ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1955-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1955-Լ

 

ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն ծրագրի շրջանակում աջակցությունը կարող է տրամադրվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ։

3. Միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմումներ կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ընդ որում` դիմումների ընդունման գործընթացը մինչև նշված ժամկետը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված ոչ ֆինանսական ցուցանիշի սահմանաչափը լրանալու դեպքում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1955-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ

 

1. Ծրագրի նպատակն է նպաստել Ղարաբաղից տեղահանված անձանց տնտեսական կայունացմանը՝ խթանելով ձեռնարկատիրական գործունեությունը։

2. Ծրագրի շահառու են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումներով հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու հանդիսացող, հավաստագիր ստացած և իրացրած ընտանիքների անդամ հանդիսացող, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով Հայաստանի Հանրապետությունում չզբաղված և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին 3 ամսվա ընթացքում հարկ վճարող չհանդիսացող անձինք։

3. Ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել 1 անգամ, ընդ որում՝ շահառու կարող է լինել յուրաքանչյուր ընտանիքի միայն 1 անդամ։

4. Ծրագրի շրջանակում շահառուի ինքնազբաղվածության խթանման նպատակով տրամադրվում է աջակցություն հետևյալ ուղղություններով`

1) ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն (այդ թվում՝ խորհրդատվություն, բիզնես ուսուցում, որի շրջանակներում նաև գործարար ծրագրի մշակում և ձեռնարկատիրական գործունեության իրականացման ուղեկցում 12 ամիս ժամկետով, մասնավորապես, տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած դժվարությունները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում՝ հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման, բիզնեսի կառավարման, մարքեթինգի, արտադրանքի (արդյունքի) փաթեթավորման, առաքման, վճարման կամ այլ նորարարության հարցերով, այդ թվում՝ թվային ու արհեստական բանականության գործիքների ինտեգրման վերաբերյալ).

2) գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում։

5. Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ բիզնեսի ուսուցման և ուղեկցման աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ կազմակերպություն) հետ սույն ծրագրով սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար)։

6. Հրապարակային օֆերտայի պայմանագրեր կարող են կնքվել այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձառություն։

7. Կազմակերպությունների ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանները, ինչպես նաև մատուցվող ծառայությունների շրջանակը հրապարակվում են ծառայության պաշտոնական կայքէջում:

8. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե բյուջետային գործընթացների արդյունքում, ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից, այդ նպատակով հատկացվել են միջոցներ.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Ծրագրի շրջանակում կազմակերպությանը վճարվում է՝

1) յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ.

2) յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։

10. Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում շահառուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում (այսուհետ՝ հարթակ) և կատարած լինի համապատասխան նշում՝ սույն ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ։ Տվյալ դեպքում անձը նշում է կատարում ծրագրի շրջանակում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, ներառյալ օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին: Նշումը կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի՝ սույն ծրագրի 2-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարթակում՝ տվյալների շտեմարանների փոխգործելիությամբ անձի տվյալների համադրման միջոցով։

11. Հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը ձևավորվում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակ (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, ինքնակենսագրական (հրապարակված լինելու դեպքում (այսուհետ՝ ցուցակ)), որը հասանելի է դառնում ծառայության տարածքային կենտրոնի մասնագետին։ Տարածքային կենտրոնի մասնագետը նույն աշխատանքային օրվա ընթացքում ցուցակն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է ծրագրի շրջանակում օֆերտայի պայմանագիր կնքած կազմակերպություններ։

12. Կազմակերպությունը տարածքային կենտրոնից շահառուների ցուցակն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է շահառուների ընտրություն՝ հիմք ընդունելով նրանց ձեռնարկատիրական գործունեության իրական հնարավորություններն ու կարողությունը: Ընդ որում, ցուցակում ընդգրկված անձանց թվի նվազման դեպքում կազմակերպությունը կարող է դիմել տարածքային կենտրոն նոր շահառուների վերաբերյալ լրացուցիչ ցուցակ ներկայացնելու առաջարկով:

13. Կազմակերպությունը շահառուների ընտրությունը կատարելուց հետո նրանց համար կազմակերպում է բիզնես ուսուցման դասընթացներ մինչև 3 ամիս ժամկետով, որի արդյունքում մշակվում են գործարար ծրագրեր։

14. Կազմակերպության կողմից դրական եզրակացություն է տրվում գործարար ծրագրերին՝ առաջնահերթություն տալով մշակող արդյունաբերության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործունեության իրականացում նախատեսող գործարար ծրագրերին։ Կազմակերպությունը դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերը դասընթացն ավարտվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն:

15. Տարածքային կենտրոնը գործարար ծրագիրն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է դրամաշնորհի տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում։ Պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է նախարարը։

16. Շահառուն պայմանագիրը կնքելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցումը (հաշվառումը), որի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով արտացոլվում է հարթակում։

17. Շահառուին ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար տրվում է դրամաշնորհ գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։ Գործարար ծրագրի իրականացման համար շահառուն կարող է ներգրավել նաև կապիտալ միջոցներ կամ տարածքի վարձակալության համար հավելյալ միջոցներ՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։

18. Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի բանկային հաշվեհամարին է փոխանցվում դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը՝ ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։ Գումարի մնացած մասը փոխանցվում է շահառուին գործունեության իրականացման 1 տարին լրանալուց հետո։

19. Ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է առնվազն 3,000,000 դրամ, շահառուին տրվում է հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամի չափով, ընդ որում՝ փոխհատուցումը տրվում է ձեռք բերված հիմնական միջոցի գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։

20. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման 12 ամիսը, ինչպես նաև դրանից հետո ևս 6 ամիսը լրանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով տվյալների շտեմարանների փոխգործելիության միջոցով, «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տվյալների հիման վրա իրականացվում է շահառուի ձեռնարկատիրական գործունեության շարունակականության ստուգում, որն էլ հիմք է հանդիսանում սույն ծրագրի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված աջակցության տրամադրման համար։

21. Ծառայությունն առնվազն եռամսյակը մեկ անգամ իրականացնում է ծրագրի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում նախարարություն մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա երկրորդ տասնօրյակի ավարտը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան