ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1947-Ա
«ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 68-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը՝ Հայաստան, Երևան, Գ. Հովսեփյան 26, պետական գրանցման համարը՝ 273.120.05710, ՀՎՀՀ` 01574061):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) և Հանրային հեռարձակողի խորհրդի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
3. Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին` լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին։
4. Սահմանել, որ՝
1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության տնօրինությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես կգա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|