Գլխավոր տեղեկություն
Համար
N 1953-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1953-Ա

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով, «Հիմնադրամների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ:

2. Սահմանել, որ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն է:

3. Հաստատել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

4. Մինչև սույն որոշմամբ հաստատված կանոնադրությամբ սահմանված կարգով Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ընտրությունը և նրա հետ պայմանագրի կնքումը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև վեց ամիս ժամկետով նշանակել Սամվել Ջանիբեկի Խարազյանին (անձնագիր՝ AL0356349, վավերական է մինչև 25.07.2033):

5. Սահմանել, որ սույն որոշման համաձայն Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նկատմամբ տարածվում են գլխավոր տնօրենին ներկայացվող՝ սույն որոշմամբ հաստատված կանոնադրությամբ նախատեսված պահանջները:

6. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը.

2) հիմնադրամի կառուցվածքի և հաստիքացուցակի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատումից հետո եռամսյա ժամկետում հիմնադրամի մրցութային ընթացակարգերով համալրման ենթակա հաստիքներով սահմանված պաշտոններում նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ մինչև այդ հաստիքների մրցութային ընթացակարգերով համալրումը։

7. Սահմանել, որ մինչև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն Առողջության համընդհանուր ապահովագրության hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորումը, օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, նշանակվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հինգ հոգուց բաղկացած ժամանակավոր խորհուրդ, որն իրավասու է վեցամսյա ժամկետում իրականացնելու օրենքով Հոգաբարձուների խորհրդին վերապահված իրավասությունները՝ մինչև օրենքի համաձայն Հոգաբարձուների խորհրդի ձևավորումը, ինչից հետո ժամանակավոր խորհրդի լիազորությունները համարվում են դադարեցված։

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հիմնադրամին անհատույց և անժամկետ oգտագործման իրավունքով տրամադրվող գույքի ցանկը:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

1) «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը.

2) սույն որոշման 8-րդ կետում նշված ցանկը ներկայացնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հիմնադրամին անհատույց և անժամկետ oգտագործման իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1301-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշումների նախագծեր՝ դրանցում նախատեսելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողով ստեղծելու և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ հանձնման-ընդունման աշխատանքներ իրականացնելու մասին դրույթներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1953-Ա որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Հիմնադրամների մասին» օրենքների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի համաձայն:

2. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ԱՀԱ Հիմնադրամ.

3) անգլերեն լրիվ` Universal Health Insurance Fund.

4) անգլերեն կրճատ` UHI Fund:

3. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում:

4. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Գ. Հովսեփյան 10:

5. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, ի դեմս Կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն է (այսուհետ՝ Լիազոր մարմին):

6. Հիմնադրամի շահառուներն են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն ապահովագրված անձինք, օրենքին համապատասխան բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից, լրացուցիչ ծառայություններից օգտվող անձինք, օրենքով սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում ստացող անձինք, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ինչպես նաև դեղատնային գործունեություն իրականացնողները (այսուհետ՝ դեղատներ):

7. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր և ներկայացուցչություններ), հիմնարկներ, որոնք գործում են Հիմնադրամի անունից` սույն կանոնադրությանը համապատասխան: Հիմնադրամը, սույն կանոնադրությամբ սահմանված գործունեության նպատակների համար, իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

8. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում իր ստեղծած Հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:

9. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

10. Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն և անգլերեն գրառումներով): Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ, դրոշմներ ու բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ միջոցներ: Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով, բացել գանձապետական հաշիվներ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում:

11. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել գործարքներ, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

12. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքում և կարգով:

13. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:

14. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված միջոցներն օգտագործում է միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

 

2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Հիմնադրամի գործունեության նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում առողջության համընդհանուր ապահովագրության կազմակերպումն ու իրականացումը.

2) բնակչության առանձին խմբերին օրենքով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի, լրացուցիչ ծառայությունների տրամադրման կազմակերպումը.

3) առողջության համընդհանուր ապահովագրության, բժշկական օգնության և սպասարկման, բնակչության առողջության պահպանման, դեղերի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներից բխող գործունեության իրականացումը:

16. Հիմնադրամն ունի հետևյալ իրավասությունները՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված եղանակներով տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հիմնադրամի ակտիվները` օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրերով սահմանված կարգով վճարում է ապահովագրական հատուցումներ.

3) վարում է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրը.

4) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների հետ կնքում է հօգուտ ապահովագրված անձի պայմանագրեր.

5) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների հետ կնքում է բժշկական օգնության և սպասարկման, բնակչության առողջության պահպանման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների կատարումից բխող այլ պայմանագրեր.

6) անարգել տարածում է տեղեկություններ իր գործունեության մասին.

7) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանում է տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

8) ստեղծում է առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

17. Սույն կանոնադրության 15-րդ կետի համաձայն, Հիմնադրամն իրավասու է`

1) կնքելու գործարքներ.

2) կատարելու իր իրավասությունների հետ կապված և դրանց իրականացմանն ուղղված փաստացի և իրավական այլ գործողություններ:

18. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է Հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:

19. Հիմնադրամը կարող է անմիջականորեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝

1) գիտական հետազոտությունների և մշակումների իրականացում, մասնագիտական, գիտական գործունեություն.

2) լրացուցիչ կրթության իրականացում, այդ թվում` ուսումնամեթոդական նյութերի մշակում.

3) մասնագիտական հրատարակչական գործունեության իրականացում.

4) առողջապահության ոլորտին վերաբերող սեմինարների, գիտաժողովների և համաժողովների կազմակերպում:

20. Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար Հիմնադրամը`

1) ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ:

21. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) յուրաքանչյուր տարի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝

ա. հրապարակել հաշվետվություններ, ներառյալ` տարեկան հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի, դրամական հոսքերի, ակտիվների կառուցվածքում փոփոխությունները և վերը նշված հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, ինչպես նաև Լիազոր մարմնի և Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ.

բ. յուրաքանչյուր տարի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում և Հիմնադրամի կայքէջում հրապարակել հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ օրենքով նախատեսված կարգով ընտրված կազմակերպության աուդիտորական եզրակացությունը.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) օրենքով նախատեսված կարգով և դեպքերում տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնել հանրային իշխանության իրավասու մարմիններին.

5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

22. Հիմնադրի կողմից Հիմնադրամին հանձնված գույքը Հիմնադրամի սեփականությունն է:

23. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

24. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր ու օրենքով չարգելված այլ գույք:

25. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը՝ ձևավորված օրենքով նախատեսված ապահովագրավճարների վճարումից.

2) հիմնադրի ներդրումները.

3) ֆիզիկական ու իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

4) Հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) դրամաշնորհները.

6) հանգանակությունները՝ միջոցներ, որ ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից.

7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

26. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ՝ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի հիմնադիրը, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

27. Հիմնադրամի գույքը կարող է օգտագործվել բացառապես՝

1) օրենքով նախատեսված հատուցումներ վճարելու նպատակով.

2) օրենքին համապատասխան Հիմնադրամի ծախսերը կատարելու և Հիմնադրամի գործունեության նպատակներին համապատասխան դրա բնականոն գործունեությունն ապահովելու համար:

 

4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

28. Հիմնադրամի մարմիններն են՝

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) գլխավոր տնօրենը.

3) առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովը:

29. Հիմնադրամի մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի նախագահը և անդամները պարտավոր են բացառել շահերի բախման իրավիճակի առաջացումը, ձեռնպահ մնալ նման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց՝ նախապես հայտարարելով շահերի բախման մասին:

 

5. ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

30. Հոգաբարձուների խորհուրդը Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է: Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։

31. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝

1) Հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, գործունեության հաշվետվություններում ներառվելիք ոչ ֆինանսական գործունեության արդյունքների և Հիմնադրամի գործունեությունը բնութագրող ցուցանիշների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

2) Հիմնադրամի՝ օրենքով նախատեսված այլ մարմինների ձևավորումը և լիազորությունների դադարեցումը.

3) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

4) Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

5) տարին առնվազն երկու անգամ գլխավոր տնօրենի հաշվետվությունների լսումը.

6) առնվազն եռամսյակը մեկ անգամ Հիմնադրամի գործունեության և դրա ռիսկերի, Առողջության համապարփակ ապահովագրության ռեգիստրի և էլեկտրոնային այլ համակարգերի անվտանգության ապահովման վերաբերյալ Հիմնադրամի իրավասու աշխատողների զեկույցների լսումը.

7) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

8) Հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրության արդյունքների հաստատումը.

9) Հիմնադրամի կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը.

10) իր աշխատակարգի հաստատումը.

11) Հիմնադրամի գործունեությունը կարգավորող իրավական այն ակտերի ընդունումը, որոնք օրենքով կամ սույն կանոնադրությամբ վերապահված չեն Հիմնադրամի այլ մարմիններին․

12) Հիմնադրամի կանոնադրական նպատակների համար անհրաժեշտ դրամական միջոցների անբավարարության դեպքում լրացուցիչ միջոցների հատկացման խնդրով Լիազոր մարմնին միջնորդություն ներկայացնելը.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների հրապարակման և հանրայնացման նկատմամբ վերահսկողությունը.

14) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ ստուգումների, մշտադիտարկումների, դիտարկումների և փորձագիտական աշխատանքների իրականացման կարգի սահմանումը.

15) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև հօգուտ ապահովագրված անձանց կնքված պայմանագրերի կատարման ընթացքի և որակի ստուգման կարգի սահմանումը.

16) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում տրամադրվող ծառայությունների հատուցման պայմանների, մատուցվող ծառայությունների գների հաստատումը.

17) Հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

18) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև Հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

32. Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է հինգ անդամից: Հոգաբարձուների խորհրդի անդամներն ընտրվում են մրցութային կարգով՝ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

33. Հոգաբարձուների Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են առաջնորդվել Հիմնադրամի շահերով և դրսևորել քաղաքական զսպվածություն: Հոգաբարձուների Խորհրդի անդամները Հիմնադրամում չեն կարող զբաղեցնել այլ պաշտոն:

34. Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն համարվում Հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձինք և իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով:

35. Հոգաբարձուների խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը'

1) դատապարտվել է դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ

2) դատարանի' օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ

3) Հիմնադրամում զբաղեցնում է պաշտոն.

4) ունի օրենքով սահմանված այլ սահմանափակում:

36. Հոգաբարձուների խորհրդի նախագահն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից՝ խորհրդի ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ։

37. Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝

1) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

2) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.

3) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը.

4) Հիմնադրամի անունից գլխավոր տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։

38. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը։

39. Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքներն են՝

1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ Հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

40. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով Հիմնադրամի շահերից.

3) իրականացնել օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

41. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները դադարում են՝

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով, եթե նման հնարավորություն նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամբ.

3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում, եթե կանոնադրությամբ նման ժամկետ սահմանված է.

4) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

6) նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը.

7) նրա մահվան դեպքում.

8) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:

42. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգի համաձայն: Հիմնադրամի գլխավոր տնօրենը (այսուհետ՝ Գլխավոր տնօրեն), հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, դրա մասին տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

 

6. ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ

 

43. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գլխավոր տնօրենը: Գլխավոր տնօրենի իրավասությանն են պատկանում Հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

44. Գլխավոր տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:Հիմնադրամը ունի նաև ֆինանսական, ապահովագրական հատուցումների և գործառնությունների, տեղեկատվական հոսքերի և իրավական ապահովման գծով տնօրեններ, որոնք ենթարկվում և հաշվետու են գլխավոր տնօրենին։

45. Գլխավոր տնօրենն ընտրվում է օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Գլխավոր տնօրենը ընտրվում է հինգ տարի ժամկետով, որը լրանալուց հետո կարող է վերընտրվել նույն ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ: Գլխավոր տնօրենը պետք է համապատասխանի սույն կանոնադրությամբ սահմանած մասնագիտական համապատասխանության և որակավորման պահանջներին:

46. Գլխավոր տնօրեն կարող է ընտրվել 35 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը, որն ունի բարձրագույն կրթություն, ապահովագրության կամ ֆինանսների կամ առողջապահության կառավարման ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ: Գլխավոր տնօրենը չի կարող պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

47. Գլխավոր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Հիմնադրամների մասին» օրենքներով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով:

Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի լիազորած այլ անձ: Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի լուծել Գլխավոր տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, սույն կանոնադրությամբ և պայմանագրով սահմանված կարգով:

48. Գլխավոր տնօրենը`

1) տնօրինում է Հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Հիմնադրամի անունից, այդ թվում հօգուտ ապահովագրված անձանց պայմանագրերը.

2) ներկայացնում է Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.

4) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

5) հաշիվ է բացում գանձապետարանում, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ բանկերում կարող է բացել Հիմնադրամի արտարժութային ավանդային հաշիվներ.

6) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի բյուջեն, կառուցվածքը, հաստիքացուցակը.

7) հոգաբարձուների խորհրդին է ներկայացնում Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի չափի և դրա կառավարման արդյունքների վերաբերյալ զեկույցը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Հիմնադրամի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

10)իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

49. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի լուծել Գլխավոր տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ օրենքով, սույն կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով:

50. Գլխավոր տնօրենի լիազորությունները դադարեցվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե առկա է ստորև նշված հանգամանքներից որևէ մեկը.

1) նա դիմում է այդ մասին կամ

2) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի կամ

3) երկարատև անաշխատունակության դեպքում (եթե ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվել ավելի քան վեց ամիս անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 180 օր՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերը) կամ

4) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի կամ

5) նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ կամ առաջ են եկել սույն կանոնադրության 93-րդ կետով սահմանված հանգամանքներից մեկը կամ

6) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը կամ

8) առաջացել է օրենքով նախատեսված այլ հանգամանք:

51. Գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի առաջացման դեպքում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է գլխավոր տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սույն կանոնադրության համաձայն թափուր պաշտոնի համալրումը:

 

7. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԴԻՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

52. Առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովը (այսուհետ՝ Վերահսկողություն իրականացնող հանձնաժողով) Հիմնադրամի կոլեգիալ մարմին է, որն անմիջապես հաշվետու է հոգաբարձուների խորհրդին:

53. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, որոնց գլխավոր տնօրենի ներկայացմամբ նշանակում է հոգաբարձուների խորհուրդը: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է հոգաբարձուների խորհրդի կողմից:

54. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են բուժաշխատողների, գործատուների, աշխատողների, պացիենտների իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական միավորումների, դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների թիվը չպետք է պակաս լինի հինգից: Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցներին ներգրավելու կարգը հաստատում է Լիազոր մարմինը:

55. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը՝

1) հսկում է ապահովագրական փաթեթի գնահատման ակտուարական հաշվարկների իրականացումը.

2) հսկում է Հիմնադրամի կողմից ապահովագրական փաթեթի հատուցման չափերի որոշման աշխատանքները.

3) իրականացնում է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում հնարավոր ռիսկերի առաջացման վերլուծություններ և Հոգաբարձուների խորհրդին ներկայացնում առաջարկություններ դրանց ազդեցությունը նվազեցնելու վերաբերյալ.

4) իր իրավասության սահմաններում ստուգում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի կատարման ընթացքը, որակը և ամփոփ տվյալները ներկայացնում գլխավոր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին.

5) իր իրավասության սահմաններում իրականացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի կատարմանն ուղղված մշտադիտարկումներ, դիտարկումներ.

6) օրենքի համաձայն` քննում ու լուծում է ապահովագրված անձանց և Հիմնադրամի միջև ծագած մասնավոր բնույթի վեճեր, որոնք բխում են հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրերից.

7) կատարում է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտի ուսումնասիրություններ և Հոգաբարձուների խորհրդին ներկայացնում առաջարկություններ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի բարելավման և զարգացման նպատակով.

8) կատարում է առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված ծառայությունների, դրանց փոփոխման առաջարկությունների վերաբերյալ վերլուծություններ և ներկայացնում առաջարկություններ հոգաբարձուների խորհրդին.

9) իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

56. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամները, ինչպես նաև դրա խորհրդակցական ձայնի իրավունքով օժտված մասնակիցները չեն կարող լինել Հիմնադրամի այլ մարմնի անդամ:

57. Հիմնադրամի անունից Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային պայմանագրերը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի կողմից լիազորած այլ անձ:

 

8. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

58. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է տարեկան առնվազն չորս անգամ գումարվող հերթական նիստերի, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հոգաբարձուների խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

59. Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

60. Եթե հոգաբարձուների խորհրդի անդամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել է շահերի բախման մասին, ապա խորհրդի տվյալ անդամը հարցի քննարկմանը և քվեարկությանը չի մասնակցում:

61. Գլխավոր տնօրենի պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

62. Հոգաբարձուների խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:

63. Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համացանցի (ինտերնետ) հնարավորություններից: Այդ դեպքում խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի օրակարգի մասին համացանցի միջոցով առնվազն 2 օրացուցային օր առաջ տեղեկացված և 2 աշխատանքային օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների քվեարկությամբ, բացառությամբ հրատապ դեպքերի, երբ գործընթացը կարող է կազմակերպվել առավել կարճ ժամանակահատվածում:

64. Հոգաբարձուների խորհրդի նիստերին կարող են մասնակցել գխավոր տնօրենը, ինչպես նաև Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամները, հիմնադրամի այլ աշխատողներ:

65.Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը գործում է ըստ սույն կանոնադրության համաձայն հաստատված աշխատակարգի:

66. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

67. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված կարգով:

68. Գլխավոր տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության պահանջներից, հոգաբարձուների խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:

 

9. ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

69. Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է մրցութային կարգով՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովի կողմից: Մրցութային հանձնաժողովը կազմված է Վարչապետի, Լիազոր մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմինների ղեկավարներից, Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահից և Լիազոր մարմնի ներկայացմամբ՝ առողջապահության ոլորտում առնվազն հինգ տարվա գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցչից:

70. Հոգաբարձուների խորհրդի մրցութային ընտրության նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հիմնադրամը:

71. Հիմնադրամի առաջին հոգաբարձուների խորհրդի մրցութային ընտրության օրը նշանակվում է Հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կողմից: Հաջորդ հոգաբարձուների խորհրդի մրցութային ընտրության օրը նշանակվում է հոգաբարձուների խորհրդի կողմից՝հաշվի առնելով «Հիմնադրամների մասին» օրենքով հոգաբարձուների խորհրդի անդամների նշանակման համար սահմանված ժամկետները:

72. Մրցութային ընտրության օրվանից առնվազն 10 օրացուցային օր առաջ դրա մասին հայտարարությունը հրապարակվում է Հիմնադրամի և Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջերում:

73. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

1) մրցութային ընտրությանը մասնակցելու համար թեկնածուներին ներկայացվող պահանջները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման վերջնաժամկետը, փաստաթղթերը ներկայացնելու էլեկտրոնային փոստի հասցեն.

2) մրցութային ընտրության անցկացման օրը, ամիսը, տարին, ժամը, վայրը.

3) անհրաժեշտ այլ տվյալներ:

74. Փաստաթղթերը հանձնվում են Հիմնադրամի էլեկտրոնային փոստի հասցեով:

75. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը՝

1) ունի առողջապահության կառավարման կամ ֆինանսների բնագավառներում մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ, հարգանք է վայելում հասարակության շրջանում և ունի անբասիր գործարար համբավ.

2) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և լրացել է նրա 35 տարին.

3) առողջապահության կառավարման կամ ֆինանսների բնագավառներում ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան բարձրագույն կրթություն.

4) տիրապետում է հայերենին.

5)մրցութային ընտրությանը դիմելու պահին առնվազն երեք տարի պաշտոն զբաղեցրած չլինի ապահովագրական կամ բժշկական օգնություն և սպասարկում կամ դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կամ դեղերի կամ բժշկական արտադրատեսակների ներմուծմամբ կամ արտահանմամբ, արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ): Սույն ենթակետի իմաստով ապահովագրական կամ բժշկական օգնություն և սպասարկում կամ դեղատնային գործունեություն իրականացնող կամ դեղերի կամ բժշկական արտադրատեսակների ներմուծմամբ կամ արտահանմամբ, արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) պաշտոն զբաղեցնել նշանակում է ընդգրկված լինել դրանց կառավարման մարմնում կամ զբաղեցնել ցանկացած այլ պաշտոն կամ լինել կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ:

76. Հոգաբարձուների խորհրդի անդամի մրցութային ընտրությանը մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է՝

1) դիմում՝ հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանված օրինակելի ձևին համապատասխան.

2) գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի.

3) պահանջվող բարձրագույն կրթության փաստը հավաստող վկայականի պատճենը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող անձնագրի պատճենը կամ նույնականացման քարտի պատճենը.

5) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).

6) համառոտ ինքնակենսագրություն (առավելագույնը А4 ֆորմատի թղթի վրա 1 էջի սահմաններում), որում պարտադիր պետք է ներկայացվեն՝ նրա հասարակության շրջանում հարգանք վայելելու և անբասիր գործարար համբավ ունենալու մասին հիմնավորումներ.

7) քաղվածք աշխատանքային համապատասխան ստաժը հավաստող փաստաթղթից.

8) հայտարարությամբ պահանջվող այլ փաստաթղթեր:

77. Թեկնածուի կողմից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում Հիմնադրամը եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է թեկնածուին՝ էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելով ծանուցում՝ թերությունների շտկման անհրաժեշտության և ժամկետների մասին: Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

78. Մրցութային հանձնաժողովն իրավազոր է, եթե մասնակցում են դրա անդամների կեսից ավելին: Մրցութային հանձնաժողովում քարտուղարի պարտականություններն իրականացնում է Լիազոր մարմնի կողմից առաջադրված և մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված անձը, որը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ:

79. Մրցութային ընտրությունն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլը փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային) փուլն է, երկրորդ փուլը՝ հարցազրույցի:

80. Մրցութային ընտրության երկու փուլերն անցկացվում են միևնույն օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ թեկնածուների մեծաթիվ լինելու հանգամանքով պայմանավորված, մրցութային ընտրությունը չի կարող ավարտվել միևնույն օրը: Այդ դեպքում մրցութային հանձնաժողովի որոշմամբ մրցութային ընտրությունը կարող է շարունակվել հաջորդ աշխատանքային օրը:

81. Փաստաթղթային փուլի անցկացման համար Հիմնադրամը նախապես՝ մրցութային ընտրությունը սկսելուց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օր առաջ մրցութային հանձնաժողովին տրամադրում է գլխավոր տնօրենի ստորագրությամբ եզրակացություն՝ թեկնածուների փաստաթղթերի ամբողջականության վերաբերյալ:

82. Մրցութային հանձնաժողովը, անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ուսումնասիրելով եզրակացությունը, որոշում է կայացնում թեկնածուի՝ հարցազրույցի փուլ անցնելու կամ փաստաթղթային փուլը չհաղթահարելու մասին: Քվեարկությունը իրականացվում է գրավոր՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկելով՝ ստորագրելով նախապես կնքված համապատասխան անվանական քվեաթերթիկը:

83. Փաստաթղթային փուլը չի հաղթահարում այն թեկնածուն՝

1) որի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնադրության 76-րդ, 77-րդ կետերի պահանջներին.

2) որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ կամ

3) որն ունի սույն կանոնադրության 35-րդ կետով սահմանված սահմանափակումները:

84. Հարցազրույցի հրավիրվում են միայն հարցազրույցի փուլ անցնելու որոշման մեջ նշված թեկնածուները: Հարցազրույցի փուլում մրցութային հանձնաժողովը հավաքագրում է թեկնածուի փորձի, գիտելիքների, ունակությունների, հեղինակության, համբավի վերաբերյալ տեղեկություններ՝ հիմք ընդունելով թեկնածուի ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև առաջադրում հարցեր առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող օրենսդրությունից:

85. Քվեարկությունը իրականացվում է գրավոր՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկելով՝ ստորագրելով նախապես կնքված համապատասխան անվանական քվեաթերթիկը:

86. Մասնակցի հետ հարցազրույցի ավարտից անմիջապես հետո արդյունքները ամփոփվում են: Հաղթող են ճանաչվում առավել ձայներ, բայց ոչ պակաս, քան Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությունը հավաքած թեկնածուները: Եթե մրցութային ընտրության արդյունքում հաղթողների թիվը առավել է, քան հոգաբարձուների խորհրդի անհրաժեշտ անդամների թիվը կամ հաղթողները հավաքել են միևնույն թվով ձայներ, ապա մրցութային հանձնաժողովը հաղթողների միջև իրականացնում է լրացուցիչ քվեարկություն:

87. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

88. Մրցութային հանձնաժողովը մրցութային ընտրության արդյունքների (ընտրված և չընտրված թեկնածուների վերաբերյալ) ամփոփումից անմիջապես հետո ընդունում է որոշում, որը մրցութային հանձնաժողովի անունից ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները և հրապարակում այն: Հատուկ կարծիք ունեցող հանձնաժողովի անդամը որոշմանը կցում է իր գրավոր կարծիքը: Այնուհետև, մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում ընտրված անձանց վերաբերյալ տվյալները երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Վարչապետին՝ Հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու նպատակով:

89. Մրցութային ընտրության արդյունքների մասին որոշման հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում թեկնածուն իրավունք ունի այն գրավոր բողոքարկել միայն իր մասով՝ մրցութային հանձնաժողովին, որը նույն օրը քննում է բողոքը և որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:

90. Եթե մրցութային հանձնաժողովը՝ սույն կանոնադրության համաձայն, իրավազոր չէ, ապա մրցութային ընտրությունը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցութային ընտրության ժամանակ դրան մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է մեկամսյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով:

91. Եթե նոր կամ կրկնակի մրցութային ընտրությունը, սույն կանոնադրության համաձայն, համարվում է չկայացած, ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցութային ընտրության արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա նոր կամ կրկնակի մրցութային ընտրություն անցկացնելուց մեկ ամիս հետո կրկին հայտարարվում է մրցույթ, որն անցկացվում սույն կանոնադրությանը համապատասխան:

 

10. ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

92. Հիմնադրամի գլխավոր տնօրենը պետք է բավարարի համապատասխանության և որակավորման հետևյալ պահանջներին՝

1) լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տիրապետի հայերենին և դիմումը ներկայացնելու պահին կամ մրցութային ընտրության անցկացման օրը լրացած լինի նրա 35 տարին.

2) ունենա «Հաշվապահություն և հարկային գործ» կամ «Ֆինանսներ» մասնագիտություններով տնտեսագիտության մագիստրոսի կամ «Կառավարում» կամ «Շուկայագիտություն» մասնագիտություններով կառավարման մագիստրոսի կամ «Բիզնես վարչարարություն» մասնագիտությունով տնտեսագիտության մագիստրոսի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանող որակավորում.

3) ունենա ապահովագրության կամ ֆինանսների կամ առողջապահության կառավարման ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ.

4) մրցութային ընտրությանը դիմելու պահին իրականացնի մասնագիտական որակավորմանը համապատասխանող աշխատանքային գործունեություն.

5) մրցութային ընտրությանը դիմելու պահին առնվազն երեք տարի պաշտոն զբաղեցրած չլինի ապահովագրական կամ բժշկական օգնություն և սպասարկում կամ դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կամ դեղերի կամ բժշկական արտադրատեսակների ներմուծմամբ կամ արտահանմամբ, արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ): Սույն ենթակետի իմաստով ապահովագրական կամ բժշկական օգնություն և սպասարկում կամ դեղատնային գործունեություն իրականացնող կամ դեղերի կամ բժշկական արտադրատեսակների ներմուծմամբ կամ արտահանմամբ, արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) պաշտոն զբաղեցնել նշանակում է ընդգրկված լինել դրանց կառավարման մարմնում կամ զբաղեցնել ցանկացած այլ պաշտոն կամ լինել կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ.

6) մրցութային ընտրությանը դիմելու պահին չհանդիսանա ապահովագրական կամ բժշկական օգնություն և սպասարկում կամ դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպության կամ դեղերի կամ բժշկական արտադրատեսակների ներմուծմամբ կամ արտահանմամբ կամ արտադրությամբ զբաղվող առևտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր.

7) մրցութային ընտրությանը դիմելու պահին նախորդող երեք տարում եղած չլինի սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար.

8) կարող է՝

ա. կառավարել Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը՝ ապահովելով դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին.

բ. ղեկավարել Հիմնադրամի անձնակազմին.

գ. իր իրավասությունների շրջանակում ապահովել Հիմնադրամի ռազմավարական ծրագրերի իրականացումը, բյուջեի, գործառնական առաջարկների, աշխատանքային պլանների և Հիմնադրամի քաղաքականությունների նախագծերի մշակումը.

դ. Հոգաբարձուների խորհրդին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն Հիմնադրամի նպատակներն առաջ մղելու քաղաքականության, ռազմավարության և ծրագրերի վերաբերյալ.

ե. ապահովել Հիմնադրամի ներքին վերահսկողությունը, Հիմնադրամում ներդրվող համակարգերի և ընթացակարգերի ինստիտուցիոնալացումը.

զ. խթանել և պահպանել արդյունավետ հաղորդակցությունը Լիազոր մարմնի, Հոգաբարձուների Խորհրդի, Հիմնադրամի կառավարման այլ մարմինների և ստորաբաժանումների, ինչպես նաև այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

է. ձևավորել բարենպաստ աշխատանքային միջավայր, որը հնարավորինս պահպանում և մոտիվացնում է աշխատողներին.

ը. ներդնել մշակույթ, որը նպաստում է էթիկական և լավ կառավարման պրակտիկայի իրագործմանը:

93. Գլխավոր տնօրեն չի կարող լինել այն անձը, որը'

1) դատապարտվել է դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ

2) դատարանի' օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ

3) ունի օրենքով սահմանված այլ սահմանափակում:

94. Գլխավոր տնօրենի որակավորման ստուգման և մրցութային ընտրության (այսուհետ՝ մրցութային ընտրություն) նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հիմնադրամը:

95. Առաջին գլխավոր տնօրենի մրցութային ընտրության օրը նշանակվում է Հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կողմից ոչ ուշ, քան գլխավոր տնօրենի պաշտոնակատարի նշանակումից հետո եռամսյա ժամկետում, իսկ հետագայում՝ հոգաբարձուների խորհրդի կողմից՝ գլխավոր տնօրենի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան երեք ամիս առաջ, լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում՝ դադարման օրվանից հաշված երեք ամսվա ընթացքում:

96. Մրցութային ընտրության օրվանից առնվազն 15 օրացուցային օր առաջ դրա մասին հայտարարությունը հրապարակվում է Հիմնադրամի և Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջերում:

97. Մրցութային ընտրությունն իրականացնում է սույն կանոնադրության 70-րդ կետով նախատեսված մրցութային հանձնաժողովը:

98. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները`

1) թեկնածուների որակավորմանը և մրցութային ընտրությանը մասնակցելու համար ներկայացվող պահանջները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման վերջնաժամկետը, փաստաթղթերը ներկայացնելու էլեկտրոնային փոստի հասցեն.

2) մրցութային ընտրության անցկացման օրը, ամիսը, տարին, ժամը, վայրը.

3) անհրաժեշտ այլ տվյալներ:

99. Թեկնածուի կողմից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում՝ հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանված օրինակելի ձևին համապատասխան.

2) գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի.

3) պահանջվող բարձրագույն կրթության փաստը հավաստող վկայականի պատճենը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

5) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).

6) համառոտ ինքնակենսագրություն (առավելագույնը А4 ֆորմատի թղթի վրա 1 էջի սահմաններում).

7) մրցութային ընտրությանը դիմելու պահին քաղվածք աշխատանքային համապատասխան ստաժը հավաստող փաստաթղթից.

8) տեղեկանք աշխատանքի վայրից՝ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ.

9) ստորագրված հայտարարություն՝ սույն կանոնադրության 92-րդ կետի 5-ից 7-րդ ենթակետերի պահանջների բավարարման մասով.

10) գրավոր տեղեկություններ՝ ներկայացված ազատ շարադրանքով՝ սույն կանոնադրության 92-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված կարողությունների և ունակությունների, դրանց մասով հնարավոր փորձառության մասին:

100. Թեկնածուի կողմից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում Հիմնադրամը եռօրյա ժամկետում դրա մասին ծանուցում է թեկնածուի էլեկտրոնային փոստի հասցեով՝ ուղարկելով ծանուցում թերությունների շտկման անհրաժեշտության և ժամկետների մասին: Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

101. Մրցութային հանձնաժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են դրա անդամների կեսից ավելին: Մրցութային հանձնաժողովում քարտուղարի պարտականություններն իրականացնում է Լիազոր մարմնի կողմից առաջադրված և մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված անձը, որը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ:

102.Մրցութային ընտրությունը բոլոր թեկնածուների համար անցկացվում է նույն օրը: Մրցութային ընտրությունն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլը որակավորման ստուգման փուլն է, երկրորդ փուլը՝ հարցազրույցի:

103. Մրցութային ընտրության երկու փուլերն անցկացվում են միևնույն օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ թեկնածուների մեծաթիվ լինելու հանգամանքով պայմանավորված, մրցութային ընտրությունը չի կարող ավարտվել միևնույն օրը: Այդ դեպքում մրցութային հանձնաժողովի որոշմամբ մրցութային ընտրությունը կարող է շարունակվել հաջորդ աշխատանքային օրը:

104. Մրցութային ընտրության առաջին փուլի անցկացման համար Հիմնադրամը նախապես՝ մրցութային ընտրությունը սկսելուց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օր առաջ մրցութային հանձնաժողովին տրամադրում է հոգաբարձուների խորհրդի նախագահի ստորագրությամբ եզրակացություն՝ թեկնածուների փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության վերաբերյալ:

105. Մրցութային հանձնաժողովը, անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ուսումնասիրելով եզրակացությունը, որոշում է կայացնում թեկնածուի՝ հարցազրույցի փուլ անցնելու կամ որակավորման փուլը չհաղթահարելու մասին: Քվեարկությունն իրականացվում է գրավոր՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկելով՝ ստորագրելով նախապես կնքված համապատասխան անվանական քվեաթերթիկը:

106. Մրցութային ընտրության առաջին փուլը չի հաղթահարում այն թեկնածուն՝

1) որի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնադրության 92-րդ կետի պահանջներին կամ

2) որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ կամ

3) որն ունի սույն կանոնադրության 93-րդ կետով սահմանված սահմանափակումները:

107.Հարցազրույցի հրավիրվում են միայն հարցազրույցի փուլ անցնելու որոշման մեջ նշված թեկնածուները:Հարցազրույցի փուլում մրցութային հանձնաժողովը հավաքագրում է թեկնածուի փորձի, գիտելիքների, ունակությունների ու կարողությունների վերաբերյալ տեղեկությունները՝ հիմք ընդունելով թեկնածուի ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև առաջադրում հարցեր առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող օրենսդրությունից:

108. Քվեարկությունն իրականացվում է գրավոր՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկելով՝ ստորագրելով նախապես կնքված համապատասխան անվանական քվեաթերթիկը:

109. Մասնակցի հետ հարցազրույցի ավարտից անմիջապես հետո արդյունքները ամփոփվում են: Հաղթող են ճանաչվում առավել ձայներ, բայց ոչ պակաս, քան մրցութային հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությունը հավաքած թեկնածուները: Եթե մրցութային ընտրության արդյունքում հաղթողների թիվը մեկից ավելին է, ապա մրցութային հանձնաժողովը հաղթողների միջև իրականացնում է լրացուցիչ քվեարկություն:

110. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

111. Մրցութային հանձնաժողովը մրցութային ընտրության արդյունքների (ընտրված և չընտրված թեկնածուների վերաբերյալ) մասին փոփումից անմիջապես հետո մասին ընդունում է որոշում, որը հանձնաժողովի անունից ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները և հրապարակում այն: Հատուկ կարծիք ունեցող հանձնաժողովի անդամը որոշմանը կցում է իր գրավոր կարծիքը:

112. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում ընտրված անձի վերաբերյալ որոշումը և անհրաժեշտ տվյալները տվյալները երեք աշխատանքային օրվա ընթացում ներկայացվում են Հոգաբարձուների խորհրդին՝ նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով:

113. Մրցութային ընտրության արդյունքների մասին որոշման հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում թեկնածուն իրավունք ունի այն գրավոր բողոքարկել միայն իր մասով՝ մրցութային հանձնաժողովին, որը նույն օրը քննում է բողոքը և որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:

114. Եթե մրցութային հանձնաժողովը՝ սույն կանոնադրության համաձայն, իրավազոր չէ, ապա մրցութային ընտրությունը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցութային ընտրության ժամանակ դրան մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է մեկամսյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով:

115. Եթե նոր կամ կրկնակի մրցութային ընտրությունը, սույն կանոնադրության համաձայն, համարվում է չկայացած, ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցութային ընտրության արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա նոր կամ կրկնակի մրցութային ընտրություն անցկացնելուց մեկ ամիս հետո կրկին հայտարարվում է մրցույթ, որն անցկացվում սույն կանոնադրության համապատասխան:

 

11. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

116. Հիմնադրամի հիմնադիրը կարող է իր որոշմամբ փոփոխություններ մտցնել սույն կանոնադրության մեջ: Սույն կանոնադրությունը կարող է փոփոխվել կամ լրացվել նաև օրենքով սահմանված կարգով և դեպքերում՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:

12. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

117. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ սնանկ ճանաչվել կամ լուծարվել օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան