբերակով դիմում է ծառայություն՝ դիմումի մեջ նշելով
1) իր և իր ընտանիքի անդամի (անդամների) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), ազգակցական կապը).
2) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.
3) փաստացի (վարձակալած) բնակության վայրի հասցեն.
4) իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը և բանկը․
5) կացարանի վարձատուի անունը, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը:
4. Հիմնադրամը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը դիմողների և ընտանիքի մյուս անդամների տվյալները համեմատում (համադրում) է բնակչության պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և պետական եկամուտների կոմիտեի տվյալների հետ, և մերժվում (դադարեցվում) կամ հաստատվում է դրամական աջակցության տրամադրումը։
5. Դրամական աջակցության տրամադրումը մերժվում (դադարեցվում) է, եթե
1) ներկայացված տվյալները հավաստի չեն (տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).
2) մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալներում: Ընդ որում դիմողի մահվան դեպքում ընտանիքի մյուս անդամներից մեկը կարող է խմբագրել դիմումը՝ որպես դիմող նշելով իր տվյալները։ Դրամական աջակցության հաստատված դիմում ունենալու դեպքում՝ ընտանիքի անդամի մահվան հանգամանքով պայմանավորված, սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված, ընտանիքի անդամների տարիքների հանրագումարի նվազումը ընտանիքին հետագա ամիսների համար դրամական աջակցության տրամադրումը դադարեցնելու հիմք չի հանդիսանում.
3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ անընդմեջ 90 և ավելի օր չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում։ Ընդ որում, այս դեպքում՝ աջակցության տրամադրումը շարունակվում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ամսվան հաջորդող ամսվանից, եթե ընտանիքի անդամը Հայաստանի Հանրապետություն է վերադառնում բացակայության օրվանից սկսած մինչև 183-րդ օրը․
4) ընտանիքի անդամն ունի ամուսին (գրանցված ամուսնության դեպքում), որի տվյալները որպես ընտանիքի անդամ չեն նշվել դիմումում, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող.
5) ընտանիքի անդամի համար առկա է հաստատված դիմում.
6) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ չի հաստատվել սույն կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետով ներկայացված անձի վարձատու լինելու հանգամանքը.
7) համաձայն սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 2-րդ կետերի՝ ընտանիքը չի հանդիսանում միջոցառման շահառու.
8) չեն ներկայացվել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված բոլոր տվյալները․
9) ընտանիքը հրաժարվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման առաջարկից: Ընդ որում մերժման (դադարեցման) այս հիմքի դեպքում՝ աջակցության տրամադրումը վերականգնման ենթակա չէ:
6. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում՝ դրամական աջակցության տրամադրումը մերժվում (դադարեցվում) է ընտանիքի տվյալ անդամի մասով:
7. Դրամական աջակցության տրամադրումը հաստատելու կամ մերժելու (դադարեցնելու) մասին էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում դիմողի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, իսկ դրամական աջակցության տրամադրումը մերժելու (դադարեցնելու) դեպքում՝ նաև հիմքերը։
8․ Եթե աջակցության տրամադրումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է՝ սկսած դիմելու հաջորդ ամսվանից՝ 120 ամիսների ընթացքում։
9․ Դրամական աջակցության հաստատված դիմում ունենալու դեպքում դիմողը կարող է միայն խմբագրել դիմումը՝ փոփոխելով սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները, բացառությամբ ընտանիքի անդամի փոփոխության։
10․ Հիմնադրամը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը ծառայությանն է տրամադրում վճարման ցուցակները, որը վճարումներն իրականացնում է վճարման ցուցակները հիմնադրամից ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։
11․ Դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով ներկայացված քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
12. Վճարման ցուցակ ներառվում են՝
1) բանկի անվանումը.
2) դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի (այդ թվում՝ ժամանակավոր վկայականի) սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), բջջային հեռախոսահամարը.
3) քարտային հաշվի համարը.
4) վճարման ենթակա գումարը։
13. Աջակցությունը բանկի կողմից վճարվում է դրամական աջակցության գումարը դիմողի քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե դիմողը սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը, ապա բանկը վճարումն իրականացնում է դիմողի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում: Ընդ որում, եթե դրամական աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
14. Դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:
15. Դիմողը պարտավոր է ներկայացնել հավաստի տվյալներ (փաստաթղթեր), տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել դրամական աջակցություն չվճարելուն: Սույն կետով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով դրամական աջակցության տրամադրումը մերժվում է (դադարեցվում է) և ավել վճարված դրամական աջակցության գումարները ենթակա են հետգանձման օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|